Ամառվա հանկարծահաս անձրևները չունեցած ծովի բույրն ունեին:
Քառասուննոց տապին էրիվանի կարկատած ասֆալտը ոչ մի կերպ չէր հասցնում սառչել և գոլ էր արձակում անգամ լուսադեմին:
Շիկացած քաղաքը տապակվում էր սեփական մեղքերի մեջ` աչքերն հառած հարավ-արևմուտք, ուր Հայկական Պարի վրայից հազվադեպ կարող էին թափանցել կուտակավոր ամպերը:
Հեղեղները թափվում էին ճիշտ երեկոյան, երբ բովանդակ Էրիվանը լեզուները դուրս գցած սմուզի ու ֆրեշ էր ներս անում Կասկադի աստիճաններին: Առաջին կաթիլներն առնում էին տաք ասֆալտին, թշշում, թշթշում ու գոլորշի դարձած օդը լցնում էին ծովաբարո խոնավությամբ: Թացանում էր քաղաքը ու նրա հետ թացանում էին նաիրցիքի քրտնած հոգիները:
Մեքենաների անձրևամղիչները տենդագին սկսում էին աջուձախ անել, էրիվանցիք գլուխը կտրած հավի պես վազվզում էին այս ու այն կողմ, իսկ տաքսիների գները թռնում էին իրենց հասցեին հնչող հայհոյանքների հարկայնությունից էլ վեր:
Վրա հասնող երկրորդ ալիքը՝ ասես արևադարձային մի փոթորիկ, քաղաքի փողոցները վեր էր ածում գետակների, որ բարձրադիր թաղերից սկսվում, հավաքվում էին իրար գլուխ, ապա սելավ դարձած շտապում էին հարթավայր` հեղեղելով մայթից ցած գտնվող ամեն մի բան, ու քաղաքի՝ Վենետիկ դառնալուն սկսում էր պակասել միայն Ռիալտոյի կամուրջը:
Ամենատարածված մահն էրիվանում մեքենայի տակ ընկնելն էր կամ գետնանցումում խեղդվելը, ուստի հեղեղների ժամանակ էրիվանցիք խուսափում էին երկու բանից… փողոց դուրս գալուց և գետնանցումներից: Հավաքվում էին կաթկթացող ծածկերի տակ ու կուզերն իրար տված ձեռքերը տնկում վեր` նզովելով հին ու նոր աստվածներին, քաղաքագլխին և եղանակի գծով փորձագետներին:
– Հորս արև, սունկ դառանք, ապե՛,- կերատին արած մազերով նաիրյան այրը ուսերը սրթսրթալով քաշեց խալադոկ վերխի մեջ ու հայացքն ափսոսանքով կախեց ցեխաջրի մեջ ճպճպացող loro Piana-ի լյուքս քոփիին:
Ցարսկայա և Քարվանսարայի փողոցների անկյունին թառած Կառավարության Շենքին հարող պուրակը հեղեղների ժամանակ վեր էր ածվում նոր ջրած բրնձի դաշտի, ուր տնկված հատուկենտ նստարաններին բարձրանում էին նաիրցիք` պաշտպանվելու համար քլթքլթացող ջրերից:
Աշխարհի մյուս ծայրերում փոթորիկներին սիրում էին կանացի գեղեցիկ անուններ տալ, բայց էրիվանի հեղեղներն անանուն էին մնում, ասես նաիրյան կին, որ ամուսնանալիս հայրական ազգանունը լքել, բայց ամուսնունն այդպես էլ մինչև վերջ չէր ընդունել:
Կինը հայտնվեց տարերային աղետի ճիշտ մեջտեղում: Սապատավոր կազմվածքը, կախ ծծերն ու ճռճռացող հոդերը վկայում էին, որ նրա մաշեցրած կոշիկների կույտը չի զիջում Օսվենցիմի թանգարանի հայտնի ցուցադրությանը:
Առանց անձրևանոց, գլխին ծաղկավոր լաչակ կապած, շականակագույն գուլպաներով Մարիա Լադիմիրովնան ջրերը ճեղքելով սողաց պուրակի կենտրոնական ճեմուղով: Ձեռքի տոպրակները գետնին քսելով՝ նա գրեթե հավասարվեց խաղային ապարատների ծածկի տակ ծվարած նաիրցիքին:
– Էյ դեվուշկա, տի տուդա նե խաձի, տի սյուդա խաձի,- առաջին ռեպլիկը միշտ էդպիսին էր լինում` ֆիլմերից: Լադիմիրովնան ժպտաց քթի տակ: Պաշտում էր նաիրցու միմինո տեսակը, որ անգամ էժանագին ֆլիրտի մեջ չէր կարողանում խուսափել կայսերականին քծնելուց: Նրա համար այդ ռեպլիկները մարդակեր տեղաբնիկների էկզոտիկ ինքնածաղրանքն էին, որ մատուցվում էր սպիտակ մարդուն:
– Ուֆ, ինչ ծակ ա, մարդ մի հատ չոր սառոչկա ունենար, քցեր ուսերին,- ռեպլիկների երկրորդ ալիքը սովորաբար նաիրերեն էր լինում ու ցածրաձայն` համեմված հայհոյախառը կոչականներով: Մարդիկ հայհոյելուց մայրենիով էին հայհոյում, իսկ նաիրերեն հայհոյանքներն ինչ խոսք, տհաճն էին: Ոչ մի էսթետիկա.
– Լավն ա, ապե՜,- վավաշոտ փսփսոցը պտտվեց պուրակով ու հասավ Մարիա Լադիմիրովնայի ականջներին:
Ինչպես էրիվանի ֆուտբոլային մեկնաբաներն էին սիրում արդարանալ ամեն անձրևոտ պարտությունից հետո, ի տարբերություն մեր ֆուտբոլիստների՝ Մառախլապատ Ալբիոնի թիմերը սովոր են խաղալ թաց խոտածածկին:
Մարիա Լադիմիրովնան Մառախլապատ Ալբիոնն էր, կատենաչոն ու անգամ կատալոնական տիկի – տական և, ի տարբերություն էրիվանի փափկասուն կանանց, սովոր էր անձրևին, ջրին, կրակին ու վեհ միայնության մեջ քարշ գալուն:
– Արա լավ, 100 տարեկան պառվաբոզ ա, ինչ եք դայաղվել,- ու միշտ մեջները մի սթափ լակոտ էր լինում: Դե, իհարկե, նա չէր կարող զտարյուն նաիրցի լինել․․․ բացառվում էր։ Թուրքի խառնուրդ էր հաստատ, քանզի իսկական նաիրցին պարտավոր էր շփցնել․
– Լա՜վ չես, եղո՛, ռսի պառավը ո՞րն ա,- մեղրն ու բալասանը ծորացին Լադիմիրովնայի թոշնած ականջներին… ռսի պառավը որն ա…. ախ այդ մոգական խոսքերը։ Նաիրցիք երկրպագում էին սոխ կանանց՝ անկախ տարիքից, և Էրիվանն աշխարհի միակ քաղաքն էր, ուր հարյուրամյա զառամյալ վհուկն իրեն կարող էր մատղաշ Սպիտակաձյունիկ երևակայել` մազոտ թզուկներով շրջապատված: Նաիրցիքի պղտոր աչքերում սոխի թոշնած մաշկը պրկվում էր մեկեն ու մռմռացնելու փոխարեն դյութում էր տռփոտ երանգներով։
– Հորս արև, մի 100 տարեկանի մեջն ա,- ծվծված թուրքի լամուկը: Ինչ որ շատ էր տալիս լեզվին։
– 197,- մտքում կրկնեց Լադիմիրովնան,- 197, մոյ խոռոշիյ…
Նա երևի տեսել էր՝ ինչպես է ծագում արևային քաղաքը, նա տեսել էր էրիվանցիքի բոլոր ծնվող սերունդներին, նա տեսել էր Էրեբունու սեպագրերի հեղինակներին, նա տեսել էր հեռացող պարսիկներին ու Կովկասի թաթարներին, տեսել էր Բերդը, Ղանթարը, Գեթսեմանի մատուռն ու Պողոս-Պետրոս եկեղեցին ․․․197 տարի: Մարիա Լադիմիրովնան ավելի ծեր էր քան 2806-ամյա Էրիվանը:
Նայեց երկնքին, անձրևը կտրվում էր ու վերջին կաթիլները սողում էին ավտոբուսների քրտնած ապակիներով ցած:
Պառավը փնչացրեց` քայլերն ուղղելով դեպի Քարվանսարայի փողոցի անկյունը:
– Հեսա վրա կտան,- Լադիմիրովնան վերջին 100 տարին երազներն էր անգամ նաիրերեն տեսնում, տեսնում բայց չէր խոսում… կամ լավ էլ խոսում էր, երբ պետք էր, ով է գլուխ հանում ռսի պառավից:
Անկյունից թեքվեց ու սկսեց անշտապ քայլել դեպի վերև:
Անձրևը վերջնականապես կտրվել էր, բայց դեռ մի տևական ժամանակ կաթկթոցները հանգիստ չէին տա էրիվանցիքին: Շենքից շենք անցնող լարերի խրձերն ասես եռակայմ առագաստանավի կախ ընկած պարաններ լինեին, որ պահում էին շենքերն իրարով ու դրանցից ցած կաթացող ջրերը թափվում էին ուղիղ անցորդների վրա` մխտռելով շորերը:
– Զդռաստվույ կռասաիցա՛,- առաջինը հետևից հասավ նիհար մարմինը ջինսի ու անշուք վերնաշապիկի մեջ խցկած կերպարանքը:
Լադիմիրովնան մի թեք հայացքով գնահատեց մսացուի ունեցած չունեցածը:
– Կավկազսկիյ մելկազադիյ,- քթի տակ փնթնթաց: Տանել չէր կարողանում անոռ գյադեքին: Գոտին մինչև առաջին անցքը ձգած, շալվարը պարկի պես կախ, կարճաթև վերնաշապիկը ջինսի մեջ դրած, թևքերը դրոշակների պես լայն ու մինչև արմունկ հասնող, ծոցագրպանը՝ կախ` կքված սիգարետի տուփի ու կրակայրիչ ծանրությունից:
Պասլատ անել էր պետք, նորմալ որսը կխրտնեցնի մողեսը, թող գնա վերնաշապիկի թևքերը փողփողացնի հանց եռագույն դրոշակ: Պառաված մարմինը մի կերպ պրկելով, Մարիա Լադիմիրովնան կանգ առավ, շրջվեց դեպի նիհարավունը:
-Մոլոդոյ չելովեկ, իձիծե նախույ պոժայլուստա,- ոչ էս կողմ, ոչ էն կողմ: Էրիվանցիքի հետ պետք էր խոսել աչքերի մեջը նայելով ու առանց սեթևեթանքի… ուղիղ շխկցնելով, այլապես մի քաղաքավարի ժպիտ ու վերջ, մինչև անսահման անհարմարություն պատրաստ պետք է լինես քաքը ընկնելուն:
Էլեկտրական լարերից ցած սլացող կաթիլը ճպպաց ասֆալտին՝ երկուսի մեջտեղում։
– Գնա քու մերը, կատու գզող,- նիհարավունը սովոր էր ճամփվելուն, բայց քինոտ հայացքը պտտեց աջ ու ձախ:
Ինչ խոսք, լավ էր հաշվարկել Մարիա Լադիմիրովնան: Ուղիղ 10 մետրի վրա պարեկները խմբված «բու» էին խմում` երեքը մեկում: Հաստատ ռիսկ չէր անի ձեռքերին ազատություն տալ, դե իսկ հայհոյել` որքան սիրտը տա: Պառավը թքած ուներ… որքան ուզում է հայհոյեին, այլ միջավայրում անգամ կգրգռվեր:
Ինչպես ասում են, նա, ով քարով խփելու փոխարեն տվել է առաջին հայհոյանքը, սկիզբ է դրել քաղաքակրթությանը: «Իսկ ով առաջինը գրգռվել է հայհոյանքից, սկիզբ է դրել քաղաքականությանը»,- մտածեց Լադիմիրովնան ու կուզն առաջ բրթելով՝ շարժվեց առաջ, բայց հազիվ 20 մետր:
Նախկին Կնունյացի՝ Պուշկինի անկյունում նա նորից կանգ առավ։ Շունչ առնել էր պետք։ Էրիվանի դքերն ու փոշոտ օդը նրա 197 ամյա թոքերի բանը չէին։ Հոգնել ու զզվել էր արդեն կյանքից էլ, նաիրյան այս քաղաքից էլ։ Երբեմն թվում էր, թե հեռանալն աշխարհից լավագույն որոշումը կլիներ, բայց ում պետք կլիներ աշխարհն առանց Լադիմիրովնայի ․․․ Անկարելի էր։ Ում պետք է նայելով թուքը կուլ տային փռչոտ նաիրցիք, ում զառամյալ ոսկորներին պետք է երկրպագեին ու սեռաքաղց կլկլացնեին՝ ու մինյա դոմ վ Կասկաձե, դավայ շաշլիկ պատուսիմ, Նատաշկա։ Ով կլուսանկարեր Արարատն արևոտ օրերին ու կխմեր Շուստովի ժամանակների կոնյակը ․․․ ով, ով կփրկեր Էրիվանն ու նարիցիքին, եթե չլիներ Մարիա Լադիրովնան։ Ոչ ոք․․․ ոչ ոք դա չպետք է հանդգներ։ Էրիվանը գոյություն ուներ քանի գոյություն ուներ ռսի պառավը․․․
Խաչմերուկում սև նիվան դանդաղեցրեց ընթացքը։ Դա մեքենա չէր, այլ թամբած նվագարկիչ՝ անիվների վրա։ Երաժշտության հարվածներից դռների անորակ թիթեղն անգամ ալիքվում էր, ճմրթվում։
– Վախ մամա ջան, վոտ կակայա ․․․ ,- թնդում էր Պուշկինի վրա ու դրանից էլ մի քիչ ներքև, դեպի Ցառսկայա ու Քարվանսարայի փողոցներ։
Լադիմիրովնան ժպտաց։ Ինչը կարող էր լինել ավելի քաղցր, քան մայրենի լեզուն՝ բնիկների մշակույթի մեջ։ Կավկազսկիյ շանսոն, բլյա ․․․ այլասերում են մոնմարտյան չքնաղ ժանրը, ու թարսի պես ոնց էր ստացվել, որ աշխարհի լավագույն շանսոնյեն էլի նաիրցի էր դուրս եկել։
«Արունների մեջ կա է ․․․»՝ ատամները կռճտացնելով՝ մռնչաց Լադիմիրովնան։
Նիվան դանդաղ մոտենում էր։ Չէր սիրում սրանց, մեջները համ չկար` ասես ծովաբողկ, չամռվելու աստիճանը՝ կրկնակի բարձր, չոլկաները՝ շերտավոր։
Բայց կար նաև դրական կողմ ․․․ օտար լեզվով 3-4 բառից ավել անկարող էին իրար կապել։ Դիմանալ էր պետք «ծայրահեղական մինիմալիզմ» բառապաշարի սպառվելուն։
Մեքենան հավասարվեց մայթեզրին շունչ քաշող Լադիմիրովնային։
– Դեվըչկա ջան, աստանավի սվոյ մերսեդես ․․․,- նվագարկիչի ձայնը դանդաղորեն մարեց։ Սև մեքենայից, ինչպես մութ ջունգլիներից, անթարթ նայում էին երեք զույգ աչքեր։ Պառավը ձեռքից ցած դրեց տոպրակները։
– Աստառոժնը, նա ուլիցե գալալյոդ ․․․ բարի երեկոյան ձեզ ,- դռնից կախված առանձնյակը թարթեց աչքերը։ համենայն դեպս չոլկայի տակից էտպես զգացվեց։ «սմեշնոյ նաիրիեց ․․․» մտքում քրթմջաց Լադիմիրովնան ու նայեց ժամացույցին ․․․ յոթ, վեց, հինգ ․․․
– Դեվուշկա ա, մոժեմ գձե նէ բուձ, կակ նէ բուձ ․․․,- Նիվայի վարորդը ձգվեց առաջ,- չԸտո նէ բուձ ․․․
Պառավը լուռ հաշվում էր՝ երկուս, մեկ ․․․
– Դիիիիիիի՜նն ,- «Բոշ» շչակի ձայնը հանկարծակիի բերեց խաչմերուկը, դալանն ու դիմացի մայթին քյաբաբ խժռող նաիրցիքին։ Լադիմիրովնան գոհ ժպտաց, կռացավ ու ձեռքն առավ տոպրակները։
– Էդ դու սիգնալ տվի՞ր, արա։
– Ճամփիդ նայի, այ տղա՜։
– Մորս արև, ստե մեկը մեռավ ․․․
-Էդ ի՞նձ ասիր, լավդ քու ․․․
Էդպիսինն էր Էրիվանը բանը ․․․ հարյուրամյակներով հեծելազոր ու նժույգ չունեցած, ձիավոր բեկերին ու խաներին նախանձով նայած ժողովրդի ձեռքը հանկարծ երկաթե նժույգ էր ընկել՝ «թամբած մատոռ», մեկի տեղը 80 ձի ․․․ ու՛հ, ո՞ւմն էր աշխարհի առաջին մետալիկ ձին ․․․ Աշոտ Երկաթինը, ու ամեն մեկը մի-մի Աշոտ Երկաթ դարձած՝ քշում էին դեպի Սևանա թերակղզի ու ետ, Սևանա թերակղզի ու ետ, Սևանա թերակղզի ու ետ ․․․ անգամ Բեշիր Ոստիկանն էր անկարող կանգնեցնել Աշոտ Երկաթների արշավանքը Սևանա թերակղզի ու ետ ․․․
Թրերի տեղակ շչակներով զինված նաիրցիք խոցում էին իրար ազդանշաններով, հայհոյում, ճամփա ուզում, շնորհակալ լինում ․․․ դիիիիի՜նն, դին ու դին-դին ․․․
Լադիմիրովնան խոժոռվեց։ Չէր սիրում Աշոտ Երկաթներին յուր նժույգներով։ Դա նրան անցյալի արքաների ու այրուձիու մասին էր հիշեցնում ․․․ նահույ անի բիլի նուժնի, բա որ մի օր էլ իրար պոզահարելու փոխարեն ուրիշ թարս բան անեն ․․․ Էրիվանին այրուձի պետք չէր, Էրիվանին պոզասայլակ էր պետք՝ տրամվայ։ Այ դա իսկը Էրիվանինն էր։ Պոզասայլակում թուր չես պահի, չես ըմբոստանա, Աշոտներով չես նստի ու դեպի Սևանա թերակղզի չես քշի, պոզասայլակից լադիմիրովնաներին չես շոռի, «Արարատը մեր լեռն ա»-ն չես դնի ու սրան-նրան դիիիի՜ինն չես անի ․․․ պոզասայլակով պիտի գնաս գործի ու տուն, գործի ու տուն, գործի ու տուն․ ահա թե ինչ էր պետք Էրիվանին՝ գլուխները կախ գործի ու տուն։
Անկյունի սրճարանում Ազնավուր էր միացրած։ Այ, Ազնավուր սիրում էր Լադիմիրովնան, պետք է, որ չսիրեր, բայց ձայնը լավն էր մեծն ծերուկի․․․ իրենից մի հարյուր տարի էր փոքր ընդամենը, նաիրցի էր, բայց Էրիվանցի չէր կարևորը։ Էրիվանցիքի մեծն լինելը միայն Լադիմիրովնան կարող էր որոշել։
Դե վերջը, ձայնը սիրում էր ու քայլերը դանդաղեցրեց։
Moi qui n’ai connu toute ma vie
Que le ciel du nord
J’aimerais débarbouiller ce gris
En virant de bord
«Լավ է երգում շան որդին»՝ մի պահ փակեց աչքերը։ Սրճարանում թվաց թե մարդ չկար ու կարելի էր մի քանի ակնթարթ վայելել։ Մի կուպլետ անգամ չէր հասցրել լսել, երբ քթին առավ թարմ կրուասանի բույրը։ Հմմմմ, դա իհարկե տարեկանի հացի ու սխտորի սիրելի բույրը չէր, այլ վտանգավոր ու անդրծովյան ինչ-որ անուշահոտություն։
Միջին տարիքի տղամարդը միայնակ էր նստած, դիմացն իրոք կրուասան էր ու նաև էսպրեսո՝ հավանաբար դառը։ Լադիմիրովնան սրեց զգայարանները։ Նաիրցի էր կարծես․․․ դիմագծերը, մունաթը, մի քանի տարվա հետ ընկած մոդայով հագուկապը։ Դե եթե նաիրցի էր, ուրեմն սոխի մեռած էր, մեռած չթաղած ․․․
Լադիմիրովնան ցած դրեց տոպրակները, շուրջը նայեց։ Խաչմերուկում նիվիստներն իրար էին գզում, էրիվանցիք հավաքվել ու թամաշա էին անում գյոզալ կիլդիմը։ Կրուասանով պարոնը կարծես անտարբեր էր կատարվողին։
«Կարող ա՞ նաիրցի չի»՝ հայացքը լարեց, ուղղեց ծաղկավոր լաչակը։
Տղամարդը ձեռքը տարավ սուրճի բաժակին ու մինչ այն կմոտեցներ շուրթերին` հայացքը պտտեց սրահով։ Վայրկյանի մեկ քառորդ տևողությամբ ուշադրությունն առ Լադիմիրովնա բավարար էր, որ նույնականացներ նաիրցու հոգին սոխավառ։
«դժանի՜կս»՝ Լադիմիրովնային ծանոթ էին նաիրցու բոլոր երանգները՝ խոպանչի բոսյակից բռնած մինչև դիսիդենտի թոռ ու ռսախոս ՀԿական։
Պառավը հոտոտեց օդը։ Կրուասանի վանիլահոտի հետ վառած ելակի ու յոդի բույր զգացվեց։ «Քուրքջյան ա »՝ փնթփնթաց ․․․ Նաիրցիք իրար հոտով էին անգամ գտնում, իսկ Լադիմիրովնան սիրում էր, որ Էրիվանից սոխի հոտ գար կամ եթե այլ հնար չկար՝ գոնե բաստուրմի, թե չէ ինչ՝ Քուրքջյան։
«Դրսեցի ա լինելու, հա »՝ լարեց զգայարանները։
Էրիվանից հեռու ապրող նաիրցիք երկու տեսակ էին լինում՝ սփյուռքցի ու դրսեցի։
Սփյուռքցիք դրսերում էին ապրում անհիշելի ժամանակներից ․․․ աղվոր է։ Դրանք առանձնապես կապ չունեին Էրիվանի կյանքի ու էրիվանցիքի հետ, բայց իրենց նաիրցի էին համարում բառիս անչափելի ու անհաշվելի իմաստով։ Ուրիշ կյանք, ուրիշ հոգսեր, ուրիշ իրական հայրենիք։ Էրիվանը նրանց համար Գառնին, Գեղարդը, լավաշն ու Ցեղասպանությունն էին, կարճ ասած՝ ռեստորան բաց երկնքի տակ։ Էրիվանցիքից նրանք մի ակնալիք ունեին՝ գները չթանկացնել, մաքուր պահել քաղաքն ու ոտքի տակ չընկնել ․․․ Միշլենի հինգ աստղանի հայրենիք ․․․ աղվոր է ․․․
Դրսեցիք լրիվ ուրիշ սորտ էին։ Դրանք 10-20 տարվա վաղեմության Բանգլադեշից ու Բոշի Մայլից գնացածներն էին, որ դեռ պորտալարով կպած էին Առյուծ Արքայի Կալցեվոյին ու Թոխմախի Գյոլին։
Ինտեգրված նոր հայրենիքի սոցիալ-տնտեսական կյանքին, նրանք իրենց հոգեկան բարդույթները հանում էին էրիվանցիքի ջանից՝ վերջիններիս փորձելով կյանք սովորացնել, ձեռքի հետ էլ արդարանալով սեփական որոշումների աներկբա ճշմարտացիության համար։ Աշխարհում չկար ավելի երկփեղկված արարած, քան դրսանաիրցին՝ մարմինը Ֆրանսիական Ռիվյերայում, հոգին՝ 14-ի կռուգում․․․
Լադիմիրովնան տոպրակները ոտքով հրեց մոտակա սեղանի տակ՝ իբը նեհույ ․․․ անա ժե կառալեվա։ Բայց չէ, այս անգամ նաիրերեն էր պետք խոսել․․․ ոսկեղենիկ։
Մտքում փորձեց արագ-արագ հաշվել նաիրցու բոլոր տեսակները ․․․ ամենքի հետ իր ձևով էր պետք՝ դաշնակ – մաշնակների հետ թուրք քրֆելով, քյառթերի հետ՝ բլատավատ լինելով, լատենտ գյոթերի հետ՝ գեյրոպային պղծելով, պալիտ եղած գյոթերի հետ ՝բի թու բի խաղալով, գինի խմող ինտելեկտուալների հետ՝ բիթքոինի կուրսից խոսալով, Ֆելինի սիրող պսևդոինտելեկտուալների հետ՝ ցարին քրֆելով, տափակերկրացիների հետ՝ Ջորդանո Բրունոյին վառելով, նախկինների հետ՝ Արարատին, ներկաների հետ՝ Արագածին նայելով ․․․ դե վերջը, որքան նաիրցու տեսակ, այնքան Լադիմիրովնային դիմակ։ Վերջիվերջո բոլորի հեղինակն էլ ինքն էր։ ժպտաց քթի տակ՝ մնագաստռադալնիյ մոյ ․․․ բայց չէ, նաիրերեն էր պետք՝ բազմաչարչարս։ Գլխաշորն ուղղեց ու սեղանիկների արանքով սահեց առաջ։
Ազնավուրը թվաց թե հանեց սև պիջակն ու ուսին նետած շարունակեց՝
Moi qui n’ai connu toute ma vie
Que le ciel du nord
J’aimerais débarbouiller ce gris
En virant de bord
Տղամարդը վերջին կծով ներս արեց կրուասանի պատառիկն ու ձեռքը դեռ չէր տարել էսպրեսոյի բաժակին, երբ գլխավերևում հայտնվեց ռսի պառավը։
Կախ կնճիռների տակից ժպտաց կապույտ աչքը։ Տղամարդուն այն վախեցնող թվաց, հանց Մոբի Դիկի քինոտ բիբը, որ հետևում էր խորտակվող Փեկոդին ու ասես ճերմակ մարմնին գամված Աքաաբ՝ դատապարտված էր պոկ չգալու այդ լեվիաթանից։
– Ոնց ե՞ք դիմանում էս աղմուկին, անտանելի է ,- հեռվից սկսեց Լադիմիրովնան։ Նաիրցի ինտլեկտուալների գերակշիռ մեծամասնությունը պաշտում էր օտարների հետ փնովել Էրիվանն ու էրիվանցիքին՝ դրանով, ինչպես ճշմարիտ գավառականներ, տարանջատվել հասարակ դասակարգից ու իրենց զգալ քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկ ․․․ քսմսվել՝ մենք էլ հո ձեզնից ենք, սրանց հետ հեչ կապ չունենք։
Լադիմիրովնան հայացքը ցուցադրական ուղղեց դեպի նիվեքի կիլդիմը։ Գավառականների հետ ամենից հեշտն էր։ Հերիք էր մի խայծ ու շոգեքարշից առաջ կընկնեին։ Միջուկ չունեին՝ ճկվում էին ոնց ասես, սարսափում էին սեփական ինքնությունից, զզվում իրենց դերից, պատրաստ էին սեփական մորը զոհաբերել, միայն թե հնարավորություն ունենային իրենց էրիվանցուց վեր ինչ-որ բան երևակայել։
– Կոլորիտ է ․․․ մինչև օրենքի սահմանն անցնելն իհարկե,- էսպրեսոն յուղեց դուրս թռչող բառերը՝ դրանց հաղորդելով թավ հնչեղություն։
«Ախխխ մեռզավեց․․․»՝ չտրվեց։ Լադիմիրովնայի մարմնով հոսանք անցավ։ Կոլորիտ, օրենքի սահման ․․․ ինչ բառեր գիտի սրիկան։ Չէէէ, սա գավառականներից չէ ․․․ դրսերում գլուխը լավ մշակել են։ Հոգ չէ ․․․ պառավի զինանոցը դեռ խորունկն էր։
– Օրենքի ժամանակները վաղուց են անցել, հարգելիս ․․․ թույլերին ոչ ոք չի ներում,- դիմորոշ հոդը դիտավորյալ սղացրեց բառերի արանքը՝ կոչականներ կիրառելու հավանականությունը սիրախաղում շոշափելու համար,- ինձնից լավ կիմանաք։
Սա պինդ հարված էր՝ աջից ․․․ ստուգել էր պետք պահպանողական նկրտումները։ Համենայն դեպս սուրքիթ «կազաչոկները» դա էին կանխազգում։
Լադիմիրովնան աննկատ ուղղեց մեջքը՝ եթե չստացվի, ձախից էլ պետք կլինի հարվածել՝ «հին փող» սանրվածքն իր հերթին ձախական տատանումներ էր առաջացնում։
Տղամարդը ցած դրեց բաժակը, ոտքն իջեցրեց ոտքից, հայացքը բարձրացրեց Մարիա Լադիմիրովնայի գոտկատեղից սկսած մինչև կնճռապատ աչքերը։ Խաչմերուկի աղմուկը կարծես մի պահ դադարեց։
– Կա էդպիսի բան, այո․․․ համենայն դեպս իմ ուսուցիչներից․․․
«Վսյոոո, պաշլո, պաեխըլո ․․․», պառավն էլ չէր լսում թե ինչ էին ասում հարգարժան ուսուցիչները, նա երկրորդ հարվածից ճեղքել էր թշնամու պաշտպանությունն, և օդն այլևս բաց էր։ Սոխեռածի ճենճահոտը տարածվեց սրճարանով մեկ և կրուասանի բուրմունքից այլևս ոչինչ չմնաց։ Վառված ելակն ու յոդը նույնպես նվաղեցին ու Լադիմիրովնան արձակեց գլխանոցի ծայրերը։
– ․․․ ես ինքս դասավանդում եմ Հավայիի համալսարանում, պրոֆեսոր եմ։
Ա՜խ իմ հավայի թռչնակ, իմ գալապագոսյան պինգվին ․․․ սպասում էի քեզ երկար։ Կանխավայելքից պառավը մի պահ քիչ էր մնում կորցներ ինքնատիրապետումը։ Չոլկով նիվիստներից, ուռածփոր քծնողներից ու տարատեսակ լեշերից հետո նման նրբաճաշակության Լադիմիրովնան վաղուց չէր հանդիպել։ Հաճույքից լիզեց շուրթերը ․․․ ահհհ, հո չնկատե՞ց։ Դեռ վաղ էր, ձկնիկը դեռ լավ չէր նստել կարթին, դեռ պետք էր ուղեղ շոյելը հասցնել կատարելության, պետք էր մի փոքր անհասկացող ձևանալ ու հիանալ պրոֆեսորի մտքի պարույրներով՝ աջից, ձախից, կենտրոնից ․․․ այո, իմ կրուասանի սիրահար, դու, դու միանգամայն իրավացի ես, էրիվանցիք ոչինչ չեն հասկանում, տրվել են տարատեսակ քուքիների գայթակղությանը՝ առանց հասկանալու, որ կրուասանը Էրիվանի բանը չէ և այն կարելի է ուտել միայն հավայի ծովերից անդին ․․․ դու ճիշտ ես, ճիշտ ես սիրելիս, ի՞նչ կրուասան Էրիվանում, Էրիվանինը երեկվա գաթան է, բայց անպայման սոխահամ միջուկով, որ գլուխները կախ տանեն գործի ու տուն, գործի ու տուն, գործի ու տուն։
Պրոֆեսորը խոսում ու խոսում էր, պատմում էր զսպման ռազմավարության, ուժի կիրառման իրավունքի ու էլի լիքը, լիքը բաների մասին։
Լադիմիրովնան աչքերը չէր շեղում նրանից ․․․ չլինի հանկարծ կարթը դուրս թռչի խոսացող գլխից։ Պետք չէր ոչինչ ասել, էդպես գուցե ավելի վատ լիներ, պրոֆեսորն իր փոխարեն էլ է խոսում ․․․ պետք է միայն անթարթ նայել նրան, ինչպես Կաա օձը՝ Մաուգլիին՝ էտը բուդետ սլավնայա օխոտա․․․
Ժամացույցի սլաքները պտտվում էին, խաչմերուկը աստիճանաբար դատարկվում էր ու էրիվանցիք սկսում էին ցրվել դեպի փողոցները։ Լադիմիրովնան հինգերորդ կետով գնահատեց իրավիճակը։ Շտապել էր պետք, պրոֆեսորի դասախոսությունը կարող է թանկ արժենալ ․․․ ժամանակ չկար․․․ շուտով սրճարանը կլցվեր։
Ձգվեց առաջ, ծունկը խրեց ոտքերի արանքն ու շունչը հասցրեց ականջի աղվամազերին, բայց ոչ այնքան, որ ականջախեցին հասցներ թացանալ` էդպես տանել չէր կարողանում: Ձեռքերը դեռ գործի չէր դրել՝ պահում էր եզրափակչին։
Պրոֆեսորի ձայնը փորն ընկավ։ Մըքդոնալդս ուտող չին ուսանողուհիներից հետո ռսի պառավն ասես վերադարձ լիներ մայրական գիրկը։
– Ռսի պառավը որն ա, լոլ ․․․ ,- թուքը կուլ տվեց ու գլուխը խրեց կախ ծծերի արանքը։ Թող ներեն անդրծովյան բոլոր դիցուհիները, փիլիսոփա ուսուցիչներն ու Հավայի համալսարանի քաղաքակիրթ պատերը, որ այնքան հեռու են ու անիրական, իսկ կեղտոտ պառավն այնքան մոտ, հասանելի ու պատրաստ՝ փրկելու ողջակիզվող հոգիներին – ողջու՜յն, ողջու՜յն։
She may be the beauty or the beast,
May be the famine or the feast,
May turn each day into a
Heaven or a hell ․․․
Ազնավուրը կոստյումը նետեց հատակին ու զույգ ձեռքերով ինքնագրկվեց։
She may not be what she may seem,
Inside her shell ․․․
Սրճարանի լապտերները սկսեցին թրթռալ լարվածությունից և սոխի կծվահոտը վերջնականապես պարուրեց պրոֆեսորի մարմինը։ Անդրծովյան բույրերը, յոդն ու վառած ելակը, որ թվում էր, վաղուց պիտի այրած լինեին նաիրյան սկիզբն ու հաղորդեին հեռու աշխարհներին հատուկ նրբազգացություն, հօդս ցնդեցին պառավի շնչառության հետ առաջին իսկ հանդիպումից։ Սոխի ծանր հոտը սողոսկում էր հոգու ամենահեռու անկյուններն ու բորոբոքում վաղուց ճնշված արևելյան մասկուլինությունը։
Ա՜խ այդ զառամյալ շիկահերուհին, որ գիտեր ինչպես արթնացնել անթեղված բարդույթները, ոնց դիպչել տղամարդու նաիրյան կետերին, պարգևել այն, ինչին ունակ չէ ոչ մի անդրծովյան գեղեցկուհի՝ «վատ տղա» խաղալու զգացողությունը։ Ինչը կարող էր լինել ավելի սիրելի, քան Էրիվանում «վատ տղա» խաղալը՝ անդրծովյան անձնագիրը գրպանումդ ․․․ տաք, ապահով, վառած ելակի և յոդի բույրով, ծաղրելով բոլոր այն հյուրընկալ ծոցերը, որից երկար արբեցել էր … էրիվանը չպիտի իմանար էտ կրքոտ ծոցերի մասին, դա իր, իր մենաշնորհն էր, իր տքնանքն ու պարգևը և ոչ մի նաիրցի չպիտի հանդգներ երազել դրանց մասին…
Լադիմիրովնան թևքով հրեց, գցեց կրուասանի դատարկ ափսեն․․․ «վատ տղուն» հարիր չէ կրուասանը, ի՞նչ կրուասան սիրելիս, քեզ վարենիկ համտեսել է պետք ․․․ մմմմ, տարբեր միջուկներով։
․․․ ու կրկին սեղմեց ծնկով` այս անգամ գործի դնելով թոշնած մատները նույնպես:
Պրոֆեսորի նաիրյան հոգին դուրս թռավ անգլիական, թվիդե պիջակից ու սկսեց
պտտվել մերձեցած մարմինների շուրջը՝ զմայլվելով Մոբի Դիկի ճերմակ ծալքերով։
Լադիմիրովնան անգամ չէր ջանում գործի դնել իր բոլոր զորավոր հմայքները, որ կարող էին խենթացնել աշխարհի չորս ծագերում ․․․ նաիրցիքի ականջին հերիք էր միայն շշնջալ, որ հարևան թուրքին էլ նորից չես տրվի ու դա բավարար կլիներ, որ մազոտ մարմինները ջղաձգվեին տռփանքից։ Բայց այս մեկն ուրիշ էր, սրան թուրքով չէիր խաբի ու Մասիսը Սիսից տարբերելու համար հոգին չէր զիջի ․․․ սրան ստիպել էր պետք։
Կծեց շուրթերից։ Պրոֆեսորը անակնկալի եկած զգաստացավ: Ներքևի շուրթի արյունոտումը Լադիմիրովնայի աչքերում կրակներ վառեց, ձգվեց ու ագահորեն լիզեց շուրթը ․․․ Ա՜հհհ։ Այդ նաիրյան Որդան Կարմիրը, մմմմ։ Խենթացրեց։
– Կզիջենք ասո՞ւմ ես, երբ ստիպված կլինե՞նք․․․ ,- ձայնը փորձեց իջեցնել մինչև սեքսուալության ամենացածր հաճախականությունը, ու ․․․ սխալվեց։ 197-ամյա Մարիա Լադիմիրովնան էդպես էլ չէր սովորել փափուկ ուժ կիրառելու արվեստը։ Թե ինչ՝ կզիջենք ․․․ արյան համից էր երևի գլուխը կորցրել։
Պրոֆեսորի բիբերը լայնացան, մարմինը ետ մղեց դեպի պատն ու փորձեց դուրս պրծնել պառավի գրկից։
– Ես քու ոչմիթիզակա․․․ ,- բառերը թաղվեցին պրոֆեսորի պարանոցը խրվող զույգ ժանիքների տակ ,- ռսի ․․․
Տաք արյունը ծորաց օձիքից ցած։ Ատամներն ավելի խորը սուզվեցին։
․․․ Անդրծովյան հոտերը, վառած ելակի ու յոդի բույրը ցրել է պետք, էսպես չի լինի, սիրելիս, Էրիվանից ուրիշ հոտ չպիտի գա, սա իր, իր հորինած բուրմունքն է ․․․ սրանք զիջողը չեն, սորտն ա տենց ․․․ ի սլավա բոգու։ Ինչ պիտի աներ Լադիմիրովնան, եթե զիջողը լինեին, ձեռքը կրակի վրայից ժամանակին վերցնող, հաշվարկող ու մտածող։ Անկարելի էր։
Ռսի պառավը գոյություն ուներ քանի գոյություն ուներ Էրիվանը ․․․
Ցարսկայա ու Քարվանսարայի փողոցների խաչմերուկում խաղաղ էր։
Ամառային տեղատարափի վերջին հետքերը գոլորշանում էին մայթերից և նաիրցիք, իրենց կենսակերպը վերագտած, սովորականի պես ճեմում էին՝ Էրիվանի անշտապ ռիթմով ․․․ զբոսնելու ու տուն, զբոսնելու ու տուն, զբոսնելու ու տուն։
Եվ երբ գնդով պաղպաղակ ուտող վերջին նաիրցիները փողոցից կհեռանան՝ իրենց բարձրահարկ ամրոցներում անդարդ քնելու, նեղլիկ խաչմերուկի անդորրում հազիվ կորսվի իրար դիպչող ապակյա տարաների զրնգոցը։
Տափակ կոշիկների քստքստոցը հուշիկ կձուլվի քաղաքի շվվոցին՝ իր հետևից թողնելով Որդան Կարմիրի աննկատ կաթկթոցներ։
Անջրանցիկ թիկնոցի օձիքը ձիգ բարձրացրած, ծաղկավոր գլխանոցի կապերն արձակած՝ նա գլխիկոր կքայլի Էրիվանի փողոցներով, կտորից տոպրակները՝ հազիվ գետնին քսելով և տանելով բակի խանութից գնված մի քանի բանկա թթուն` խոհանոցում միայնակ նստած տխրությամբ ճաշակելու ու մոտեցող անելանելի թախիծը մի կերպ խեղդելու ակնկալիքով ․․․