Ջուլիետն եմ
23 տարեկան
հպվել եմ սիրուն մի անգամ
դառնահամ էր
ինչպես սուրճը թունդ
արագացրեց
սրտիս զարկը
գրգռեց
իմ կենսալի օրգանիզմը
թրթիռ բերեց զգացմունքներիս
հեռացավ
Ջուլիետն եմ
բարձր պատշգամբից
եմ կախվել
բղավում եմ վերադարձիր
խնդրում եմ վերադարձիր
ներկում եմ
շրթունքներն իմ կծոտած
գույնով արյան
չվերադարձավ
Ջուլիետն եմ
հազար տարեկան
դեռ կամ
***
Հալինա Պոշվիատովսկան մարդ է ըստ երևույթին
և երևի նա էլ կմեռնի ինչպես բոլորն իրենից առաջ
Հալինա Պոշվիատովսկան հենց հիմա կռում է սեփական մահը
նա դեռ չի հավատում, բայց արդեն կասկածում է
և երբ երազում աջ ձեռքն իջնում է ձախ ձեռքի վրա
ուժգին սեղմում է աստղը – վառ երկնքի մի կտոր
և լույս է արնահոսում մթության միջով
հետո հանգում է վարդագույն հետք թողնելով
մթագնում է ահեղ ու ցուրտ գիշերվա քամու տակ
Հալինա Պոշվիատովսկան – որոշ իրեր արդուզարդի
և այն ձեռքերն ու շուրթերը, որ քաղցած չեն այլևս։
***
երեկ գրում էի բանաստեղծություններ
ինչպես այսօր բաշխում եմ համբույրներ
համբույնրերն իմ էժանացել են
հանգերս էլ գնալով քչանում են
արդեն գրում եմ լոկ այն ժամանակ
երբ խոցում է ինձ գույնը ծաղկի
կամ երբ չղջիկն է
իր գիշերային թռիչքի ժամին
դիպչում այտիս
համբուրվում եմ տարվա բոլոր եղանակներին
համբուրում պատահական անցորդների
ուսանողների բժիշկների բանաստեղծների
նրանք հետո բանաստեղծում են այդ մասին
ինչպես ես բաշխում եմ համբույրներ
բռերով
անմտորեն
հապշտապ
Բանաստեղծություն ինձ համար
Հասո՜ Հասիկո՜
մի վախեցիր չէ
էնքան սիրուն շուրթեր ունես
ու ի՜նչ աչքեր գիտե՞ս –
կձգես սիրուն շուրթերդ
կփակես սիրուն աչքերդ
ու համ էլ ափդ կփակես փոքր բռունցքի մեջ
Հասո՜ Հասիկո՜
ունեիր զգեստ պուտիկներով
ունեիր
սիրում էիր աղմկել հուլունքներով
սիրում էիր
ու քաղաքը որ գալիս է գիշերով
սիրում էիր այնպես
նայիր
հեչ էլ հեռու չի այն
կոչում են – երկինք
նայիր այն բոլորովին մոտ է
կոչում են – գիշեր
իսկ դու հետ կգաս քաղաք
ու կծաղկես քո անվամբ
շուրթերի վրա
Հասո՜ Հասիկո՜
պետք է արդեն գնալ – դե եկ
Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի