Մհեր Իսրայելյան | Ես եմ աշխարհի թագավորը

(հատված վեպից)

ԺԳ.Կերպարանափոխված արշավանք եղջերուների ձնասահնակի վրա

Մհեր Իսրայելյան, «Ես եմ աշխարհի թագավորը», Երևան, Անտարես, 2019

Մեր տոհմածառի թելը երևի կտրվեր, եթե չլիներ Աղավնի տատս, միակ կինարմատը, որ միաձուլվել էր մեր ցեղին ու դարձել տոհմածառի զարդը, մեզ իրավունք տալով հենց իրեն ընծայելու պատվավոր նախատատի տիտղոսը։ Առանց նրա այդ երերուն ծառը վայրի հողմերի հարվածով պարզապես արմատախիլ կլիներ ու ժամանակի ձեռամբ կդառնար հող: Եթե իր երկու որդիներին եղջերուների թե շան ձնասահնակին դրած չտաներ հասցներ Սիբիրի հեռուները, պապս հազիվ թե ապրելու ուժ գտներ: Տոհմածառի պատմությունն էլ գիսաստղի հետագծի նման կանհետանար սիբիրյան անսահմանության մեջ ու թե տղա ես՝ գնա պոչը գտի: Տատիս առասպելական արշավը պատահել է, թե չի պատահել, չգիտենք: Եթե պատահել է, ձնասահնակը եղջերուներն են տարել, թե՞ շները: Մենք չգիտենք, պապիս չգործած հանցանքի արդարացման ջանքերից հուսահատ տատիս ցասումը ժայթքե՞լ է պետական անվտանգության պետի քառակուսի գլխին, թե չի ժայթքել: Չգիտենք այդ նույն պետը, որ հայտնի է դարձել իր մարդակերությամբ, մեղքերը ի վերջո քավե՞լ է, թե չի քավել: Այն պահին, երբ ճակատագրի անողոք հեգնանքով հանգրվանել է Իսրոյի ճամբարում, տեսնես ին՞չ է մտածել Աստծո գոյության ու Աղավնի տատիս անեծքների մասին: Իսրոն նրան ներե՞լ է, թե չի ներել: Շատ բաներ չգիտենք: Այս մասին պատմությունը ժլատաբար լռում է: Հետո ի՞նչ, որ մի ամերիկացի ցնդած հետախույզ իր հիշատակարանում նման բաներ է գրել, գուցե հատուկ է արել, զուտ ընթերցողների ուշադրությունը համաշխարհային նշանակության իրադարձություններից ու փաստերից շեղելու համար: Հոգեբանական պատերազմ են ասում, ինչ են ասում։ Գուցե իրեն հետախույզ հորջորջած այդ մարդը մի ստոր լրտես է եղել, ազատություն տվել երևակայությանը ու մի չար կատակ խաղացել մեր նուրբ զգացմունքների գլխին: Թե չէ ինչպես հավատանք, թե աշխարհի հզորների անհավանական մենամարտում փայլատակած մեր հետախույզը իբր կարևորել է մեկ մարդու ճակատագիրը: Աշխարհի բանը թողած, պատերազմի ու խաղաղության հարցը մոռացած, տնտղել է մեր պապի անցած ճանապարհը ու դեռ մի բան էլ հանդգնել է ապագային դիպչել՝ կանխատեսելով, թե Իսրոն մի օր Օձաղբյուրի ջուրն է խմելու, ու դրանից հետո ցեղում միայն տղաներ են ծնվելու։ Նման հեքիաթների դարի ողջամիտ մարդկությունը վաղուց չի հավատում:
– Ես հավատում եմ այս պատմությանը,- ասացի ես,-աշխարհի ճակատագիրը մի մարդուց է կախված և այդ մի մարդը դու ես՝ ինչպես կասեր հեղափոխության պայծառատես առաջնորդը։ Չէ որ մեր հետախույզը միայնակ փորձում էր թռչել աշխարհի ամենամեծ երկրի վրայով՝ իրեն աշխարհի տիրակալ կամ թագավոր երևակայելով։
– Երևի վերածվեր աստծո, եթե չխփեին ինքնաթիռը ու ասեին. «եղբայր, իջիր գետնին, ոտքերդ ամուր դիր հողի վրա, ինչ գործ ունես երկնքում, հողից ծնվել ես, հող էլ դառնալու ես»,- փիլիսոփայեց եղբայրս։
– Հանգիստ թողնենք օդաչուին ու դառնանք մեր ծառին,֊ շարունակեցի ես,-այս պատմության մեջ միայն մի բան պարզ չէ, ի վերջո շնե՞րը, թե՞ եղջերուներն են լծվել ձնասահնակին:
– Եղջերուները ոչ թե լծվել են, այլ առաջնորդել են արշավանքը: Սրանք տարբեր բաներ են։ Չցանկանալով վիրավորել մեր հավատարիմ ու ազնվացեղ ընկերոջը՝ շանը, պիտի փաստենք, որ հանուն հեքիաթի գեղեցկության պարզապես պարտավոր ենք հավատալ եղջերուների վարկածին,- ասաց մեր պահապան հրեշտակը:
Մենք հասել էինք մի կետի, որտեղ հարցականները շատ էին, իսկ պատասխանները մտացածին։ Հայտնվել էինք փակուղում, ու երևի վերջնականապես հուսալքվեինք, եթե եղբայրս գյուտարարի հրճվանքով չբացականչեր.
– Հիշու՞մ ես դաջվածքների վարպետ Նայնգոլանին, նա ոչ միայն դաջվածքների վարպետ է, այլև կերպարանափոխության գուրու, գուցե նրա աջակցությունը հայցենք:
– Այո, միայն կերպարանափոխությունը կարող է դուրս բերել մեզ փակուղուց, որտեղ հայտնվել ենք,- գաղափարը ողջունեցի ես:
– Կերպարանափոխությունը մեր գժության իսկական գրավականը կլինի ու կամրգրի մեր տոհմական ուրույն պատկանելությունը,- իր խանդավառությունն արտահայտեց Մարիկոն, ու մենք տեսանք, թե ինչպես ճակատին շողարձակեց աստղը:
Մի սրան տես, իրեն արդեն մեր տոհմից է համարում՝ մտածեցի ես, գուցե՝ նաև եղբայրս։
– Ես պետք է խորհրդակցեմ բժիշկ Լա Ռոսայի հետ,- ասացի ես,- հիվանդությունը կարծես նոր փուլ է թևակոխում:
– Հիվանդությունը կարծես նոր փուլ է թևակոխում,- հաստատեց բժիշկը՝ լսելով իմ ցնդաբանությունները,- ես լվանում եմ ձեռքերս: Ինչ դաջվածքների վարպետ, ինչ բան: Նայնգոլանը բելգիացի ֆուտբոլիստ է: Իմ ախտորոշումը՝ «անզգույշ ուրացման կերպարանափոխված դրսևորում՝ առանձնակի վտանգավոր հարուցիչների ներազդեցությամբ»: Դեղամիջոց առայժմ գտնված չէ, թեև որոշ շառլատաններ իրենց այլընտրանքային բուսաբուժությունը առաջ տանելու նենգ նպատակով հակառակն են պնդում:
Ոչ մի բժիշկ չի կարող սանձել իսկական խելառներին: Ոչ թե նրանց, որ ձևացնում են, զարմացնելու մոլուցքով տառապում։ Կարիք չկա ծամածռվելու, եթե ի ծնե ի բնե խելառ եք, կաղապարի մեջ մի զմռսեք այդ հզոր ուժը, կասկած չունեմ, որ այն բարի նպատակին ծառայեցնելուց բացի մտքներովդ խեթ բան չի անցնելու: Չգիտեմ ինչ կմտածեք, երևի բազմանշանակ ժպտաք ու ուսերը թոթվելով եզրակացնեք, թե ամեն ինչ պարզ է: Այո, դուք ճիշտ եք սիրելիներս՝ ամեն ինչ պարզ է: Պարզից էլ պարզ: Իրականում այդպես էլ եղել է. երկու երկվորյակ եղբայրներ՝ մեկը ութ, մյուսը քառասուն տարեկան, իրենց պահապան հրեշտակի ուղեկցությամբ գետից դուրս ժայթքող ձիավորի նկարը քթամասին տնկած մի ժանգոտ հեծանիվին բազմած, հետևից էլ մի օձ գցած եկել են դաջվածքների տաղավար ու ինչ-որ հիմար բաներ են ասել: Խենթ գաղափարը կարող է թևեր առնել եթե հավատացողներ գտնվեն: Այդ խենթ գաղափարը այնքան է սավառնում, մինչև մեկը, ավելի խելառ մեկը այդ անհեթեթությունը պատահմամբ թե միտումնավոր օդից բռնում է, գլուխը տմտմբացնում ի նշան համաձայնության ու խորաթափանց ժպիտով հաստատում.
– Ես ամերիկացի հետախույզի կողմից հավաքագրվել եմ դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ու նա էլ ինձ խնդրել է աջակցել ձեզ՝ իր ընկերոջ ժառանգներին, ինչով որ կարող եմ: Ի դեպ, գետից դուրս եկող այդ ձիավորից լավ դաջվածք կստացվի:
– Այդ ձիավորն ուղղակի շարքային ձիավոր չէ: Այդ ձիավորը մեր Արմենակ նախապապն է, որ խրվեց-մնաց մեղրաջրերի մեջ,- նեղանում ենք մենք:
Այ քեզ գուրու։ Սա խելառ չէ, սա իսկական կապելու գիժ է: Մտածում, բայց չենք արտաբերում մենք: Էս օձը որտեղից հայտնվեց, մտածում ու գլխի ենք ընկնում մենք: Համարյա մոռացել էի, որ Օձաղբյուրի օձը մի վաղեմի վայրկյանի խոստացել էր ծանր պահերին օգնել ներթափանցելու մեր տոհմածառի ամենահեռավոր խութերը:
– Ափսոս ձիավոր դաջելու ժամանակը դեռ չի հասունացել, բայց մինչև բուն գործին անցնելը եկեք մի մի հատ ծիտիկ դաջեմ ձեր դաստակին, առաջարկը չի վերաբերում հրեշտակին,- խնդմնդում է վարպետը,- իմ շեֆը՝ ամերիկացի հետախույզը պատմել է ինձ, որ ձեր պապն էլ է դաստակին դաջված ծիտիկ ունեցել: Ծիտիկների ընդհանրությունը կվկայի ձեր պատկանելությունը նույն տոհմին: Տոտեմի պես մի բան:
– Մեր պատկանելությունը դաջվածքով ու տոտեմով չի որոշվում, այլ սրտի արագացող զարկերով, ընդհանուր երազանքով, սիրո անտեսանելի թելերով,-գայթակղիչ առաջարկից հրաժարվում ենք մենք ու հենց այդ պահին էլ փոշմանում:
-Իսկ կարելի՞ է դեղձանիկ,- լցված աչքերով հանկարծ ասում է եղբայրս։
– Ես միայն կոլումբիական թութակ կարող եմ,-քրքջում է գուրուն։
Ես հիշում եմ լեզվիս դաջվածքը ու լեզուս հետ քաշում՝ ինձ չմատնելու համար: Գուրուն էլ աչքով է անում ինձ ու շրթունքների շարժով հուշում լուռ մնալ:
– Եվ այսպես, կսկսենք հեծանիվից,-ձայնին հանդիսավոր հնչերանգ տալով ասում է Նայնգոլանը ու ինչ-որ անհոդաբաշխ ու կերկերուն թոթովանքներ բարբառում:
Օձը ֆշշացնում, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար չի խայթում: Եթե խայթեր՝ հեքիաթը կընդհատվեր ամենահետաքրքիր մասում ու ստիպված կլինեինք մտածել, թե չկա չարիք, առանց բարիք ու մի հուզիչ վերջաբան կգրեինք։ Փոխարենը մենք ծիծաղում ենք վարպետի բլբլոցի վրա, այնքան երկար ենք ծիծաղում, որ երբ մեր թռչող հեծանիվը կերպարանափոխվում է եղջերուների ձնասահնակի, ծիծաղը սառում-քարանում է մեր դեմքերի վրա: Կերպարանափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում։ Ես ու եղբայրս հայրս ու հորեղբայրս ենք՝ մանկահասակ ժամանակ, պահապան հրեշտակը՝ Աղավնի տատս:
Ազնիվ խոսք, ձնասահնակ քաշող եղջերուից սիրուն բան չկա: Մանավանդ, երբ ձնասահնակի մեջ երկու լույսի կտոր երեխա են ու նրանց լույսի կտոր մայրը՝ հրեշտակի կերպարանքով: Մանավանդ, որ գնում ենք կյանքում առաջին անգամ տեսնելու մեր հորը: Մայրս մեզ ասում է, որ գնում ենք ձների ու սառույցի մեջ կորած հեռու-հեռավոր մի երկիր: Սիբիր: Սիբիրը մի հրաշալի երկիր է, քանի որ այնտեղ ապրում է մեր հայրը:
– Մայրիկ, իսկ ինչ գործ ունի մեր հայրը այդ հեռու հեռավոր երկրում,-հարցնում եմ ես:
– Գնացել է իր բախտը փնտրելու,- պատասխանում է մայրս, նույն ինքը՝ Աղավնի տատս:
– Մարդիկ օվկիանոսում են բախտ որոնում,- թերահավատ ասում է եղբայրս,- տաք երկրներում:
– Սիբիրն էլ օվկիանոսի պես մի բան է: Անծայրածիր: Ինչքան գնաս, էլի տեղ կա գնալու: Երբ տեղ հասնենք, կտեսնես, թե Սիբիրը ինչքան տաք երկիր է,- ոգեշնչում է մեր մայրը:
Էս եղջերուները որ չլինեին, մեր հորը երևի չտեսնեինք, մտածում ենք մենք: Երբ փոքր էինք ու արդեն մեր հոր բացակայությունը հասկանալու չափ գիտակցություն ունեինք, մայրս ասում էր, որ ուրիշի ծիրանին հանկարծ չնայենք, մարդիկ չմտածեն, թե հոր բացակայությունը խեղճացրել է մեզ: Ես ու եղբայրս այնքան էլ չէինք հասկանում, թե ինչ է մեր մայրը ասում, բայց քանի որ նրան շատ էինք սիրում, ծիրանի ծառի մոտով անցնելիս ամեն դեպքում պինդ-պինդ փակում էինք մեր աչքերը, թաթերի վրա զգուշորեն անցնում ծառի մոտով ու արժանանում գյուղացիների բարի ծիծաղին: Երբ ծիրանին երկար չես նայում, ծիրանն ավելի է քաղցրանում: Նույնն էլ հայրս: Միայն չէինք հասկանում, թե ինչպես կարելի է կարոտել մի մարդու, ում կյանքում չես տեսել: Շատ բաներ պարզ չեն: Պարզ չէ, թե ինչպես են մեր հրաշալի եղջերուները հիմա յոթ սարից այնկողմ հասցնելու մեզ, հրեղեն թևե՞րն են բացելու, թե բազմաճյուղ եղջյուրներն են ճեղքելու բռնապետության անանցանելի թվացող պատը: Գուցե մեր օձն է իր ոլոր-մոլոր խաբկանքներով արահետ հարթելու կամ աստղ դարձած խոյերն են ճանապարհը լուսավորելու: Պարզ չէ, թե սիբիրյան այդ սառցաշխարհում հայրս ի՞նչ հրաշքով է գրպանից ծիրան հանելու ու մեզ պարզելու: Մենք էլ իրար աչքով ենք անելու ու խնամքով թաքցնելու ենք այն հուզիչ ճշմարտությունը, որ տասը տարի մեզ չտեսած խեղճ հերս անունները շփոթել է։ Այսինք ոչ թե անունները, այլ մեզ է շփոթել։ Շփոթել է, թե չի շփոթել, արդեն էական չէ։ Էականն այն է, որ արևը շողալու է երկնքում, ու մենք վերցնելու ենք մեզ պարզած ծիրանները: Մեր հայրն էլ ցածրաձայն, որ թշնամին չլսի, շշնջալու է.
– Աշխարհը ձեզ համար է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *