Ցիրա Բարբաքաձե | Ես այն չեմ, ինչ գրում եմ…

 

Ցիրա Բարբաքաձե, ծնվել է 1965 թ. դեկտեմբերի 29-ին, Վրաստանում, վրացի ժամանակակից բանաստեղծուհի է, բանասիրական գիտությունների դոկտոր, նշանագիտութան (սեմիոտիկայի) հետազոտական կենտրոնի տնօրեն: Հեղինակ է մի քանի բանաստեղծական ժողովածուների:

 

***
Ուզում եմ այսօր կյանքը թարս հագնե՜լ
Ուզում եմ այսօր խառնել այն բառերը,
Որոնցով աշտարակներ եմ նկարել և մինչև երկինք կառուցել,
Ուզում եմ քանդել մինչև քեզ հասած բոլոր ճանապարհները,
Ինչն այդքան համառորեն, բառերով եմ գցել…
Ուզում եմ այսօր խառնել և այնպիսին լինել,
Որ սուրճի փոխարեն թեյ խմեմ …
Ուզում եմ վերացնել ամենի պատճառները –
Ուզում եմ այսօր կյանքը թարս հագնե՜լ:

 

***
Ես կապրեմ քո մոռացության մեջ
և կլինեմ քո լեզվի ծայրին հասած բառը,
որն այդպես էլ չկարողացար հիշել:

Ես կլինեմ ներկա, որը երբեք չի դառնա
ո՛չ ապագա, և ո՛չ էլ՝ անցյալ…

Ես կլինեմ կետադրական նշան՝ ստորակետը,
որը մոռացել ես բարդ նախադասության մեջ…

Ես կլինեմ դադարը՝ երազի և իրականության միջև…

Ես կապրեմ քո մոռացության մեջ
և կլինեմ այն դուռը, որը մոռացել ես փակել
և այն բանալին, որը մնացել է սեղանին…

Քո մոռացության մեջ ապրելը խաղաղ է,
որովհետև գիտեմ, որ դու միշտ հիշում ես այն,
ինչը մոռանում ես…

Ես այն եմ, ով միշտ ներսում է – լեզվի ծայրին,
բայց երբեք դուրս չի գալիս,
որովհերև ներսում տաք է…
իսկ դրսում ցուրտ…

Ես կլինեմ քո գրած տեքստերը,
որոնց մոռացել ես հանել արևին
և այն չգրված վեպը,
որն ապրում է գրչի ծայրին…

Ես կլինեմ քո ճանապարհը,
որով գնում ես և չես հիշում, թե ուր…
խաչմերուկից կշեղվեմ դեպի այն կողմ,
որտեղից վերադառնում են տուն…

Ես կապրեմ քո մոռացության մեջ
և կլինեմ քո լեզվի ծայրին հասած բառը…: «Օտար քաղաք» գրքից

 

***
Պետք է հավաքել
Հոգու մասնիկները,
Մինչ քամիները
Ամպերին չեն խառնել,
Մինչ ձյունը չի եկել
Մինչ չի անձրևել…
Մինչ աշունը
Արևագույն հագուստով է …
Հետո կպատմեմ
Մանրազնին, այս օրվա մասին,
Թե ինչի էր ծիծաղում
Լուսինն արծաթազօծ,
Անցնում եմ տերևներով …
Մինչ կանձրևի,
Պետք է հավաքել
Հոգին լվացքի պես:
Հիմա քո անէությունն էլ
Քո մասնիկն է …
Ավելի իրական ու
Ավելի հեռավոր…
Միևնույնն է քո անէությամբ էլ
Հոգնած ու դատարկ եմ ես,
Անցնում եմ փողոցով
Անձրևով լցված…

***

«Եղի´ր ուժեղ ինքդ քեզանից,
Եղի´ր համարձակ ինքդ քեզանից,
Եղի´ր խաղաղ ինքդ քեզանից,
Որովհետև …
Դու գոյություն չունես,
Հորինեցին քեզ`
Ընկերները, հարևանները,
Պետությունը, եկեղեցին, ծանոթներն ու անծանոթները…
Փոքրացրին քեզ,
Փակեցին քեզ մարմնի մեջ և ասացին.
Բավարարվի՛ր…
Երբ քեզ այլևս չի հերիքում թթվածինը,
Որը շնչում ես,
Մարմինը, որի մեջ ապրում ես,
Քաղաքը, որտեղ քայլում ես,
Երկրագունդը, որտեղ քեզ գցեցին …
Սերը, որը կտեղավորվի քո բռի մեջ…
Եղի´ր ուժեղ ինքդ քեզանից,
Եղի´ր համարձակ ինքդ քեզանից,
Քանդի՛ր բոլոր (ի) պատկերացումները քո մասին,
Ոչնչացրո՛ւ պատկերացումդ ինքդ քո մասին,
Վեր կա´ց ու նորից ծնվի´ր…

 

***
Դու չես կռահի ինձ…
Ես այն չեմ, ինչ գրում եմ…
Ես նման չեմ իմ գրածներին…
Դու չես կռահի ինձ, ըստ իմ ընկերների,
Չունեմ…
Չես կռահի ինձ, ըստ իմ կարդացած գրքերի,
Բոլորը մոռացել եմ…
Ես այլևս սկզբունքներ չունեմ,
Կորցրել եմ,
Երբեմն հնարում եմ դրանք,
որ մարդիկ չկարծեն, թե անսկզբունքային եմ…
Նույնիսկ համակարգչիս Էկրանի նկարը
չի կարող օգտագործվել իմ նույնականացման համար,
Հաճախ եմ փոխում այն…
Իմ ֆեյսբուքյան պրոֆիլը,
Հենց իմ հական է…
Այս գրությամբ էլ, դու ոչինչ չես հասկանա…
Ես նման չեմ իմ
գրածներին … 12. 11. 2011

 

***
Մեր հանդիպման ժամանակն ու վայրը
Թող մնան անփոփոխ,
Նորից թղթի վրա…
Եվ վկաները՝
Իմ խոսքերը,
Եթե կարող են,
Թող պատմեն քեզ
Ի՜նչ եմ ուզում ես:

 

***
Ես քեզ տեսա թաքնված
սեփական եսիդ հետևում և այն կողմում…
Չէ որ դու միշտ փնտրում էիր քեզ տեսնողին –
հայացքով և խոսքերով,
մտքով ու խոհերով…
Մի՛ վախեցիր,
Ես քեզ չեմ բացահայտի…
Արի´ նորից վստահենք ճակատագրին և բախտին
Ու մնանք այդպես թաքնված,
Սեփական եսիդ հետևում և այն կողմում…

 

****
Ինչքան մեծ պատկերացում եմ ունեցել
այս աշխարհի մասին…
Կարծել եմ, որ միլիոնավոր հատորներում հնարավոր չէ զետեղել նրան…
Միլիարդավոր կադրերում հնարավոր չէ տեղադրել…
Իսկ այն ընդամենը քո հայացքում տեղավորվեց…

 

****
Ես չեղարկում եմ քննությունները սիրո մեջ…

Ես չեղարկում եմ լուսանշաններն անցումներում,
Սպիտակը մազերի մեջ…
Ցասումը սրտում…
Եռանկյունները սիրո մեջ
Եվ թողնում եմ ուղղագծերը…
Այդպես ավելի ուղղակի է:
Չեղարկում եմ պարտություններն ու հաղթանակները,
Չեղարկում եմ քննությունները սիրո մեջ …
Եվ չեղարկում եմ կյանքը, որպես փորձություն…
Հետաքրքիր է, ինչպե՞ս կապրեին մարդիկ…

 

***
Վերջակետ –
աննշան մի բան է,
բայց ինչքան բան
կարող է փոխել,
երբ այն դնում ես:

 

***
Սերն այն Հաշիվն է,
Որ երբեք
Չես կարող փակել…

 

***

Քեզ հետ կմնամ այնքան,
Մինչև լուսինը
Կհանդիպի արևին…

 

***
Քեզնից հետո,
Իմ մեջ
Քո բացակայության
հաշվարկն է սկսվել…

Թարգմանությունը վրացերենից՝ Գելա Գելաշվիլիի
Խմբագիր՝ Ջեննի Թամարյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *