Հուսիկ Արա | Եվ սերը ասաց

Հուսիկ Արա

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

 

Եվ սերը ասաց

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արև լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
և աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:

 

Դու աշխարհի լույսն ես

Թե ո՞ւմ է նման երկնքի արքայությունը,
ես չգիտեմ,
բայց երկրի վրա իմ գանձը դու ես.
ու տեսնելով քեզ,
ես հավաքեցի իմ ընկերներին
և սիրո մասին խոսեցի այպես.

երանի հոգով ազատիս, որովհետև քեզնով պիտի լցվեմ.
երանի կորցրածիս, որովհետև քեզ պիտի գտնեմ.
երանի է համբերողիս, որովհետև քեզ պիտի ժառանգեմ.
երանի ինձ, որ քաղցն ու ծարավն ունեմ քո մարմնի, որովհետև պիտի հագենամ:

Այգեպանդ լինեմ, մարմնիդ պահապանը միակ.
առավոտյան գամ ու քեզ վայելեմ մինչև երեկո,
կեսօրին գամ ու նույն չափ հագենամ քեզնով,
գամ երեկոյան և ամբողջ օրվա հաճույքը ինձ տաս:
Ամառ լինեմ ու այգիդ.
չզրկես` ինձ վճարելով արժանը ու ասես`
մի նախանձեք, որ առատաձեռն եմ:

Երանի, որ տալիս եմ, որովհետև քեզ պիտի ստանամ.
երանի է, որ սրտով մաքուր եմ, որովհետև քեզ պիտի տեսնեմ ու փառավորվեմ.
երանի, որ փնտրում եմ սեր, որովհետև իմն է քո սիրտն ամբողջությամբ.
երանի է սիրողիս, որովհետև քո սերը պիտի կոչվեմ:

Ճշմարիտ եմ ասում,
հոգնած ու բեռնավորված եկա քեզ մոտ,
կույր էի ու տեսնում եմ.
խուլ էի ու լսում եմ.
համր էի ու խոսում եմ:

Դու երկրի աղն ես, եթե պակասես, կանհամանամ ես.
դու աշխարհի լույսն ես, իմ քաղաքը,
որ տարածվել ես թևերիս վրա ու չես կարող իմը չլինել:
Երանի, որ քեզ ունենալուս համար ինձ պիտի նախանձեն.
ցնծում եմ և ուրախանում,
որովհետև քո պատճառով բոլորի մեջ ամենալավն եմ:

Բախիր՝ կբացվեմ

Սերը քո հայացքն ունի հիմա,
ճիշտ քո քաշով ու հասակով է.
հենց այդ տեսքն եմ ուզում պատմել
ոչ թե աշխարհին կամ ուրիշ մեկի,
ուղղակի քեզ, իմ ամենաաղջիկ,
որովհետև չգիտես այն, ինչ ես գիտեմ քո մասին:

Սերը չի տեսնում,
աչքեր չուներ հենց սկզբից,
պատկերացնում է միայն,
բայց միտք չունեմ հորինել կամ հավելել ինչ-որ բան.

դու իմ կյանքն ես, ու թե հանկարծ մահս դառնաս,
գուցե զարմանամ, թե ինչ չքնաղ է մահը,
ու մեռնեմ առանց երկմտելու:
Իմ սկիզբն ես
և իմ վերջն ես դու.
ձայն տուր` կշրջվեմ,
բախիր` կբացվեմ,
ցանկացիր` կունենաս ինձ.
չէ՞ որ դու սերն ես:

Ճակատագրիս վերջին էջն եմ կարդում.
չեն խաչվելու մեր ուղիները երբեք,
ու չեն փաթաթվելու մեր ոտքերն իրար:
Ես դիտորդն եմ ու հսկիչը քո սիգաճեմ ընթացքի,
բայց այնպես խաղաղ եմ ու հանգիստ՝
քո բոլոր մանրամասներով մինչև վերջին բջիջս հագեցած:
Այդպես մեկ անգամ է անցնում սերը՝ լիաշունչ ու մերկ,
որ քոնն է ամբողջովին ու բոլորովին քոնը չէ,
ինչպես Աստված է ամպի տեսքով երկնքում։

Գիտեմ, դու էլ կին ես,
քո գաղտնիքն ունես և աշխարհը ավերված
ու երբեմն էլ պոռնիկ ես սովորական,
բայց ես ասում եմ՝ Աստված սեր է և այդ սերը դու ես:

 

Միշտ հիվանդ լինեմ քեզանով

Իմ դեղը դու ես,
որովհետև ես հիվանդ եմ քեզնով:

Մահացուէ սիրո հիվանդությունը,
ու թե բուժվում է անգամ,
ծանր մնում է հետևանքը միշտ:
Բժշկի’ր ինձ, սերս,
բայց ես ուզում եմ հիվանդ լինեմ քեզնով:

Քո աչքերը ամենասիրուն արևներն են տիեզերքի,
եթե նայես ինձ`
ես կպտտվեմ հայտնաբերված նոր մոլորակ:
Քո մատները շշունջներ են թափանցիկ,
եթե գրկես ինձ`
ես կհնչեմ ինքնանվագ երգեհոն:

Քո մաշկը մաքուր հորիզոն
ու եթեր է փափուկ,
եթե առնես քո մեջ ինձ`
ես կխոսեմ նոր օրերի մարգարե
և կքայլեմ հրեշտակը քո ուղարկած:
Ուրիշ ոչ մի տեղ չկա քո շուրթերից,
թե համբուրես ինձ`
ես աշխարհը շուռ կտամ առանց հենման կետի:

Քո ակնթարթը կատարյալ է ու մնայուն,
թե հպվես ինձ`
ես կճչամ, որ այս կյանքում
ամեն բան հավերժ է ու ճիշտ:

Քո նմանը միայն դու ես,
ու թե ասես` սիրում եմ քեզ,
ես կդառնամ աստված
և կարարեմ դրախտը նորից,
ու որքան էլ արգելված պտուղ ուտես,
քեզ չեմ վտարի իմ պարտեզից:

Դու իմ դեղն ես,
Բժշկի’ր ինձ, սերս,
բայց ես ուզում եմ
միշտ հիվանդ լինեմ քեզնով:

 

Կարոտ

Դու իմ աշխարհն էիր, որ արդեն վրիպել եմ․
իմ գիշերները վաղուց են առանց քո երազների։

Զանգերն են ղողանջում դանդաղ ու թույլ-թույլ,
և ես հեռացող ոտնահետքերի ցավն եմ զգում,
որկրնկում են մարմնիս մեջ։
Աշնան նոսր երկնքում
չվող թռչունների թևեր են՝ երամ-երամ․
կարապի երգն եմ հասկանում ջրերի վրա՝
մեկ անգամ, որ վերջին անգամն է։

Կտոր-կտոր է անում սիրտս հիմա
ամեն հեռացող բան․
մի քիչ դանդաղ գնա,
ճանապարհդ շատ է հոգնել իմ մեջ։

Կարոտն է կաթում գանգամաշկիս նույն կետին՝
համաչափ տկկոցով ու ծակող սառն է.
այդպես մահապատիժ են իրագործում
չգիտեմ որ անտեր երկրում․
ի՜նչ ստույգ են աչքերը քեզնից նայող հոգեվարքի։

Դու իմ մեջ այնքան շատ ես,
որքան ոչ մի տեղ չես․
և ես ամեն մանրուք պահպանում եմ զգույշ,
հանկարծ մաս չպակասի ամբողջից,
ու երբեմն էլ շոյում եմ մարմինս դողով,
որ դու ես ամբողջովին։

Կարոտի մունետիկն եմ մոլոր,
որ մեր կյանքի փողոցներում
կանչում է՝ սեր կա, կա՛ սերը,
բայց չի տեսնում և ընտրում է միշտ սխալ։

Քո աստեղային դիպվածն էի ես,
որ վրիպեցիր օրերի մեջ։

 

Վերջակետ

Քո գնալուց
կյանքը կանգ առավ ու մեռավ ամեն բան․
ես ինչպե՞ս ապրեմ, երբ երկիրն է ամայի։

Քո սկիզբն էի ես,
իմ վերջը եղար դու․
մենք միասին կարող էինք Աստված լինել՝
հաստատելով խոսքը նախախնամ․
թե՝ ես եմ սկիզբը և վերջը։

Երբ գնում ես,
քեզ հետ տանում ես ամենը, ինչ ես ունեմ,
իսկ քո գալով՝
իմն ես դարձնում այն, ինչ չեմ ունեցել։

Դու իմ վերջին աղոթքն էիր,
որ տեղ չհասավ.
ու ես սատանային եմ ծախում ինձ,
միայն թե լսվի աղոթքս,
որ երաշխիքն է իմ ապրելու։
Իմ խաղն էիր վերջին անգամ.
վստահեցի` ինչ մնացել էր կյանքից
և ապրելու արդեն կիսված օրս վրիպեցի:

Դու քեզ հետ տարար ամբողջը՝
երազ ու իրականություն.
անձրևաջրի կաթիլների հետ,
աշնան վերջին գիշերվա մեջ,
ագռավն է թաց-թաց կռում․
-Նա չէր, ում կանչեցիր նրա անունով։
Ու ես գնում եմ մի քիչ հեռու այս անգամ.
կոպերիս տակ ունեմ հիմա ո՛չ մի երկինք քեզ համար։

Մեկ անգամ էլ գարունդ լինեմ.
նորաբաց վարդը ննջարանդ բերեմ ամեն առավոտ
ու լուսաբացի սերս շաղ տամ մահճակալիդ շուրջը.
օդում փոշեհատիկը հավաքեմ շուրթերով
և անխառն բուրմունքդ պահեմ թոքերիս մեջ։
Տաք օրերս մեկ-մեկ փռեմ ամեն քայլիդ առաջ,
երբ մանրասահ իջնես պարտեզ՝ հայացքս տրորելով․
կյանքս վատնեմ քեզ համար շռայլորեն ու անխնա։

Դու իմ բանաստեղծությունն ես,
որ կարող եմ այսպես պատմել երկար,
բայց երբեք չգրել այստեղ․
այնպես չեմ ուզում դնել վերջակետ։

 

Ուշ աղջիկ

Փափուկ,
լուսավոր
հանգստի գոտի են
մարմնիդ բաց տեղերը,
իսկ ամբողջ մերկությունդ օազիս է
անապատում հոգնածիս համար:

Օրվա բոլոր ժամերը քեզ են բերում ինձ կարծես,
բայց միշտ նույնն է մնում ավազի բարակ շերտը մեր միջև:
Անապատի տեսի՞լք, թե՞ միրաժ ես, տաքուկ խաբկանք,
երբ մոտենում եմ, հեռուն նույնն է,
այդպես երազի խայծն է, կամ լինում է կախարդանքի մեջ:

Ավազների վրա իմ ոտնահետքերն են,
էլի ուրիշ հետքեր՝ քո ոտքերի կեղծումով,
և այլևս տեղ չկա քո քայլերին, ուշ աղջիկ:
Ճանապարհն ինձ խաբել է, թե ամեն եկվոր քո մոտենալն է,
և բոլոր զարդերս նրանց պարանոցին ու ականջներից կախեցի:

Հիմա անապատում կանչողի ձայնն եմ՝
գոնե քեզ համար, չբռնված սեր․
դատարկ եմ ու չունեմ տալու:

Ավազներից վեր սպասումն է քո,
իսկ ավազների տակ ցավն է շարունակվում:
Ուղտեր են անցնում տարտամ քայլերով ու որոճով դանդաղ,
և ես հիշեցի ծարավի մասին,
որ երակներս է խցանել
ու դողում է թոքերիս մեջ․
իսկ հորիզոնում միրաժ է,
մերթ մոտ ու մերթ հեռու տեսիլք:

 

Դու իմ…

Որքան շատ աշխարհներ կան քո մեջ,
մինչդեռ դու իմ աշխարհն էիր միակ:

Քեզ չէի գտել հանկարծ,
դու եղել ես միշտ.
մի տեղ բաժանվել էինք`
տուն գնալու նման
ու հանդիպել նորից:
Հարկ չկար ճանաչել քեզ.
դու մասն էիր իմ ամեն ինչի:

Դու իմ թանկն էիր,
լույսն ու օդը,
իմ լեզուն,
աչքն ու ականջն էիր,
շոշափելիքն ու հոտոտելիքը:
Իմ եկեղեցին էիր,
աղոթքն ու Աստվածը,
իմ լավն ու տաքն էիր,
իմ շատությունը,
իմ հացն ու ջուրն էիր,
շնչառությունը:
Դու իմ քաղաքն էիր,
տունն ու փողոցը,
իմ հայրն ու մայրն էիր,
իմ հայրենիքը:

Ամեն ինչն էիր իմ,
ես տեր էի ու իշխանություն.
ու թե տեսնես հիմա ինձ
չես նկատի,
որովհետև ես ոչինչ եմ առանց քեզ:

Ես աշխարհը կտայի քո դիմաց,
եթե աշխարհը դու չլինեիր:

 

Ես աշխարհը չէի փոխի

Գուցե ապրեմ քեզնից հեռու,
Բայց կլինեմ առանց կյանք:

Քեզ չեմ ավելացնում,
չեմ պակասեցնում քեզնից.
դու կատարյալն ես:
Հիմա դու ես Աստված,
որովհետև աղոթում եմ քեզ:

Կերկրպագեմ անգամ նրան,
ով իր ճարպիկ օրերում կունենա քեզ,
իմ վրիպած ես:
Թեկուզ այս հեգնանքի համար ճակատագրի,
բախտից խռով ու աշխարհից,
քեզնից գնամ անդարձ:

Քեզ փնտրել եմ երկար ու հեռու.
ինձ համար լույս ես,
խաղաղություն,
խիղճ ես բովանդակ,
անդորր ու հանգստություն,
բայց ինչո՞ւ ես ինձ սպանում:

Արժեր ծնվել
քեզ գտնելու համար,
իսկ հիմա մեռնում եմ անափսոս
քեզ կորցնելու դիմաց:

Թե կախարդական փայտիկը տային ինձ,
ես աշխարհը չէի փոխի.
բավական ես դու
կյանքը անթերի տեսնելու համար:

 

Ռոմեո` առանց Ջուլիետ

Քանդուքարափ է իմ կյանքում հիմա,
իսկ ինչո՞ւ է քո ձեռքն այդքան հանգիստ:

Բառ եմ` չեմ գրվում,
ձայն եմ` չեմ հնչում,
գույն եմ` չեմ նկարվում:

Իր նվերն է համարում քեզ մի երջանիկ հիմա,
և այդ մեկը ես չեմ:
Մի զույգ բախտավոր լույսեր գրկում են քեզ`
իմ թևերը չեն,
երկու ինքնագոհ կրակներ համբուրում են քեզ`
իմ շուրթերը չեն,
կանչում անունդ ու ամենաթանկն են խոստովանում քեզ`
իմ բառերը չեն:
Նայում տիրոջ պես ու լցվում են քո երանությամբ,
այդ աչքերը իմը չեն:

Երբ ինձնից տանում ես ինձ,
ես գումարվում եմ,
իսկ երբ ինձնից հանում ես քեզ,
ես չեմ լինում:

Ու թագուհի է հռչակել քեզ
ինքնամոռաց մի խենթ,
իմ սիրտն է,
որ տեր է դառնում,
երբ ասում է` տիրուհիս,
ամեն անգամ,
և ժամերի մեջ քեզ զգում է ավելի,
քան 60 րոպենենրն են:

Ես չեղա քո Ռոմեոն,
բայց իմ Ջուլիետը դու ես:

 

Սիրո անառակ որդի

Ես մի խաբված լովելաս,
որ իմ բաժինն առա սիրուց
ու մսխեցի օրերիս պարապ կանոնի մեջ,
նորից դարձել եմ տունը իմ լքած,
ուր ինձ գտար ավերակ
սիրո փակ դռան առաջ:

Ինձ աչքեր տվեցիր, ու ես տեսա քեզ,
սիրտդ դրեցիր մատներիս տակ` քո դողը զգացի ես,
և գրկիդ մեջ բարձրացա ինձ գետնած հողից վերև:
Մերկությունս ծածկեցիր քո բարակ մարմնով
և ետ բերեցիր հոգիս,
որ սատանային էր ու դժոխքում:

Ես որ մեռած էի` կենդանացա,
կորած էի` փրկվեցի,
հոգնած էի` անդորր առա:

Օ, մի՛ դատեք, թե ինչո՞ւ շռայլ եղար, սեր,
քեզ թողածի նկատմամբ
և ամենալավը տվեցիր նրան:
Որքան էլ գնամ հեռու,
ես միշտ քո արյունը,
դու իմ մարմինն ես, սեր.
քեզ հետ եմ իմ բոլոր օրերում,
և ամենը` ինչ քոնն է, իմն է նաև:

Ես հիմա լովելասը քո,
քո սերն եմ սիրում միայն
ու ներբողում եմ`
ինչպես դժոխքը տեսած մեղավոր,
որ ամեն գեղեցիկ քո անունն ունի,
իմ սիրո կին:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *