Մաս 1
ՄՈԾԱԿԸ
Ե՞րբ սկսեցիր
Հնարքներ բանեցնել,
Պարոն:
Ինչի՞դ ե ն պետք այդ երկար ոտքերը
Ու բզկտված սրունքները,
Ձերդ մեծություն:
Ճի՞շտ է, որ կարող ես բարձրացնել քո ծանրության
կենտրոնը
Եվ անկշիռ դառնալ հարձակվելիս: Ուրվական:
Ինձ վրա էլ կանգնիր անկշիռ:
Մի անգամ վենետիկյան ձանձրույթի մեջ
Քեզ «Թևավոր Հաղթանակ» կոչեց մի կին:
Նայում ես պոչիդ ու անվերջ ժպտում:
Ինչպե՞ս ես այդքան չարություն դնում
Կիսաթափանց ու փխրուն
Մարմ նիկիդ մեջ:
Տարօրինակ է՝
Բարակ թևերով ու ոտքերով ինչպե՞ս ես շարժվում
Ձկնկուլի պես, դարձած մի չնչին կծիկ օդում, ոչնչություն:
Ի՞նչ քամի կա քո մեջ,
Չարամիտ քամի, որը գաղտագողի մոտենալով,
Բթացնում է միտքը:
Ահա քո հնարքն ու զզվելի կախարդանքը՝
Լինել աներևույթ անզգայացուցիչ զորությամբ,
Որն սպանում է ուշքը քո հանդեպ:
Հասկացա քո խաղը,
Խորամանկ կախարդ:
Տարօրինակ է՝
Ինչպե՞ս ես գաղտուկ շարժվում օդում,
Օղակներով ու թեքումներով շրջապատում ինձ,
Հոգեգեշ թևավոր,
Թևավոր Հաղթանակ:
Կանգնիր բարակ սրունքներիդ վրա,
Նայիր, հասկանալով, որ տեսել եմ քեզ,
Աննշան խայթ:
Ատում եմ քեզ, երբ շրջվում ես ու օդ բարձրանում
Մտքերս կարդալուց հետո:
Եկ ձևացնենք, թե իրար չենք տեսնում.
Այս խորամանկ խաղում ո՞վ կհաղթի,
Մարդը, թե՞ մոծակը:
Քեզ չեմ ճանաչում, ինձ չես ճանաչում,
Սկսեցինք:
Քոնն է հաղթաթուղթը,
Այո, քոնն է հաղթաթուղթը,
Բծավոր ճիվաղ,
Որ դաղում ես արյունս ատելությունից.
Քո զզվելի շեփորն է ականջներս մեջ:
Ինչո՞ւ, չէ որ անպարկեշտություն է:
Ասում են՝ այլ կերպ չես կարող:
Եթե այդպես է, հավատում եմ անմեղներին
Պաշտպանելու նախախնամությանը:
Բայց շեփորդ հնչում է նշանաբանի պես:
Ցնծության ճիչ՝ գանգամաշկս վնասելիս:
Արյուն, կարմիր արյուն,
Գերմոգական արգելված
Հեղուկ:
Նայում եմ՝ ինչպես ես մի պահ
Ջղաձգվում ինքնամոռաց,
Ծծում ես անպարկեշտ զմայլանքով
Կենդանի արյունը-
Իմ արյունը:
Ինչպիսի՜ անդորր, զգացմունքի ինչպիսի՜ պոռթկում,
Ի՜նչ ագահություն
Եվ ի՜նչ հոռի չարաշահում:
Հիմա գայթում ես
Ու ճոճվում մի պահ:
Միայն քո անիծյալ փխրունությունն է,
Միայն քո անմատչելի անկշռությունն է
Քեզ փրկում իմ մոլեգին գրոհից:
Ծաղրուծանակի թշվառ պեան,
Կորչե՛ս դու, արյան թևավոր կաթիլ:
Չեմ կարող հաղթել քեզ:
Մի՞թե շատ ես դու ինձ համար,
Թևավոր Հաղթանակ:
Այնքան մոծակ չեմ, որպեսզի զրկեմ քեզ
Մոծակությունից:
Ի՛նչ էլ մեծ բիծ ես թողնում քեզնից հետո:
Դու, որ ինքդ մի փոքրիկ բիծ ես:
Կարծես ինքդ էլ կորչում ես
Մի կեղտոտ բծի մեջ:
ՐԱԴՅԱՐԴ ՔԻՓԼԻՆԳ
(1865-1936)
ԹԵ…
Թե կարող ես դու դիմանալ, երբ քո շուրջը մշտապես
Մարդիկ իրենց մեղքի համար քեզ մեղավոր են ընտրում.
Թե կարող ես քեզ վստահել, կասկածում են երբ որ քեզ,
Կասկածելու համար անգամ թույլտվություն են խնդրում.
Թե կարող ես դու սպասել ու չհոգնել դրանից,
Հազար ու մի սուտ լսելով՝ մնալ ազնիվ ու շիտակ,
Թե կարող ես հեռու մնալ ատելության խարանից,
Ոչ չափազանց համեստ լինել, ոչ պարծենկոտ մի գիտակ.
Թե կարող ես դու երազել, բայց չգերվել երազին,
Թե կարող ես դու մտածել, բայց մտքերով չհարբել.
Թե կարող ես դիմակայել խինդն ու վիշտը միասին
Եվ այդ երկու խարդախների հանդեպ լինել անտարբեր.
Թե կարող ես դու համբերել, երբ քո խոսքերը արդար
Խարդախ մարդիկ շուռ են տալիս, որ թակարդը գցեն քեզ,
Ու տեսնելով, որ փլվում է քո շինածը անդադար,
Կարողանաս հին գործիքով նորը կերտել մշտապես.
Թե կարող ես քո շահածը դարձնել փողի չնչին կույտ,
Ունեցածդ գրավ դնել ու տանուլ տալ հավիտյան.
Թե կարող ես դու տանուլ տալ, հետն էլ ասել, թե՝ ի՛նչ փույթ,
Եվ ոչ մեկին չտրտնջալ, թե կորցրել ես ինչ-որ բան.
Թե կարող ես այնպես անել, որ քո սիրտն ու մկանը
Շարունակեն քեզ ծառայել, երբ ապրելն է անհնար,
Եվ դիմանա՛լ, երբ թվում է, թե հասել է քո ժամը,
Եվ գերազոր կամքն է միայն հրամայում ողջ մնալ.
Թե կարող ես ամբոխի հետ լինել ազնիվ ու բարի,
Արքաների հետ ոտք մեկնել ու միշտ մնալ հասարակ,
Թե քեզ երբեք չվնասեն բարեկամ ու թշնամի,
Այլ միշտ քեզ հետ հաշվի նստեն (բայց ո՛չ ամեն ստահակ).
Թե կարող ես անագորույն րոպեն դարձնել ամեն օր
Երկարաձիգ, իմաստալից ու վեց տասնյակ ակնթարթ,
Քո՛նն է այդժամ ողջ աշխարհը և բարիքները բոլոր,
Եվ ամենից կարևորը՝ դու կլինես, որդիս, Մա՛րդ:
ԹՈՄԻ
Ես գինետուն մտա մի օր, որ գարեջուր խմեմ,
Մեկ էլ էն միկիտանը, թե՝ ես քեզ ծառա հո չե՞մ:
Իսկ աղջկերքն հո չե՜ն փռթկում, մեռնում են ծիծաղից,
Պոչս քաշի ու շիլ ընկած՝ ասում եմ ինքս ինձ.
Այ քեզ, Թոմի, վա՜յ քեզ, Թոմի, միշտ՝ «Ռադ եղի քո բույնը»,
Բայց՝ «Դո՞ւք եք, միսթր Օթքինս», երբ լուրջ է դրությունը:
Երբ լուրջ է դրությունն, ախպերս, երբ լուրջ է դրությունը,
Ասում են՝ «Միսթր Օթքինս», երբ լուրջ է դրությունը:
Մի օր թատրոն գնացի ես, սթափ ու գեղեցիկ,
Կատարը տաք քաղաքացուն պարտեր տվին, ինձ՝ չիք:
Բալկոն տվեցին ինձ, ախպերս, էն էլ հո զոռով,
Բայց հենց որ բանն հասնի կռվին՝ պարտե՛ր ու թիկնաթո՛ռ:
Ա՜յ քեզ Թոմի, վա՜յ քեզ, Թոմի, անցավ քո ժամանակը,
Բայց՝ «Օթքինսին՝ հատուկ գնա՛ցք», երբ նեղն ընկնի բանակը:
Երբ նեղն ընկնի բանակն, ախպերս, երբ նեղն ընկնի բանակը,
«Օթքինսին՝ հատուկ գնա՛ցք», երբ նեղն ընկնի բանակը:
Հա ձե՜ռ առեք խեղճ զինվորին, որ ձեր պահակն է միշտ,
Էդ հեշտ է, քան ծաղրել նրան, ով սով կտա ու վիշտ,
Ու քեֆը լավ թրև եկող զինվորը լավ է, քան
Կռվից առաջ զինավորված շքերթը ռազմական:
Ա՜յ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Թրջվե՜լ է մուկը»,
Բայց՝ «Մեր զո՛րքն հերոսական», երբ որ զարկեն թմբուկը:
Երբ որ զարկեն թմբուկն, ախպերս, երբ որ զարկեն թմբուկը,
Կասեն՝ «Մեր զո՛րքն հերոսական», երբ որ զարկեն թմբուկը:
Հերոսական բանակ մենք չենք, որ էլ ծառա ենք ձեզ,
Զինվոր ենք մենք անտիրական, մարդիկ ենք ճիշտ ձեզ պես,
Ու թե մեկ-մեկ անտաշ ենք մենք, ու ձեր ճաշակն է նուրբ,
Զորանոցում հո չե՞ք կարծում, թե մարդ դառնում է սուրբ:
Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Թոմի, ե՛տ մնա»,
Բայց՝ «Սը՛ր, առաջ անցեք, խնդրեմ», երբ որ վտանգը գա:
Երբ որ վտանգը գա, ախպերս, երբ որ վտանգը գա,
Կասեն՝ «Խնդրեմ, առա՛ջ անցեք», երբ որ վտանգը գա:
Դուք լավ ճառել գիտեք մենակ՝ կրակ, սնունդ, դպրոց,
Մեր փայը ի՞նչ՝ օրապարեն, հետն էլ ստամոքսի խոց,
Մեզ մետք չէ ձեր կեղտաջուրը, դուք դեռ ապացուցեք,
Որ հանդերձանքը ձեր Այրու մեր ծաղրը չէ երբեք:
Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Դո՛ւրս, կորի՛ր, զեռուն»,
Բայց՝ «Մեր փրկի՜չն հայրենիքի», կռիվն է երբ եռում:
Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, դե ա՛ռ քեզ, բայց այնինչ՝
Թոմին շշմած հիմար հո չէ՜, տեսնո՛ւմ է ամեն ինչ:
ՋՈՆ ՈՒԵՅՆ
(1925-1994)
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ներիր ինձ, որ ես գովքդ չեմ երգում:
Իզուր չեմ դառնում բառերին գերի:
Ձեռքերի հպումն անդորր կբերի:
Ներիր, որ խոսքս աղքատ է, դժգույն:
Ժամանակը չէ ճարտասանության:
Զգացմունքն է լոկ տերը լռության:
Մենք ասում են այն, ինչ հազիվ գիտենք:
Եվ ո՞ւմ համար է խոսքը ծանրումեծ:
Քո սերն է, որ ինձ թևեր պարգևեց:
Բանտած խոսքերով սեր չես մատուցի:
Դու լեզուս տարար վախի հետ մեկտեղ:
Ներիր, որ անձայն կանգնել եմ այստեղ:
Դատարկ բառերով պարտք չես հատուցի:
ՐՈՋԸՐ ՄՔԳՈՖ
(1937)
ԵԹԵ ԿՅԱՆՔԸ ՁԱՆՁՐԱԼԻ ԿԻՆՈՆԿԱՐ Է,
ԻՆՉՈ՞Ւ ՉԹՈՂՆԵԼ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿԵՍԻՑ
Շատ մի հոգա
մի օր կինոսարքը լքված կգտնենք
Լույսերը հանգած
Պահարանները կողպած
Տոմսերը պատռված
Անվավեր տոմսերի մեջ
իսկ մեխանիկին՝ իր տնային մղձավանջին
Վերադարձած:
Շատ մի հոգա
այդ նկարը դեռ կշարունակվի
(այն մեկը՝ մայրամուտի մասին)
երկու ձիեր կգտնենք
առջևի շարքից կապված
կհեծնենք
ու կսլանանք հեռու
դեպի
մեր
երջանիկ
ավարտը:
ԻՄ ԿԱՏՈՒՆ ՈՒ ԵՍ
Աղջիկներին շատ ենք սիրում
Իմ կատուն ու ես,
Ու շատ ենք տխրում, երբ ամեն անգամ
Նրանք լքում են մեզ:
Դիտում ենք ինչպես են հարդարում իրենց
(Իսկ դրա համար ժամանակ է պետք)
Չնայած շատ ենք սպասում, սակայն
Միայն ժպտում ենք:
Ու դռնից տխուր ճամփում ենք նրանց,
Ասում ենք՝ դե ինչ, կկարոտենք քեզ:
Հետո էլ նստում անցյալն ենք հիշում
Իմ կատուն ու ես:
ԴԻԼԸՆ ԹՈՄԱՍ
(1914-1953)
ՔՍԱՆՉՈՐՍ ՏԱՐԻ
Քսանչորս տարին հիշեցնում է արցունքն իմ աչքերի:
(Թաղեք մեռյալներին. չլինի թե երկունքով քայլեն դեպ շիրիմ):
Բնական մուտքի մոտ, դերձակի նման կծկված,
Ճամփորդության համար պատանն էի կարում իմ՝
Լույսի ներքո մսակեր այս արևի:
Մեռնելու համար հագնված, զգայական քայլքն սկսած,
Կարմիր երակներս՝ փողով լի,- դեպի վերջը,
Դեպի վերջին ուղղությունը սկզբնական քաղաքի
Ընթանում եմ այնքան երկար, որքան հավերժը:
ԹԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Թակելուց առաջ և նախքան մարմինը կասեր՝ ներս արի,
Երբ հեղուկ ձեռքերը թփթփացրին արգանդը դրսից,
Ես, որ շարունակ անձև էի հանց ջրերը բարի,
Որ ձև տվեցին Հորդանան գետին՝ իմ տանը դրկից-
Մնեթայի դստեր եղբայրն եմ եղել մի հազար տարի,
Եվ հանց քույրը մի հերացու ճիճվի՝ չեմ իջել գրկից:
Ես, որ խուլ էի՝ գարնան ու ամռան ձայնին բովանդակ,
Եվ չգիտեի արև ու լուսին իրենց անունով,
Հանկարծ զգացի ահեղ թրմփոց մարմնիս զրահի տակ,
«Որ» դեռ հալած վիճակում էր և չէր դարձել «ով»:
Կապարե աստղերն ու մուրճն անձրևոտ
Ճոճք էին բռնել հայրիկիս կողքին՝ գմբեթից իր տաք:
Շատ լավ գիտեի ես այս դաժան ձմռան ուղերձը,
Կարկուտը խոցված և ձյունը՝ մանկան դող.
Եվ քամիներն էին իմ քույր հանդերձը.
Ցատկեց հողմն իմ մեջ հանց դժոխածին ցող.
Տաք արևից հոսեց արյունս՝ շնչահեղձը:
Չծնված՝ ճանաչում էի արդեն գիշեր ու զօր:
Տակավին չարարված՝ տառապեցի ահագին,
Երազներիս մսուրը՝ ոսկորներս շուշան,
Շրջվելով դարձան մի կենդանի գաղտնագիր,
Ու ձևվեց մարմինս՝ հատնելու այդժամ
Լյարդի կախաղան-խաչերը, հանց գիր,
Ու քամված ուղեղի ծալքը մոշանման:
Կոկորդս ճանաչում էր ծարավ դեռ նախքան
Մաշկի ու երակի կառույցը ջրհորի շուրջ
Որտեղ բառերն ու ջուրը դառնում են միախառն-
Հաստատուն, մինչև արյունը դառնում է ստերջ.
Սիրտս ճանաչեց սեր, որովայնս՝ սով մի դառն.
Հոտոտեցի. որդ էր իմ կղանքի մեջ:
Ժամանակը քշեց իմ գոյը մահկանացության՝
Լողալու կամ խեղդվելու ծովերում պարապ.
Արդեն ծանոթ էի ես մակընթացության
Աղի արկածի հետ, որը չէր հասնում ափ.
Ես, որ հարուստ էի, ավելի հարստացա՝
Ըմբոշխնելով օրերի ողկույզն անարատ:
Ես, ծնված մարմնից և ուրվականից,
Ոչ այս էի, ոչ այն, այլ տեսիլ մահկանացու.
Մահվան փետուրն ինձ հանկարծակի գետնեց:
Մահկանացու էի մինչև մահացու
Շունչը այն վերջին, որ հորս մատնեց
Ուղերձն իր մահացող քրիստոս աստծու:
Դուք որ պաշտում եք խաչ ու զոհասեղան ամեն պահ
Հիշեք ինձ, և Նրա՛ն խղճացեք ամեն օր-
Ով միսուարյունս իր համար դարձրեց զրահ
Եվ անգթորեն խաբեց արգանդը իմ մոր:
ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԲ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՄԻՆ
Հատկապես երբ հոկտեմբերյան քամին
Պատժում է մազերս եղյամ-մատերով,
Իսկ ես, բռնկված արևից այրող,
Կամ թռչունների ձայնին ունկնդիր՝
Գետնին խեցգետնի ստվեր եմ գցում,
Լսում ագռավի հազը շիվերից,
Ժայթքում է այդժամ դողացող սիրտս
Վանկային արյուն ու ձայնն այդ ծծում:
Փակված բառերի աշտարակի մեջ
Ես նշմարում եմ ծառերի նման
Բառերի տեսքով զբոսնող կանանց
Ու մանուկների շարքը աստղաշարժ:
Ես ձեզ կարարեմ ձայնեղ հաճարից,
Կաղնու սոսափից, երգեր կհանեմ
Փշենիների արմատից ամեն,-
Ու կարարեմ ձեզ ջրերի ճառից:
Հիմա ձարխոտի խանդակից անդին
Ժամացույցն օրվա բառն է հաղորդում,
Նյարդի խորհուրդը հողմացույցի հետ
Լուռ օրորվում է սկավառակ-ճոճքին:
Ես ձեզ կարարեմ գրերից մարգի,
Նշագիր խոտից, որ նենգ ձմռան հետ
Աչքերի միջով կոտրվելու է.-
Ես ձեզ կարարեմ մեղքից ագռավի:
Հատկապես երբ հոկտեմբերյան քամին
(Ես ձեզ կարարեմ աշնան հմայքից.
Լեզվակից մորմի, Ուելսի սարերից)
Շաղգամ-բռունցքով պատժում է գետինն,
Ես ձեզ կարարեմ անսիրտ տառերից
(Ուժասպառ մի սիրտ, որ քիմիական արյան
Վազվզուքի մեջ կռահեց զայրույթ)
Ու կարարեմ ձեզ թռչնի բառերից:
ՋՈՆ ԼԵՆԸՆ
(1940-1980)
ԷՍ ԱՇԽԱՐՀԻ ՔՈԾՆ Է ԿԻՆԸ
Էս աշխարհի քոծն է կինը,
այո, քոծը… Փոխիր մի բան,
Էս աշխարհի քոծն է կինը,
մտածիր ու փոխիր մի բան:
Ուզում ենք, որ նա լինի հեզ,
երբ չի ուզում էլ քոծ լինել,
գոռում ենք, թե չի սիրում մեզ:
Երբ կարծիք է նա մեզ հայտնում
Ասում ենք, թե տղամարդ է ձգտում լինել,
խաբում ենք միշտ ու ձևացնում
թե ձգտում է նա մեզ տիրել:
Էս աշխարհի քոծն է կինը,
Չե՞ս հավատում. նայիր թե ինչ
խեղճ տեսք ունի քո կողքինը,
Ստրկուհին ստրուկների, ու միշտ գերի:
Ծնում է նա ու մեծացնում երեխեքին,
ու հետո էլ ասում ենք թե
ճարպ է տեղով ու ոչ թե կին:
Ու ասում ենք թե տունն է իր տեղը միակ,
իսկ դրսում էլ տրտնջում ենք
թե դժբախտ ենք ու միայնակ:
Հեռուստացույցի էկրանից
միշտ կնոջն է մեկն անարգում,
ու ներքուստ էլ զարմանում ենք
թե ոնց է դեռ նա մեզ հարգում:
Բռնանալով
չենք թողնում որ շնչի ազատ,
փոխարենը հալածում ենք
ասելով թե նա բութ է շատ:
Ստիպում ենք
որ շպարի դեմքն ու պարի:
Որ շպարի դեմքն ու պարի…
Էս աշխարհի քոծն է կինը,
այո, քոծը… Փոխիր մի բան,
Էս աշխարհի քոծն է կինը,
մտածիր ու փոխիր մի բան:
ՓՈԼ ՄՔՔԱՐԹՆԻ
(1942)
ՋԵՆԻ ՐԵՆ
Հանց ամեն աղջիկ
Ջենին երգում էր
Բայց մի տարանցիկ
Միշտ մոտերքում էր
Մի օր գողացավ
Երգը աղջկա
Ջենին նեղացավ
Հիմա նա չկա
Ոնց ենք մենք ապրում
Անսեր ու անտեր
Ոնց ենք մենք պարպում
Շունչը մեր
Նա տեսավ կարիք
Ու աղքատություն
Չգործեց չարիք
Չարեց վատություն
Հանց ամեն աղջիկ
Ջենին երգում էր
Հանց ամեն արջիկ
Ջենին վերք ուներ
Ջենի, վերևից
Ամեն ինչ տեսար
Փոքրիկ տերևից
Մինչև սար
Սուտ հարս ու փեսա
Սուտլիկ բակ ու շենք
Հիմա դու տեսար
Ով ենք մենք
Ջենի, դու տեսար
Ինչ ենք մենք:
ԹԵԴ ՀՅՈՒԶ
(1930-1998)
ՏԱՏԱՍԿԱՓՇԵՐ
Կովերի ռետինե լեզուների և մարդկանց քաղհանող
ձեռքերի դեմ
Տատասկը շամփրում է ամառային օդը,
Կամ ճարճատում սև ու երկնագույն ճնշման ներքո:
Ամեն մեկը՝ հարության քինահույզ պոռթկում,
Սեղմված բռունցք
Ճեղոտված ճանկի և իսլանդական սառնամանիքի,
Որ բարձրանում է թաղված վիկինգից:
Նրանք գունատ վարսերի են նման
Եվ կոշտ ու կոկորդային բարբառների.
Միշտ հասցնում են լափել գեթ արյան մի կաթիլ:
Հետո ծերանում են մարդկանց նման:
Հնձվում են, ու ժառանգական վրեժն է ծնվում:
Նրանց զավակները
Իրենց ցից զենքերով
Ճակատամարտ են մղում նույն հողի վրա:
ԽՈԶԻ ՏԵՍԱՐԱՆ
Խոզը պառկել էր փոսի մեջ, սատկած:
Ասում են, երեք մարդու քաշ ուներ:
Աչքերը փակ էին. վարդագույն-սպիտակ կոպեր:
Կճղակները՝ ուղիղ ցցված:
Այդպիսի քաշն ու վարդագույն զանգվածը
Մեռած՝ պարզապես մեռած չէր թվում:
Նա ավելին էր, քան մեռած:
Ասես ցորենի պարկ լիներ:
Առանց քաշվելու ես խփեցի նրան:
Մարդը մեղավոր է զգում մեռյալների
Շիրիմները տրորելիս: Բայց այս խոզը
Ընդունակ չէր մեղադրելու:
Նա շատ էր անկյանք՝ խղճալու համար:
Հիշել նրա կյանքը՝ զորեղ երկրային
Հաճույքը ինչպես որ կար՝
Կեղծ ջանք էր թվում, աննպատակ:
Նա մահվան փաստ էր: Նրա քաշը
Ճնշում էր ինձ. ինչպե՞ս պիտի տեղից շարժեին:
Ի՞նչ ջանքերով պիտի կտրատեին նրան:
Կոկորդի վերքը ցնցող էր, բայց ոչ զգայացունց:
Մի անգամ վազել եմ
Մի ճարպոտ խոզուկի ետևից:
Կատվից արագավազ ու ճարպիկ էր:
Նրա ճիչը ջարդվող մետաղի ձայնն էր:
Խոզերի արյունը երևի տաք է, վառարանի պես:
Նրանց կծածը ձիու կծածից վատ է.
Կտրում են մաքուր մի կիսալուսին:
Ուտում են մոխիր, սատկած կատու:
Արտառոցն ու հմայելին նրա մեջ
Վաղուց վերջացած էին: Երկար ժամանակ
Կանգնած նայում էի: Նրան պիտի մաքրեին,
Մաքրեին և լվանային դռան շեմի պես:
ՈՒԻՍԹԸՆ ՀՅՈՒ ՕԴԸՆ
(1907-1973)
ԽԻՄԵՌ
Սրտի բացակայությունը, ինչպես հասարակական շենքերում,
Մտքի բացակայությունը, ինչպես հասարակական ճառերում,
Բառերի բացակայությունը, ինչպես հասարակության համար
նախատեսված ապրանքներում,
Վկայում են, ու խիմեռը հենց նոր մեկին էլ խժռեց:
Նրանից, այդ թշվառ ու հիմար մարդուց,
Մի չնչին փշուրք անգամ չմնաց, նույնիսկ անունը:
Անասելի, որ ոչ այս է, ոչ այն,
Անհաշվելի, որ ցանկացած թիվ է,
Եվ անիրական, որ ամեն ինչ է բացի իրենից:
Իսկ հաճախորդներն հանդիպում են դեռ սրան-նրան,
Բայց ամբողջովին մենք ենք մեղավոր.
Չէ որ ինքներս ենք հպվում նրանց, և ոչ՝ նրանք մեզ:
Հետաքրքրասեր, ազատությունից՝ տեսնելու, թե ինչ տեսք
ունեն նրանք,
Դաժան, սարսափից՝ որ վերջ տանք նրանց,
Անցանկ, խաբկանքից՝ ապացուցելու, որ պետք է մեռնեն,
Հպվում ենք, շփվում, չափում և՝ կործանվա՜ծ ենք.
Որքան ուժեղ ենք, այնքան շուտ պարտված:
Մե՛ր իսկ զորությամբ են հոշոտում բոլորիս:
Եթե մի մաքուր, քաջ ու համեստ մարդ
Անցնի նրանց կողքով, և ոչինչ չպատահի, չի նշանակում,
Թե վտանգն անցած է:
Ցավերով հիշել նրանց անցյալը,
Շրջվել օգնելու… Երբեք չփորձես.
Ինչ առաջ էին` երբեք չեն լինի,
Իսկ եթե խղճանք՝ այն են, ինչ էի՛ն:
Ոչինչ չի օգնի. քայլիր, հեռացիր,
Մի թող բարությունդ ինքդ քեզ խաբի.
Բավական է, որ նրանք ապրում են:
ՇՐՋԱՊՏՈՒՅՏ
Պելագուսական ճամփորդների հետ,
Երբ չվերթն անգամ կորել է ասես՝
Մասաչուսեթսի նահանգ, Միշիգան,
Դեպի Մայամի թե Լոս Անջելես,
Այս օդանավով վիճակված է ինձ
Իրագործելու գիշեր ու ցերեկ
«Քըլամբիա-Գիզեն» մեծն հիմնարկության
Պատգամը խորին և ամեանասեգ:
Նրա ընտրությամբ արդ լիազորված՝
Ուսմունքն եմ բերում Մուսայի ես առ
Ֆունդամենտալիստ, մենակեցուհի,
Ջհուդ, կռապաշտ… և այլոց համար:
Շաբաթվա բոլոր յոթ օրերն այսպես
Չօդընտելացած՝ օդանավի մեջ,
Զրուցարանից դեպ զրուցարան
Սավառնում եմ ու պտտվում անվերջ:
Եվ ամենուր՝ ջերմ ընդունելություն,
Բայց այնպես եմ ես սլանում արագ,
Որ չեմ էլ հիշում՝ որտեղ եմ եղել
Ես անցյալ գիշեր, ի՞նչ քաղաք, նահանգ:
Բայց պատահում է և բացառություն,
Ու վայրն հիշում եմ՝ եզակի մի դեպք,
Ասենք՝ էշերին հատուկ մի ակնարկ,
Կամ մարդու հոգին կախարդող մի դեմք,
Կամ օրակարգով չնախատեսված
Մի անսպասելի, ուրախ հանդիպում,
Ինչպիսին որ այն թմրամոլն էր, կամ
Չարլի Վիլյամսի գիժ երկրպագուն:
Զի արժանիքը կույտ է փթիրի՝
Ես ճառաբեմ եմ ելնում միշտ անահ,
Երբեք ոչ մեկից ես խնդրանք չունեմ:
Գործիս համար դեռ գերավճար կա:
Հոգին կամովին կրկնում է այսպես
Նույն բառերն առանց սրտախառնության,
Բայց մարմինը հո կարոտում է միշտ
Նյու Յորքում թողած կացարանը այն:
Հիսունվեց տարին հո հանաք թիվ չէ,
Թե ճաշն ուշացնեն՝ ես չեմ համբերի.
Ու ետ է վարժվել ամեն մի ոսկոր
Ճոխ լիությունից հյուրանոցների:
Աստվածաշունչն էլ ձեռքիս տակ է միշտ,
Ու կարդում եմ ես կրկին ու կրկին,
Բայց նույն արժանին ինչպե՞ս մատուցես
Հիլթընի «Եղեք իմ հյուրը» գրքին:
Կամ ինչպե՞ս ռադիո ունկնդրես անհոգ
Ուսանողների մեքենաներում,
Մյուզակ՝ ընթրիքին, կամ էլ՝ Տե՜ր Աստված,
Երգեհոնահար աղջիկներ՝ բարում:
Իսկ երբ սուզվում է օդանավը մեր
Եվ «չծխել» են հաղորդում մեկ-մեկ,
Ամենավատթար միտքն է այցելում՝
«Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի խմենք»:
Եվ արժե՞ նման շրջապատի մեջ
(Գրեհեմգրինությո՜ւն ու հազար ամոթ)
Պայուսակումս գտնվող շշից
Երկու կում անել լուսամուտի մոտ:
Բացվում է ահա մեկ այլ առավոտ,
Մեկ այլ օդանավ չքվեց երկնքում,
Տարավ հերթական լսարանը իմ,
Որին էլ երբեք չեմ տեսնի կյանքում:
Աստված նրանց հետ (թեև չեմ հիշում
Ով ում քեռին էր) և բախտ ի վերուստ.
Աստված ԱՄՆ-ի հետ, այսքան ընդարձա՜կ,
Այսքան հարազա՜տ ու այսքան հարո՜ւստ:
Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի