Սոսու նոր-նոր դեղնող տերևները սիրում էին ընկնել ցած, աղմուկով քարշ գալ բետոնե սալիկներին, խմբերով հավաքվել ճամփեզրի անկյուններում ու բարեհաճ քամու հայտնվելուն պես` գրոհել հանդիպակաց մայթի սակուրաների կարմրոտ տերևների վրա: Հարձակվում էին, ծածկում օտարներին իրենց աստղաձև մարմիններով ու հաղթական տարուբերվում` նախալեռներից իջնող հովերին փարված:
Մի պահ կար Էրիվանում` սովորաբար հոկտեմբերի առաջին կեսերին, երբ աշնան շունչը շատ ավելի շուտ էր սկսում իրեն զգացնել, քան ամառը կհասցներ վերջնականապես հեռանալ: Այդ օրվա գալուն հետ նաիրցիք հանկարծ խիստ անհրաժեշտություն էին զգում երկար ընդմիջումից հետո առաջիկա ուիքենդին վաղ արթնանալու։
– Թադարուքը դրեք, արաղը հանեք, կես ժամից հասնում եմ, ապե,- 8-ին գրեթե 5 էր պակաս,- արա, դե էլ մի ․․․ չեպե ա, ձև չկա` չգնամ․․․ կես ժամից տեղ եմ չոտկի … հա, հա, զալատո, էլ մի գլուխս էն բանից արա ․․․
Գաբրիել Տեր-Սահակյանը՝ Տեր մականունով, աշխատավայր էր շտապում․․․ շաբաթ օրով, երբ ոչ մի կերպ պարտավոր չէր։ «Սենց էլ թարսություն կլինի՞»,- հոգոց հանելով անջատեց հեռախոսն ու գլուխը հենեց մեքենայի կողապակուն։
– Եփում ա խաշը, աշխարհի ամենաճիշտ ճաշը,- տաքսու վարորդը ձեռքը գցեց մագնիտոլայի ձայնն իջեցնելուն՝ զրույցի թեմա էր կպել,- չոտկի վախտն ա, մենք էլ տղերքով էն մեկել շաբաթ ենք հավաքվում՝ Բյուրականի դաչեք ․․․ մեր Վաչոյի աներոջինն ա, կարգին մարդ էր օղորմածիկը՝ ուտող-խմող, իրա ձեռներով հավաքած արաղի ապարատը հլը էն ա դաչում դրած ա՝ 50 լիտրանոց ․․․
Տերն անշարժ էր։ Անհաջողությունների շարանը դեռ երեկվանից էր սկսել հետապնդել։ Վերջերս գնած էլեկտրոմոբիլի լիցքը վերջանալու վրա՝ բակ էր հասել, հույսով, որ գիշերը կհաջողվի լիցքավորել։ Բնակարանի վարդակից համեմատաբար մատչելի էր ստացվում՝ փողոցային լիցքավորման կայաններից մի քանի անգամ էժան: 4-րդ հարկի պատշգամբից երկարացման լարը կախ էր տալիս ու խնդրեմ՝ երթևեկելը վրան նստում էր կոպեկներ։ Բայց ոչ այս անգամ։ 1-ին հարկի հաստագլուխն իր փտած քեմրին էլի քաշել էր սեփական պատուհանի տակ ու գնացել քնելու։ Մի 3-4 անգամ դրան մոտեցել էր սույն խնդրով ․․․ դիմել, բացատրել, համոզել` բա իմը էլէկտրական ա, լարը հեռու չի հասնում, թող ես ստեղ կանգնացնեմ, ֆլան-ֆստան ․․․ նա էլ թե՝ հա ախպեր, հարց չկա.․․ հա ու հալվա։ Մեկ ա գալիս ա ժամը 9-ին ու կատվի պես պառկում, մրափում։ Էլ ի՞նչ կարաս անես ․․․ տո ոչ մի բան։ Ինքն էլ ո՛չ մարդ ծեծող ա, ո՛չ բազար անող: Ու հետո էլ, նրա պատուհանի տակն է ․․․ ինքն էլ լիներ՝ դեմ կլիներ, որ էդտեղ ուրիշը մեքենա կանգնացներ ․․․ ի՞նչ կապ ունի էլէկտրական-մելեկտրական։ Առաջին հարկի պատուհանի տակը սուրբ տարածություն է` անձեռնամխելիությամբ օժտված:
Դե վերջը, ոտքով էր մնացել ու հիմա ստիպված էր, որպես թարմ ականջ, լսել էրիվանյան տաքսու պատմություններն առ անկարևոր։
– Ապեր, փորի խաշը վսյո ժե ուրիշ ա ․․․ էէէէ, հոշշշ,- պատուհանի 15 սանտիմետրանոց ճեղքից հաջողացրեց ձեռքը տնկել կողքով սլացող մոպեդի հետևից։- Տեսա՞ր՝ ոնց քաշեց վրես, արա սրանք լրիվ են ախույիտ եղել ․․․
– Ստեղից Կնունյանց ենք մտնելու,- բան չմնաց․․․ մի քիչ էլ դիմանա ու վերջ։ Տղերքն էլ էնտեղ են սպասում։ Հեչ լավ չստացվեց ․․․ երկու շաբաթ է՝ պլանավորում էին: Հավաքվելու քավորն էլ ինքն էր՝ ավտոյի մաղարիչի առիթով։ Դիտմամբ էր քանի ամիս ձգել, որ սեզոնը հասնի ․․․ խաշի սեղանը համեմատաբար մատչելի է, հատկապես, երբ ընկերական ամառանոցում հավաքվելու պատճառաբանությամբ կարելի էր խուսափել թանկ ու կրակ օբյեկտներից։ Հա բա ինչ ․․․ մի քանի կովի ոտ, օղի ու էժանի մեջ բողկ-մողկ … ու հա, թթու: Հանգիստ կարելի կլինի մի 20 հոգու հրավիրել ու մաղարիչի մուննաթից պրծնել, թե չէ էնքան կասեն՝ ավտոն անթրջել մնաց, որ մի փորձանք կպատահի։
Իսկ փորձանքներն էրիվանում պատահելու տգեղ սովորություն ունեին:
– Կնունյացը ո՞րն ա,- խեթ հայացքը շրջվեց դեպի Գաբրիելը:
– Հիմիկվանով` Պուշկինը,- նայեց հեռախոսի էկրանին: 8 անց էր արդեն,- սենց բանի…
Ժամը 8-ից հետո խաշի համը փոխվում էր, օղին ավելի պղտոր դառնում, ու 5000-ամյա նաիրյան ավանդույթը ասես վեր էր ածվում կրուասանով ու թյունոսի սենդվիչներով քաղքենիական նախաճաշի:
– Արա, գժվանք էս փողոցների անունների ձեռը ,- հենա գյոզալ Աստաֆյանը սարքին Աբովյան, հորս արև ․․․ ստեղից ե՞մ աջ անում, հոպար…
– Հոպարը հերդ ա,- ճպպցրեց մտքում: Տանել չէր կարողանում էդ դիմելաձևը … թե հոպա՞րը որն է: Հոպար… դրանից էլ ավելի գարշելի, միայն բիձիկը կարող էր լինել, որն անգամ էրիվանյան կոշտացած ականջներին էր անբարեհունչ, իսկ էրիվանում, հավատացե´ք, գռեհիկ դիմելաձևերի մեջ խտրականություն չէին դնում…
– Հյուրանոցի մոտ պահի … այ, ստեղ լավ ա,- թեյավճար չթողեց․ չէր հասնում դրան, ինչ խոսք… թե բա՝ հոպար:
Դիմացի մայթի քյաբաբնոցի սեղանիկներին բուսնած ստվարաթղթե բաժակների բուրգերը երերում էին թեթև քամուց` ասես վկայություն նախորդող ուրբաթ գիշերվա անբռնազբոսությունների:
– Չէ, նորմալ գործ ա պետք գտնել… ծրագրավորող-մրագրավորող: Հաստատ,- Տերը փնթփնթաց, ուսերը վեր քաշեց թեթև պիջակի մեջ ու հոկտեմբերի առաջին ցրտերից սրթսրթալով՝ ներս անցավ ծառայողական մուտքից:
Պուշկինի (նախկին Կնունյանց) փողոցի համար 25 շենքը ամենաբարձրն էր Էրիվանում: Ոչ ավել, ոչ պակաս` 19 հարկ: Ապակեպատ հսկան վեր էր խոյանում քաղաքի հին կենտրոնի վրա` ստվերելով կողքի բոլոր շինությունները: Նեղ պատուհաններն ու անձրևի նման ցած իջնող արտաքին լուսավորությունը շենքին տալիս էին ֆուտուրիստական կերպարանք, ասես դեպի լուսին սլացող տիեզերանավ, որն ուր որ է`դուրս կթռչի իր ուղեծրից:
Շենքում տեղակայված «Գրանդ Նաիրի» բարձրակարգ հյուրանոցը Էրիվանի սնդուսափայլության մարմնավորումն էր: Այստեղ էին հանգրվանում արտերկրից ժամանած բոլոր կարկառուն հյուրերը, տեղի էին ունենում հանդիսություն- միջոցառումները, կոկաինային օրգիաները և անգամ քոֆիբրեյքով իվենթները:
«Գրանդ Նաիրի»-ի միջանցքներում ում ասես կարելի էր հանդիպել` հարբած արտասահմանցի պատվիրակներից մինչև էլիտար լրբեր, «շվեդական սեղանից» քննարկման վազող ջահել փորձագետներ և մահը բերաններում հայրենիք հասած ծեր պանդուխտներ, սիրուհիների հետ ժամադրված երեսփոխաններ ու մեղրամիսն այստեղ անց կացնող լոսաբնակներ:
Հյուրանոցի ստորին հարկերն ու հարակից մայթերն ամբողջապես գրաված ռեստորանների գվվոցը հանգիստ չէր տալիս քաղաքի բնակիչներին նույնիսկ կեսգիշերից հետո:
Էրիվանի զարկերակը թպրտում էր «Գրանդ Նաիրի» հյուրանոցում, ճնշումը բարձրանում էր մինչև 19 հարկ, ապա կտրուկ վար իջնում, ու այդպես վեր ու վար, վեր ու վար…
Կառույցի հիմքը հին, քառահարկ շինությունն էր` սպիտակ կրով սվաղած, իսկ անկյունները սև տուֆով երեսպատված: Տանիքի պղնձագույն թիթեղներից մի փոքր ետ սկսում էր վեր խոյանալ ապակյա, նորակառույց հսկան` ասես ծեր թզուկի մեջքին բուսնած լաքապատ դաշնամուր: Սիրում էին Էրիվանում հինն ու նորը այլանդակերպ խառնել իրար:
Նորակառույցի հայելանման ապակիներն իրենց մեջ արտացոլում էին քաղաքի ողջ թշվառությունն ու «Գրանդ Նաիրի» հյուրանոցի անհավանական շքեղությունը: Կախովի պատշգամբների թափանցիկ արկղերը ճնշում էին հին շենքի ձևավոր ճաղաշարքերով պատշգամբները, իսկ պարկուճի նմանվող արտաքին վերելակախցերն ասես նախատեսված լինեին այլմոլորակայիններ տեղափոխելու համար: Վեր ու վար, վեր ու վար:
«Գրանդ Նաիրի»-ի ադմինիստրատոր Գաբրիել Տեր-Սահակյանը՝ Տեր մականունով, աշխատավայր էր շտապում․․․ շաբաթ օրով, երբ ոչ մի կերպ պարտավոր չէր։ Ատում էր հանգստյան օրերի այդ ահազանգերը, բայց քաղաքի ամենահայտնի հյուրանոցում պատահարներից պրծում չկար։
Վերելակը ուշանում էր։
– էլի մեկը քածին ձեռ գցելու համար վերջին հարկում կանգնացրել ա,- նյարդայնացած վրա-վրա սեղմեց կոճակը։ Մի քիչ էլ ու թվատախտակին թվերը վերջապես սկսեցին նվազել։
– Հազիվ,- փնթփնփաց ու մինչ վերելակը կհասներ, ձեռքը տարավ գրպանը։ Աջում չկար և մյուսն էլ ստուգեց։ Գտավ։ Էլեկտրական սիգարետն էր, բայց էնտեղ էլ լիցք չկար։
– Թարս ա սաղ,- ձեռքերը նորից խրեց գրպանները, փակեց աչքերն ու սկսեց աղմուկով շնչել-արտաշնչել, շնչել-արտաշնչել։
Վերելակը վերջապես տեղ հասավ։ Մի երկու ակնթարթ ևս, ու դռները բացվեցին։ Ի զարմանս Գաբրիելի, ներսում ոչ-ոք չկար։
«Բա ինչի՞ էր լռվել վերջին հարկում»,- մտածեց ու արագ ներս մտնելով՝ սեղմեց 5 համարի կոճակը։
Վերելակում սիգարետի հազիվ որսալի հոտ էր զգացվում։
– Տեսնես, որ մի անասունն է ․․․ աշխատողներից կլինի, հա,- քանի-քանի անգամ զգուշացրել էր, բայց էլի պարբերաբար բռնացնում էր սրիկաներին։
Գաբրիելի աշխատասենյակը 5-րդ հարկում էր՝ անմիջապես վերելակի հարևանությամբ։ Միջին չափի սենյակ էր, բարեբախտաբար հրաշալի լուսավորությամբ և հարմարավետ բաղնիք-զուգարանով` կարևոր հանգամանք թութքից տառապող ադմինիստրատորի համար:
Ներս մտավ, պիջակը նետեց բազկաթոռին և դեռ չէր հասցրել էլեկտրոնային սիգարետը լիցքավորման դնել, երբ սենյակ ներխուժեցին երկուսը։
– Տեր-Սահակյան ջան, ինչ լավ ա եկաք,- ակնհայտորեն հուզված հավաքարարուհին այն է՝ ուզում էր եղելությունը վրա բերել, երբ նրան ընդհատեց ճաղատ տնտեսվարը։
– Շեֆ ջան, չեպե ունենք ․․․ ներող կլինես, գործիցդ գցեցինք չէ՞,- շողոքորթ ձայնից Տերը հասկացավ, որ պատահածը իր երեկվա կարգադրություններից դուրս է՝ գոնե այս շաբաթ օրով իրեն չանհանգստացնել։
Մնացին՝ խմելն ու խաշը։ «Գրանդ Նաիրի»-ում պատահարներից պրծում չկար։
– Ասեք տեսնեմ ․․․ ո՞ր համարում է, ի՞նչ է եղել, ո՞ւմ է եղել ,- անտարբեր, լարը խրեց էլեկտրոնային սիգարետի տուփի հետևը։
Համարից զուգարանակոնք գողանալ, խալաթի գոտիներով իրար ծեծել, կարագի դանակներով դանակահարել, շանը համարում բռնաբարել, մեղրամսին կնոջը թողնել՝ փախչել, կոկաինային օրգիաներ, քաղաքական սկանդալներ, գաղտնալսումներ, հոսանքահարումներ, պատուհանից հարբած ցած ընկնել, սիրեկանին լոգարանում խեղդել ․․․ ինչ ասես, որ չէին տեսել «Գրանդ Նաիրի»-ի պատերն իրենց դարում։ Գաբրիել Տեր-Սահակյանին ոչնչով զարմացնել հնարավոր չէր:
– ․․․ բայց պինդ է ոգիս ․․․ չէ՜, շեֆ ջան, պիտի ինքդ տեսնես, սենց չեմ կարող,- տարիքն առած տղամարդն ուսերը թոթվեց այնպես, որ այլ ոչ մի ճար չէր մնում, քան համաձայնելը։
Վերելակում լռություն էր։
Թվատախտակին թվերը դանդաղ էին փոխվում: Տերը նայեց ժամացույցին: Շուտով 8:30 կլիներ:
«Գրողը տանի, չեմ հասցնելու»,- փնթփնթաց քթի տակ: Ի՞նչը կարող էր լինել ավելի կարևոր էրիվանցու համար, քան աշնան առաջին խաշը: Երևի մեկ էլ ծիրանի նուբարը:
-Տեր-Սահակյան ջան… ես կարո՞ղա չգամ ,- տարիքն առած հավաքարարուհու ձայնը կասկածելի թվաց Գաբրիելին:
«Մի քաք կերել են, հա՜»,- ձեռքերն անշտապ խրեց պիջակի գրպանները:
– Ոչինչ, գործերը կսպասեն… տեսնենք՝ ինձ ինչի՞ բերեցիք էս օրով ստեղ հասցրիք,- մտքում հայհոյեց, ու վայն եկել-տարել է, եթե եղածը մի անկարևոր բան լինի…. քթերից կբերի, բա ինչ… խաշը հարամելը էժան չի նստելու վրաները:
Վերելակը կանգ առավ: Բարձրախոսից հորդող կնոջ ձայնը ազդարարեց 19-րդ հարկն էր: Եվս մի քանի լարված ակնթարթ անցավ, մինչ դռները նախազգուշական ծնգծնգոցի ուղեկցությամբ վերջապես բացվեցին:
Միջանցքը դատարկ էր, ու լռություն էր տիրում:
– Դե, առաջ ընկեք,- էրիվանցուն բնորոշ մուննաթով Տերը պտտվեց դեպի խցիկի ետնամասում խեղճացած զույգին,- որ համարն է՞….
Այս անգամ բիձեն հասցրեց առաջինը:
– 37-ը շեֆ …. 37-ը ․․․
– 37 -ը ,- Գաբրիել Տեր-Սահակյանը մռայլվեց:
19-րդ հարկի 37 համարում սովորաբար հյուրերին տեղավորում էին խիստ անհրաժեշտության դեպքում միայն: Նավսած սենյակ էր: Մեկ ջուրն էր անսպասելի կտրվում, մեկ հովացման համակարգն էր խափանվում կամ այցելուները բողոքում էին տարօրինակ աղմուկից: Մի խոսքով` անհաջող համար էր:
– Ա՜ ձեզ քանի անգամ ասեմ, որ էդ համարում մարդ մի տեղավորեք,- ձեռքն անհույս թափ տվեց,- ում եք տվե՞լ…
Տնտեսվարը կանգ առավ մոլոր, շունչը տեղը բերեց ու կմկմաց․
– Ղժղժի փոքր տղեն աղջիկ էր բերել….
– Վայ մե… ,- Տերը կատաղությունից կախեց գլուխը:
Ղժղժների գերդաստանն Էրիվանի ամենախուժան ընտանիքն էր: Անբռնազբոս վարքն ու լկտի պահվածքն այս մարդկանց կյանքի նշանաբանն էին: Ճանապարհային պատահարներ, հարբած ընդհարումներ, զանգվածային ծեծկռտուքներ, թմրանյութեր և ամեն տեսակի բռնության այլ ձևեր սիրելի էին Ղժղժների գերդաստանին ու հատկապես նրանց վերջին շառավիղի կրտսեր որդուն: Վերջինս Էրիվանյան քրոնիկոնի մշտական հերոսն էր, էպիկական սկանդալների և փախուստների անգերազանցելի վարպետ:
37-րդ համարի սենյակում Ղժղժի կրստեր որդու հայտնվելը ոչ մի լավ բան չէր խոստանում:
Դուռը բաց էր և ներսում մարդիկ կային: Տերը նախքան մտնելը վիզը ձգեց դեպի սենյակի խորքը: Ղժղժի որդուն հանդիպելու ոչ մի ցանկություն չուներ: Մի երկու անգամ վեճի էին բռնվել հյուրանոցում համար չտրամադրելու պատճառով, և Գաբրիելն այդ վեճերից ակնհայտորեն հաղթող դուրս չէր եկել:
Սենյակում նկատեց «Գրանդ Նաիրի»-ի երիտասարդ բժշկուհու թիկունքը:
Վերջինիս Տերը սիրահետում էր վաղուց, բայց պետք է ասել, որ առանց մեծ խանդավառության: Պարզապես իր տղամարդկային պարտքն էր համարում երբեմն փոքրիկ ներկայացումներ բեմադրել, ասել է թե` տիկի՛ն, մենք ձեզ նկատել ենք:
Բայց այս անգամ բեմադրության ո՛չ տեղն էր, ո՛չ ժամանակը:
– Բարև,- արտասանեց ցածրաձայն ու ներս մտավ:
Հատակին, ճմրթված սպիտակեղենի կույտը փորի տակն առած, պառկած էր երիտասարդ մի աղջիկ` հետույքին հրազենային վնասվածքի հետքերով: Ողջ էր կարևորը:
– Գժվել ա լրիվ էդ լակոտը,- Տերը զայրույթից դեմքը ծռմռեց: Ոստիկանություն, քաղմաս ու հարցաքննություններ,- բա ո՞ւր ա…
– Փախել ա, Տեր-Սահակյան ջան … կրակոցի ձենի վրա մինչև հասանք, թռել էր արդեն,- կմկմաց բիձեն,- ջահել աղջիկը` Մարիանան, ասում ա՝ բանաստեղծություն է արտասանել, լաց եղել մի բոլ, հետո հանել նագանն ու ոռին կրակել…
– Ղժղժի տղեն, ոտանավո՞ր… հոգի է՞ր մտել մեջը ,- Տերը քմծիծաղ տվեց,- բաներ մի հնարի, ուստա Մամիկոն..
Տնտեսվարը լռեց:
– Ճիշտ ա բայց ասում, հլը դու պատին նայի …,- բժշկուհու թաքնված մուննաթն այդքան էլ դուր չեկավ Գաբրիելին, բայց պտտվեց:
Սենյակի պատի հենց ամենակենտրոնում, արնագույն հետքերով գրված էր երկու տող.
Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք,
Ինձ չի բաժանի իմ
Մի քանի րոպե լուռ նայելուց հետո, Գաբրիելը հայացքն ուղղեց գետնին պառկած աղջնակին:
– Ինքն ա գրե՞լ …
– Ոչ իհարկե … ,- ձայնը լսվեց Տեր-Սահակյանի թիկունքից` ուղեկցվելով զուգարանակոնքում բաց թողնված ջրի աղմուկի հետ: Շրջվեց:
Լոգարանի դռնախորշի արանքում կանգնած էր անհայտ տարիքի մի տղամարդ ու ձեռքերն էր չորացնում անձեռոցիկի կտորներով: Գլուխը հայելու պես սափրած, թավ բեղերը կեռ ու աչքերում տարօրինակ փայլ: Չորացրեց ձեռքերը, ճմրթած անձեռոցիկը թաքցրեց գրպանում, հանեց կլոր ժամացույցը, բաց արեց ու մատը տնկեց պատի գրության ուղղությամբ:
– Ուղիղ մի րոպեից կհայտնվի,- անշարժացավ:
Տերը ետ-ետ գնաց, որ տղամարդու պարզած մատն աչքը չմտնի:
– Է՞ս ով ա,- դեռ խոսքը չավարտած՝ մյուսները ճչացին:
Գաբրիելը պտտվեց: «Թուրքական վարունգ» նախշերով պաստառը հանկարծ ալիքվեց, բոսոր բծերն իրար եկան ու մի քանի բառ ևս հայտնվեցին` …. անդուլ դար…
Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք
Ինձ չի բաժանի իմ անդուլ դարից,
– Ասում էի, չէ՞,- տղամարդը ժամացույցը փակեց, դրեց գրպանն ու կանգնեց` հաղթական ժպիտը դեմքին:
Տարեց հավաքարարուհին «հայր մեր»-ը կրկնելով նետվեց դեպի վերելակը, բժշկուհին ձեռքերը գցեց երիտասարդ Մարիանայի թևատակերից:
– Ի՞նչ ես կանգնել, օգնի,- բղավեց:
Բայց Տերը անշարժ էր: Նա կանգնել էր պատի վրա դանդաղ լող տվող տառերի դիմաց ու փորձում էր հասկանալ կատարվող անհավատալիությունը: Լավ է՝ գոնե ճաղատ տնտեսվարը վազեց դեպի բժշկուհին ու բռնելով Մարիանայի թևերից՝ օգնեց սենյակից դուրս հանել վիրավոր աղջկան:
– Հիվանդ եք դուք, հա՜, էս անտերանոցում աշխատել հնարավոր չի,- բժշկուհու զայրացած բղավոցը սթափեցրեց Գաբրիելին, և այն է՝ ուզում էր ձայն հանել, երբ երիտասարդ կինն ամբողջ ուժով շրխկացրեց սենյակի դուռը: Փայտե շրջանակից ծեփեր թափվեցին:
– Քո տիրոջ մերն էլ ըտեղ, արա,- Տերը չդիմացավ։ Քանի օր է շարունակվող անհաջողություններն իրենց եռման կետին հասան։ Չլիցքավորված մեքենան, չստացված խաշը, խաթարված ուիքենդը, չտրված բժշկուհին, փախած լակոտը, կրակված հետույքը ․․․
– Տասը րոպեից նորից կհայտնվի,- թիկունքից լսվեց։
Ու հաա ․․․ բեղավոր բիձեն․․․
– Դու ․․․ դու ո՞վ ես, ո՞վ ես ,- ճակատը կարմրեց։ Այդպես էր լինում մեկ խմելուց, մեկ կատաղելուց։ Պոզամիջումից աջ ու ձախ ընկած ուռուցիկությունները գնդաձև շիկանում էին՝ ասես անտեսանելի կոտոշներից մնացած հետքեր։
– Գյուրջյանն եմ ես ․․․ ,- տղամարդը գրպանից հանեց անձեռոցիկի ճմրթված մնացորդներն ու սրբեց ճաղատ գլուխը,- կողքի սենյակն է իմը ․․․ տասը րոպեից պիտի որ նորից հայտնվի ․․․
– Ի՞նչ ես խոսում ախր, ի՞նչ տաս ․․․ ,- Գաբրիելի խոսքը կիսատ մնաց։ Սենյակի կենտրոնում կախված ջահի լամպերը թրթռացին անկանոն հերթականությամբ։ Թվաց, թե թեթև քամի անցավ՝ ծածանելով մահճակալի ծածկոցի փողքերը։ Տերը նայեց պատուհանին։ Փակ էր։
– Շշշշշշշ,- Տղամարդը ցուցամատը դրեց շուրթերին ու ետ քաշվեց դեպի լոգարանը։
– Էս ի՞նչ ա, Գյուրջյան ․․․ ի՞նչ ա կատարվում,- Գաբրիելը վերջնականապես խառնվեց իրար։ Սենյակի օդորակիչը, անհասկանալի խռխռոցներ արձակելով, լռեց, ու շուրջը սկսեց անհասկանալի նամշահոտ տարածվել։ Տերը հիշեց, որ այդպիսի հոտ հայրական շենքի նկուղից էր բուրում՝ խառնված մեզի ու առնետահոտի հետ:- Գյուրջյա՞ն։
Տղամարդը կրկին գրպանից հանեց ժամացույցը, բաց արեց։
– Սպասիր,- սլաքի տկտկոցը լսելի եղավ սենյակով մեկ,- մի քանի րոպեից ․․․
Տերը նետվեց դեպի դուռը: Ձեռքը գցեց կախ ընկած բռնակին: Փակ էր:
– Սրա՞ն ինչ եղավ,- ցնցեց մի քանի անգամ… բայց անհույս: Փայտյա շրջանակից փոշի ու ճաքճքած ներկի մնացորդներ էին թափվում միայն, բայց դուռը ոչ մի կերպ չէր բացվում:
– Մամիկո´ն, Աշխե´ն,- բղավեց հուսահատ` բռունցքները դռանը հարվածելով,- ձեր մերը…
Տերը տանել չէր կարողանում կյանքի մասին իր պատկերացումներից դուրս և ոչ մի իրողություն: Ամեն բան հստակ լիներ պիտի` ճշտի ու սխալի էրիվանյան պատկերացումների ծիրին մեջ: Տղեն տղա լիներ պիտի, լավ տղուց ծնվածը՝ աղջիկ, մերը՝ սրբություն, Սիսը՝ Մասիսից փոքր, թուրքը՝ թուրք մնար պիտի, վրացին՝ տուտուց, իսկ ռսի պառավը` գոյություն չունենար:
Էրիվանցիների համար կյանքը բացարձակ զուրկ էր մոգականությունից և անբացատրելիից: Ամեն բան պիտի իր ճիշտն ու սխալն ունենար, աչոտներն ու աբառոտկաները… այլ ոչ էս ամենը:
Տերը հանգիստ թողեց բռունցքները և գլուխը հենեց ծեծ կերած դռանը:
– Այ հիմա,- Գյուրջյանի ձայնն էր: Տերը դժկամությամբ շրջվեց:
«Թուրքական վարունգները» նորից ալիքվեցին:
– Սենց բանի մերը… ,- հուսահատ հայացքը դարձրեց Գյուրջյանին:
Տղամարդը կանգնել էր՝ մի ոտքը զուգարանակոնքին հենած, մատը տնկած պատի ուղղությամբ, ու ինչ-որ ծիսական բաներ էր քրթմջում քթի տակ:
«Արա, էսի աչքիս սենց ոռի բաներով ա զբաղվում,- ճառագեց Տերի գլխում – «սատանիստ ա, բոզի տղեն…»։
Քամին ոռնաց սենյակով մեկ, առաստաղի ներկը ծլեփ-ծլեփ սկսեց պոկռտվել, հատակի տախտակները ճռռալով իրար եկան, նամշահոտը սաստկացավ, ու թվաց, թե ժամանակը տասնամյակներով ետ պտտվեց:
Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք
Ինձ չի բաժանի իմ անդուլ դարից,
Տառերը լողացին ու նորերը ծնեցին` …Ինչպես ոչ մի ուժ ինձ չի բաժանի…
«Թուրքական վարունգները» հանդարտվեցին պաստառի վրա ու արնագույն տառերը դարձան ընթեռնելի` ասես սեպագիր արձանագրություն:
– Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք
Ինձ չի բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ոչ մի ուժ ինձ չի բաժանի,- առանց հիացմունքը թաքցնելու կրկնեց Գյուրջյանը,- նրա ձեռագիրն է…
Դեռ չէր ավարտել խոսքը, երբ աչքերի առջև ինչ-որ բան ցոլաց: Ապակյա, ծանր մոխրամանը թռչում էր դեպի Գյուրջյանը` վտանգավոր արագությամբ: Մի քանի վայրկյանի բարեբախտությամբ տղամարդը հասցրեց խույս տալ: Մոխրամանը պատռելով քունքը՝ սլացավ դեպի հանդիպակաց պատուհանն ու ապակին փշրելով՝ գահավիժեց ցած:
– Տո՛ սատանիստ ղախպա, էս ի՞նչ ես անում,- Տերն էր` վստահ , որ ահա գտել է նաիրցիքի գենն ու Էրիվանի ավանդույթները պղծել փորձող սատանայական որջի իսկական ներկայացուցչի: Եթե կար մի բան, որից շան պես վախենում էին էրիվանցիք, սատանիստների չորացրած արգանդն էր:
Գյուրջյանը ձեռքը տարավ քունքին: Արյուն էր գալիս: Բայց դա փորձանքի կեսն էր միայն: Կատաղած Տերը ձեռքը գցեց փայտյա աթոռին ու գետնից կտրելով՝ վրա տվեց։
– Քու մերը …,- աթոռը շրխկոցով զարնվեց Գյուրջյանի առաջ պարզած ձեռքերին և տապալեց նրան լոգարանի կենտրոնում: Գլուխն ուժով դեմ առավ զուգարանակոնքին,- բոզի տղա…
Տերը կատաղած փնչացնում էր դեռ և ձեռքերը բռունցք արած՝ կանգնել էր` ինքն էլ չիմանալով ինչ անել: Գետնին տապալված տղամարդն անշարժ էր ու հայացքն առաստաղին առած՝ դանդաղ շնչում էր: Եվ այդպես մի քանի րոպե։
«Չմնա վրես»,- ուշքի եկավ Տերը: Բզեց ոտքով։ Լավ է, Գյուրջյանն ինչ-որ բան փնթփնթաց ի պատասխան:
– Ի՞նչ ես ասում է,- կռացավ դեպի տղամարդու թավ բեղերը` ցածրաձայն բառերը որսալու,- Սողոմոնյա՞ն … հա ի՞նչ…
– Եղիշե… Սողոմոնյան Եղիշե,- Գյուրջյանը կարծես ուշքը բերեց տեղը,- սա նրա ձեռագիրն է…
Տերն առանձնապես բան չհասկացավ: Ի՞նչ Սողոմոնյան, ի՞նչ Եղիշե… առաջին անգամ էր լսում:
– Նորմալ բան ասա, հասկանամ։ – Գյուրջյանի տկար տեսքն անհանգստացրեց Գաբրիելին․ մի բան չլինի, կրակն ընկի: Անգամ փոշմանել էր հայհոյելու համար:
Եվ իրոք, տղամարդը շնչում էր ընդհատումներով ու փորձում էր կենտրոնացած պահել հայացքը:
– Եղիշեն վերջինն էր Նաիրյան Պոետներից,- Գյուրջյանը բռնեց Տերի թևքից,- լսել ե՞ս երբևէ Նաիրյան Պոետների մասին…
Գաբրիելը գլխով բացասական պատասխան տվեց:
– Թե որտեղի՞ց իմանաս, երբ ամեն բան թաքցված է մոռացության շղարշի տակ: Այդ նրանք են, որ փնտրում ու երգում են Նաիրին… որ գուցե միրաժ է, ֆիկցիա, միֆ,- Գյուրջյանը բաց չէր թողնում թևքը,- ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն…
Քամին աղմուկով պտտվեց սենյակում, թափահարեց վարագույրն ու ծածկոցի փողքերը, դաղեց Գաբրիելի մեջքը …
– Բա ո՞ւր են հիմա պոետներդ,- Տերը ինքն էլ զարմացավ, թե ինչպես ներքաշվեց պիղծ զրույցի մեջ: Սովորական Ժամանակ ի՞նչ պոետ, ի՞նչ բան… ասմունքի երեկո հո չի՞ էդ անտերը: Էրիվանում պոեզիան լուսանցքային մի երևույթ էր, որով, ըստ էրիվանցիների, հետաքրքրվում էին միայն դոդիկները, իսկ դոդիկները, որպես կանոն, պիտի ի վերջո նաև գյոթ դուրս գային, դե իսկ գյոթերին Էրիվանում սիրում էին այնպես, ինչպես անգլիացիները Ժաննա դը Արկին:
– Իսկական Պոետին հենց էնպես չես կարող վերացնել,- Գյուրջյանը քմծիծաղ տվեց: Երևում էր, որ իր սիրելի թեման է,- պոետը զորավոր կախարդ է ․․․ նրանից միշտ էլ ինչ-որ մի բան մնում է ․․․
Տերը շուրջը նայեց: Արնագույն տառերը դեռ լողում էին «վարունգների» արանքում, նամշակալած պատերն ու փտած առաստաղը քարշ էին տալիս մարդկային երևակայությունը դեպի վտանգավոր զուգահեռներ:
– Գիտե՞ս, թե ինչ շենք է եղել հյուրանոցի քառահարկ նախահիմքը,- Գյուրջյանը փորձեց ձգվել, բայց ապարդյուն: Մի վնաս տվել էր ողնաշարին,- էս շենքը, ՆԿՎԴ-ի շենքն է եղել` Ներքին Գործերի կոմիսարիատը:
– Էդ որն ա,- Տերը թիկունքը ետ տարավ ու նստեց հատակին:
– Էդ էն տեղն ա, որտեղ հազարավոր մարդկանց գլուխ են կերել ու կյանքեր խլել,- Գյուրջյանը հոգոց հանեց,- էս շենքի նկուղներում գլխատվել է Էրիվանը… և ոչ մեկ անգամ․․․
-Պոետներինն է՞լ,- Տերը զգաց, թե ինչպես քամին չարագույժ սուրաց թիկունքում:
– Եվ հատկապես պոետներինը,- Գյուրջյանը հոգոց հանեց տխուր:
Պատերը մթնեցին նորից, հատակի տախտակները ճռռացին կարծես շունչ առած, ու «թուրքական վարունգները» զայրույթով իրար եկան՝
Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք
Ինձ չի բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ոչ մի ուժ ինձ չի բաժանի
Գյուրջյանը ձեռքը մի կերպ տարավ գրպանը, դուրս քաշեց պատառոտված անձեռոցիկների կույտն ու փորձեց ճակատը սրբել:
-Ես վաղուց եմ հետևում 37 սենյակում տեղի ունեցողին… սա ո՛չ առաջին դեպքն է, և ո՛չ էլ վերջինը: Սովորաբար ամրագրում եմ 36 սենյակը կամ 38-ը, բայց պատահել է, որ 40-ում էլ եմ մնացել…,- տղամարդու խոսքերը չզարմացրեցին Տերին:
-Նավսած սենյակ ա, միշտ մի թարս բան լինում ա, դրա համար էլ հյուրերին չենք տալիս,- հանկարծ մտքով բան անցավ ,- իսկ 37-ում մնացել ե՞ս…
-Վախեցել եմ միշտ… ու հիմա էլ եմ վախենում, էս սենյակը կապված է շենքի սարսափելի անցյալի հետ: Տես՝ ինչ է կատարվում… պատերը, հոտերը, ձայները… էս սենյակը Մեծ Տեռորի մարմնավորումն է,- Գյուրջյանն աշխուժացավ:
-Էդ ի՞նչ ա,- Գաբրիել Տեր-Սահակյանը գիտելիքներով առանձնապես չէր փայլում:
-Որ ասում եմ՝ ոչ մի բանից տեղյակ չեք,- բեղի տակ ծուռ ժպտաց,- «հայրենիքի թշնամի» անվան տակ հազարավոր մարդկանց ու Էրիվանի մտավորականության 90%-ին գլխատելն է Մեծ Տեռորը:
-Բայց ինչի՞ համար,- Տերը չհավատաց:
-Էտ մենակ նեղճակատ կինտոն գիտի…,- բառերի վրա սենյակը նորից տակն ու վրա եղավ: Քամին սուրաց, տախտակները ճռռացին ու պատին գրված տողերն իրար եկան:
-Կինտո՞ն…
-Շշշշ, պետք չի զայրացնել նրան,- շշնջաց Գյուրջյանը,- առանց այդ էլ հանգիստ չունի:
Ու շարունակեց․
-Եղիշեն վերջինն էր Նաիրյան Պոետներից ու Տեռորի ամենամեծ զոհը: Պոետները սովորական մարդիկ չեն, հասկանում ե՞ս… Նրանց ձեռքը էրիվանի զարկերակին է դրված` վեր ու վար, վեր ու վար… :
Գաբրիելը գլուխը դարձրեց դեպի պատը:
Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք
Ինձ չի բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ոչ մի ուժ ինձ չի բաժանի
-Բա սա՞,- ինքն էլ էր արդեն խառնվել պատմությունների մեջ:
-10 րոպեից,- ժպտաց Գյուրջյանը: Արդեն առանց ժամացույցի էլ գիտեր:
-Սողոմոնյանն ա գրել, հա՞,- Տերը մտքերի մեջ ընկավ:
-Իր ձեռագիրն է…
-Ուզածն ի՞նչ է,- պտտվեց դեպի Գյուրջյանը:
– Ո՞վ իմանա,- փորձեց ծիծաղել, բայց հազը խեղդեց,- բանաստեղծ մարդ է…
Սենյակը դանդաղ շնչում էր, պատերն իրար էին գալիս, շնաձկան խռիկների պես լայնանում ու նեղանում:
-Գուցե, որ չմոռանանք,- շարունակեց Գյուրջյանը` խեղդվելով,- արթնանանք վերջապես․․․
Հազը վերածվեց խռխռոցի:
– Չմոռանանք ի՞նչը, որ էս շենքում մարդ-մուրդ ե՞ն սպանել ,- Տերը կանգնեց նստած տեղից,- է ո՞ւմ ոտերին ա, թե ինչ ա եղել եսիմ քանի տարի առաջ… հյուրանոց ա, ռեստորան ա, կարող ա՞ հիմա էլ հարուր տարվա մեռելների պատճառով էս սաղ փակվի… չեղավ տենց… էդ սատանիստական խաղեր տալը չի անցնի, պոետ-մոետ…
Քամին ոռնոցով պտույտ գործեց սենյակով մեկ, փաթաթվեց Տերի ոտքերին, կարծես ուզեր տապալել նրան, հասներ կոկորդին ու խեղդեր` վերջին խռխռոցը վայելելով…
-Էս քաղաքում ամեն օր մարդ ա մեռնում ,- Տերը ձեռքը տարավ ձախ գրպանը: Էնտեղ չկար,-ու դա ոչ մեկի տանձին չի… մարդիկ միշտ էլ մեռնելու են… տենց չի՞ աշխարհի բանը, հը՞, Գյուրջյան…
Սենյակում լռություն էր, ու միայն քամին էր մաքառում՝ փաթաթված Տերի ոտքերին։
-Գյուրջյա՞ն,- տղամարդն անշարժ էր, խռխռոցը վաղուց էլ չէր գալիս: Գաբրիելը կռացավ:
Գյուրջյանի արնահոսող պատռվածքն ավելի էր բացվել, ու արյան փոքրիկ լճակ էր գոյացել գլխից քիչ հեռու:
-Գյուրջյա՞ն ,- ցնցեց: Մարմինն անշարժ էր:
Սենյակը ճռռաց ոռնոցով: Այնքան ուժգին, որ սեղանին դրված լուսամփոփն աղմուկով ընկավ ցած: «Վարունգներով» պատն ալեկոծվեց, ու տառերն իրար խառնվեցին։
Տերը ստուգեց աջ գրպանը նույնպես… էնտեղ էր: Էլեկտրական սիգարետը հանեց, քաշեց ու հայացքը գցեց բանաստեղծությանը:
Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք
Ինձ չի բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ոչ մի ուժ ինձ չի բաժանի
Իմ շռնդալից, պայծառ քնարից…
-Էս էլ քո վերջին տողը, Գյուրջյան,- ծանր հոգոց հանեց, ապա վեր կացավ, մոտեցավ դռանն ու ձեռքը տարավ բռնակին: Մի տեսակ վստահ էր, որ այս անգամ դուռը կենթարկվի:
Վերելակը դանդաղ էր իջնում, ու Տերը հասցրեց էլեկտրոնային սիգարետը մի անգամ էլ բերանը տանել: Անհագ ներս էր քաշում, կարծես ցանկանար ուղեղն անզգայացնել ծխի մեջ։ Աչքը գցեց ժամացույցին։ Տղերքը դեռ պիտի որ նստած լինեն, խաշը տաք, օղին էլ՝ սառը։
Ընդունարանի անկյունում «շտապ օգնություն»-ից կային կանգնած: Մարիանայի հետույքն էին մշակում: Կողքներն անհանգիստ կանգնած տնտեսվարը նետվեց դեպի վերելակից դուրս եկող ադմինիստրատորը:
-Տեր-Սահակյան ջան,- բառերը հազիվ փորից դուրս եկան…
Տերը լուռ առաջացավ մի քանի քայլ` առանց տղամարդու կողմը նայելու, ապա կանգ առավ ու նետեց ցածրաձայն:
-Պեմզաբլոկով շարի 37-ի դուռը…նահույ։