Վտանգավոր բան է ուրիշների կյանքը տնօրինելը, և հաճախ եմ զարմացել քաղաքական գործիչների, բարեկարգիչների և նմանատիպ մարդկանց ինքնավստահության վրա՝ մարդիկ, որոնք պատրաստ են այլ մարդկանց պարտադրել այնպիսի միջոցներ, որոնք պիտի փոխեն նրանց վարքը, սովորություններն ու տեսակետերը: Խորհուրդներ տալուց առաջ միշտ երկմտել եմ, քանի որ՝ ինչպե՞ս կարող է մեկը մյուսին խորհուրդ տալ, թե ինչպես նա պետք է վարվի որևէ իրավիճակում, քանի դեռ այդ մեկը մյուսին այնքան լավ չի ճանաչում, որքան՝ ինքն իրեն։ Երկինքը վկա, ինքս իմ մասին գրեթե բան չգիտեմ, ուր մնաց ուրիշների մասին որևէ բան գիտենամ։ Միայն կարող ենք կռահել մեր մերձավորների մտքերն ու հույզերը։ Մեզանից յուրաքանչյուրը բանտարկյալ է մի մեկուսի աշտարակում, որ շփվում է մյուս բանտարկյալների հետ՝ որոնք մարդկությունն են կազմում, պայմանական նշաններով, որ այնքան էլ նույն նշանակությունը չունեն մյուսների համար, ինչ՝ իր համար: Իսկ կյանքը, դժբախտաբար, մի բան է, որ միայն մեկ անգամ կարող ես վարել՝ սխալները սովորաբար անուղղելի են, և ո՞վ եմ ես, որ պիտի սրան կամ նրան ասեմ՝ ինչպես վարի այն։ Կյանքը դժվար զբաղմունք է, և ինձ բավականին բարդ է եղել իմ սեփական կյանքը մի ամբողջական և ողորկ բան դարձնել․ գայթակղություն չեմ ունեցել սովորեցնել մերձավորիս, թե նա ինչ պետք է անի իր կյանքի հետ: Սակայն կան մարդիկ, որոնք տատանվում են ճամփորդության սկզբում, նրանց առջև ճանապարհը շփոթված և վտանգավոր է, և երբեմն, թեպետ և ակամա, ստիպված էի լինում ճակատագիրը ցուցանողի դեր տանել։ Երբեմն մարդիկ ինձ ասում էին․ «Ի՞նչ անեմ կյանքիս հետ»։ Եվ ահա ինձ մի պահ տեսնում էի՝ մարգարեի մռայլ թիկնոցի մեջ պարուրված:
Մի դեպք կա, որ գիտեմ՝ լավ խորհուրդ եմ տվել։
Երիտասարդ էի ու ապրում էի Լոնդոնի Վիկտորյա կայարանի մոտ գտնվող մի համեստ բնակարանում։ Մի ուշ կեսօրի, երբ արդեն մտածում էի, որ այդ օրվա համար բավականաչափ եմ աշխատել, դռան զանգի ձայն լսեցի։ Դուռը բացեցի մի կատարյալ անծանոթի առաջ։ Անունս հարցրեց, ասացի։ Խնդրեց ներս մտնել։
– Անշուշտ։
Նրան ուղեկցեցի հյուրասենյակ և խնդրեցի նստել։ Մի փոքր շփոթված էր։ Ծխախոտ առաջարկեցի և նա՝ գլխարկը ձեռքին, դժվարությամբ կարողացավ այն վառել։ Երբ իրենից գոհ կերպով կատարեց այդ սխրանքը, հարցրի՝ արդյոք նա չի ցանկանա, որ գլխարկն աթոռի վրա դնեմ: Ինձնից առաջ ընկավ, և գործողության ընթացքում գցեց իր հովանոցը։
– Հուսամ դեմ չեք, որ այս ձևով եմ եկել Ձեզ մոտ։ Իմ անունը Սթիվենս է և ես բժիշկ եմ։ Կարծեմ բժշկությա՞մբ եք զբաղվում։
– Այո, բայց այդ ոլորտում չեմ աշխատում։
– Ոչ, դա գիտեմ։ Իսպանիայի մասին Ձեր գիրքն էի կարդացել և ուզում էի հարցնել դրա մասին։
– Վախենամ, դա այդքան էլ լավ գիրք չէ։
– Փաստը մնում է փաստ, որ Դուք ինչ-որ բան գիտեք Իսպանիայի մասին, և իմ ճանաչած մարդկանցից չկա մեկ ուրիշը, որ կիմանա։ Եվ այսպես մտածեցի, որ Դուք գուցե դեմ չլինեք ինձ տեղեկություն տալ:
– Միայն ուրախ կլինեմ։
Նա մի պահ լռեց։ Ձեռքը մեկնեց դեպի իր գլխարկը և մի ձեռքով բռնած՝ մյուսով մտացիր սկսեց շոյել այն: Ենթադրեցի, որ դա նրան վստահություն էր տալիս։
– Հույս ունեմ, որ չափազանց տարօրինակ չեք համարի՝ կատարյալ անծանոթի՝ Ձեր հետ այսպես ծանոթանալը․ – ներողամիտ ծիծաղեց․ – ամբողջ կյանքիս պատմությունը չեմ պատմելու։
Երբ մարդիկ ասում են սա, միշտ գիտեմ, որ դա հենց այն է, ինչ նրանք պատրաստվում են անել: Դեմ չեմ: Իրականում, դա ինձ նույնիսկ դուր է գալիս:
– Ինձ իմ երկու ծեր հորաքույրերն են մեծացրել։ Երբեք ոչ մի տեղ չեմ եղել։ Երբեք ոչնչով չեմ զբաղվել։ Վեց տարի ամուսնացած եմ եղել։ Երեխաներ չունեմ։ Քեմբերվելի հիվանդանոցի բուժաշխատող եմ: Այլևս տանել չեմ կարող:
Նրա օգտագործած կարճ, սուր նախադասությունների մեջ մի շատ ուշագրավ բան կար։ Դրանք ազդեցիկ հնչողություն ունեին։ Ես նրան ոչ ավել քան մի հպանցիկ հայացք էի նետել, սակայն այժմ նրան հետաքրքրությամբ էի նայում։ Նա մի փոքրիկ, կարճ ու գիրուկ, երևի երեսունին մոտ մարդ էր՝ կլորավուն կարմիր դեմքով, որից փայլում էին նրա մանր, մուգ և շատ պայծառ աչքերը։ Նրա մազերն այնպես էին կտրված, որ գլուխը գրեթե արճճե գնդակի տեսք ուներ։ Կապույտ հնամաշ կոստյում էր հագել։ Ծնկների հատվածում այն լմփոշ էր, իսկ գրպաններն անփույթ կերպով ուռած էին։
– Ծանոթ եք հիվանդանոցի բուժաշխատողի պարտականություններին։ Մեկ օրը մյուսից գրեթե ոչնչով չի տարբերվում։ Եվ դա է այն ամենը, ինչն ինձ սպասելու է կյանքիս մնացած տարիների ընթացքում։ Կարծում եք արժանի՞ կյանք է։
– Ապրուստի միջոց է․ – պատասխանեցի ես։
– Այո, գիտեմ։ Լավ գումար եմ ստանում։
– Ես այդքան էլ չեմ հասկանում՝ ինչու եք եկել ինձ մոտ։
– Իրականում, կուզեի իմանալ Ձեր կարծիքը՝ արդյո՞ք Իսպանիայում կգտնվի որևէ հնարավորություն անգլիացի բժշկի համար։
– Ինչո՞ւ հենց Իսպանիայում։
– Չգիտեմ, ուղղակի երազում եմ Իսպանիայի մասին։
– Գիտեք չէ՞, այն «Կարմեն»-ի Իսպանիային նման չէ․ – ժպտացի ես։
– Բայց այնտեղ արև կա, և լավ գինի, և գույներ, և օդ, որը կարող ես շնչել: Թույլ տվեք ասելիքս ուղիղ ասել։ Պատահաբար լսել եմ, որ Սևիլիայում անգլիացի բժիշկ չկա։ Ի՞նչ եք կարծում, կկարողանայի այնտեղ ապրուստ հայթայթել: Արդյո՞ք խելագարություն չէ լավ ապահով աշխատանքը փոխել անորոշության դիմաց։
– Ձեր կի՞նն ինչ է կարծում այս հարցի շուրջ։
– Նա պատրաստակամ է։
– Մեծ ռիսկի եք դիմում։
– Գիտեմ։ Բայց եթե ասեք՝ գնա, ես կգնամ, եթե ասեք՝ մնա այնտեղ, որտեղ կաս, կմնամ։
Ուշադիր նայում էր ինձ իր փայլուն մուգ աչքերով, և ես գիտեի, որ նա իր ասածի տերն էր։ Մի պահ խոհեցի.
– Ձեր ամբողջ ապագայի հարցն է, ինքներդ պիտի որոշում կայացնեք։ Մի բան կարող եմ ասել՝ եթե փողի հետևից չեք գնում և գոհ կլինեք վաստակել այնքան, որ կարողանաք սոված ու ծարավ չմնալ, ապա գնացեք։ Այդպիսով հիասքանչ կյանք կվարեք։
Նա հեռացավ, մեկ-երկու օր մտածեցի նրա մասին, հետո մոռացա։ Դրվագն ամբողջությամբ կորավ հիշողությանս միջից։
Շատ տարիներ անց՝ առնվազն տասնհինգ տարի, պատահաբար հայտնվել էի Սևիլիայում, և ինձ փոքր ինչ անառողջ զգալով, հարցրի հյուրանոցի դռնապանին՝ արդյո՞ք քաղաքում անգլիացի բժիշկ կա։ Ասեց, որ կա և տվեց ինձ նրա հասցեն։ Տաքսի նստեցի, և երբ գրեթե հասա տան մոտ, շեմին մի փոքրիկ գեր մարդ երևաց։ Երբ հայացք գցեց իմ վրա, վարանեց։
– Ինձ մո՞տ եք եկել․ – ասաց նա․ – անգլիացի բժիշկն եմ։
Բացատրեցի իմ այցի պատճառը, և նա խնդրեց ինձ ներս մտնել: Ներքնաբակով սովորական իսպանական տանն էր ապրում, ներքնաբակից դուրս եկող խորհրդակցությունների սենյակը, թափթփված էր թղթերով, գրքերով, բժշկական սարքավորումներով և փայտեղենով։ Այդ տեսարանը կմտահոգեր բծախնդիր հիվանդներին։ Մենք արեցինք մեր գործը, ապա ես հարցրի բժշկին՝ որքա՞ն է կազմել վճարը։ Նա թափ տվեց իր գլուխն ու ժպտաց․
– Վճար չկա։
– Ինչո՞ւ ոչ։
– Չե՞ք հիշում ինձ։ Ախր ես այստեղ եմ, ժամանակին Ձեր ասածի շնորհիվ։ Դուք իմ ամբողջ կյանքը փոխեցիք։ Ես Սթիվենսն եմ։
Նույնիսկ փոքրագույն պատկերացում չունեի՝ ինչի մասին է խոսում։ Նա ինձ հիշեցրեց մեր զրույցի մասին, կրկնեց ժամանակին խոսացածը, և կամաց-կամաց՝ գիշերվա մթից, դեպքի աղոտ հիշողությունը վերադարձավ ինձ։
– Հետաքրքիր էր՝ արդյո՞ք երբևիցե նորից կտեսնեմ Ձեզ, – ասաց նա, – մտածում էի՝ երբևէ հնարավորություն կունենա՞մ շնորհակալություն հայտնել Ձեզ այն ամենի համար, ինչ արեցիք ինձ համար։
– Փաստորեն հաջողեցի՞ք։
Նայեցի նրան։ Այժմ նա շատ ավելի գեր էր ու ճաղատ, բայց նրա աչքերը զվարթ պսպղում էին և իր կարմիր, մսոտ դեմքը կրում էր գերազանց տրամադրության արտահայտություն։ Նրա հագուստը ահավոր հնամաշ էր, ակնհայտորեն կարված էր իսպանացի դերձակի ձեռքով, իսկ նրա գլխարկը իսպանացիների լայնեզր սոմբրերոն էր։ Այնպես նայեց ինձ, ասես իր իմացած լավ գինիներից մեկը տեսած լիներ։ Նա հաճոյապաշտի, սակայն լիովին համակրելի արտաքին ուներ։ Կարող է տատանվեիք նրան վստահել ձեր կույր աղիքի հեռացումը, բայց չէր ստացվի պատկերացնել ավելի հաճելի արարած, որի հետ մեկ բաժակ գինի կարելի լիներ խմել:
– Վստահաբար ամուսնացած էիք։
– Այո։ Կնոջս Իսպանիան դուր չեկավ, նա վերադարձավ Քեմբերվել, այնտեղ ավելի շատ էր իրեն տանը զգում։
– Ահ, ցավում եմ։
Նրա սև աչքերը փայլեցին բաքոսական ժպիտով։ Իսկապես որոշ չափով երիտասարդ Սիղենոսի տեսք ուներ։
– Կյանքը լի է հատուցումներով․ – մրմնջեց նա։
Բառերը հազիվ էին դուրս եկել նրա բերանից, երբ դռան մոտ հայտնվեց մի իսպանուհի, որն այլևս իր վառ երիտասարդության տարիքին չէր, բայց դեռ համարձակ ու հեշտաբույր գեղեցկություն ուներ։ Կինն իսպաներեն խոսեց, և ես չէի կարող սխալվել համոզմունքիս մեջ, որ նա տան տիրուհին էր։
Երբ Սթիվենսը՝ ինձ ճանապարհելու համար, կանգնեց դռան շեմին, ասաց.
– Երբ վերջին անգամ տեսա Ձեզ, ասացիք, որ եթե գամ այստեղ, այնքան գումար կաշխատեմ, որ սոված ու ծարավ չմնամ, բայց և հիանալի կյանք կվարեմ: Դե ինչ, ուզում եմ ասել, որ ճիշտ էիք։ Աղքատ եղել եմ ու միշտ էլ կմնամ, բայց երկինքը՝ վկա, վայելել եմ կյանքս։ Ապրածս կյանքը աշխարհի և ոչ մի թագավորի կյանքի դիմաց չէի փոխանակի:
Թարգմանությունը անգլերենից՝ Նորայր Մանվելյանի