ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ | Դոմինո

Երբեմնի փառքի ու հզորության մասին պատմող պարիսպների մնացորդներ, ժամանակին հավանաբար դահլիճներ զարդարած հատուկենտ սյուներ, քանդակազարդ հազարամյա քարաբեկորներ, որ դանդաղ փոշիանում են ավազի հետ անդադար շփումից, և կարծես ոչինչ չի կարող փոխել պատմության հանդարտ ու անխուսափելի ընթացքը: Ես անհոգությամբ ներս եմ քաշում սիգարետիս ծուխը` նայելով մոնիտորիս վրա բացիկի նման ժպտացող Կարթագենի արևոտ փլատակներին, ու ոչինչ չկա իմ ներսում, բացի թոքերիս ծակոտիներով հանդարտ հոսող ավազափոշուց, որ իրենից ոչ մի տեսանելի վտանգ չի ներկայացնում: Ես բնազդաբար վանում եմ շարունակական շփումների վտանգավորության մասին իմ մշուշոտ տեսությունն ու շարունակում եմ վայելել տեսարանը մոնիտորիս վրա: Զգում եմ թեթև քամին հին Կարթագենի փողոցներում, որ իր հարավային ծուլությամբ անվերջ ինչ-որ բան է հուշում, որը ոչ մի կերպ չեմ ըմբռնում: Բաց եմ թողնում ծուխն ու մտովի քամու հետ հոսում եմ սյուների արանքներով, համարյա հպվելով` մեղմ սահում եմ հռոմեական բաղնիքի` այլևս կորուսյալ խճանկարի վրայով, պտույտներ եմ գործում փառահեղ ամֆիթատրոնի շարքերով, ապա անշտապ դուրս եմ գալիս կամարակապ ելքից, քիչ անց` նաև քաղաքից ու շարունակում սահել այնքան, մինչև հասնեմ ծովեզերքին: Նկարի մեջ ծովը միայն հորիզոնում է երևում, և ես ավելի շուտ երևակայում եմ այն, քան տեսնում եմ: Առանց տեղիցս ելնելու` ձախ եմ թեքվում, ապա չուզենալով դարակից հանում եմ հին տուփը, որը մեդալների հետ պապիցս մնացած միակ շոշափելի հիշողությունն է, ու շրխկոցով սեղանիս եմ դատարկում դոմինոյի քարերը: Մաշված սև քարերը փայլում են մոնիտորիս պայծառ արևից, և ես տեսնում եմ, որ փոսիկների մեջից սպիտակ ներկն արդեն թափվել է, ու կետերը համարյա չեն երևում: Հատ-հատ զննում եմ քարերը, ու բոլորովին չմտածելով պապիս մասին, ով մի ամբողջ կյանք իր հոգնած երեկոներն է լցրել այդ քարերով` մտովի շարունակում եմ ավազի հետ հոսել Միջերկրականի ափով դեպի հարավ: Քամու բերանն ընկած մեղուների պարսի նման սահում եմ գետնից մի քանի սանտիմետր բարձրության վրա` անցնելով ավելի ու ավելի հարավ: Ձախ կողմում ծփում է ծովը, որ հավանաբար իր խորքերում պահում է առասպելական Բարբարոսսայի անթիվ գանձերն ու ժամանակ առ ժամանակ, որպես ապացույց, ափ է նետում որևէ թանկարժեք քար կամ հին ոսկեդրամ: Հազվադեպ, բայց պատահում է, որ աղքատ ձկնորսը գտնում է հին ոսկեդրամն ու մի քանի ամիս ապահովում իր ընտանիքի ապրուստը` այդուհետ չկարողանալով այլևս ափամերձ ավազների մեջ թափառող հայացքով գանձեր չփնտրել, իսկ երբ հուսահատ, բաց ծով դուրս գալով, իր ուռկանն է նետում աղի ջրերի մեջ, ամեն անգամ նրա մտապատկերում հայտնվում է հանդուգն ծովահենը, և ձկնորսը նրանից գործելու վճռականություն է խնդրում գանձի փոխարեն: Ես ձեռքիս մեջ երկար-բարակ շուռումուռ եմ տալիս քարերն` ասես չիմանալով` ինչ անել դրանց հետ: Շատ եմ մտածել դեն նետելու մասին, բայց միշտ էլ վերջին պահին ափսոսացել եմ: Ցանկացել եմ ազատվել պապենական անշուք ժառանգությունից, բայց մտածել եմ, թե մի օր պետք կգան: Գուցե այդ քարերը մի օր, բացի զուտ հիշողություն լինելուց, գործնական նշանակություն ձեռք բերեն ու լցնեն նաև իմ ձանձրալի երեկոները, կամ էլ, որ ավելի նախընտրելի է, պետք գան կենցաղում: Օրինակ, մեկը քարերից, հետևի ձախ ոտքի տակ հայտնվելով, կարող է հավասարակշռության բերել սեղանս, և այն այլևս չի երերա` անընդհատ նյարդայնացնելով ու շեղելով բուն նպատակից: Եվ մինչ մյուսների համար էլ գործածության ոլորտ կմտածեմ, սև քարերից առաջինը երկարությամբ կանգնեցնում եմ սեղանիս: Հետո երևի կոտրելու համար առաջինի մի տեսակ անհույս միայնությունը` դնում եմ երկրորդը, քիչ հեռու… Ապա երրորդը… Ու կրկին սահում եմ ավազահատիկների պարսի հետ դեպի հարավ: Հանկարծ քամու ուղղությունը կտրուկ փոխվում է, ու ծովից փչող քամին մեր պարսը տանում է ցամաքի խորքերը` դեպի Սահարա… Եվ մինչ ձանձրույթի ու հուսահատության անտանելի զգացումով սահում եմ անծայրածիր ավազուտների վրայով, հանկարծ ինձ բռնացնում եմ` խիստ կենտրոնացած սեղանիս քարեր շարելիս: Եվ որ ամենահետաքրքիրն է, քարերն արդեն շարում եմ ոչ թե հենց այնպես, առանց մեթոդի, առանց որևէ սկզբունքի, այլ երկար-բարակ ծանրութեթև անելով, որոշակի տրամաբանությամբ ու խիստ պահպանելով միմյանց միջև հինգ սանտիմետրանոց հեռավորությունը: Արդեն ուշադրություն եմ դարձնում, որ ամեն հաջորդ քար իր վրայի սպիտակ կետիկների թվաբանական արժեքով ավելի մեծ լինի իր նախորդից: Այսինքն` պահպանում եմ աճման սկզբունքը: Կարծես դա կարևոր նշանակություն ունի: Նույնիսկ փորձում եմ յուրաքանչյուր քարի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալ, ասենք` հարգել, կարեկցել կամ էլ զայրանալ, եթե պատահում են այնպիսիները, որ որևէ կերպ չեն առանձնանում… Մի խոսքով` անտարբեր չմնալ… Եթե քարերից որևէ մեկը չափազանց երկար ու կոպիտ շահագործումից տեսքից ընկել է այնքան, որ այլևս ոչինչ չի պատմում իր մասին, ես ինքս նրա համար կենսագրություն եմ հորինում, հետո նոր միայն տեղավորում շարքի մեջ: Հանկարծ հասկանու

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *