Լուսին Աթաբեկյան | Եվ սրա համա՞ր է արդյոք Ագամեմնոնը Արքայական Տրոյան ոչնչացրել


(Ավաղ, բոլորս էլ կարող ենք վատ պատմվածք դառնալ)

Ժամանակը հոսում է աննկատ, երբ գիտակցաբար ընտրել ես փախուստի ճամփան բոլոր այնտեղերից, ուր քո կանխակալ կարծիքով ուզածիդ պես քեզ չեն սիրում։ Փորձություններն ու փորձառությունը համբերատար մարդկանց են դաս տալիս, իսկ երբ երիտասարդ ես, մեծ հաշվով ջանք ես գործադրում հաղթահարելու թերարժեքության բարդույթն ու մանկական էգոիզմը։ Եւ այսպես, ես նրանից գնացի ամառային ամենաշոգ լուսաբացին, որ կարող էր միայն պատահել հյուսիսային կիսագնդի մերձարեւադարձում։ Գնացի՝ վերցնելով երկու գիրք․ մեկը, հաստատ եմ հիշում, Գրիմ եղբայրների հեքիաթներն էին, մյուսը՝ Ռոլան Բարտ։ Այդ տարիքում խելացի բաներին նախապատվություն տալը աներախտիք գործ է, հատկապես, երբ ամբողջ մարմնով վստահ ես՝ ամենախելացի բանը քո գլուխն է։ Հուլիսն էր։ Որպես սնահավատ տատից դաստիարակություն ստացած մեկը, ով արեւի ու երեւակայության մեծ հորիզոնի պակաս չէր զգացել իր գիտակցական կյանքի գոնե վերջին տասնհինգ տարում՝ ես կուրորեն հավատում էի՝ հուլիսին պետք է ավարտել բոլոր սպառված սերերը, որպեսզի սեպտեմբերին սկսվի նորը, ու աշունն իր տիրական ձեռքով զարդանախշերով նկարազարդի այնքան հուզիչ ներքին դրաման։
Ես չեմ կարող պնդել, թե մեզ կապողը սերը չէր։ Չեմ էլ կարող պնդել, թե մեզ կապում էր սերը։ Միասին ապրած բարդ ու բուռն երկու տարվա օրերի զգալի մասը մենք անց էինք կացրել անկողնում պառկած կամ թավալ տալով, կամ ծեծ ու ջարդով, որի տրամաբանական ավարտը վիրակապերն էին ու յոդի՝ հոտոտելիք թմրեցնող գարշահոտը։ Մե՛կ ես էի բրենդիի բաժակը դատարկում նրա աչքերին, մե՛կ ինքն էր սեղմում կոկորդս ու բերանս, որ չգոռամ կամ չփախչեմ։ Անձնական ողբերգությունն ու ֆիզիկական ցավը մոռանում էինք շատ արագ՝ նոր ֆիլմ սկսելիս, նոր գինու շիշ բացելիս, նոր պոեմի շուրջ զրուցելիս, նոր սեր անելիս։ Մինչեւ հաջորդ ծեծուջարդը։
Մի առիթով հարեւանների բողոքից ելնելով՝ մեզ կանչեցին ոստիկանություն։ Քննիչը, ով յուրաքանչյուր քննիչի պես իրեն համարում էր օմֆալլոսն ու մոխրագույն կարդինալ եւ հավատացած էր՝ թե Էկմանի տեսությունը փաթթած ունի ու կարող է դառնալ այն միակ վստահելին, ում ես կպատմեի իմ կյանքի սարսափները, համառորեն պնդում էր, որ առանձնազրույցում ես կարող եմ հանգիստ խոստովանել, որ ենթարկվում եմ բռնության։ Ես մեղմ ժպտում էի միայն, որովհետեւ քննիչի մեջքի ետեւում պատուհանն ի վեր ձգվում էր գեղեցիկ, բայց կյանքի նշաններից հատկանշականորեն զուրկ խոլորձը, որ նվազագույն առնչություն անգամ չուներ այդ սենյակի, սենյակում կանգնած ու թանձրացած օդի, այդ մարդու շագանակագույն տաբատի ու ոչինչ չարտահայտող աչքերի հետ։ Նույն կիսաժպիտի միջից ես որոշեցի հանձնվել․
-Ես կարծում եմ՝ այդ ե՜ս եմ նրան բռնության ենթարկում։
Քննիչը ծիծաղեց նույնքան արհեստականորեն, որքան արհեստականորեն եւ սովորել էր դիմադրել կյանքում պատահող գեղեցիկ բաներին։ Ծիծաղեց եւ ավարտվեց հարցաքննությունը, թեպետ ես այդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ լուրջ չընդունեց հանցագործության մասին իմ խոստովանությունը։ Մեզ բաց թողեցին՝ որպես առերեւույթ իրենց հանդիպած ամենահաշտ զույգի, իսկ մենք գնացինք՝ ուխտելով լռության մեջ շարունակել իրար ոսկորներ ու գլուխ ջարդելը։
Եթե ինձ այսօր հարցնեն, թե ինչու են մարդիկ սիրում ծեծով խոսել միմյանց հետ, ես կպատասխանեմ՝ որովհետեւ նամակներ չեն գրում իրար։
Այդ առիթով ես նրան սովորեցրի մեր լեզվի ուղղագրությունն ու կետադրությունը, ստիպեցի, որ կարդա իմ սիրած գրքերը, հրաժարվի բոլոր կոչականներից, որոնցով դիմել էր իր նախկին կանանց, սովորի կարողանա լսել իմ սիրած երաժշտությունը, որ, ընդհանուր առմամբ, հատած հույսի ու ցավի մասին էր։ Ես պահանջում էի, որ նա սովորի լռել։ Ես երեւի ուզում էի, որ նա մեռնի իմ սիրուց։ Կանացի սնապարծություն էր դա, թե արական սեռի նախնիներից հասարակ վրեժխնդրություն, դժվար է դատելը, որովհետեւ բոլոր այդ ցանակություններն ու սիրո անհսականալի վանդակն ինձ հիմա թվում են հեռվում եւ այնքան երազային, ինչքան տան տեսիլքը, որտեղ ես կամ մեծացել եմ, կամ կուզեի մեծանալ։
Նկարագրածից զատ՝ ինձ դուր էր գալիս, որ նա լացում է։ Լացում էր, երբ հերթական անգամ փորձում էի փախչել, երբ հերթական անգամ ասում էի, որ հոգնել եմ ու էլ չեմ սիրում իրեն, երբ ասում էի, որ մտքիս ուրիշը կա։ Լացում էր, երբ ես էի լացում, երբ որոշում էինք հանգիստ սիրել իրար։ Երբ համաձայնում էինք անջատվել։ Երբ լսում էինք ծովի ձայնը՝ հատակին պառկած՝ Կասիոպեային նայելիս ու խորհելով այն մասին, թե ինչու են իմ ոտքերն այդքան փոքր, իսկ իր մատներն այդքան երկար, թե ինչ գույնի աչքեր կունենան մեր երեխաները, եւ թե հատկապես ինչու ես համաձայնեցի հանդիպել իր հետ օգոստոսի ավարտը հուշող այն երեկոյին։
Ես չեմ կարող պնդել, թե մեզ չէր կապում սերը։ Ես միայն գիտեմ, որ սիրո ավելցուկից ես շնչահեղձ էի լինում։ Յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր սկիզբ ես արթնանում էի նույն սրտխառնոցից, բայց արդեն երկար էր, ինչ փսխել չէր ստացվում։ Սրտխառնոցը լավ հուշարար է, եթե ինքդ խելոք ես ականջ դնելու։ Եւ ես հոգնել էի միայն հյուսիսային կիսագնդի մերձարեւադարձում եկող այդ շոգ հուլիսներից, առավոտյան սուրճից, որ ինքն էր բերում ու նեղլիկ ոսկորները ցուցադրելով՝ պարում խիստ հիմար ու անհամ պարը, ես հոգնել էի այդ անկողնուց, որտեղ սիրո հազար ու մի գիշերը չլրացած իմ սիրելի Շահրիզադը էլ առնացի հնար չուներ ինձ հաճոյանալու։ Երեկոյան ես տխուր զննում էի նրա աստվածային գեղեցիկ դեմքը, որի ազդեցության ակնթարթային սարսուռի հուշը նույն ուժգնությամբ երկու տարի ինձ թույլ չտվեց թողնել իրեն էլ, հուլիսն էլ, մերձարեւադարձն էլ։ Ես զննում էի նրա աստվածային գեղեցիկ դեմքն ու ծովից սրտխառնոցի հոտ էի առնում։ Սրտխառնոցն ինձ կուլ էր տալիս ու մաս-մաս անում։ Գիշերը տենդում էի ու ավելի ամուր կպչում նրա աստվածային գեղեցիկ դեմքին։ Ուզում էի աչքերը հանել, որ ավելի պարզ տեսնի ինձ, ուզում էի մաշկը քերթել, որ ինձ զգալ կարողանա։ Ուզում էի, փաստորեն, որ ինձ հետ անկողինը կիսի ոչ թե ինքը՝ աստվածային գեղեցիկ դեմքով, այլ ես՝ այդքան կատարյալ, այդքան լուռ, այդքան ինձ սիրել իմացող։
Եւ ես գնացի հուլիսյան ամենաշոգ ծեգին՝ վերցնելով հետս երկու գիրք։
Առանց ուղեբեռ ճամփորդի բարդույթը տարօրինակ ազատության խաբկանք է ծնում։ Բոլոր գրկառնություններն այդու ինձ թվում էին հասանելի, բայց, ավաղ, դրանք ճաշակելու որեւէ ցանկություն չկար։ Սրտխառնոցս անցել էր, որովհետեւ հեռու էին այլեւս հյուսիսային կիսագնդի մերձարեւադարձը, հուլիսը, անկողինն այդ, որ անպատրաստ էր հազարմեկերորդ գիշերին։ Նրա մասին լուր չունեի․ միայն պատկերացնում էի՝ ինչպես է ջարդել ծանոթ-անծանոթների տան դռները, ինչպես է հասել անապատ ու ծարավից ուժասպառ ետ դարձել դեպի տուն։ Պատկերացնում էի՝ ինչպես է արտասվում՝ գրկած շորերս կամ հայհոյում ինձ՝ որեւէ պանդոկում լակելիս։
Բելլատրիստիկայից ես տրաքում եմ, ինչպես ցանկացած խելքը գլխին մարդ-արարած, բայց ազնիվ խոսք՝ բաժանման տառապանքն ու ցավը դեմքիս ազնվացնող գունատություն էին նվիրել։ Ինձ դուր էր գալիս մտածելը, թե այդ արագությամբ կհիշեմ սրտիս տեղը, եթե ի ծնե ախտորոշված արագ սրտխփոցը շատ ավելի շուտ չաներ իր գործը։ Ես հոգ էի տանում, որ մոռացության մշուշը նրա աստվածային գեղեցիկ դեմքը չառնի ինձնից, ես խնամում էի նրա նկատմամբ ունեցած բարկությունս ու հույս էի փայփայում, թե օրերից մի օր կհանդիպենք քաղաքային որեւէ սրճարանում, թեպետ ոչ մի սրճարան չէի ուզում մտնել։
Այնպես արագ է մոռացվում ցավը, երբ սերն էլ չկա։ Եւ այնպես հեշտ են տրվում կյանքի ձեւերի մասին նոր գիտելիքներ, երբ քո մաշկը լքել է նա, ում տեր-տիրական ինքդ էիր կարգել։ Մի քանի հարյուր նոր լուսաբացերն ու կրթություն-աշխատանքը այնքան ի զորու եղան իմ միջից ջնջելու մուշտակով Վեներային, ինչքան նրա բացակայությունը օգնեց ինձ բաց թողնել ինքնահնար մի ամբողջ էպոխա՝ մարմնապաշտության, կակղամորթության ու ստի անդուր նոտաներով։
Վերադարձը վերահաս է, որովհետեւ գնալիս մեզնից ոչ ոք ինքն իր հետ ազնիվ չէ։ Պետք է վերադառնաս՝ տեսնելու, հո, չե՞ն մեռել առանց քեզ, մի՞թե չեն մեռել առանց քեզ։ Ինչո՞ւ չեն մեռել առանց քեզ։ Մերձարեւադարձը նույնն էր, այլ էր միայն լույսի որակը, որովհետեւ հավանաբար սեպտեմբեր էր։ Ես աշխատում էի մնալ անտեսանելի, որովհետեւ ինձ զգում էի այդպիսինը։ Մեծանալը վատ է, եթե հակում ունես լռության մատնելու քեզ։ Սրտխառնոցը, փաստորեն, մետամորֆոզի ապոֆեոզում կոչվում է լռություն։ Արեւը, ինչպես միշտ, շատ էր, բայց դեմքիս ազնվական գունատությունը չէր անցնում։ Առհասարակ, ես այլեւս անճանաչելի էի այդ քաղաքում, ինչպես այն տան տեսիլքում, որտեղ կամ ծնվել էի, կամ հույս ունեի, թե կծնվեմ։ Ամիսներ շարունակ հոգ էի տանում, որ հանդիպման պահին մեղանչած անասունի պես աչքերս չկախեմ։ Եւս մի քանի ամիս հետո գոյությունն ընդունեց իրեն ներհատուկ ձեւերը։ Իմ լռությունն էր շատանում, դրսի՝ աղմուկը։
Մի պարապ երեկո ես այլեւս չկարողացա ապրել նույն սարսուռը, ինչ տարիներ առաջ։ Մի քիչ շփոթվեցի, որովհետեւ չաղացել էր․ մանրիկ ոսկորները կորել էին մսի տակ, իսկ աստվածային գեղեցիկ դեմքը ես գրեթե չճանաչեցի։
-Ինչպե՞ս է կյանքդ։ Դո՞ւ։
-Բավականին լավ, եթե չհաշվենք հիմարների կույտը, ում հետ ստիպված եմ աշխատել։
Ինձ հրավիրեց իր տուն։ Մաքուր էր։ Կնոջ ներկայություն վկայող ոչ մի հետք, իսկ կանայք արհեստավարժ են իրենց տարածքն անտեսանելիորեն ընդգծելու։ Պորտվեյն կար։ Ինչ-որ ճապոնական անիմե էր ուզում ինձ ցույց տալ։ Ես ընդամենը պորտվեյնի հետեւից էի գնացել։ Մեր մեջ եղած հեռավորությունը մեկուկես մետր էր․ դա ուղիղ համեմատական է օտարության ուրվականի ծավալին՝ բազմապատկած յոթ լուսնատարով։ Պորտվեյնն ավարտվեց։ Եւ երրորդ ֆիլմն էլ՝ հաշված անիմեից։ Որեւէ բառ չէր հնչել ծովից փչող սրտխառնոցահոտ օդում։ Ես զննում էի նրա աստվածային գեղեցիկ դեմքն ու փորձում հասկանալ՝ ինչո՞ւ չի մեռել․․․ առանց ինձ։ Հետո խնդրեցի, որ տաքսի կանչի․ արդեն մոտ էր արեւագալը։ Հրաժեշտին թեթեւ հպվեցինք այտերով, եւ ես մի վերջին անգամ ներս լռեցի միակ ինձ հայտնի ճշմարտությունը․ ես զզվում եմ շաքարով սուրճից։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *