
Ասես հատուկ պայմանավորվածությամբ՝ մեր բոլոր ընկերուհիները հաջորդաբար բաժանվեցին մեզնից: Մեզնից, այսինքն՝ ինձնից, Ծեր Թռչնից, Լի Դունից ու Չժաո Սյաոսիից:
— Թող հեռանան, եթե ուզում են, — ասաց Ծեր Թռչունը: — Ո՞նց կարող է նորը գալ, եթե հինը չի հեռացել:
Լի Դունը փոքր-ինչ տխուր էր և ասաց․
— Էդպես մի՛ ասա, Թռչուն, ես դեռ սիրում եմ նրան:
Էդ տղան էնքան զզվելի էր: Ինչ էլ որ լիներ, միշտ լեզվի ծայրին սերն էր, միշտ դրա մասին էր խոսում: Չժաո Սյաոսին ոչինչ չասաց: Պարզապես շարունակում էր խմել:
— Դե՛, մի բան ասա՛:
Լի Դունը ձեռքը դրեց նրա ուսին և թեթևակի թփթփացրեց, բայց չէր սպասում, որ նա գլուխը կկախի ու կսկսի հեկեկալ: Մենք նրան երբեք չէինք տեսել էդպես լաց լինելիս: Դեռ երեխա ժամանակվանից գիտեինք մեկս մյուսիս: Միայն մի կարճ ժամանակ բաժանվեցինք, երբ գնացի սովորելու: Ծեր Թռչունն ու նրա հայրն աշխատում էին գնացքների վրա: Լի Դունը թափառում էր փողոցներում, մինչև որ էդպես թափառելով ուղիղ բանտ ընկավ մի քանի տարով: Բոլորիցս միայն Չժաո Սյաոսին էր մնում տանը: Երբ վերադառնում էինք մեր փոքրիկ քաղաք, զգում էինք, որ մեր մեջ ամենաբախտավորը Չժաո Սյաոսին է: Ապա նայեք մեզ: Մենք էդպիսի շրջապտույտներ էինք կատարում, որպեսզի բոլոր դեպքերում ետ վերադառնայինք:
— Մենք՝ տռաններս, բացի դատարկ բաներից, ոչնչի չհասանք:
Երբ ասում էր՝ Ծեր Թռչնի աչքերը թափառում էին Չժաո Սյաոսիի ընկերուհու մարմնի վրա: Էդ օրը մենք Չժաոյին հարբած գտանք, կատակներ խաղացինք նրա գլխին ու վարտիքը ցած քաշեցինք, ճիշտ էնպես, ինչպես անում էինք, երբ փոքր էինք: Չժաոյի ընկերուհին նեղացավ մեզնից:
— Նրանք իմ եղբայրներն են, իմ լավ ընկերները, — ընկերուհուն ասաց Չժաոն:
— Նույնիսկ ամենալավ ընկերները չպետք է էդպիսի բաներ անեն, — ասաց նրա ընկերուհին զայրույթից կարմրատակած աչքերով:
Դրանից հետո մենք մեր մեջ մտածում էինք, որ Ծեր Թռչունը ձեռ էր գցել Չժաոյի ընկերուհուն: Իհարկե, դա պարզապես ենթադրություն էր:
Մի բան կարող եմ հաստատ ասել՝ իմ ու նրա միջև բան չէր եղել:
Ծեր Թռչնի հայրը կարծում էր, որ մենք արժանի ենք էդ ամենին: Նա դա ասաց ուղիղ մեր երեսին և նույնն ասաց նաև մեր հայրերին: Հոր համար Ծեր Թռչունը լավ երեխա էր, բայց մենք փչացրել էինք նրան: Սկզբում նա մեզ ասաց.
— Էն մի քանի տարին, երբ գնացած էիք, Ծեր Թռչունն անում էր, ինչ ասում էին: Ամեն օր զարթնում էր լուսաբացից առաջ: Եվ երբ ես վեր էի կենում, ամեն ինչ պատրաստ էր գնալու համար: Նույնիսկ մեքենան էր տաքացված լինում: Հենց ետ եկաք, Ծեր Թռչունը փոխվեց, դարձավ վատը: Գիշերը չէր քնում, օրվա ընթացքում չէր զարթնում: Լավ, էդ ի՞նչ եք մտքներիդ դրել:
Հա, ի՞նչ էինք անում մենք: Ամեն օր, երեկոյան կողմ, մեզնից մեկը զանգում էր մյուսներին: Ի՞նչ էինք անում: Ոչինչ: Մաջո՞նգ էինք խաղում (մաջոնգ կամ մացզյան- չինական մոլեխաղ՝ զառերով – Ծ. Թ.): Այդ օրերին մեր բախտը չէր բերում: Գնա՞նք Փոքր Հոնկոնգ: Ոչ մի դեպքում: Վերջին անգամ աղջիկներն էդտեղ փչացրին իմ ախորժակը, և հիմա ամեն անգամ, երբ մտածում եմ էդ մասին, ուզում եմ ետ տալ: Քա՛ք է: Ոչինչ իմաստ չունի: Ի՞նչ եք ուզում անել: Ոչինչ չէինք ուզում անել: Պարզապես ուզում էինք սպասել: Գրո՛ղը տանի: Բա մի բան չպե՞տք է անենք: Գրո՛ղը տանի: Ի՞նչ ես առաջարկում: Ես էլ չգիտեմ: Դո՛ւ որոշիր: Քաք վիճակ: Ուրեմն առաջինը դուրս արի: Դուրս գանք, հետո կքննարկենք: Բոլորի՞ն ես կանչել: Լավ: Եղավ: Մեկ վայրկյանից էնտեղ կլինեմ, նույն տեղում, կամ կլինես, կամ կկորցնես: Մի բան պետք է անեինք: Դրա համար էլ մաջոնգ էինք խաղում՝ խնդիրը քննարկելիս: Ինչ էլ որ անենք, դա պետք է մի մեծ բան լինի, ասում էր Ծեր Թռչունը: Եկեք կարաոկե բար բացենք: Արագ փող կբերի: Կարաոկե բարը պետք է ետնաբեմ ունենա, գիտեք դա: Դե, ուրեմն, ածուխ քանդենք հանենք ու ծախենք, ասում էր Ծեր Թռչունը: Վա՛յ, քո՛ւ… Լրիվ էներգիան ունեք, բայց օգտագործելու ոչ մի տեղ չկա:
Երբ որ քննարկում ենք, թե ինչ անենք, բոլորս էլ փորձում ենք ինչ-որ բան ներկայացնել: Մենք պետք է ավելի ողջամիտ ծրագիր ներկայացնենք, ասում էր Չժանը: Էդ տղան միշտ իրեն ղեկավարի տեղ է դնում: Էս ծրագիրը, էն ծրագիրը: Հայրը նրան հարցնում էր՝ դո՛ւ, փոքրիկ քաքլան, ամեն օր ծրագիր ես ծամում, բայց երբեք չեմ տեսել, որ դրանցից մեկը կուլ տաս, էլ չեմ ասում, որ դուրս հանես:
Մի անգամ մենք գրեթե մտածում էինք, որ ունենք ծրագիրը: Դա ուղիղ մեր առջև էր: Լի Դունի խցակիցներից մեկը մի օր անսպասելի զանգ տվեց նրան:
— Հարստանալու մեծ հնարավորություն կա, — խորհրդավոր ասաց նա: — Համաձա՞յն ես, թե՞ չէ:
Լի Դունը հենց որ լսեց, անկողնուց դուրս ցատկեց:
— Բա՛րձր խոսիր: Ի՞նչ հնարավորություն: Հենց հիմի էդտեղ կգանք:
Տղան ասաց՝ եկեք, կխոսենք: Դրանից հետո Լի Դունն անհետացավ ավելի քան մեկ շաբաթ: Հետո ամեն մեկիս առանձին-առանձին զանգ տվեց ու ձայնի նույն խորհրդավոր տոնով ասաց՝ մեծ փողեր աշխատելու հնարավորություն կա, համաձա՞յն եք, թե՞ չէ: Հենց որ լսեցինք, անմիջապես շտապեցինք էդտեղ: Ծեր Թռչունը նույնիսկ փող ճարեց իր ծերուկից:
— Էս անգամ ես փողը կշատացնեմ, — ասաց հորը: — Լի Դունն արդեն արել է դա: Եթե նորից ետ ընկնեմ, գնացքը բաց կթողնեմ:
Նրա հայրը վերջապես համոզվեց: Բայց ասաց․
— Տղաս, թույլ չտաս, որ քեզ վաճառեն, բայց մտածեն, թե լավություն են անում:
Ծեր Թռչնի հայրն էդպես խոսելու հիմքեր ուներ: Լի Դունը վատ համբավի տեր էր: Դա, իհարկե, հասկանալի է, քանի որ բանտում էր եղել: Ծեծկռտուքի պատճառով էր բանտարկվել, և դա է՛լ ավելի հասկանալի է: Ծեր Թռչունը հաճախ էր հարցնում Լի Դունին՝ ամեն դեպքում, քանի որ բանտում ես եղել, ինչո՞ւ չգնաս Բանիի մոտ: Լի Դունը պատասխանում էր՝ գրողը տանի, էնպես չի, որ ես չեմ ուզում, ի՛նքը չի թողնում ինձ: Վերջիվերջո, բանտ էիր ընկնելու: Ծեր Թռչունը փոքր-ինչ բթամիտ է: Մտածում է, որ եթե Լի Դունը, այնուամենայնիվ, բանտ է ընկել, նրա համար լրացուցիչ պարգև կլինի, եթե քնի Բանիի հետ: Բանին մեր ավագ դպրոցից էր, գեղեցիկ էր և բոլորին դուր էր գալիս: Բայց Բանիի հայրը շատ տաքարյուն բնավորություն ուներ: Ով Բանիին մոտ գնար, նրան էր պատասխան տալու: Եվ նա ուղղակի շան ծեծ էր տալիս էդպիսի մեկին: Լի Դունը բացառություն էր, և Բանիի հայրը նրա հետ լավ էր: Մենք կարգին չէինք հասկանում, թե, անկեղծ ասած, ինչու էր էդպես, չէ՞ որ Լի Դունն էդքան գեղեցիկ չէր, ոչ էլ ունևոր ընտանիքից: Էդպես չպետք է լիներ: Հետո պարզեցինք, որ Լի Դունն ինչ-որ բան ուներ Բանիի հոր հետ կապված: Թե ինչ էր դա, Լի Դունը երբեք չէր ասում: Մենք էդ մասին երկար ժամանակ մտածեցինք, բայց ոչ մի եզրահանգման չեկանք:
Փոշեխառն մազերով՝ նետվեցինք առաջ, որ հանդիպենք Լի Դունին, իսկ հետո նույն արագությամբ ետ եկանք: Ետդարձի ճանապարհին Լի Դունին դուրս գցեցինք մեքենայից: Լրիվ շվարած՝ Լի Դունն ասաց՝
— Դուք էլ, տղերք, ոչ մի բան չեք կարող անել: Չեք կարողանա էս փոսից դուրս պրծնել:
— Ձենդ կտրի՛, ապուշ, — ասաց Ծեր Թռչունը: — Էլ սրանից հետո հերս մեզ չի հավատա: Եկեք ձևացնենք, թե ճամփորդության ենք մեկնել, լա՞վ:
— Արդեն էսքան տարիքով ենք, բայց երբեք ճամփորդության չենք մեկնել, — ասաց Լի Դունը, — ուղղակի հանգստանալու համար:
— Արդեն էսքան տարիքով ենք, բայց երբեք ճամփորդության չենք մեկնել, — ասաց Լի Դունը, — ուղղակի հանգստանալու համար:
Մեր ետ գալուց հետո, ոչ մեկին ոչ մի բառ չասացինք, թե ինչ էր եղել, բայց ինչ-որ կերպ հայտնի էր դարձել, և երբ մարդկանց հանդիպում էինք, նրանք ծիծաղից փորներն էին բռնում: Բանիի հայրն ամենաբարձրն էր ծիծաղում: Նա փռթկաց և գարեջուրը գետնին թափեց, հետո ասաց Լի Դունին՝
— Լսել եմ, որ մեր Լին ու իր ընկերները մեծ հաջողության են հասել:
Լի Դունը ձևացրեց, թե պետքն էլ չէ, և ասաց՝
— Ուղղակի ծրագիր ենք քննարկում:
Բանիի հայրը խեղդվելով քրքջաց ու հարցրեց՝
— Մե՞ծ ծրագիր:
Լի Դունն ասաց՝
— Կարող է և՝ էդպես:
Մեկս մյուսիս ետևից՝ սկսեցինք քաշել Լի Դունի շորերից՝ վերջ տուր, բոլորն էլ գիտեն, որ հարիֆի ենք քաշվել բազմամակարդակ մարքեթինգում:
Էդ օրը Չժաո Սյաոսին լալիս էր անվերջ, ամբողջովին չափն անցնելով: Բոլոր մեր ընկերուհիները փախել էին: Ինչո՞ւ պիտի էսպիսի դրամայի առաջ կանգնեինք: Փորձեցինք նրա հետ ինչ-որ բան մտածել, մինչև տեսնեինք, թե ինչ ենք անում: Լի Դունն ասաց՝ եկեք պարզապես գնանք մաջոնգ խաղալու: Ծեր Թռչունը, որ կանխիկ փող չուներ, ուղղակի խենթացավ:
— Մի քիչ պարտքով կտամ, — ասաց Լի Դունը:
Ծեր Թռչունն ասաց՝
— Ես ոչ մի բան պարտքով չեմ վերցնում:
— Գնա՛, քո՛ւ… — ասաց Լի Դունը, — ես չեմ էլ ուզում քեզ բան տալ:
Բա հիմի ի՞նչ ենք անելու: Թափառել էինք քաղաքի արևելյան ծայրից մինչև արևմտյան ծայրն ու ետ եկել: Բայց միայն գարեջուրն էինք շատացրել, որի ճղփոցը լսվում էր մեր փորերի մեջ: Վերջապես նստեցինք խորովածանոցի մոտ, Կենտրոնական հրապարակի շատրվանի հարևանությամբ, լրիվ ուժասպառ եղած: Եկեք մի բան ուտենք: Գոնե մի քիչ կհանգստանանք:
Չժաո Սյաոսին արդեն հանդարտվել էր և լուռ ուտում էր ոչխարի մսով քյաբաբը: Էնպիսի տեսք ուներ, ասես երեք օր ոչինչ չէր կերել: Շամփուրը ձախ ձեռքին, մի շամփուր էլ աջ ձեռքին, բերանն էլ՝ լիքը:
— Սյաոսի՛, — գոռացինք վրան:
— Հըկմ, — արձագանքեց՝ առանց նույնիսկ գլուխը բարձրացնելու:
— Վա՛յ, քո՛ւ… Սյաոսի՛, — Լի Դունը սկսեց հայհոյել նրան, — չպրծա՞ր… Էդ ի՞նչ դառավ, հիմար մի կնիկ է, էլի…
Սյաոսին բառ անգամ չասաց, շարունակեց ուտել: Լի Դունին նշան արեցինք, որ ձենը կտրի:
— Ավելի լավ է՝ միայն կեր, — ասաց Ծեր Թռչունը: — Խնդրեմ: Կեր:
Լի Դունն իր բաց ձեռքը պարզեց դեպի Ծեր Թռչունը՝
— Ձեր հիմա՛ր ծնողը… ախմա՛խ գլուխներ:
Ճիշտն ասած՝ էդ երեկո հեչ ծեծկռտուքի տրամադրություն չունեի: Բայց գիտեմ՝ Լի Դունը կռվել էր ուզում: Էդ քաքոտ լակոտը մեր միջի ամենակռվարարն էր: Ինձ հետ էլ էր կռվել, Ծեր Թռչնի հետ էլ, և եթե Սյաոսին հետը գլուխ դներ, նրան էլ կծեծեր: Վատն էն էր, որ նույնիսկ նախքան Լի Դունի հրահրելը, Սյաոսին նյարդայնացած էր, իրեն կորցրած, և խառն աշփոթն սկսվելու էր: Լի Դունը հաճախ ասում էր՝
— Սյաոսի, Սյաոսի, կռվի՛ր ինձ հետ:
Էլի ասաց: Սյաոսին հարցրեց՝
— Ինչո՞ւ:
Լի Դունն ասաց՝
— Ուղղակի կռվիր մի անգամ, որ սովորես դրան:
Չժաո Սյաոսին ասաց՝
— Ոչ մի դեպքում:
— Եթե չկռվես, ո՞նց ես իմանալու:
Լի Դունն էր հարցնողը:
— Ուղղակի գիտեմ, — ասաց Սյաոսին: — Ամեն ինչ բոլորի համար նույնը չէ: Կռիվն ինձ համար ոչ մի հարց չի լուծի:
— Թո՛ւ, — ասաց Լի Դունը:
Չժաո Սյաոսին ասաց՝
— Գնա կռվիր Ծեր Թռչնի հետ:
— Ուզում եմ քացով ոռիդ խփել, — ասաց Լի Դունը:
Չժաո Սյաոսին կրկնեց՝
— Ես քեզ հետ չեմ կռվի:
— Իսկ եթե ես ուզո՞ւմ եմ կռվել:
— Ես էլ կփախչեմ:
— Բա որ չկարողանա՞ս հեռու փախչել:
— Ես էլ քո խփածին չեմ պատասխանի:
Լի Դունը ոտքի կանգնեց, բռնեց և քաշեց Սյաոսիի ուսերից, նայեց դեմքին ու հարցրեց՝
— Սյաոսի, եթե էդ բանն անեմ ընկերուհուդ հետ, կկռվե՞ս հետս:
Սյաոսին պաշտպանություն խնդրող հայացքով նայեց ինձ ու Ծեր Թռչնին: Մենք չտեսնելու տվեցինք:
— Հետս կռվելո՞ւ ես, թե՞ չէ: — Լի Դունը պահանջելով հարցրեց:
— Չէ՛: — Պատասխանեց Սյաոսին:
— Ինչո՞ւ:
— Որովհետև դու նրա հետ չես եղել:
— Քո՛ւ…, — ասաց Լի Դունը, — եղե՛լ եմ: Ի՞նչ ես ասում, հետս կռվելո՞ւ ես, թե՞ չէ:
Սյաոսիի արցունքներն սկսեցին անմիջապես հոսել, հետո սկսեց անհույս հեկեկալ: Լի Դունը թողեց նրան և նստեց գետնին: Վերջապես ոռը գետնին դրեց:
Մենք մի տեսակ էինք մեզ զգում, որ Սյաոսիի ընկերուհին՝ Սյաո Ման, ավելի սիրուն էր, քան մեր ընկերուհիներից որևէ մեկը: Ամեն անգամ, երբ նրանք երկուսով երևում էին, Ծեր Թռչունը ձեռքով խփում էր բերանին, կարծես բերանի մեջ ճանճ լիներ: Իսկ Լի Դունը միշտ ասում էր՝ գրողը տանի, թրիքն է գալիս՝ վրան թարմ ծաղիկներ: Սակայն, բարեբախտաբար, թեև Սյաո Մային տհաճություն պատճառեցինք, երբ առաջին անգամ նրան տեսանք, բայց հենց որ մեզ ճանաչեց, սկսեց շատ լավ վերաբերվել: Սլացիկ մարմնով և բարեկազմ ոտքերով էս աղջիկը երբ նստում էր մեր կողքին, ամեն մեկս խռովիչ ու հուզիչ մի զգացողություն էինք ունենում: Ամեն անգամ, երբ շատ խմելուց հետո Սյաոսին զուգարան էր գնում, Ծեր Թռչունն օգտվում էր առիթից և Սյաո Մային խնդրում էր՝
— Արի ինձ հետ, Սյաո Մա, Սյաոսիի հետ ապագա չկա:
Սյաո Ման նայում էր Սյաոսիի ետևից, հետո հարցնում՝
— Ի՞նչ ապագա կա քեզ հետ:
Ծեր Թռչունը նայում էր ինձ ու Լի Դունին և ասում՝
— Մենք հարստանալու ենք, ճիշտ չէ՞, Լի Դուն:
Լի Դունը, խմիչքը դեռ կուլ չտված, ասում էր՝
— Հաստատ, Ծեր Թռչուն, դու հարստանալու ես:
Սյաո Ման գլուխը ծաղրալից տարուբերում էր և ասում՝
— Խեղճ էշ, ապագադ շատ է գեշ: Եթե բոլորս նույն ցեխ ու կեղտի մեջ ենք, էլ ինչո՞ւ է Սյաոսին ձեզ համար անտանելի, փոխանակ ես լինեմ անտանելի:
Սյաո Ման էլ էր մի քիչ խմում: Էդ աղջիկն իրոք կարողանում էր խմել: Եվ նայում էր մեզ ու ասում՝
— Ուշ թե շուտ հեռանալու եմ Սյաոսիից:
Հենց էդպես էլ ասում էր՝ հեռանալու եմ Սյաոսիից: Հետո ավելացնում էր՝
— Ուշ թե շուտ բոլորիցդ էլ հեռանալու եմ:
Միայն Սյաո Ման չէր մեզ լքելու, մեր բոլոր ընկերուհիներն էին լքելու: Բոլորիս համար էլ պարզ էր: Բերանով ասում էինք՝ գնացեք, գնացեք, պետքներս էլ չի: Նույնիսկ երբ իսկապես հավաքեցին իրենց իրերը և դուրս եկան, մի մասը բարձրաձայն, մի մասն էլ կեղծ լաց լինելով, մի քիչ հենց էնպես արցունք թափելով, էլի նույնն ասացինք՝ գնացե՛ք, դո՛ւրս: Ոչ մի նոր բան չի գա, քանի դեռ հինը չի հեռացել: Էս բաների մասին մտածելիս գլխացավդ բռնում է, բայց դա հարցի լուծում չէ: Ի՞նչ էինք անելու: Լի Դունը հաճախ էր կրկնում՝ ի՞նչ ենք անելու: Գիտեինք ինչ նկատի ունի, և եթե դեռ ոչինչ չէինք անում, գուցե նրա համար, որ մեզ էլ էինք մոռացել, թողել մենակ:
Հիմա նստել էինք խորովածանոց-տաղավարի դիմաց, շամփուրները ձեռքներիս՝ ուտում էինք ոչխարի մսով քյաբաբը: Անվերջ դիմում էինք բադի լեզվի նման կոր հովարով գլխարկ դրած՝ խորովածանոցի երկար մորուք ունեցող տիրոջը, որ ավելի շատ պղպեղ տա: Մեզ շատ կծու պղպեղ ու չիլի է պետք, շատ գարեջուր է պետք, ուզում ենք շատ վառելիքով լցվել, շարունակել քրտնել՝ հույս ունենալով, որ դրանից մեզ մի քիչ ավելի վստահ կզգանք: Էսպիսի տոթ ու հեղձուկ կեսօրին կարճ տաբատով ու կարճաթև շապիկով էինք, ոտքներիս՝ չստեր, բոլորս էլ պատրաստ՝ շատ ուտելու և գարեջուր խմելու: Մեզնից հետո մեզ նման ուրիշ տղերք էին, բոլորն էլ մռայլված տեսքով:
— Տղե՛րք: — Հանկարծ Լի Դունը տեղից վեր ցատկեց: — Եկեք մի բան անենք:
Գլուխներս բարձրացրինք էդ ցնդածին նայելու, հետո էլի կախեցինք՝ սկսելով ուտել: Լի Դունը ոնց որ թե մի քիչ ավելի կերավ: Քաշեցինք, մինչև որ նորից նստեց:
— Նեղացե՞լ ես ինձնից: — Մի քիչ հետո Լի Դունը հարցրեց Չժաո Սյաոսիին: — Հետդ կատակ էինք անում:
Սյաոսին շարունակում էր իր համար գարեջուր լցնել, և եթե շարունակեր, նույնն էր անելու, ինչ անցած անգամ: Ործկալու էր ու ետ տար բոլորիս վրա: Էն ժամանակ մեր բոլոր ընկերուհիները դեռ մեզ հետ էին, չնայած տրամադրություն չունեին ու տարօրինակ հայացքով մեզ էին նայում: Գիտեինք՝ ինչ էին մտածում, բայց ուրիշ բան չէինք կարող անել: Մեր սրտերը լի էին ամոթով ու տխուր ափսոսանքով: Վերջին երկու ամսում նրանցից ամեն մեկն աբորտ էր արել: Բայց ուրիշ տարբերակներ էլ կային: Կարող էինք ամուսնանալ, օրինակ: Էդ դեպքում՝ տասն ամիս հետո կարող էի հայր լինել: Տղայիս կամ աղջկանս գրկած, կամ էլ բոլորով միասին… Ամեն մեկս կպարծենայինք մեր երեխայով, կամ էլ փոքրիկներից մեկը կնստեր հատակին ու կերգեր, կամ էլ կպարեր մեզ համար: Վատ չէր լինի:
Բայց մեր ընկերուհիներն ուրիշ ընտրություն կատարեցին: Առանց նույնիսկ քննարկելու մեզ հետ, առանց տատանվելու՝ գնացին հիվանդանոց, իսկ ետդարձի ճանապարհին էնպես զիլ էին լաց լինում, որ խելքներս կորցրինք: Ամեն ինչ փորձեցինք անել, որ հանգստացնեինք նրանց, բայց դա լրիվ անօգուտ էր: Վերջում իրենք իրենց հանգստացան:
Հիմա չորս կողմից մեզ էին նայում ու իրար հետ փսփսում: Մենք, մեզ լրիվ կորցրած, առիթ էինք փնտրում, որ դուրս գայինք ու զուգարան գնայինք: Երկար կանգնել էինք, ու մեր խմած գարեջուրը օվկիանոս էր դարձել մեր փորերի մեջ: Բաճկոններս բարձրացրինք վեր, բայց մեր փորերն առաջվա նման հարթ ու ողորկ էին:
— Տեկր Աստված: — Սյաոսին սկսեց գոռալ: — Էդ ամբողջ գարեջուրն ո՞ւր է չքացել:
Փորձեցինք ազատվել մեր բեռից, բայց անօգուտ: Երկար մնացինք զուգարանում: Եթե գարեջուր խմողների ամբոխի բարձր ու զայրացած ձայները չլինեին, որ մեզ հիշեցնում էին՝ դուրս գալու ժամանակն է, հավերժ կմնայինք զուգարանում, կծխեինք ու կզրուցեինք, կվայելեինք ներսի խաղաղությունը, որ դրսում չկար: Նորից ասելով, որ սա լուծում չէ, Լի Դունը ծանր ու տխուր ասաց՝ ի՞նչ ենք անելու:
Վերջապես Սյաոսին ոտքի ցատկեց և ասաց Լի Դունին՝
— Լի Դուն, սրիկա՛, չգիտե՞ս, որ ընկերուհուդ հեռանալը քեզ արժանի պատասխան էր:
Լի Դունն, արդեն հալից ընկած, ասաց՝
— Հա:
Սյաոսին ասաց՝
— Լի Դուն, քաքոտ լակոտ, ուզում եմ ոռիդ քացով տալ:
Խոսելու ժամանակ վեր քաշեց Լի Դունին՝
— Վե՛ր կաց:
Ծեր Թռչունն ու ես Սյաոսիին ասացինք՝
— Սյաոսի՛, նրան մի՛ զայրացնի: Դու նրա հետ չես կարող կռվել:
Չէինք սպասում, որ Սյաոսին կասի՝
— Էդ երկուսդ ձենները կտրե՛ք: Ձե՛զ էլ կսատկացնեմ, ոռի լակոտներ:
Էլ բան չասացինք: Մեզ մեղավոր էինք զգում: Գիտեինք, թե ինչու է իրեն էդպես պահում: Դրա համար էլ ասացինք՝
— Սյաոսի, մենք չենք արել էն, ինչ որ դու մտածում ես:
— Գնացե՛ք, ձեր տիրոջ…, — ասաց Սյաոսին, — կարծում եք ես ապո՞ւշ եմ: Նույնիսկ փակ աչքերով գիտեմ, թե ինչ եք մտածում:
Սյաոսիի կարծիքով՝ բոլորս եղել էինք իր ընկերուհու հետ: Ծեր Թռչունն ասաց՝
— Սյաոսի, ախմախ բաներ մի՛ ասա, մենք բոլորս մեր ընկերուհիներն ենք ունեցել: Մե՛ր հարցերը չէինք կարողանում լուծել, ի՞նչ կարիք կար քո հարցն էլ ավելացնել:
— Ծեր Թռչուն, ինձ համար ցերեկվա լույսի պես պարզ է, թե դու քանի փետուր ունես, — ասաց Սյաոսին: — Գիտեմ՝ ինչ եք արել, ուրեմն ձենդ կտրի՛: Լի Դուն, ի՞նչ ես ասում: Հետս կռվելո՞ւ ես, թե՞ չէ:
ասաց՝
— Սյաոսի, ախմախ բաներ մի՛ ասա, մենք բոլորս մեր ընկերուհիներն ենք ունեցել: Մե՛ր հարցերը չէինք կարողանում լուծել, ի՞նչ կարիք կար քո հարցն էլ ավելացնել:
— Ծեր Թռչուն, ինձ համար ցերեկվա լույսի պես պարզ է, թե դու քանի փետուր ունես, — ասաց Սյաոսին: — Գիտեմ՝ ինչ եք արել, ուրեմն ձենդ կտրի՛: Լի Դուն, ի՞նչ ես ասում: Հետս կռվելո՞ւ ես, թե՞ չէ:
Փաստորեն Սյաոսին իրոք սխալ էր հասկացել մեզ: Թեև բոլորս էլ ուզում էինք մի քիչ զբաղվել նրա ընկերուհու հետ և տարբեր հնարքներ էինք մտածում, որ հետը մոտիկանայինք: Եվ էդ հարցում ես ավելի ստոր էի, քան Ծեր Թռչունն ու Լի Դունը: Նրանք երբեք ինձնից չէին խուսափում, իսկ ես միշտ խուսափում էի նրանցից: Ես զգում էի, որ նրանք երկուսը ճիշտ չէին անում, նաև զգում էի, որ դա ճիշտ չէր Սյաոսիի նկատմամբ: Մի անգամ մտածեցի, որ կկարողանամ հաջողացնել: Էդ ժամանակ նրանք բոլորը չափազանց շատ էին խմել, անզգայանալու չափ, և ես թաքուն ձեռն ահարեցի Սյաո Մային: Բայց էդքան բան: Երբ մտածեցի, որ նրա լռությունը համաձայնության նշան է, և ուզեցի մի քայլ էլ առաջ գնալ, Սյաո Ման ինձ վճռականորեն մի կողմ հրեց: Ասաց՝ ավելի լավ է՝ ընկերուհուդ հետ եղիր: Դրանից հետո էլ փորձ չարեցի նրան մոտենալ:
Սյաոսին գոռում էր, և մենք հասկանում էինք նրան: Նրան ետ հրեցինք աթոռի վրա ու ասացինք՝ իսկապես մենք ոչինչ չենք արել:
— Դու Սյաո Մային ավելի լավ գիտես, քան մենք: Ի՞նչ ես կարծում, նա կթողնե՞ր, որ մի բան անեինք:
Սյաոսին ասաց՝
— Ապուշներ եք դուք:
Մենք գլխով արեցինք՝ հա, բոլորս ապուշ ենք:
Մենք՝ ապուշներս, հանեցինք մեր գրպանի մնացած փողն էլ, տեսանք, որ էլի ուտելու բան կարող ենք գնել: Աղջիկների գնալուց հետո շատ քիչ էր նման բան լինում: Ուրեմն պիտի երջանիկ զգայինք մեզ: Եվ Ծեր Թռչնի ձայնը առանձնապես բարձր հնչեց, երբ կանչեց Երկարամորուքին՝
— Քառասուն հատ էլ բեր:
Երկարամորուքը գլուխն էլ չբարձրացրեց, միայն ասաց՝
— Լավ:
Հետո վճռականորեն սկսեց փչել կրակին և բոցերն ուժեղացան:
— Սրա մերը…, — ասաց Լի Դունը և իր գարեջրից կում արեց:
— Ի՞նչ նկատի ունես, — հարցրեց Ծեր Թռչունը:
— Քեզ նկատի չունեմ, — ասաց Լի Դունը, — էդ Երկարամորուքին նկատի ունեմ:
— Ի՞նչ արեց, որ…, — հարցրեց Սյաոսին:
— Հա՛, էլի՛: Ինչի՞ համար ես Երկարամորուքի նման մարդուն հայհոյում: Նա ամեն օր ճիշտ ժամանակին գալիս է, ամեն օր բոլորին ժպտալով բարևում է, ամեն օր կրակ է անում: Չնայած մարմնից էծի գեշ հոտ է գալիս, բայց դա նրա աշխատանքի հետևանքն է: Ասա՛, — Ծեր Թռչունը լրջացել էր, — ի՞նչ պատճառ պիտի ունենաս Երկարամորուքի նման մարդուն հայհոյելու համար:
Բոլորս զարմացանք, որ Ծեր Թռչունը հանկարծ էդքան վրդովվեց: Լի Դունը բերանը բացեց, բայց բան չասաց, հետո նորից բերանը բացեց ու ասաց՝
— Հայհոյում եմ՝ ում որ ուզում եմ: Քո ի՞նչ գործն է:
Ծեր Թռչունն արհամարհանքով նայեց Լի Դունին և ասաց՝
— Գիտեմ ինչ ես մտածում:
— Ի՞նչ եմ մտածում, — հարցրեց Լի Դունը:
Չգիտես ինչու՝ Ծեր Թռչունը հանկարծ կարմրեց և ասաց՝
— Դուք՝ ապուշներդ, մտածում եք, որ Երկարամորուքը ստորներից ամենաստորն է:
— Վա՛յ, քո՛ւ… — Լի Դունի դեմքն էլ կարմրեց: — Էդ ասացիր, հա՞:
Ծեր Թռչունն ասաց՝
— Էդ բերանը որ դու ունես, ես միշտ գիտեմ, թե ինչ կեղտոտ հոտ է գալիս դրանից: Բայց մի բան չեմ հասկանում, թե էդ ի՞նչ առավելություն ունես, որ մյուսներին վերևից ես նայում:
— Ես ոչ մեկին էլ վերևից չեմ նայում, — ասաց Լի Դունը:
Բայց Ծեր Թռչունը չէր զիջում: Նա շարունակեց՝
— Ապո՛ւշ, դու նույնիսկ ընկերուհի չունես, էս խորոված-մորովածի փողն էլ հորդ փողերն են: Դե ասա՝ ցույց տալու ի՞նչ ունես:
Իրականում, մեր ընկերուհիների կողմից լքվելուց հետո, մենք արդեն բավականին հուսահատ էինք: Ծեր Թռչնի խոսքը մեզ ավելի ճնշեց: Բոլորս պարտվածի պես գլուխներս կախեցինք՝ չիմանալով ինչ ասել: Միայն Սյաոսիի՝ գարեջուր խմելու ձայնն էր լսվում:
Սյաոսի, գարեջուրը քեզ չի հագեցնի, ոչ էլ խնդիրներդ կլուծի: Միայն ներսիդ եղածը դուրս կտաս, վերջում էլ բան չի մնա: Բայց մեզնից ոչ ոք դա բարձրաձայն չասաց: Միայն լուռ նրան էինք նայում՝ սպասելով, որ շշի մեջ մնացած կեսն էլ իր անտակ կոկորդը լցնի: Մինչև մյուս շշին անցնելը տասը րոպե ընդմիջում արեց, և էդ տասնքանի րոպեում ելույթ ունեցավ:
Սյաոսին ասաց, որ մի քանի անգամ գնացել է Սյաո Մային տեսնելու: Մի անգամ չի կարողացել գիշերվա կեսին քնել և հագնվել է ու գնացել նրանց տուն: Չորս ժամից ավել քայլել է ու երբ տեղ է հասել, արդեն համարյա լույսը բացված է եղել:
— Ի՞նչ ասաց Սյաո Ման, — հարցրինք նրան:
Սյաոսին ասաց՝
— Ներս չգնացի, ուղղակի որոշ ժամանակ կանգնեցի դրսում, հետո ետ եկա:
Ճիշտն ասած, բոլորս էլ գնացել էինք տեսնելու մեր ընկերուհիներին, թեև գիտեինք, որ վերջնական վճիռ էին կայացրել: Բայց մեր սրտերը դեռ չէին ուզում հանձնվել: Ես նույնիսկ ընկերուհուս սիրային մի նամակ գրեցի: Մի բան, որ երկար ժամանակ չէի արել: Իրոք հուզված էի, երբ գրում էի: Բայց ընկերուհիս նույնիսկ չնայեց դրան: Ուղղակի շպրտեց գետնին: Լի Դունի արածն է՛լ ավելի արտասովոր էր: Ասաց, որ ընկերուհուն օրական մեկ անգամ զանգ էր տալիս, եթե չէր վերցնում հեռախոսը, հաղորդագրություն էր ուղարկում, հաղորդագրության մեջ էլ սպառնում էր, որ եթե նա միտքը չփոխի, ինքը ցած կնետվի Արևելյան կամրջից: Վերջապես, ասաց Լի Դունը, նա իրեն հաղորդագրություն ուղարկեց՝
— Երբ ցած նետվելու լինես, ինձ արագ գրություն ուղարկիր: Չեմ ուզում էդ տեսարանը բաց թողնել:
— Եկեք էդ մասին էլ չխոսենք, տղերք: Եկեք խմենք: — Ծեր Թռչունն ասաց:
Հետո, մեր մտածածին հակառակ՝ Սյաոսին վերջում ետ չտվեց, չնայած շատ էր գարեջուր խմել: Նա իր կարմրած դեմքը դրեց սեղանին, հին անձեռոցիկի վրա, նայեց ճանապարհի կողմը և ասաց՝
— Բանիին եմ տեսնում:
Համեմատելով՝ բոլորս էլ մտածեցինք, որ Բանին ավելի կրքոտ է, քան Սյաոսիի ընկերուհին: Նա շատ կարճ շրջազգեստ էր հագել և բարձր ակրունկ կոշիկներ, ու առանց մեզ վրա անգամ նայելու՝ շաղակրատում էր: Ուզում էինք ողջունել նրան, բայց հետո հրաժարվեցինք էդ մտքից, որովհետև մեր ուշադրությունը գրավեց նրա ետևում կանգնած անսովոր գեղեցիկ տղան, որ առնվազն 1.9 մետր բարձրություն կունենար:
Բայց նա տարբերվում էր իր շատ կանոնավոր զգեստով, որ հագել էր առանց ձևականության: Պատշաճ հագնված էդ տղան մի տեսակ մեզ ստիպեց անհույս ու նվաստացած զգալ մեզ:
Արդեն լսել էինք էդ տարօրինակ տղայի մասին: Ամեն օր Բանիի հայրը ամբոխի մեջ բոլորին պատմում էր նրա մասին, որ լսեն: Նա լավ գործ էր անում: Երիտասարդ էր, բայց արդեն անուն էր հանել մեր բռաչափ քաղաքում: Եվ ամեն օր գալիս էր Բանիենց տուն ու նվերներ բերում նրա և հոր համար: Երբեմն մի շիշ խմիչք կամ մի փաթեթ որակյալ ծխախոտ կամ նույնիսկ խմիչքներով լի մի մեծ տուփ: Բանին և հայրը մեծ հարգանք էին վայելում: Եթե հասարակական կարծիքի ճնշումը չլիներ, նա երևի Բանիին կփաթաթեր մի նուրբ տուփի մեջ, կզարդարեր մետաքսե կարմիր ժապավենով, և, առանց փոքր-ինչ տատանվելու, կդներ էդ տղայի գրպանը: Կարող ենք պատկերացնել, թե ինչպես նա, ժպիտը դեմքին, ասում էր էդ տղային՝
— Ընդամենը փոքրիկ մի նվեր է, ոչինչ չարժե:
Իսկ վերջում նրանք երկուսով իրար ձեռք էին սեղմում: Պարզից էլ պարզ է:
Սյաոսին հանկարծ վեր կացավ ու ասաց՝
— Գնացինք:
Մենք այլ ընտրություն չունեինք, բացի վեր կենալուց: Իսկ հետո նման էինք հենց նոր ծակից դուրս ելած փոքրիկ մկների, որ թաքուն հետևում էինք Բանիին: Էդ ժամանակ էդ շատ քաղաքավարի տղան հասել էր Բանիին և ձեռքը վճռական դրեց նրա ուսին: Բանին ձևական մի փորձ էլ չարեց ձեռքը հեռացնելու համար:
— Գրողը տանի, քու մերը…, — ասաց Լի Դունը:
— Քու մերը…, — արձագանքեցինք մենք:
Բարեբախտաբար, չնայած երկուսն էլ շատ դանդաղ էին քայլում, շուրջները չէին նայում, և էդքան էլ դժվար չէր նրանց թաքուն հետևել: Անցանք լքված կինոթատրոնի մոտով, որտեղ, երբ երեխա էինք, հաճախ թաքուն մագլցում էինք պատի վրա, որ ֆիլմ նայեինք: Ֆիլմ նայելուց հետո մի քանի օր հուզված էինք լինում, բայց հիմա արդեն կորցրել էինք հետաքրքրությունը, և չէինք հիշում թե ինչի մասին էին էդ ֆիլմերը: Անցանք թիվ 2 Առևտրի կենտրոնի մոտով, որ կորել էր շուրջը կառուցվող նոր շենքերի մեջ: Թվում էր՝ էլ ոչ ոք չի գնում էդտեղ գնումներ անելու, և սնանկությունը ժամանակի հարց է ընդամենը: Անցանք նաև նոր բացված Հոնկոնգ Հոթելի մոտով, որ ենթադրաբար արժեր 20 միլիոն յուան: Քսան միլիո՞ն: Էս ի՞նչ գաղափար է: Շենքի մոտ տարբեր մակնիշների բարձրակարգ, թանկարժեք ավտոմեքենաներ էին կանգնած:
— Գրողը տանի, քու մերը…, — ասաց Լի Դունը:
— Քու մերը…, — արձագանքեցինք մենք:
Անցանք նաև կոյուղագծի մի քանի խողովակների մոտով, որ նույնն էին, ինչ տարիներ առաջ, ճիշտ նույնքան գարշահոտ և թափառող շներով շրջապատված: Երբ անցանք նոր զբոսայգու մոտով ու տեսանք գավառում կառուցվող ամենամեծ, ոնց որ ասում են, վերնակամուրջը, Լի Դունը, որ առջևից էր քայլում, կանգ առավ: Նա նստեց ճանապարհի եզրին: Երկինքն արդեն մթնել էր, և մենք նստեցինք նրա կողքին:
— Եկեք մի բան անենք, — ասաց Լի Դունը՝ ծխախոտ վառելով:
Մենք բան չասացինք, ամեն մեկս վառեցինք մեր ծխախոտը:
Բացատրեմ, թե ինչ օրի էինք էդ ժամանակ: Երկար ճանապարհ էինք անցել և երբ մտածեցինք ետ գալու մասին, գլուխներս ցավում էին: Տե՜ր Աստված, էս ի՞նչ էինք անում: Ինչո՞ւ էինք մեզ համար խնդիրներ ու հոգսեր փնտրում: Մեզ համար խորոված ուտեինք, խմեինք ու հարբեինք առաջվա պես, հետո տուն գնայինք լուսադեմին, ընկնեինք մեր մահճակալների վրա ու մի լավ քնեինք, լավ չէ՞ր լինի: Սյաոսին էս անգամ իսկապես խաղաղություն էր գտել: Գլուխը հենել էր պատին, կարծես ուզում էր քնել: Ծեր Թռչունը քացով խփեց նրան և ասաց՝
— Զարթնե՛ք, տղե՛րք:
Քիչ անց լսեցինք Սյաոսիի քրթմնջոցը՝
— Գնանք մաջոնգ խաղալու:
Ծեր Թռչունն ասաց՝
— Քա՛ք է, մոտս փող չկա:
— Ես կտամ պարտքով:
Լի Դունն էր, որ ծխախոտը դեն նետեց ու վեր կացավ:
— Լավ, — ասաց Ծեր Թռչունն ու նրա հետ վեր կացավ:
Ու էդպես՝ դանդաղ, օրորվելով ետ գնացինք մեր եկած ճամփով:
Թարգմանությունը անգլերենից՝ Խորեն Գասպարյանի
