Նոնա Պողոսյան | Ձյունը ծալք-ծալք խոստովանանք

Ես ձմռանից հետո աշնան միջով անցա.
Գրպաններս լցրեցի ձնով,
Որ անձրևներից չմոլորվեմ,
Երկնքի կծկված կապույտը
Գրեցի աչքերիս մեջ,
Որ երազանքներից ցած չգլորվեմ…
…Մինչ աշխարհը կյանքի ու սիրո արանքում
Արտոնագրեր էր բաժանում մուտքուելքի
Ես իմ ողնաշարն էի համաչափում,
Որ ապրեմ առանց աշնան պարտքի…
Ես ձմռանից հետո աշնան միջով անցա…
Որովհետև ձյունն անհաշի՜վ ճերմակ էր,
Որովհետև երկինքն իմ աչքե՜րն էր հագել,
Որովհետև երջանկությունը բարակ մի շորով
ձյան մեջ խաղացող գարուն աղջի՜կն էր,
Որովհետև ձմեռն իր հրեշտակներին
Ինձ էր շշնջացել…

***
Ձյունը ծալք-ծալք,
Ճերմակ, լուսե խոստովանանք,
Որ չասեցի աշունների ծոր ականջին,
Չգրեցի բառարանում երջանկության,
Չգցեցի այրիացած այս ծառերի բաց ուսերին,
Ու չտարա կարոտներին սնահավատ…
Օ՜, այսքան տաք, այսքան շիտակ…
Հիմա կանգնել եմ գլխահակ
այս համաչափ արդարության
շղարշի տակ …
…Ձյունը ծալք-ծալք,
Ճերմակ, լուսե խոստովանանք,
Որ երկինքը պատմում է իմ աշուններին`
Իբրև բոլոր սխալների փաթիլաթափ…

***
Եկար, ծնկեցիր քաղաքի վրա…
Իմ ու քո միջև նորից գծեցիր
Մի անզանցելի ճերմակի սահման…
Ախր ես քո չափ ջահել չեմ արդեն,
Ոչ էլ աղավնու թևեր կան վրաս,
Ախր դու իմ չափ այդքան չես մրսել
Բախտի անփետրե տանիքների տակ…
…Թույլ տուր այս գիշեր առանց անձնագիր
Հատեմ սահմանը քո ճշմարտության…

***
Ձյունը գալիս է, շորոր ծերանում
Իմ կարոտներին`գլխաբաց ու որբ ,
Մի կին արև է արտով փախցնում
Ծաղկած հուշերի հերկերի միջով:

Մի ճերմակ անդորր լույսից մերկացել `
Արձակել է իր հյուսքերը փաթիլ,
Ես այդ հմայքից նորից թանձրացել
Ծորում եմ բառի ՃաքՃքած շուրթից:

Քանի՜ կարոտ է երկնքից կախվել,
Մինչ փշրվել է ձյունն այս քաղաքին,
Քանի՜ ոտնահետք իրար չեն պատմել,
Թե ո՜նց են այդպես հավատում բախտին…

Տոնը սառել է մատներիս ծայրին.
Այդքան երանի որտեղից գտնեմ,
Որ թափ տամ ձյունը իմ բաց ուսերից
Ու կանաչ-կարմիր օրերս հագնեմ…

Ձյունը գալիս է, շորոր ձանձրանում
Անտուն, անհասցե առավոտներին.
Մի կին արև է գրկած փախցնում
Աչքերի միջով ձնծաղիկների…

***
Իմ մեջ ծաղկեցին գգվանքները քո,
Որոնք անթերի խելագարությամբ
Փռել էիր քնած քաղաքի վրա`
Ճիշտ երակներիս գծագրությամբ…
…Ախր ինչու ես կարոտների պես անսպասելի…
Ձյուն … Ճերմակ, լռին…
Քո մեջ ծփում է արտը գույների,
Հրաժեշտների բարակած ճամփան,
Հալվող կապույտը վերադարձների,
Ոտնահետքերի հեզությունը տաք…
…Այսօր սև կատվի անզգուշությամբ
Կգամ, կնստեմ գիշերիդ ծնկին,
Որ դու անթերի խելագարությամբ
Ինձ ցույց տաս նորից ճամփան ճերմակի …

***
Ձնոտ աչքերով ուղիղ նայում ես իմ աչքերի մեջ.
Քաղաք ինչ ունես դու ինձ ասելու,
Որ դեռ չգիտեմ…
Քո իմաստնության աքսիոմաները
Տե՛ս, չեն փաթիլվում ձեռքերիս վրա,
Ու ես հալվում եմ քո գիշերներում
Բոլոր ձյուներից ավելի ճերմակ…
Այցելությանդ ժամն է, ես գիտեմ…
Իսկ ես`անկոչս,
Դիմավորում եմ քեզ նույն բառերով,
Որոնք գրել եմ այն տանիքներին ,
Որտեղ այս ձմեռ վառելիք չկա,
Որոնք տվել եմ այն խեղճ աղջկան,
Որ գնացել էր ժամադրության
Հին վերարկուով,
Որ մի ծեր կնոջ գրպանն եմ լցրել,
Որ մուծի լույսի պարտքերը բոլոր…
…Եղանակները փոխվել են հիմա
Նրանք շատ վաղուց անեղանակ են
Երկուսիս համար…
Ձնոտված խղճով ուղիղ նայում ես
Մեռնող բառերին…
Քո իմաստնության աքսիոմաները
Ջղաձգվում են իմ մաշկի վրա…
Մնամ սպասող ձնծաղիկներիդ…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *