Հովիկ Մխիթարյան | Երբ մեծանաս

Վերջին տերևը

Ամայացավ ծառը: Մեկիկ-մեկիկ դուրս հոսեց կյանքը: Աշնանային քամին ավետեց աղետը: Առավոտյան վերջին տերևը թափով ընկավ հաց որոնող մեռած շան վրա և նստեց ծանրորեն: Երեկ նա դեռ կենդանի էր. փորձում էր կոլոլվել ու պարփակվել, կծկվել մորթու մեջ ու երկարացնել հոգեվարքը: Դրսում ավելի ցուրտ էր, քան իր ներսում: Այս ճշմարտությունը չէր տեղավորվում անմիտ շան ուղեղում:
Առավոտյան նա մահացավ. վռնդել էին բոլոր շքամուտքերից:
Աշնանային քամին ավլում էր վերջին տերևը…

Ռաֆոն

Ռաֆոն կոլորիտ չէր: Կոլորիտն էր Ռաֆո:
Անցնում էր Աղայան փողոցի ավարտից մինչև վեր: Երբեք ոչ՝ հակառակը: Ո՞նց էր հայտնվում ներքևում, ոչ ոք չգիտի: Ռաֆոն բարձրանում էր ամեն օր՝ տիկնոջ հետ: Նրան տխուր չեմ տեսել. թոշակ էր բաժանում ու թերթ: Այնքան թոշակառու կար, որ ինքն էր ծերանում նրանց հետ: Աշխատանքից հետո կնոջ հետ միասին էին փողերը բաժանում, միասին էլ բարձրանում, ու Ռաֆոն ուրախ էր. իր կինն էր, արդեն հիսուն տարի: Ուրախ էր իր կնոջ՝ տանտիկնոջ համար:
Հիսուն՝ ուրախության, թերթ ու թոշակի տարի:
Տանն էլ էր ուրախ, խոհանոցում ու ննջարանում: Ամենուր, միշտ, Աղայան փողոցից ի վեր: Ժպիտը դեմքին: Հագուստնե՞րը… հին, մաքուր ու կոկ: Իսկ տանը՝ հին, փոշոտ գրքերի մի հսկա քանակ. չէ, չէր կարդում երջանիկ Ռաֆոն: Ուղեղը թոշակառուների հետ, խոսում էր նրանց հետ, որ փողի էին սպասում ու քամու հետ էին խաղում: Քամու հետ էլ ծախսում փողերը: Նստում պատշգամբում գեղեցիկ, սպասում հարազատ Ռաֆոյին կնոջ հետ: Սուրճի, կոնֆետի ու կոմպոտի համար: Փոքրիկ հյուրասենյակներում, պատշգամբներում մթնշաղին:
Միասին՝ թերթի ու թոշակի հիսուն տարի:
Ռաֆոն, որ կոլորիտ չէր, այլ կոլորիտն էր Ռաֆո․․․

Երբ մեծանաս

Երբ մեծանաս այնքան վաղ, չմեղադրես քեզ:
Կնստես թխկիների շփշփոցի ներքո, ծերերի վերջին տաղավարում: Դրսից չերևացող: Թող չնկատեն կանգառում կանգնածները, որ նստած ես անկյունում և տեսնում ես իրենց: Կդղրդացնես նարդու զառերը և հուզված, բարձր ձայնով կբացականչես՝ շեշ ու բեշ՝ ուրախ եմ, հաղթեցի կյանքին:
Ամուր նստելու ես ծռմռված նստարանին, հենվելու ես կողքիդ 73-ամյա տղին, քո տարիքի, թփթփացնելու ես ուսին, վերցնելու ես նրա թզբեհն ու հաճույքով խեր-շառ անելու: Հետո նոր ուժով, թափով ես նետելու զառերը՝ մարած հայացքդ դեպի դուրս՝ տորթով բեռնված մեկին, երեխայի հետ, հայացքը՝ թիթեռնիկին։ Այն գեր, կաքավող գեղեցկուհուն՝ կողքի հմայքի սրահից: Բոլորին աչքով ես անելու՝ ուրախ ենք միասին:
Վերջում կպարտվես խաղը, թույլ-թույլ, ուրախ կհռհռաս ամեն ինչի, այս աշխարհի վրա։ Կսեղմես արդեն անկամ ծնոտդ՝ տեսնելու, թե ինչպես է մոտենում թոռնիկդ, որ բռնի ձեռքդ ու տանի քեզ տուն: Դու նրան բամբակե պաղպաղակ ես խոստացել ու կոնֆետ. ոչինչ, որ ծնողներն արգելել են: Ուրիշ ոնց, իմ թոռնիկն է՝ ասում ես քեզ ու քեզ: Թոռնի՛կս, անուշի՛կս, գնանք այստեղից. ես միշտ երիտասարդ եմ, գնացինք:

Երջանիկը

Մեքենաների հսկայական կայանատեղը կյանք է սփռում:
Բուլկին ու սուրճը կծում է՝ երջանիկ, փայլող ժպիտը դեմքին: Ընդմիջում է: Աչքի տակով դեռ հետևում է եռքին՝ որ մեքենան որտեղ է կանգնել:
Երիտասարդ չէ շատ վաղուց: Բայց կանգնած է իր ոտքերին: Մեքենա ունի արդեն: Փայլը չի իջնում դեմքից՝ մինչև վերջին պատառն ու վերջին կումը: Ցնցում է սեղանիկը, որ չթափվի փշրանքն ու սուրճի երջանկությունը: Գլխացա՞վ, հոգսե՞ր, քաղաքականությու՞ն. իր համար վերջացած է ամեն ինչ:
Կուլ է տալիս վերջին պատառն ու վերջին կումը:
Միայն երջանկությունն է իրենը:

Իմ ընկեր  «կաչկչի» Գառնիկը

Կաչկչի Գառնիկը Գառնիկ չէր լինի, եթե դեռ մանկուց գրքեր չվաճառեր: Հզոր, անճոռնի քաղաքի սրտում սայլակ չէր քշի, եթե դեռ շատ վաղ իր ձեռքերով չվաճառեր Հյուգո ու Դոստոևսկի, Տոլստոյ ու Սևակ: Ասում էր` Սևակը լավ էր վաճառվում:
Փոքրիկ, երկաթե սայլակով կարտոֆիլ տեղափոխող Գառնիկը չէր լինի էն տղեն, եթե շոգին ու ցրտին չկանգներ գլխավոր փողոցի կենտրոնում ու գրականությունից դասախոսություն չկարդար: Չէր լինի էն տղեն, որ գրքերը հոգով էր շոշափում, մեղմ վերցնում ու տեղը դնում. երբ վաճառում էր, հրաժեշտ էր տալիս հայացքով: Գառնիկը էդ տղեն էր, էդ սայլակ քշող տղեն: Ու Գառնիկ չէր լինի, եթե փողոցի հենց կեսին, էդ շոգին հոգնած չկանգնեցներ սայլակն ու չասեր՝ ես այստեղ եմ, հենց այստեղ: Ու միշտ եմ այստեղ լինելու: Ի՞նձ էր ասելու, թե իրեն… ու միշտ: Գառնիկը. գրքերով հարուստ իմ ընկերը, ամռան շոգի ու փոշու, կեղտի ու մրգի մեջ, սայլակով մի քանի պարկ կարտոֆիլ տեղափոխող, ուժեղ տղու իր բազուկներով…
-Հիշու՞մ ես Դրայզերին ու էն փիլիսոփային, որ հիացել էինք, – ասում եմ:
Ոնց չհիշի, եթե կարտոֆիլի ամբողջ պարկը կատաղությունից թափեց գետնին, որ գլոր-գլոր հեղեղեց թաց ասֆալտը: Քրքջաց ամբողջ ուժով ու մնաց ինձ ու գրքերի հետ ամբողջ օրը:
Մնաց Էմիլ Զոլայի ու Լոնդոնի, Չարենցի, Թումանյանի հետ. մեկն էլ կար, չեմ հիշում:
-Գառնի՛կ, ասում եմ, – դու հիշու՞մ ես էն մեկին, բոլորին:
-Հա, – ասում է, – ոնց չէ: Միշտ հիշում եմ իմ կյանքն ու էն տղուն:
Այդպես էլ կա՝ մտածում եմ: Ոնց չի մոռացել, տե՛ս է:
Գառնիկը, գրքերի ու սայլակի, կարտոֆիլի պարկերի հետ:
Իմ ընկեր, «կաչկչի» Գառնիկը:
Ծանոթություն-«Կաչկա»-ռուսերեն բառից, սայլակ, որով բեռնակիրները շուկայում որոշակի գումարով բեռներ են տեղափում։ Այդ մարդկանց անվանում են կաչկչի։

Որտե՞ղ ենք մենք

Դուք չգիտեք իմ գտնվելու տեղը: Վաղն ուրիշ քաղաք եմ գնալու: Ուրիշ քաղաքի մտքերով: Ուրիշ մարդկանց մոտ: Կվերադառնամ մի քանի օրից: Նորից այստեղ: Նույն տեղում: Վաղը չի լինի այլևս: Ոչ էլ այն մի քանի օրը: Գժվելու բան է՝որտե՞ղ ենք մենք: Ոչ մեկս չգիտենք մեր կյանքն ու գտնվելու տեղը: Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը: Հեռանանք ավելի հեռու և ավելի շատ օրով ու ետ գանք կամ չգանք: Անիմաստ, անօգուտ բաներ, որ ավելի շատ տեղերում լինենք:
Որտե՞ղ է հիմա մեր տեղը: Գժվելու բան է:

Մեր կենսագրությունը

Գրում եմ բոլորի կենսագրությունը: Մեկ առ մեկ:
Պատուհանից դուրս են նայում: Կամ քնել են: Մտքերի հետ են, տիեզերքում, երազանքներում: Ծամում են: Հազում, քայլում ու կանգնում: Կյանք է հորդում նրանցից: Ուրախանում են ու բարկանում: Մահանում ուրախությունից, քաղցկեղից, պարապությունից: Լացում են, սիրում, հայհոյում, տառապում: Թռչում են օդերում մետաղի կամ հոգու թևերով, նայում անդունդների կողքով վստահ թռչող վարորդին, քչփորում ուղեբեռը:
Մեր հետևում նստածները ծանր փնչում են մեզ վրա: Միանման կենսագրություններ… ուրախ ողբերգություններ բետոնե զնդաններում, մետաղե արկղներում միաձուլված այսքա՜ն մեծ կյանքեր՝ միասին տառապելու համար:
Ո՞վ եմ ես: Կենսագի՞րն այս փոքրիկ երթի:

Կլառնետ, դհոլ, ակորդեոն

Ուժգին կփչի քամին ու փոշին կշպրտի անցորդների վրա: Կփռփռացնի, կբարձրացնի փողոցի կեղտն ու հագուստները: Կբացի մարմինները մերկանդամ: Շունն ապշահար կնայի վազող կեղտափոշուն ու թափով, վազքով կընկնի հետևից:
Զիլ կհնչի կլառնետը, կմոլորվի ակորդեոնը, կդոփդոփա դհոլը զնգուն պողոտայում Հյուսիսային: Կհնչի վաղու՜ց մոռացված մի երգ՝ հարսի ու փեսայի: Մոռացված սիրո ճիչերի, բղավոցների, հարազատ մարդկանց հիշողությունների:
Մեղեդին կթարմացնի ուղեղները փոշոտ, մինչ մրրիկը օդ կբարձրացնի սիրո մեղեդին: Իսկ հոգում կլռեն կլառնետը, դհոլն ու ակորդեոնը:
Արևքուրիկի թեյ ու կոնֆետ
Ումպ-ումպ արևքուրիկի թեյ ու կոնֆետ, որ զովացնում է բերանը:
Լուրերն անհամար են` հոգնեցնող ազատության և պատերազմների մասին: Անթաղ մեռելների, որ հանգիստ չունեն: Քաղցից մահացող երեխաների: Անհույս լացող լուրերի մասին: Հալվող այսբերգների ու խորշակների, մրրիկների մասին: Քաղաքական մոլագարների ցնդաբանության: Բոլորս դեպի փրկություն՝ արևքուրիկի թեյի ու կոնֆետի հետ միասին:
Որ հաճելիորեն սառեցնում է բերանը:

Գուլպաները

Տնքացող ոտքերով երկար որոնեցիր շյուղերը: Գործելու տաք գուլպաներ ծոռանդ համար, որ ապրում է շատ տաք ու շատ բարեկեցիկ երկրում:
Մտքում հաշվեցիր, թե որքան կնստի թելի ծախսը, բայց չհաշվեցիր, թե որքան կնստեն քեզ վրա մարող ջանքերդ: Որ հագնի ծոռդ ու հաճույքով թավալվի գետնին: Այնտեղ, ծոռանդ տաք երկրում, որ էնքան քիչ է ցրտում: Որ հագնի ու սկսի քայլել սովորել տանը, վազել խանութներում:
Դու երկար փնտրեցիր շյուղերը: Վաղուց չէիր գործել ու չէիր հիշում, թե որտեղ ես դրել դրանք: Մոտեցար պատուհանին. մայրամուտ էր, ու յասամանի սուր հոտ՝ քո մանկությունը: Արցունքի մի կաթիլը լիուլի բավական էր:
Հիշեցիր, էլ որտեղ կարող էիր դրած լինել ոսկեգույն շյուղերը: Դանդաղ շարժվեցիր դեպի ցուրտ սենյակը, որտեղ ավելորդ իրերն էին ու գուցե ոսկեգույն, գեղեցիկ շյուղերը: Նստեցիր բազմոցին ու խոր շունչ քաշեցիր: Որ հանգստանաս ու շարժվես առաջ: Կանգնես ու քայլես: Նորի՛ց, նորի՛ց:
Որ թոռդ նկարվի գուլպաները հագին ու ուղարկի քեզ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *