Նարինե Ապոյան | Քաղաքը չի մոռացել քեզ.

Քաղաքը չի մոռացել քեզ…

Քաղաքը,
ուր վաղուց ո՛չ ոք չի ապրում,
քո մասին հեքիաթ է պատմում մայթերին,
որտեղ քեզնից հետո անձրևները չեն դադարում,
իսկ խաղաղության մասին մոռացած աղավնիներին ագռավներն են բերում.

Այս քաղաքում ձիթենիներ չեն աճում…

ու ճանապարհները,
որոնք մոռացել են ոտնահետքերդ,
վաղուց չեն հատվում իրար ո՛չ մի խաչմերուկում…

Այս համատարած դատարկության մեջ միայն լռությունն է արձագանքում ու դիպչում է շենքերի բետոնե պատերին,
արտասուք դարձած՝ գլորվում է աշխարհի աչքերից
ու հեղեղ դառնում դեպի քաղաքի սիրտը,
ուր բոլորը լքե՛լ են իրար.

Ուր բոլո՛րը պարտաճանաչ լքու՛մ են իրար այսօր.
վաղը ուշ կլինի…

Քաղաքը,
որը էլ չկա՛,
սպասում է քեզ նու՛յն համառությամբ,
ինչով որ պատերազմ սկսեց խաղաղության դեմ
ու տանուլ տվեց քեզ ժամանակին…

այստեղ ամենուր սպանված դիակնե՛ր են,
քայլող արկե՛ր
ու նորածիններ,
որ մեռած են ծնվել…

Այս քաղաքում
գիշերը ոռնում է լիալուսնին

ու մեկը,
ով միշտ սպասում է քեզ…

 

***

Քաղաքը,
ուր ոչ ոք քեզ չի մոռացել,
դատարկվել է սիրուց…

Քաղաքի մայթերը հազիվ քարշ են տալիս գոյությունս դեպի տուն,
ու այստեղ ամենալավ ճանապարհը տուն տանողը չէ՛…

Այս քաղաքում,
ուր վաղուց ոչ ոք չի ապրում,
մարդիկ ապրում են միասին, բայց օտար են իրար…

Այստեղ քնում են իրար հետ ու երազում ուրիշի մասին…

Խեղդելու չափ ամուր գրկում են իրար ու ձևացնում են,
թե քնել են…

Քաղաքը քո կարիքն ունի.
այստեղ կարոտից ցերեկները փախչում են փողոց,
որ չխելագարվեն,
գիշերները լաց են լինում խելագարվելուց,
իսկ առավոտները ձևացնում են,
թե լավ են քնել,
որովհետև այստեղ բոլորը սովորական դավաճաններ են,
որ ստում են անկեղծորեն ու հավատում են իրար…

Այս քաղաքում վաղուց ոչինչ չի ծնվել,
բայց ամեն օր մեկը մեռնում է սիրուց՝ առանց հրաժեշտ տալու.
հրաժեշտները լքելու համար են,
բայց այստեղ չկան հեռացումներ՝
ո՛չ մնում են
ո՛չ գնում,
ո՛չ պահում են իրար,
ո՛չ բաց թողնում…

Այստեղ պարզապես անսովոր կարոտում են սովորական մարդկանց…

Այստեղ՝
այս քաղաքու՛մ, ամեն ինչ ուրիշ է,
ինչպես մենք՝ երեկ,
ես՝ այսօր,
դու՝ միշտ,

իսկ ամենալավ ճանապարհը՝ քեզ մոտ բերողը…

 

***

Այս քաղաքում,

ուր պատմական ժամանակներ ենք ապրում,
ուր այլևս հույս չկա ապրելու
ու չկա հենման կե՛տ,

ես հավաքում եմ իրերս,
որ տեղաշարժվեմ A կետից պայմանական B կետ,

որովհետև խնդիրը շատ արագ էինք համառոտագրել,
որովհետև հե՛շտ լուծում գտանք,
դրա համար պետք չեկա՛ն մաթեմատիկական մեր գիտելիքները.

հավասարումներ չկազմեցի՛նք,
չգումարվեցի՛նք,
ո՛չ էլ բազմապատկվեցինք.

հանեցի՛նք
ու՜…
պատասխանը հստակ էր.

բաժանվեցի՛նք…

…այս քաղաքում,
ուր մարդիկ շատ հեշտ են թողնում իրար,
ես դժվար թե կարողանամ քեզ պահել փակագծերում,
իսկ ես
վաղու՛ց հատել եմ կարմիր գիծն
ու՜…
ընկել լուսանցքներից՝
խծկելով քեզ բառերիս մեջ ու թաքցրել տողատակերում …

Սարսափելի է…

բայց դու լավ մնա,
սեր ի՜մ,

լավ եղիր…

ես անաստված եմ, բայց դու եղիր,
Աստվա՛ծ սիրե՜ս…

եղիր,
որ ապրեմ…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *