Սոնա Գրիգորյան | Դեղին խնձորներ

Մարդիկ, շենքերը պառկել են երկշերտ պատուհանին: Միգուցե տեղ չկա փողոցում:
Պատուհանը բացեց ու մարդիկ ընկան: Գլուխը դուրս հանելուն պես բացեց բերանն ու սկսեց անձրև խմել:
Սա այն չուշացած անձրևն էր: Սառը: Ախորժալի: Տաք:
Փողոցի անցումներից մեկի դիմաց կանգնած էի ես՝ ժամապահս, ու լուսացույցի անշարժացնող վայրկյանները մայթերը եզրագծում էին կարմիրով: Անցա ճանապարհը, նայեցի դիմացիս շենքին, պատուհանից անձրև խմող աղջկան: Հետո հայացքս շեղեցի նրանից:
Կա մի մարդ, ում մենք միշտ տեսնում ենք: Մեզ՝ ժամապահներիս, կարծես, միշտ հետապնդում են մարդապահները: Նրանք թաքցնում են իրենց մեզանից և մեզանում: Այդ մարդապահ-ստվերը քայլում է` կուլ տալով յուրաքանչյուր օրվա հագուստս, միմիկաներս և այն մարդկանց, ում հետ շփվել եմ: Թվում է՝ այդպես է: Միգուցե:

Միգուցե «միգուցեն» հարմար բառ է ամեն ինչ կրկին սկսելու համար։ Միգուցե սա ո՛չ պարտավորեցնող և ո՛չ էլ հիասթափեցնող բառ է: Այնուամենայնիվ, անտրամադիր մթնոլորտը խցկվել է «միգուցե»-ի մեջ…
Ժամեր անց աղջիկը քայլում էր՝ մարմինը շարժելով մայթի կառուցվածքին համապատասխան։ Աղջկա շրջազգեստը սև էր, որը կիսում էր աշխարհը և ստեղծում երկու մթություն. ընդհանուր և եզակի…
Առաջին մթության մեջ երևում էին միայն շարժվող ուսերը, սպիտակ մատները: Հասավ մի լուսավոր կրպակի ու կանգնեց։ Մեկը մոտեցավ նրան ու եզակի մթության մեջ երևաց նրանց լուռ գրկախառնությունը:։
Տեսարանն ընդմիջեցի ու մտա խանութ, խնձոր գնեցի։
Դեղին խնձորներ։
Խնձորների փաթեթը ձեռքիս՝ քայլում էի։ Մեկ քայլով մեկ խնձորի հյութ էր քամվում անցյալից ու բոլոր հին կերպարներս խառնվում էին ներկայի կերպարիս հետ։ Խնձորի դեղնությունը գումարվում էր գիշերվա սևին և հանվում միջին մոխրագույնը:
Խնձորների հանդեպ անտարբերությունս, և նրանց ուտելու ուշացող ցանկությունը նրանց ստիպում էր ընդդիմաբար թռթվռալ փաթեթի մեջ ու, մեկմեկու հրմշտելով, ներքաշել մտքերս ու կնճռոտել կեղևը:
Հակառակ մայթով քայլում էին նրանք։ Հասան մի տան մոտ, տունը ամբողջությամբ կարմիրով էր ներկված։ Կանգնեցին։ Տան դիմաց ջահ կար վառված, մի պահ լույսի տակ երևաց աղջկա՝ մուգ շրթներկով ներկված շրթունքները, բայց վայրկյաններ հետո դեմքի կատարյալ շպարը հօդս ցնդեց, ու նա դարձավ նորածնի պես պարզ ու միամիտ:
Եվ ստեղծվեց երրորդ մթությունը:
Այդ մթությունը հայելային էր: Ես էի, նրանք ու խնձորները: Բոլորս էլ մի վայրում էինք: Միասին էինք, մի շրջանակի մեջ ու առանձին: Ողջ ու կիսամեռ…
Ցանկություն կար որդեգրելու այդ երկուսին, որդեգրելու նրանց կյանքը, պատմությունը, տրամադրություն ստեղծող բառերը, այդ երկու շնչառությունը, որ հետապնդում էին մեկմեկու, և որոնք իրենց տաքությամբ դեմ էին գնում գիշերվա սառնությանը:
Սկսեցի ուտել խնձորները:
Եվ նրանց բառերը սկսեցին կուտակել ցերեկվա նեգատիվ պղպջակները: Նրանք վիճեցին, ցանկացան մեռնել, մեկը հարվածեց կարմիր տան պատին, մյուսը ինքն իրեն, մեկը ծեծում էր ընդհանուր մթությունը, իսկ մյուսը՝ եզակի, և արտաքին ու ներքին աշխարհների վեճը սահում էր նրանց մատների արանքով:
Ամեն ինչ ծայրահեղ անհասկանալի էր և ծայրահեղ պարզ:
Նրանց բղավոցները ծամում էի ու խնձորի հյութը թրջում էր շրթունքներս: Ու դեղինով էի լցվում: Դեղին անցյալով, դեղին ներկայով, դեղին ապագայով և կարմիր մթությամբ:
Առաջին երեքը միշտ թանձրանում են մթության մեջ՝ կարմիր տան դիմացի մթության:
Երբ հանդարտվեցին և այլևս չէին վիճում, օդը բթացավ և լռություն տիրեց: Դա խորթ հաշտություն էր, որը կանխատեսել էինք բոլորս: Դա պատերազմող խաղաղություն էր և համր անջատում: Եվ վերջապես, դա հորիզոններ չփնտրող գրկախառնություն էր…
Մթությունների խաչմերուկում հայտնվում էր լուսաբացի անհաս արևը, որը դանդաղորեն չորացնում էր խոնավ մթությունները: Եվ դրա հետ մեկտեղ ցնդում էինք բոլորս՝ լուծվելով օդի բաղադրության մեջ:
Երկինքը ծանրացել ու հասել էր գլխիս: Այն հուշում էր վերահաս պարտության մասին:
Մի անծանոթ սրտխփոց էր լողում դեղնած արյունիս մեջ: Դեղինը ներսումս՝ ես կուլ էի գնում կյանքիս բոլոր լուսաբացներին, նրանք խանդից շիկնել էին արդեն՝ ամեն օր ինձ որսալով գիշերվա անծայր մթնոլորտում…
Ամեն անգամ գիշերապահներին փոխարինելու են գալիս առավոտվա բնակիչները: Նրանք գալիս ու աղբամանն են նետում գիշերը, սրբում աստղազարդ փոշին, պատռում դեղին խնձորների փաթեթը:
Բայց խնձորային մթնոլորտը պահպանվում է: Այդ մթնոլորտը միշտ եփվում է տարածաժամանակային եռուզեռի մեջ: Այդ երկուսի հայացքները միշտ խրված են մնում մաշկիս մեջ:
Առավոտվա բնակիչների մերկ դեղին հայացքները ամեն առավոտ սկսում են լղոզվել մայթերին՝ իրենցից ծածուկ միշտ որոնելով այն երկուսին՝ չորրորդ մթությունում…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *