Աղջիկն ամեն երեկո՝ ժամը տասնմեկին, անջատում էր հեռախոսը, լվանում ատամները, բոլորին բարի գիշեր մաղթում, հագնում սպիտակաթույր ամպերով կապույտ գիշերազգեստը, մոտենում պատուհանին, նայում լուսնին, ժպտում և պառկում անկողնում ու քնում: Մինչ այդ նա գիշերներն ուշ էր քնում, հեռախոսով ընկերների հետ էր զրուցում, գիրք կարդում և երբեմն էլ որոշ բաներ գրում, բայց մի դեպք էր տեղի ունեցել, որից հետո ամեն երեկո՝ ուղիղ ժամը տանսմեկն անց կես պետք է քնած լիներ. երազներին մի տղամարդ էր գալիս: Սկզբում երազները չէր մտաբերում: Իր տարեկից երեխաների պես գնում էր դպրոց, սակայն ուշքն ու միտքն այլ տեղ էր: Ընկերուհուն ասաց. «Առավոտներն արթնանալիս մի հաճելի զգացողություն եմ ունենում, այնքան հաճելի, որ ուզում եմ նորից քնել»:
Մի օր հոր հետ այգի էր գնացել, և լճակի մոտ նստած շատրվաններին նայելիս հայրն աղջկան ասաց. «Կարո՞ղ ես ջրի վրայով քայլել»: Աղջիկը՝ սովոր հոր արտասովոր խոսքերին, ծիծաղեց ու գնաց խաղահրապարակ՝ ճոճվելու: Նստեց երկաթե կարմիր ճոճանակին և հետ ու առաջ ճոճվելիս փակեց աչքերը: Շատրվանի ջրի ձայնն արձագանք էր տալիս ականջներում, և կարծես այս անգամ հոր բառերն այլ իմաստ ունեին նրա համար: Ջրի ձայնն ուժգնանում էր, և աղջիկն իր փակ աչքերով տեսավ ծովն ու այն տղամարդուն: Բաց արեց աչքերը: Երազը միտն եկավ: Այն երազը, որ բազմիցս էր տեսել: Ծովի վրայով քայլող տղամարդ: Ճոճանակը հողին մոտեցավ թե չէ, ցած թռավ, վազեց հոր մոտ ու շնչակտուր ասաց. «Ամեն գիշեր երազումս ծովի վրայով քայլող տղամարդու եմ տեսնում»:
Ժամանակ պահանջվեց, մինչև աղջիկը հավատաց երազների տղամարդուն, և որոշ ժամանակ էլ հարկավոր եղավ, մինչև ընտելանա նրա հայտնվելուն: Արդեն բոլորն էլ գիտեին՝ աղջկա երազներում գիշերները մի տղամարդ է գալիս: Նրա գալը փոխել էր աղջկա ներաշխարհը, և այժմ հասկանում էր առավոտվա այդ անմեկնելի զվարթության պատճառը: Համոզված էր՝ երազների տղամարդը մի օր իրական կյանքում կհայտնվի: Այդ համոզմունքն անգամ ընկերուհիներն ունեին. այնքան, որ մի օր մոտ ընկերուհիներից մեկը ուրախ-ուրախ եկավ ու ասաց. «Երազումս ձեզ երկուսիդ եմ տեսել. միասին քայլում էիք գեղեցիկ լճակի մոտ»:
Բոլորը սպասում էին՝ լուսանա, և աղջիկն իր երազները պատմի: Երազների տղամարդը ամենուր տանում էր նրան: Աղջիկն այնպիսի բաներ էր տեսել, որ ցանկացած ոք կերազեր: Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էր տեսել՝ այն պահը, երբ Լուի 16-րդին կառափնարան են բարձրացնում ու գլխատում: Հանդիպել էր Բեթհովենին և ծանոթացել նրա ժամանակի մարդկանց: Աղջիկն անգամ ճախրել էր ու նստել ամպերի վրա:
Մի երեկո ծնողների հետ ֆիլմ դիտելիս աղջիկը ժպտաց ու ասաց. «Մա՜մ, մենակ իմանաս՝ ինչքան եմ ուզում մոտիկից բանկի խոշոր կողոպուտ նայել»: Մայրը, հոնքերը վեր հանելով, անփութորեն ասաց. «Հորդ կտորն ես, բոլորը հանգստություն են փնտրում, դուք երկուսդ՝ գլխացավանք»:
Սակայն աղջիկը հիացմունքով նայեց ֆիլմն ու նորից երազեց, որ նման մի բան պատահի: Հենց այդ գիշեր երազների տղամարդը եկավ ու նրան տարավ բանկի իրական խոշոր կողոպուտ տեսնելու:
Աղջիկն աստիճանաբար ընտելացել էր իր արտասովոր երազներին: Երբեմն ապագան էր տեսնում ու ենթադրություններ անում: Այդ ամենը երազների տղամարդն էր աղջկան ցույց տալիս:
Երազների տղամարդը բարձրահասակ էր, մշտապես նույն հագուստով՝ սպիտակ կարճաթև շապիկ և կապույտ տաբատ: Մազերը գիշերվա պես սև էին: Նուրբ ու ոսկրոտ դեմք ուներ: Կարծես մեծ տղուկ լիներ:
Մինչ աղջիկն արագ-արագ խոսում էր, ձեռքերը բառերի հետ տարուբերում, բառերի արանքում շունչ քաշում և նորեն սկսում խոսել, իսկ վերջում հարցնում էր՝ հասկանում ես, թե ինչ նկատի ունեմ, ուշադրությամբ լսում էր նրա տարօրինակ ցանկություններին: Հետո ձեռքերը մեղմորեն հպում էր աղջկա դեմքին և ասում՝ աչքերը փակի: Աղջիկը փակում էր, իսկ երբ բաց էր անում, արդեն իր ուզած տեղում էր լինում: Արթուն բոլոր վայրկյաններին աղջիկը երազների տղամարդու մասին էր մտածում: Դասերն աչքաթող էր արել, իսկ այդ ցնորվածությունն օրըստօրե ավելի էր մեծանում: Սակայն մի քանի օր էր՝ տխուր ու մտահոգ էր երևում: Ներսի այն եռանդն ու ուրախությունն այլևս չկային, և որևէ մեկի՝ անգամ ծնողներին ոչինչ չէր ասում, մինչև մի օր ընկերուհուն խոստովանեց. «Մի քանի օր է՝ երազների տղամարդը չի գալիս»:
Աղջիկը մտածում էր, որ գուցե իր տարօրինակ ցանկություններից է ձանձրացել կամ գնացել մեկ այլ աղջկա երազ: Ախր նա սովորական մարդկանց պես չէր, և աղջիկը կարոտի պահին չգիտեր ինչ անել: Եթե իրական լիներ, կարող էր հեռախոսահամարն ունենալ, որ զանգի և ասի՝ այլևս տարօրինակ ցանկություններ չունի: Անգամ կարող էր բողոքել կարոտից կամ այն ժամանակից, երբ ուզում էր լսել նրա գեղեցիկ ու սիրալիր խոսքերը, սեթևեթել, որ տեսնի նրա գորովը, սակայն երազների տղամարդը միայն երազում էր գալիս, և աղջիկը պետք է քներ, որ տեսներ նրան: Այդ օրվանից աղջկա բան ու գործը դարձավ օր ու գիշեր քնելը: Դպրոց չէր գնում, ծնողների մտահոգությանն ուշադրություն չէր դարձնում: Աննկատ քնաբեր հաբեր էր խմում, գնում իր ննջարան, կողպում դուռն ու քնում: Սակայն երազների տղամարդուց լուր չկար: Ժամեր անց երբ արթնանում էր, երազների տղամարդու անհայտությունից լալիս էր: Նույնիսկ քնի մեջ էր տխուր ու սպասողական վիճակում: Մորը պատմեց, որ անմեկնելի մի հոգեվիճակում սպասում է, և այդ հոգեվիճակի ու սպասման գույնն ամբողջությամբ սև է: Մայրը գրկեց ու շոյեց դստերը՝ իմանալով, որ զավակը վախենում է սևից ու խավարից: Աղջիկը, մորը նայելով, ասաց. «Ձայնը շատ-շատ եմ լսել, բայց չեկավ»:
Մայրն աղջկան տարավ բժշկի մոտ, վերջինս զարմացած ականջ արեց նրա խոսքերին և ասաց. «Սիրահարվել է, սիրահարվել է երազների տղամարդուն»:
Աղջիկը բժշկին հարցրեց. «Իսկ ինչո՞ւ չի գալիս: Ո՞ւր գնամ նրա հետևից»:
«Պետք է երազների տղամարդուն ներքուստ և արտաքուստ նման մեկին գտնեք»,- աղջկա մորն ասաց բժիշկը, բայց նա չգիտեր, որ որևէ մեկը չի կարող փոխարինել երազների տղամարդուն:
Հայրն աղջկան խորհուրդ տվեց շատ ավելի շփվել ընկերների հետ, բայց աղջիկն իրեն միայն այն ընկերուհու հետ էր լավ զգում, որ երազում տեսել էր նրանց երկուսին: Գնաց նրա մոտ և այնքան խոսեց երազների տղամարդուց, որ արցունքն աչքերին քուն մտավ: Երազին դարձյալ կանգնած էր այն նույն խավարում: Ճչացել էր, սևակնած աչքերով դես ու դեն պտտվել՝ հույսով, որ մի լույս, մի ձայն մի ճեղք կհայտնվի: Սակայն լուր չկար: Աչքերը փակեց և ամբողջ ուժով մի քանի անգամ ձայնեց երազների տղամարդուն: Այդ միջոցին ծովի ալեբախություն լսեց: Հիշեց, որ մի քանի անգամ տեսել էր՝ երազների տղամարդն ինչպես է քայլում ծովի վրայով: Ուզեց բաց անել աչքերը, վախեցավ և նորեն ձայնեց երազների տղամարդուն: Մի ձայն լսեց, որն ասաց. «Բա՛ց արա աչքերդ, ես եմ»:
Հավատը չէր գալիս, սիրտը սկսեց արագ զարկել, ձեռքերը պաղել էին, լեզուն՝ կապ ընկել: Վախենում էր՝ բացել աչքերը, իսկ եթե երազների տղամարդը չլիներ: Այդժամ ի՞նչ էր անելու: Ի վերջո վճռեց և կոպերը դանդաղորեն բացեց: Հայացքն ընկավ երազների տղամարդու հոգնած ու մոլորված դեմքին: Ոսկրոտ ու մազոտ դեմք ուներ: Ոտքից գլուխ սև էր հագել: Կարմիր ու անկյանք աչքերով, չոր ու կապտած շուրթերով կանգնել էր աղջկա դեմ դիմաց: Ասաց. «Ուզում եմ քեզ իմ աշխարհ տանել»: Աղջիկն իսկույն մոռացավ իր բոլոր հարցերը և անգամ չհարցրեց, թե այդ ողջ ընթացքում որտեղ էր: Երազների տղամարդը բռնեց աղջկա ձեռքն ու ասաց. «Խոր շունչ քաշիր»:
Լարովի տիկնիկի նման լսեց նրան, խոր շունչ քաշեց, իրեն տեսավ ծովի ջրերի վրա և երազների տղամարդու հետ գնաց ծովի խորքը: Ալիքները պար էին բռնել աղջկա երկար վարսերի հետ: Աղջիկը ոչնչից չէր վախենում և միայն նրա հոգնած դեմքին էր նայում: Հանկարծակի ամեն ինչ հանդարտվեց: Նայեց շուրջբոլորը. իրական մի քաղաքում էին: Քաղաք, որ կարծես թե ջրի տակ էր, իսկ մարդիկ, թեև ջրի մեջ էին, բայց չոր հագուստներով էին և ապրում էին սովորական կյանքով: «Սա իմ քաղաքն է»,- ասաց երազների տղամարդը:
Մոտեցավ ու նայեց աղջկան. վերջինիս սիրտը դող ընկավ: Հիշեց, թե որքան էր կարոտել նրան. եթե արթնանա քնից, եթե այլևս չգա, ինչ կանի: Երազների տղամարդը նայում էր տղամարդուն և կարծես լսում չասված բոլոր խոսքերը: Աչքերի հոգնածությունն այլափոխվեց, շուրթերը դողացին, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց զղջաց: Հայացքը փախցրեց աղջկանից, հոգոց հանեց ու ասաց՝ արի գնանք, ապա մրմնջալով՝ շարունակեց.- «Ինչ ասում եմ, լա՛վ լսիր. այս քաղաքում սերն արգելված է»: Աղջիկը մինչև այդ պահը նրան այդքան լուրջ ձայնով չէր լսել: Երազների տղամարդը ձայնն իջեցրեց ու ասաց. «Ոչ ոք չպետք է սիրահարվի: Ով սիրահարվի, պետք է սպասի ստվերներին: Ստվերներ, որ այնքան քեզ կհետևեն, մինչև կամ խելագարության հասցնեն կամ կործանման: Եթե անգամ սիրո մասին էլ մտածես, ստվերները մտքերդ կկարդան»:
Այդ խոսքերից աղջկա սիրտն ալեկոծվեց: Ցանկացավ ամեն անգամվա նման, երբ վախենում էր, բռնել նրա ձեռքը, բայց տղամարդը բռնի ձայնով ասաց. «Չէ՛, ո՛չ այստեղ»: «Ինձ դուր չի գալիս քո քաղաքը. արի գնանք»,- կամացուկ ասաց աղջիկը: «Հիմա չէ. գուցե վաղը»: «Վաղը՜,- բարձրաձայն խոսեց աղջիկը: -Բայց ուշ է, այսօր գնացել էի ընկերուհուս տուն. չեմ կարող մինչև վաղը մնալ այնտեղ»:
Երազների տղամարդը վեր կացավ: Զայրացկոտ մի հայացք գցեց աղջկա վրա և ասաց. «Շշշ, որևէ մեկը չպետք է գլխի ընկնի, որ այս քաղաքից չես»:
Երկուսն էլ լռեցին: Նկատեց՝ աղջիկը մտահոգ է: Ինչ էլ լինի, այդ ամբողջ հեռավորությունից հետո փորձել էր սիրալիր գտնվել նրա նկատմամբ, և առնվազն այդքան գիշեր չգալու պատճառներն ասել, բայց փոխ արենը նրան տարել էր վախով ու տագնապներով լի մի վայր:
Երազների տղամարդը աղջկան ժպտաց ու ասաց. «Իմ պատճառով մի՛ անհանգստացիր»: Անհանգստության պատճառը նա չէր. հենց կողքն էր, հանգիստ էր: Բայց ընկավ մտքերի տունն ու ինքն իրեն ասաց. «Բայց իրոք, երազների տղամարդն ինչո՞ւ է ինձ իր քաղաք բերել, ի՞նչ է ուզում ցույց տալ»:
Չուներ հարցերի պատասխանը: Որոշեց նման բաների մասին չմտածել: Բայց երազների տղամարդու կողքին մի անչափ հաճելի զգացողություն ուներ: Սրտանց ուզում էր բռնել նրա ձեռքն ու շշնջալ. «Սիրում եմ քեզ», բայց վախենում էր: Այդ մտքերի մեջ էր, երբ նկատեց՝ երազների տղամարդը չկա: Տագնապը պատեց. միայնակ էր այդ օտար քաղաքում: Իսկ եթե հավերժ գնացա՞ծ լինի: Երանի տվեց, որ շուտ արթնանա այդ երազից, զարթուցիչը զնգա, կամ ընկերուհին արթնացնի, սակայն որևէ մեկն էլ չեղավ: Զգաց՝ հետևում ստվերներ կան: Քայլերն արագացրեց: Ստվերներն ավելի արագացան, ավելի մոտեցան: Մինչև ուզեց բղավել, նկատեց՝ իրենից հեռացան ու առաջ անցան: Ստվերներին հետևելիս տեսավ երազների տղամարդուն: Ստվերները շուրջկալեցին երազների տղամարդուն: Աղջիկը ճչալով օգնություն խնդրեց, բայց ոչ ոք չօգնեց:
Պիտի մի բան աներ, սակայն հանկարծակի դուրս եկավ կապույտ քաղաքից՝ հայտնվելով անծանոթ մի սենյակում: Մի մեծ սենյակ՝ լեփ-լեցուն մարդկանցով: Այլևս ո՛չ կապույտ քաղաքից լուր կար, ո՛չ էլ երազների տղամարդուց: Չգիտեր ինչ անել: Հանդիպող մարդիկ՝ անհոգի դեմքերով, հաշվված քայլքով, հատու հայացքով ու պլշած աչքերով, անցնում էին կողքով: Ի՞նչ էր անում աղջիկն այդտեղ: Նրանցից անցնելով՝ մտավ մի միջանցք: Այն, ինչ տեսնում էր, հավատը չէր գալիս: Միջանցքի ծայրին մի մեծ ակվարիում կար, այնքան մեծ, որ ամբողջ միջանցքը մինչև առաստաղ լցվել էր: Երազների տղամարդն ակվարիումի մեջ էր: Ձեռքերն ու ոտքերը շղթայակապ էին, բերանից պղպջակ էր դուրս գալիս: Շնչահեղձ էր լինում: Որևէ մեկը պետք է օգներ նրան: Ակվարիումի շուրջբոլորը ստվերներ էին, ստվերներ, որ սպասում էին նրա խեղդվելուն: Նայեց աղջկան, հայացքն այն ժամանակվա նման էր, երբ շուրթերը դողում էին, և ուզում էր ինչ-որ բան ասել: Բերանը բաց արեց և կամացուկ դարձավ աղջկան. «Ես սիրում եմ քեզ»:
Ամեն բառի հետ բերանից պղպջակ էր դուրս գալիս: Ստվերները խտացան, մոտեցան աղջկան: Հարկավոր էր ինչ-որ բան անել: Աչքն ընկավ միջանցքի պատից կախված մի կացնի, և վազեց դրա կողմը: Վերցնելով ու բղավելով վազեց դեպի ակվարիումը: Ստվերներն անցավ: Ամբողջ ուժով կացնահարեց ակվարիումի ապակին, որ փշրվեց, և ջուրը հեղեցի նման հորդաց: Ակվարիումի միջից հազարավոր մարդիկ դուրս թափվեցին: Սենյակն ու միջանցքն անհետացան: Աղջիկն այժմ մի քաղաքի հրապարակում էր կանգնած: Մարդիկ ազատված ցնծում էին, վազքով գրկախառնվում և ուրախությունից արտասվում: Ջրի հոսքն աղջկան մի կողմ էր նետել: Վեր կացավ, վազեց դեպի ակվարիումը, բայց ներսում ոչ ոք չկար: Ստվերներն էլ չկային: Աղջիկը տխուր-տրտում կախեց գլուխը. ուշացե՞լ էր, բանը բանից անցե՞լ էր, իսկ երազների տղամարդը՝ խեղդվե՞լ: Արտասվում էր, երբ մի ձեռք դիպավ ուսին: Շրջվեց ու տեսավ երազների տղամարդուն՝ անվնաս, թրջված, առանց կապանքների: Բաց արեց ձեռքերը, և իրար գիրկ նետվեցին: Մարդիկ, հավաքվելով նրանց շուրջը, սկսեցին ծափահարել. կարծես հաղթանակած հերոսներ լինեին:
Աղջիկն այլևս չարթնացավ քնից: Բոլորը կարծեցին՝ մահացել է, սակայն միայն ամենամտերիմները հասկացան, որ հավերժ մնացել է երազներում՝ երազների տղամարդու հետ:
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի