Վիկտորյա Սամուել | էլի լավ բաներ կան

Ես մրսում եմ…
շատ՝
համարյա մեռնելու պես,
այնպես եմ մրսում,
որ ինձ թվում է՝
էլ ոչինչ չեմ գտնի,

էլ ոչինչ չեմ գտնի։

Բայց լավ բաներ կան

մրջյունների բույնը՝
շարժում, շարժում, շարժում

մրջյունների բույնը՝
կյանք

մրջյունների բույնը՝
ներկա ժամանակ,
միայն ներկա ժամանակ

էլի լավ բաներ կան

ճայերի վայրէջքը ջրի վրա,
մեղուների պարսը,
մեղրը,
անծանոթ մարդու հոգատարությունը,
մրջնաբույնը,
որ մայրս սարքում էր մեր փոքր խոհանոցում,
սարքում էր ժամերով եւ խնամքով

էլի լավ բաներ կան

սնկերը,
որոնց մասին ես չգիտեմ,
բայց մեր օրերի մի լավ պոետ
գրում է դրանց մասին՝
երկար ու մանրակրկիտ,
երկար ու խնամքով,
վերջին տեքստում էլ պարզվեց,
որ առանց եռացնելու պետք չի ուտել

նույնիսկ շամպինիոնը

Ես սունկ պատրաստելու միայն մի ձեւ գիտեմ.
այն առանց եռացնելու է

էլի լավ բաներ կան

աշխատանքի ավարտին արեւն իջնում է դեմքիս վրա

Դինջերի երգերը փաթաթվում են ականջներիս,
փաթաթվում են սրտիս,
ու ափսոս՝ ոչ մի տեղ չեն երգում։

էլի լավ բաներ կան

Ես մոռանում եմ մի տղամարդու,
ում ողջ էությամբ սիրահարված էի.
իմ ամբողջ մարմինը դառնում էր թիթիեռի չափ
ու սպասում էր նրան,

էլի լավ բաներ կան.
ես չեմ սպասում։

Էլի լավ բաներ կան.

Նուռը, լիմոնը, գիլասները
ու խորոված բադրջանը,
որ նաեւ օգտակար է

երիցուկով թեյը հանգստացնում է սիրտը

այդ սիրտն ամեն կերպ ուզում է չմեռնել

էլի լավ բաներ կան

ընկերուհիս լավ փոդքասթներ է լսում,
հետո պատմում է դրանց հետաքրքիր մասերը,
հետո ուղարկում է էդ փոդքասթների լինկերը

անծանոթ կատուն թռնում է քո գիրկը,

Ինչ-որ կին անցնելուց քեզ պահում է ձեռքերով,
որ չվնասի,
խանութի աշխատողը գտնում է հենց քո ուզած շորը,
ձեռքիդ հայտնված զատիկը բացում է իր թեւերը

էլի լավ բաներ կան

այդ զատիկը թռչում է

այդ զատիկը թռչում է

այդ զատիկը թռչում է

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *