Դերեք Ուոլքոտ | Նոբելյան բանախոսություն

Անտիլյան կղզիներ, բեկորներ էդիկական հիշողության

(Նոբելյան բանախոսություն, 7-ը դեկտեմբերի, 1992 թ.)

Ֆելիսիթին գյուղ է Տրինիդադում, Քերոնի հար թավայրի ծայրամասում, լայնարձակ, կենտրոնական հարթավայրի, որտեղ դեռևս շաքարեղեգ է աճում և որ ազատագրումից հետո տեղափոխել էին պայմանագրային եղեգնահատերին, այնպես որ Ֆելիսիթիի փոքրաթիվ բնակչությունը արևելյան հնդիկներ են, և այն առավոտ, երբ Ամերիկայից ժամանած ընկերներիս հետ այդ գյուղն այցելեցինք, ճանապարհին միայն հնդիկների դեմքեր տեսանք, և հուսով եմ, ինձ կհաջողվի ապացուցել, որ դա չափազանց հուզիչ, գեղեցիկ տեսարան էր, որովհետև շաբաթ այդ առավոտ Ramleela-ն՝ հնդկական Ramayana էպոսի բեմականացումն էր ներկայացվելու, և գյուղից եկած հանդերձավորված դերասանները արդեն հավաքվել էին բազմագույն ցցադրոշներով սահմանազատված դաշտում, որ նորակառույց բենզալցակայանի էր նմանվել, և կարմիր ու սև հագած գեղեցկադեմ հնդիկ տղաները իրենց նետերը դեպի այգալույսն էին ուղղել բախտաբերի: Հորիզոնում գծագրվում էին ծածր, կապույտ բլուրները, փայլում էր խոտը, և ամպերը, որ կարմրին էին տալու լուսաբացից առաջ: Ֆելիսիթի: Քնքուշ անգլոսաքսոնյան անվանում՝ էպիկական հիշողության համար:

Դաշտի եզրին, բացովի ծածկի տակ, հսկայական վանդակների նման վեր էր խոյանում հնդկեղեգի երկու մեծ հիմնակմախք: Աստծո արձանի մասերն էին՝ սրնքաձկները կամ ազդրերը, որ իրար վրա դրվելուց և ամրացվելուց հետո վիթխարի խրտվիլակ էին դառնալու: Խրտվիլակն այրվելու էր՝ ազդարարելով էպոսի ավարտը: Եղեգնյա կառուցվածքները ծնունդ տվեցին ոչ անսպասելի զուգահեռների. Շելլիի սոնետը Օզիմանդիասի փլուզված արձանի և նրա կայսրության՝ ամա անապատի «վիթխարի ջրասույզ նավի» մասին:

Թմբկահարները խարույկ էին վառել մարագում և կրակի մոտ թուլացրել էին իրենց սեղանների կաշիները, որպեսզի ձգեին: Բոցի զաֆրանագույն լեզվակները, պայծառ խոտը և բեկորների վերածված աստծո ձեռնահյուս զրահները, որ այրվելու էին շուտով, այժմ ոչ թե անհայտ անապատում էին, որտեղ ի վերջո գլխիվայր էր շրջվել կայսերական իշխանությունը, այլ մաս էին կազմում ավանդական ծեսի, տարվա մշտադալար եղանակի, որ եղեգայրոցի հունձքի շրջանի պես կրկնվում էր ամեն տարի, և այդ զոհաբերության էությունը հենց կրկնվելն էր, իսկ ոչնչացման էությունը՝ այրելու միջոցով նորանալը:

Դաշտ էին ներխուժում աստվածությունները: Այն, ինչը սովորաբար անվանում ենք «հնդկական երաժշտություն», թնդում էր բացօթյա մարագի հարթակից, որտեղ շուտով էպոսն էր ներկայացվելու: Նորանոր զգեստավորված դերասանները էին ժամանում: Ենթադրում եմ, արքայազններ և աստվածներ: Ինչ դժբախտ խոստովանություն: «Ենթադրում եմ՝ աստվածներ», ուսերը թոթվելու արժանի արտահայտություն, որ մարմնավորում է մեր սփյուռքն Աֆրիկայում և Ասիայում: Հաճախ պատկերացրել եմ, սակայն երբեք չեմ տեսել Ramleela-ն, այսպիսի թատերական ներկայացման երբևէ ներկա չեմ եղել՝ բաց դաշտ, գյուղի երեխաները ռազմիկների, արքայազնների և աստվածների դերում:

Գաղափար անգամ չունեի, թե էպիկական պատումն ինչ էր, գլխավոր հերոսն ով էր, ովքեր էին թշնամիները, որոնց դեմ նա կռվում էր, չնայած վերջերս Անգլիայի թատրոններից մեկի համար վերամշակել եմ «Օդիսևսը»՝ համարելով, որ հանդիսատեսին ծանոթ էին Օդիսևսի՝ Փոքր Ասիայի մեկ այլ էպոսի հերոսի փորձությունները, մինչդեռ Տրինիդադում ոչ ոք ավելին չգիտեր, ինչ հայտնի էր ինձ Ռամայի, Կալիի, Շիվայի և Վիշնուի մասին, չհաշված հնդիկներին. այս դարձվածը չարամտորեն եմ օգտագործում, քանզի յուրատեսակ ակնարկ է, որ դեռևս կարելի է լսել Տրինիդադում՝ «չհաշված հնդիկներին»:

Այս ամենն իբր կատարվում էր Կենտրոնական հարթավայրի հեռավոր ծայրամասում, այնտեղ մեկ այլ սարահարթ կար, լաստանման հարթակ, որի վրա՝ եղեգների օվկիանոսում, տեղի էր ունենալու Ramayana-ի խղճուկ բեմականացումը, չնայած այս վերջինն իմ գրողական ընկալումն էր, և սխալ տեսակետ էր: Ֆելիսիթիում Ramleela-ն դիտում էի որպես թատերական ներկայացում, մինչդեռ այն հավատք էր:

Բազմապատկեք ինքնահամոզման պահը, երբ դիմահարդարված և զգեստավորված դերասանը նախքան բեմ բարձրանալը գլխով է անում իր հայելուն՝ հավատալով, թե ինքը երևակայության դաշտը ներխուժող իրականությունն է, և դուք կունենաս այն, ինչը ենթադրում էի, որ կատարվում էր սույն էպոսի դերակատարների հետ: Սակայն նրանք դերակատարներ չէին: Նրանց ընտրել էին, և կամ նրանք էին ընտրել իրենց դերերը այս նվիրական պատմության մեջ, որ շարունակվելու էր ինը երեկո անընդմեջ, օրական երկու ժամ, մինչև արևը մայր կմտներ: Նրանք սոսկ սիրողներ չէին, այլ՝ հավատավորներ: Անկարելի էր թատերական եզրույթներով բնութագրել նրանց: Նրանք կարիք չունեին հոգեբանորեն նախապատրաստվելու իրենց դերակատարմանը: Նրանց խաղը, հավանաբար, նույնքան եռանդոտ ու բնական էր, որքան կեսօրվա արոտատեղում խաչվող եղեգնանետերը: Նրանք հավատում էին այն ամենին, ինչ բեմադրում էին, սրբազան տեքստին, Հնդկաստանի վավերականությանը, մինչդեռ ինքս գրողական սովորույթով տղեկռազմիկների երջանիկ դեմքերին կամ գեղջուկ արքայազնների ասպետական կիսադեմերին եղերերգության ու կորստի զգացում էի փնտրում, նույնիսկ՝ այլասերված դիմախաղ: Ես պղծում էի կեսօրը կասկածով և հիացմունքի խնամատարությամբ: Եվ տարընթերցում էի իրադարձությունը պատմության տեսանելի արձագանքներով՝ եղեգնուտ, հարկադիր աշխատանք, անհետացած բանակների, տաճարների ու բառացող փղերի վերհուշ, մինչդեռ շուրջս բոլորովին այլ տեսարան էր՝ խանդավառություն և հրճվանք քաղցրեղեգենի վաճառասեղանների առջև խմբված տղանների ուրախ ճիչերում, բեմի վրա անվերջ հայտնվող զգեստավորված նորանոր հերոսների դեմքերին, համոզմունքի, ոչ թե կորստյան հրճվանք: Ֆելիսիթի անվանումը խոր իմաստ ուներ:

Նայենք փոքրիկ բեկորների վերածված Ասիայի մանրաքարտեզին: Մզկիթների ճերմակ աշտարակներ կամ տաճարների քարե գմբեթներ եղեգնուտներում, և հասկանալի է ինքնածանակումն ու շփոթմունքը նրանց, ովքեր այս ծեսը համարում են նմանակում, նույնիսկ այլասերում: Այդ մաքրապաշտները նմանատիպ ծիսակատարություններին վերաբերվում են այնպես, ինչպես քերականագետները՝ բարբառին, քաղաքները՝ գավառին, և կայսրությունները՝ իրենց գաղութներին: Հիշողություն, որ ձգտում է միավորվել կենտրոնի հետ, վերջավորություն, որը չի կարողանում մոռանալ մարմինը, որից հեռու է վանվել՝ ինչպես աստծո հնդկեղեգնյա զիստերը: Այլ կերպ ասած, այնպես, ինչպես դեռևս վերաբերվում են կարիբցուն՝ ապօրինի զավակ, արմատազուրկ, խառնածին: «Այնտեղ մարդ չկա, մեջբերենք Ֆրոյդի բառերը, բառի բուն իմաստով»: Մարդ չկա: Իրական մարդկանց բեկորներ են և արձագանքներ՝ անսկիզբ և հուսաբեկ:

Ներկայացումը նման էր բարբառի՝ նախօրինակ լեզվի ճյուղերից մեկին, այդ լեզվի համառոտ տեսակը, սակայն ոչ երբեք դրա էպիկական չափերի աղավաղումը կամ նույնիսկ նվազեցումը: Այս տեղ՝ Տրինիդադում, ես բացահայտել էի, որ աշխարհի մեծագույն էպոսներից մեկը ամեն տարի բեմադրվում էր ոչ թե մշակույթը պահպանելու հուսահատ հնազանդությամբ, այլ բաց հավատով, որ նույնքան հաստատուն էր, որքան Քարոնի հարթավայրի եղեգնանիզակները խոնարհեցնող քամին: Մեկնելու էինք նախքան ներկայացումը կսկսվեր, Քարոնի ճահճուտների ցամաքուտներով գնում էինք ալ կարմիր քաջահավեր որսալու, որ տուն էին վերադառնում մթնշաղի հետ: Ներկայացման ընթացքում, նույնքան բնական, որքան բնական էին Ramleela-ի դերասանները, տեսանք, թե ինչպես էին ժամանում աղեղնավոր տղանների շարագունած դեմքերի և ալ դրոշների նման պայծառ երամները և ծածկում էին ամբողջ կղզյակը՝ այն դարձնելով փթթած ծառ, խարսխված անմեռուկ: Եվ Պատմության հառաչը նշանակություն չուներ: Երկու տեսիլքները՝ Ramleela-ն և ալ կարմիր քաջահավերի աղեղվող երամները, միաձուլվում էին երախտագիտության միասնական շնչի մեջ: Կարիբյան ծովի ափին տեսողական զարմանքը բնական է և ծնունդ է առնում բնապատկերի հետ՝ դեմ առ դեմ դուրս գալով այդ գեղեցկությանը, և Պատմության հառաչն անէանում է:

Չափից ավելի ենք կարևորում անցյալն ընդգծող երկարաշունչ տնքոցը: Ես բացառիկ հաճույք ստացա՝ հայտնաբերելով քաջահավերին, ինչպես նաև Ֆելիսիթիի շարագունած աղեղնավորներին: Պատմության հառաչը վեր է հառնում ավերակներից, ոչ թե բնապատկերից, իսկ Անտիլյան կղզիներում սակավ են ավերակները, որոնց համար կարելի է հառաչել, չհաշված շաքարեղեգնի կալվածքների ու լքված ամրոցների ավերակները: Անշտապ զննելով շուրջբոլորս՝ տեսախցիկի նման նկարում էի Պորտ օֆ Սպեյնից դեպի վեր գտնվող կապտավուն բլուրները, գյուղական ճանապարհն ու տները, աղեղնավոր ռազմիկներին, աստված դերասաններին և նրանց ղեկավարողներին ու արդեն ձայնագրածս երաժշտությունը, ուզում էի ֆիլմ ստեղծել, որ երկարաշունչ հառաչ կլիներ Ֆելիսիթիի համար: Ես դեգերում էի կեսօրվա մեջ կորուսյալ Հնդկաստանի վերհուշներով, սակայն ինչու «վերհուշներ», ոչ թե «իրական ներկայի ցնծություն»: Ինչու է Հնդկաստանը «կորուսյալ», եթե այս գյուղացիներից ոչ մեկն իրականում դրա մասին չի էլ իմացել, և ինչու ոչ՝ «շարունակվող», ինչու ոչ երբեք հավերժող ուրախությունը Ֆելիսիթիում, նաև Կենտրոնական հարթավայրի մյուս բոլոր վայրերում՝ Քուվայում, Չագուանասում, Չարլի Վիլիջում: Ինչու թույլ չէի տալիս, որպեսզի հաճույքս բացերդռներ կրնկի վրա: Ցանկացած տրինիդադցու նման ես նույնպես հնազանդ էի նրանց հափշտակությանը, քանզի հափշտակությունն էր բարձրախոսներից ալիքվող թմբկաձայնի բարձրակետը:

Ես իրավասու էի այցելելու Հուսեյնի խնջույքին, միանալու չինական վիշապապապարին, շփվելու մուսուլմանական էպոսի հայելիների ու ծալքաթղթե տաճարների հետ և մասնակցելու սեփարադյան հրեանների սինագոգի արարողություններին, որ ժամանակին ինչոր բանի անվան փողոցում էր գտնվում: Ես ընդամենը մեկ ուղերորդն եմ այն գրողի, որը կարող էի լինել, եթե իմ մեջ կրեի Տրինիդադի բոլոր բեկորացված լեզուները:

Կոտրիր սկահակը, և բեկորները ի մի բերող սերն ավելի ուժգին կլինի, քան այն սերը, որ ապահովում էր սկահակի համամասնությունը, երբ այն դեռևս ամբողջական էր: Կոտրված մասերն իրար ամրացնող սոսինձը սկահակի սկզբնական ձևի զմուռսն է: Դա այն սերն է, որ վերամիավորում է աֆրիկյան և ասիական մեր հատվածները, ճակտված ժառանգություն, որի վերականգնումից հետո էլ մնում են սպիտակ սպիները: Բեկորների վերամիավորումը Անտիլյան կղզիների հոգսն ու ցավն է, և եթե բեկորները անհամատեղելի և անհամապատասխան են, դրանցում ցավն ավելի ուժգին է, քան սկզբնական կերտվածքի, այն սրբապատկերների ու սրբազան անոթների մեջ, որոնք որպես միակ ճշմարտություն էին ընդունվում նախնիների երկրում: Անտիլյան արվեստը փշուրփշուր եղած պատմության, բեկորացված բառապաշարի վերականգնումն է, մեր արշիպելագը, որ մայրցամաքից պոկված բեկորների հոմանիշն է դարձել:

Սա է պոեզիա ստեղծելու ճշգրիտ գործընթացը, կամ ավելի ճիշտ է այն կոչել ոչ թե ստեղծում, այլ՝ վերստեղծում, բեկորված հիշողություն, մետաղական խարիսխ, որ շրջանակում է աստվածությունը, նույնիսկ ծեսը, որի համաձայն աստվածությունը դիակիզման խարույկն է նետվում. աստվածությունը ժողովվում էր շիվ առ շիվ, եղեգ առ եղեգ, հյուսք առ հյուսք, մինչ Ֆելիսիթիի արհեստավորները կկառուցեին նրա սուրբ արձագանքը:

Պոեզիան, որ կատարելության քրտինքն է, և սակայն արձանի հոնքին իջած անձրևակաթիլի պես թարմ, միավորում է բնականն ու մարմարինակերպը և միաժամանակ խոնարհում է երկու ժամանակները՝ անցյալն ու ներկան, երբ անցյալը արձանն է, իսկ ներկան՝ անցյալի ճակատին իջած շաղահատերի կամ անձրևակաթիլների ուլունքաշարը: Դրա մեջ է հանգչում լեզուն, այնտեղ է նաև անհատական բառապաշարը, և պոեզիան պեղումների ու ինքնահայտնագործման գործընթաց է: Իր տոնայնությամբ անհատական ձայնը բարբառ է և ձևավորում է սեփական արտասանությունը, սեփական բառապաշարն ու մեղեդին՝ ի հակադրություն լեզվի կայսերական հասկացության, Օզիմանդիասի լեզվի, գրադարանների և բառարանների, դատական ատյանների և քննադատների, եկեղեցու, համալսարանների լեզվի և քաղաքական դավանանքի ու հաստատությունների առողանության:

Պոեզիան կղզի է, որ պոկվելհեռացել է ցամաքից: Իմ արշիպելագի բարբարները ինձ նույնքան թարմ են թվում, որքան անձրևակաթիլները արձանի ճակատին, ոչ թե քրտինքի կաթիլները, որոնք ծնունդ են առնում կնճռոտվող մարմարի դասական ճիգերից, այլ՝ թարմացնող տարրերը, անձրևի և աղի թանձրացումները:

Զրկված լինելով նախնիների լեզվից՝ գերևարված ու ստրկացված ցեղերը սեփական լեզուն են ստեղծում՝ վերընձյուղելով և արտազատելով հնի բեկորները, էպիկական բառապաշարը, Ասիայից ու Աֆրիկայից, սակայն ուղղորդելով դեպի ժառանգականը, արյան սքանչելի ռիթմերը, որոնք անկարելի է հնազանդեցնել գերևարելով ու ստրկացնելով, թեկուզ գոյականները վերանվանված են, և ընդունվել են վայրերին շնորհված նոր անունները, ինչպես, օրինակ՝ գյուղ Ֆելիսիթի կամ Շոզուլ: Նախնիների լեզուն տարրալուծվում է՝ հյուծվելով ճանապարհին, ինչպես մառախուղը, երբ փորձում է անցնել օվկիանոսի վրայով, սակայն վերանվանման, նոր փոխաբերությունների գտնելու գործընթացը նույնն է, ինչի առաջ դեմ առ դեմ կանգնում է պոետն աշխատանքային օրվա առավոտյան՝ Կրուզոյի նման սեփական գործիքները ստեղծելով, քաղելով գոյականներ անհրաժեշտությունից, Ֆելիսիթիից, վերանվանելով նույնիսկ ինքն իրեն: Մեր կացված մարդը ետ է վերադարձվում դեպի ինքնազմայլիչ, տարերային ուժը՝ սեփական միտքը:

Անտիլյան փորձառության հիմքը սա է՝ նավաբեկյալ բեկորները, արձագանքները, հսկայածավալ ցեղային բառապաշարի ծվենները, մասնակի վերհիշված ավանդույթները, և դրանք քայքայված չեն, ամուր են և ուժեղ: Դրանք գոյատևել են Միջին միջանցքն անցնելիս և Fatel Rozack-ի վրա, այն նավի, որը Մադրասից դեպի Ֆելիսիթիի եղեգնուտները տեղափոխեց առաջին գերևարված հնդիկներին, տարավ կրոմվելյան շղթայված տաժանակրին ու սեփարադյան հրեային, չինացի նպարավաճառին ու լիբանանցի վաճառականին, որ հագուստ էր վաճառում հեծանվով:

Ահա նրանք՝ բոլորը կարիբյան նույն քաղաքում՝ Պորտ օֆ Սպեյնում, պատմության հանրագումարը, Թրոլոփի «չմարդիկ»: Քաղաքի գործարարմաս՝ խանութների ցուցատախտակների և փողոցների բաբելոնյան ժխոր, խառնածին, բազմալեզու, անպատմություն ֆերմենտ, դրախտի նմանությամբ: Որովհետև դա է քաղաքը, Նոր Աշխարհում, դրախտ գրողի համար:

Ինչպես գիտենք, մշակույթը ստեղծում են քաղաքները:

Հերթական առաջին առավոտը տանը, արևածագի անհամբեր սպասում, ընդհատված քուն: Ժամը հինգի մթություն, անիմաստ է վարագույրը բացել: Հետո հանկարծակի լույս, սերուցքագույն ցանկապատով ու դարչնագույն տանիքով ոստիկանատունը եզերված է ծածրահասակ արքայական արմավենիներով, գաղութային ոճով, ետևի մասում՝ փրփրացող ծառեր և ավելի բարձրահասակ արմավենիներ, աղավնի, որ մխրճվում է քարանձավի խավարծածկոցի մեջ, երբեմնի նորաոճ բնակարանների անձրևահար, բծացածկ թաղամասեր, երթևեկությունից զուրկ երկրորդական ճանապարհ, որ դեպի ոստիկանատուն է տանում: Այդ ամենը ապշեցուցիչ անդորրի ընդամենը մի մասն է: Ամեն անգամ քաղաք այցելելիս այս խաղաղությանն եմ հանդիպում, և այն ավելի է խորանում իմ ներսում: Ծաղիկները ու բլուրները անբռնազբոս են, դրանցով տարվելը՝ կանխատեսելի, ճարտարապետությունն է, որ ապակողմնորոշում է հենց առաջին առավոտ: Ետդարձը Ամերիկյան գայթակղություններից ճանապարհորդին սովորաբար ստիպում է զգալ, որ ինչոր բան պակասում էր այնտեղ, ինչոր բան փորձում էր ամբողջացնել իրեն բծավոր, բետոնաշեն բնակարանների պես: Տեսարան՝ պատուհանից այն կողմ և նոր բուսած թաղամասեր, քաղաքը փորձում է դեպի վեր ձգվել, ավելի դաժանանալ, ինչպես ամերիկյան քաղաքի ուրվանկարը, որ դրոշմված էր նույն կաղապարից, ինչ Կոլումբոսը կամ Դի Մոյնը: Հզորության հաստատում, քաղաքակիրթ ներքին հարդարանք, օդորակիչները տեղադրված են այնտեղ, որտեղ քարտուղարությունն ու գործադիր անձնակազմը ցուցադրում են իրենց մրցակցային ժակետները, որքան ավելի զով է գրասենյակում, այնքան կարևորվում է այն, մեկ այլ կլիմայի նմանակում: Բուռն ցանկություն, նույնիսկ մրսելու նախանձ:

Լուրջ քաղաքներում՝ գորշ, մարտնչող ձմռանը, երբ օրերը կարճ են, ժամանակը, կարծես, մինչև կզակդ կիպ կոչկած վերարկուի մեջ է անցնում, շենքերը պատուհանների ետևում մշտապես վառվող լույսերով բարաքների են նմանվում, իսկ երբ ձյուն է տեղում, ձմռանը նվիրված գրականության պատճառով այնպիսի պատրանք ես ունենում, իբր ռուսական վեպի հերոս ես և ապրում ես տասնիններորդ դարում: Այնպես որ, Կարիբյան ափն այցելողները պետք է զգան, որ իրենք փոստային բացիկների հաջորդական շարքի մեջ են բնակվում: Երկու կլիման էլ մեր կարդացածին է համապատասխանում: Պայծառ եղանակը չի կարող զբոսաշրջիկների լուրջ վերաբերմունքին արժանանալ: Ձմեռը խորություն և անթափանցիկություն է հաղորդում ինչպես կյանքին, այնպես էլ գրականությանը, իսկ արևադարձային գոտիների անվերջանալի ամռան օրերին նույնիսկ աղքատությունը կամ պոեզիան ի զորու չեն խորիմաստ լինել (Անտիլյան կղզիներում աղքատությունը նույն պոեզիան է, բայց V տառով՝ une vie, ինչպես կյանքի, այնպես էլ երևակայության վիճակ), որովհետև շրջակաբնությունն այնքան ցնծալի է, այնքան որոշակի հիացական, որքան նրա երաժշտությունը: Ուրախության վրա խարսխված մշակույթը հարկադրված է մակերեսային լինել: Տխուր է, սակայն ինքն իրեն վաճառելու համար Կարիբյան տարածաշրջանը խրախուսում է անիմաստության, շողշողուն անմտության բերկրանքը, դառնում է վայր, որտեղ կարելի է խուսափել ոչ միայն ձմեռներից, այլև այն լրջախոհությունից, որը ծնունդ է առնում միայն տարվա բոլոր չորս եղանակները ունեցող մշակույթից: Էլ ինչպես կարող է այնտեղ մարդ լինել բառի ամենիսկական իմաստով:

Այստեղ անտեղյակ են, որ տարվա եղանակներ կան, տերևաթափ կա, որ ծիլերը թառամում են ձնաբքի մեջ, և փողոցները ճերմակ սավանով են ծածկվում, չգիտեն, թե ինչպես է մառախուղն ամբողջ քաղաքը պարուրում, և ինչ է բուխարու հրելեզվակների արտացոլանքը: Դրա փոխարեն նրանք այնպիսի աշխարհագրական վայրում են բնակվում, որի ռիթմերը, իրենց երաժշտության նման, սահմանափակված են երկու շեշտադրությամբ՝ շոգ և խոնավ, արև և անձրև, լույս և ստվեր, ցերեկ և գիշեր, անավարտ ռիթմի սահմանները, այդ պատճառով էլ մարդիկ անընկալունակ են հակադրությունների նրբությունների, երևակայական բարդությունների հանդեպ: Թող այդպես լինի: Չենք կարող արհամարհանքը փոխել:

Մերոնք, հայտնի իմաստով, քաղաքներ չեն, և ոչ ոք չի էլ ուզում, որ լինեն: Դրանք իրենց ուրույն համամասնությունները, որոշակի վայրերում սեփական սահմանումները են թելադրում և այնպիսի պրոզայով, որը հավասարազոր է դրանց մասին չարախոսողների բառապաշարին, այնպես որ, այսօր Նեյփոլը ոչ թե Սան Ջեյմսն է հիշատակում, այլ դրա փողոցները ու բակերը և նրբանցքները, որ նույնքան կարճ և լուսավոր են, որքան նրա նախադասությունները, ոչ թե Տունապունայի ժխորն ու հրմշտոցը, այլ Ս. Լ. Ռ. Ջեյմսի «Սահմանից անդին»ի արմատները, ոչ թե Ֆելիսիթի գյուղը Քարոնի հարթավայրում, այլ՝ Սելվոն երկրամասը, և այսօր էլ ոչինչ չի փոխվել կղզիներում, Ջին Ռիսի հին Դոմինիկյան պետությունը համարյա նույնն է, ինչպես նա նկարագրել էր ժամանակին, նաև՝ Սեզերի Մարտինիկյան երկիրը, Պերսեի Գվադելուպան, նույնիսկ առանց չափազանց կարևոր սաղավարտների ու ջորիների, և ինչ հաճույք ու ինչ առավելություն էր հետևել գրականությանը՝ մեկ գրականություն կայսերական մի քանի լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, կղզիները բողբոջում ու ծաղկում էին իրար ետևից մշակույթի արշալույսին, ոչ երկչոտ, ոչ ածանցյալ, այլևս ոչ ավելի ածանցյալ ու երկչոտ, քան կարմիր հասմիկի ծանրացած, ճերմակ սպիտակաթերթերը:

Կռվազան սնապարծություն չէ, այլ՝ անխուսափելիության պարզ փառաբանում. ծաղիկները անպատճառ պետք է բացվեն:

Շողաթմբիր առավոտյան ճերմակափայլ ծառուղիները Պորտ օֆ Սպեյնում, ցանկապատն ի վերմագլցող պատատուկ և վայրի խաղող, արմավենիները ու մառախլապատ լեռները հայտնվում են անկյունում՝ հիշեցնելով Վոյնի կամ Հերբերտի «արմավենիների այդ ստվերոտ քաղաքը», կամ «Համոնդ» երգեհոնի վերհուշը դառնալով Կաստրիսի փայտաշեն եկեղեցում, որտեղ ծխական համայնքի անդամները «Երուսաղեմ, ոսկե քաղաք» էին երգում: Ինձ համար դժվար է այս դատարկության մեջ ամայացում տեսնել: Դա այն համբերությունն է, որ անհուն է անտիլյան իր կյանքի պես, և գաղտնիքն այն չէ, որ սխալ հարց տաս դրա մասին և ոչ էլ դրանից փառասիրություն պահանջես, որի հանդեպ այն ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում: Ճանապարհորդն այդ ամենը բացահայտում է որպես թմրածություն, որպես ընդարմացում:

Ասում են, թե այստեղ բավարար քանակությամբ գրքեր չկան, թատրոն չկա, թանգարանները չկան, պարզապես զբաղմունք չկա: Եվ զրկված լինելով գրքերից՝ մարդը պետք է խոհերի գիրկը վերադառնա, և երբ կսովորի կարգավորել իր խոհերը, կծնվի նաև դրանք գրի առնելու, ի վերջո, եթե գրելու միջոց չունի, ապա բանավոր խոսքի պարտադրանքը, հիշողության կանոնակարգում, որ առաջնորդում է դեպի ռիթմ, դեպի վերհուշ: Զրկանքը նույնպես կարող է իր առավելությունն ունենալ, և նման առավելություններից մեկը, հավանաբար, մեծն միջակության հեղեղից փրկվելն է, քանզի այսօր գրքերը մեծ մասամբ ոչ թե ստեղծվում են, այլ՝ վերաձևվում: Քաղաքներն են մշակույթ ստեղծում, իսկ մեր ունեցածն ընդամենը խոշորացված շուկայաքաղաքներ են, և որոնք են իդեալական կարիբյան քաղաքի չափորոշիչները: Ծառաշատ մերձակայք, մատչելի կանաչ ծայրամասեր և արվարձանները, իսկ եթե քաղաքի բախտը բերել է՝ ընդարձակ հարթավայրեր մի քիչ հեռվում: Դրանից այն կողմ՝ հրաշալի լեռները, դիմացը՝ լազուր ծով: Սրագագաթ աշտարակները՝ ցցված քաղաքի կենտրոնում, դրանց շուրջը՝ սաղարթախիտ, ստվերաշատ զբոսայգիներ: Աղավնիները շարան շարան ճախրում են երկնքում՝ թևերին տանելով գուշակության հավատքի վերհուշները, քաղաքի կենտրոնում ձիեր են, այո՝ ձիեր, կենդանիներ, որոնց այստեղ վերջին անգամ տեսել են 19րդ դարավերջում՝ ցիլինդրավոր քաղաքաբնակների բրոգհամները ու կառքերը քաշելիս, ձիեր, որ ապրում են ներկա ժամանակում՝ զրկված սեփական սմբակների թախծոտ արձագանքներից, որ հանկարծ հայտնվում են Քուինս Փարք սավանայի ձիավարժարանից արևածագին, երբ մառախուղը զով լեռներից քուլաքուլա իջնում է տանիքների վրա, և քաղաքի կենտրոնում պարբերաբար ձիարշավներ են անցկացվում, և քաղաքաբնակները մոլեգին գորգումգոչյունով վայելում են 19րդ դարի այս կենդանիների արագությունն ու նրբագեղությունը: Նավահանգիստները ծխածծկ չեն, ոչ էլ մեքենանների ու սարքավորումների առատությունից են խեղդվում, և ամենակարևորը, այնպիսի տարատեսակ ազգեր են այստեղ միատեղվել, որ աշխարհի բոլոր՝ ասիական, միջերկրածովյան, եվրոպական ու աֆրիկյան մշակույթները են ներկայացված, և մարդկային բազմազանությունն ավելի ապշեցուցիչ է, քան Ջոյսի Դուբլինում: Խառնամուսնությունները այստեղ քաղաքացիների ընտրությամբ են տեղի ունենում, բնազդով, ոչ թե ավանդույթին համապատասխան, մինչև նրանց երեխաները կհամարեն, որ ծագումնաբանությունից կարճելն աստիճանաբար ապարդյուն է դառնում: Հետիոտի համար դժվարանցանելի կամ վտանգավոր փողոցներ քիչ կան այս քաղաքում, իսկ առևտրային մասերը խոսվածքների անները դաշնակություն են, հին լեզվի բեկորներ, որ ժամը հինգից անմիջապես հետո լռում են, իսկ կիրակի օրերին նավահանգիստները հաստատ ամայի են:

Ինձ համար սա է Պորտ օֆ Սպեյնը, քաղաք, որ իդեալական է առևտրային ու մարդկային համամասնությամբ, որտեղ քաղաքացին ոչ թե հետիոտն է, այլ՝ զբոսնող, ճիշտ Աթենքի պես՝ նախքան մշակույթի արձագանքի կվերածվեր այն:

Պորտ օֆ Սպեյնի հրաշագեղ ուրվապատկերները արհեստագործների ձեռքի աշխատանքի կատարելությունն են, ոչ թե բետոնապակին, այլ՝ բարոկկոյի փայտե շինվածքները, որոնցից յուրաքանչյուրն ավելի շուտ սեփական ներփակ պատկեր է հիշեցնում, քան իրական կառույց: Քաղաքի ետևում Քարոնի հարթավայրն է՝ գյուղերով, հնդկական աղոթքադրոշներով, իսկ գլխավոր ճանապարհի եզրին՝ վաճառասեղանները, որոնց գլխավերևով լողացող դրոշների պես իջնում են քաջահավերները: Պատկերունակ թշվառություն: Բացիկային տխրություն: Եդեմը չեմ վերակերտում, նկատի ունեմ՝ «Անտիլյան կղզիներ»ի, և կամ լույսի, գործի, գոյատևման իրողության միջոցով: Նկատի ունեմ տունը գյուղական ճամփեզրին, նկատի ունեմ Կարիբյան ծովը, որի հոտը թարմացնող հնարավորության, վերապրելու բույրն է: Վերապրելը համառության հաղթանակն է, իսկ հոգեկան համառությունը ստիպում են, որպեսզի պոետական զբաղմունքը հարատևի, մինչդեռ այնքան բան կա, որ կարող է ամլացնել պոեզիան: Եվ եթե այդ ամենն ի մի բերենք, կարելի է դրան հավաքական անուն տալ՝ «աշխարհը»:

Եվ ուրեմն, Անտիլյան կղզիների տեսանելի պոեզիան սա է: Վերապրում:

Եթե ցանկանում եք ըմբռնել կղզիների հանդեպ ցուցաբերվող սփոփիչ կարեկցանքը, նայեք անտիլյան անտառների փարթամ արմավենիների, ձարխոտի ու ջրվեժների զմրուխտ փորագրանկարներին: Դրանք բուսաբանական այգիների պես դաստիարակիչ պարկեշտություն ունեն, երկինքը կարծես ապակե առաստաղ է, որի տակ գաղութացված բուսականությունը հարդարվել է, որպեսզի դանդաղ քայլեն կամ կառքով զբոսնեն դրա վրա: Տեսարանները փորագրված են պաթոսով, որն ուղղորդում է փորագրիչի գործիքները ու տեղանքագրի մատիտը, այդ պաթոսն է, որ մեղմ հեգնանքով այնպիսի անվանումներ է պարգևել գյուղերին, ինչպիսին Ֆելիսիթին է: Ժամանակը մեկ դար շարունակ սխալ լույսի ներքո և չար աչքով է նայել հախուռն բուսականությամբ այս բնապատկերին: Այս տեսարանները են, որ ավելի տխուր են, քան ինքնին արևադարձային գոտին: Շաքարի գործարանների, նավահանգիստների և ազգային տարազներով կանանց նրբագեղ փորագրանկարները պատմության մի մասն են, այն պատմության, որ ծիկրակում էր փորագրիչի, ավելի ուշ՝ նաև լուսանկարչի ուսի վրայով: Պատմությունն ի զորու է փոխել հայացքն ու շարժվող ձեռքը և հարմարեցնել իրեն, կարող է արձագանքի մեջ անվանափոխել կարոտաբաղձության վայրերը, մեղմել արևադարձային լույսի փայլն ու թախծոտ միապաղաղության վերածել պրոզայում, չափավորել քննադատական երանգները Կոնրադի մոտ և Թրոլոփի ճամփորդական նոթերում:

Այդ ճանապարհորդները սեփական տկարության վարակն էին բերում իրենց հետ, և նրանց պրոզան խամրեցրեց նույնիսկ բնապատկերը՝ վերածելով մելամաղձության ու ինքնաքամահրանքի: Ամեն ջանք նսեմացված է ընդօրինակման աստիճան՝ ճարտարապետությունից մինչև երաժշտություն: Ֆրոյդի մոտ այն համոզմանն ենք հանդիպում, որ քանզի պատմությունը խարսխված է նվաճումների վրա, և քանի որ Անտիլյան կղզիների պատմությունն այնքան է ծագումնաբանորեն աղճատված, այնքան ճնշող է նախճիրների, ստրկացման և համաձայնությունների բոլորապտույտներով, որ մշակույթը դուրս էր երևակայությունից, և ոչինչ հնարավոր չէր ստեղծել կիսավեր նավահանգիստներում ու շաքարեղեգնի միապաղաղ, ֆեոդալական կալվածքներում: Դրան դիմադրում էին ոչ միայն Անտիլյան կղզիների լույսն ու աղը, այլև բնակիչների պարզունակ կորովն ու բազմազանությունը: Մոտեցիր ջրվեժին և այլևս դրա շառաչը չես լսի: Այնքան էլ վատ չէ դեռևս 19րդ դարում լինել, ձիերի պես, ինչպես գրել է Բրոդսկին, և մեր կյանքն Անտիլյան կղզիներում, կարծես, նախորդ դարի ռիթմի մեջ է, վեստինդյան վեպի նման:

Գրեմ Գրինի պես նոր շունչ բերող գրողները Կարիբյան տարածաշրջանին վերաբերվում են թախծոտ պաթոսով, հարատև տխրությամբ, ինչի առիթով Լևիս Թրոսը բնաբան է զետեղել՝ Tristes Tropiques («Արևադարձային տրտմություն»): Այդ triste-ն սկիզբ է առնում կարիբյան մթնշաղի, անձրևի, անվերահսկելի բուսականության նկատմամբ վերաբերմունքից, կարիբյան քաղաքների գավառական փառասիրությունից, որտեղ ժամանակից ճարտարապետության կոպիտ ընդօրինակումների կողքին փոքրիկ տները ու փողոցները թզուկների են նմանվում: Տրամադրությունը հասկանալի է, մելամաղձություն, որ նույնչափ վարակիչ է, որչափ մայրամուտի տենդը, հիվանդոտ կոկոսյան արմավենու ոսկեշող տերևները, սակայն անգլիացի, ֆրանսիացի կամ մեր որոշ վտարանդի գրողները դույզնինչ օտարոտի և չափազանց սխալ ձևով են պատկերել այդ տխրությունը, նույնիսկ՝ ճնշվածությունը։

Սխալ են ընկալվել լույսը և այն մարդիկ, ում վրա ընկնում է այդ լույսը:

Այս գրողները նկարագրում են մեր անավարտ քաղաքների նկրտումները, դրանց դեռևս չիրականացված, քարոզչական հանգուցալուծումները, սակայն կարիբյան քաղաքն ավարտուն կարող է լինել միայն այն սահմանագծում, որտեղ ինքը բավարարված է սեփական չափերով, ճիշտ այնպես, ինչպես կարիբյան մշակույթը ոչ թե նոր է զարգանում, այլ արդեն ձևավորվել է: Ճանապարհորդը կամ տարագիրը չէ, որ պետք է որոշի քաղաքի համամասնությունները, այլ այդ քաղաքի բնակիչներն ու ճարտարապետները: Երբ ասում են, որ դու դեռ քաղաք չես, կամ մշակույթ չես, հետևյալ արձագանքն է դառնում հրամայական. «Ես քո քաղաքը չեմ, ոչ էլ քո մշակույթը: Դրանից հետո Tristes Tropiques-ները կպակասեն:

Այստեղ, փայտե տախտակամած այս լաստի վրա, փրփրաբաշ ալիքների ծափողջույնների ձայնն է լսվում. «վերջապես» ճանաչվել է մեր բնաշխարհը, մեր պատմությունը: «Վերջապես»ը կարիբյան ամենաառաջին գրքերից մեկի վերնագիրն է: Հեղինակը վիկտորիանական ճանապարհորդ Չարլզ Քինգսլին է: Այդ գիրքն առաջինից էր, որ անգլիական գրականություն ներմուծեց անտիլյան բնապատկերն ու այնտեղ ապրող մարդկանց: Այն չեմ կարդացել, բայց եզրակացնում եմ, որ դրա բնույթը բարի է: Անտիլյան արշիպելագը դրա համար է, որպեսզի գրվի դրա մասին, ոչ թե դրա կյանքն արարվի, այդ կերպ են վարվել Թրոլոպը, Պատրիկ Լեյֆերմորը, ճիշտ այնպես, ինչպես ինքս նկարագրեցի Ֆելիսիթիի գյուղական ներկայացումը որպես կարեկցող և հրապուրված դրսեկ ինձ հեռու պահելով գյուղից նույնիսկ այն ժամանակ, երբ վայելում էի այդ ամենը: Անհնար է սիրել այն, ինչ թաքնված է: Ճանապարհորդը չի կարող սիրել, քանզի սերն անշարժություն է, իսկ ճանապարհորդը հենց շարժում է: Եթե ճանապարհորդը վերադառնա նրա մոտ, ում սիրել է այդ բնապատկերում, և մնա այնտեղ, նա կդադարի ճանապարհորդ լինել, կհայտնվի անշարժության և կենտրոնացման մեջ, կդառնա աշխարհի այդ կոնկրետ մասի սիրահարը, բնիկը: Շատերն են ասում, որ «սիրում են Կարիբյան տարածաշրջանը», նկատի ունեն, որ մտադիր են օրերից մի օր կրկին այցելել, սակայն երբեք այնտեղ չեն ապրի. ճանապարհորդի, զբոսաշրջիկի հասցրած սովորական անմեղ վիրավորանք: Նման ճանապարհորդները, իրենց բարի տրամադրվածությամբ հանդերձ, նույն խնամակալական վերաբերմունքի ժառանգովն էին, կղզիները, դրանց ճոխ բուսականությունը, հետամնացությունն ու թշվառությունը նրանց կողքով էր անցնում: Վիկտորիանական պրոզան մեծարում էր այդ ամենը: Սակայն դրանք հայտնվում էին գեղեցիկ կիսադեմերով և անցնումմոռացվում էին ամենամյա արձակուրդի պես:

Ալեքսիս Սեն Լեժե Լեժեն, ում գրական անունը Սեն Ջոն Պերս է, Անտիլյան կղզիներից սերված առաջին գրողն էր, որ այս մրցանակին արժանացավ պոեզիայի բնագավառում: Նա ծնվել էր Գվադելուպեում և գրում էր ֆրանսերեն, սակայն նրան նախորդող շրջանում զգացմունքների այնպիսի թարմություն և մաքրություն չկար, որքան պատանեկան նրա ոտանավորներում, որ գրել էր անտիլյան պլանտացիաների հաճույքը վայելող սպիտակամորթ երեխայի Pour Feter une Enfance (Մանկությունը տոնելու համար), Eloges (Գովաբանություն) և Images a Crusoe (Պատկերներ Կրուզոյին): Վերջապես, առաջին զեփյուռը թղթի էջի վրա պասսատային քամիների նման աղահամ և ինքնանորոգիչ, շրջվող էջերի ու արմավենիների շրշյունը, մինչ «սրճաբույրն է տարածվում աստիճանների ի վեր»:

Կարիբյան հանճարը դատապարտված է հակասելու ինքն իրեն: Փառաբանել Պերսին, մեզ կարող են հուշել, նշանակում է փառաբանել հին պլանտատորական համակարգը, փառաբանել ընչազուրկին կամ մշակին, ծածկապատշգամբներն ու մուլատ ծառաներին, սպիտակ ֆրանսերենը սպիտակ միջուկով սաղավարտի մեջ, փառաբանել խնամակալությունն ու գորոզամտությունը, և եթե Պերսը նույնիսկ մերժում էր սեփական ծագումը, մեծ գրողները հաճախ են նման հիմարություն անում փորձելով կոծկել սեփական ակունքները, մենք չենք կարող նրան առավել մերժել, քան աֆրիկացի Այմե Սեսարին: Սա զիջում չէ, այլ այն հեգնական տիրապետությունը, որ կոչվում է պոեզիա, քանզի երբ տեսնում եմ, թե ինչպես են արշալույսին արմավենիները օրորում իրենց սաղարթախիտ ճյուղերը, մտածում եմ, որ նրանք Պերս են արտասանում:

Ինձ հավասարապես խոցում են թե այս բուրումնալի ու արտոնյալ պոեզիան, որ Պերսը ստեղծել է, որպեսզի փառաբանի իր սպիտակ մանկությունը, թե Ֆելիսիթիի երիտասարդ, թուխ աղեղնավորների թիկունքում հնչող հնդկական երաժշտության ձայնագրությունը և թե նույն արմավենիները նույն անտիլյան երկնքի դիմաց: Հպարտության նույն խոցողությունն եմ զգում բանաստեղծություններում և դեմքերին: Ինչու է Անտիլյան կղզիների պատմությունը նման արտասովոր զգացողություն առաջացնում: Աշխարհի, ինչ խոսք, նկատի ունենք Եվրոպայի պատմությունը միջցեղային գզվրտոցների, էթնիկական զտումների վավերագիր է: Իսկ կղզիները, որոնց մասին չեն գրել, իրենք են իրենց վավերագրել: Արմավենիները և մուսուլմանական մինարեթները անտիլյան բացականչություններ են: Վերջապես Գվադելուպեի արքայական արմավենիները անգիր են արտասանում Eloges-ը:

Ավելի ուշ «Anabase»ում («Անաբասիս») Պերսն ի մի է բերել երևակայական էպոսի բեկորները իրենց սահմանապահ ատամնավոր դարպասների թրխկոցով, թունավոր լճերի փրփուրով լեցուն ամայացած գետերի չորացած հուներով, ավազահողմերի մեջ թաղված ձիավորներով, հակապատկերը կարիբյան զով առավոտների, չնայած բոլորովին էլ պարտադիր չէր այլ հակադրություն, բացի Ֆելիսիթիի ինչոր թխամորթ աղեղնավորից, որ ունկնդրում է եղեգնածծկ դաշտի մի ծայրից մյուսը շեփորահարվող սուրբ տեքստը ճակատամարտերի, փղերի ու ծեծծեքուն աստվածների ուղեկցությամբ, ի հակադրություն սպիտակամորթ երեխայի Գվադելուպեում, որ ժողովում է սեփական էպոսի բեկորները եղեգնուտներից կտրած նիզակներով, սայլերով ու եզներով, և հնդկեղեգնի տերևների վայելչագրությունը հնամենի լեզուներով հինդիով, չինարենով ու արաբերենով, անտիլյան երկնքի վրա: Ramayanaից Անաբասիս, Գվադելուպեից Տրինիդադ շուրջբոլորը սփռված է բեկորների հնագիտությունը, բեկորներ, որ առաջացել են կորցանված աֆրիկյան թագավորությունների, Կանտոնի, Սիրիայի ու Լիբանանի երկրակեղևի ցնցումներից առաջ եկած ճեղքերից, ցնցումներ, որ ոչ թե Երկրի ընդերքում են, այլ մեր խռպոտ, սովորական փողոցներում:

Վատ տեսնող երեխան հարթ քարը նետումսահեցնում է Էգեյան ծովի հարթ մակերևույթի վրայով, և հնձվորի արմնկազարկ հիշեցնող այդ սովորական շարժումն իր մեջ «Իլիականի» և «Օդիսականի» ընդհատուն գծերն է պարունակում, մեկ այլ մանչուկ եղեգնյա աղեղն է լարել գյուղական տոնախմբության ամենաթեժ պահին, մյուսը կարիբյան արշալույսի մեջ ականջ է դրել արմավենիների սոսափյունին, և այդ հնչյունների, ցեղի առասպելի բեկորներից սկսվում է Պերսի էպոսի հակիրճ արշավանքը դարերն ու արշիպելագները մի կողմ թողած: Քանզի յուրաքանչյուր բանաստեղծի համար աշխարհը միշտապես առավոտ է: Իսկ Պատմությունը մոռացված, անքուն գիշեր է, Պատմությունը և նախնական ներշնչանքը մեր նախասկիզբն են, որովհետև պոեզիայի ճակատագիրը աշխարհին սիրահարվելն է ի հեճուկս Պատմության:

Հրճվանք, բարեբախտության ցնցություն է, երբ գրողն ըմբռնում է, որ ինքն ականատեսն է մշակույթի վաղ լուսաբացի, որն էլ հենց սահմանում է այդ մշակույթի բնույթը, ճյուղ առ ճյուղ, տերև առ տերև, ինքնաբնություն գրիչ արշալույսի մեջ, որը որոշում է, հատկապես ծովեզրին, թե արևածագիծես կազմակերպելն ինչու է ճիշտ: Ապա և բառը «անտիլյան», որ ծածանվում է ծփացող ջրի պես, և տերևների ու արմավենիների ճյուղերի շրշյունն ու թռչունների ծլվլոցը նորեկ բարբառի մայրենի լեզվի հնչյունները են: Անձնական բառապաշարը, անհատական մեղեդին, որի ռիթմը այն կրողի կենսագրությունն է, միաձուլվում է այդ հնչյունների, բախտի բերմամբ, և մարմինը շարժվում է քայլող, արթնացող կղզու նման:

Այս օրհնանքն է փառաբանվում, նորաստեղծ լեզուն և նորաստեղծ ժողովուրդը, և սա է այն վախառատ հարգանքը, որի համար պարտական էին: Ես հանդես եմ գալիս հանուն նրանց, եթե ոչ հանուն նրանց կերպարի, սակայն նաև հանուն նրանց բարբառի, որ փոխում են ծառի տերևների նման, հանուն նրանց, ում անունները ավելի ճկուն են, գունեղ, ավելի շողոտ, քան անգլերենը laurier canellas, boisflot, boiscanot, կամ դաշտավայրերը, որ ծառանուններ են կրում Fond St. Jacques, Matoonya, Forestier, Roseau, Mahaut, կամ ամայի ծովափերը L’Anse Ivrogne, Case en Bas, Paradis, որ ներառում են բոլոր երգերն ու պատմությունները արտաբերվող ոչ թե ֆրանսերեն, այլ բնիկների խոսվածքով:

Այստեղ հասակ են առնում լսելով երկու լեզու, մեկը ծառերինը, իսկ մյուսը անգլերեն արտասանող դպրոցականներինը.

Ես եմ տիրակալն ամբողջ տեղանքի,
Իմ իրավունքը դու չես վիճարկի,
Այս ծայրից մինչև ծովը գեղանի
Տեր եմ հավքերի ու գազանների:

Օ, մենություն իմ, ուր է դյութանքը,
Որ գիտունները էին տեսնում քո դեմքին:
Եվ թող որ ապրեմ ճահճում տագնապի,
Քան իշխեմ վայրում այս հեգ, սոսկալի:

Մինչդեռ գյուղում, նույն ռիթմի հանգույն, սակայն բնական գործիքներով ձեռակերտ չխկչխկանով ու այծի կաշվից քաշած թմբուկով, Սենսեն անունով աղջնակը երգում էր.

Եթե քեզ ասեմ, որ շատ ցավեցրիր,
Դու կասես. «Ճիշտ է»:
Եթե քեզ ասեմ, որ ներսս մտար,
Դու կասես. «Ճիշտ է»:
Այ երեխեք, ականջ արեք,
Էլ մի տրվեք հենց էնպես:

Պատմությունն այս արշալույսով բոլորովին էլ չի ջնջվում: Այն ներկա է անտիլյան աշխարհագրության, հենց բուսականության մեջ: Ծովը հառաչում է Միջին ճանապարհին կարիբցի, արուաքցի, թայնցի բնիկների սպանդանոցում ջրասույզ եղած ների հետ, արնահոսում է անմորուկների ալ կարմիրով, և նույնիսկ փրփրաբաշ ալիքները անկարող են աֆրիկյան հիշողությունը լվանալ ավազի վրայից կամ կանաչ բանտ դարձած եղեգնյա նիզակադաշտերից, որտեղ բռնագաղթված ասիացիները Ֆելիսիթիի բնակիչների նախնիները դեռևս իրենց պատիժն են կրում:

Ահա թե շուրջս ինչ էի կարդում մանուկ օրերից ի վեր, պոեզիայի ակունքներում ջանքերի հմայք: Փորագրիչների կարծր կարմրափայտի վրա դեմքեր, խեժոտ մարդիկ, փայտածուխ այրողները, սուրբ բրիչը ուսից կախ տված տղամարդը կանգնել է դաշտի եզրին, նրա հարևանությամբ սովորական անանուն խոսքի շունչն է, կրկնակի հագուստով է, քանի որ առավոտյան ցուրտ էր, երբ արթնացավ կուրացնող խավարի մեջ, որպեսզի գնար և իր այգին մշակեր բարձունքներում, այգի, որ մի քանի մղոն հեռու էր տնից, բայց նրա հողն այնտեղ է, էլ չեմ խոսում ձկնորսների մասին, բեռնատարների թափքերում ցցված մշակների վեր պարզած նիզակներով, Աֆրիկայի նախածին բեկորներն են ամբողջությամբ, սակայն այժմ արդեն հարմարված, ամրացած ու արմատակալած կղզու կյանքի մեջ, նույնքան անգրագետ, որքան տերևները, նրանք չեն կարդում, այստեղ նրանց են կարդում, և եթե ինչպես հարկն է կարդում են նրանց, սեփական գրականություն են ստեղծում:

Սեփական տուրիստական մեր գրքույկներում Կարիբյան ծովը նման է երկնագույն ջրավազանի, որի մեջ հանրապետությունը կախել է Ֆլորիդայի առաջ մեկնած ոտքերը, մինչ փքված ռետինե կղզիները ճոճվում են, իսկ խմիչքի մեծ խմբաքանակները նրա կողմն են լողում լաստանավով: Կղզիները այս կերպ են կարիքի ամոթից վաճառում իրենց, նրանց ինքնության սեզոնային էրոզիան է, բարձրամակարդակ կրկնություն մի և նույն ծառայամոլ պատկերների, որոնցով երբեք մի կղզին չես տարբերի մյուսից, ծովափնյա աղտոտված լողավազանների հեռանկար, մշակները աճուրդի են հանել հողաբաժինները, և այս ամենը համահունչ է «Բարի ժամ»ի երաժշտությանն ու ծպտացող բերանի բացվածքին: Որն է երկրային դրախտը մեզ այցելողների համար: Երկու շաբաթ առանց անձրևի և կարմրափայտի գույնի արևայրուկ, իսկ մայրամուտին ծղոտե գլխարկներով և ծաղկավոր վերնաշապիկներով տեղացի տրուբադուրները ուղղակի սպանում են անվերջ թմբկահարելով «Դեղին թռչունն» ու «Բանանի նավակի երգը»: Սրանից ընդարձակ տարածք էլ կա, ավելի ընդարձակ, քան քարտեզի վրա կղզու սահմանները են, և դա անսահման ծովն է ու այն ամենը, ինչ նա հիշում է:

Ամբողջ Անտիլյան տարածաշրջանը, բոլոր կղզիները հիշողության ճիգ են, յուրաքանչյուրի միտքը, ցեղերի կենսագրությունները իրենց գագաթնակետին են հասնում հիշողության կորստի և մշուշի մեջ: Արևալույսի ծվենները ու անակնկալ ծիածանները են ճեղքում մշուշը arcsenciel (երկնային աղեղներ): Դրանք ճիգերն են, անտիլյան երևակայության արդյունքը, որ մաս առ մաս վերակերտում է իր աստվածներին եղեգնյա կմախքներից:

Արուաքից մինչև ավելի ցածում սփռված ամայացումը անտիլյան պատմության վնասված արմատն է, և զբոսաշրջություն կոչվող մեղմընթաց հիվանդությունը կարող է վարակել բոլոր կղզիաբնակ ազգերին, ոչ թե աստիճանաբար, այլ անկատելի արագությամբ, մինչև բոլոր ժայռերը կճերմակեն սպիտակաթև հյուրանոցների առաջընթացի վերելքի ու վայրէջքի, թռչնաղբից:

Նախքան այդ ամենը կվերանա, և լոկ մի քանի դաշտավայր կմնա առավել հին կյանքի առհավատչյան, նախքան առաջընթացը բոլոր նկարիչների մարդաբանի կամ ազգագրագետի կվերածի, դեռևս կան նվիրական վայրեր, փոքր դաշտավայրեր, որոնք չեն արձագանքում նոր գաղափարներին, վերասկզբնավորման պարզություն, որը դեռևս չեն հասցրել այլասերել փոփոխության վտանգները: Ոչ թե տեղանքներ կարոտաբաղձության, այլ սրբավայրեր արգելափակված, նույնքան պարզ ու հասարակ, որքան արևալույսը նրանց: Վայրեր նույնքան սարսափած այս պրոզայից, որ քան խոպանը բուլդոզերից, կամ ծովանուշի պուրակը հողաչափի պարանից, և կամ լեռնային դափնին ուտիճից:

Եվ վերջին աստվածահայտնությունը: Քարակերտ հիմնավոր եկեղեցին կառուցվել է Սուֆրիերից դուրս, հպարտ դաշտավայրում, որտեղ բլուրները շրջակա տներին հրել, գրեթե սեղմել են դարչնագույն գետին, և արևալույսը կարծես յուղոտել է տերևները, ետ ընկած վայր, անկարևոր, որն այժմ այլասերումկարևորում է պրոզան: Նպատակ չկա որևէ կերպ սրբագործել կամ գունազարդել այդ վայրը, նույնիսկ հիշողությամբ: Կիրակնօրյա զգեստներով աֆրիկացի երեխաները դեպի եկեղեցին են իջնում հասարակ բետոնյա աստիճանները, բանանի տերևները ճոճվում և փայլում են, բակում բեռնատար է կանգնած, պառավ կանայք երերալով դեպի մուտքն են քայլում: Ահա թե որտեղ պետք է պատկերվի իրական որմնանկարը, և այնպիսին, որ ոչ թե հատուկ կարևորություն ունենա, այլ իրական հավատ, զերծ քարտեզից, զերծ պատմությունից:

Ինչ արագ կարող էր այդ ամենը չքանալ: Եվ ինչպես է սկսում ուղղորդել մեզ մխրճվելու այն վայրերը, որ հուսով էինք, թե անանցանելի էին, կանաչ գաղտնիքներ խորդուբորդ ճանապարհի վերջում, խամ ու խոպան, որտեղ հերթական տեսարանը ոչ թե հյուրանոցն է, այլ երկար ու ձիգ լողափը առանց այնտեղ հայտնված մարմնի, իսկ ափի հեռավոր ծայրում ձկնորսի ծխի քուլան է իր հարցը օդում թողած: Կարիբյան տարածաշրջանը հովվերգական վայր չէ նույնիսկ բնիկների համար: Այդ վայրից նրանք կենարար ուժ են կորզում բնահատուկ ձևով, ինչպես ծառերը, ինչպես ծովանուշը կամ լեռնային համեմունք դափնին: Գեղջուկները ու ձկնորսները այնտեղ ոչ սիրվելու համար են, ոչ էլ նույնիսկ լուսանկարվելու, նրանք քրտնաթոր ծառեր են, նրանց կեղևը աղով է պատված, բայց ամեն օր կղզիներից որևէ մեկում զգեստավորված անարմատ ծառերը շահավետ հարկային արտոնությունների մասին թղթեր են ստորագրում գործարարների հետ մինչև արմատները թունավորելով ծովանուշն ու լեռնային համեմունք դափնին: Մի օր լույսը կբացվի, և իշխանությունները կհարցնեն, թե ուր կորան ոչ միայն սոսկ անտառները ու ծովածոցերը, այլև ամբողջ ազգաբնակչությունը:

Նրանք կրկին այստեղ են, նրանք վերադարձել են, նույն դեմքերը, այլասերման ենթակա հրեշտակները, նրանց հարթ, թուխ մաշկը և սպիտակ աչքերը տագնապած ուրախությունից, ինչպես Ֆելիսիթիի մանչուկներն էին աչքերը չռել Ramleela-ի վրա, երկու տարբեր կրոններ, երկու տարբեր մայրցամաքներ, երկուսի սրտերն էլ լցված ցավով, որ է ուրախությունը:

Բայց ինչ է ուրախությունն առանց վախի: Եսասիրական վախի, որ այստեղ, այս հարթակի վրա, երբ աշխարհի ուշադրության կենտրոնում ոչ թե նրանք են, այլ ես, և ես պետք է ցանկանայի բռնությունից զերծ պահել այդ պարզ ուրախությունը, ոչ թե այն պատճառով, որ անմեղ ուրախություն է, այլ որովհետև ճշմարիտ է: Նույնքան ճշմարիտ, որքան այն պահին, երբ այս պարգևի բարեհաճությամբ, Պերսը գտավ Փոքր Ասիայի իր սեփական էպոսի բեկորները արմավենիների շրշյունի մեջ, ներքին Ասիան հոգու, որի խորքերում դեգերում է երևակայությունը, եթե իրոք գոյություն ունի այն երևույթը, որ կոչվում է երևակայություն ի հակադրություն մեր ամբողջ ցեղի հավաքական հիշողության, նույնքան ճշմարիտ, որքան հաճույքը ռազմիկմանչուկի, որ եղեգնյա նետ էր արձակում դրոշների վերևով Ֆելիսիթիի դաշտում, և այժմ նույն քան հաճելի ուրախություն և օրհնյալ վախ է, որ քան այն պահին, երբ տղան բացեց վարժությունների տետրն ու լուսանցքում գրի առավ ոտանավորները, որ կարող էին իրենց մեջ առնել լույսը բլուրների, որ կղզու վրա էին, իսկ կղզին օրհնված էր անշանությամբ և սնուցում էր մեր անկարևորությունը:

Թարգմանությունը անգլերենից՝ Արամ Արսենյանի

Նյութը արտատպված է «Նարցիս» հանդես, 2011, թիվ 5-ից։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *