Նա, ով գրկում է կնոջը` Ադամն է։
Իսկ կինը` Եվան։
Ամեն ինչ կատարվում է առաջին անգամ։
Երկնքում ես տեսա սպիտակ ինչ֊որ բան, ինձ ասացին` լուսինն է,
բայց այդ բառի, այդ առասպելի հետ ես ի՞նչ կարող եմ անել։
Ծառերը ինձ ահ են ներշնչում։ Ծառերը այնպես գեղեցիկ են։
Կենդանիները աներկյուղ մոտենում են ինձ, որ ես նրանց անուններով կոչեմ։
Գրադարանի գրքերը տառեր չունեն։ Երբ ես բացում եմ գիրքը, տառերը դուրս են հորդում։
Թերթելով ատլասը` ես Սումատրայի կերպարանքն եմ ուրվագծում։
Նա, ով խավարում լուցկի է վառել, հայտանգործել է կրակը։
Հայելու մեջ ուրիշն է ինձ դարանակալել։
Նա, ով նայում է ծովին, տեսնում է Անգլիան։
Նա, ով կարդում է Լիլիենկրոնի տողերը, պայքարի մեջ է մտնում։
Ինձ պատկերացել է Կարթագենը և լեգիոնները, որ ամայացրել են Կարթագենը։
Ինձ պատկերացել է սուրը և կշեռքը։
Փառք սիրուն, ուր չկա ո’չ տիրել, ո’չ տիրվել,
բայց երկուսը տրվում են միմյանց։
Փառք գիշերային մղձավանջին,
որ բացահայտեց դժոխք արարելու մեր ունակությունը։
Նա, ով սուզվում է գետը, սուզվում է Գանգեսը։
Նա, ով նայում է ավազե ժամացույցներին, տեսնում է կայսրությունների անկումը։
Նա, ով խաղում է դաշույնով, կանխագուշակում է Կեսարի մահը։
Նա, ով երազ է տեսնում, ամեն մեկս է։
Անապատում ես տեսա պատանի Սֆինքսին, քարից հենց նոր ազատագրված։
Արևի ներքո ոչինչ հին չէ։
Ամեն ինչ կատարվում է առաջին անգամ, բայց հավերժությունում։
Նա, ով կարդում է իմ բառերը, ինքն է այն հորինում։
***
Մեր նախնիները կառուցել են այս քաղաքը,
Կառուցել են խաչով ու սրով,
Կառուցել են քրտինքով, տարիներով, արցունքներով,
Նաև արիությամբ ու աքսորով,
Այն կառուցել են զորքերի համար`
Որ վերադարձել են հաղթանակած,
Կառուցել են նաև նրանց համար, ովքեր չեն վերադարձել`
Եվ այժմ երկրային փոշի են,
Կառուցել են Էչեվերիի կիթառի համար,
Համրաքայլ մթնշաղերի,
ժամանակի և հոգեվարքի համար,
Կառուցել են այն հայացքների համար, որ նայում են ապագայի հայելուն,
Ֆերնանդո Մորենոյի համար, որ տեսնի այն առհավետ,
Կառուցել են ճյուղի և նրա թռչունի համար,
Երաժշտության համար, որ լսում են,
Կառուցել են ինձ համար, որ ուրիշ մեկն է,
Կառուցել են այն մարդու համար,
որը երբեք այս տողերը չի ընթերցելու,
Կառուցել են քեզ` թշվառիդ համար,
Քանի որ միայն մեկ կին կա աշխարհում
և նա քեզ չի սիրում:
***
Վաղնջական երեկոները և սերունդները:
Օրերը, որ սկիզբ չունեն:
Ջրի հպումը Ադամի կոկորդին:
Դրախտի կարգը անվրդով:
Աչքը` խավարը վերծանող:
Գայլերի սերը արշալույսին:
Բառը, հեքսամետրը և հայելին:
Բաբելոնյան աշտարակի գոռոզությունը:
Լուսինը, որ հմայում էր քաղդեացիներին:
Գանգեսի անհատնելի ավազահատիկները:
Թիթեռին երազված Չժուան-ցզին:
Երանելյաց կղզիների ոսկե խնձորները:
Թափառող քայլերի լաբիրինթոսը:
Պենելոպեի գոբելենը անվերջանալի:
Ստոիկների ժամանակի շրջապտույտը:
Մետաղադրամը` հանգուցյալի շուրթերին:
Հունական կլեպսիդրայի յուրաքանչյուր կաթիլը:
Հերոսական սրի քաշը կշեռքի նժարին:
Արծիվները, տարեգրությունները, լեգիոնները:
Կեսարի վրանը ֆարսալական առավոտին:
Երեք խաչերի ստվերը խամրող բլրին:
Արևելքը` հայրենիքը շախմատի ու հանրահաշվի:
Հետքերը անհամար տեղաշարժերի:
Տերությունները` նիզակով նվաճված:
Անփոփոխ կողմնացույցը:Տարերքն ահռելի:
Թագավորը` կացնով գլխատված:
Ժամանակի արձագանքը հիշողությունում:
Անհաշիվ մոխիրը երբեմնի զորքերի:
Սոխակի գեղգեղանքը Դանիական հողում:
Մանրակրկիտ գիծը գեղագրի:
Ինքնասպանի հայացքը հայելում:
Խաղամոլի քարտը: Ագահ ոսկին:
Ամպի կերպափոխումը անապատում:
Կալեիդոսկոպի ամեն մի արաբեսկ:
Ամեն մի արցունք, ամեն ափսոսանք:
Այս բոլորը անհրաժեշտ էին,
Որ մեր ձեռքերը խաչվեն
այս ակնթարթին:
***
Ես պետք է ձևացնեմ, թե այս ամենը գոյություն ունի`
Լուսինը, փղոսկրը, վարդերը,
լամպերը և գիծը Դյուրերի:
Ես պետք է ձևացնեմ, թե այս ամենը գոյություն ունի՝
արաբական ինը թվերը և հարափոխ զրոն:
Ես պետք է ձևացնեմ, թե անցյալում եղել են
Պերսեպոլիսն ու Հռոմը, և որ ավազը սորուն
կանխորոշել է ճակատագիրը ատամնաձև պարիսպների՝
ոչնչացված ձեռքով երկաթե դարի:
Ես պետք է կեղծեմ զենքերը
և խարույկը դյուցազներգերի,
ծովը՝ երկրի հիմնասյուները մաշող:
Ես պետք է ձևացնեմ, որ կան և ուրիշները:
Բայց սուտ է ամենը:Կաս միայն դու:
Դու ես իմ դժբախտությունը և երջանկությունը՝ մաքուր և անսահման…
Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի