Աշոտ Ստեփանյան | Երևանում սատանա կա

Սենյակ էր՝ կախարդված խմբերի նկարներով, որոնց միջից երաժիշտները իրենց ծանր հայացքներով նայում էին Մերիին։ Իսկ Մենը դեռ քնած էր, երևի իր սիրած խմբի համերգին էր, թռվռում էր ու չէր պատկերացնում, որ հեսա ծանր երաժշտությունը կարթնացնի նրա թեթև գամված մարմինը։ Հնչեց. հնչյունները սողոսկեցին Մենի ականջների մեջ, դողդղալով նա փորձում էր բացել աչքերը, ու ձեռքը մի քանի անգամ տարավ զարթուցիչին, որ հարվածի, բայց քանի որ չէր տեսնում հարվածները, մատները գահավիժած մնում էին օդում։ «Դե լավ, արթնացա արդեն, երգը պետք է փոխել, թե չէ առավոտ շուտ հարևաններն ինձ կախաղան կանեն բարձր ու ծանր երաժշտության համար»,- ասում էր նա՝ դեռ ամբողջությամբ չվերադարձած քնից։ Մենը սիրուն աղջիկ է՝ սպիտակ ու տեղ-տեղ կարմիր մազերով, արտաքինը միշտ գերում է անցորդներին, մեծերին, փոքրերին, նրա ոչ ստանդարտ կերպարը միշտ վախ է առաջացնում մարդկանց մեջ։ Լսում է ծանր երաժշտություն, հագնում է կարճ կիսաշրզազգեստ, բարձր ճտքավոր կոշիկներ և աչքերը փակ անցնում է փողոցից փողոց՝ վարորդների ու անցորդների սրտերի հետ խաղալով։ Մենը արթնացավ, աչքերը փակ նստեց տեղաշորին, փորձում էր լույսը հոտոտել. երեկ գիշերը շատ էր խմել ու գլխի ցավից մեռնում էր։ Ուղեղի մեջ դեռ կիթառի սվսվոցներն էին անցնում, սիրտը խառնում էր, նրա պատի երաժիշտները կարծես հայտնվել էին իր մթնշաղ սենյակում և համերգ էին կազմակերպել։
-Ա՜խ, գլուխս, օ՜հհ,- բացականչեց նա,- պետք է վերջ տալ թեքիլա խմելը…
Հագնվեց. ցանցավոր զուգագուլպա, կիսաշրջազգեստ, աչքերը սև քսեց, նայեց հայելուն, մտածեց. «Ինչ վատ եմ այսօր, աչքերիս տակ կլորավուն գնդիկներ են դուրս տվել»։ Հայացքը նետեց Դիոյին, հետո՝ Էլվիսին, Կուրտին մաղթեց հաճելի օր ու դուրս եկավ սենյակից։ Սենյակը վարձով էր վերցրել մի պառավից, որը ամեն անգամ անիծում էր, բայց երբ գալիս էր վարձի օրը, կատվի պլշած աչքերով գալիս էր նրա հետևից։ Սենյակը սեփական տան մեջ էր, որտեղ ապրում էին ևս մի քանի ուսանող և այլ գյուղերից ժամանած երեխեք։ Բոլորը չէին սիրում նրան, բոլորը անիծում էին նրա արտաքին տեսքի, երաժշտական ճաշակի, գիշերը փաբերում խմելու ու տղաների հետ շատ ազատ շփվելու համար։ Անիծում էին, որովհետև իրենք չէին կարողանում այդպես անել, կորել էին տաբուների ու կարծիքների մեջ, կորցրել էին սեփական ես-ը, կարճ ասած՝ աղջիկը գույն էր տալիս և գույն ընդունում, սիրում էր ու սիրվում, վայելում էր կյանքը, ուներ ընկեր: Ընկերն էլ իր պես խենթուխելառ տիպ էր։
Մենը սիրում էր մետրոյով գնալ դասի, Բարեկամությունից նստում էր ու մինչև Երիտասարդական գնում էր՝ ականջների մեջ «քոքած» երաժշտությունը։ Նրան ուղեկցում էին վաղուց հեռացած խմբերը, Բիթլզը տանում էր սիրո մոլորակ, բայց խոսակցություն կար, թե Բիթլները սատանայապաշտ են եղել: Ու Երևանում լուրջ հետևողականությամբ սկսել էին հետապնդել այդ և նման բոլոր այն երևույթները, որոնք մարդկանց անհասկանալի էին մնում, ճիշտ ինչպես միջնադարում, երբ մարդկանց այրում էին, երբ նրանք խոսում են աստղերի ու տիեզերքի մասին՝ առանց Աստծուն հիշատակելու…

Ինչպես նշեցի, Մենը սիրում էր համերգներ. ամեն շաբաթ Երևանի կենտրոնի փաբերից մեկում թաքուն համերգներ էին կազմակերպվում։ Մենը բոլորին ներկա էր լինում, իսկ երբ նրանց փորձում էին բռնել, նա կարողանում էր ծլկել, որովհետև մի ամբողջ ժամանակ նա թոթափել է Երևանի չոր ու հասարակության չար փողոցներով ու գիտի՝ որ անցքը որտեղ է դուրս գալիս։

Քայլում էր փողոցով, ականջների մեջ բարձր երաժշտությունը զնգում էր մյուս մարդկանց թաղանթների մեջ. թարս հայացքներ, ատելի դեմքեր… Կարծքիներ էին հնչում Մենի մասին, թե նա սատանա է, թաքուն պաշտում է նրան, թաքուն գծեր է անում պատերին, որը նշանակում էր Հակաքրիստոսի վերադարձը, իսկ Մենը ուղղակի աստղեր էր սիրում նկարել։ Իրենց բակից մի տղա, Գեղամ անունով, միշտ հետևում էր նրան, մի գիշեր անգամ փորձ էր արել նրան դեմ տալ պատին ու ձեռքը մտցրել էր նրա կիսաշրջազգեստի տակ, որ ստուգեր՝ արդյոք նրա ոտքերի արանքում սատանու պոզեր չեն աճում։ Մենիին շատ էին հետևում, ծաղրում, ընկերոջը ծեծում։ Երևանում խումբ էր ձևավորվել, որպեսզի նրանց նմաններին՝ այլ ձև մտածողներին, այլ կարծիք ունեցողներին, այլ երաժշտություն լսողներին, որտեղ բռնեն, էնտեղ էլ ծեծեն, շորերը պատռեն, հայհոյեն ու ինչ ուզեն անեն, իսկ օրենքը ոչ մի նշանակություն չուներ։ Օրենք ընդունվում էր միայն անհասկանալի բաների համար։ Օրենքը երբեք երկրում գերակա խնդիր չի լուծել, անգամ վերջերս արգելել էին օրենքով, որ դրսում այլ երաժշտություն հնչի, բացի ռաբիզից ու կլկլոցից:
Մենը քայլում էր փողոցից փողոց, Երիտասարդականը վաղուց նման չէր երիտասարդ բառին, այնտեղ միայն չար հայացքներ էին՝ լցված չար արարքներով։ Բայց Մենը ուրախ էր. նրա քայլերը ինչ֊որ գույներ էին հաղորդում փողոցներին։ Անցնում էր մի կետից մյուսը, գիրք էր ման գալիս, բայց չէր գտնում. գրատներ, Երևանում վաղուց փակվել էին դրանք, Երևանը էլ առաջվանը չէր։ Երևանից էլ ոչինչ չէր մնացել։ Մարդիկ այնքան էին չարացել ու կատաղել իրար նկատմամբ, որ կարելի էր չծնվել, քան ծնվել մի քաղաքում, որտեղ քեզ քանդում են հենց քո հարևանները, բարեկամները և ընկերները։ Մենը շատ ընկերներ ուներ, բայց ոչ ոքի չէր վստահում, քանի որ ամեն մեկը պատրաստ էր քո մասին սուտ բաներ հայտնել իրավապահ մարմիններին, և դա արդեն շատ լուրջ մեղադրանքի սկիզբ կարող էր դառնալ։
«Գոնե գնան, գտնեն պեդոֆիլներին, ինձ բռնաբարել ցանկացողներին, էս հիմարները մտածում են, որ եթե մի քիչ այլ ես, ուրեմն ինչ-որ վտանգ ես ներկայացնում հասարակությանը»,- մտածում էր նա։ Այսպես Մենը մինչև գիշեր դեգերում էր Երևանի փողոցներով, Կոլիի արձանի կողքով անցնելիս նայում էր և մտածում, թե ինչքան բան ու ոչ մի բան են անում մեզ համար օրենք գրողները։ Նա ատում էր քաղաքականությունը, որտեղից ամեն օր մեկին ինչ-որ հոդվածով տանում էին ու խեղդում, սպանում, էլեկտրական աթոռին միացնում, և այդ ամենին կարելի էր հետևել երկրի գլխավոր դեմքի ուղիղ եթերով, որտեղ նա ասում էր.«Տեսեք, ժողովու՛րդ, հիմա մենք կոչնչացնենք այս կաշառակերին, գողացողին, իրեն հերոս դնողին, պատերազմում փախչողին, բոլորին, բոլորին կոչնչացնենք, անգամ քեզ, եթե չենթարկվես մեր ժողովրդի օրենքներին ու իրավունքներին, և նաև հիշեք, որ դո՛ւք եք ժողովուրդը, և ձեր խոսքը ինձ համար գործ է»։
Դե լավ, շեղվեցինք, Երևանը այդքան էլ չի փչացել վերջին 2178 թվին, դեռ ասում են, որ մենք դեպի լավն ենք գնում, դեռ ասում են, որ պատերազմը հաղթելու ենք, դեռ ասում են…
Մենը այնքան է մտորում ու միաժամանակ լսում իր երաժշտությունը, որ նրա մտածող հեռախոսի շարժիչը նստում է, և քանի որ գիշեր է, այն չի կարողանում լիցքավորվել արևից։ Մենը գնում է տուն, որոշում է ոտքով գնալ, քանի որ մակերևույթի վրայով շարժվող ինքնաթիռաավտոբուսները լցված են, և բարդ է այս ժամին հասնել տուն՝ չլղճված ու մարդկանց հայացքներով չսպառված։ «Երևի այն ժամանակ լավ էր,-մտածում էր Մենը,- այն ժամանակ ամեն ինչ կար, փաբերը ատող մարդիկ քիչ էին»: Հայրը, մինչ մեռնելը, պատմում էր, որ մարդիկ գնալով չարանում են, գնալով էմպատիան վերանում է, նրանց ավելի շատ դրամաներ են պետք, մարդկանց կյանքերի խորտակումներ, բամբասանքներ, կործանումներ, մարդիկ հետևում էին ուղիղ եթերով, թե ոնց են այրում չլսողներին…
Մարդիկ ծնված օրվանից ստրուկ են՝ իրենց ներսում փակված, իրենց տաբուներով սպառված, անգամ ճիգ չեն գործադրում մի քիչ մտածելու, անգամ չգիտեն՝ ինչ են ուզում և ումից են այդ ամենը ուզում, ասում էր՝ շատ դժվար է լինելու քեզ, Մե՛ն, կներես, որ հիմա հեռանում եմ՝ քեզ թողնելով մենակ, կներես, որ քո կղզին լրիվ անմարդաբնակ է դառնալու, կներես։ Մենի աչքերը լցվում էին՝ հիշելով հայրիկին։
֊Պա՛պ ջան, ինչ ճիշտ էիր,- նայելով երկնքին՝ արտաբերեց նա։
– Հլը կանգնի՛, սիրու՛ն աղջիկ, էս ո՞ւր ես գնում,- կողքի բակից լսվեց մեկի ձայնը՝ լկտի տոնայնությամբ։
Մենը նայեց աջ, տեսավ խավարից իրեն նայող փայլող աչքեր, տեսավ, թե ոնց է ինչ-որ «գյադա» մոտենում իրեն։ Հայացքը թեքեց, քայլերը արագացրեց և գնաց ուղիղ փողոցով։ Տղան նրա քայլերին համըթնաց հետևում էր Մենին և արտաբերում՝ կանգնի՛ր, մեկ է չես փախչի ինձանից։ Մենը արագացնում էր քայլերը, տղան՝ նույնպես։ Երբ արդեն հասավ մի տեղ, որտեղից ելք չկար, կանգնեց՝ լսելով նրա դանդաղ մոտեցող կոշիկի կտկտոցները։ Տղան մոտենալիս արտաբերեց.
– Ասում էի չէ, ինձանից չես փախչի։ Ի՞նչ ես անում էս ժամին մութ փողոցներում, չգիտե՞ս, որ իննից ուշ աղջիկը իրավունք չունի դրսում լինել, իսկ հիմա նայի՛ր՝ ժամը քանիսն է, էս ժամին մենակ պոռնիկներն են դուրսը լինում, չե՞ս լսել մեր ղեկավարի կոչը, որ ասել էր՝ էս ժամերին ինչ լինում է, չենք բացահայտում։
Մենը դողալով լսում էր նրան, չէր թեքվում, իսկ կտկտոցները դանդաղ մոտենում էին աղջկան։ Տղայի ձեռքը կպավ Մենի մարմնին, դանդաղ սահեցրեց բաց ուսի վրայով, Մենը թեքվեց ու տեսավ նրա վամպիրի հայացքը, գրգռված նայում էր իրեն, աչքերից հորձանքի ու բռնաբարված աղջիկների հոտ էր գալիս։ «Ելք չկա,- մտածում էր Մենը,-հանգիստ, ինչքան շատ տրամադրվես, էնքան ավելի վատ կլինի ու ցավոտ»։
Նա հանգիստ իջեցնում էր նրա կիսաշրջազգեստը, համբուրում անրակները, սեղմում կրծքերը.
– Անունդ ի՞նչ է,- շշնջաց տղան։
– Խնդրում եմ թող ինձ, ինչքա՞ն գումար ես ուզում, ասա՛, կտամ,- լացելով ֆսֆսում էր Մենը։
– Ինձ գումար պետք չէ,- ասաց տղան,- ինձ դու ես պետք, քո մարմինը, աչքերդ, մազերդ, ամեն ինչդ։ Ոչինչ, առանց անունդ իմանալու քեզ հետ կզբաղվեմ։
Իջեցրեց տաբատը, ամուր ձեռքերով բռնեց ու թեքեց Մենին, շատ փխրուն ու ուժ չունեցող աղջիկ էր։ «Պա՛, ինչու՞ ինձ չսովորեցրիր պաշտպանվել սենց դեպքերից…»։
Տղան բարձրացնում էր տաբատը։ Մենը նստած էր՝ ոտքերը կպցրած իրար, տղան ուշադիր նայում էր նրան, իսկ Մենի հայացքը գետնին էր ուղղված, անթաքույց նայում էր տղայից դուրս ժայթքած մանր, պսպսղուն երեխաներին, որոնք հենց նոր մահացան։
Տղան հեռացավ՝ ասելով, որ մյուս անգամ, եթե էս ժամին նորից տեսնի, նորից կբռնաբարի, ձեռքերը տաբատի գրպանը դրեց, վերջին հայացքը նետեց Մենին ու հեռացավ՝ սուլելով ու կոշիկները կտկտացնելով։ Մենը աչքերը բացեց, ուզում էր ծանր երաժշտություն լսել, ծանր, ՇԱՏ ԾԱՆՐ։
– Անպիտա՛ն քաղաք, անպիտա՛ն մարդիկ, ատու՛մ եմ ձեզ, ատում եմ, ատու՛մ,- գոռում էր նա։

Վերադարձավ տուն, բացեց դուռը, սեղանից մի քանի հայացք նետվեց նրա վրա.
– Ա՜յ քաձ, էս խի՞ ես էսքան ուշ գալիս, չեմ ասե՞լ՝ եթե էս տանն ես մնում, իննից ուշ չգաս,- բացականչեց պառավը։
Մենը տխուր հայացք նետեց, ոչինչ չասաց և բարձրացավ իր սենյակ։ Նստեց աթոռին, միացրեց արդեն կլասսիկ դարձած Ռամերին ու ընկղմվեց ծանր երաժշտության մեջ։ Ամբողջ սենյակը դղրդում էր՝ արգելված երաժշտությամբ, պատերի վրայի նկարները ուրախացել էին, նրանք թռվռում էին Մենի հետ, Մենը գոռում էր, ամբողջ էներգիան դուրս հանում, աթոռը տալիս էր պատին։
– Անասուննե՛ր, անասուննե՛ր, էս իրականությունը իմը չի, ես չպետք է 22-րդ դարում ծնվեի, չպե՛տք է ծնվեի, պա՛պ, չպետք էէէէէէէէ ծնվ֊եի, ծըն-վեի, ծընվընեի։
Աղմուկը այնքան բարձր էր, որ պառավը դուռը ջարդում էր, որպեսզի նա անջատի, իսկ Մենը չէր անջատում, նա «ծնվել» բառը մասնատել էր, ոնց իրեն էին մասնատել։ Դուռը կոտրեցին, պառավը էն խմբավորումներին էր զանգել, տեղյակ պահել, որ Երևանում սատանա կա, որ պետք է շուտ հարցերը լուծեն, նրա ձեռքերից բռնեցին, անջատեցին սկավառակը և դուրս հանեցին։ Պառավը ասաց՝ սրա հարցերը լուծեք, սաղիս խանգարում է։ Նրան տանում էին մի քանի հոգով, վերևներում արդեն զգուշացրել էին, որ Մեն անունով աղջիկը սատանիստ է, որ նրան անհապաղ պետք է խարույկի վրա այրել։ Նետեցին մեքենան, Մենը նայում էր փակված աստղերին, որոնք չէին երևում թռչող մեքենաների պատճառով։ «Պա՛պ, փակել են քեզ, նայի՛ր՝ ինչ են անում ինձ հետ»,- խոսում էր ինքն իրեն։
Բերեցին հրապարակ, ուղիղ եթերով հրավիրեցին բոլորին, երկրի ղեկավարը եկավ ու միացրեց հեռախոսը՝ ամբողջ աշխարհի մարդկանց հավաքելով Երևանի կենտրոնում։ Նրան կապեցին, տակը ցախեր լցրին, երկրի ղեկավարը ասաց.
– Վերջին ցանկությունդ, Մե՛նն:
– Ուզում եմ ծանր երաժշտության տակ մեռնել։
Դինամիկները բարձրացրին, մինչ հրապարակում հավաքվում էին բոլորը, երկրի ղեկավարը ուղիղ եթերով պատմում էր եղածը, ու թե ոնց են Երևանում պատժում անհավատներին և ժողովրդի կարծիքները անտեսողներին։ Հրապարակը լիքն էր, տրոպոսֆերայից ժամանում էին այլերկրի առաջնորդները, գալիս էին՝ դիտելու հիանալի տեսարանը՝ Մենի մասնակցությամբ։ Վառեցին կրակը, բոլորը հավաքվել են այստեղ. բռնաբարողը ուրախ հայացքով նայում է նրան, ընկերը՝ կապտուկների մեջ, հայացք չի գցում, բայց եկել է, որ հետևի։ Երկրի ղեկավարը ուրախ ժպիտ նետեց հավաքվածներին ու ասաց.
– Դե վայելե՛ք, տեսե՛ք, թե ոնց ենք պատժում նրանց։
Մարդիկ ծափահարում էին, Մենը գոռում էր, ծուխը լցվել էր թոքերը։ Ծանր երաժշտությունը սեթևեթում էր նրա այրվող ականջների միջով, Մենը խեղդվում էր ու անիծում։ Նայում էր մարդկանց ուրախ հայացքներին և հալվում, հալվում սեփական ազատության պատճառով, նրա հետ էին այրվում բոլորը՝ իր կախարդական սենյակը, երաժշտությունը, արվեստը, գրականությունը, Կուրտը, Դիոն, Դիլանը, Հենդրիքսը, Մեսչյանը, Թանկյանը, այրվում էր ամեն ինչ՝ քաղաքակրթությունը, աստղերը, գալակտիկան վառվում էր՝ ճչի ու մոխրի մեջ կորած, իսկ բոլորը նայում էին Մենին և ուրախանում, նայում էին Մենին ու ուրախանում։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *