Էդգար Փոթիկյան | Լույսը

Պաշտպանագիծ հանդիսացող խրամուղին թողնելուց հետ կամազով անցան «Քամիների ձորն» ու թաղվելով ցեխի մեջ՝ մնացած ճանապարհը շարունակեցին ոտքով։ Գիշերն անքուն լուսացրածի շշմած դեմքերով հրատարափ կարկտի տակ փորձում էին դուրս գալ շրջափակումից՝ չունենալով անգամ հստակ պատկերացում տեղանքի և մերոնց դիրքեր տանող ճանապարհի մասին։ Երեկվանից, երբ հարկադրված թողեցին պաշտպանագիծն ու զոհված ընկերների մարմինները, ակամայից հայտնվեցին մի մղձավանջում, որից դուրս գալու համար, սովորական արթնությունը բավական չէր։
Հրամանատարի կարգադրությամբ շեղվելով հիմնական ճանապարհից՝ նախընտրեցին լեռնային արահետը, որից սկիզբ առնող ուղին ենթադրաբար շրջանցելու էր անակնկալ վտանգներն ու մահը։ Քայլում էին դանդաղ։ Առջևից հրամանատարը, ետևից՝ շարք կազմած չորս զինվորներն ու վիրավորը։ Ձյունախառը ցեխը, սոսնձի նման կպչելով սապոգներին, դժվարացնում էր ընթացքը։ Ամեն քայլի հետ փորձում էին ազատվել նախորդ օրվա ծանրությունից, ինչը ոչ մի կերպ չէր հաջողվում։ Հրամանատարը երբեմն կանգ էր առնում և տեղաքնը զննելուց հետո միայն իրեն հետևելու նշան անում։
Վիրավորը Ռազմիկն էր, ջոկատի ամենաերիտասարդը։ Տանում էին ուսներին առած՝ կարճատև դադարների ժամանակ փոխարինելով մեկը մյուսին։ Այն, որ Ռազմիկը մահացել էր, հերթական դադարի ժամանակ նկատեց Սուրենը։ Գևորգից բացի բոլորը ծխախոտ վառեցին։ Գառնեցի Վաղոն առանձնացավ խմբից՝ չցանկանալով, որ տղաները տեսնեն իր արցունքները։ Մխչյանցի Դևը՝ հրամանատարի կարգադրությամբ վերցրեց Ռազմիկի ինքնաձիգը, իսկ Գևորգը՝ որպես հիշատակ, ձեռքի ժամացույցն ու Zippo կրակայրիչը։
Ռազմիկին թաղեցին ժայռափոր փոսի մեջ, և որպեսզի շնագայլերը չփչացնեն դիակը՝ գերեզմանը ծածկեցին քարերով։ Հեռանալիս յուրաքանչյուրն աշխատում էր հիշողության մեջ դրոշմել գերեզմանի տեղը՝ հետագայում մարմնի ետևից վերադառնալիս չշփոթվելու համար։
-Հենց այս գիշեր, շնագայլերը կքանդեն գերեզմանը,-ցածրաձայն, բայց բոլորին լսելի ասաց Վաղոն։
Ոչ ոք չպատասխանեց նրան։ Բոլորի տանջահար դեմքերին մի աննկատ կնճիռ ևս ավելացավ։ Հուզախռով մի թռչուն, խառնվելով կարոտի երամին, Գևորգին ստիպեց վերև նայել։ Ամպամած երկինքը, որ միակ վկան էր նոր ձևավորվող ցավի, պողպատի պես ծանր թվաց։
Նորից ճանապարհ ընկան։ Հրամանատարը առջևից, իսկ չորս զինվորները ետևից։ Մթնում էր, և աղջամուղջի մարող լույսի տակ հրամանատարի ուրվագիծը սովորականից կքված թվաց։ Շրջափակման մեջ հայտնվելու պահից սկսած՝ արդեն երկու օր էր, ինչ նա չէր քնել։
Ճանապարհին կերած վայրի տանձի պատճառով Վաղոյի մոտ սկսված փորհարիքը հանգիստ չէր տալիս նրան։ Ժամանակ առ ժամանակ կանգ էին առնում, որ Վաղոն կարողանա առանձնանալ։ Հերթական կանգառներից մեկի ժամանակ, վախեցնող լռությունը ցրելով, Սուրենն ասաց․
-Հիմա ո՜նց կխմեի։
-Ես էլ զամպալիտի կնկան կշինեի,-թփերի ետևից, դեռ իր գործը չվերջացրած, վրա բերեց Վաղոն։
Հրամանատարը, որ կանգնած էր քիչ հեռվում և հեռադիտակն աչքերին՝ զննում էր ամայի տեղանքը, ուշադրություն չդարձրեց տղաների ասածին։ Մինչ իսպառ կմթներ մահաբեր ու անծանոթ այս «աշխարհը», նա պետք է առաջ գնալու ճանապարհ ընտրեր։
-Կամանդիր, էս սարսաղ Վաղոն ասում ա, որ հենց հասնենք դիրքեր, էն զամպալիտի փչացած կնկան դոմփելույա,-առաջինը հրամանատարին մոտենալով՝ լուրջ-լուրջ ասաց Դևը։
-Ծխելու բան տվեք,- ուշադրություն չդարձնելով Դևի խոսքերին, խստաձայն պահանջեց հրամանատարը։
Սուրենը գրպանից թութուն հանեց և, թղթի կտորի մեջ փաթաթելով, մեկնեց նրան։
-Ինձ էլ,- թփերի ետևից խմբին մոտենալով, խնդրեց Վաղոն։
Սուրենը նրա համար էլ թութուն փաթաթեց, ու չնայած գիտեր, որ Գևորգը չի ծխում, այնուամենայնիվ հարցրեց․
-Ծխե՞ս։
Գևորգը չպատասխանեց․ պաշտպանագիծը թողնելուց հետո նա արդեն երկու օր չէր խոսում։
-Տղե՛րք, սրան ինչ ա՞ եղել,- իրենց տեղը չմատնելու համար ափերի մեջ պահելով վառվող գլանակը՝ հարցրեց Վաղոն։
-Դիրքը թողնելուց հետո չի խոսում,-ասաց Սուրենն ու հիշելով իր վերջին ցանկությունը՝ ավելացրեց,- բայց հիմա ո՜նց կխմեի․․․
-Դե՛ վերջացրեք,-իրեն հատուկ խստությամբ ասաց հրամանատարը,-Ռազմիկի արյունը դեռ չի սառել, իսկ դու՞ք․ օղի, կնիկ․․․
Բոլորը մի մարդու պես սթափվեցին։ Սուրենը, միացնելով ռադիոկապը, փորձեց կապ հաստատել շտաբի հետ։ Բոլորի տանջահար հայացքներն ուղղվեցին խշշացող ռադիոկապի վրա։ Սուրենը, անօգուտ պտտելով հաճախականությունների ալիք որսալու կոճակը, առանց դադարի կրկնում էր դաշտային շտաբի ծածկանունը։
-Կամանդիր, տեղներս ցածր ա, որ կողքի բլուրը բարձրանամ, հնարավոր ա՝ բռնի,-առաջարկեց Սուրենը՝ անպատասխան խշշացող ռադիոկապը նորից ուսերին առնելով։
-Վաղոյի հետ կգնաս,-կարճ ասաց հրամանատարն ու համառոտ նկարագրեց, թե ինչ պետք է անեն։
Տղաները ճանապարհ ընկան։ Նրանց ձայներից, դեռ խմելու և զամպալիտի կնկա «հոտն» էր գալիս։ Շուտով ձայները լռեցին, իսկ շարժվող ուրվապատկերները իսպառ անհետացան թանձրացող խավարում։

* * *

Դևն առանց թույլտվության ծխախոտ վառեց։ Ամեն անգամ ծուխը թոքերը քաշելիս գլանակի ծայրը կարմրում էր մատների արանքում՝ նկատելի դարձնելով նրա մազոտ ու հոգնած դեմքը։ Նա իր մարտական մկրտությունը ստացել էր աղվանական պատերազմում՝ օտարածին այդ կռիվներում ձեռք բերելով միստիկ հակումներ, որոնք զարմացնում էին անգամ ամեն ինչ տեսած զինվորականներին։ Ջոկատում միայն նա էր կարողանում անթափանց մնալ, մարտի ժամանակ ճապուկ շարժումներով հայտնվել ու անհետանալ։ Պատմում էին, որ մի անգամ հակառակորդի խրամատ մտնելով, չլսված ձայնով մի այնպիսի վայուն է արձակել, որ անակնկալից շշկլված ութ զինվորները՝ շպրտելով զենքերը պառկել են հողին։ Պատմում էին նաև, որ աղվանացի մի ծեր քուրդ, հուռութք կապելով թևից, օժտել էր նրան մի այնպիսի ուժով, որ ցանկացած պահի կարողանա ջրի մեջ ջուր, կրակի մեջ կրակ, հողի մեջ էլ հող դառնալ։ Ու չնայած յուրահատուկ այս առավելություններին, հիշողությունների փշրված հայելում նա լրիվ մենակ էր։ Մտքերը հաճախ նրան հեռու էին տանում և, իր կամքից անկախ ստիպում առերեսվել այնպիսի իրողությունների, որոնց հետ մենակ մնալով սկսում էր խոսել ինքն իրեն։
Անշարժ կանգնելու պատճառով սկսեցին մրսել։ Դևը մատների արանքում սեղմած գլանակից վերջին ծուխն էր քամում և ուշադրություն չդարձնելով հրամանատարի և Գևորգի վրա՝ խոսում ինքն իր հետ։
Պայթող ականի ձայնը սթափեցրեց բոլորին։ Հրամանատարը վազեց բլրի ուղղությամբ։ Ուղղաթիռի աղմուկ լսվեց, Գևորգն ու Դևը պառկեցին թաց հողին։ Ուղղաթիռը ցածրից էր թռչում։ Մթության պատճառով չիմացան մերո՞նցն էր, թե՞ հակառակորդինը։ Ուղղաթիռի հեռանալուց հետո ոտքի կանգնեցին։
Հեռվից լսվեց հրամանատարի ձայնը։ Տղաները շտապեցին օգնության։ Ճանապարհին Դևը նորից սկսեց խոսել ինքն իր հետ՝ ուշադրություն չդարձնելով, որ Գևորգը չի հասնում ետևից։ Գևորգը ընկավ և, դեմքը քսելով թաց հողին, ցավից փշաքաղվելով տնքաց։ Երբ ոտքի կանգնեց, Դևը արդեն չէր երևում։ Բնազդաբար առաջ գնաց՝ ամեն վայրկյան զգալով մոլորվելու վտանգը։
Նորից լսվեց հրամանատարի ձայնը, որին խառնվող Վաղոյի հայհոյանքները հուշեցին, որ արդեն մոտերքում են։ Գտավ նրանց մի կիսակոր կաղնու տակ։ Հրամանատարի ուսերին անգիտակից վիճակում Սուրենն էր։ Ականի պայթյունի հետևանքով բացակայում էին նրա ոտքերը։ Վաղոն, Դևի ուսին հենված, դեռ հայհոյում էր․ պայթյունից մի բեկոր վնասել էր ծունկը։
-Մինչև չլուսանա, տեղներիցդ ոչ մի քայլ,-խստորեն պահանջեց հրամանատարը։
Գիշերելու նպատակով տեղավորվեցին կաղնու տակ։ Գևորգն ու Դևը, գոտիները հանելով, սեղմակապեր դրեցին Սուրենի բացակայող ոտքերից վերև՝ հետագա արյունահոսությունը դադարեցնելու համար։ Վաղոն, ծունկը բռնած, մռռում էր ցավից։ Հրամանատարը, ուսապարկից օղու կիսատ մի շիշ հանելով, նրան մեկնեց։ Վաղոն, մի քանի կում անելով, պառկեց թաց հողին և գլուխն առնելով ափերի մեջ՝ ցավահառաչ տնքաց։ Գևորգը, Ռազմիկի կրակայրիչի լույսի տակ զննելով վերջինիս վերքը, ձեռքի տակ եղածով արագ վիրակապեց այն։
Ցրտից պաշտպանվելու համար բոլորն իրար կողք նստեցին՝ մեջտեղում թողնելով Սուրենի անգիտակից մարմինը։ Նորից ուղղաթիռի ձայն լսվեց, և բոլորը երեսնիվայր պառկեցին հողին։ Գևորգը, շատ մոտ լինելով Սուրենին, զգաց նրա թույլ ցնցումները։ Ուղղաթիռը ցածրից էր թռչում և երբ հավասարվեց տղաներին, պտուտակներց առաջացող հուժկու քամին թվաց բոլորին մի կողմ կցրի։ Ուղղաթիռն անցել էր, բայց դաժան իրականության հետ չառնչվելու համար ոչ ոք չէր ցանկանում կտրվել հողից։
Սուրենը տնքաց, և բոլորը նետվեցին նրա կողմը։ Դևը լուցկի վառեց, պահելով ափերի մեջ այնպես, որ քամուց չհանգչի։ Սուրենի աչքերը փակ էին, դեմքը կավճի պես սպիտակ։ Ոչ ոք չհամարձակվեց նայել գոտկատեղից ներքև։
Ցրտեց։
Գևորգը, իր հագի բուշլատը գցելով Սուրենի վրա, նստեց նրան այնքան մոտ, որ լսելի եղան շնչառության մարող սվսվոցները։
-Ժամը քանիսը՞ կլինի,-հարցրեց Վաղոն։
-Մի չորս ժամից կլուսանա,-ասաց հրամանատարը,-և եթե ճիշտ ենք գնում, մինչև կեսօր մերոնց դիրքերում կլինենք։
Գևորգը նայեց Ռազմիկի ժամացույցին։ Ժամը երեքն էր։ Ֆոսֆորե թվատախտակի վրայով սահուն պտտվում էր մեծ սլաքը։ Երևակայական մի ցանկությամբ սլաքները ետ տվեց մեկ ժամով։ Ուզում էր հավատալ, որ դրանով կհաջողվի կանխել ականի պայթյունը։
Դևը ծխախոտ փաթաթեց սկզբում Վաղոյի, հետո հրամանատարի և իր համար։ Վաղոն սկսեց անեկդոտ պատմել։ Դրանք այնքան շատ էին նրա գլխում, որ մոռանալով՝ հաճախ պատմում էր մի քանի անգամ։ Ինչ-որ բան էր պատմում ապարանցու մասին, ինչը սակայն շանթող ցավից կիսատ մնալով՝ վերափոխվեց հայհոյանքի։

* * *

Գևորգը աչքերը բացեց առավոտյան։ Թե ինչպես էր քնել, չէր հիշում։ Վրան հրամանատարի կարաքանդ թևքով բուշլատն էր։ Գևորգը Սուրենի կողմը նայեց, որն առանց գիտակցության գալու՝ լուսադեմին մահացել էր։ Ոտքի կանգնելով՝ մոտեցավ տղաներին, որոնք մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած ծխում էին։ Հրամանատարին վերադարձնելով բուշլատը՝ Դևի ձեռքից վերցրեց նոր վառած ծխախոտն ու վերադարձավ դիակի մոտ։
Զինվորական փոքրիկ բահը իրար փոխանցելով՝ ոչ մեծ փոս փորեցին։ Հեռվից հրետանու ձայն լսվեց։ Երկնքից պոկվելով՝ մի քանի ագռավներ թառեցին կաղնու լերկացած ճյուղերին։ Ճնշող լռության ներքո Սուրենի մարմինը հանձնեցին հողին։ Հրամանատարի օղու կիսատ շիշը ձեռքից ձեռք անցավ։ Որպես հիշատակի խոսք յուրաքանչյուրը մի բան ասաց։ Լուռ մնաց միայն Գևորգը։ Արդեն երրորդ օրն էր, ինչ պաշտպանագիծը թողնելուց հետո նա չէր խոսում։
Նորից ճանապարհ ընկան։ Ցավից մռնչացող Վաղոն սկսեց երգել։ Գևորգը Վաղոյին ուսերին առավ։ Այն, որ շեղվել էին ճիշտ ճանապարհից և մոլորվել, հասկանում էին արդեն բոլորը, և չնայած դրան, ոչ ոք չէր ցանկանում առաջինը խոսել այդ մասին։ Լեռների ետևից երևացող արևի առաջին շողերը հուսադրող թվացին, և արդեն կեսօրին, հատելով լեռնալաջն ու հարթավայր տանող անտառակը, հասան մի քարքարոտ ձորակի, որը վիշապի բացված երախի տեսք ուներ։
Ճաշին մոտ, անցնելով ձորակի կեսը, հրամանատարի կարգադրությամբ կանգ առան։ Ինչ-որ մի բան խանգարում էր առաջ շարժվելուն։ Հրամանատարը լուռ, թափառող հայացքով զննելով տեղանքը` փորձում էր գտնել այն խանգարող պատճառը, որը չգրված օրենքի համաձայն ստիպում էր քարանալ տեղում։ Դիմացի քարքարուտից ապակու պես մի բան փայլեց, ու մինչ բոլորով կհասկանային ինչ է, հնչեց առաջին կրակահերթը։
Հրամանատարը ընկավ։ Կռանալով՝ Գևորգը մոտեցավ նրան, և փորսող տալով քաշեց դեպի թփերը։ Դևը, որ Վաղոյին հակառակ կողմի վրա գտնվող ժայռաբեկորի ետևն էր տարել, հարմար մի դիրք գրավելով` սկսցեց կրակել քարքարուտներում դարան մտած հակառակորդի վրա։ Հրամանատարը ձեռքը տարավ որովայնին, հետո նայելով արյունոտ ափին, ժպտալով ասաց․
– Քերծվածք է, ուշադրություն մի դարձրու։
Ժայռաբեկորի ետևից Դևի կրակահերթերին միացավ Վաղոն։ Ձորակով լցված կրակոցների արձագանքը մահվան տագնապ առաջացրեց։ Հրամանատարը, կրակը դադարեցնելու նշան անելով, բղավեց․
-Փամփուշտները խնայեք։
-Կամանդիր, ես բլրի ետևով կանցնեմ դրանց կողմը, ուրիշ տարբերակ չկա,-բղավեց Դևը, ստուգելով պահունակում եղած փամփուշտների քանակը։
-Գևորգը հետդ կգա,-ցավից ատամները սեղմելով` զրնգուն ձայնով ասաց հրամանատարն ու երկու նռնակ հանձնելով Գևորգին` համառոտ նկարագրեց հակահարձակման պլանը։
Մինչ Գևորգը փորսող տալով կհասներ Դևին, հրամանատարն ու Վաղոն խաչաձև կրակահերթով ապահովեցին նրա անվտանգ անցումը։ Գևորգը Դևին հանձնեց նռնակներից մեկը, ինչից հետո, մասրենու խիտ թփերի ետևն անցնելով, շարժվեցին հակառակորդի ուղղությամբ։
Մինչև քարքարուտ հեռավորությունը մեծ չէր։ Առավելագույնը 200 մետր։ Այդ տարածության ամբողջ երկայնքով մասրենու ցրված թփերով մի բլրակ էր խոյանում։ Դևի նպատակն էր, շրջանցելով բլրակը, քարքարուտների ետևն անցնելով, լռեցնել հակառակորդին։
Մասրենու թփերը վերջացան, ու չնայած բլրակը շրջանցելուն շատ քիչ տարածություն էր մնացել, սակայն լերկ բլրալանջի պատճառով առաջ գնալը անհնարին դարձավ։ Դևի առաջարկությամբ որոշեցին բլրի գագաթից կազմակերպել գրոհը։ Գևորգը գլխով լուռ համաձայնության նշան արեց` հետևելով նրան։ Վագրի թեթև քայլերով` Դևը սկսեց բարձրանալ բլուրը։ Գևորգին վերելքը դժվարությամբ էր ենթարկվում, մի պահ թվաց, որ ուժերն արդեն սպառվել են։ Դևը կանգ առավ` թողնելով, որ Գևորգն իրեն հավասարվի։ Սողալով վերև՝ հնարավորինս աննկատ ծպտվեցին չեչաքարերի ետևում ու ներքև նայեցին։
Չորսն էին։ Քարաքարուտի ետևում ծպտված՝ կրակում էին առանց դադարի։
Նռնակը նախապատրաստելով՝ Դևը ոտքի կանգնեց։ Հակառակորդը նկատեց նրան այն ժամանակ, երբ նռնակն արդեն նետված էր։ Դևը նորից պառկեց՝ գլուխն առնելով ափերի տակ։ Վայրկյանները սովորականից երկար թվացին։ Նռնակը պայթեց, ինչը նշան էր Գևորգին` երկրորդը նետելու համար։ Նռնակի օղակը քաշելով` ոտքի կանգնեց։ Հակառակորդի կրակակետում փոշու ամպ էր բարձրացել, ու մինչ կպայթեր երկրորդ նռնակը, Գևորգը նորից գրկեց հողը։
Հողից ուրցի հոտ եկավ՝ հիշեցնելով իրենց գյուղի սարերը։ Սարերը հիշեցրին Արփիին, ում հետ թաքուն նշանվել էր պատերազմից առաջ։ Վայրկյանների ընթացքում Գևորգը հիշեց նորահարսի քողի պես նուրբ ապրած իր կյանքը, որը պատերազմին խառնվելու առաջին իսկ օրից բանականության ստրկությունից ազատագրվելով` անդարձ հեռացավ` թողնելով հիշողության կարկատաններում կցկտուր դրվագներ, որոնք ասես իր հետ չէին կատարվել։ Տան միակ զավակն էր, ծնողների աչքի լույսը։ Դողում էին իր ամեն քայլի համար, մաքրում ճանապարհը ամեն տեսակ խոչընդոտներից։ Երազում էին ամուսնացնել, թոռներով տեսնել տունը։ Պատերազմը սակայն ամեն ինչ փոխեց։ Երջանկությունը հերթի վերջը գնաց՝ տեղ տալով ազատամարտին։ Վերապրելով պատերազմի չարանենգ թնջուկն իր ողջ եղծությամբ` առօրյա կյանքին դատապարտված իր գոյության մեջ նա տեսավ պատրանքային մի աշխարհ, որտեղ հաղթանակն ու պարտությունը դեռևս թեթևություն չէին բերել։ Այս դաժան պատերազմում Գևորգին հաջողվել էր միայն խեղդել վախերը` վերապրելով ներսից բարձրացող մի հաճույք, որ զգացնել էր տալիս իրեն ամեն անգամ, մահը շրջանցելու հաջորդ վայրկյանին։
Նռնակը պայթեց` իր մահաբեր արձագանքը տարածելով ամբողջ ձորակով։
Գևորգը դեռ չէր ուզում բացել աչքերը։ Թեկուզ մտքով, բայց ուզում էր մնալ Արփիի հետ։ Ուզում էր, որ չդադարի բուրալ ուրցի հոտը, որը իրենց գյուղի սարերն էր հիշեցնում։
Դևը հրեց թևը։
Սողեսող առաջ գնալով՝ դիրքավորվեցին փշերի ետևում։
Հակառակորդի դիրքերում լռություն էր։ Զգուշորեն ոտքի կանգնելով՝ առաջ գնացին։ Դեռ հեռվից նկատեցին երեք զոհերի մարմինները։ Չորրորդը հասցրել էր նահանջել։

* * *

Մոտենալով Վաղոյին` հրամանատարը զննեց արյունահոսող վերքը, և առանց ժամանակ կորցնելու, քանդելով ինքնաձիգի խզակոթին փաթաթած ռետինե գոտին` կապեց նրա ծնկից վեր։
Լսվեց Դևի ազդանշանային կրակոցը։ Հրամանատարը ոտքի կանգնեց՝ Վաղոյին ևս օգնելով բարձրանալ։
-Չորսն էին, մեկը նահանջել է,-ասաց Դևը, երբ հրամանատարն ու Վաղոն մոտեցան քարքարուտներին։- Վիրավոր է, հեռու գնացած չի լինի։ Ետևից գնա՞մ։
-Պետք չի,-ասաց հրամանատարը,-ժամանակ չունենք։
Գևորգը մոտեցավ հրամանատարին։ Ձեռքին բամբակ ու բինտ կար, որ գտել էր զոհված զինվորների ուսապարկից։ Վիրակապ դնելով հրամանատարի վերքին` ամուր կապեց մեջքն ու զգաց նրանում այն թուլությունը, որը հրամանատարն ամեն կերպ ցանկանում էր թաքցնել նրանցից։
Ձորակը դեռ չէին հասցրել անցնել, երբ երկար մացառախոտերի մեջ նկատեցին թավալվող մի բան։ Դևը զգուշորեն առաջ գնաց։
-Վիրավորն է,-մոտենալու նշան անելով` ասաց նա։
Հակառակորդի զինվորը վիրավոր էր կրծքից։ Նռնակի բեկորը վնասել էր դեմքն ու վերջույթները։ Հրամանատարը, մոտենալով նրան, հարցրեց անունը։ Տիրապետելով հակառակորդի լեզվին` սկսեց խոսել հետը։ Կարճ զրույցից հետո պարզ դարձավ, որ նրանք նույնպես մոլորվել էին, և արդեն երկու օր ձորակում ծպտված, չգիտեին ուր գնալ։
Դևը վիրավորի վրա ուղղեց ինքնաձիգը և նայելով հրամանատարի աչքերի սպասեց հրամանի։
-Պետք չի,-ասաց հրամանատարը,-երեխա ունի, խնդրեց հանուն նրա խնայել կյանքը։
Գևորգը մոտեցավ Վաղոյին և օգնեց ոտքի կանգնել։ Դևն ուզում էր մի բան ասել, բայց լռեց։
-Ռազմիկն էլ երեխա ուներ,-հրամանատարի աչքերին նայելով` ասաց Վաղոն։
Դանդաղ ճանապարհ ընկան։ Գևորգին սկսեց զարմացնել ձորակում թագավորող լռությունը։ Ժամանակը անողոքաբար ծածկել էր քիչ առաջվա արյունն ու մահը` թողնելով մարդկային հիշողության մեջ մի ցավ, որն այլևս ոչնչով չէր մոռացվի։
Ձորակն անցնելուց հետո, սկսվեց լեռնային զառիթափը։ Լռությանը չդիմանալով` Վաղոն սկսեց անեկդոտ պատմել․
-Գելը, աղվեսն ու խոզը ընկնում են փոսը։ Գելը նայում ա աղվեսին ու մտածում․ «Ըհ՛ը, սեքսը կա»։ Նայում ա խոզին․ «Ուտելիքն էլ կա»։ Մեկ էլ խոզն ասում ա․ «Գայլ ջան, երգե՞մ, լսեք», գայլը թե․ «Երգի»։ Խոզը հենց երգում ա, որսորդները ձենի վրա գալիս, երեքին էլ խփում են։ Վիրավոր գելը մտածում ա․ «Արա՛։ Սեքսը կար, տաք տեղը կար, ուտելիքը կար, թե ասա՝ արվե՞ստն ինչիս էր պետք»։
-Արա, բա էսի լսել ե՞ք,-թուլացնելով քայլերը՝ սկսեց Դևը։-Հավի ճուտը մորը հարցնում ա․ «Մամ, էդ ճիշտ ա՞, որ ինձ արագիլն ա բերել»։ «Հա, բալես, բայց հորդ դրա մասին չասես»։
Վաղոն սկսեց ծիծաղել։ Գևորգը կանգ առավ՝ թույլ տալով նրան վայելել ցավին հաղթելու եկած ծիծաղը։ Հրամանատարը ևս կանգնեց։
-Կամանդիր, մի բան էլ դու պատմի,-խնդրեց Վաղոն։
-Ինչ էլ պատմեմ, լսած կլինես։
-Ոչնչ, դու պատմի,-համառեց Վաղոն։
Հրամանատարը ժպտաց, հետո ձեռքը տանելով վիրավոր գոտկատեղին՝ ասաց․
-Հարևանը հարևանին հարցնում է․ «Ծնունդդ ո՞ր ամսին է, ուզում եմ անթափանց վարագույր քեզ նվիրեմ, որ երբ կնիկդ վրադ նստի, մեր պատշգամբից չերևա»։ «Վարագույրի փոխարեն դու ավելի լավ ա քեզ համար հեռադիտակ առնես,-պատասխանում է հարևանը,-որ տեսնես իմ կնիկնա վրաս նստողը, թե՞ քո»։
Ծիծաղեցին։ Վաղոն խոստովանեց, որ էդ մեկը չէր լսել։
Լուռ էր միայն Գևորգը։
Ճաշից հետո եղանակը փոխվեց, անձրև տեղաց։ Վաղոն սկսել էր ինքնուրույն քայլել՝ ցավով մի կերպ քարշ տալով ոտքը։ Ամպրոպ որոտաց, այնքան նման հրետանային համազարկի, որ բոլորով կանգ առան մոտալուտ պայթյունի սպասումով։ Անձրևի մտրակների տակ ընթացքն ավելի դժվարացավ։ Գևորգը Վաղոյին նորից ուսերին առավ։ Հրամանատարի օրորվող քայլվածքից նկատվեց, որ հավասարակշռությունը դժվարությամբ է պահպանում ու երբեմն չընկնելու համար հենվում է հողին հասնող ինքնաձիգի խզակոթին։
Լեռնային գետակին հասնելով՝ ջուր խմեցին։ Ջրից պղնձի համ էր գալիս։ Լցրեցին տափաշշերն ու լվացվեցին։ Ջրին հանձնելով ձեռքերի վրայի արյան կեղանքը՝ Գևորգը նայում էր գետակին ու մտածում, որ այսուհետ նրանից արյան համ կգա։
Դևը թաղել էր գլուխը ջրի մեջ ու որոշ ժամանակ դուրս չէր հանում։
-Մեռածների հետ է խոսում,-Գևորգի ականջին շշնջաց Վաղոն։
Հեռվից հրետանու որոտ լսվեց, դժվար էր գուշակել մերո՞նցն էր, թե՞ հակառակորդինը։ Հասնելով անտառափեշին՝ հրամանատարը դադար տվեց։
Վաղոն կորցրեց գիտակցությունը։ Գևորգը վիրակապեց վերքն ու թուլացրեց հրամանատարի կապած ռետինե գոտին։ Լեռներից իջնող թանձր մառախուղը ներխուժեց անտառ։ Խաշամի տակից Դևը ընկույզ գտավ, և աքցանի պես ամուր մատների մեջ կոտրելով՝ մեկնեց Գևորգին։ Գևորգն ուտել չէր ուզում, բայց լցրեց գրպանը։ Անտառի խորքից, միաձայն երգող խլհավի ձայն լսվեց։ Հեքիաթային մի զգացում պաշարեց Գևորգին, ուզեց անտառ մտնել և գտնելով ամենահաստաբուն ծառը՝ խոստովանել այն, ինչը արդեն մի քանի օր հանգիստ չէր տալիս հոգին։
Վաղոյին տեղափոխելու համար ճյուղերից պատգարակ պատրաստեցին։ Գևորգն ու Դևը վերցրեցին պատգարակը՝ հետևելով առջևից գնացող հրամանատարին։
Դևը նորից սկսեց խոսել ինքն իր հետ։
Հեռվից՝ մառախուղի մեջ գերեզմանատուն նկատվեց, ինչը նշան էր, որ մոտակայքում գյուղ կա։ Հասնելով գերեզմանատանը՝ նկատեցին, որ մի ժամանակ այն եղել է մերոնցն ու նրանցը։ Հրամանատարը պատմեց, որ կար ժամանակ, երբ մերոնց հետ դրացու պես են եղել։ Քեֆեր ու հարսանիքներ են կազմակերպել, հող մշակել, կռվել ու հաշտվել։
Լուռ անցնելով գերեզմանատան կողքով՝ նկատեցին, որ դամբանաքարերի գերեզմանագրերը երկլեզու են։ Թաղվածները, որ մերոնք էին ու նրանք, այսուհետ երջանիկ էին այնքանով, որ չէի իմանալու, թե ինչ է կատարվում հողի վրա։ Գերեզմանատան վերջում թարմ հողաթմբեր երևացին, և անանուն լինելու պատճառով դժվար էր կռահել՝ մերոնք են թաղված, թե՞ նրանք։
Գերեզմանատան վերջում քարերով շարված մի արահետ սկսվեց, որից հետո, ցրվող մառախուղի մեջ երևաց իրիկնաթաղ գյուղը։
Անձրևին հաջորդեց ամպրոպը։ Հորիզոնում ամպերի մեջ կայծակի մի երակ փայլատակեց։ Չհասած գյուղին՝ ալոճի թփեր պատահեցին։ Երեք օրյա քաղցը հաղթահարելու և ուժերը համալրելու համար՝ սկսեցին ուտել։
Վաղոն, պատգարակին պառկած, անշարժ էր մեռածի պես։ Վաղոյի կափկափվող ատամների տակից ելնող հրացայտ շնչառությունը լսելով՝ Գևորգը հանգստացավ այն միտքից, որ ցավը չի թողնի նրան մեռնել։ Դևն ու հրամանատարը ծխում էին ու մտորում, նրանց անխոս լեզուն իր մեջ ավելի շատ ասելիք ուներ, քան աշխարհի բոլոր բառերը միասին վերցրած։
Գյուղի մատույցներում՝ կայծակից շանթված մի թխկենու մոտ, զոհված զինվորների մարմիններ տեսան, իսկ քիչ հեռվում՝ երկու այրված զրահամեքենա, որոնց տեսքից արդեն դժվար էր կռահել, մե՞րն է եղել, թե՞ նրանցը։ Շնագայլերի կողմից մասամբ հոշոտված դիակները մի քանի օրվա էին։ Զննելով գզգզված մարմինները՝ Դևը հրամանատարի ականջին ինչ-որ բան ասաց։
Ոչխարի անտեր մի հոտ անջատվեց անտառից։ Հրամանատարը հեռադիտակն աչքերին մոտեցրեց։ Անհովիվ նախիրը բնազդաբար գյուղ էր վերադառնում։ Հոտի ետևից մի կերպ քարշ էր գալիս ծերացած շունը։
Անձրևից ցեխ դարձած հողը դժվարանցանելի էր դարձնում ճանապարհը։ Վաղոն մի պահ բացեց աչքերը։ Բոլորով շրջապատեցին նրան։ Ուզում էր խոսել բայց չէր կարողանում։ Ջուր տվեցին։ Մի քանի ալոճ ծամելուց հետո ոտքի կանգնեց, մերժելով նորից պատգարակին պառկելու Դևի առաջարկը։
Աղիների հրդեհը նորից գլուխ էր բարձրացրել։ Հրաժարվելով կողմնակի օգնությունից` ինքնուրույն առանձնացավ թեթևանալու և կատակելու առիթը բաց չթողնելով՝ ասաց․
-Արա ու՞ր գաք ինձ հետ։ Չգիտե՞ք, որ է՛դ են տեղն ա, ուր թագավորները մենակ են գնում։
-Չլինի՞, դու էլ ես թագավոր վրաներս խաբար չկա,-Վաղոյի ետևից մատը տնկելով՝ սրամտեց Դևը։
-Ազգանունս քեզ բան չի ասու՞մ․ Ռշտունի։-Թփերի ետևում մի կերպ պպզելով՝ տնքոցով հարցրեց Վաղոն։
-Էդ ինչ ա՞ նշանակում,-Վաղոյի հոգու հետ խաղալու համար հետաքրքրվեց Դևը։
-Ա՛յ, որ դպրոց գնացած լինեիր կիմանայիր։ Իմ երակներով ազնվական արյունա հոսում։
-Ազնվակա՜ն, չէ մի․․․-Քմծիծաղեց Դևը, հետո մոտենալով Գևորգին՝ ասաց,-իմացա՞ր ապեր, մեր քաքլան Վաղոյի մասին դպրոցական դասագրքերում գրել են, մենք էլ չենք իմացել։
-Ա՛յ դմբո, իմ մասին չեն գրել է՜, այլ Ռշտունիների,-նորից լսվեց ցավին խառնված Վաղոյի ձայնը։
Գևորգը չպատասխանեց։ Պաշտպանագիծը թողնելուց հետո նա արդեն երեք օր էր, ինչ չէր խոսում։

* * *

Անձրևն արդեն կտրվել էր, երբ հասնելով գյուղի գլխավոր ճանապարհին՝ կանգ առան։ Հրամանատարը հենվեց Դևի թևին, ինչին վերջինս վաղուց էր սպասում։ Գևորգն ու Վաղոն առջևում հայտնվեցին։
Զինամթերքը, որ ձորակում հավաքել էին հակառակորդից, մեծ չէր։ Մի քանի նռնակ ու փամփուշտակալ, իսկ գլխավոր ռազմավար գնդացիրը՝ Դևի ձեռքին էր։ Վաղոն, թողնելով Գևորգի ուսը, ինքնաձիգն առաջ պարզած սկսեց ինքնուրույն քայլել։ Լարվածությունը մեծ էր, առաջ տանող ամեն մի քայլը զգոնություն էր պահանջվում՝ չսխալվելու, իսկ անակնկալ հարձակման դեպքում պաշտպանվելու համար։
Տներում լույս չէր վառվում։ Ուրվականային լռությունը նորից խախտեց անձրևը, որը կաթելով թիթեղյա տանիքներին՝ ավելացրեց բոլորի լարված ուշադրությունը։ Ականներից խուսափելու համար քայլում էին անասունների անցած կճղակների հետքերով՝ հաճախ ստիպված լինելով տրորել թարմ թրիքը։ Մի խումբ չղջիկներ, տանիքների վրայով անկանոն թռչելուց հետո, մտան փողոց։
Հողը դղրդացնող ամպրոպին հաջորդեց կայծակը՝ մի քանի վայրկյանով լուսավորելով դատարկված գյուղի ցեխոտ փողոցը։ Գևորգը երկինք նայեց, որի կիսամթում չղջիկները սև կետեր թվացին։
Դիմացի տան ցանկապատի դուռը շարժվեց և ներսից օրորվելով՝ մեկն առաջ եկավ։ Հորթուկ էր, ամբողջովին սպիտակ, ճակատին սև նշանով։ Մեռելային դատարկությանը սովորած կենդանին, որն իր օրում մարդկային կերպարանք չէր տեսել, անծանոթ ներկայությունից վախեցած անհետացավ խավարում։
Գյուղում մարդ չէր մնացել։
Գյուղը և մերն էր և նրանցը։
Վաչոն նորից հենվեց Գևորգին։ Հրամանատարը մատնացույց արեց ոչնչով աչքի չընկնող դիմացի տունը։ Դևն առաջ ընկավ։ Դուռը փակ չէր։ Նախասրահի հատակը ճռռաց անսպասելի մարդկանց ներկայությունից։ Մթության մեջ խարխափելով՝ առաջ գնացին։ Նավթալինի սուր հոտն ամենուր էր։ Դևը լուցկի վառեց։ Գյուղական տանը հատուկ նախասրահից հետո սկսվող սենյակից բացի մի ննջարան ու այգի տանող ետնադուռ կար։
Տեղավորվեցին սենյակում։
Վաչոյին պառկեցնելով խսիրե ներքնակով թախտին՝ Գևորգն օգնեց Դևին զննել տունը։ Խոհանոցի շարադարակներում չորացած լավաշ ու խնձորի չիր, իսկ սխտորի կախանված շարանների ետևում հոնի օղի և կիսաբորբոսնած պանիր գտան։
Կերան մթության մեջ։ Խմեցին անմիջապես շշից։
Գևորգը, դարակները քրքրելով, դեղարկղիկ գտավ։ Շատ բան չկար, մի քանի կոճակ ասպիրին, բինտ ու յոդի սրվակ։ Սենյակից դուրս տանող ետնադռան դիմաց անձրևաջրով լցված քարե կոպտատաշ գուռն էր։ Գևորգը թասով ջուր բերեց՝ ջերմող Վաչոյի ճակատին սառը թրջոցներ դնելու համար։ Մթության մեջ թաղված սենյակում Դևը մոմ վառեց՝ վետվետուն լույսի ուղղությունը պարզելով այնպես, որպեսզի Գևորգը կարողանա վիրակապել Վաչոյի ոտքը։
Մաքուր սպիտակեղենը ժապավենաձև կտրելով՝ Գևորգը մոտեցավ հրամանատարին։ Գոտկատեղին ստացած վերքը ախտահանելով յոդի թուրմով՝ կապեց մեջքն ու օգնեց պառկել թախտի հակառակ ծայրին։
Փչելով մոմը՝ Դևը նախասրահ գնաց՝ փողոց նայող պատուհանից հերթապահելու համար տունը։
Նստելով հյուսկեն թիկնաթոռին՝ Գևորգը թուլացրեց հոգնած մարմինը։
Մթության մեջ տունը սկսեց կենդանանալ։ Լսելի դարձան հատակից ու պատի ճեղքերից դուրս եկած տերմիտների ձայները։ Մկները, որ հասցրել էին սովորել անտուն մարդկանց լուռ դատարկությանը, դուրս գալով իրենց բներից, սկսեցին հավաքել հատակին թափված լավաշի փշուրները։
Հարևան բակից ժամանակի մեջ մոլորված մի աքլոր անժամանակ սկսեց ծուղրուղու կանչել։ Գյուղի տարբեր կողմերից նրան հետևեցին ևս մի քանիսը։
-Կամանդիր, անեկդոտ պատմե՞մ,-զառանցանքի մեջ շշնջաց Վաչոն։
-Զավզակության վա՞խտ գտար։
-Լավ էլի՞․․․ Պատմեմ։
-Պատմի՛ր։
-Ուրեմն, գժանոցի պատին մեկը մեքենայա նկարում։ Բոլոր գժերը ուզում են մեքենայի դուռը բացեն, բայց չեն կարողանում։ Նկատելով հեռվից ծիծաղող գժին՝ բժիշկը հարցնում ա․ «Այ տղա, էդ ինչի՞ վրա ես ծիծաղում»։ Էս գիժը, մոտենալով բժշկին, շշուկով պատասխանում ա․ «Բժիշկ ջան։ Էս ախմախները չգիտեն, որ ավտոյի բանալին ինձ մոտ ա»։
-Վաղո՛, էդ գիժը հաստատ դու ես եղել,-թեթևակի հեգնանքով ասաց հրամանատարն ու ցավից տնքալով՝ շրջվեց կողքի։
-Չէ կամանդիր, Վաղոն թագավորա եղել մի ժամանակ,-նախասրահից լսվեց Դևի ծիծաղին խառնված ձայնը։
Հրամանատարը խորը հոգոց հանեց, իսկ Գևորգը մթության մեջ նայեց թևին կապած Ռազմիկի ժամացույցին։ Րոպեասլաքը, մեկիկ-մեկիկ սահելով ֆոսֆորափայլ թվերի վրայով, մի ամբողջ պտույտ կատարեց։ Դեռ երբեք ժամանակն այդքան երկար չէր թվացել Գևորգին, որքան հիմա։
Վաչոն զառանցագին վիճակի մեջ նոր անեկդոտ սկսեց։ Հրամանատարը համոզում էր նրան լռել։ Դևը, գնդացրին հենված, նայում էր գյուղի մութ փողոցին՝ համբուրելով վզից կախված մկրտության խաչը։ Գևորգը փակեց աչքերը, որպեսզի նորից կարողանա տեսնել Արփիին և իրենց գյուղի սարերը։
Իրական պատկերներին շատ արագ խառնվեցին կարոտի հուշեր մի աշխարհից, որտեղ երբևէ չապրելով՝ երազել էր միշտ։ Ներանձնական այդ աշխարհը, որ պատերազմի ընթացքում էր ձևավորվել, ներառնում էր իր մեջ Գևորգին հայտնի ամենանվիրական բաները։ Ամեն անգամ աչքերը փակելիս նա ցանկանում էր, որ այդ աշխարհը երազների մյուս կողմից իրեն ներս տանի ու չթողնի այլևս ետ վերադառնալ։ Բայց ինչպես միշտ, տեղի էր ունենում հակառակը, օրվա վերապրած իրադարձությունները իրար խառնվելով՝ գիտակցության արթուն մի անկյունում դառնում էին մի ուրիշ երազ և լցվելով իր մեջ՝ երջանկության հունը միացնում պատերազմին։
Անսպասելի քնի սարդոստայնները սկսեցին ցնցվել։ Կանչող մի ձայն այն աշխարհից ստիպում էր ետ վերադառնալ։ Հալվող հիշողության եռոցքի մեջ նորից երևաց մառախուղը, դատարկված գյուղն ու խուճապահար փախչող հորթուկը։ Գիտակցության մեջ արթնացած աննշան մի հյուլե ազդարարում էր ետ վերադառնալ հյուսկեն թիկնաթոռում թողած մարմնին, որտեղ իր ներկայությունն ավելի էր պետք։

* * *

Գևորգն արթնացավ մեքենայի ձայնից և հատակից վերցնելով ինքնաձիգը՝ գնաց նախասրահ։ Մոտենալով Դևին՝ քառափեղկ պատուհանի անկյունից զգուշությամբ դուրս նայեց։ Դիմացի տան առաջ վիլիս էր կանգնել։ Զինվորական համազգեստով երկու հոգի, իջնելով մեքենայից, ծխախոտ վառեցին։ Մեքենայի լուսարձակների ներքո նրանց ստվերները ձգվում էին անհարթ փողոցով՝ հասնելով մինչև խավար անորոշությանը։ Մեքենայի շարժիչն անջատվեց և նրանց խոսակցություններից հասկանալի դարձավ, որ հակառակորդի շրջիկ ջոկատայիններից են։ Միզելով մեքենայի կողքին՝ ցածրաձայն ինչ-որ բան էին խոսում։ Մտնելով դիմացի տուն՝ շատ չանցած դուրս եկան մի պարկ ալյուր ձեռքներին և տեղավորելով բեռնախցիկի մեջ՝ դժգոհելով սկսեցին թափ տալ փոշոտ ձեռքերը։
-Թալանի են ելել, չվախենաս,-շշուկով ասաց Դևը՝ ցանկանալով, որ Գևորգն ասի․ «չեմ վախենում»։
Նախասրահ մտավ հրամանատարը։ Հատակի տախտակները սկսեցին ճռռալ։ Գևորգը մի կողմ քաշվեց՝ թույլ տալով նրան դուրս նայել։ Վիլիսի դուռը վարորդի կողմից բացվեց, ինքնաձիգը ձեռքին իջավ ևս մեկը։ Փողոցի ուղղությամբ նրա արձակած կարճ կրակահերթերը սթափեցրին բոլորին։ Երեքով առաջ վազեցին, և շատ չանցած՝,բարձր քրքիջով ետ վերադարձան՝ թփրտացող մի բան ձեռքներին բռնած։ Սպիտակ հորթուկն էր, սև նշանը ճակատին։ Վերջինիս թփրտոցները երկար չտևեց, քանի որ նա, ով կրակել էր, դաշույնով կտրեց գլուխն ու հրահանգեց մեքենան գցել։
Մատը գնդացրի ձգանին, Դևը հրամանի էր սպասում։ Հրամանատարը չէր շտապում՝ անհավասար մարտի փոխարեն նախընտրելով աննկատ մնալը։
Վերջապես հակառակորդի զինվորները տեղավորվեցին վիլիսի մեջ, հռնդաց շարժիչը։ Քիչ էլ, և ամենագնացը կպոկվեր տեղից՝ վերադարձնելով գյուղին գիշերային լռությունը։ Դևը հեռացրեց մատը ձգանից։ Հրամանատարը խորը շունչ քաշեց։ Գևորգն ուզեց խախտել լռության ուխտը, բայց հանկարծ, բոլորի համար անսպասելի, լսվեց Վաղոյի երգը․

Թիփի-բորան մութ գիշերին
Պտտվում էին ֆիդայիք,
Փամփուշտները խաչկապ կցած,
Հրացաններն ուսերին։

Զառանցագին ցավից Վաղոյի ձայնը այնքան հուժկու հնչեց, որ պատուհանի ապակիները զնգացին։ Հակառակորդի զինվորները, մինչ մեքենայից կհասցնեին իջնել, անակնկալ երգից վախեցած, չիմացան՝ ինչ անել։ Հրամանատարը Դևին հանձնեց աջ, իսկ Գևորգին ձախ թևի կրակային պաշտպանությունը, իսկ ինքը սենյակ շտապեց փամփուշտները բերելու։ Մինչ հրամանատարը սենյակ կմտներ, իսկ հակառակորդը իջնելով մեքենայից՝ կդիրքավորվեր նրա ետևում, Վաղոյի ձայնը նոր թափ առավ․

Հա՛յ ֆիդայիններ, ջա՛ն, ֆիդայիններ,
Ձեր մայրերը՝ Ձե՛զ ղուրբան,
Մշո սուլթան Սուրբ Կարապետ՝
Ձեզի լինի՛ պահապան։

Միաժամանակ հնչեցին երկկողմ ուղղված կրակոցներ։ Սուլոցով ներս թափանցող գնդակները կոտրեցին տան ճակատային ապակիներն ու փշրեցին շարադարակների ամանաղենը։ Դևի գնդացրի կրակահերթը ստիպեց հակառակորդին ժամանակավորապես լռել։ Կռացած մոտենալով Գևորգին՝ հրամանատարը նրան հանձնեց երկու լիցքավորված փամփուշտալալ և ինքն էլ կրակային դիրք գրավելով՝ միացավ մարտին։
Վիլիսի ետևում դիրքավորված հակառակորդը նորից ակտիվացավ։ Առանց ետ նայելու՝ Գևորգը զգաց Վաղոյի ներկայությունը։ Քթի տակ երգելով՝ Վաղոն ոգևորություն բերեց իր հետ, ինչից էլ քաջալերված՝ Գևորգը նրան հանձնելով իր դիրքը՝ տեղափոխվեց կենտրոն։
Քառորդ ժամ շարունակվող փոխհրաձգությունը կողմերից և ոչ մեկին դեռ առավելություն չէր տվել։ Նախահարձակման համար երկու կողմերի համար էլ ուժերը քիչ էին։ Սպառվող զինամթերքի պատճառով հրամանատարի աչքերում անհանգստության կայծեր երևացին։
Այրող ծակոցը ձախ ձեռքի բազկին Գևորգին ստիպեց պառկել։ Հավաքելով ամբողջ քաջությունը՝ սկզբում շարժեց վիրավոր ձեռքի մատները, հետո դաստակն ու արմունկը։ Հրամանատարի աչքից չվրիպեց դա։ Փորսող տալով մոտենալով Գևորգին՝ հայրական հոգատարությամբ շոյեց ճակատը։
-Քերծվածք է հրամանատար, ուշադրություն մի դարձրու,-ժպտալով ասաց Գևորգն ու վերադարձավ իր կրակակետին։
Դևի գնդացիրը լռեց։ Հրամանատարը, նրան հանձնելով վերջին փամփշտակալը, սենյակ գնաց։ Վաչոյի, Դևի և Գևորգի չդադարող կրակոցները ստիպում էին հավատալ, որ մարտը դեռ շարունակվում է։
Վիլիսի ետևից կարճ կրակահերթեր լսվեցին, բայց այս անգամ ոչ թե տան, այլ փողոցի ուղղությամբ։ Տագնապահարույց նույն միտքը շամփրեց բոլորին այնպես, որ հասկանալով չասվածը՝ մի մարդու նման շտապեցին սենյակ։ Ինչպես և ենթադրում էին, հրամանատարն այնտեղ չէր։
Մեռած ու մութ գյուղի փողոցում մի նոր մարտ էր սկսվել հրամանատարի, և հակառակորդի զինվորների միջև։ Հրամանատարի պողպատյա խստությունն ու հրամանները չքննարկելու ոսկե կանոնը հայտնի էր տղաներին, բայց այս անգամ նրանք զղջացին, որ նրան մենակ էին թողել։
Հեռացել էր ետնադռնով և, հակառակորդին հանելով իր դեմ, հնարավորից անհնարինն էր անում փրկելու համար ջոկատը։ Այդ նույն ետնադռնով էլ առաջինը դուրս եկավ Դևը, հետո Վաչոն ու Գևորգը։ Չնայած մթությանը, արագ կողմնորոշվելով արքայանարինջների այգում՝ անցնան ցանկապատը և մտան փողոց։
Նռնակի պայթյունից փողոցը լուսավորվեց։ Վիլիսն էր այրվում։ Ամբողջ շրջակայքը ծխի մեջ էր հայտնվել։ Մեքենայից ելնող կարմիր բոցերին հաջորդեց երկրորդ պայթյունը։ Բենզաբաքն էր, որից արտահոսող հրավառ վառելիքը լուսավորեց շրջակայքը։ Մեքենայի ետևից գոռոց լսվեց։ Վիրավորին հատուկ ձայն էր, որ ուրիշ բանի հետ երբեք չես շփոթի։ Ցավը, մահն ու լացը այս պատերազմում նույնն էին երկու կողմերի համար։
Դևը, վիլիսին մոտենալով, նկատեց հակառակորդի երկու զոհերին։ Երրորդը նահանջել էր։ Երեսնիվայր, հարևան տան բակում ընկած հրամանատարին գտավ Գևորգը։ Մեքենայի վրա նռնակը նետելիս չէր հասցրել պատսպարվել։ Մահացու անքնությունից ուժասպառված ու վիրավոր, հրամանատարն արել էլ անհնարինը։
Ինչ-որ տան բակից աքաղաղի ծուղրուղու լսվեց։
Առաջինը երերաքայլ մոտեցավ Վաչոն։ Նրա մեկնած ջրով Գևորգը թրջեց հրամանատարի դեմքն ու խիտ մորուսի միջով լցրեց շուրթերին։ Հրամանատարը չէր շարժվում։
Երևաց նաև Դևը՝ որպես ռազմավար իր հետ բերելով երկու ինքնաձիգ ու մի զրզհաբաճկոն։ Վաչոյի օգնությամբ Գևորգն ուսերին առավ հրամանատարին, ինչից հետո շտապեցին հեռանալ գյուղից։
Մթությունը Գևորգին այնքան ծանր թվաց, որ մտածեց գիշերն այս երբեք չի ավարտվելու։ Ուզեց նայել Ռազմիկի ժամացույցին, բայց քանի որ երկու ձեռքերով ուսերին էր սեղմել հրամանատարին, չհաջողվեց։
Ոտքերը քերող սապոգների ցավից ճանապարհը սկսեց ավելի երկար թվալ։ Առջևից քայլում էր Դևը, և երբ որևէ խոչնդոտի էր հանդիպում, զգուշացնում էր ետևից եկող ընկերներին՝ սպասելով, մինչև կհավասարվեն իրեն։ Ամպերի տակից տեղ-տեղ երևում էր լուսինը։ Մոտակա դաշտերից լսվող ծղրիդների ձայնին հանկարծ խառնվեց մեղմիկ մի երգ․

Երազ իմ երկիր հայրենի
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր։

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի
Հայրենի երկիր,
Հայաստան։

Գևորգն էր երգում։ Քայլում էր հրամանատարին ուսին առած ու երգում այնքան քաղցր, որ Վաչոյի աչքերը լցվեցին, իսկ հրամանատարը՝ գիտակցության գալով՝ ասաց․
-Ա՛յ տղա, դու էսպես երգել գիտեիր ու մինչև հիմա լռում էի՞ր։
Բոլորը կանգ առան։ Հեռվում՝ համատարած խավարի մեջ, աղոտ մի լույս նկատվեց։
-Մեր դիրքերն են։ Շուտով տեղ կհասնենք,-ասաց Գևորգը այնպիսի վստահությամբ, որ Վաղոն ոգևորված ծափ տվեց։
-Հա՛, բան չմնաց տղերք,-Գևորգի ասածին հավելեց հրամանատարը,-քիչ էլ, ու տեղ կհասնենք։
Մթության մեջ առկայծող լույսը ոգևորության նոր շունչ հաղորդեց ջոկատին։ Հրամանատարը, հենվելով Գևորգի ուսին, սկսեց ինքնուրույն քայլել։ Վաչոն, անտեսելով ցավը, սկսեց անեկդոտների շարքը։ Գևորգը ծիծաղեց, այնքան լիաթոք ու զնգուն, որ թվաց ջոկատին մի նոր մարդ է ավելացել, որին դեռ չեն հասցրել ճանաչել։
Գևորգը նոր երգ սկսեց, որին շշուկով միացան հրամանատարն ու Վաղոն։
Միայն Դևն էր լուռ, նա ոչ մի կերպ չէր չկարողանում ուրախանալ այն հեռավոր լույսով, որն ընդամենը մի աստղ էր։

Դեկտեմբեր 2023

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *