Լուսինե Աթաբեկյան | Ես սիրում էի քեզ ավելի, քան քառասուն հազար եղբայր

Վերջին մի կում կոնյակն է։ Հոգնել եմ վերջին էս միկումերից։ Առհասարակ եմ հոգնել։ Հենց հոգնելու ժամանակը գալիս է, սիրտս սկսում է ուժեղ խառնել։ Скажите, пожалуйста, какая цаца! Սիմորը նման է հոգնատանջ կատվիկի։ Սիմորն ո՞վ է։ Ինչո՞ւ, կարծում ես, քարով խփեց կատվիկին ու Շառլոթին։ Երրորդ տարին է նույն հարցն ես տալիս․ որովհետեւ ավելի գեղեցիկ բան դեռ իր կյանքում չէր տեսել։ Դրա հերն էլ էր տենց։ Մենք ի՜նչ ուժգին ենք սիրում մեր կենսական սցենարները, եւ ի՜նչ վառվող աչքեր ունենք կրկնության պահին, երբ փուլ է գալիս ամենայն գեղեցիկը, եւ քանդողը մենք են, մեր ձեռքերը։ Երազս լավն էր, դասագրքային։

Ինձ զանգում են։ Գրած է՝ պապա։ Ես հորս համարը չունեմ գրանցած․ ես չունեմ հորս համարը։ Երկար ու ձիգ տարիների ընթացքում մի անգամ է խոսել հետս։ Ա՜հ, խոսել, c’est un grand mot, կասես դու։ Դու էլ, քո ֆրանսերեններն էլ։ Հոգնե՞լ ես ասում ես։ Է՜, ես էլ կհոգնեի։ Կարծո՞ւմ ես՝ դու կատարյալ ես։ Դու կատարյալ ես։ Անցանք։ Քրոջս էջով էր գրել։ Շնորհավորել էր։ Պատասխանեցի՞։ Հո, դու ախմախ չես։ Լսի, քույրս ֆրանսերեն է սովորում։ Ասում ես՝ գնա՞նք տեսնենք։

Գարեջրի շշերով ծեծում էր մորս։ Լքելը մեծ արվեստ է։ Լքվելը՝ հատկապես։ Քեզ ասել է՝ այլեւս չե՞մ ուզում լքված լինել, եւ լքողը դու լինես․ արատավոր շրջանակ․ ինստրուկցիա՝ կյանքի ձեւերի՝ ամեն անգամ բացականչում ես էդ քո ոսկեղենիկով։ Ասել էի՝ ինչ ինստրուկցիա։

Դու, ով ներքնիմաց, գիտես՝ ինքը հենց դա է՜ ուզում։ Որովհետեւ ես էլ եմ դա ուզում։ Որովհետեւ հայրս մեզ լքեց։ Որովհետեւ գարեջրի շշերով ծեծում էր մորս։ Որովհետեւ եթե մնար, ես լքված չէի լինի։ Խմեմ թույնի այս վերջին բաժակը։ Էս էլ քանի տարի ես նույնն եմ անում։ Ես նման չեմ ուզում լինել հորս։ Լկտի ժպիտդ գոնե թաքցրու։

Փողոցի մեջտեղը խփեցի նրան։ Մարդկանց մեջ։ Որովհետեւ չէր ուզում լքել։ Որովհետեւ, երբ հայրը դեռ ողջ էր․․․ երբ հայրը դեռ ողջ էր, լակում էր․ գիշերը վախից փախչում էր իմ տուն։ Մենք չենք քնել իրար հետ։ Կամ էլ քնել ենք։ Ասաց՝ քնում եմ հետդ, որովհետեւ խղճում եմ քեզ։ Տարիներ շարունա՞կ։ Տարիներ շարունակ։ Խփեցի իրեն փողոցի մեջտեղը, մարդկանց մեջ։ Ես չեմ ուզում նման լինել հորս նման։ Ինստրուկցիա կյանքի ձեւերի։ Փսիխոդելիկ զառանցանք։

Եւ ինչի՞ պիտի չլքես։ Թող վայելի իր ցավը։ Հայր պիտի ունենաս, որ ուզենաս սպանել։ Եթե հայր չունես, վշտանում ես, որ չունես հայր, որ սպանես։ Հոգնել ես, ասում ես։ Ինքն էլ նման չի ուզում լինել իր հորը։ Ուզում է՝ հղիանաս։ Դու էլ չես ուզում նման լինել հորդ․ դրա համար չես հղիանում։ Ամեն ինչ ճիշտ է։ Էս ինչ քաքի մեջ ենք։

Դու ընտրում ես նրան, ով նման է հորդ եւ մեջն արթնացնում ես այն, ինչ հայրդ ունի։ Ես չեմ ուզում նման լինել հորիցս, որովհետեւ ինձ լքել է, որովհետեւ ես կլքեմ։ Նա չի ուզում նման լինել հորը, որովհետեւ ատում է, որովհետեւ արդեն երկու անգամ քեզ համարյա սպանել է։ Ասում ես՝ քեզ հանդիպում են նրանք, ովքեր հայր չունե՞ն։ Որովհետեւ գուցե դու պիտի լինես հայր իրենց համար։ Ֆրոյդի ջանը սաղ։ Էս ինչ քաքի մեջ ենք մենք։

Արատավոր շրջանակները ձգվելու են էնքան, մինչեւ մեզնից մեկը չմեռնի։ Օրինակը հիշում ես՝ վստահ եմ․ գերեզմանի փառահեղ խորքում պառկած հոր ու աղջկա մոնոլոգը։ Ես տխրել էի, որովհետեւ մեռել էր հայրս, բայց ներսիս երեխան ուրախ էր ու թռչկոտում էր՝ ասելով՝ դու մեռար, դու այլեւս չես կարող վնասել ինձ։

Հիշեցնեմ՝ զանգում էր ինձ հայրս, վերցրի՝ մյուս կողմից իմ ձայնն էր։ Ես շարունակ կրկնում էի՝ ալո։ Նույն ծայրից նույն ձայնն էր ու նույն ալո-ն։ Էլի քո լկտի ժպիտը։ Մորթած պահեցինք էս մարդկանց մեր հոգեթերապիայով։

Մենք պրծնում ենք էնտեղ, ուր պրծնում է խմիչքը։ Ինչի՞ համար ենք գիտակցում սա, երբ չենք բուժվում։ Իսկ գիտակցելը նրա համա՞ր է, որ բուժվենք։ Դե կներեցեք, ասում է Նորին մեծությունը։ Էժանագին հյուրանոցները լավ են մի բանով․ անվերջ կարող ես վնգստալ, ու քեզ բանի տեղ դնող չկա։

Մաման խանութում ինձ չառավ իմ ուզած խաղալիքը, որովհետեւ փո՞ղ չունեինք․ որովհետեւ մեզ լքե՞լ էին։ Ամեն օր ետ տալ պատասխանատվությունն այդ մորն իմ։ Ի՞նչ գին արժե։

Բոլորին դու ե՞ս լքել։ Հիշեցնե՞մ էդ կոմպլեքսի անունը, Սֆինքս դու կատարյալ։ Չէ, որովհետեւ դու լավ ես հիշում։

Մենք բոլորս էլ գերի ենք տարօրինակ նույն ճակատագրին։ Ու քանի քեզ կողքի սենյակում շինում է եսիմ ով, թույլ տուր ասել՝ սիրող կամ քեզ։ Ինչի՞։ Որովհետեւ հայրս գարեջրի շշերով ծեծում էր մորս։ Իսկ ես կողքի սենյակից լուռ ատում էի նրան ու դանդաղ նմանվում։ Որովհետեւ դու գալիս ես, արդեն գնալու համար։

Բոլորս էլ գերի ենք նույն տարօրինակ ճակատագրին։ Հետո՝ ճապոնական առածի պես՝ ամեն ինչ լավ կավարտվի։ Մինչեւ օրերից մի օր մենք նույն հարցերը չունենանք․․․ Էս ինչ քաքի մեջ ենք։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *