Զոհրաբ Հարոյան | Սպիտակ շոկոլադ

Գիշերվա հազարին Էդոն տեղից թռավ ու նստեց անկողնուն: Մինչեւ խելքը գլուխն հավաքեց, օրգանիզմի կարգավորումները տեղն ընկան, պարզվեց իրենց կուրսի Շուշանիկի հետ երազն Էդոյի մենյուն ամբողջությամբ խառնել է իրար: Այլևս չի կարողանում մտածել լայն կոնքերով, կիսաբաց կրծքկալով ու կռանալուց վարտիքի վերին հատվածի ժապավենները ցուցադրող գործի տեղի Լիանի մասին: Մի խոսքով գիշերվա ժամը 5-ին Էդոն պատահաբար սիրահարվեց իրենց կուրսի Շուշանիկին ու չքնեց:
Առավոտյան Էդոն նախ գործից, հետո դասից ուշացավ: Երբ մտավ Լսարան Շուշանիկը շարֆի մեջ փաթաթված նստել էր ամենավերջին նստարանին ու սովորության համաձայն ձողիկով հյութ էր խմում ու անգլերենի դասը կրկնում: Էդոն բարեւեց բոլորին ու ամենօրվա նման փորձեց կատակել, բայց ինչ որ ծամածռություն ստացվեց, այնքան տարօրինակ, որ Շուշանիկը գլուխը բարձրացրեց ու ձողիկը հյութից պոկվեց ու անշնորհք ֆռթաց: Երկուսն էլ ամաչեցին, ժպտացին, դասախոսը ներս մտավ:
Ամբողջ դասի ընթացքում Էդոն մտածում էր Շուշանիկին հրավիրել Օֆիկ ծյոծյայի բուֆետ ու պատմեր երազն ու դրա հետեւանքները` հատկապես անքնությունը: Հետո մտածեց, որ Օֆիկ ծյոծյան BBC մեռնում է, բացի դա` ռոմանտիկ տեքստ է ասելու` «պեռաշկու» հոտին ինչ ռոմանտիկա: Չէ, ուրեմն սիրուն սրճարան է պետք հրավիրել: Էդոն ձեռքով շոշափեց գրպանը` 1800 դրամ էր մնացել ու դեռ չորեքշաբթի էր: Դրանով մինչեւ ուրբաթ դասի պետք է գնար: Ուրբաթ աշխատավարձի օրն էր: Էդոն որոշեց դիմանալ մինչեւ ուրբաթ: Շուտ դուրս եկավ դասից` նկարահանման էր գնում, բացի դա անգլերենի դասից հետո քննությունն էր, որին չէր պատրաստվել: Դուրս գալուց շրջվեց նայեց Շուշանիկին, նա էլ նայեց ու հայացքով հրաժեշտ տվեցին:
Էդոն հաջորդ գիշեր կրկին թռավ տեղից այս անգնամ բղավոցով` Շուշանիկ: Դրանից հարեւան Ամալիկը քնից վեր թռավ ու պատասխան գոռաց` գրոոող ու կողքին դրած չուստը շպրտեց պատին: Մինչեւ առավոտ Էդոն ու Ամալիկը միասին չքնեցին` երկուսն էլ մտածում էին Շուշանիկի մասին. Էդոն հրեշտակ Շուշանիկի, Ամալիկը թիթեռնիկ Շուշանիկի: Առավոտյան բակի փայտե նստարանին նստած կանայք Էդոյին թարս չափեցին` Ամալիկը պատմել էր երեւակայածը:
Այդ ընթացքում Շուշանիկը ժամ առ ժամ սիրունանում էր, իսկ երբ ժպտում էր Էդոն` էլ Էդո չէր: Որբաթ կեսօրից հետո հաշվապահ Գրիշը ճռճռան 20 հազարանոցներով 60 հազար դրամ աշխատավարձը տվեց նվերի նման: Փողը դրեց գրպանն ու տրամադրությունը բարձրացավ` փող ուներ, մնում էր Շուշանիկին հրավիրեր իրենց դասարանի Աշոտենց տաքսի սերվիսի մոտի սրճարան, որտեղ միշտ զույգեր էին նստում ու ծխում, Էդոն էլ միշտ նայում էր ու մտածում ` տեսնես ծխող աղջիկներն ինչ համ ունեն: Տղերքն ասել էին մոխրի համ ունեն:
Առավոտյան Շուշանիկը Էդոյի բարեւին պատասխանեց ժպիտով: Նույնիսկ հարցրեց ոնց են գործերը: Սա էդոյի համար էլեկտրաշոկ էր` սրճարանի փող ունի` դուրսն էլ արեւ կա: Մնում է հրավիրի Աշոտենց տաքսի սերվիսի կողքի սրճարան ու ասի, որ չի քնում: Շուշանիկը այդ ընթացքում շարունակում էր սիրունանալ: Մի շաբաթ առաջվա կուրսի աստղ Էդոն, մի պահ իրեն ոչ մի բան զգաց Շուշանիկի առաջ ու դասն ավարտվելուց հետո չկարողացավ հոդաբաշխ մի նախադասությամբ Շուշանիկին հրավիրել սրճարան: Չկարողացավ ու վերջ:
Դասից գործի գնաց ամբողջ ճանապարհին ինքն իրեն հայոյելով, իսկ տուն գնալուց հետո սկսվեց 1 դար տեւողությամբ կիրակին: Ամբողջ գիշեր ինքն իրեն մեղադրեց: Ամեն 3 րոպեն մեկ Էդոն մտնում էր Ֆեյսբուք ու նայում Շուշանիկի էջը: Անխիղճը գոնե մի նկար չգցեց ու մի րոպե օնլայն չդարձավ: Էդոն Ֆեյսբուքի թմրամոլ էր, բայց չէր զգում` միայն մտնում էր դուրս գալիս, ծխում նորից ու նորից:
Երկուշաբթի առավոտյան Էդոն տնից դուրս եկավ վճռական, բայց կարմրած աչքերով ու քնաթաթախ: Համալսարանի առաջին հարկի ավտոմատից երկու բաժակ դառը սուրճ խմեց, ծխեց ու բարձրացավ լսարան: Բոլորը կային, բայց Շուշանիկի նստարանին Գոհարիկի պայուսակն էր դրված: Թեւաթափ Էդոն քնեց ուղիղ անգլերենի դասին` սեղանի վրա: Երբ արթնացավ որոշեց մի ուրիշ կերպ, ավելի կրեատիվ սիրո խոստովանություն անել, պարզապես սրճարան հրավիրելը մի տեսակ շատ սովորական էր:
Երբ մտավ խմբագրություն շոգ էր, պատուհանները բացել էին, որ մի քիչ օդ խաղար: Լիանը կրծքերը պատուհանից ներքեւ էր կախել ու նայում էր անցնող դարձողին: Այդ ընթացքում խմբագրության օպերատորները լուրջ դեմքի արտահայտությամբ քննարկում էին Լիանի նոր կարմիր վարտիքը: Ներս մտնելուց Էդոյին օպերատորներից մեկը բզեց ու նշան արեց Լիանի նոր վարտիքը, էդոն նայեց, ժպտաց, բայց ոչ նայելն էր նայել, ոչ ժպիտը` ժպիտ:
Ժողովին գլխավոր խմբագիրը, որ փորձառու, կատակասեր մարդ էր ակնոցը դրեց քթի ծայրին ու նկատեց Էդոյի կարմրած աչքերը: Հետո կատակեց, թե գիշերները քիչ քարշ արի պոռնիկների հետ` մի քիչ էլ գործի համար էներգիա խնայիր: Իհարկե սա ավելի շատ Էդոյի համար գովազդ էր, գլուխ գովելու առիթ, քան նկատողություն` Լիանը խորհրդավոր ժպտաց, Անուշը լրահոսի ցուցակի վրա գրիչով ապուշ բան խզբզեց, օպերատորները քթի տակ փխկացին, Էդոն ժպտաց չժպտալու պես:
Լրագրողները հերթով թեմաներ առաջարկեցին: Էդոն ոչ մի թեմա չուներ: Խմբագիրը նայեց օրացույցին ու առաջարկեց գարնան առաջին օրվա մասին ռեպորտաժ նկարել: Սիրուն մի բան, բայց խիստ հանձնարարեց, որ չդարձնի շարադրություն: Երեկոյան լուրերի թողարկման վերջին ռեպորտաժի ամենավերջին նախադասությունից ոչ մեկը ոչինչ չհասկացավ: Այն ավարտվում էր` «Ես քեզ սիրում եմ սպիտակ շոկոլադ» բառերով:
Սպիտակ շոկոլադը Շուշանիկն էր: Վերջին մեկ տարին Էդոն Շուշանիկին գաղտնի անուն էր դրել` Սպիտակ Շոկոլադ, բայց այդ մասին բացի Շուշանիկից ոչ ոք չգիտեր: Եթերից հետո առաջին արձագանքը գլխավոր խմբագրի հայհոյախառը զանգն էր: Հաջորդը գործի տեղի Լիանն էր մեսիջ էր գրել, որ երազում է մեկը այդպես խոստովանություն անի իրեն եթերում: Շուշանիկը չէր գրում, չնայած Էդոն համոզված էր, որ դիտել է: Մի ժամ սպասելուց հետո էլ չդիմացավ` Ֆեյսբուքով գրեց, որ անպայման նայի լուրերի թողարկումը: Շուշանիկը գրեց` OK: Մի 20 րոպե անց Էդոյի հեռախոսը սպասելի ծնգաց` Շուշանիկն էր:
-Ed nayeci.
Էդոյի սիրտը գցեց: Գրեց ինչ որ բան, չուղարկեց, ջնջեց, նորից գրեց, նորից ջնջեց ու մնաց երկու տառ`
-Ev?
-,-պատասխանեց Շուշանիկը, հետո ավելացրեց` Kxosenq.
-Vaxy karox enq dasic heto xosel?:
-aha…
Առավոտյան Էդոյին 10 օրով գործուղեցին: Առարկությունները չընդունվեցին, միակը, որ կարող էր գնալ` Էդոն էր: Ամբողջ ճանապարհին Էդոն նայում էր ավտոբուսի պատուհանից դուրս ու մտածում Շուշանիկի մասին: Այդ ընթացքում Էդոն հասցրեց պատկերացնել Շուշանիկին հարսի շորերով, իրեն կոստյումով, որի գրպանում ոչ մի կերպ չէր տեղավորվում սպիտակ թաշկինակը, հետո մեղրամիսը, որի համար գործի տեղից աշխատավարձի տեղեկանք էր վերցնելու հաշվապահ Գրիշից վարկի համար: Հետո պատկերացրեց համատեղ երեխաներին` հատկապես աղջկան, որ երկար հյուսքեր ուներ ու Շուշանիկի նման սպիտակ էր: Ամեն օր Էդոն ուղիղ եթեր էր մտնում, պատմում այցի մասին, բայց ասածն ուրիշ բան էր` «Ես զզվում եմ այս տեղից, այս քաղաքից, էլ չեմ համբերում Շուշանիկ: Մի քանի օրից կգամ, կգնանք Աշոտենց տաքսի սերվիսի մոտի սրճարան»:
10 օրյա տառապանքից ու մտքերից հետո Էդոն անհամբեր մտավ լսարան: Շուշանիկն ավելի էր սիրունացել ու ծաղկավոր կարճ շորիկով էր: Առաջ Էդոն աղջիկների հագուստին երբեք ուշադրություն չէր դարձնում, բայց Շուշանիկինը չգիտես ինչու նկատեց ու ժպտաց: Շուշանիկը դասի կեսից դուրս եկավ: Էդոն մեսիջով հիշեցրեց հանդիպման մասին:
Երեկոյան 5-ին Համալսարանի շատրվանների մոտ Էդոն հանդիպման գնաց փայլեցրած կոշիկներով ու սպիտակ վերնաշապիկն արդուկած: Շուշանիկը համալսարանի հագուստով էր, չէր թարմացրել նույնիսկ շրթներկ: Էդոն առաջարկեց քայլել պողոտայի ուղղությամբ, Շուշանիկը չառարկեց: Էդոն սկսեց խոսել ինչ որ անիմաստ մի բանից` գրականության դասախոսի անհամություններից: Իրականում ուզում էր ժամանակ ձգել մինչեւ կհասնեին սրճարան: Շուշանիկն էլ դեմ չէր: Մինչեւ պողոտա հասնելը ամեն քայլափոխին ծառերի տակ նստած էին պաչպչվող զույգեր, հետո բացվեց մի շինանյութի վաճառքի խանութներով փողոց, ամեն խանութի դիմաց փորը դուրս գցած մի տղամարդ էր ծխում ու հեռախոսով բարձր խոսում: Հատկապես նրանց մոտով անցնելիս Էդոն հատուկ ջղայն հայացք էր ընդունում, որ չհայոյեն` աղջկա հետ է: Հերթական խանութի մոտով անցնելիս Շուշանիկը հանկարծ կանգ առավ:
-Լսի, էս մեր տան ճանապարհն է: Ամեն օր էս մասով եմ անցնում ու ամբողջ կյանքում մտածել եմ, թե էս ինչ տեղ է,- Էդոն նայեց ներս, հասարակ բանվորական ճաշարան էր: Ավելի վատը, քան Օֆիկ ծյոծյայի բուֆետը: Էն գոնե ուսանողական էր, սա բանվորական է, որտեղ երեկոյան 8-ից հետո հավաքվում են երթուղայինի վարորդները մեծ գավաթով գարեջուր խմում ու մեքենայի ղեկից բռնված տուն գնում:
-Դու լուրջ ես ասու?մ:
-Հա,-ժպտաց Շուշանիկը:-կարող ե?նք այստեղ նստել: Խնդրում եմ:- Էդոն պատրաստ չէր մերժել ու քայլեցին ներս:
Մեծ կրծքերով, գեր, լիֆ չհագած մոտ 60 տարեկան մի կին չկողմնորոշված դեմքի արտահայտությամբ Էդոյենց ուղեկցեց պատուհանի մոտի սեղան, որը հենց նոր էին յուղոտ շորով սրբել: Վառված կոտլետի հոտի ուղեկցությամբ Էդոն թեյ, շոկ մանժե ու սեւ, դառը սուրճ պատվիրեց: Շոկմանժե չկար` միայն թեյ ու սուրճ: Յուղոտ թեյի ու դառը, գարեհամ սուրճի սեղանի շուրջ սկսվեց նախապես հարյուր անգամ պլանավորված, քայլ առ քայլ, բառ առ բառ մտածված ռոմատիկ հատուկ գործողությունը:
-Հիշո?ւմ ես էն ռեպորտաժս Սպիտակ Շոկոլադի մասին,- Էդոն սա ասաց ժպիտով ու կարմրելով:
-Հիշում եմ:
-Ո?նց էր:
-Լավն էր, բայց սպասի, քեզ ասելու բան ունեմ: Չեմ ուզում, որ ինչ-որ բան ասես ու հետո քեզ վատ զգաս: Դու իմ ընկերն ես:
-Ի?նչ:
-Ամուսնանում եմ: -Շուշանիկը խղճահարությամբ, ներողություն խնդրելու նման նայեց Էդոյին: Սուրճը քարացավ Էդոյի բերանում` ոչ առաջ, ոչ հետ: Էդոն հայացքը փախցրեց, ունքերը վեր ու վար արեցին: Ներողություն խնդրեց` իբրեւ գնում է զուգարան: Ներս մտավ դուռը փակեց ու նստեց զուգարանակոնքին առանց շալվարը հանելու: Ուզում էր ամեն ինչ ջարդել, փշրել, բայց որոշեց զսպել ինքն իրեն: Լվացվեց, նայեց հայելու մեջ, նորից լվացվեց ու գնաց ուղիղ սեղանի մոտ:
-Բա էդ ո?նց եղավ:
-Դե մեր նախկին հարեւանն էր, վաղուց էինք ճանաչում իրար, մի 20 օր առաջ` անգլի քննության օրը, դասից դուրս եկա պատահաբար հանդիպեցինք…
-Շնորհավորում եմ: Բայց չհասկացա ի?նչ կապ ուներ մեր խոսակցության հետ ամուսնությանդ թեման, ես ընդամենը ուզում էի ասել, որ դոկումենտալ ֆիլմ եմ նկարում, ուզում էի անգլերենի հատվածը դու թարգմանես,- չնայած ձայնը դողաց, բայց կարողացավ մինչեւ վերջ բառերը արտաբերել Էդոն:
-Չգիտեմ, մտածեցի դու ուզում էիր… այսինքն ինձ թվաց ընկերության առաջարկ էիր ուզում… Շուշանիկն ակնհայտորեն շփոթվել էր ու տաք թեյը մեծ ումպ արեց, դրանից ավելի վատ վիճակում հայտնվեց, որովհետեւ լեզուն վառվեց ու աչքերը լցվեցին:
Երբ ճաշարանից դուրս եկան Շուշանիկն իր ողջ գեղեցկությամբ ու սլացքով, բայց գլուխը կախ` մտածկոտ, հեռացավ ու հալվեց փոշոտ, շինարարական աղբի կույտերի փողոցի հորիզոնում: Էդոն շաղված աչքերը հորիզոնից չկտրելով ձեռքը տարավ պայուսակի մեջ, որ ծխախոտը գտնի, բայց ինչ որ մածուցիկ նյութ կպավ մատներին: Նայեց պայուսակի մեջ ու գտավ հալված սպիտակ շոկոլադը, որի տուփին գրված էր` JUST SMILE:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *