Ջորջ Օրուել | Դու և ատոմային ռումբը

Հաշվի առնելով, թե որքան հավանական է, որ մոտակա հինգ տարիների ընթացքում մենք բոլորս հօդս կցնդենք, ատոմային ռումբն այնքան լայնորեն չի քննարկվել, որքան կարելի էր ակնկալել։ Թերթերում հրապարակվել են բազմաթիվ գծապատկերներ (ոչ այնքան օգտակար միջին վիճակագրական մարդու համար), որոնք ցուցադրում են՝ ինչպես են պրոտոններն ու նեյրոններն իրենց գործն անում, բազմիցս կրկնվել է այն անհեթեթ պնդումը, թե ռումբը «պետք է լինի միջազգային հսկողության տակ»։ Բայց, որքան էլ տարօրինակ է, քիչ բան է ասվել, ամեն դեպքում՝ տպագիր մամուլում, մեզ համար ամենահրատապ ու հետաքրքրական հարցի շուրջ, այն է․ «Որքա՞ն բարդ է ատոմային ռումբի պատրաստումը»։
Մեզ` այսինքն հանրության լայն շերտերին, այս հարցի շուրջ տեղեկատվությունը հասել է անուղղակի ճանապարհով, ինչպես նախագահ Թրումենի՝ որոշ գաղտնիքներ ԽՍՀՄ-ին չփոխանցելու որոշումը։ Ամիսներ առաջ, երբ ռումբի մասին խոսակցությունները դեռ ասեկոսեների մակարդակով էին, տարածված կարծիք կար, որ ատոմի միջուկի տրոհումը միայն ֆիզիկոսների խնդիրն է, և որ երբ նրանք լուծեն այն, նոր և կործանարար զենքը հասանելի կլինի գրեթե բոլորի համար։ (Խոսակցություն էր գնում, որ ինչ-որ մոլագար ինչ-որ լաբորատորիայում ցանկացած պահի կարող է մեն-մենակ վերացնել ողջ քաղաքակրթությունը. շատ հեշտ, հրավառության պես։)
Եթե հանկարծ պարզվի, որ դա ճիշտ է, պատմության ընթացքը կտրուկ կփոխվի։ Մեծ պետությունների և փոքր պետությունների միջև տարբերությունը կվերանա, պետության իշխանությունն անհատի վրա մեծապես կթուլանա։ Այնուամենայնիվ, նախագահ Թրումենի նկատառումներից և դրանց վերաբերյալ արված բազմաթիվ մեկնաբանություններից երևում է, որ ռումբն աներևակալիորեն թանկ արժե, և դրա արտադրության համար պահանջվում են այնպիսի հսկայական արդյունաբերական ջանքեր, որ աշխարհում ընդամենը երեք կամ չորս երկիր է ի զորու այն ստեղծելու։ Այս կետը չափազանց կարևոր է, որովհետև սա կարող է նշանակել, որ ատոմային ռումբի ստեղծումը ոչ թե շուռ կտա պատմության ընթացքը, այլ պարզապես կամրապնդի այն միտումները, որ գոյություն են ունեցել անցյալ տասնյակ տարիների ընթացքում։
Ո՞վ չգիտի, որ քաղաքակրթության պատմությունը հիմնականում զենքի պատմություն է։ Մասնավորապես, կրկին ու կրկին կարելի է հիշատակել վառոդի հայտնաբերման և բուրժուազիայի կողմից ֆեոդալիզմի տապալման միջև կապի մասին։ Եվ, թեև չեմ կասկածում, որ կարելի է բացառություններ առաջ քաշել, կարծում եմ՝ հետևյալ կանոնն ընդհանուր առմամբ ճիշտ է․ այն ժամանակաշրջանները, երբ գերիշխող զենքի ստեղծումը ծախսատար կամ բարդ է, հակված են լինելու դեսպոտիզմի ժամանակաշրջաններ, մինչդեռ երբ գերիշխող զենքի ստեղծումն ծախսատար չէ և պարզ է, սովորական մարդիկ ևս հնարավորություն ունեն։ Այսպես, օրինակ, տանկերը, ռազմանավերը և ռմբակոծիչ ինքնաթիռներն իրենց էությամբ բռնակալական զենքեր են, մինչդեռ հրացանները, մուշկետները, նետ ու աղեղները և ձեռքի նռնակներն իրենց էությամբ ժողովրդավարական զենքեր են։ Բարդ զենքն ուժեղին ավելի ուժեղ է դարձնում, մինչդեռ հասարակ զենքը (քանի դեռ դրան պատասխան միջոց չկա), ճանկեր է տալիս թույլերին։
Ժողովրդավարության և ազգային ինքնորոշման մեծ դարաշրջանը մուշկետի և հրացանի օրոք էր։ Կայծքարի գյուտից հետո և մինչև կայծքարային հրացանի ստեղծումը, մուշկետը բավականին արդյունավետ և, միևնույն ժամանակ, այնքան պարզ զենք էր, որ կարող էր արտադրվել գրեթե ամենուր։ Դրա որակների համադրությունը հնարավոր դարձրեց ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունների հաջողությունը, և ժողովրդական ապստամբությունն ավելի լուրջ գործ դարձրեց, քան մեր օրերում է։ Մուշկետից հետո եկավ լցամասով հրացանը։ Սա համեմատաբար ավելի բարդ բան էր, բայց, այնուամենայնիվ, կարող էր արտադրվել բազմաթիվ երկրներում․ այն էժան էր, հեշտորեն կարող էր մաքսանենգ ճանապարհով փոխադրվել, խնայողական էր՝ զինամթերքի առումով։ Նույնիսկ ամենահետամնաց ժողովուրդը միշտ կարող էր այս կամ այն աղբյուրից ձեռք բերել այս հրացանները, այնպես որ, բուրերը, բուլղարները, հաբեշները, մարոկկացիները, նույնիսկ տիբեթցիները կարողացան պայքար մղել իրենց անկախության համար, երբեմն՝ հաջողությամբ պսակված։ Այնուամենայնիվ, դրանից հետո ռազմական տեխնիկայի զարգացման յուրաքանչյուր փուլ նպաստել է անհատի նկատմամբ պետության իշխանության ամրապնդմանը, իսկ զարգացած երկրներին հանել է հետամնաց երկրների դեմ։
Իշխանության օջախներն ավելի ու ավելի են նվազում։ Արդեն 1939 թվականին ընդամենը հինգ պետություն կար, որ ի վիճակի էր լայնածավալ պատերազմ մղելու, իսկ հիմա միայն երեքն են, վերջին հաշվով՝ միայն երկուսը։ Այս միտումն ակնհայտ է եղել տարիներ շարունակ, և որոշ դիտորդների կողմից մատնանշվել է նույնիսկ 1914 թվականից առաջ։ Միակ բանը, որ կարող է շրջադարձային լինել, այնպիսի զենքի կամ, ավելի լայն իմաստով, պայքարի մեթոդի ստեղծումն է, որը կախված չի լինի արդյունաբերական գործարանների լայնածավալ արտադրությունից։
Տարբեր հանգամանքներից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ ռուսները դեռևս չեն տիրապետում ատոմային ռումբի պատրաստման գաղտնիքին, մյուս կողմից, ամեն բան վկայում է, որ նրանք այդ գաղտնիքին կտիրապետեն մի քանի տարվա ընթացքում։ Այսպիսով, մենք մեր առջև ունենք երկու կամ երեք հրեշավոր գերպետությունների հեռանկար, որոնցից յուրաքանչյուրն ունի այնպիսի զենք, որով, փորձելով աշխարհը բաժանել միմյանց միջև, մի քանի վայրկյանում կարող է ոչնչացնել միլիոնավոր մարդկանց։ Բավականին հապճեպ կերպով ենթադրվել է, որ սա նշանակում է ավելի մեծ ու ավելի արյունալի պատերազմներ և, հավանաբար, «մեքենայական» քաղաքակրթության փաստացի ավարտ։ Բայց ենթադրենք (և սա ամենահավանական զարգացումն է), որ այն մեծ պետությունները, որ գոյատևել են, լուռ համաձայնություն են կնքում՝ երբեք միմյանց դեմ ատոմային ռումբը չօգտագործելու մասին։ Ենթադրենք՝ նրանք դա օգտագործում են միայն նրանց դեմ, ովքեր ի վիճակի չեն հակահարված տալու։ Այդ դեպքում մենք կվերադառնանք այնտեղ, որտեղ նախկինում էինք, իսկ միակ տարբերությունը կլինի այն, որ իշխանությունը կկենտրոնացվի էլ ավելի փոքրաթիվ ձեռքերում, և հպատակ ժողովուրդների և ճնշված դասակարգերի հեռանկարն ավելի անհույս կլինի։
Երբ Ջեյմս Բերնհեմը գրում էր «Կառավարչական հեղափոխությունը», շատ ամերիկացիներ հավանական էին համարում, որ գերմանացիները Եվրոպայում կհաղթեն պատերազմի ավարտին, և, հետևաբար, բնական էր ենթադրել, որ Գերմանիան և ոչ թե Ռուսաստանը կգերիշխի եվրասիական ցամաքային զանգվածում, մինչդեռ Ճապոնիան կշարունակի տիրել Արևելյան Ասիային։ Այս հաշվարկը սխալ էր, թեև դա չի ազդում հիմնական փաստարկի վրա։ Քանի որ Բերնհեմի՝ նոր աշխարհի աշխարհագրական պատկերը, պարզվեց, ճիշտ էր։ Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ երկրագնդի մակերեսը բաժանվում է երեք մեծ կայսրությունների միջև, որոնցից յուրաքանչյուրն անհաղորդ է և կտրված արտաքին աշխարհի հետ կապից, և յուրաքանչյուրն այս կամ այն քողարկման ներքո ղեկավարվում է ինքնահռչակ օլիգարխիայի կողմից։ Բանավեճն այն մասին, թե որտեղ պետք է գծվեն սահմանները, դեռ շարունակվում է և դեռ մի քանի տարի կշարունակվի, իսկ երեք գերտերություններից երրորդը (Արևելյան Ասիան, որտեղ գերիշխում է Չինաստանը) դեռևս փաստացի գերտերություն չէ, այլ, ավելի շատ, հավակնում է լինելու։ Սակայն ընդհանուր միտումն աներկբա է, և վերջին տարիների յուրաքանչյուր գիտական հայտնագործություն արագացրել է այդ միտումը։
Կար ժամանակ, երբ ասում էին, որ ինքնաթիռը «վերացրել է սահմանները»․ իրականում հենց այն ժամանակից, երբ ինքնաթիռը լուրջ զենք դարձավ, սահմանները դարձան անանցանելի։ Ժամանակին ակնկալում էին, որ ռադիոն կխթանի միջազգային փոխըմբռնումն ու փոխգործակցությունը․ այն ծառայում է որպես մեկ ազգին մյուսից մեկուսացնելու միջոց։ Ատոմային ռումբը կարող է ավարտին հասցնել գործընթացը՝ շահագործվող դասակարգերին և ժողովուրդներին լիովին զրկելով ապստամբելու հնարավորությունից և, միևնույն ժամանակ, ռումբի տերերին դնելով ռազմական հավասարության հիմքի վրա։ Ի վիճակի չլինելով մեկը մյուսին հաղթելու՝ նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն իրար մեջ բաժանել ու ղեկավարել աշխարհը, և դժվար է հասկանալ՝ ինչը կարող է խախտել այդ հավասարակշռությունը, բացի դանդաղ և անկանխատեսելի ժողովրդագրական փոփոխություններից։
Քառասուն-հիսուն տարի է՝ պարոն Հ․Գ․ Ուելսն ու մյուսները զգուշացնում են մեզ, որ մարդը կանգնած է ինքն իրեն իր իսկ զենքերով ոչնչացնելու վտանգի առաջ, ինչի արդյունքում հնարավոր է՝ աշխարհում իշխելու գան մրջյունները կամ այլ խմբային տեսակներ։ Յուրաքանչյուր ոք, ով տեսել է Գերմանիայի ավիրված քաղաքները, այս տեսակետն առնվազն հնարավոր կհամարի։ Այնուամենայնիվ, դիտարկելով աշխարհը որպես ամբողջություն՝ կարող ենք ասել, որ տասնամյակների ընթացքում աշխարհը գնում է ոչ թե դեպի անարխիա, այլ ստրկության վերահաստատում։ Հնարավոր է՝ մենք գնում ենք ոչ թե դեպի համընդհանուր ոչնչացում, այլ դեպի այնպիսի սարսափելիորեն կայուն ժամանակաշրջան, ինչպիսին հնում ստրկատիրությունն էր։ Ջեյմս Բերնհեմի տեսությունը շատ է քննարկվել, սակայն դեռևս քչերն են հաշվի առել դրա գաղափարական ենթատեքստը, այսինքն՝ աշխարհայացքի տեսակը, համոզմունքների տեսակները և սոցիալական կառուցվածքը, որ հավանաբար կտիրեն մի պետությունում, որն անպարտելի կլինի, բայց, միաժամանակ, «սառը պատերազմի» մշտական վիճակի մեջ կլինի հարևանների հետ։
Եթե հանկարծ պարզվի, որ ատոմային ռումբը նույնքան էժան ու հեշտ արտադրվող է, որքան հեծանիվը կամ զարթուցիչը, հնարավոր է՝ աշխարհը նորից հետ սուզվի բարբարոսության մեջ, բայց, մյուս կողմից, դա կարող է հանգեցնել ազգային ինքնիշխանության ավարտին և խիստ կենտրոնացված ոստիկանական պետության հաստատմանը։ Իսկ եթե, ինչպես թվում է, ատոմային ռումբը հազվադեպ ու թանկ բան է, իսկ դրա արտադրությունը նույնքան բարդ է, որքան ռազմանավի արտադրությունը, ապա ավելի հավանական է, որ այն վերջ կդնի լայնածավալ պատերազմներին՝ անորոշ ժամանակով խաղաղության հաստատման գնով։ «Խաղաղության, որ խաղաղություն չէ»։

Tribune, հոկտեմբերի 19, 1945 թ․
 Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *