«Յոթ ճանապարհ» կամ «յոթ արահետ»․ որ ո՛չ լեզվի կամ ավելի ճիշտ, լեզուների դեմ հանցանք գործեմ, ոչ էլ իմ մտքում եղած պատկերը աղավաղվի, երկու տարբերակն էլ թող մնա։ «Յոթ ճանապարհ» կամ «յոթ արահետ»․ այսպես էր կոչվում կանգառը, որը ես նախ գտա գուգլում ինձ ամենամոտ խանութները փնտրելիս ու հետո արդեն ավտոբուսի մեջ, երբ ֆրանսիացի կինը հերթով, ձայնի նույն անտարբերությամբ հայտարարում էր կանգառները, որ իջնես, երբ հասել ես։ Իսկ ես հասնում էի շաբաթը մեկ-երկու-երեք անգամ՝ կախված, թե ինչքան էի այդ շաբաթ համոզում ինքս ինձ, որ մի քիչ քայլելը՝ թեկուզ ոչ մի հաճելի պատկեր չներկայացնող վայրում, ավելի լավ գաղափար ա, քան մնալ շատ գեղեցիկ պատկեր ներկայացնող դաշտի մեջտեղում կառուցված (ու իմ վարձած) էտ տան չորս պատերի մեջ՝ պատուհաններն ու դուռը փակ։
․․․սա կապ չունի, բայց հանուն իմ մտքերի ընթացքի հանդեպ արդարության, ուզում եմ ավելացնել, որ ավտոբուսների մեջ հաճախ ֆրանսիացի կանանց ձայն չէ. հաճախ քո շառլազնավուրյան ֆրանսերենը քեզ ներկայանում է արդեն որպես ֆրանսերենի մի տարբերակ՝ եղած շատ այլ ֆրանսերենների մեջ, որոնք ապրում են կողք-կողքի,ապրում են քո կողքի ավտոբուսում, կողքի տանը։
«Յոթ ճանապարհ» կամ «յոթ արահետ» անունն են տվել ֆրանսիացիները Դեսին անունը կրող հայաշատ քաղաքում գտնվող իմ վարձած տանը մոտ գտնվող էտ տեղանքին․ կասկածում եմ՝ աշխարհագրության ոլորտում՝ որ անունը ճիշտ կլիներ տեղանքի փոխարեն, բայց շարունակում եմ, քանի որ աշխարհագրության ոլորտում ինձ չեմ տեսնում, չնայած ինչի՞ մասին ա էս ամբողջ պատմությունը․ աշխարհագրության՝ սահմանների՝ սահմաններից ներս կյանքի տարբերության՝ Երևանի կենտրոնում չհոսող գետի, ինչը ամեն ինչ կհեշտացներ, ինչպես մեր գտած մածունը, որի մուտքը էս պատմություն ավելի ուշ ա, գրեթե 4 ամիս ուշ։
«Յոթ ճանապարհ» կամ «յոթ արահետ» են կոչում, քանի որ կենտրոնից, որտեղ, հասկացա, որ երբեք ուշադիր չեմ եղել՝ ինչ էր կառուցված, դուրս են գալիս յոթ ճանապարհներ՝ դեպի յոթ տարբեր ուղղություն․ յոթ տարբեր ուղղություն ասելիս մի քիչ ինձ ստախոս չէ, բայց փահլևան եմ զգում։ Բանն այն է, որ ճամփաներն, իրոք, տարբեր ուղղություն ունեին․ կար մեկը, որ տանում էր կողքի քաղաք՝ Շասյո, կար մեկը, որ ինձ տուն էր տանում՝ Դեսին, կային ևս հինգ արահետ, որոնց բոլորի սկզբում նշված էր, թե ուր կտանեն ձեզ։ Բայց կային նաև նրանք, որ ձեզ՝ առաջին անգամ ձեզ լաբիրինթ թվացող իրարից շատ տարբեր տեղերից տանում-հասցնում էին նույն վերջնակետը․ հիմա ասել, որ դրանք տարբեր ուղղություններ ունեին, ճիշտ չէ, բայց պատմել, թե ինչու՝ տեղին չէր թվում։ Ու մի քանի վայրկյան ամեն դեպքում տեքստի վրա փահլևանություն արեցի։
«Յոթ ճանապարհ» կամ «յոթ արահետ» կանգառը, տեղանքը, անվանումը հիշեցի այսօր՝ լվացվելիս, երբ ուզում էի հասկանալ, թե ինչ է կատարվում ինձ հետ․ ձեռքերս լվանալը այնքան արարողակարգային թվաց՝ ասես լոգարանի դռնից դուրս ինձ սպասում են, որ վրաս քարեր նետեն․․․ վերջին անգամ, բայց լոգարանից դուրս միայն ընկերուհիս է, ում մեջքը սաստիկ ցավում է․ չէր կռանա՝ քար վերցներ։
Մտքիս յոթ արահետներից մեկը ինձ կտրում մյուս վեցից ու կանգնեցնում ա հարցի առաջ, թե արդյոք պետք էր հասնել Ֆրանսիայի Դեսին քաղաք, որ տեսնեիր էտ կենտրոնական (ոչ մի կերպ չեմ հիշում, թե ինչ էր կենտրոնում ու չեմ գրի՝ ինչը) ու դրանից դուրս եկող յոթ արահետները, որ 4 ամիս հետո լվացվելիս մեկել հասկանայիր, որ միտքդ նմանվել է յոթ արահետ ունեցող էտ կանգառին։ Չէի՞ր կարող գնալ, ասենք Դիլիջան կամ Գորիս։ Դիլիջանի մասին մտածում եմ, որ հնարավորություն կա․ մտքիս ինչ-որ մի շրջանաձև տեղանք ա գալիս, որտեղ ամռանը կանգնեցինք, որ սրճարան մտնենք, ու նույն տեղանքում մնալով՝ դուրս եկանք Դիլիջանից դեպի Ալավերդի ոչ էն ճանապարհով, որ եկել էինք։ Ուրեմն մեկ ճանապարհով եկել էինք, մյուսով՝ գնացինք, մի ճանապարհի վրա մեր վարորդը կայանել էր մեքենան, մյուս ճանապարհի վրա սրճարանն էր․ արդեն չորս արահետ Դիլիջանում։ Դիլիջանում վաղուց չեմ եղել՝ որպես մնացող․ ամենաշատը Դիլիջանը մտքիս եղել ա Լիոնում, քանի որ հնարավոր չէր չմտածել, որ շատ նման են աշնանը։ Ու արդեն տարբեր են նրանով, որ Լիոնում հասցե ունեմ, որ մտնեմ գրկելու մարդ կգտնեմ, Դիլիջանում՝ չունեմ նման հասցե, բայց գրկելու մարդ կգտնեմ։
Ստացվում է, որ մի տեղյակ դիլիջանցի ինձ կարող է արագ համոզել, որ Դեսին հասնել պետք չէր։ Այ Գորիսում վերջին տարիներ եղել եմ։ Գորիսում չկային յոթ ճանապարհներ, որ գային դառնային կանգառ․ Գորիսում կային յոթ չէ, քանի կողմ գլուխդ պտտվեր՝ սարեր։ Չնայած, գիտե՞ք, գուցե Գորիսում էլ մի տեղ, ասենք Հին Գորիսում լինեին ամեն դեպքում յոթ արահետներ, որ գային միանային, գուցե ասել են, չենք հասկացել, ինչպես մեր հյուրընկալին չհասկացանք առաջին րոպեներից, երբ մեզ սիրալիր տոնով ներկայացնում էր մեր սենյակը։ Երեք ընկերուհի մեր գորիսեցի բարեկամին հասկանալու համար երևանցու վստահությամբ կանչեցինք մեր չորրորդ ընկերուհուն, ով խոսում ա Կապանի բարբառով (ես հապաղում եմ մեր չորրորդ ընկերուհուն նկարագրելիս․ մաքրեցի կապանցին, սյունեցին, կապանի բարբառը իմացողը, հասկացողը, արմատներով Կապանիցը)։ Մեր ընկերուհին հասկացավ ու մեզ էլ բացատրեց, որ․․․․ Այ չեմ հիշում՝ ինչ բացատրեց, մտքիս էն է, որ ջրի հետ կապված ինչ-որ պարզաբանում տվեց (գրեթե վստահ եմ, որ հարցնեմ՝ էն մյուս ընկերուհին կհիշի․ ինձ թվում ա՝ ինքը հիշում ա նաև էն պահը, երբ Հայկը սպանեց Բելին, բայց չի ասում, որ տարօրինակ չհնչի)։ Չեմ հիշում, թե ինչ էր, քանի որ մեր երեք օրվա Գորիսի այցից իմ հետ բերած բոլոր հիշողությունների վրա ծանր-ծանր նստեց էտ զրույցը, որտեղ ես՝ հայ, ինքը՝ հայ, իրար հազիվ չհասկանալու համար, եկավ երրորդ հայը, ու իրանք իրար հասկանան, մենք իրանց՝ չէ։ Հետո էր, որ ընկերուհիս պետք ա, ամեն դեպքում, արդարության համար ու (ինձ թվում ա) իր Տատիի թոռը լինելու համար նաև, պատմեր, որ, չնայած ինքը հասկացավ մեր Գորիսեցուն, Գորիսեցին էլ՝ իրեն, ամեն դեպքում դրանք տարբեր բարբառներ են, գորիսեցին էլ կապանցի չի․ ես ինքս ենթադրում եմ, որ կապանցին էլ գորիսեցի չի, բայց «կապանցին իր առջև նման հարց չի էլ դնի», վստահ եմ՝ կասեր իմ ընկերուհին ու (ավելի վստահ եմ) իր Տատին էլ։
Մի խոսքով, Գորիսն էլ չէր լինի։ Որ լինելու լիներ, կլիներ։ Իսկ Գորիսում ես 2020 թվին էի, Դեսինում՝ 2022։ Ու 2022 էի նաև «Յոթ ճանապարհ» կամ «յոթ արահետ» կանգառի մոտակայքում, որ միտքս էլի հիշեց էսօր։ Էսօր էն հանդիպող (մեկին՝ հաճախ, մյուսին՝ հազվադեպ) օրերից էր, որ արթնանում ես, ու քեզ կասկածի տակ դնում, հետո ամբողջ օրը քաշում ես քեզ, կամ էլ էտ կասածը, որ հանես վրայիցդ գիշերվա ընթացքում խճխճված վերմակիդ պես։ Ու էտ յոթ արահետներից մեկն էլ տարավ, հասցրեց էն մտքին, որ օդային չգիտեմ քանի արահետ էս կողմ՝ Ստրասբուրգում, երեկ հունվարի քսանյոթին՝ գրեթե մեկ տարի ապրելուց հետո, խանութում մեր սովը հեշտ մոռանալու տարբերակների փնտրտուքի մեջ գտանք մածուն ու յոթ վայրկյան հաստատ, ավել՝ վստահ չեմ, կյանքն ավելի հեշտ էր։
-Սեթ շեման (sept chemins):
Ասել է, թե, «Յոթ ճանապարհ» կամ «յոթ արահետ» կանգառն է, իջնում եմ․ վերջ։