ՇԱՆ ԳԼՈԻԽԸ
Իմաստունները
դարեր շարունակ
մտոք փորփրեցին
աշխարհի հիմքերը,
որ գտնեն, թե որտեղ է
թաղված շան գլուխը․․․
Բանաստեղծն ասաց՝
որպեսզի գտնես,
թե որտեղ է թաղել
Աստված ․․․ շան գլուխը՝
հոտո՛վ պիտի շարժվես ․․․
Բայց ինքը ՝ բանաստեղծը,
անուամենայնիվ,
ոչ թե հոտն, այլ պոեզիայի
բույրը ընտրեց։— Եվ մի՞թե
նա իմաստունների
իմաստունը չէր․․․
ՕՐՓԵՈՍԻ ԱՆԴՐԱՆՑՈՒՄԸ
Քարոնին վերջապես
կարողացա քնեցնել
օրորոցայինով իմ
անուշ․․․ Հեշտ բան չէր՝
անվերջ ակնդետ,
պլշած նայում էր
կոպերիս, իր վարձի
պղնձադրամներն էր
փնտրում․․․ Ընտիր էր
ամեն հնչյունս, — և հիմա
թիակները գրկած
ննջում է՝ քնի մեջ
մնչալով աղավնու պես․․․
Ախ, հիմա դժվարը
աստվածների համար
երգելն է ․․․ Առավել
դժվարը՝ անհպում,
կույր սիրո պայմանը
պահելը ․․․ Ախ, Եվրիդիկե,
ասա, ինչպե՞ս ապրեմ
ասփոդելների մեջ ես՝
առանց ծաղկաբույրի․․․
Ննջիր, ննջի՜ր, քույր իմ․․․
ԱՆՑՅԱԼԸ
Ժամանակը, հուսահատ ու ձեռնունայն,
վազում է Զենոնի կրիայի հետևից, իսկ
Հավերժությունը, արքայական իր օթյակում թիկն տված,
ի վերուստ հռհռում է նրա վրա․․․
Բայց հզո՜ր է անչափ հակադարձ հոսքը ժամանակի,
Հավերժության օվկիանի հատակով ընթացող
հզոր հոսանքն անցյալի, Լաբրադորյան սառը
հոսանքից առավել հզոր ու սարսռազդու․․․
Ամեն մեկը զոհն է իր բաժին Իթակեի,
որ միշտ հետ է ձգում առագաստներդ՝ տարիների հողմերից ծվեն-ծվեն եղած,
քանզի ապագայում ոչինչ չենք տեսնում և գոնե
փորձում ենք ինչ-որ իմաստ գտնել մեր մասին՝ ըստ անցյալի․․․
Անցյա՜լը, որ մութ ջրհորի պես աղիողորմ ճողփալով,
ցած է քաշում հայացքդ ամեհի ուժով, ինչպես․․․
Հռոմի մարմարե ավերակները՝ զբոսաշրջիկներին՝
մլակների տարմերի հանգույն․․․
․․․Ի՞նչ գույն ունեին մոմի հալոցքի
սառած առուները Սուրբ Հովհաննու վանքի բակի
կարմիր խաչքարի վրա, որի առջև մորթում էին
զոհ աքաղաղներին․․․Ի՜նչ սառն է հիմա
վերհիշածս՝ մորս մատի հպումը, որ այդ աքաղաղի
արյամբ խաչ էր գծում իմ ՝ մանկանս ճակատին,
այդ ամենից ոչի՜նչ չհասկացող, միայն
հոգևարող աքաղաղի թպրտոցից սահմռկած․․․
ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Վայելեցի
մարմինս
իբրև միրգ
ու ավաղ,
այնտեղ ունայնության
որդը տեսա․․․
Դարձրու՜ ինձ,
աղաչում եմ,
նորից ծաղիկ,
նորից բողբոջ,
նորից այն,
ինչ արմատներից է
գալիս —
ԱՆԻՄԱՆԱԼԻ։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԸ
ՀԱՏԻՍ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ
Ամենաընտիր մարմարը գուցե՝
Կարրարայի հանքերից բերված,
ամենաբարձր գագաթը
գուցե ընտրված — ամեհի
հայացքով ընդգրկող շրջական ու հեռուն։
Մանրավուն չի՞ բայց արդյոք
երևալու ամենեցին այդտեղից , ավաղ,
որ մոլորված է անելանելիության,
հուսալքվածության ծխացող մոմերի մեջ,
կերոնների մեջ ունայնափայլության,
բուրվառների արանքում քաղբզկտումների ․․․
«Սիրիր մերձավորիդ, — ասում է,— սիրիր սևն ու սպիտակն անխտիր ու փակիր ունկերդ ամուր մոխրագույն կաղկանձներին հակընդդեմ․․․»։ —
Այսպես է ասում Նա Հատիսի գագաթից․․․
Այնինչ արձանը պետք է բարձրացնել հենց մեր մեջ,
ըստ մեծն Միքելանջելոյի՝
մեր հոգու մարմնակառույցից շերտառշերտ
հեռացնելով մթագնածն ու նեռականը,
հենվելով Խոսքի Հատիսի վրա
բարձրաբերձ, անմեռական․․․
ԻԿԱՐՈՍ
Ատտիկական մեղուների մեղրամոմն էր
լույծ տրորվում մատների մեջ՝ տաք ու ջերմ,
ինչպես կարկաչուն մարմինն Իկեի․․․Այդ նույն
մեղրամոմից էր իր հետ վերցնում Ոդիսևսը
հեռագնա նավարկություններից առաջ՝
ընդդեմ սիրենների զգլխիչ կանչերի
ունկերը ծեփելու համար։ Խռովյալ էր
Իկարոսը սակայն, լուռ ու ինքնամփոփ
ու չէր արձագանքում հոր՝ Դեդալոսի
կատակներին, ճանապարհից առաջ, զի
պատանին երազում Սև Արեգակն էր տեսել՝
արեգակը մեռյալների․․․(Տեսնես ու՞ր է հիմա Իկեն,
այն աղջիկը՝ Դափնեի պես մշտադալար ու բուրավետ․․․
Նրա նմանը չկա՜ր նույնիսկ Լեսբոս կղզու
Կուսանաց անապատում, որի վրայով, թռչնի
թռիչքի բարձրությամբ, թռան ինքն ու հայրը
մի օր՝ մեղրամոմե նորագյուտ թևերը փորձարկելիս․․․ )։
Մեռյալների Սև Արեգա՜կը՝ ճակատագրի պես
եռման ու պաղպաջուն և սարկոֆագի պես սահմռկելի․․․
— Որդի՜ս, մի՜ մոտեցիր սահմաններին Հելիոսի․․․,-
տագնապած կանչեց Դեդալոսը՝ հայրը, երբ ինքն արդեն
վեր էր խոյանում դեպի սկավառակն արևի,- Տես՝ ինչպես է
Նրա կառապանը զուսպ ժեստերով գծում սահմանը
քո թռիչքի․․․ Հետևի՛ր Հայրական Չափին։
Բայց ուշ էր, ու՜շ էր արդեն — ձգում էր, տանու՜մ էր արփին՝
տաք ու ջերմ, եռման ու պաղպաջուն,
հանց մարմինն այն Իկե աղջկա․․․
ՔԱՄՈՒ ՀՈԼՈՎՆԵՐԸ
Ուղղական, երբ փչում է ձմեռնամուտին,
թափված տերևներն իմի բերելով։ Սեռական,
երբ մտնելով պտտահողմի տեսակի մեջ՝
պարուհի վարձակ է ձևանում ու ցուցանում
մերկապարն իր ( թեև ոմանք ասում են, թե
դա մենապարն է պտտվող մի դերվիշի․․․)։
Բացառական, երբ անցնում է կաղնիների՝
Սևազգեստ Արքաների ապարանքով։․․․Մացառական,
երբ անցնում է ցաքուցրիվ մացառուտների միջով
և հեռանալով ապա՝ գզգզված բուրդը լիզում,
ինչպես ծեծված ու վռնդված մի շուն․․․
Թախանձական, երբ գալիս մեր դռներն է ծեծում՝
միայնությունից խոցված, որ ներս թողնենք․․․
Ըղձական, երբ անցնում է․․․ նուդիստական լողափերով
ու տոչորվում վտառներից ջրահարս փերիների․․․
Խոնարհական, երբ կծծի հովիտներից հեռանալով,
հաշտ զրույց է անում լեռնագագաթների հետ,
ապա սյուք դառնալով կորչու՜մ անհետ․․․
ՈԴԻՍԵՎՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Իթակե էր հասել
Ոդիսևսն՝ ՈՒլիսը։
Հավաքվել էին շուրջը՝
․․․ մամլո ասուլիս էր։
Պենելոպեն՝ ճամփած՝
սեղեխներին հարիֆ,
կլանված լսում էր
գտնված իր յարին։
Պատմեց Ոդիսևսը
իր աշխարհից տեսած,
արկածներն իր բազում՝
մեկը մեկից հրաշք․․․
Պատմեց կտտանքներից
ղզղնած Կիրկեի
ու սահուն ընթացքով
հասավ Նավզիկեին․․․
Աչքերը մշուշվել,
ու դողում էր ձայնը։
Պենելոպեն զգաց՝
ոնց որ՝ էն չի մի բան․․․
«Իզու՜ր արեցի հուշտ սեղեխներին ես էն․․․ »։—
Սիրում էին անշուշտ
տղերքը էն իրեն․․․
Տխրեց Պենելոպեն
ու կքեց գլխահակ։
«Ես քո եկած ճամփե՛ն, խաբեբա՛ ստահակ․․․»։
Փնթփնթաց Տելեմաքը․
«Պե՞տք է մեզ ՈՒլիսն էս․․․»։
Աչքը՝ Պենելոպեին՝
մի պառավ էր լալիս․․․
ՔԻՐՈՆԸ
Քիրոնը՝ իմաստունը կենտավրոսների երամակից
ու տարաբախտը՝ Հերակլեսի նետից խոցված,
որ անմահությունն իր նվիրեց Պրոմեթևսին՝
վերքի հավերժական ցավից այդպես փրկված․․․
Որ քնարի դասեր էր տալիս Աքիլեսին,
բայց, ինքն իր մեջ, խանդո՛վ լսում երգն իր սանի,
անախորժ իր խրխինջից զզված ու վշտացած․․․
Զևսին էր լոկ հայտնի իր արարքն ու բանը․․․
Նաև՝ Զևսի նետն, ախ, հարվածը ճակատագրի՝
այսպես մուտանտ՝ կես-ձի ու կես-մարդ անող ․․․—
Աստղատենչ են ու դիցախույզ երբ հոգուդ աչքերը,
սմբակներդ բայց՝ավաղ՝ երկրի կավն ըղձացող․․․
* * *
Ի՛նքդ ես տաճարը քո,—
ինքդ քե՛զ ես կերտում։
Արտասանվեցի հանց
մի չլսված երդում․․․
Թող ետնապահ լինեմ
Ջահակրաց երթում,
միայն թե միշտ տեսնեմ
ոտնահետքը Որդու․․․
Աշնան օրերս հիմա
շար են գալիս հերթով։
Ձմեռնամուտի քամին
«Հոբի գիրքն» է թերթում․․․
ԵՐԿՆԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ
Մի օր, երբ տեսիլքի մեջ թռչում էի մտովին,
հեռվից ինձ մոտեցավ սիրալիր մի հրեշտակ։
«Տեսնում եմ՝ մոլորված ես տարիներիդ բեռան տակ։ Իմ կյանքերից մեկը կարող եմ ես տալ քեզ, դրանցից ես անհաշիվ ունեմ,- ասաց նա։ Կարող ես նորից կրկնել կյանքդ, կամ ապրել մի նոր սցենարով, որ կգրի Երկնքի Գլխավոր Սցենարիստը։ Հը՞, համաձա՞յն ես, ասա․․․»։
Գայթակղվեցի ես մի պահ, քիչ մնաց ագահ
գլխով անեմ, թե՝ «Ըհը՜ն», բայց հաջորդ պահին էլ
միտքս փոխեցի, ասացի մտքիս մեջ․ «Տղա՛, դու ոչ լուցկու հատիկ ես, ոչ շանթի մի աղեղ, որ հա՛ բռնկվես Տիրոջ տիեզերքում․․․ Ձե՛ռք քաշիր էդ մտքից․․․ Ինչ որ պետք էր՝ տեսար տեղը տեղին։ Դա նույնը կլինի՝ ինչ ՝․․․ձմռանը վարունգ ուտես, մի անգամ երբ արդեն ժամանակին տեսել ես համը․․․»։ Բարձրացրի գլուխս հայացքին
հանդիման հրեշտակի ու ասացի․ «Շնորհակալ եմ, զվարթունս։ Ես իմ բաժին երկինքն էլ չեմ ուզում անցնել երկրորդ անգամ։ Թևավորս, մեկն ինձ բավարար էր լրիվ․․․»։ ՈՒ տեսիլքը ցնդեց,
շուրջս կյանք էր նորից․․․
ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
«Վե՜րջն է,- կռռալով ծոր տվեց մի ծեր ագռավ, ճյուղի վրա ոստոստալով։ ,- Երկուհարյուր տարի էսպիսի բան չէի տեսել․․․»,
Երբ ջերմամիջուկային մանղալների
տաք ծուխը հսկա՜, սնկաձև բարձրացավ
երկինք ու ծույլ-ծույլ տարածվեց չորեքկողմյան․․․
«Ամեն վերջ մի նոր բանի սկիզբ է,- մոլեխինդից խռպոտած ձայնով , հազիվ լսելի ասաց Սոկրատեսի հոգին, որ այդ պահին անցնում էր Այսկողմերով՝ մի նոր մարմնավորում գտնելու հույսով,- Քսանտիպան կիմանա՜ր, նա գիտեր թաղի բոլոր նորությունները․․․»։
Բայց Քսանտիպան լռվել էր Քավարանում,
ում ՝ ի հարգանս Սոկրատեսի՝ խնայել էին
ու ջնջել Դժոխքի թեկնածու հոգիների
հաշվառման մատյաններից։ Եվ
պարապությունից, գուշակուհի դառնալով,
ողջ օրը Կասանդրայի հետ
սուրճի բաժակ էր նայում․․․
ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆԻՈՍԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ
Եվ մի՞թե նա, ով մրսում է,
չի ուզում թաթախել հայացքը
բոցի լեզվակների մեջ․․․
Ճարճատում է կրակն,
ուշ ժամի խարույկը մենակյացի։
Մի շրշյուն
անձավի մուտքի մոտ։ —
Քամի՞ն, թե․․․հովվուհին
այն օրվա, մարմնի
տաք բոցերը հազիվ
ամփոփած մորթիների
կտորների մեջ —
կամք մորթող
դաշունախաղը մարմնի
կոր սայրերի․․․
Այրությունը ցավ է,
երբ փորձիչը կին է․․․
Քնե՜լ․․․
առ հերկինս․․․