Լիլիթ Երանյան | Երկու խոսք մի շատ տարօրինակ բառի մասին

     Լիլիթ Երանյան

  1. Բառը

«Դու հայրենասեր ես, չէ՞»,- ասում են նրանք ինձ այնպիսի դեմքի արտահայտությամբ, իբր տառապում եմ շատ վատ վարակիչ հիվանդությամբ, իսկ նրանք դիմակով փակելու են բերանները հանկարծ չվարակվելու համար: Ես իսկ զզվում եմ այդ բառից, դե լավ` անտարբեր եմ: Ու հաստատ ոչինչ չեմ արել այդ բնութագրումին արժանանալու համար, համենայն դեպս երբեք Նժդեհ չեմ ցիտել: Զգում եմ, որ ուզում եմ  այդ ինչ-որ բանը Հայաստանի համար անել,  բայց ի°նչ:

-Ես Հայաստանն եմ սիրում,-զսպելով ներսում գոյացող մի քանի ոչ տպագրելի  բառեր` պատասխանում եմ նրանց: Ու չգիտեմ, եթե այդ հայրենիքը Հայաստանը չլիներ, նույնքան կսիրեի ուրիշը: Ու սա առավելություն չեմ համարում, այլ այնքան բնական, ինչքան շնչելս: Ուղղակի այն գույները, որ ունի Հայաստանի, հավատում եմ: Ու այնպես է ստացվել, որ ողջ կյանքումս ապրել մի տան մեջ ու մի երկրում: Եվ օրգանիզմում դրված տարօրինակ ֆունկցիա ունեմ, որ հաղթողներից ավելի շատ պարտվածներին եմ համակրում: Հայաստանը աշխարհի ամենամենակ պարտվածն է:

      2. Ատամն ու առավոտը

Հենց նոր հիվանդ ատամներին  կպած ջրի սառնությունը ցավեցրեց հեռացված ատամիս տեղը լցված լինդը: Ու մտածեցի: Ես ատում եմ գիշերը:  Սիրում են նրան: Ու՞մ: Երկրին: Անունը՞: Սիրում եմ Հայաստանը: Բայց ի՞նչ է Հայաստանը: Ես սիրում եմ այն լույսով, առավոտը: Չէ…բոլոր նյարդերով ատում եմ գիշերը, իսկ Հայաստանը միակ երևույթն է, որ  կարող եմ իրոք սիրել: Ու նորից: Ի՞նչ է Հայաստանը:

Հեռացված ատամի տեղը  լցված  լինդս ցավեց սառը ջրից: Դեմքս ծամածռեցի: Ձեռքս խփեցի սեղանին: Ե՞րբ է գալու: Ի՞նչը: Առավոտը: Կփոխվի՞ ինչ-որ բան: Գիշերը խեղդվում եմ: Առավոտը՝ շնչում:

Ու նորից՝ ի՞նչ է Հայաստանը: Բանաստեղծի ասած Նաիրի՞ն: Բարդի՞ն, որ կտրեցինք, որ տանիքի վրա չընկնի : Ու նաև  ատա՞մս:  Հի, Հի…տո լավ է: Ե՞ս ուր, Նաիրին ուր,- կասեր,-եթե չեմ կարողանում մի վայրկյան մոռանալ էդ…ատամի ցավը:  իսկ ես մտածում եմ, ինչում եմ մեր բարդուց խլում թթվածին: Ինչու՞ երկուշաբթի բաղնիքում  ջուր շատ բացեցի ու խավարասերը քշվեց, գնաց…Չէ, հասկանում եք, ուղղակի ափսոսում եմ մեր բարդին: Լավ, լավ, լավ, իսկ ինչ  առնչություն ունեն գիշերը,  Հայաստանը ու փտած ատամս, որ հեռացվեց:

Մեկ էլ՝ այն կինը ավտոբուսի մեջ նայում էր ուռած թշիս, որ հեռացված ու թարախակալած ատամի մեղքով թարախակալ էր, զգու՞մ էր հոտը, որ գալիս էր ատամնաբուժարանից դուրս եկած մարդուց:   Թքած՝ ինչ կմտածի, եթե ես չգիտեմ ինչ մտածել ձեր ու իմ մասին:  

Դեղնել են ատամներս: Բայց վախենում եմ լվալ ու զգուշորեն ու  թույլ եմ լվանում՝  հանած ատամի պատճառով: Ու նորից՝ «կապ ունե՞ն Հայաստանը, գիշերը, հանած ատամը: Պատկերացնում եք, ասում էր, թե ոչ մի բանից չի վախենում:  Ես վախենում եմ ինձնից, ձեզնից, շնից: Բայց եթե գիշեր չլիներ, չէի վախենա: Սպասեմ առավոտվան: Ու հեծանիվին, որ առաջ երազում էի:  Հիմա ես ունեմ հեծանիվ, բայց գիտեմ, որ միշտ  լինելու է մի երեխա, որ չի ունենալու իր հեծանիվը: Որքան որ ատամիս ցավն է իրական, այնքան էլ նա, կամ նրա սերը: Ո՞ւմ՝ երկրի, որ հեգնորեն թե հպարտորեն բանաստեղծի պես Նաիրի եմ ասում: Բայց նրան սիրելը այնքան բնական բան եմ համարում, որ զզվում եմ դրա մասին ճոռոմախոսողներից:

Նաիրին…թու, բայց ատամս, որ արդեն չկա, չի թողնում հավատամ էդ զգացումին: Ամեն ինչը հերը անիծում է: Կարո՞ղ եմ վերանալ էդ ցավից: Աչքովս ընկան Գորկու մոր աչքերը՝կլոր ու կարմրավուն, իսկ գիլաների մեջ կարծես կաթ է լցված»:

Բայց եղունգներիս մեջ սև կեղտի մի հատիկ էր մնացել: «Կտրում եմ եղունգներս, արդեն լրիվ մոռացել եմ ատամի ցավի ու գիշերվա մասին: Հեռախոսիս մեջ փորփրում եմ անկապ, ու հանկարծ…ինչի՞ համաաար….միացավ ձայնագրությունը էն մարդու, որ այսօր էր մահացել: Ամիսներով ձեռքս չէր կպել էդ կոճակին: Ձայնը սարսռեցրեց: Անջատեցի: Նրան ձայնագրեցինք մի հաղորդման համար, որ երբեք եթեր չի գնալու:

Մոռանալ, մոռանալ….չի ստացվում՝ ատամի ցավ, գիշերը, հիմա էլ չստացված հաղորդումը ու ինստիտուտը, որ համ սիրում եմ, հա զզվում: Կախվելու հիմնավոր պատճառներ: Ինքնասպանությունը զարմանքից, վախից ու ունայնությունից հետո ծիծաղ է առաջացնում: Ճիշտ է՝ լսեցիք ու կայքերը գրեցին՝  ուսանող ինստիտուտից, որ սիրում եմ ու զզվում, ինքնասպան է եղել: Կայքերը էդ հետաքրքրասեր հայտարարեցին, թե նա քննական խնդիրներ է ունեցել   դասախոսների հետ: Ախր էն օրը տեսա առավոտը ինստիտուտի խաչմերուկում , տեսա դեմքը ու զգացի: Որ թարմ օդը հետաքրքիր չէր, նրան շնչելը հաճելի չէր»:

     Իսկ՝  սիրում եմ շնչել (չնայած քթի միս ունեմ, հա հա…) ծառի տված կանաչ թթվածինը: Հենց էդ թթվածինն է Հայաստանը, մթնոլորտային ուրիշ դաշտ»: Խմում եմ անտիբիոտիկը, հաճույքով կուլ եմ տալիս, չնայած գիշերվա պես վախենում են բժիշկներից ու դեղերից:

         Առավոտվան եմ սպասում: «Բայց ինչի՞ համար: Քթի միս ունեմ ու առավոտն արթնանալիս բերանիս անկյուններում անգույն ջրիկ նյութ է հավաքվում: Չէ, որովհետև առավոտյան ուզում եմ նայել բարդուն, որ ամբողջությամբ չկտրեցինք, քոքից չհանեցինք: Դեմ էի ես: Ուռա: Միակ բանն է, որ ես դեռ տվել եմ նրան: Կնայեմ մի կետի ու կգծեմ, թե իբր բարդու ճյուղերի սառը քամին հեռացնում է մշուշը, որ ծածկել  է երկիրը»:  Հայաստանը ամենաեզակի մենակն է. միևնույն  ժամանակային շրջանում  մեկը նրան թողնում է  ու մյուսը`զոհվում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *