Արաքս Շահինյան | Ձայնի ճամփորդը. Աթենք

Արաքս Շահինյան, Աթենք, 2018

Էպոսը՝ ազգի ասքը, հինավուրց համակեցությանը քաղաքակրթության լուսապսակ հագցնող ճոխությունը, այդ ի՞նչ ստնտու պիտի ունենար, որ վերաճեր դիցաբանության: Էպոսն անաստված դիցաբանությունը չէ՞: Ամեն դիցաբանություն մի անհայտ ժամի արդյոք էպոս չի՞ եղել: Հորից երկու անեծքի՝ անմահության և անժառանգության դատապարտված Փոքր Մհերը նույն քարայրի մեջ չէ՞ր բանտված, որի դրսի պատին լյարդը արծվի կեր դարձրած Պրոմեթևսն էր ժամանակին շղթայվել: Մհերն էլ Միհրը չէ՞ր: Պրոմեթևսն այն գոյը չէ՞ր, որ կավով այնքան խաղաց, մինչև մարդ ստեղծեց: Որ կրակ զավթեց Զևսից, տվեց մարդկությանը, քաղաքակիրթ դարձանք: Քաղաքակիրթ լինելն աշխարհի, մարդու պատմությունը պատմելով աշխարհի, մարդու գոյության վավերացումը չէ՞: «Էպոս» հունարեն բառի ստուգաբանությունն էլ «պատմություն», «խոսք», «տաղը» չէ՞, գրողը տանի: Ծառը կասի՞՝ ով իրեն տնկեց, ձյունը գիտի՞, որ հալվում է: «Պատմի՛ր», պատգամվեց մարդուն, ինչ աստված էլ սրան ստեղծած լինի: Մեզ կարգեցին պատմիչ, մենք էլ կարգողին պատմեցինք, և ստեղծագործության այս անընդհատ շրջանը հարատևեց նախ և առաջ Բառի շնորհիվ: Իսկ Բառն ի՞նչ է: Ձայն: Գրվածն էլ, չասվածն էլ: Եվ ուրեմն, բառն իմաստավոր Ձայնն է, կամ ավելի շուտ՝ բառն Իմաստի ձայնն է: Հենց այս ձայնը ճամփա ընկած փնտրողն եմ ես, հավիտյանս հավիտենից:

Մարդու, աշխարհի պատմությունը մեզ քիչ, ավելի ճիշտ՝ անարդար թվաց, որովհետև հանդիսատեսը մենք չէինք: Մոլորված, հիմնականում անտաղանդ, դժկամորեն այս ամենի մեջ ներքաշված դերասաններն էինք, պարզվեց. այդ մե՛զ էին նայում ինչ-որ երանելի օթյակից: Դերասան էլ չէ՝ թերասան: Մեզնից աչքաբացները պատվանդաններ գրավեցին, որտեղից առավել ցցուն դարձավ նրանց թերասացությունը, իսկ բարձրից նայելը պատրանք է ստեղծում, թե արժանի ես այդ տեղին: Սրանց ո՞վ կպատժեր: Պատժող չեղավ: Լիներ՝ ո՞վ էր Սասուն հասնում Դավիթ գտնելու: Եվ որպես բանավոր կավ՝ բառով ծնեցինք մեզ փրկող աստվածներ, կիսաստվածներ, հերոսներ՝ այն ամենը, ինչ մեզնից վեր և կամ մեզնից լավը պիտի լիներ. այնժամ արդեն մե՛նք էինք օթյակի հանդիսատեսը: Բայց արդյոք մի՞շտ է ստեղծածը ստեղծողից լավը: Եթե այո, Աստծուց լավը պիտի լինեինք, հարկավ: Իրականում մեզ ասվեց «եղիցի Մա՛րդ», չպատասխանեցինք «եղիցի Տե՛ր»:

Ե՞րբ դադարեց պատմություններ ստեղծելը հետաքրքրել: Երբ մեծացանք, իբր: Ով չմեծացավ, դեռ պատմում է՝ ի հեճուկս շուրջբոլորը շատացող անուշադիրների և պատեհապաշտների, ի հեճուկս անտեղի ուրախության, որ գալիս-լցվում է ուր պետք չէ: Պատմություններ ստեղծելու և փոխանցելու կենսական կարևորության վրա խաչ քաշած մեր գռեհիկ առօրյան, որ զբաղված է կեղծ հայեցակարգեր հերյուրելով, գտնվածը փնտրելով, դիակներ պատժելով, ինչպե՞ս չխրտնի հետ կամ վեր նայելուց: Հետ նայելը հին է, վեր նայելը՝ վաղ, ասում է: Մինչդեռ այնտեղ՝ հնի ու վերի անպարագրելի հորիզոնում է առասպելը՝ նույն այն միգամած լռության մեջ, որտեղ ծնվում է Բառը, հետևաբար՝ մենք:

Հայքն առասպելի երկիր է: Երկիր էր: Այս բարձրավանդակն ինչ-որ առեղծվածային օրինաչափությամբ անհերքելի մոտ է էպոս ծնող միգամած լռությանը։ Հելլադան էլ է առասպելի երկիր: Սա էլ, կարծես, էր: Հելլադայի էպոսը ծովն է: «Պառնասոս», «Օլիմպոս» անվանումներն արտասանելիս հնչեղ շփականներից սուրող ծովային քամին, պտտահողմի մեջ հաղթված մարմինս առած, տանում հասցնում է Պարթենոն, իսկ այդ բարձունքին մի կնոջ են պաշտել, որ իմաստությունից այրվել, դարձել է քաղաք: Աթենքի բուն է բվվում պտտահողմի մեջ լինելուս ողջ ընթացքին: Ինձ հետ հավասար քշվելով՝ զայրացել է, որ այս աշխարհից ինչ-որ մեկը տեսավ, լսեց իրեն: Ո՞վ է սա: Հունարեն չի խոսում, բայց և չի ատում այն, ինչպես Ավգուստինոս Երանելին՝ գրաճանաչ դառնալու չարքաշ ճանապարհին. այս սրբի նման չի ասում «Հոմերոսն ինձ դառը եկավ»: Երբ հալածված շպրտվում եմ Պարթենոնի սպիտակ հսկայական սալաքարերին և ջարդուխուրդ չեմ լինում, բուն խաղաղ հանգրվանում է դեմ հանդիման, ապշած նայում, թե ի՜նչ ապիկար է բնությունը ստեղծել մարդուն. ոտքի վրա իջնել էլ չգիտի: Բարկ արևը ծակծկող ապտակներով թխեցնում է դեմքս, որ նմանվեմ Աթենաս Պալասի անվրդով ռազմուհիներին, որովհետև այս հողը մարտնչողից զատ ուրիշ էություն չի հանդուրժել: «Իսկ դու մարտնչո՞ղ ես, որ եկել-հասել ես այստեղ»,- բուն է,- «կմեռնեի՞ր հանուն այս բարձունքի»,- թավոտ ականջներով փափլիկ գլուխը թեքած՝ հայացքն օտարոտի մարմնից չկտրելով հարցուփորձ է անում: Այնպիսի տեսք ունի, կարծես աչքով են տվել: Փոշեխեղդ կոկորդս մաքրվում է «իհարկե ոչ» հազով, ու կանգնում եմ, նայում շուրջբոլորս: Ինչպես թե ոչ…

Խոնարհված սրբավայրերի ողբերգությունն այստեղ միանգամայն դիոնիսյան է՝ թատերական: Այս սրբապիղծ միտքն ինձ հանգիստ չի տալիս, մինչ հայացքս անցնում է կռնատ կարիատիդների ուղղաձիգ մարմինները շոյելով, որոնք ինչ-որ ծանր բան են պահում գլխավերևում՝ երկինքը: Ի՜նչ մարմիններ են, տե՜ր Աստված, երկնքի ծանրությո՞ւնն է դրանք պրկել, ծովերի ձա՞յնն է դրանց հղկել, առասպե՞լն է հավերժացրել: Առասպելն է հավերժացրել՝ առասպելը, որ ծովածին էպոսն էր, որը խոսք էր, որը Բառ է, որն էլ Ձայնն է: Կուրացած նայում եմ բազմաթիվներից մի խումբ մնացած այս քարե կանանց, և նրանցից ծնված լինելու հուզմունքն է տոգորում՝ կեցուցիչ, ինչպես իլիոսի տակ այրվող, ջրի մեջ կորած մարմնիդ հպվող զեփյուռը: Սա գալիս է համաբույժ ծովից և այն բութն է, որ տնկվելով վեր՝ կյանքդ է խնայում: Կարիատիդներից սերված՝ բոլորովին այլ մեկը, արդեն որպես քար, խոսում եմ բուի հետ: «Իմ տե՞րն ես», – հարցնում է խեղճացած: «Տեր ունեցողը չի՞ ճանաչի իր տիրոջը: Ինչո՞ւ ես հարցնում»,- հարցնում եմ: Գալիս թառում է սաղավարտիս, և գտնում ենք երեկ միմյանց կորցրած երկու վաղնջական վտարանդի, որոնց մայրենի լեզուն լռությունն է: Լռում ենք այնքան, մինչև ամեն ինչ պարզվում է: «Աղմուկի մեջ տգիտությունն է»,- քարակոփ շրթունքներս բացել չի թողնում,- «ճշմարիտ աստված լուռ աստված է: Լուռի ստեղծածն աղմուկ կլինի՞»,- հարցնում է: «Կլինի՛»,- ասում եմ,- «Աղմուկը Լուռի՛ ստեղծածն է, որովհետև մինչև չստեղծվես, չես հաղթվի»: Տարածում է փետուրներն Աթենքի գլխին և այնպես ուժգին թափահարում գիշերաբեր թևերը, որ դրանց առաջացրած սաստիկ ձայնից ճաքում է կարիատիդներից ժառանգած մարմինս, թափվում ոտքերիս տակ ինչպես բոլոր մեղքերս, երբ գա ժամանակը, և որպես նորակերտ մարդ՝ սրտի տակից ջուր ու արյուն հոսելով իջնում եմ վար՝ դեպի կնդրուկ ու նարդոս բուրող այգիներ, որտեղ հոգնաբեկ և երջանիկ առաքյալները կիջևանեն շուտով:

Առավոտյան մարդ եմ: Բուս գնաց: Արիստոտելոս ու Մակեդոնիաս փողոցները պատշգամբիս տակ են. «Մակեդոնացին աշակերտեց Արիստոտելին», քայլելիս մտածում եմ, «գուցե այս փողոցների խաչմերուկն ինչ-որ նախաքրիստոնեական լռությո՞ւն ունի, որ կարելի է լսել միայն այն դեպքում, երբ այս մտքերը գան»: Կանգնում եմ խաչմերուկին, և որքան ուժգնանում է աշխարհի ձայնը, այնքան ուժգնանում է այլաշխարհինը, որը ոչ թե հետմահուն է, այլ վերմահուն. եռաչափ պատկեր է այս միտքը: Մահից հետոն հորիզոնական է՝ ինչպես ծովը, մահից վերը՝ ուղղաձիգ, ինչպես մի կարիատիդ: Սրանց իրար կապող ներքնաձիգը կյանքն է: Պյութագորասն ա՞յս եռանկյունն է տեսել: Այլաշխարհի ձայնն այս եռանկյունու անկյուններում սուրող մտքերի ձայնն է, որը ձայն չէ, այլ արձագանք: Բայց արձագանք առանց նախահունչ ձայնի՞: Չի՛ լինում: Արձագանքի նախահունչն ի՛մ ձայնն է, բայց այն մեկը, որ լսում եմ միայն ես: Այդ ձայնն աշխարհի բոլոր տղամարդկանց ու կանանց ձայնն է. ես հենց հիմա ձեր ձայնով եմ ձեզ հետ խոսում:

Խաչմերուկը մարդանում է։ Արևելքի՝ մինչև Հնդկաստան ձգվող արևելքի անտուններն են եկել ու ֆերմերներ: Աստվածային խաղող ունեն. այստեղ Դիոնիսոս դառնալը չալարելու հարց է: Երևի առաջին թատրոնը՝ կրոնական էքստազի այդ նախաքրիստոնեական դրսևորումը, գինի խմելուց էլ ծնվել է: Խաղողից զատ երկու այլ բան կա, որ ինձ համար ամբողջացնում է Հելլադայի պատմական համը. ձիտապտուղը՝ փիլիսոփայական այդ դառնությունը, և պիստակը՝ վարդի կոկոններ հիշեցնող, գեղաթույր փնջերով գաճաճ ծառերին վարդագունող այդ թաց պտուղը, որ սրբերն էլ են սիրել: Արևն այստեղ հողին է սիրում, հողը՝ արևին, ծովը՝ ափին, և թուրքը՝ այս բոլորը:

«Պատիժ է եղել թուրքը մեր գլխին»,- ժամանակային չհատվող իրականություններից պատմում են ինձ տանս տիրուհին ու Նիկոս Կազանձակիսը.- «երբ թուրքը խաղաղությունից է խոսում, պատերազմի պատրաստվիր»,- ասում են երկուսն էլ միաբերան: Առասպելաստեղծ պատմությունից զատ ինձ ու նրանց մոտեցնում է թուրքը: Աթենքի հին թաղամասի՝ Պլակայի հայտնի պանդոկներից մեկում հունական ազգային երաժշտություն եմ լսում։ Աղերսներն արևելյանին բացահայտ են և չէին կարող չլինել: Թաթարի պես ներս է խուժել փաշայի բեղի տակից ծուլորեն դուրս ծորած մեղեդին, քաղցրությամբ թունավորել հելլենական երգը, որն աստղերից էր: Չգիտենք այսօր, թե ինչպես է հնչել այն երաժշտությունը, որը հույն փիլիսոփաները ճեմարանական պարտադիր դիսցիպլին էին կարգել: Չգիտենք այնպես, ինչպես չգիտենք Սաֆոյի՝ տասներորդ մուսա պսակված այդ պոետի իրական, իրակա՛ն գիրը: Այնքան բան չգիտենք հին Հունաստանի մասին, որ իմացյալը միայն մեծացնում է չիմացյալը:

Հազար անգամ անցուդարձած Արիստոտելոս փողոցով տուն վերադառնալիս շենքի անկյունում ծվարած մի հյուրանոց եմ նկատում: Վերից կախ ընկած բաց պատշգամբներին անճաշակ թաղարներ կան, վարից վեր՝ ոչինչ, բացի իմ հայացքից: Հնագույն մասնագիտության տեր երիտասարդ տիկնայք աննկատ հայտնվում են մթնշաղին միաձուլվող շքամուտքի մոտ, և նրանց՝ աշխարհի հետ այլևս ոչ մի կապ չունեցող դեմքերի ծերությունն ինձ թվում է ամենաողբերգական բանն աշխարհում: Թվում է, քանի դեռ հաջորդ խաչմերուկին ոստիկանության պարեկային զինված մի պահակախումբ կինեմատոգրաֆիկ ուշագրավչությամբ չի կանգնեցնում հալից ընկած մի մեքենա ու ձեռքերը ոլորելով դուրս հանում հնդկական արտաքինով անթիվ մանր երիտասարդների: Կալանավորների շարանն անըմբոստ անցնում է քթիս տակով: Ուղիղ նայում եմ նրանցից մեկի և նրան ուղղորդող ոստիկանի աչքերին. երկուսի դեմքի արտահայտությունն էլ նույնն է, հորիզոնում մի պահ ընդհանրապես նույնանում են: Եվ այսպես ամեն օր:
Աթենքը եռաշերտ քաղաք է: Առաջին պարունակը սկսում է պատմական վայրերից դուրս ու կենտրոնից քիչ հեռու, որտեղ մարդահաս բարձրության վրա տառացիորեն ամենուր քաղաքի բորոտությունն է՝ անարվեստ գրաֆիտին և թունդ միզահոտ: Սան Ֆրանցիսկոյին բնորոշ զառիվեր նեղ փողոցներ կան ու հյուրանոցներ, որոնք, թվում է, ժանգոտ մետաղի հսկայական թափոններ են: Սրանք պատշգամբներից քրջատեսիլ դրոշներ են դուրս տնկել, ինչն ամոթ է, իսկ դրանց շուրջբոլորը խռնված կրպակներում՝ լավ մանրուք, ասեղ, հուլունք, մատնիք, մարջան, ապարանջան: Հավ, ձու բերեին, առնեին-տանեին, չէիր զարմանա, որովհետև հույնն այստեղից վաղուց գնացել է: Աթենքի մարդահաս բարձրության այս շերտը նորագույն պատմության ճահիճ է, որտեղ լողալ իմանալդ խեղդվելուց չի փրկում: Դեպի Պիրեուս նավահանգիստ ընթացող ճանապարհը մաքրվում է հոտերից ու գրաֆիտիներից, լայնանում կենտրոնախույս Աթենքի նեղությունից. այստեղ արդեն կապիտալիստական ազատություն, օնասիսյան խոստումներ կան, կարող ես զբոսանավ, կղզիներ կամ կարթ վարձել:
Աթենքի երկրորդ պարունակը պատմական կենտրոնից ճառագայթաձև դեպի վեր է տարածվում, ինչպես մի խատուտիկի գլուխ: Այստեղ դասական, արտ-դեկո, շատ ավելի քիչ դեպքերում՝ նեոկլասիկ ճարտարապետություն կարելի է գտնել. եթե մեր գլխից վեր քայլեինք, կտեսնեինք արդեն սրտաբաց լուսամուտների  քիվերին բոլորվող նրբաճաշակ զարդանախշեր, որոնք հոգի թովելու անբացատրելի կարողություն ունեն, իսկ պատուհանից այնկողմ դժվար չէր լինի լսել անգին ձայնը վարժող Կալլասին, որը երեկոյան Պուչինի պիտի երգի: Աթենքի պատմական մեծ կենտրոնը, որից վերընձյուղվում է նրա արդեն սիրուն այս պարունակը, խառն է և ցրված՝ լի բնական հումքից կոսմետիկ արտակարգ յուղերով, բարձրորակ մեղրով և ավանդական ապերետիվ «ուզոյով», ընտիր փախլավայով, եզակի կաշեգործությամբ ու անթիվ-անհամար փայտյա հուշանվեր ֆալոսներով, սրանք՝ որպես տուրք ազգային առասպելաբանությանը, մասնավորապես՝ Հերմեսին:
Աթենքի երրորդ շերտն ամենավերինն է՝ ծովից ծով Ակրոպոլիսը, աշխարհի դեպի վեր բացվող դարպասը: Ինչպես մահամերձ մի հարակյաց, քաշում է զառամյալ իր աթենք-մարմինն օրից օր, ամաչում սեփական տկարությունից, որն այնքան ինքնըստինքյան եկավ, թաքնվում բուիս թևերի տակ ամեն գիշեր, արթնանում թռչնիս ճախրից՝ նույնչափ հաշմ, ինչպես երեկ, ցավոք: Նրա միակ մխիթարությունը Հերովդես Ատտիկացու կիսավեր օդեոնն է՝ հին հունական թատրոնի շքեղագույն շինությունը, որն Ակրոպոլիս կիկլոպի ամենատես աչքն է: Այս աչքով է տեսել մարդուն վերջնական խելագարությունից փրկող փախուստի՝ թատրոնի ծնունդն ու աղմուկի վերջնական խելագարեցնելուց փախչող ինձ՝ աննշմարիս: Բուիս ձայնն եմ լսում, որ մտել է ֆասադի բաց անցքերից մեջ: Կթողնեմ այնտեղ, որ Աթենքի վրա ամեն գիշեր գիշեր բացվի. ծերին քունն է մխիթարում:
Այդ ե՞րբ այսպես վիրավորվեց Աթենքը, ե՞րբ Գեայի դստրերը՝ ծովերի և անտառների հավերժահարսերը, քարացան հավերժ, ե՞րբ լռեց մեծ գիրն այստեղ և ե՞րբ խորտակվեց ծովը: Աթենքն ու՞մ տունը չէր: Աթենքն ու՞մ տունն է:

Դեռ շատ բաներ կան այստեղ ձեզ ցույց տալու, օրինակ՝ Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց փոմփոլավոր կոշիկներով խորեոգրաֆիկ հերթափոխ իրականացնող զինվորները, աշխարհի ամենանուրբ քարե մարդիկ, որ երբևէ կերտվել են, ծաղկային ակրոտերիոնը, որ քարե բնություն է՝ մի քիչ նվազ հանճարեղ՝ իրականի հետ համեմատած, սկարաբ կոչվող բզեզի փիլիսոփայական կարևորությունը հին հույների կյանքում, համեղ ութոտնուկն ու Կարակալայի գլուխը: Բայց որպես հավերժ ճամփորդ՝ ես միշտ տեսնում եմ ավելին, քան կարող եմ գրել և գրում ավելին, քան տեսել եմ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *