Երկինքն անխռով ու մոխրագույն էր,
Իսկ տերևները՝ չորացած ու ծեր։
Խշխշում էին, դառնում փշուրներ։
Դրսում աշուն էր, թախծոտ հոկտեմբեր։
Անցյալի ծոցում թաղված մի գիշեր,
Կողքիս միգապատ, մթամած լիճ էր,
Ահարկու մի լիճ, կոչվում էր Օբեր։
Լիճն այդ ցրտաշունչ, տամուկ Ուեյրում էր,
Ուր ապրում էին չարք ու ուրուներ։
Եվ ահա մի օր ծառուղու միջով,
Ուր աճում էին հսկա նոճիներ,
Քայլում էի ես՝ մութը ճեղքելով։
Ինձ հետ էր նաև իմ հոգին՝ Փսիքես։
Կրակ ու հուր էր իմ հոգում այնժամ,
Բոցակեզ, ինչպես եռացող լավան,
Որ երակներով՝ Յանեկը ի վար
Հոսում է ամբողջ Հյուսիսով անծայր։
Եվ հառաչում է դառնագին ցավից՝
Հավերժ մարելով Հյուսիսի շնչից։
Մեր զրույցը լուրջ ու անխռով էր,
Իսկ մտքերը մեր՝ դողդոջուն ու ծեր։
Մատնիչ հուշերն էլ դառնում էին ստվեր։
Մոռացել էինք աշուն, հոկտեմբեր.
Ի՞նչ էր մեզ համար գիշերն ահաբեր,
Որ պիտի կոչվեր Գիշերաց Գիշեր։
Օտար էր թվում և մութի ընկեր
Մառախուղ-շղարշ հագած լիճն Օբեր։
Մոռացել էինք Ուեյրն էլ սոսկաբեր,
Ուր ապրում էին չարք ու ուրուներ:
Ով երբ աստղերը երկնքի ծոցում
Պառավ գիշերվա մահն էին գուժում՝
Նշան անելով, թե լույսն է բացվում։
Մեղմածոր, նրբին լույս ծնվեց հեռվում՝
Մառախուղ հագած մեր ճամփի վերջում։
Եվ շողաց այդ մեղմ լույսի խորքերում
Երկեղջյուր լուսին՝ հրաշք, անպատում։
Երկեղջյուրը այդ թագ էր հիշեցնում,
Որ Աստրատի լույս ճակատն էր զարդում:
Ես ասացի՝ այս հիասքանչ փերին
Հաղթում է տեսքով նույնիսկ Դայանին,
Հառաչ է տիրում դիցուհու չորս դին,
Սակայն ժպտում է չքնաղ դիցուհին:
Նա տեսել է, որ արցունքն իմ այտին
Դեռ չի չորացել, հոսում է կրկին։
Նա ցած է իջել՝ ճեղքելով երկին,
Որ տանի վերև, փրկի իմ հոգին։
Իջել է երկիր՝ հակառակ երկնին՝
Պարտելով նույնիսկ կայծակ ու ամպին,
Որ զմրուխտ աչքի լույսով ջերմագին
Լուսավորի մեզ, փայլ տա մեր սրտին։
Բայց տագնապ ծագեց Փսիքեի հոգում,
Ասաց, – Այս լույսին ես չեմ հավատում։
Իր մարմար մաշկն ինձ ահով է պատում։
Թռչենք, հեռանանք, ես վտանգ եմ զգում։
Մենք պիտի գնանք, ի՞նչ ես հապաղում, –
Նա խուճապահար խոսում էր, խոսում՝
Ուժատ թևերը քարշ տալով հողում։
Ցավ ու կսկիծից այրվում էր, ողբում՝
Ճերմակ թևերը թաղելով փոշում։
Ասացի՝ – Լույսն այս երազ է ասես։
Ե՛կ փարվենք նրա շողին աստղակեզ։
Ե՛կ լողանք լույսի վանակնե լճում՝
Գեղեցկության ու Հույսի տաք գրկում։
Տե՛ս, ձգվում է այն, հասնում ամպերին,
Հավատա՝ գիտի Դրախտի ուղին։
Ա՜խ, ե՛կ անվարան տրվենք այս լույսին,
Քանզի հասնում է այն մինչև երկին։
Եվ հանգիստ իջավ Փսիքեի վրա,
Համբույրս ցրեց տագնապը նրա։
Եվ երբ տագնապին կռվում հաղթեցի,
Հատեցինք բարակ եզերքը լույսի։
Սահմանը անցանք, քարացանք հանկարծ,
Քանզի կանգ առանք շիրմատան դիմաց։
Հարցրի՝ – Հոգի՛ս, այդ ո՞վ է թաղված
Այս դամբարանում մարմարով փակված,-
-Այդ Ուլալումն է այստեղ ամփոփված,
Քո Ուլալումը՝ կորուստդ անդարձ։
Ու սիրտս այնժամ չորացավ հանկարծ,
Ոնց տերևները՝ փշուրներ դարձած։
Ու ես հիշեցի հոկտեմբերն անցած,
Այսօրվա նման թախիծով լցված։
Ես անցել էի այս ուղին կրկին՝
Մահահոտ մի բեռ դրած իմ ուսին։
Այս ի՞նչ սատանա խաբեց իմ հոգին,
Որ նորից քայլեմ այս ճամփով մթին։
Կրկին հիշեցի ես լիճը Օբեր,
Որ հագել էր թուխ մառախուղ ու ստվեր,
Ուեյրն էլ հիշեցի դառն ու ցրտաբեր,
Ուր ապրում էին չարք ու ուրուներ:
Այնժամ պարզ դարձավ ինձ ու Փսիքեին՝
Սարսափ-չարքերը ողորմած էին։
Պատնեշ դառնալով այս մոլոր ճամփին՝
Պաշտպանում էին ինձ ու իմ Հոգին,
Փրկում գաղտնիքից սև ու ցավագին,
Որը թաղված էր ծառուղուց անդին։
Այդ նրանք էին կանչել Աստրատին
Իր քավարանից բարձր ու լուսնային,
Որ թողնի մեղքով լի հոգիներին,
Գա ու պաշտպանի ինձ ու Փսիքեին…
Թարգմանությունը անգլերենից՝ Լիդա Հովակիմյանի