Գիշերն իմ աչքերում է.
Իմ աչքերի սևի՛ն նայիր:
Ցերեկն իմ աչքերում է.
Աչքերիս ճերմակը դու տե՛ս:
Գիշերն ու Ցերեկը իմ աչքերում են.
Աչքերի՛ս նայիր:
Կոպերս հանկարծ թե փակվեն,
Աշխարհը մութի ճահճում կկորչի:
***
Կամեցանք աշխարհը պաշտպանել,
Ասացին՝ ապահով է այն,
Մեզ հետ գործ չունեք:
Քուններս տարավ…
Արթնացանք, տեսա՝
Հղիացել ենք ծով ցավերով:
***
Բժիշկներն ասում են,
Որ մենք ոչինչ չենք հասկանում.
Մենք ցավեր ունենք,
Որ նրանք ոչինչ չեն հասկանում:
Չհասկանալը վատ ցավ է.
Երանի՜ անասնաբույժներին:
***
Մի տեղ է մնացել,
Ինչ-որ մի տեղ,
Ուր էլ երբեք
Ոչինչ
Նրա տեղը չի լրացնի.
Ո՛չ սևացրած մազերը,
Ո՛չ էլ սպիտակ ատամները:
***
Ի՜նչ հանգիստ հյուրեր են
Անցավորները.
Ո՛չ ավել աման են կեղտոտում,
Ո՛չ իրենց խոսքերով գլուխ են տանում:
Բավարարվում են լոկ մի մոմով
Ու մի քիչ Լռությամբ…
***
Արևը
Հավերժորեն փայլկտում է իր ուղեծրին…
Մենք ենք, որ մեր կանգնած տեղում քարանում ենք
Ու
Մայրամուտ ապրում:
***
Հարկավոր չէ՝
Մեր շուրջը լիքը մարդ լինի,
Մեր կողքի հենց մի քանի Մարդն էլ
Բավական Մարդ են…
***
Այստեղ՝ իմ Աշխարհում,
Գայլերն էլ
Չափազանց տրտում են ու ընկճված:
Էլ ոչխար չեն ուտում,
Իրենց փայտե սրինգներին տված՝
Լալիս են…
***
Մի սեղան՝ աշխատանքի համար,
Մի աշխատանք՝ մահճի համար,
Մի մահիճ՝ քնի համար,
Մի քուն՝ մարմնի համար,
Մի մարմին՝ Մահվան համար,
Մի մահ՝ հուշերի համար,
Մի հուշ՝ քարի համար,
Սա չէ՞ր կյանքը:
***
Ո՞վ է,
Որտե՞ղ է:
Ո՜վ մեծ Երկինք,
Թևերիդ տակ հոգնել եմ.
Դու ի՜նչ փոքր էիր:
***
Մեռնելուց և այն աշխարհ գնալուց
Իմ վախը
Կրկին այս աշխարհի մարդկանց
Տեսնելուց է:
***
Մեզ ասում էին՝
Հանկարծ «Պեպսի» չխմեք. մեղք է.
Երբ Թեհրան գնացի,
Առաջին բանը, որ արեցի,
Մի խանութպանից «Պեպսի» գնելն էր.
Մի թլմփոցով այն բացվեց:
Խմեցի – շատ քաղցր էր…
Այդժամ ես հասկացա՝
Մեղքն ինչ քաղցր է:
***
Կարմիր ճրագի հետևում
անբիծ աչքերով ու փոքրիկ ձեռքերով մի պստլո ասաց.
– Սպեղանի չե՞ք ուզում.
Հինգ հատը՝ հարյուր թուման:
Խուլ հառաչելով ինձ ասացի.
– Եթե ողջ սպեղանիներդ էլ գնեմ,
Ո՛չ իմ վերքերն են լավանալու,
Ո՛չ՝ քո…
***
Ես սիրում եմ կյանքը,
Բայց նորից վախենում եմ կյանքից:
Սիրում եմ կրոնը,
Բայց հոգևորականներից եմ ես վախենում:
Օրենքն եմ սիրում,
Բայց ոստիկաններից՝ վախենում:
Սիրում եմ սերը,
Կանանցից եմ, բայց ես վախենում:
Երեխաներին եմ սիրում,
Բայց հայելուց՝ վախենում:
Բարևն եմ սիրում,
Բայց ես լեզվիցս եմ սարսափում…
Հիմա վախենմում եմ ես, հետո կլինեմ,
Կանցնի այս ամենը՝ օր ու ճակատագիր:
Ես օրը կսիրեմ,
Բայց
ճակատագրից
Վախենում եմ…
***
Կոտրվել էր օծանելիքիս սրվակը.
Բակն առել էր Աստծո բույրը:
Եվ ես Լուսնի գրկում
Հավերժական քուն էի մտել՝
Տասներեք տարեկանի իմ թաց անմեղությամբ,
Երբ մայրիկի վերջին համբույրի
Տեղը կար…