Չեմ ուզում որևէ բառ արտաբերել,
սակայն ուզում եմ քեզ մի հեքիաթ պատմել
աշխարհի մասին, որն առաջվանը չէ վաղուց,
եկ, գլուխդ դիր ուսիս, որ կարողանաս լսել
բերնեբերան լցված լռությանս մեղեդայնությունն
այս ցուրտ ժամանակներում,
երբ սիլիկոնե շուրթերը համբույրը գողացան երկնքից,
աշխարհը վրեժով լցված տղամարդ դարձավ,
որը սիրելու փոխարեն իշխել փորձեց,
և երամ-երամ զոհաբերված սրտերը
ցամաքած գետում թպրտացող
ձկների տխուր ճակատագրին արժանացան…
Ես շնչում եմ քո ձեռքերի փոշին,
տեսնում եմ քո սև սրտի կարմիր արցունքը,
որն ընկնում և ցամաքում է վառոդահոտ օդի մեջ
և չի հասնում հոգու ջրերին մարդու,
եկ, ննջիր ձեռքերիս վրա,
քանի դեռ չի բացվել լույսը և չի կուրացրել քեզ…
Ես ամեն օր մեռնում եմ բոլորովին ուրիշ երկնքում
և լսում եմ դրախտի ծաղիկների մեջ լացող
երեխայի ձայնը, ով ձեռքը մեկնում
և օրորոցային երգող մոր երակներում
չի կարողանում դիպչել Աստծուն այլևս…
ԳՅՈՒՂԻ ԱՌԱՎՈՏԸ
Լռության որովայնում
նոր-նոր սկսում է խաղալ բառը,
ես լսում եմ, թե ինչպես է
եղյամի սրտի մեջ տրոփում
գարնան զարկերակը։
Անձրևը թաց ծածկոց է գցում
հանգուցյալ կտուրներին,
որոնց տակ ապրող հարյուրավոր
կենսագրություններ է քաղել
ժամանակի մանգաղը
և նետել հեռու։
Քամին մայր ծիծեռնակի պես
ծղրտալով մոտենում, թակում է
դուռ ու պատուհան,
իր ձագերին է փնտրում
ժանգոտ դարպասների
ամայության մեջ,
ուր խավարի ջրերն են հոսում վաղուց…
Լռության որովայնում
նոր-նոր է սկսում խաղալ բառը,
ես տեսնում եմ, թե ինչպես է
ջրափոսերի մեջ խեղդվում մանկությունս,
անձրևն այս անգամ բաճկոն չի դառնում ինձ համար,
ես երկինքն եմ հագնում որ չմրսեմ,
և կարողանամ դուրս գալ ժամանակի բարուրից։
ՀՈՒՆՎԱՐ
Հունվարյան սպիտակ երախ,
սառցե ճանապարհներ,
ուր մարդիկ լողում են
փաթիլե թեփուկներով,
մառախլապատ մոռացության մեջ…
Ամեն մի շարժում՝
հիշողության սխալ,
ամեն մի քայլ՝
տեղի չունեցող իրադարձություն…
Երկնքում սև հորիզոններ,
օդում՝ սպիտակ աղավնիներ,
և թոնրատան երդիկից ելնող ծխի մեջ
համբարձվող գյուղը՝
որի ոտքերի տակ փռված է երկինքը
սպիտակ գորգի պես…
ՋՐԱՀԱՐՍ
Ձմեռ է, հեռացել են օտար քամիները,
Մոխրագույն, ծանր եկրինքը իջել,
Քուն է մտել սրտիս մեջ,
Ուր ջրահարս է բնակվում…
Սպիտակ խոստովանահոր պես,
Անշտապ իջնում է ձյունը,
Փաթաթվում է քաղաքի պարանոցին,
ԵՎ սպիտակ խարույկի մեջ վառում բոլոր մեղքերը…
Երկնքի կապույտ կոպերից բույրեր են թափվում,
ԵՎ շոշափում են ձյան տակ մնացած վերքերը հողի,
Քնում եմ ջրահարսի սրտի մեջ,
Հողն ինձ է նայում վարդի հայացքով…
ՃԱՄՓՈՐԴ
Գիշերվա միջանցքում մոլորված ճամփորդ,
Ում ռունգերում բուքը լալիս է կանացի ձայնով,
Ժամացույցներից առաստաղներ են կախված
Որպես բիբլիական վերքեր մոռացության:
Երազի միջանցքում մոլորված ճամփորդ,
Ում գրպանում կանացի ձայնով լալիս է
Հիշողության քարտեզը,
Որպես բիբլիական հուշարձան ժամանակի:
Կոտրված հայելիների փոշոտ բեկորներում
Մի մոլորված ճամփորդ տրորում է սեփական կյանքը,
ԵՎ անցյալի ծխամատյանից կանացի ձայն է քամում
ԵՎ խմում է երազում որպես հարություն:

