Ես մոռացել էի, թե ինչ են ամպերը
Սիզամարգ, խոտեր և ծաղիկներ:
Արձակուրդներն առանց մանկության,
առանց մեքենաների,
առանց ճամփորդությունների տագնապի:
Ես մոռացել էի, թե ինչ են ամպերը:
Փողոցում լսված.
«երջանկությունը ափի մյուս կողմում է»:
Եբրայերեն լուսամուտն ու երազը նույն բառն են:
Շրջանի մակերես
(հատվածներ պոեմից)
Մյուս կիսագնդում հակառակ եղանակին են նշում ծննդյան օրը,
– Բայց ասում են, որ ջուրը նույն ուղղությամբ է դատարկվում:
«Ո՞րն է ծամծմելու հակոտնյան»:
Հորիզոն. եզր սահմանել:
***
Նա ինձ հեռախոսով բացատրում է մոլորակների հետընթացի սկզբունքը
Նա ինձ պատմում է Տարկովսկու «Հայելուց» մի տեսարան, որտեղ հերոսը պոկում է այգու ծաղիկները:
Նրանք պարում են գիշերը, և շները հաչում են:
***
«Գնչուները մեռածի իրերը դեն են նետում, մինչև վերջին թելը ձերբազատվում՝ ամենից,
որ նա ավելի հաստատուն ապրի՝
ողջերիս մեջ»:
***
Պատի ճեղքից
բուսնում է հանկարծ
ծառի զորեղ, մատաղ բունը:
***
Երազում տեսնում էի, թե ինչպես եմ նրան օգնում կեռաս հավաքել,
լոլիկ կլպել – մի Հեղափոխության պատմության համանվագի ներքո:
Առավոտյան, ինչպես միշտ՝ ուրախ ու ժիր,
Բոուիի մի երգն էր երգում՝ միտն ընկած:
Տուն դառնալով՝ ես նրա նկարած հնդկացիներին փակցրել էի
Գրասեղանիս վերևում:
Հազար թվից առաջ երկնքի գույնին երբեք «կապույտ» չէին ասում:
***
Ոտք դնելով
No man’s land
Երկար
ճամփորդությունից հետո:
***
Տրցակները: Ջոկջկելու համար: Կրելու համար: Աղբարկղը գցելու համար:
Ցերեկով արևի տակ, գիշերը՝ լապտերների լույսի:
Ջոկելու ժեստը՝ կորացած, կռացած, ասես քաղհանելիս:
***
«Mono no aware». ճապոներեն նշանակում է իրերի վաղանցիկության զգացումը:
***
Մի երեկո նա սարդ էր սպանել:
Նա երգում էր Ալֆա Բլոնդի. «Don’t cry Israel»:
Ծաղիկները ջրում էին իրիկնամուտին:
Դեկորը գեղեցիկ էր:
«Մենք այլևս անտառ չենք գնա…»
Թալմուդում. «Երբ մի ծառ են կտրում, նրա ճիչը Տիեզերքն է պատռում»:
Վթար. այն, ինչ պատահում է:
Եղբայրս՝ «Ես լուսամուտի վարագույրներն իջեցնում եմ մի վերջին անգամ» ասելիս:
Ես հաշվում եմ շնչառության տարածությունները:
Երբեմն ես նավամբարում գաղտնի ուղևոր լինելու զգացում ունեմ:
Երբ կամուրջն ամայի է, ես բարձրանում եմ և հիանում տեսարանով:
– Ի դեպ, չափազանց գեղեցիկ:
Այսօր դու 103 տարեկան կլինեիր, նախամայր,
դաշնակիցս:
Իմ ձայնագրած ձայնդ,
Որպես միակ գերեզման:
Նախորդ տարի դա ալիքներից ավերված մի երկիր էր:
Դիմացի պատուհանի գոգին՝ մի վերմակ:
Գարնան լույսը՝ ապակիների միջով:
Եվ մի թռչունի երգը:
***
«Մոռացումները գրպաններում բացված ծակեր են»…
***
Աղավնին պատուհանիս գոգին մի փոքրիկ ձու է ածել՝ կլոր և ճերմակ:
***
«Ես երգում եմ, ասելով. մնաք բարով, ես մեկնում եմ և սրտիս մեջ կտանեմ…»:
Ծանոթագրություն՝
Ժիլ Դելյոզ: Այբբենարան: Օ՝ ինչպես օպերա:
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Ավագ Եփրեմյան, Շուշանիկ Թամրազյան, Կարեն Անտաշյան