Քսանհինգ տարի, իսկ միգուցե երեսուն, ուստա Թաթոսը դատարկ ձեռքերը կամ նույն էդ ձեռքերում տան աղբի՝ բերանը կապած տոպրակը թափ տալով ամեն առավոտ տանից դուրս է գալիս և ուղղություն վերցնում դեպի Թանգարանի կանգառ, որտեղ ծաղկավաճառի խանութի ու գեղեցկության սրահի միջակայքում մի քիչ ներս ընկած ծվարել է նրա վարսավիրանոցը: Ո՛չ դժգոհություն, ո՛չ չկամություն, դիմացինի ապրելու ցանկությունը ստամոքսում թթվացնող ոչ մի այլ դիմախաղ առավոտվա նրա դեմքը չի արտահայտում, վատագույնը՝ մի փոքր ճմրթվածություն միայն կամ թե կուզեք՝ զգայական բթություն, որը պարզապես քնաթաթախ օրգանիզմին պարտադրված կտրուկ արթնացման հետևանք է ու ոչինչ դրանից ավելին: Առավոտ շուտ մազ կտրելը, ինչպեսև ծեգի առաջին շողերի հետ առանց զակուսկի գլուխը արաղ քաշելը սիրողի բան է. եթե անցնի, իհարկե, ապա հազարից մեկի մտքով միայն կանցնի մազ կտրել առավոտ շուտ, բայց անկախ դրանից ուստա Թաթոսն ամեն առավոտ ութն անց երեսունին տանից դուրս է գալիս և ոտ-ոտ անցնելով տանից աշխատավայր ընկած ոչ էդքան երկար ճանապարհը, ինի մոտերը լինում է վարսավիրանոցում:
Ռինգում Ուստա Թաթոսի յոթանասուներորդ գոնգը շատ չէ, մի քանի տարի հետո կխփի ու դիմախաղային իներտությունը, շտապողականությունը, որով նա իրեն գցում է վարսավիրանոց, մի բացատրություն ունի՝ ուստա Թաթոսն իր կյանքում չափից դուրս երկար է բռնցքա… է՜հ, վարսավիր եղել, որպեսզի կարողանա հանդես գալ այլ ամպլուայում ու հանդես բերել դրան բնորոշ հոգեշարժական առանձնահատկություններ: Էսքան տարիների ընթացքում նա հասցրել է համակերպվել սանր-մկրատ տանդեմին ու տարեցտարի իր անձի անտարափոխ կապակցումը վարսավիրությանը զրկել է նրան այլընտրանքներից ինչպիսիք էլ, որ դրանք լինեն: Թաթոսն ասենք չի կարող այլևս լինել մեծ տրեստի կառավարիչ, աուդիտորների խմբի ղեկավար, գեոքաղաքական ծրագրերի համակարգող, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան և դրա միակ պատճառն անցյալում այլընտրանքների գաղափարական մերժումն է: Ի դեպ դա միայն օգնել է նրան, որովհետև այլ դերերի բացակայությունը հարկադրել է նրան սերտաճել փեշակին, որ նա ընտրել է և ի միջի այլոց նա տարիների ընթացքում էնքան ինքնամոռաց է սերտաճել դրան, որ երբեմն պատահում, էնքան է շտապում գործի, որ մոռանում, աղբի տոպրակը ձեռքում թափ է տալիս մինչև վարսավիրանոցի դռներն ու նկատում է տոպրակը միայն էն ժամանակ, երբ գրպանը ձեռքն է տանում վարսավիրանոցի դռան բանալիները դուրս բերելու: Ուրեմն, ով ինչ ուզում է ասի, Թաթոսն իր մասնագիտությունը սիրում է:
Ամեն դեպքում առավոտ կանուխ ածիլվելու կամ մազ կտրելու պահանջով հազարից մի հաճախորդ վարսավիրանոցի դուռը ծեծի թե չէ, դրա համար էլ ուստա Թաթոսն առավոտյան հարկադիր պարապուրդի ճեղքը լցնում է սովոր գործողություններով՝ նախ որ լռությունն ականջներին պեմզաբլոկի բալվանկի պես չծանրանա, միացնում է Հանրային ռադիոն ու սկսում է էլեկտրական ջազվեյի մեջ երկարուբարակ երկու բաժակ սուրճ պտտել: Կոֆեյի քյաֆը վերևում կամարելուն պես նա առաջին բաժակը լցնում, մի կողմ է դնում ու վրան տալիս ափսեն, որ չսառչի, իսկ երկրորդն առնելով, տեղավորվում է հաճախորդների համար նախատեսված բազկաթոռին: Առաջին բաժակ կոֆեն ուստա Թաթոսը խմում է ծխախոտի հետ` մի մուխ պապիրոզ, մի կում կոֆե հարաբերակցությամբ ու նենց մի հոգեթով զբաղմունքի ուղեկցությամբ ինչպիսին է վարսավիրանոցի մեծադիր պատուհաններից մարդկանց թամաշա անելը: Ուստա Թաթոսն ինչպես հեռուստացույցը՝ ուշի ուշով հետևում է պատուհաններին ու արձանագրում՝ ահա աշխատանքից ուշացող մի տղամարդ պատուհանի մի եզրից իրեն փութկոտ շպրտում է ներս ու սահելով պատուհանի մի քանի մետրը, դուրս ընկնում դրա հակառակ եզրից կամ մի ջահել փիչխա պատուհանի մեջ դադար է տալիս, յուբկեն մի եզրից բռնած, որ մինչև պորտը չբարձրանա, ծնկները ծալում, ինքն էլ հետը ցած է սահում, ապա մատին-թքում, սրբում է կոշիկի քիթն ու կարճ ժամանակ անց լքում պատուհանը…
Մեկ որ ավելի երիտասարդ է, մեկ էլ որ ականջալուր է այցելությունների ժամերի վիճակագրությանը, ուստա Թաթոսի օրթախը՝ Վաղարշակը, գզգզված մորուքով, փարչակ գլխով դարձի եկած առավոտյան հաճախորդների գոյությանը չի հավատում, ուստի իրեն չի մերժում առավոտյան քնի էն մի քանի րոպեները, որոնց հետ չի համեմատվի նույնիսկ գիշերային քնի անընդմեջ մի քանի ժամը: Նա վարսավիրանոց է գալիս անշտապ՝ ժամը տասից քսան պակաս-տասին, ճիշտ էն ժամանակ, երբ ուստա Թաթոսը վերջին կում սուրճով իրար տալով տակի մրուրը, շուռ է տալիս բաժակը և ներս մտնելուն պես շտապում է դեպի ափսեն վրան տված իր սուրճի բաժակը: Ու ստեղ սկսում է ուստա Թաթոսի և Վաղարշակի աշխատանքային օրը: Նրանց աշխատանքային օրն անցնում է ոտի վրա, կողք-կողքի դրված երկու բազկաթոռների հետևում, ուղղանկյան տեսքն ունեցող միջինից մի փոքր մեծ միջակայքում, որտեղ իրենց հերթին սպասող երկու կլիենտների պայմաններում երրորդն արդեն նեղվածքի ներվայնացնող զգացողություն է առաջացնում:
Էս էրկուսի համագործակցությունն ունի շուրջ տասը և ավելի տարվա պատմություն ու էությունը միմյանց բեռը կիսելու մեջ է: Վարսավիրանոցի տարածքն ուստա Թաթոսն ու Վաղարշակը վարձակալել են միասին և համատեղ աշխատանքից ստեղծված եկամուտով չեն դժգոհում, հիսուն-հիսուն հարաբերակցությամբ վճարում են տարածքի վարձակալության գումարները, ջուր ու հոսանքի վարձերը, հարկային վճարները ու ստացվում է նրանց համագործակցությունն էնքան կազմակերպված է, որ նրանց համատեղ հարաբերությունների պատմությունն անցել է ժամանակի փորձությունն ու նրանց չի կանգնեցրել երրորդ մեկին իրենց արանքը կոխելու անհրաժեշտության առաջ: Էսքան տարի ուստա Թաթոսն ու Վաղարշակն աշխատում են կողք-կողքի, կիսում հարկային բեռը, ջուր ու լույսի վարձերը. առանց իրար լավություն վերագրելու իր հաճախորդի մազերի հետ ավլում են մեկը մյուսի հաճախորդի մազերն ու հըլը մեկն էստեղ չի լսել հարցադրումը՝ «Արա բա խի՞ պտի ես ավլեմ, այլ ոչ դու»: ՈՒ հըլը մեկը վարսավիրանոցում ավելը ձեռքը բռնած երրորդ մեկին տեսնող չի եղել, ու տեսնող չի եղել, որ երրորդ մեկն էստեղ սանր-մկրատ բանեցնի, ձեռք տա ռադիոընդունիչի կոճակին, ջազվեյի բռնակին ու ընդհանրապես հանդես գա այլ կարգավիճակով, քան վարսավիրանոցի հաճախորդն է կամ վարսավիրներից մեկի կարճաժամկետ հյուրը:
Միությունը վաղուց քննություն էր բռնել, երբ ուստա Թաթոսի հետևում, ճիշտ էնտեղ, որտեղ դրված աթոռների վրա իրենց հերթին սպասող հաճախորդները վարսավիրանոցին են հաղորդում նեղվածության հեղձուկը, դրվեց երրորդ բազկաթոռը, բազկաթոռի դիմաց՝ պատին փակցվեց մեծադիր վարսավիրական հայելին, իսկ դրա տակը կախվեց վարսավիրական պարագաների սեղանը: Երբ երրորդ վարսավիրը ուստա Թաթոսի հետևում սկսեց բանեցնել իր մկրատը, ֆշշացնել իր ֆենն ու շռայլել էժանագին օծանելիքը, քյալլի քյանքյուլը հարցականի տեսքով պոլոզցրած մարդկանց մտքով առաջին բանը, որ անցավ՝ թե հարկայինն ուրեմն էս ի՜նչ տիպի ա նեղել էս խեղճերին, որ նրանք հարկադրված, օգնության են կանչել երրորդին: Տո է՛լ հարկայինի մերը, է՛լ հարկայինի բեռը՝ էլ ինչ ուշունց ասես չհնչեց պետբյուջեի օծյալ ասպետների հասցեին, մինչև չհնչեց տարբերակը, թե հնարավոր է իրենց գործի էս երկու գելերը պարզապես կայացման հնարավորություն են ընձեռում էս ջահել վառեկին: Սրանից հետո, սրանից ավելի բարեհնչյուն տարբերակներ չհնչեցին՝ հեչ բաներ, էնտեղ ջահելն աշկերտ է, օբյեկտի տիրոջ ծանոթն է, ԿաԳէԲէի ներդրված ագենտ է, նախկին մասնագիտությունից յախա թափ տվող Գայիի ինսպեկտըր է: ՈՒստա Թաթոսը ոչ միայն իր մասնագիտության, ուստա Թաթոսը սերտաճել էր չորսը հինգի վրա էդ կառոպկի հետ: Էդ վարսավիրանոցը մարդկանց մեջ տպավորված է ուստա Թաթոսի հետ միասին էնպես, ինչպես ձմեռն իրենից հետո անխուսափելիորեն եկող գարնան հետ, կովի լիքը պտուկը դրա տակ դրված ցինկից վեդրոյի հետ, պատին հետմահու փակցված դիմանկարը հանգուցյալի հետ, ուստի հնչած և ոչ մի տարբերակում չկար էնպիսին, որն իրեն իրավունք կվերապահեր երրորդ վարսավիրի գալուստը կապակցել ուստա Թաթոսի հեռացման հետ, ոչ ոք նույնիսկ մտովի չէր կարող իրեն թույլ տալ մտածել, որ ուստա Թաթոսը կարող է մի օր չլինել վարսավիրանոցում:
Սովորաբար Ամերիկայի դեպքում իրարից անջատ մնացած հարազատների միաբանության սցենարները միմյանցից քիչ բանով են տարբերվում. Գրին-Քարտով, ուսանողական կամ բիզնես վիզայով` մեկը հաջողում, իրեն շնչապատառ գցում է Ամերիկա ու եթե հաջողեց, ապրում է էնտեղ հինգ տարի: Հինգ տարի ոչ մի քյալագյոզություն օրենքի հետ, ոչ մի դժգոհություն լավ ու վատից, մեծ ու փոքրից, Բարաքից ու Թրամփից, Սերժից ու Լևոնից: Ստեղ գլուխը դիք ու ըմբոստ, էնտեղ խոնարհ ապրում է և դասընթացներ ստանում լեզվից, ամերիկյան պատմությունից ու ամերիկյան սահմանադրական կարգի հիմունքներից: Այնուհետև նա հանձնում է լեզվի, պատմության ու սահմանադրական կարգի իմացության քննությունները և բնակության վայրի դատարանում հինգ տարի անց տալով երդումը, ստանում է սիթիզենի բաղձալի անձնագիրը: Այդուհետ նա մի վայրկյան անգամ չի հապաղում, իսկ եթե հապաղում է՝ տենց մի հատ դոնաթ կամ ԲիգՄակ ուտելու համար, ինչից հետո կերածը «Կատոռեյդի» կամ «Շվեպսի» բանկով նստացնելով, ձեռքերն է հավաքում ամերիկյան կառավարության դոշերն ու օզը՜մ եմ, օզը՜մ եմ, օզը՜մ եմ ՝ սկսում է պահանջել իր միակին, իր սիրասունին՝ տվյալ դեպքում ծնողին:
Ուստա Թաթոսի դեպքում սցենարը ոչնչով շաբլոնից չի տարբերվում: Երեք երեխա էր նա լույս աշխարհ բերել՝ մի տղա, երկու աղջիկ, որոնց ձեռաց մարդոց բաշխել, հայրական իրավունքների վաղեմության ժամկետի սպառմամբ յան էր տվել նրանցից ու դստրերից մեկին, ի հավելումն ամեն ինչի, ճանապարհել էր Ամերիկա: Ուստա Թաթոսի դուստրը Գրին-Քարտով Ամերիկայում ապրեց քաղաքացիության շեմի հաղթահարման համար անհրաժեշտ ժամանակը՝ հինգ տարին ու էդ հինգ տարին ապրեց անբասիր կյանքով: Հինգ տարի անց նա բարեհաջող հանձնեց լեզվի իմացության քննությունը, քննությունը Ամերիկայի պատմությունից, սահմանադրական կարգի հիմունքներից և վերջում, հավատալով կամ առանց հավատքի, իր բնակության վայրի դատարանի քարտուղարի հետևից կրկնելով երդումը, ձեռ գցեց էնքան բաղձալի անձնագիրը: Շատ ժամանակ չանցած երկու ոտքը մի կոշիկ կոխելով, իբր ինքն իր չփլախ ոտքերով Ամերիկայի դոշերին կանգնած քիչ էր, հոր խնդրով ամերիկյան կառավարության դոշերը հավաքեց ձեռքը:
Ընդհանրապես կյանքը սրանից առաջի ու սրանից հետոյի բաղդատող «Իքս-օրը» մարդը մտովի գցում է սարերի հետևը՝ մտածելով, որ այն այդպիսով հնարավորինս ուշ կգա: Դու գիտես, որ այն վաղ թե ուշ կգա, բայց դե թափ ես տալիս ձեռքդ դրա վրա ու դադարում մտածել էդ մասին, մինչդեռ հավերժության մեջ առանձին մի մարդու կյանքը ակնթարթ է, իսկ դրա միջակայքում իրադարձությունից իրադարձություն ընկած ժամանակն ընդհանրապես ակնթարթի կեսը, հավերժության ստվերից վախեցող ակնթարթի ցոլքը: Այն գալիս է, գալիս անխուսափելիորեն ու որքան էլ սրտի ուժով ուստա Թաթոսը հետաձգում էր էդ օրը, այն նրա պարագայում նույնպես եկավ: Ընկերների հետ տեղի ունեցող հրաժեշտի ընդլայնված հավաքի ժամանակ սրթսրթացնելով և ցնցելով մարմինը, ուստա Թաթոսն էդ մասին մտածելով խորը շունչ քաշեց, կուլ տվեց կոկորդում կուտակված փղձուկն ու լռեց, այլապես արցունքները հեղեղի նման կթափվեին: Նա նայեց ընկերներին, որոնք իր կյանքի ուղեկիցներն էին եղել, հիշեց վարսավիրանոցը, պատկերացրեց քաղաքը, երկիրը, որտեղ ապրել է ու սրտի շրջանում զգաց կսկիծի ծակոցը: Բայց շփոթել պետք չի, նրա զգացածն էդպես հերթապահ մի զգացում էր միայն, սովոր իրերից կտրվող մարդու ափսոսանք: Երկու օր անց նա գնաց ու, եթե ընկերները դեռ մի տեղ տեսականորեն կարող էին, ապա ոչ մի երկիր նրան ստեղ պահող չէր, որովհետև սկզբունքային սիրով դեպի երկիրը ուստա Թաթոսն աչքի չէր ընկել, ասենք ոչ մի վկա չի կարող երկրորդել բոլոր գաղթականների ինադու հայրենիքում մնալու նրա հուզաթաթավ սպառնալիքները, վերջին մարդու հետ աէրոպորտի լույսերն անջատելու ու պապենավանդ տուն վերադառնալու խոստումները: Չպիտի մոռանալ, որ ուստա Թաթոսը դրախտային հայրենիքի մասին բոլշևիկների կուտը կերած-խաբված մարդու ժառանգ էր, ում քառասունվեց թվի ներգաղթի Մեծ Ալիքից հիսուն-վաթսուն տարի անց էլ չէր հաջողվել սեփական արյան մեջ լռեցնել խաբված հոր վիրավորանքի շառաչը ու չէր հաջողվել նաև էն պատճառով, որ ավանտյուրիստ բոլշևիկների նախագծած հունով ընթացող երկիրը մի՜ քիչ միայն քիթը ծռել է դեպի Եվրոպա ու դեմ գալով Գեղամա լեռնաշղթային, էդ դիրքով լռվել է, մնացել: Վերջապես երկիրը պահող չէր նրան, որովհետև ուստեն հայրենիքից ջոկ ապրելու փորձ ուներ արդեն, նա մի անգամ լավ կյանքի ակնկալիքով հասցրել էր գաղթել Հունաստան ու հասցրել էլ էր վերադառնալ էնտեղից, որովհետև խոսքը մեր մեջ Հունաստանն ախր ապահով կյանքի գաղափարի հետ ոչ մի աղերս չունի:
Կառավարությունը կառավարություն չէր լինի ու ծանրակշիռ հնչող, պատ ծակող U.S. Government անունը չէր կրի եթե ով ուզենար, ում ուզենար պահանջեր, հետևաբար քրոջ կողմից եղբորը, եղբոր կողմից քրոջը, խնամու կողմից խնամուն, հարսի կողմից կեսուրին պահանջելու տարբերակներն ամերիկյան կառավարությունը չի միամտվում, չի արտոնում, դրա համար էլ գործողությունները նշված հերթականությամբ ամեն անգամ սկսում են կրկնվել զրոյից՝ ծնողը ոտք դնելով Ամերիկա, դասընթացներ է ստանում լեզվից ու պատմությունից, հանձնում լեզվի ու պատմության քննությունները և հինգ տարի անց տալով քաղաքացու երդումը, չի հապաղում, պահանջում է զավակին: Երբ ուստա Թաթոսը գնում էր, նրան ճանապարհողների թվում էին նրա որդին ու մյուս դուստրը: Ոտքը Տապան դնելիս նրա վաթսունհինգը վաղուց էր բոլորել, էդ նշանակում է, որ նրանց իր կողքում տեսնելու հնարավորություն նա մեկ էլ կունենա յոթանասունից հետո` ղոնախից երկրի իրավատիրոջ վերածվելու համար անհրաժեշտ խոչընդոտները հաղթահարելուց հետո: Լեզվի խոչընդոտն ուստա Թաթոսն անկասկած կհաղթահարի, որովհետև լեզուները հե՜չ, լեզուները նրա մոտ ստացվում էին` ախպարի ժառանգ ուստեն թուրքերեն ծլվլում էր, հունարեն` չրթում, չոշ էր ասում ռուսերենին ու ձեռի հետ էլ գլուխ էր բերում արաբերենի մի երկու դիալեկտ: Պատմության իմացությունն էլ դժվար չի տրվի` էնտեղ Լինքոլն, Ջեֆերսոն, Մարդու իրավունքների բիլ, քաղաքացիական պատերազմ, էս տիպի հանրահայտ անցքերի մասին նա Ամերիկայում չի որ պիտի լսի: Մնում է կարողանա էս ընթացքում իրեն զբաղեցնել, որովհետև ամբողջ կյանքն աշխատած ուստա Թաթոսն առանց դրա հաստատ կհիվանդանա ու թու-թու-թու…
Վաղարշակը պուլվիլիզատորով թրջում է հաճախորդի մազերը, ձախից աջ բացում «բախտը» և նրա գլխավերևից կողմ է քվեարկում էն տարբերակին, որ Թաթոսի պես վետերանը Լոսում աշխատանքի խնդիր չի ունենա, բայց ակներևաբար ամերիկյան կեցությունից գլուխ հանող հաճախորդը հակադրվում է` որպեսզի ուստեն կարողանա Ամերիկայում վարսավիր աշխատի, նա պարտավոր է Կալիֆորնիայի վարսավիրների և կոսմետոլոգների գիլդիայի կողմից հավատարմագրված դպրոցում հազար հինգ հարյուր ակադեմիական ժամ տևողությամբ ուսուցում անցնել, ընդ որում էդ ժամերից հազար հարյուրը նախատեսված է մազերի տեսական և գործնական խնդիրների ուսումնասիրության համար, երկու հարյուրը` ածիլման, երկու հարյուրն էլ հիգիենայի և անվտանգությանը վերաբերող խնդիրներին: Բաներ, որոնցով ուստա Թաթոսն անցել է հուր ու սրով դեռևս էն ժամանակ, երբ գենսեկը հըլը Չեռնենկոն էր: Միայն տեսական պարապմունքներից ու սրանց հիման վրա հանձնված քննություններից հետո նրան կտան վարսավիրի արտոնագիր և թույլ կտան ձեռքն առնել մկրատն ու սանրը: Ուստեն, իհարկե, կարող է գիլդիայի դեմքին շփփացնել քառասնամյա վաղեմության իր ավարտական դիպլոմը, բայց վախենամ համայն Ամերիկա չգտնվի մեկն, ով դիպլոմի աուտենտիֆիկացիայի համար կարողանա վերծանել դրա կնիքի վրայի ռուսերեն «ПТУ» հապավումն ու քարտեզի վրա կարողանա գտնել դիպլոմը տված երկիրը` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը:
«Է՜հ, չեղավ` չեղավ»,– ուսերը թափ է տալիս Վաղարշակը,– ուստեն Ամերիկա-տեղ հազար ծանոթ-ընկեր ունի, հեչ չըլնի, որ «սևով» էլ աշխատի այ, այ սենց կապրի»,– ձեռքով եզրագծելով ճակատի վերին սահմանային շեմն, ասում է նա ու հակադրվող հաճախորդի վրա չխչխկացնում մկրատը: «Ի՞նչ ասիր Արամ»,– իր ենթադրության վերաբերյալ կարծիք իմանալու համար Վաղարշակն ուղղվում է դեպի զուգարանից դուրս եկող երիտասարդը: «Հաստա՛տ»,– հաստատում է երրորդ… այսինքն արդեն երկրորդ վարսավիրը` Արամն, ապա ուղղվում դեպի բազկաթոռը, որի գլխավերևում կանգնած, անհաշվելի տարիներ աշխատում էր ուստա Թաթոսն ու տեղավորվում դրա վրա: Արամն առայժմ ավելի շատ դրա վրա է լինում, քան դրա գլխավերևում, որովհետև էստեղ նա դեռ նոր է ու չի հասցրել շահել իր կլիենտների բանակը: Նա բազկաթոռի հետ միասին էս ու էն կողմ է պտտվում ու հաճախ պտտվում է դեպի էն հատվածը, որտեղ մի ժամանակ դրված էին լրացուցիչ երրորդ բազկաթոռը, վարսավիրական հայելին ու սեղանը: Դրանք այլևս չկան, որովհետև չկա ուստա Թաթոսը ու չկա որևէ այլ տարբերակ՝ Արամը ո՛չ գործակալ է, ո՛չ էլ տեսուչ: Նա եկել է փոխարինելու ուստա Թաթոսին: