Այս կողմերում խախտումներ կան,
վաղուց հասցրած գործերի պատմություն:
Մենության սառույցներ չկան էլ
և ոչ խաղաղության աստառներ.
բոլոր մուտքերն այստեղ՝ ինչպես հիշողություն:
Ընդարմ, բայց լավ բառերից չամաչելով՝
պատմություններն օրերին նախորդում են…
***
Իրիկնացող քաղաք՝
աշխարհի բոլոր հետևանքներով.
բոլոր արահետներն իրար հետ:
Ծանոթներ են հանդիպում, գիտե՞ս,
բոլոր եղանակներին:
Անձայն համադրվում են
այս պատմության հետ…
***
Մենք բոլորս
այսպես
իրար
պատրաստեցինք.
-Ձյուն կլինի երևի
այս կողմերում:
Ընկրկելու
պատմություններ
եղան…
***
Ի՜նչ անիրական եմ ես…
Վերադարձները վաղուց անհնար են
զարմանալի տևական այս ցերեկով:
Համատեղ սպառած այն ժամանակից ի վեր՝
հե՜շտ ավարտվող մարդիկ…
Անպայման սա մի օր կավարտվի…
***
Այս ինչպե՞ս հերիքեց
ժամանակը.
այս պատիճները՝
խելահաս և օտար
համբերությամբ,
ձմեռը՝
այս մատների պես քնքուշ
և այնքան դյուրավառ,
որ
բռնկվեց:
***
Անկումից առաջ՝
ձյան թեքությունը:
Բույրերը՝ համընթաց
քամիներով:
Կազմ ու պատրաստ
այս իրերը…
Հեռահար ու մոտավոր՝
այսպես մեզ կարող են
հաջորդել
բոլորը մեկի մեջ
այս կյանքերը…
***
Բոլոր կրակները
մեկ առ մեկ
տաքացրին:
ձմեռ՝
տաք, ապահով,
բացահայտ:
Ընտանի մի պատկեր
մի պահ հարազատ
պատմության,
մի խնամված պատկեր,
ուր չկամ:
Ի՜նչ խորն են
այն տեղերը,
ուր չկամ:
Պատկեր
Դա պատուհանից ներսն է,
դեպի ուր փչում է
զովությունը,
որ վարագուրվում է,
սառնությունը,
որ պետք է տաքացնել,
որ մաքուր է:
Հուշերին հատկացված
ժպիտներ…
***
Իմ պատմություններն աղոտացել են
այս քաղաքում,
ուր փնտրելու մարդիկ կան,
գնալուն ու գնալու տեղերին սովոր
հիմնավոր կողպեքներ…
Առանց բառերի մնացած երկրներս՝
կուտակված
զույգ-զույգ,
թումբ-թումբ…
Ունենալ և խնամե՜լ,
ունենալ և խնամե՜լ
այս երկար լռությունների հմտությունը…