Ես ուզում եմ սկիզբ, կոնֆլիկտ, կուլմինացիա, լուծում,
Փայտից պինդ դռներ, դռան զանգ, Նոր տարի,
Մանդարինն էլ հոտ չունի, երբվանի՞ց՝ դու գիտես
Դու գիտես, ես գիտեմ, մնացածը՝ երևի։
Մեզ պետք ա հետպտույտ,
Ու ամեն ինչ նորից։
Ես չեմ սիրում մեմեր, հետհեգնանք, ռիլեր,
Չեմ սիրում օֆիսում ապակե դռներ,
Ուզում եմ գնալ հետ հետ հետ,
Երբ դոբին դեռ ազատ չէր, բայց ազատ էի ես։
2005-ին ձյուն էր,
Ու փայլում էր օդը,
Հոտը կարմիր էր,
Նենց կարմիր, որ մի անգամ ա լինում,
Նենց կարմիր, որ մենակ քո հետ ա լինում,
Էնքան կարմիր,
Որ պիտի բռնես անպայման,
Քանի չկա լրահոս աշխարհում,
Քանի չես տեսել երազդ ստատուսում ուրիշի,
Ոնց Վերնիսաժում ես գտնում զարդերդ հին,
Խնդրում եմ բռնի,
Քանի քոնն ա մենակ
Էդ հասցեի
Գաղտնիքը ազնիվ։
Մեդիտացիա, յոգա, հոգեթերապիա, նյուդս
ծնողավարում, գիտակից կյանք, թույն տեքստ
Սերնդային տրավմա, առողջարար հյութ, անառողջ loop
Հանրային դիսկուրս, պաշտպանված սեքս, անպաշտպան ես։
Գտե՛ք ինձ գտե՛ք ինձ գտե՛ք ինձ վաղը,
Ես խոստանում եմ՝ կլինեմ բարի,
Բայց էսօր ես չար եմ՝ չգիտեմ նորից՝
ինչի ոչ մեկ չիմացավ՝ ոնց եմ
Էս Թափանցիկ դռների արանքից։
Մենք ուզում էինք ապրել ավելի ուրախ,
Արթնանալ ութին ու լինել անվախ,
Չփախնել ագռավի կռռոցից դառը,
Գրել գրքեր, սիրել մեկին ու լինել լավը։
Մենք ուզում էինք չլացել, երբ օրը պրծնի,
Յոթին հավաքվել բոլորով ճաշի
Ու երբեք չփոխել նստելու մեր տեղը։
Ուզում էինք, որ կոնսից էկող ձայները խառնվեն բարդու խշշոցին, պապիկի
կենացին, տուն գնացող էրեխու լացին, ու ասել՝ լավ էր։
Բայց մեր տան պատերը դեղնել են,
Բարդին էլ չի խշշում,
Պապիկը կենաց չի ասում,
Որովհետև մոտեցել է սահմանագծին
Պապիկը էլ չի խոսում, մենակ մտածում է։
Ուզում եմ իմանալ՝ ինչի մասին է մտածում, բայց վախենում եմ հարցնել,
Վախենում եմ լսել,
Վախենում եմ, ու մենք լռում ենք։
Երկուսս էլ գիտենք՝ ինչի մասին ենք լռում,
Ես չեմ հարցնի ոչ մի բան,
Ինքը չի ասի ոչ մի բան,
Ինչքան ուրիշ տեղ ա ինքը,
Ինչքան հեռու ենք իրարից՝
Ինչքան վախենալու հեռու։
Բա որ խնդրի բռնեմ ձեռքը, ու ձեռքս չհասնի, կամ պլստա,
Ու տիեզերական ահի մեջ թողնեմ նրան մենակ։
Չէ, ավելի լավ է լռենք ու չիմանանք, թե ինչքան հեռու ենք,
Որ ներենք մեզ
Ու մի քիչ էլ,
դեռ մի քիչ էլ դիմանանք:
Երեկ մենք ուրախ էինք բոլորով՝
Մենք, որ թվում էր՝ որտեղ պիտի բախվենք՝
Ես, դու ու նա։
Մենք Տեսանք իրար
Ու գոռացինք զարմանքից, ու լացեցինք զարմանքից,
Ու չկար իմ լացը, քոնն ու նրանը,
Մեր բոլորի լացն ընդհանուր էր։
Մենք իրար ուրախության մեջ՝
Մեր ընդհանուր լացի մեջ յուրային գտանք
Ու բաժանվեցինք՝ առանց հաջողության
Ու չհարցրինք՝ հաջորդ անգամ որտեղ կհանդիպենք,
Հո հիմար չենք՝ կզգանք։
Բայց ես եկա, դու չկայիր,
Ես սպասեցի դու չեկար,
Ու փողոցն էն փոքր, որի վրա պառկած ծանոթացանք,
Սև Համեռի տակ, պինդ ու հարմար պառկած
Մեծացավ, մեծացավ, մայրուղի դարձավ,
Ու տեսա քեզ մայրուղու մյուս կողմում,
Ուզեցի գոռալ, որ գաս,
Բայց անունդ մոռացա, ու ձայնս կորավ,
Դու անհետացար։
Բայց չէ որ մենք կայինք,
Ես, դու ու նա,
Չէ որ խոստացանք, որ կգանք հաստատ,
Բա ուրեմն ինչո՞ւ հետ չեկանք,
Բա իրար ինչո՞ւ չգտանք։
Գուցե չկար ոչինչ
Ու չէր եղել երբեք,
Վաղը ես կմեռնեմ,
Իսկ դու կապրես, հաստատ,
Որ գտնես մի բան,
Ու թե գտնես մի բան՝ թեկուզ մի պստիկ բան,
Որ կասի թե էղել ենք մենք,
Ուրեմն կայի ես հաստատ,
Ուրեմն ամեն ինչ կար,
Ուրեմն պիտի գտնես մի բան անպայման,
Գտի՛ ինձ, փո՛քր աղջիկ,
Գտի՛ ինձ, փո՛քր տղա:
***
Քնի՛, պուճուր, քնի,
Քնի՛, քանի ժամանակ ունես,
Քնի՛, քանի չես վախենում,
Քնի՛, քանի չես զգում գնացող ժամանակը,
Քանի չգիտես, որ քեզ գրկած համահոտով փափուկ կինը մեռնելու ա քո օրոք,
Ու նույնիսկ չես սգալու կարգին, որովհետև դեռ պետք ա մահվան թուղթ վերցնես,
Որ գերեզմանում պատշաճ տեղ պահես,
Մուտքից ոչ շատ հեռու, որ շատ չքայլես։
Պատշաճ տխրելը եվրոպական փոքրիկ քաղաքների ճոխություն ա ,
Ոչ էս չոլի, որին թրենդի մեջ ընկած, սերևան ես ասում։
Քանի չգիտես, թե իր մեռնելուց հետո հոկտեմբերի կողմերը՝ վեցին-յոթին սկսվող կռռոցն ագռավների ինչ
գիտի անել,
Հատկապես լույսը չվառած խոհանոցում, երբ պատուհանից ուրիշների կենդանության ձայներ լսվեն մի քիչ
հեռվից,
Ու մի քիչ էլ ցուրտ լինի,
Ու հագինդ՝ մի քիչ թեթև,
Ու օճառը պրծած լինի,
Քանի չգիտես, որ միշտ կարող է ավելի տխուր լինել,
Ու դեռ շատ-շատ-շատ երկար կարող ես ձգել,
Դու երկա՜ր, անշտա՜պ, հավեսո՜վ քնի՛։
Քնի՛, քանի ուրբաթ երեկոյան արդեն չես տեսնում երկուշաբթի առավոտվա ծակող չարախինդը,
Քանի զարթուցչիդ ձայնը գանգիդ կեղևը մեջտեղից չի բացում եքա գեշ ձեռքով,
Քանի ցուրտ չի շատ,
Քանի շատ չի ցուրտ,
Քնի՛։
***
Փոքր ժամանակ մի երազ կար,
Որից ես ահավոր վախենում էի.
Մուգ կանաչ թփերի մեջ երեք վիշապ կար մուգ կանաչ,
Դեղին աչքեր ունեին վիշապներն ու մեջը՝
Սև, խորացող գալարներ։
Ուղիղ աչքերիս մեջ էին նայում վիշապներն ու ժպտում էին լայն։
Էդ ժպիտը հա՛մ սպառնալիք էր, հա՛մ ակնարկ, որ ամեն ինչ գիտեն։
Էդ ժպիտը ինձ քարացնում էր,
Ու ես վախից չէի կարողանում երդվել անգամ, որ չեմ փախչի,
Որ կհանձնվեմ՝
Մենակ էլ չժպտան հանկարծ։
Մի օր ես պատմեցի երազը մերոնց,
Մերոնք հարցրին, թե երբ եմ տեսել,
Ես ասեցի, որ դեռ չեմ տեսել, բայց ահավոր վախենում եմ, որ մի օր կտեսնեմ։
Չհասկացան մերոնք, խնդացին մերոնք շատ,
Ո՞նց կարող է մարդ վախենալ չտեսած երազից։
Ես էլ ժպտացի՝ հա էլի,
Բայց հետո մեծացա ու հասկացա ամեն ինչ.
Ամենավախենալուն դեռ չտեսած երազն ա։
Ես մինչև հիմա վախենում եմ, որ մի օր թփերից մուգ կանաչ կհայտնվեն
մանկությանս երեք վիշապներն ու դեպի ինձ կշարժվեն,
Մեկը տատիս ու պապիս մահվան դեմքը կունենա,
Մյուսը ես կլինեմ՝ ծերացած ու գեշ,
Իսկ էն երրորդը՝ դեռ չգիտեմ,
Ու ինքն ամենադեղին աչքերը կունենա։
***
Նյու Յորքի փոշոտ փողոցում անկոշիկ պառկած ժպտացող տղա՛,
Ես սիրում եմ քեզ ու նախանձում.
Մի տարուց կսուզվի Տիտանիկը,
Երկուսից՝ կսկսվի պատերազմ,
Հետո կգան ճչացող քսանականներն, ու եթե դեռ ողջ լինես կհարբես կարգին ու
կկարծես թե անվերջ են ջազն ու շամպայնն ու Նյու Յորքը քո (ու ճիշտ կլինես,
վերջավոր մենակ դու ես ու ես, երևի)։
Հետո էլի պատերազմ, մահեր, ընկճախտ,
Բայց ես պաշտում եմ քեզ, նյույորքցի՛ տղա,
Ես ուզում եմ հագնել քո ճղած շորերն ու բոբիկ զգալ ասֆալտը քո գորշ ծխոտ
քաղաքի,
Ուզում եմ դաժան արեւը դրա վառի աչքերս
Ու մրսեմ ձմռանը ոնց դու,
Որ քամին բաճկոնի դավաճան թեւի արանքով սողա մինչեւ ոսկորներս ու հոթ դոգ
ծախեմ փողոցի վերջում,
Զգամ քաղաքիդ հոտը, որ կարոտում եմ, թեեւ չեմ տեսել
Ու լինեմ բնիկ նյու յորքցի,
Ու լինեմ մերժված սևամորթ,
Ու մեծ ճաքած ձեռքերով քար կրեմ մի քանի ցենտով, որ հոթ դոգ առնեմ փողոցի
ծայրից ու կրած ունենամ աշխարհը ամբողջ ու քաղաքդ սնոբ։
Նյույորքցի՛ տղա,
Էկրանի էն կողմում,
Ինչքան ուրիշ տեղ ես դու,
Ինչքան հեռու ենք մենք,
Այսինքն այնքան՝ Ինչքան Նյու Յորքն ու Երեւանը,
Ինչքան մահն ու կյանքը,
Իսկ գուցե հեռու չենք,
Գուցե ավելի մոտ հնարավոր չի՞։
Չնայած էական չի,
Ես կգամ կտեսնեմ քեզ մի օր երազում,
Կխմենք Ջին Ռիքի, կպարենք Ֆոքստրոտ,
Կլինենք դրախտի հակառակ կողմում,
Որի մասին պատմում էր քո ժամանակակից Ֆիթցջերալդը Սքոթ,
Մինչև կբացվի առավոտն, ու դու կգնաս պատերազմ էլի,
Իսկ ես կարթնանամ իմ տանը՝
Հետխորհրդային երկրի էլիտար շենքում
100 տարի անց՝ նորից քսան թվին,
Մինչև որ նորից հանդիպենք,
որտեղ բաժանվել էինք, ու որտեղ վերջում բոլորն իրար գտնում են: