Ծնվել է 1948թ., Սարատովում: Ավարտել է Չեռնովիցի համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1978-ից տարագրությունում է: Երկար տարիներ աշխատակցել է «Ազատություն» ռադիոկայանին:
Հրապարակել է բանաստեղծություններ, էսսեներ: «Urbi» ալմանախի հիմնադրած՝ Վյազեմսկու անվան մրցանակի առաջին դափնեկիրն է:
Հանցանքը գործված է,
և ձերբակալությունը
կհետևի արդեն մեկ-երկու ամսից:
Մինչ այդ,
թեպետ ամեն ինչ վճռված է և
կանխորոշված,
ըստ սովորության մտմտում է կրկին,
ծանրութեթև անում, հաշվարկում դարձյալ,
ասես նա ընտրության
դեռ շանս ունի
գաղտնի:
Հանցանքը գործված է,
և ձերբակալությունը
կհետևի արդեն մեկ-երկու ամսից:
Մինչ այդ,
թեպետ ամեն ինչ վճռված է և
կանխորոշված,
ըստ սովորության մտմտում է կրկին,
ծանրութեթև անում, հաշվարկում դարձյալ,
ասես նա ընտրության
դեռ շանս ունի
գաղտնի:
***
Եվ հենց տրամվայը
դանդաղ ու զնգզնգալով հեռանում է,
դու վազում ես դեռ տաք երկաթգծով
և ներբաններով, ոտքերով, ամբողջ
մարմնի հյուսվածքներով
լսում ես նրա զարկերակը,
դողում ես երկաթգծի մետաղյա դողով,
որ ընդունում ես
մահացու էլ. հոսանքի մնացորդի տեղ,
և քեզ զգում ես հնդկացու պես`
ականջը հողին
ուշադիր սեղմած:
***
Սանտիմետր է հեռու իմ շրթունքներից
շան երախը:
Թե ինչ-որ բան ասեմ ես բարձրաձայն,
նա կկծի իսկույն բերանս:
Անհամբերությունից
շունը դողացնում է:
Պապանձվե՞լ, թե՞
համարձակվել թեկուզ մի բառ ասել…
***
Սեպտեմբերին ես ցավով հիշում եմ
հայրական սևավուն մուշտակը`
հականիկոտինային պարկուճներով:
Նիկոտինն այնտեղ նստվածք է տալիս
դարչնադեղնավուն կպչուն թանձրուկով,
որ հմայում է աշնանային խարույկների
բուրավետությամբ:
Ո՞նց է հայրիկին հաջողվել համատեղել
երկար ու լայն, բարձր ու խորանիստ աշունը
այդ նեղ, գլանաձև պարկուճների մեջ…
***
Նույն պատահականությամբ,
գերմանական այդ ետնախորքում,
հավաքվում են առավոտյան հարբեցողները ծանոթ «Աէլիտա» սրճարանից:
Ոնց են նման միմյանց:
Ոնց են նրանք նման բանաստեղծներին:
Նույն կրակոտությունը և կոկետությունը,
ազատ ծամածռությունները,
արտիստականությունը,
անթրաշությունը նույն:
Բոլորվել են շրջանային նշանակության
մարզահրապարակի հարևանությամբ ընկած
արկղերին:
Թե կին լինեի,
ապա լոկ այդպիսին:
Թե ապրեի իրոք,
միայն այդպես:
****
Ահա մանկությանս
ում եմ կարեկցել
մինչև հեղափոխությունը չապրածներին.
Ջեկ Լոնդոն /1916թ./:
Հիմա ուրախացել եմ Խոդասևիչի համար /1939թ./:
Բթամիտ:
Ի՞նչ կեցվածք է սա
լինել կյանքից խելոք:
Մի՞թե ինչ-որ մեկը
և իմ մասին է այդպես կարծում:
***
Սենյակում մենակ եմ.
միացնում եմ երաժշտությունը
և պարում
հոյակապ հիշելով հանգուցյալ հարազատներին:
Չեմ հասկանում
ինչու են ինձ համարում
անշնորհք պարող:
***
Կ-ովը պատրաստվում էր
Գերմանիա ուղևորվել մի քանի տարով:
Ժամանելով մտնում է ոստիկանություն
խնդրելու քաղաքական ապաստան:
Սակայն
լսելով գերմանական խոսքը նա դուրս թռավ
բերանում
մետաղական համ:
***
Լոնդոնյան զբոսայգու
վտիտ մրջյունները
նման են մանկատան երեխաների
լայն շալվարներով ու դուրս ցցված փորերով,
Ճանաչում են ինձ
և հուսադրված արձագանքում կանչիս
ուկրաինավարի
ծռելով վերջավորությունները
անուն-հայրանվան:
***
Լուսնոտության պահին,
գիշերները
աղջիկը անցնում է ջրհորից ջրհոր
կապտասևավուն պղպջակներով:
Իսկ կեսօրին
լալկան կանանց երամում
ոչ ոք նրա պես չի կոծում այդքան սրտի փղձուկով:
Թե ակնարկես նրան,
իր համար ոչ մի օգուտ չի վերցնի:
Թե ուղղակի ասես,
արդար ցասման մեջ
նա կխոցի քեզ իր
սուր հայացքով,
շամփուրով,
դաշույնով:
***
Սպիտակ դաստիարակչուհին թիկնել է նստարանին`
ոտքը նստարանի երկայնքով մեկնած:
Շուրջբոլոր միայն սևամորթ երեխաներ են,
Ճչում են, քաշքշում:
Մեկը նրա ոտքի հինգ մատներին
«նվագում է» չինական ինչ-որ մոտիվ:
Դեղին ցանկապատից դեն
կանգնած է տղամարդը: Աչքերի անկյուններում
մածնանման սպիտակ կետեր են:
Ի՞նչ կապ ունի էստեղ բանաստեղծությունը…
Ի՞նչ եմ անում էստեղ…
Ո՞նց ընկա էստեղ…
***
Ահա ինչ է ասել Գ. Ֆլոբերը
Իր «Մադամ Բովարի» վեպի մասին.
— Ի՞նչ կարելի է ասել այդ գրքի մասին…
Ամենից առաջ ես ցանկացել եմ արտահայտել այնտեղ
ծակուծուկերի այն առանձնահատուկ դեղին
երանգները,
ուր մեկ-մեկ թախիծն է բնավորվում:
***
Անսփոփելի է
մահը Անգլիայում:
Երջանի՜կ ռուսներ:
Ոնց են նրանց ուժգին առույգացնում
հուսահատ ջանքերը.
թռչել մի այլ քաղաք
հունգարական ինչ-որ դեղի համար,
զանգել Նյու-Յորք
և հայթայթել բաղձալի հրավիրատոմս
մահամերձի համար,
ոտքի հանել Եվրոպայի քրիստոնյաներին:
Ահա հերոս ես դու, այն էլ ողբերգական:
Իսկ Անգլիայում
մահն անսփոփելի է:
***
Մի պատը Այվազովսկին:
Մյուսը «Կազբեկ» ծխախոտ:
Բոլորը միասին Պելոպոննեսը:
Մեջտեղում ինքն է, նստած:
Լսում է խաղի ձայնագրությունը
անցած շաբաթ է գրանցել
«Մայակից»:
Մի քանի անգամ պտտեցնում է «Գո-ո-ո՜լ»:
Երևում է դեմքից
գոհ է:
Իր մասին պատմածից.
— Բայց ես ինձ օգնել եմ բարոյապես
SCHIZOPHRENIA MIGRANTUM:
***
Միշա Էպշտեյնը
խորհուրդ է տվել. — Մի երկու հանգ դրեք,
և բոլորն իսկույն կերջանկանան:
Միշան ճշմարիտ է:
Բայց ինչո՞ւ նրանք
պետք է անպայման երջանիկ լինեն…
***
Հիմա ստիպված ես
ինքդ գնալ շուկա, մաքրել ակնոցները,
միացնել հեռուստացույցը,
քորել գարշապարը:
Սա ի՞նչ խոզություն է փոխել ստրկությունը… Ինքս եմ տեսել
ոնց են մթնշաղին նկուղում թաքցնում
մի արկղ խնձոր,
մի արկղ խաղող,
մի պարկ կարտոֆիլ,
բանջարեղենի փնջեր`
Վերոնային մոտիկ
մի բարվոք գյուղում:
***
Առոգանություն ունեցող մարդիկ բավական մեծ ազգ են:
Արդեն քանի տարի նրա զավակն եմ:
Կորդովայի, Վերոնայի, Լեյդենի
սրճարաններում
ես լսողությամբ զանազանում եմ
իմ ցեղակիցներին
և մտածում եմ նրանց մասին
սիրով ու ջերմությամբ:
Ահա այդօրինակ հայրենասիրություն
ձայնագիտական,
հնչաբանական:
***
Գրականության ասպարեզում Նոբելյան դափնեկիր
Կենձաբուրո Օէի մի պատմվածքում կան
այսպիսի խոսքեր.
«Նրանք քայլում էին ուս ուսի տված, այտերը նրանց
վառվում էին տապից,
իսկ աչքերն ահա շլացուցիչ լույսից նեղացել էին
ճեղքերի չափ, ոնց մոնղոլներինը»:
Հետաքրքիր է, թե մոնղոլներն իրենք ինչ ֆոն են
ընտրում իրենց համար.
ույղուրների՞ն, կամչադալների՞ն,
լուոռավետլանների՞ն…
Իսկ լուոռավետլաննե՞րը…
Մի՞թե խլուրդներին…
Իսկ խլուրդնե՞րը…
Այդպես էլ տեսնում եմ` ոնց են նրանք կանգնում
ծայրաթաթերին
և չարախոսում մկնային խղճուկ ծվծվոցի մասին,
և խոնավ, անդադրում որդին են չարախոսում:
***
Բոլոր հեղափոխություններից ինձ սրտամոտ է
միայն մեկը:
16-րդ դարի Գերմանիայում ստորին խավերը
ապստամբել են գորշ հագուստի դեմ:
Նրանք պայքարել են վառ կարմիր, նաշտագույն,
դեղնավուն շորեր կրելու
իրենց իրավունքի համար և պաշտպանել են գույնի
ազատությունը:
Ի հետևանք Եվրոպայում կտրուկ բարձրացել է շոյիչ
գեղեցկության խտացումը:
Ես անձամբ խորապես երախտապարտ եմ
հեղափոխական գերման ներքնախավերին:
Թարգմանությունը ռուսրեներից՝ Հրանտ Ալեքսանյանի
