Վիկտորիա Սամուել | Ես քեզ դարձնում եմ բանաստեղծություն

Ես քեզ դարձնում եմ
բանաստեղծություն,
երգ,
զրույց,
ցավ,
կինո,
հորինվածք։
Ես քեզ դարձնում եմ
պատմություն՝
չլինող բաների մասին,
ասենք՝
Ալադինի
կամ փրկվող ջրահարսերի,
որ էլ չեն կարող ապրել ջրերում։
Ես քեզ դարձնում եմ առասպել,
որ հավատալը սիրուն լինի։
ես քեզ դարձնում եմ հուշանվեր,
որ ամեն անգամ ավելի քիչ ցավի,
որ մի օր նայեմ ու անցնեմ,
նայեմ, աղոտ մի բան հիշեմ՝
մի լավ բան
ու շարունակեմ նայել սերիալս․
Լավ սերիալը համարյա լավ սեքսի պես բան է։
Ես քեզ դարձնում եմ քամի,
որ համբուրի պարանոցս ու գնա։
Ես քեզ դարձնում եմ կինո,
սերիալ,
երգ,
բանաստեղծություն
ու մի հին գիրք,
որտեղ այլեւս ոչինչ չկա,
ինչն ինձ ցավեցնում է։

Ես քեզ դարձնում եմ հեքիաթ,
որ պատմեմ ինքս ինձ քնելուց առաջ,
որ հավատամ՝
լինում են նաեւ նապաստակներ,
ովքեր իրենց փափուկ մորթին
չեն ափսոսում քո արցունքների համար
եւ գրկում են,
մինչեւ լույս կլինի,
մինչեւ չի ցավի,
մինչեւ դու նորից կգտնես քո աչքերը։
Ես քեզ դարձնում եմ ծովահենի երգ,
որ փոթորկի մեջ մտնելը հասկանալի լինի։
Եւ գիտե՞ս՝ ինչ։
Ես այնպես ապրեցի այս ցավը,
այնպես մանրամասնորեն,
այնպես ինքնամոռաց,
այնպես սրտագին,
որ հավես չունեմ շարունակելու։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *