Էդվարդ Ստախուռա(Ստեդ) | Աշուն

Աշուն

Սուզվել սուզվել
խարտյաշ այգիներում աշնան
ու պոկել տերևներն հատ – հատ
ինչպես ժամերը գոյության

Քայլել ծառից ծառ
ցավից դեպի ցավը կրկին
լուռ քայլով տառապանքի
որ քնից չհանեմ քամուն

Եվ պոկել տերևներն առանց ափսոսանք
ժպիտով տաք ու տխուր
իսկ փոքրիկ տերևը վերջին
թողնել մեկ ուրիշին ու մեռնել

 

Իջնում է մշուշը

Իջնում է մշուշը, ու քաղաքն արթնանում է քնից,
Lեռան վրայով ծլկում է գիշերը։
Մեկը լուռ սպասում է մյուսի վերադարձին։
Քայլից ավելի մոտ են աստղերը։
Շունը թափառում է պատերի տակ անտուն,
Մեկի կարոտը տարածվում է աշխարհի չորս կողմը։
Իսկ Երկիրը գլորում է, գլորում է իր սիրուն կուզը,
Գլորվում, գլորվում է ճակատագիրը։
Դու, որ լալիս ես, որ ինչ-որ մեկը կարողանա ծիծաղել,
-Բավ է արդեն։
Վանիր սև մտքերը։
Բավ են արցունքներդ,
Թող ամենը կորչի մշուշում,
Զի բարձրանում է նոր օրը,
Օրը նոր։
Գաղջ քնից արդեն հառնում է քաղաքը,
Ու ծագում է արևը հեռվում,
Տրամվայն է ծաղկել հանց վարդ կանգառում․
Ընկնում են ստվերները դարպասներին։
Քաշում են իրենց սայլերը – սայլերը կաթի․
Տանիքներին փռված են ջահելների երազներն անուրջով լի,
Իսկ Երկիրը գլորում է, գլորում է իր սիրուն կուզը,
Գլորվում, գլորվում է ճակատագիրը։
Դու, որ լալիս ես, որ ինչ-որ մեկը կարողանա ծիծաղել,
-Բավ է արդեն։
Վանիր սև մտքերը։
Թող կեղծ հայացքը։
Թող այդ ամենը գիշերը տանի։
Զի բարձրանում է նոր օրը։
Բարձրանում է նոր օրը։
Օրը նոր։

 

Կյանքը թատրոն չէ

Կյանքը թատրոն է, – ասում ես ու պատմում հար։
Կյանքը միայն գունագեղ դիմակահանդես է մի։
Ամենը զվարճանք է, ամենը խաղ։
Փակ ու բաց դռների առաջ – մի խաղ։
Կյանքը թատրոն չէ,- ասում եմ քեզ ես։
Կյանքը միայն գունագեղ դիմականդես չէ մի։
Կյանքը սարսափելի է ու նաև հիասքանչ։
Ամեն ինչ խամրում է նրա դեմ, խամրում է անգամ ինքը մահը։

Ես ու դու թատրոններ ենք երկու, ես ու դու։
Դու, դու չես թափի իրական գեթ մի արցունք։
Դու միայն բարձրացնում ես հոնքերդ վեր,
Անգամ երբ վատ ես զգում, դա վատ չէ,
զի խաղում ես դու։

Ես հոգի ունեմ հավերժ ուսերիս վրա,
Շինված եմ ամբողջ վերքերից,
Բայց հաշմանդամը ես չեմ, այլ դու,
Զի խաղում ես դու։
Վաղը խրախճանք է նկարիչների մոտ․ դու էլ կգաս։
Կլինեն շատ հյուրեր, աննահանջ հետևակներ։
Ֆլիրտ ու ալկոհոլ, կարող է պարեր էլ լինեն։
Դռները կբացվեն, հետո կփակվեն, դե բարև ձեզ․․․

Կլինեմ այդտեղ մի պահ, մինչ կթեժանա մթնոլորտը։
Օղի կխմեմ մի 2 բաժակ, հետո լուռ կհավաքվեմ։
Դուրս կգամ փողոց, կթրջեմ շատրվանում ճակատս։
Կելնեմ բաց տարածություն, կստեղծեմ հիանալի մի բանաստեղծություն։
Ես ու դու թատրոններ ենք երկու, ես ու դու։
Դու, դու չես թափի իրական գեթ մի արցունք։
Դու միայն բարձրացնում ես հոնքերդ վեր,
Անգամ երբ վատ ես զգում, դա վատ չէ,
զի խաղում ես դու։
Ես հոգի ունեմ հավերժ ուսերիս վրա,
Շինված եմ ամբողջ վերքերից,
Բայց հաշմանդամը ես չեմ, այլ դու,
Զի խաղում ես դու։

 

Կերպարանափոխություն

Լեռը
ճեղքում էին ամպերը սև
ու սևին տալիս ավելի
ինչպես ահեղ երամակները փռյուգիական ձիերի
մինչև որոտը
շանթեց դեռ անավարտ պատկերը
ու ընկավ բնորդը
գլուխը կախ
կտավի մեջ
ու բարձրացավ
դեռ տաք ուրվագծերում
հանկարծակի փայլատակման

Առավոտ էր
և դու ժպտում էիր ինձ դիմանկարից

 

Ո՞վ էր այն տիկինը գեղեցիկ…

Ո՞վ էր այն տիկինը գեղեցիկ, որ այս գիշեր այցելեց ինձ մենությանս մեջ։
Ոչ ոք չգիտի ճամփաներն աստղերի․
Ո՞վ է ընտրյալը մեր մեջ։
Մեկը թակեց դուռը․․․
Հյու՞ր ունեմ։

Թափառում էի ստվերի պես,
Սպասում էի այս օրվան ես․
Դու կագնած ես դռների միջև․․․
Ինչպես մի տարօրինակ թռչուն։

Ուրեմն շատ եմ խնդրում, ներս արի,
Նստիր այստեղ, հարմար տեղավորվիր,
Եվ ասա ինձ՝ ով ես դու,
Մադամ,
Կամ էլ մի՛ ասա ոչինչ,
Ավելի լավ է չխոսենք բնավ։

Ամաչկոտ սահում է լուսաբացը,
Կանգնեցնել կուզեի ժամանակը։
Ավաղ, այլ է ամենը․
Ժամանակը պիտ հար վազի․․․

Մի տեղ հեռվում կանչեց աքաղաղը,
Մոդայիկ չէ հագուստը քո,
Կանգնած ես արդեն դռների միջև․․․
Ինչպես մի տարօրինակ թռչուն։

Ի վերջո պիտի գնաս,
Ու շեմից ուղարկում ես ինձ
Հպանցիկ ժպիտը քո,
Մադամ․․․

Բայց կսպասեմ, արի,
Երբ ուզես, արի,
Կապրենք միասին,
Ես կսպասեմ, արի,
Դու հենց ուզես, արի։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *