Աբբաս Մարուֆի | Դու ընտրություն չէիր

Դու
Իմ ընտրությունը չէիր.
Ճակատագիրս էիր,
Միակ խթանն այս
Անկարգ աշխարհի:

***
Մոմի լույսին
Ավելի կին ես.
Երբ աչքերս եմ բացում այգաբացի արփիին,
Ավելի հրեշտակ ես:
Ու ես, այս շռայլ գեղեցկությունների մեջ
Սիրատարփ,
Տարուբերվում եմ…

 

***
Քո մասին մտածելով եմ ապրում
Ու քեզ եմ սիրահարված:
Երանի ծնվեի երկու անգամ.
Մեկը, որ մեռնեի քո գրկում,
Մյուսը, որ սերդ վայելեի:

 

***
Միայն ասա՝
Աստված քեզ
Ինձ համա՞ր է կառուցել:
Թե ինձ քեզ համար
Փլատակ դարձրեց…
Ո՞ր մեկը:

***
Մատներիդ ասա՝
Շուրթերս համբուրեն…
Մատներիդ ասա՝
Ճամփա բռնեն դեմքիս վրա,
Մազերիս մեջ…
Այս շոգ գիշերին
Քայլի՛ր, որ առողջանաս…
Ի՛մ ծաղիկ,
Մեկ-մեկ խորը շունչ քաշիր,
Որ հանկարծ չմեռնեմ խանդից:

 

***
Նույնիսկ մեկը այս աշխարհում
Նման չէ քեզ…
Ո՛չ շնչելիս,
Ո՛չ շնչակտուր լինելիս
Եվ ո՛չ էլ գեղեցկությանդ մեջ…
Իմ շո՛ւնչն ես դու գերի դարձրել:

 

***
Ես
Բացի քեզնից,
Չունեմ ոչ ոք…
Բայց ինչո՞ւ քեզ էլ չունեմ…

***
Գիտես՝
Մեռնելուց վախ չունեմ,
Միայն ափսոս է,
Որ հազար տարի քնեմ
Ու քո երազը չտեսնեմ:

 

***
Չգիտեմ՝ կարոտից եմ սիրում,
Թե՞ սիրուց եմ
Կարոտում.
Միայն գիտեմ,
Որ գրկումս ես՝
Առանց լինելու:
Ու գնացել ես՝
Առանց հեռանալու:

 

***
Դու այն արեգակն ես,
Որ տարվա այս ոսկեբույր պահին
Իմ սրտի խորքում
Փայլկտում է:

 

***
Երբ դու կաս,
Իմ ձեռքերը
Քո մարմնի ընծան են:
Երբ չկաս,
Ուզում եմ ձեռքերս
Կյանքիցս հեռու վանել:
Երբ դու կաս,
Իմ ձեռքերը
Քո մարմնից են սերում:
Երբ չկաս,
Քեզնից անտեղյակ այս ձեռքերը
Մի մեռած թուփ են,
Որ քնել է ուզում:
Հիմա
Ո՞ւր են ձեռքերդ,
Որին մարմինս կառչի:

 

***
Ես
Գարունն եմ.
Դու
Իմ ողջ մարմինն օծիր բողբոջներով…

 

***
Այսօր
Զուգվել եմ.
Ասացիր՝ կեսօրին կգաս,
Ու ես մոռացա հարցնել
Քո՞ ժամային գոտու, թե՞ իմ:
Ու դու մոռացար ասել՝
Վաղը՞, թե՞ մի ուրիշ օր:
Ինչ տարբերություն:
Զուգվել եմ
Բուրումով ու սպասումով՝
Հագուստով քո հագցրած:

 

***
Ձեռքերդ սիրտս են գերել
Ասե՞լ էի.
Այժմ իմ ողջ ունեցածը
Ձեռքերդ են…

 

***
Փոքր մարդիկ
Մտածում են մեծ մարդկանց մասին,
Եվ մեծ մարդիկ՝
Մեծ գաղափարների մասին:
Ես
Միայն քո մասին եմ մտածում,
Իմ Պստի՛կ հրաշք:
Եթե կյանքում
Դու իմանաս՝
Որքան մեծ-մեծ գաղափարներ
Կան իմ գլխում,
Առաջինը
Դարձյալ քեզ սիրելն է:

 

***
Ոչ ոք ինձ պես Աստծուն չի սիրում…
Քեզ պես ոչ ոք
Ինձ չի սիրում:
Եվ ոչ ոք Աստծո պես
Քեզ չի սիրում…
Տեսնո՞ւմ ես:
Տեսնում ես՝ ի՜նչ բումերանգ է իմ Սերը…

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *