Քողարկված նշաններից, ակնարկող կատակներից,զգուշավոր շրջասույթներից, անհասկանալի շշնջոցներից ես վերջապես հասկացա, որ այս քաղաքում, ուր ես արդեն երեք ամիս ապրում եմ, կա մի բառ, որի կիրառումն արգելված է: Ո՞ր բառը: Չգիտեմ: Կարող է մի տարօրինակ, հասարակ բառ լինել, բայց կարող է խոսքը գնալ նաև մի շատ օգտագործվող բառի մասին, այդ դեպքում, իմ մասնագիտությամբ մի մարդու համար կարող է անհարմար իրավիճակների պատճառ հանդիսանալ: Ավելի քան տագնապած գնում եմ իմ ընկեր Ջերոնիմոյի հետ զրուցելու: Նա իմ ճանաչած մարդկանցից ամենաիմաստունն է, որը ,քսան տարի ապրելով այս քաղաքում, շա~տ բաներ գիտի:
– Ճիշտ է,- անմիջապես ասաց նա ինձ,- ճի՛շտ է, մեզ մոտ կա մի արգելված բառ, որից բոլորը հնարավորինս խուսափում են:
– Եվ ո՞ր բառն է:
– Հասկանում ես,- ասում է,- ես գիտեմ, որ դու ազնիվ մարդ ես և կարող եմ քեզ վստահել: Բացի այդ ես քո մտերիմ ընկերն եմ: Այս ամենով հանդերձ, հավատա՛ ինձ, ավելի լավ է, որ քեզ չասեմ: Լսի՛ր, ես քսան տարի է ապրում եմ այս քաղաքում, այն ինձ հյուրընկալել է, աշխատանք տվել, ինձ պատշաճ կյանք է պարգևել, պետք չէ դրա մասին մոռանալ: Իսկ ե՞ս: Իմ կողմից անկեղծորեն ընդունել եմ բոլոր օրենքները` անկախ նրանից լավն են նրանք թե ոչ: Ո՞վ էր ինձ արգելում հեռանալ: Բայց ես մնացի, չէ՞: Չեմ ուզում ինձ փիլիսոփայի տեղ դնել, չեմ ուզում բանտից փախուստ առաջարկած Սոկրատեսին կապկել, բայց իսկապես ինձ զազրելի է թվում զանցել այն քաղաքի օրենքը, որն ինձ իր զավակն է համարում… այն էլ նման մանրուքի համար: Չնայած, Աստված գիտե` մանրուք է դա, թե ոչ:
– Բայց այստեղ մենք խոսում են բացարձակ մեջ: Մեզ ոչ ոք չի լսում: Դե՛, Ջերոնիմո, ասա՛ ինձ այդ անիծված բառը: Ո՞վ պետք է քեզ մատնի: Ե՞ս:
– Պետք է հաստատեմ,- նկատեց Ջերոնիմոն հեգնական ժպիտը դեմքին,- որ դու իրերը դիտում ես մեր պապերի մտածելակերպով: Պատի՞ժ: Այո՛, մի ժամանակ հավատում էին, որ առանց պատժի օրենքը իրական ուժ չի ունենա: Գուցե և ճիշտ էր: Բայց դա հնացած,նախնադարյան համոզմունք է: Եթե անգամ այն ուղեկցված չէ պատժով, օրենքը կարող է գործել իր ամբողջ ուժով. մենք աճել ենք:
– Ուրեմն ի՞նչն է քեզ ետ պահում: Խղճի խայթը՞: Զղջման զգացումը՞:
– Ա՜խ այդ խիղճը: Խեղճ հնոտիավաճառ :Այո՛, դարերի ընթացքում խիղճը մարդկությանը անգնահատելի ծառայություններ է մատուցել, սակայն նա ևս ստիպված եղավ հարմարվել ժամանակներին : Այժմ այն վերափոխվել է մի բանի, որը նրան շատ աննշան է նման, այն ավելի պարզ, ավելի ստանդարտ, ավելի հանգիստ, կասեին անգամ, շատ ավելի քիչ պարտավորեցնող և ողբերգական բան է դարձել :
– Իսկ եթե ավելի պարզ բացատրես…
– Գիտական սահմանումն է բացակայում: Խոսակցական լեզվում այն անվանում են հարմարվողականություն (կոնֆորմիզմ): Դա այն մարդու խաղաղությունն է, որն իրեն ներդաշնակ է զգում իրեն շրջապատող զանգվածի հետ: Կամ այն մարդու անհանգստությունը, անհարմարությունը, կորուստը, ով հեռանում է նորմայից:
– Եվ սա բավակա՞ն է:
– Ավելի քան բավական է: Սա մի ահեղ ուժ է` ատոմային ուժից էլ հզոր: Բնականաբար ամեն տեղ նույնը չէ: Գոյություն ունի հարմարվողականության աշխարհագրություն: Հետամնաց երկրներում այն դեռ սաղմնային վիճակում է, զարգանում է անկանոն կերպով , իր իսկ քմահաճությամբ, առանց ցուցումների: Նորաձևությունը դրա տիպիկ օրինակներից մեկն է: Ավելի ժամանակակից երկրներում, հակառակը, այս ուժն արդեն տարածվել է կյանքի բոլոր բնագավառներում,ամուր արմատներ նետել, կարելի է նույնիսկ ասել, որ տարալուծված է անգամ օդում, այն իշխանության ձեռքերում է:
– Իսկ այստե՞ղ, ձեզ մո՞տ:
– Վատ չէ, վատ չէ: Բառի արգելումը, օրինակ, իշխանությունների հնարամիտ նախաձեռնությունն էր հենց ժողովրդի հարմարվողական հասունությունը փորձելու համար: Թեստի նման մի բան է: Իսկ արդյունքը կանխատեսածից շա~տ, շա~տ ավելին էր:Այդ բառը այսուհետ տաբու է: Եթե անգամ լապտերը ձեռքիդ գնաս այն փնտրելու, երաշխավորում եմ, որ ամենախուլ վայրերում անգամ չես գտնի: Մարդիկ հարմարվել են այն չասելու մտքին: Կարիք չկա, որ նրանց սպառնան մատնել, տուգանել կամ բանտարկել:
– Եթե այն, ինչ ասում ես, իրոք ճիշտ լիներ, ապա ազնիվ լինելը բոլորի համար չափազանց հեշտ կլիներ:
– Բնական է, որ դեռ շատ տարիներ,տասնամյակներ, անգամ դարեր հարկավոր կլինեն: Չէ՞ որ բառն արգելելը հեշտ է, բայց բառից հրաժարվելու համար մեծ ջանքեր են հարկավոր: Բայց խաբեբայությունները, չարախոսությունները, արատները, անօրինականությունը, անանուն նամակները կատակ բաներ չեն… Մարդկանց այն շատ դուր եկավ: Փորձի՛ր ասել նրանց, որ ետ կանգնեն այդ մտքից: Բացի այդ, ի սկզբանե ինքն իրեն տրված հարմարվողականության ինքնաբերական ալիքը ուղղված է դեպի չարիքը, նողկալի հարմարավետությունը, փոխզիջումները, սրիկայությունը: Պետք է նրա ընթացքը փոխել, բայց հեշտ չէ: Անկասկած, ժամանակի ընթացքում կհաջողվի:
– Եվ այս ամենը ըստ քեզ լա՞վ է: Սա արդյոք չի՞ տանում դեպի տափակեցում, դեպի սարսափեցնող մի միօրինակություն:
– Լա՞վ: Չի կարելի այդպես ասել: Բայց պետք է ասել, որ օգտակար է, չափազանց օգտակար: Հանրությունը վայելում է: Երբևիցե չե՞ս մտածել: Բնավորությունները, «տիպերը», վառ անհատականություններ, որոնք դեռ երեկ այնքան սիրված էին և դյութիչ, իրականում անօրինականության, անարխիայի առաջին ծիլելը չէի՞ն: Թուլություն չէի՞ն ներկայացնում հասարակական կառույցում: Եվ, հակառակ իմաստով, երբեք չե՞ս նկատել, որ ավելի ուժեղ ժողովուրդների մեջ կա մարդկային տեսակների տարօրինակ, գրեթե ցավագին մի միօրինակություն:
– Ինչևէ, որոշել ես այդ բառն ինձ չասել:
– Որդիս, մի՛ նեղացիր: Հասկացի՛ր, որ վստահության բացակայության պատճառով չէ: Եթե քեզ ասեմ, ինձ վատ կզգամ:
– Դու՞ էլ: Չէ որ դու հանրությունից բարձր գտնվող և կիրթ մարդ ես:
– Այդպես է, սիրելիս,- և մելամաղձոտ կերպով թափահարեց գլուխը:
Միջավայրի ճնշմանը դիմակայելու համար հարկավոր է տիտան լինել:
– Իսկ ը՞: Այդ գերագույն բարիքը: Մի ժամանակ սիրում էիր այն: Այն չկորցնելու համար ամեն ինչ կտայիր: Իսկ հիմա՞:
– Ամեն ինչ, ամեն ինչ… Պլուտարքոսի հերոսները… Այլ բան է հարկավոր… Անգամ ամենաազնվական զգացմունքը ջլատվում է և քիչ-քիչ տարալուծվում, եթե անուշադրության է մատնվում: Տխուր է ասել, բայց միաբոլորն էլ ցանկանում են Դրախտ ընկնելյն մեկը չէ, որ Դրախտ է ուզում:
– Ուրեմն չե՞ս ուզում ինձ ասել: Վա՞տ բառ է: Հանցավոր նշանակությու՞ն ունի:
– Ընդհակառակը. Մաքուր բառ է, ազնիվ ու հանգիստ: Հենց այստեղ է երևում օրենսդրի նրբամտությունը: Կեղտոտ և անպատշաճ բառերի համար արդեն իսկ կար լուռ արգելք, զգուշավորություն, լավ դաստիարակություն: Այդպես փորձը մեծ արժեք չէր ունենա:
– Գոնե ասա` գոյական է թե՞ ածական, թե՞ բայ, թե՞ մակբայ:
– Բայց ինչու՞ ես պնդում: Եթե մնաս այստեղ, մեզ հետ, մի գեղեցիկ օր նաև դու կկարողանաս տարբերակել արգելված բառը, պատահաբար, առանց գլխի ընկնելու: Այսպես է, տղաս: Օդից կիմանաս:
– Լավ, ծերուկ Ջերոնիմո, համառի մեկն ես: Աստված քեզ հետ: Նշանակում է, որ հետաքրքրությունս բավարարելու համար, պետք է գնամ գրադարան` կանոնագրքերը ուսումնասիրելու: Այդ մասին մի օրենք կլինի, չէ՞: Այդ օրենքը գրված կլինի: Եվ կասվի, թե որն է այդ արգելված բառը:
– Ախ, հետամնաց ես դեռ: Մտածում ես դեռ նախնադարի նման: Եվ ոչ միայն. շատ պարզամիտն ես: Եթե մի օրենք, որ բառի կիրառումը արգելելու համար այն կիրառի, ինքն իրեն ինքնաբերաբար կհակասի, դա իրավական հրեշավորություն կլինի: Անօգուտ է գնալ գրադարան:
– Ջերոնիմո՛, դու ինձ ձեռք ես առնում: Ինչ որ մեկը զգուշացրել է չէ՞, որ այսուհետ X բառն արգելված է և , անշուշտ, արտաբերել է այդ բառը,չէ՞: Այլապես մարդիկ ինչպե՞ս պետք է իմանային:
– Դա, իրոք, դեպքի ամենախնդրահարույց մասն է: Այդ մասին գոյություն ունի երեք վարկած. մարդիկ, որոնք ասում են, որ արգելքը տարածվել է քաղաքապետարանի վերափոխված գործակալների ձայնով: Կա մարդ, որն ասում է, որ իր տանը փակ ծրար է գտել, բառի արգելման օրենքը` կարդալուց հետո անհապաղ այրելու հրամանով: Եվ վերջապես Ինտեգրալիստները, դու նրանց հոռետեսներ կանվանեիր, պնդում են, որ հրաման տալու կարիք չի եղել, այդ աստիճանի ոչխար են քաղաքացիները, բավական է եղել, որ իշխանությունը ցանկանա, և բոլոր հասկացել են հեռազգացողության նման մի բանի միջոցով:
– Բայց միթե բոլորը անողնաշար են: Գոնե մի քանի անկախ մարդ կլինի այս քաղաքում, որոնք մտածում են սեփական խելքով: Ընդդիմադիրներ, այլադավաններ, ըմբոստներ, օրինազանցներ, անվանի՛ր նրանց ինչպես կկամենաս: Հնարավոր է չէ՞, որ նրանցից մեկը , մարտահրավեր նետելու պատրվակով, արտաբերի կամ գրի այդ մեղսավոր բառը: Այդ ժամանակ ի՞նչ է պատահում:
– Ոչինչ, բացարձակ ոչինչ: Հենց այստեղ է փորձի աննախադեպ հաջողությունը: Արգելքն այնքան է մտել հոգիների խորքը, որ պայմանավորում է զգայական ընկալումը:
– Այսի՞նքն:
– Այն, որ կա անգիտակցության մի վետո, որը վտանգի դեպքում միշտ պատրաստ է միջամտել. եթե ինչ-որ մեկը արտաբերում է այդ նողկալի բառը, մարդիկ անգամ այն չեն լսում, իսկ եթե գրված է, չեն տեսնում:
– Իսկ բառի տեղում ի՞նչ են տեսնում:
– Ոչինչ: Լերկ պատ, եթե այն գրված է պատի վրա, սպիտակ տարածք, եթե գրված է թղթի վրա:
Ես մի վերջին փորձ արեցի.
– Ջերոնիմո՛, խնդրում եմ, պարզապես հետաքրքրությունից ելնելով, այսօր, այստեղ, քեզ հետ խոսելիս այդ առեղծվածային բառը երբևիցե արտասանե՞լ եմ: Սա գոնե կարող ես ինձ ասել, քեզանից ոչինչ չի գնում:
Նա աչքով արեց: Բայց մի խորը թախիծ հանկարծ լուսավորեց նրա դեմքը:
– Քանի՞ անգամ: մի թանկացրու քեզ, դե՛, ասա,՛ քանի՞ անգամ:
– Չգիտեմ` քանի անգամ: Եթե անգամ այն արտասանել ես, ես լսել այն չէի կարող: Սակայն ինչ-որ մի պահ ինձ թվաց թե, երդվում եմ, որ չեմ հիշում, թե որ պահին, մի դադար եղավ, մի կարճ դադարկ տարածք: Կարծես դու ինչ-որ բառ էիր արտասանել, որի հնչյուններն ինձ չէին հասել: Հնարավոր է նաև, որ ընդհամենը ակամա դադար է եղել, ինչպես միշտ պատահում է խոսելիս:
– Միայն մե՞կ անգամ:
– Դե լա՛վ, բավական է: Մի՛ պնդիր:
– Գիտե՞ս ինչ կանեմ հիմա: Տուն հասնելուն պես, այս զրույցը բառ առ բառ կգրեմ: հետո կտպագրեմ:
– Ինչ նպատակով:
– Եթե այն, ինչ ասում ես, իրոք ճիշտ է, տպագրիչը, որը կարծում եմ` օրինակելի քաղաքացի է, չի տեսնի այդ հանցավոր բառը: Հետևաբար ունենք երկու հնարավորություն. կա՛մ նա տողի մեջ դատարկ տարածություն կթողնի, որն էլ ինձ համար ամեն ինչ պարզ կդարձնի, կա՛մ առանց դատարկ տարածությունների գծեր կքաշի վրան, և քանի որ ես ունեմ բնագիրը, կիմանամ որ բառի մասին է խոսքը:
Ջերոնիմոն մեղմիկ ծիծաղեց:
– Քեզ մոտ ոչինչ չի ստացվի, բարեկամս: Հարմարվողականությունը այն աստիճանի է հասել, որ ցանկացած տպագրիչ, ում դիմես, անմիջապես գլխի կընկնի ինչպես վարվել, որ քո մտածածը խափանվի : Նա, տեսնելով քո կողմից գրված բառը և ընդունելով, որ դու այն գրել ես, բաց չի թողնի այդ բառը : ԱՆհոգ եղիր, մեզ մոտ տպագրիչները շատ հմուտ են և տեղեկացված :
– Ների՛ր, բայց ո՞րն է այս ամենի նպատակը : Քաղաքի համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե ես իմանայի արգելված բառը առանց այն արտասանելու կամ գրելու անհրաժեշտության :
– Այս պահին գուցե և ոչ : իմ հետ ունեցած քո զրույցներից երևում է, որ բավականաչափ հասուն չես : Հաղորդության կարիք կա : Ինչևէ, դու դեռ չես հարմարվել: Ներկայիս ուղղահավատության համաձայն` դու օրենքը հարգելու արժանի չես :
– Իսկ այս երկխոսությունը ընթերցելիս հասարակությունը ոչինչ չի՞ հասկանա:
– Նա պարզապես դատարկ տարածքներ կտեսնի ու կմտածի. « Ի~նչ անուշադիր են, բառ են բաց թողել » :
«Վաթսուն պատմվածք »ժողովածուից
Թարգմանությունը իտալերենից` Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի