Երեկոյան ու գիշերները Պետերբուրգում այլևս տներ չկան. կան վեցհարկանի քարե նավեր: Միայնակ վեցհարկանի աշխարհ որպես սուրում է նավը քարե ալիքների վրայով՝ մյուս վեցհարկանի միայնակ աշխարհների հետ. անհամար նավախցերի լույսերն է շողացնում նավը փողոցների ապստամբած օվկիանոսում: Եվ, իհարկե, նավախցերում բնակիչներ չեն. ուղևորներ են այնտեղ: Բոլորը ծանոթ-անծանոթ են իրար, բոլորը՝ գիշե- րային օվկիանոսի պաշարած վեցհարկանի հանրապետության քաղաքացիներ: N 40 քարե նավի ուղևորները երեկոները սուրում էին պետերբուրգյան օվկիանոսի այն մասով, որը քարտեզի վրա նշված է Լախտինի փողոց անունով: Օսիպը, նախկին շվեյցար, իսկ այժմ՝ քաղաքացի Մալաֆեև, կանգնած էր առջևի նավասանդուղքի մոտ եւ ակնոցի ապակիների միջով առաջ էր նայում՝ դեպի խավարը. ալիքները երբեմնակի մերթ մի ուղևորի, մերթ մյուսին էին մոտ քշում: Թաց, ձնակոլոլ մարդկանց խավարից դուրս էր քաշում քաղաքացի Մալաֆեևը եւ ակնոցը քթին շարժելով՝ յուրաքանչյուրի համար հարգանաց առանձնակի աստիճան կարգավորում. ավազանը, որտեղից հորդում էր մեծարանքը, բարդ մեխանիզմով կապված էր ակնոցի հետ: Ահա ակնոցը քթի ծայրին է, ծեր մանկավարժի հանգույն. սա՝ Պյոտր Պետրովիչ Մամային:
– Ձեզ, Պյո՛տր Պետրովիչ, ձեր տիկինն է ճաշի սպասում: Եկել էր այստեղ, շատ սրտնեղած էր: Ո՜նց եք էդքան ուշացել:
Հետո ակնոցը կիպ, պաշտպանողական նստում է թամբին. այն մեծաքիթն է՝ քսանհինգերորդից, ավտոմոբիլով: Մեծքթանու հետ շատ դժվար է. «պարոն ասել չի կարելի, «ընկեր՝ կարծես անհարմար է: Ոնց ասես, որ… – Հա՜, պարոն-ընկեր Մի՛լնիկ: Եղանակը ոնց որ, պարոն-ընկեր Մի՛լնիկ… դժվար է… Ու վերջապես՝ ակնոցը վեր, ճակատին. նավ է բարձրանում Ելիսեյ Ելիսեյիչը:
– Դե, փառք Աստծու: Բարեհաջո՞ղ է: Մուշտակը չե՞ք վախենում հանեն: Թույլ տվեք՝ թափ տամ… Ելիսեյ Ելիսեյիչը նավապետն է. տնային կառավարիչը: Ու Ելիսեյ Ելիսեյիչը մեկն է այն խոժոռ Ատլասներից, որ կորացած, տառապագին կնճռոտվելով, յոթանասուն տարի Միլիոննայա փողոցով տանում են Էրմիտաժի քիվը: Այսօր քիվն ակնհայտորեն սովորականից ծանր է: Ելիսեյ Ելիսեյիչի շունչը կտրվում էր.
– Բոլոր բնակարանները… Արագ… Ժողովի… Ակումբում… – Աստվա՜ծ իմ: Ելիսե՛յ Ելիսեյիչ, էլի բա՞ն է պատահել… դժվար է:
Բայց պատասխանի հարկ չկա. բավական է միայն նայել տառապագին կնճռոտված ճակատին, ծանրության տակ կքած ուսերին: Ու քաղաքացի Մալաֆեևը, վարպետորեն կառավարելով ակնոցը, վազեց բնակարաններով: Ահազանգի պես դռան թակոցն ասես հրեշտակապետի փողհարություն լիներ. գրկախառնությունները պաղում էին, թնդանոթաձգության ծխաքուլաների պես անշարժանում էին վեճերը, բերանի ճանապարհին կարկամում էր ապուրով գդալը: Ապուրը Պյոտր Պետրովիչ Մամայն էր ուտում: Ավելի ճիշտ, կինն էր խստավար կերակրում նրան: Վեհապանծ, ողորմած, բազմակուրծք, բուդդայակերպ՝ նա երկրային մարդուկին կերակրում էր իր արարած ապուրով.
– Դե՛, արագ, Պե՛տենկա, ապուրը կսառչի: Քանի անգամ ասեմ՝ չեմ սիրում, որ ճաշելիս գիրք են կարդում…
– Լա՛վ, Ալյո՛նկա, հիմա, հիմա… Ախր վեցերորդ հրատարակությունն է: Հասկանո՞ւմ ես.Բոգդանովիչի «Հոգյակը, վեցերորդ հրատարակություն: Տասներկու թվին, ֆրանսիացիների օրոք, ամբողջովին վառվել էր, ու բոլորը մտածում էին՝ միայն երեք օրինակ է պահպանվել… Բայց ահա չորրորդը, հասկանո՞ւմ ես: Երեկ Մերձքաղաքայինում գտա… 1917 թվի Մամայը գրքեր էր նվաճում: Տասնամյա մազախռիվ տղա էր և Աստծո կանոն էր ուսանում, ուրախանում գրչակոթերով, ու նրան կերակրում էր մայրը. քառասնամյա ճաղատ տղան ծառայում էր ապահովագրական ընկերությունում, ուրախանում էր գրքերով, ու նրան կերակրում էր կինը: Մի գդալ ապուր՝ զոհաբերություն Բուդդային, և երկրային մարդուկն արագ մոռանում էր նախախնամությունն ու նշանի մատանին ու քնքուշ տնտղում, շոյում յուրաքանչյուր տառը: «Ճշգրիտ առաջին հրատարակությունից… Գրաքննության կոմիտեի հավանությամբ…: Որքա՜ն ընկալելի, որքա՜ն սրտառուչ է հաստլիկ տոտիկներով այս «տե-ն…
– Լա՜վ, էլի՛, Պե՛տենկա, սա ի՞նչ բան է: Կանչում եմ, կանչում, գրքիցդ չես պոկվում… Խլացե՞լ ես, ինչ է, դուռն են թակում:
Պյոտր Պետրովիչը՝ թափով վազում է նախասենյակ: Դռան մեջ՝ ակնոցը քթի ծայրին.
– Ելիսեյ Ելիսեյիչն են կարգադրել՝ ժողովի՞: Արա՛գ:
– Խնդրե՜մ, հերիք է գիրքը ձեռքդ առնես… Էլի՞ ինչ է պատահել,- և արցունքներ կան ճաղատ տղայի ձայնի մեջ:
– Չեմ կարող իմանալ: Բայց՝ արագ…
Նավախցի դուռը շխկաց, ակնոցն առաջ անցավ… Նավի վրա ինչ-որ բան այն չէր. գուցե ընթացքից են շեղվել, գուցե անտեսանելի անցք կա նավամբարում, ու փողոցների զարհուրելի օվկիանոսն արդեն սպառնում է ներս խուժել: Ինչ-որ տեղ վերեւում, եւ՛ աջից, եւ՛ ձախից, տագնապալի է, մանրահատիկ դռներն են թմբկահարում, կիսախավար հարթակներին՝ խուլ, կիսաձայն խոսակցություններ, եւ աստիճաններով արագ վազող ներբանների թփթփոց՝ ներքեւ, ընդհանուր նավասենյակ, տնային ակումբ: Սվաղած երկինքն այնտեղ ամբողջովին ծածկված է ծխախոտի ծխի ամպրոպաբեր ամպերով: Ջեռուցված խեղդուկ լռություն, հազիվհազ՝ ինչ-որ մեկի շշուկը: Ելիսեյ Ելիսեյիչը զնգացրեց զանգակը, կռացավ, կնճռոտվեց,- լռության մեջ լսվեց` ինչպես ճռթճռթացին ուսերը,- բարձրացրեց անտեսանելի Էրմիտաժի քիվը ու փուլ ածեց գլուխների վրա, ներքեւ.
– Պարոնա՛յք: Հավաստի տեղեկություններով՝ այս գիշեր խուզարկություններ են լինելու: Գվվոց, աթոռների դղրդոց. ինչ-որ գնդակահարված գլուխներ, մատանիներով մատներ, գորտնուկներ, ժապավենակապեր, այտամորուսներ: Ու դեպի կորացած Ատլասը՝ ծխախոտիծխի ամպերի հեղեղը:
– Ո՜չ, սպասե՜ք: Մենք պարտավոր ենք…
– Ինչպե՜ս: Իսկ թղթի փողե՞րը:
– Ելիսե՛յ Ելիսեյիչ, առաջարկում եմ, որ դարպասը…
– Գրքերի մեջ, ամենաճիշտը՝ գրքերի մեջ… Ելիսեյ Ելիսեյիչը, կորացած, քարեղեն դիմակայեց հեղեղին: Եվ՝ Օսիպին, առանց գլուխը շրջելու (գուցե եւ շրջել չէր կարող). – Օսի՛պ, բակում ո՞վ է գիշերային հերթափոխի: Օսիպի մատը դանդաղ, լռության մեջ, ճանապարհ էր հարթում պատին կախած կարգացուցակի վրայով. մատը ոչ թե տառերն էր շարժում, այլ Մամայի ծանր գրապահարանները:
– Մ-ն է, քաղաքացի Մամայը, քաղաքացի Մալաֆեեւը:
– Լա՛վ: Վերցրեք ռեւոլվերները, ու եթե առանց թույլտվության գան… N 40 քարե նավը մրրիկի միջով սլանում էր Լախտինի փողոցով: Ճոճք էր, քամին սուլոցով խփում էր նավախցերի շողացող պատուհաններին, եւ ինչ-որ տեղ անտեսանելի անցք կա, եւ անհայտ է՝ նավը գիշերվա միջով կհասնի՞ առավոտի նավահանգիստ, թե ջրի տակ կանցնի: Արագ դատարկվող ընդհանուր նավասենյակում ուղեւորները կառչում էին քարեղեն-անշարժ նավապետից.
– Ելիսե՛յ Ելիսեյիչ, իսկ եթե գրպաննե՞րս դնենք: Հո չե՞ն…
– Ելիսե՛յ Ելիսեյիչ, իսկ եթե զուգարանում կախեմ, թղթի տեղ, հը՞:
Ուղևորները նավախցից նավախուց էին ծլկում եւ իրենց արտասովոր էին պահում նավախցերում. հատակին պառկած՝ ձեռքով տնտղում էին պահարանի տակ, սրբապիղծ նայում Լև Տոլստոյի գիպսե գլխի մեջ, շրջանակից հանում հիսուն տարի պատին անվրդով ժպտացող տատիկին: Երկրային մարդուկ Մամայը դեմառդեմ կանգնել Բուդդային եւ աչքերն էր թաքցնում ամենատես, դողէրոցք բերող հայացքից: Ձեռքերը կատարելապես օտար էին, անպիտան՝ պինգվինի կճատ թևիկներ: Ձեռքերը նրան խանգարում էին արդեն քառասուն տարի, ու եթե հիմա էլ չխանգարեին, գուցե հեշտ լիներ ասել այն, ինչ պետք էր ասել. եւ այնպես սարսափելի էր, այնքան աներեւակայելի…
– Չեմ հասկանում. դո՞ւ ինչից ես վախենում: Նույնիսկ քիթդ է սպիտակել: Մե՞զ ինչ: Մե՞նք ինչ հազարներ ունենք: Աստված գիտի, եթե Մամայն էլ ինչ-որ 1300 թվի այսպիսի օտար ձեռքեր ունենար, եւ այսպիսի գաղտնիք, եւ այսպիսի կին, գուցե այնպես վարվեր, ինչպես 1917 թվի Մամայը. ահեղ լռության մի անկյունում խզխզացրեց մուկը, 1917 թվի Մամայը ոտով-գլխով նետվեց այնտեղ ու, մկան ծակը մտած, դողաց.
– Ես… այսինքն մենք… Չոր… չորս հազար երկու հարյուր…
– Ի՜նչ: Դո՞ւ: Որտեղի՞ց:
– Ես… ես քիչ-քիչ ամեն օր… Վախենում էի քեզնից ամեն անգամ…
– Ի՜նչ: Ուրեմն, գողացե՞լ ես: Ուրեմն, խաբե՞լ ես ինձ: Իսկ ես, դժբախտս, մտածում էի. իմ Պետենկան որ հաստատ… Դժբա՜խտս:
– Բայց ես՝ գրքերի համար…
– Գիտե՜մ էդ ինչ փեշավոր գրքեր են: Լռի՜ր:
Տասը տարեկան Մամային մայրը միայն մի անգամ էր ծեծել, երբ պտտեց հենց նոր առած ինքնաեռի ծորակը. ջուրը լրիվ թափվեց, ծորակը պոկվեց ու տխուր կախեց քիթը: Ու հիմա, կյանքում երկրորդ անգամ, Մամայը զգաց, որ գլուխը սեղմված է մոր թևատակին, շալվարն իջեցրած, ու… Ու հանկարծ տղեկային խորամանկ հոտառությամբ զգաց, թե ինչպես կարելի է մոռանալ տխուր կախված ծորակը՝ չորս հազար երկու հարյուր: Խղճալի ձայնով.
– Բակում պիտի հերթապահեմ մինչեւ առավոտվա չորսը: Ռեվոլվերով: Ելիսեյ Ելիսեյիչն ասաց, եթե առանց թույլտվության գան…
Շանթարձակ Բուդդայի փոխարեն ակնթարթորեն՝ բազմակուրծք, սրտացավ մայր:
– Տե՜ր Աստված: Ի՞նչ է, դրանք բոլորը խելքները թռցրե՞լ են: Էդ լրիվ Ելիսեյ Ելիսեյիչն է անում: Տես, հա՜, հանկարծ մտքովդ չանցնի…
– Չէ՜, զուտ գրպանս կդնեմ: Մի՞թե կարող եմ: Ես ճանճ էլ… Եվ իսկապես. եթե Մամայի բաժակի մեջ ճանճ էր ընկնում, զգույշ բռնում էր, փչում վրան ու բաց թողնում. թռի՜: Չէ՛, դա սարսափելի չի: Այ չորս հազար երկու հարյո՜ւրը… Ու կրկինԲուդդան.
– Էս ի՜նչ պատիժ ես իմ գլխին: Լա՛վ, հիմա ուր ես պահելու քո էդ գողացած,- չէ՛, լռի՛ր, խնդրում եմ,- այո՛, գողացած…
Գրքերը, կրկնակոշիկները՝ նախասենյակում, զուգարանի թուղթը, ինքնաեռի խողովակը, Մամայի գդակի բամբակյա աստառը, երկնագույն ասպետով գորգը՝ ննջարանի պատին, կիսաբաց ու ձյունից դեռ թաց անձրևանոցը, սեղանին անփույթ գցած ծրարը՝ սոսնձած նամականիշով ու երևակայական ընկեր Գոլդեբաևի հստակ հասցեով… Չէ՛, վտանգավոր է… Ու, վերջապես, կեսգիշերին մոտ որոշվեց ամեն ինչ կառուցել նրբագույն հոգեբանական հաշվարկի վրա. որտեղ ասես կփնտրեն, միայն թե ոչ շեմին, իսկ շեմին մանրահատակի այ այն խորանարդիկը շարժվում է: Գրքահատ փոքրիկ դաշույնով հմտորեն բարձրացնել խորանարդիկը: Գողացած չորս հազարը («Չէ՛, լռի՛ր, խնդրում եմ, լռի՛րե)՝ բիսկվիթի յուղաթղթի մեջ (շեմատակին կարող է խոնավ լինել), ու չորս հազարը թաղված է խորանարդիկի տակ: N 40 նավը՝ ամբողջովին լարի պես պրկված, ոտքերի ծայրերին, շշուկով: Պատուհանները տենդագին շողում են դեպի փողոցների խավար օվկիանոսը, եւ հինգերորդ, երկրորդ, երրորդ հարկերում հետ են քաշվում վարագույրները, շողացող պատուհանի մեջ՝ մթին ուրվապատկեր: Ակնակույր խավար: Ասենք, երկու հոգի այնտեղ, բակում են, ու երբ սկսվի, լուր կտան…
Ժամը երեքն է: Բակում՝ լռություն: Հանկարծ՝ դարպասի գլխի լապտերների շուրջը սպիտակ ճանճեր, անվերջ, անհամար, ընկնում են, պտտվում պարսով, ընկնում են, վառվում, թափվում են ցած: Ներքեւում, ակնոցը քթի ծայրին, փիլիսոփայում էր քաղաքացի Մալաֆեևը.
– Ես խաղաղ մարդ եմ, բնական, իմ համար դժվար է էսպիսի չարության մեջ ապրելը: Մտածեցի, արի տուն գնամ՝ Օստաշկով: Տեղ եմ հասնում, միջազգային վիճակը ուղղակի անտանելի է. մաքուր գայլ են: Իսկ ես էդպես չեմ կարող. ես խաղաղ մարդ եմ… Խաղաղ մարդու ձեռքին ռևոլվեր է՝ վեց փամփուշտի մեջ խտացած վեց մահով:
– Իսկ ճապոնականին, Օսի՛պ, մարդ սպանե՞լ եք:
– Դե, պատերազմո՜ւմ: Պատերազմի ժամանակ՝ պարզ բան է:
– Իսկ սվինո՞վ ոնց:
– Ոնց-ոնց… Ձմերուկի նման. սկզբում դժվար է գնում՝ կեղեւ է, հետո՝ ոչինչ, շատ հանգիստ: Ձմերուկից ցուրտ է անցնում Մամայի մեջքով:
– Իսկ ե… Թեկուզ հիմա ինձ… ոչ մի դեպքում:
– Սպասե՜ք: Որ զոռ անեն, դուք էլ… Լուռ է: Սպիտակ ճանճեր՝ լապտերի շուրջը: Հանկարծ հեռվից՝ երկար մտրակի պես՝ հրացանի կրակոց, ու նորից լռություն, ու ճանճերը: Փառք Աստծու. ժամը չորսն է, հիմա արդեն չեն գա: Հիմա՝ հերթափոխ, ու՝ նավախուց, քնելու… Մամայի ննջարանում պատին երկնագույն վանդականախշ ասպետը բարձրացրել է երկնագույն սուրն ու քարացել. ասպետի աչքի առաջ մարդկային զոհաբերություն է կատարվում: Սպիտակ կտավե ամպերի վրա հանգչում է տիկին Մամայը՝ համընդգրկուն, բազմակուրծք, բուդդայակերպ: Նրա տեսքն ասում էր՝ այսօր ավարտեց աշխարհի արարումն ու խոստովանեց, որ ամեն ինչ շատ բարի է, եւ նույնիսկ այդ փոքրիկ մարդուկը, չնայած չորս հազար երկու հարյուրին: Փոքրիկ մարդուկը դատապարտված կանգնել էր մահճակալի կողքին. սառած, քթիկը կարմիր, ձեռքերը՝ կճատ, օտար, պինգվինի թևիկներ:
– Դե՛, արի՛, մո՛տ արի:
Երկնագոյն ասպետը փակեց աչքերը. պարզից էլ պարզ է, անտանելի պարզ՝ այ հիմա մարդուկը կխաչակնքի, առաջ կպարզի ձեռքերը,- եւ ինչպես գլխիվայր՝ ջուրը,- բը՜լթ…
N 40 նավը բարեհաջող անցավ փոթորկի միջով ու հասավ առավոտի նավահանգիստ: Ուղևորները հապճեպ հանում էին գործնական պորտֆելները, մթերազամբյուղները եւ Օսիպի ակնոցի տակով շտապում ափ. նավը միայն մինչեւ երեկո է նավահանգստում, հետո՝ կրկին օվկիանոս: Կորված Ելիսեյ Ելիսեյիչը Օսիպի մոտով տարավ անտեսանելի Էրմիտաժի քիվը ու վերից փլեց Օսիպի վրա.
– Այս գիշեր հաստատ խուզարկություն կլինի: Բոլորը տեղյակ լինեն: Մինչեւ գիշեր դեռ մի ամբողջ օր պիտի ապրեն: Եվ տարօրինակ, անծանոթ քաղաքում՝ Պետրոգրադում, մոլորված շրջում են ուղևորները: Ինչ-որ բանով նման եւ այնքան տարբեր Պետերբուրգից, որտեղից լողում են արդեն համարյա մեկ տարի եւ ուր հազիվ թե երբևէ վերադառնան: Տարօրինակ, գիշերվա ընթացքում կարկամած սառցաքարե ալիքներ՝ լեռներ ու փոսեր: Ինչ-որ անհայտ ցեղի ռազմիկներ՝ տարօրինակ քրջերով, զենքը լարաններով կախած թիկունքին: Օտար սովորույթ՝ հյուր գնալ գիշերակացի. գիշերը փողոցներում՝ վալտերսքոթյան ռոբ-ռոյ: Իսկ այստեղ՝ Մերձքաղաքում՝ ձյան մեջ խարկված արյան կաթիլներ… Չէ՛, Պետերբուրգը չի: Անծանոթ Մերձքաղաքով մոլորված դեգերում էր Մամայը: Պինգվինի թեւիկները խանգարում էին, գլուխը կախվել էր ինքնաեռի պոկված ծորակի պես, ձախ մաշված կրունկին՝ ձյունե թզանշան, տառապանք է ամեն քայլը: Ու հանկարծ գլուխը ցնցվեց, բարձրացավ, ոտքերը քսանհինգամյա վարգեցին, այտերին՝ կակաչներ. պատուհանից Մամային ժպտում էր…
– Հեյ, բացբերա՛ն, ճամփա տուր,- դիմացից, ուղիղ վրան էին գալիս, կարմրամռութ, հսկա պարկերով:
Մամայը հետ թռավ՝ աչքը պատուհանից չկտրելով, ու հենց անցան, նորից՝ դեպի պատուհանը. այնտեղից նրան ժպտում էր… «Հա՜, հանուն սրա եւ՛ կգողանաս, եւ՛ կխաբես, եւ՛ ամեն ինչե: Պատուհանից, գայթակղիչ պառկած, հեշտագին ժպտում էր եկատերինյան ժամանակների «Սանկտ Պետերբուրգի դիտարժանությունների նկարագրական պատկերումե գիրքը: Եվ անփույթ շարժումով, կանացի խորամանկությամբ թույլ տվեց ներսը նայել՝ երկու ձիգ կորված, երկնագույն-մարմարյա էջերի տաք բլրամեջը: Մամայը քսանհինգամյա սիրահար էր: Ամեն օր գնում էր Մերձքաղաք և աչքերով սերենադներ երգում պատուհանի տակ: Գիշերները չէր քնում ու խաբում էր իրեն. իբր չի քնում, որովհետև հատակի տակ ինչ-որ տեղ բանում է մուկը: Առավոտները դուրս էր գալիս տնից, և ամեն առավոտ շեմատակի խորանարդիկը անուշ ծակում էր մեխի նման. խորանարդիկի տակ Մամայի երջանկությունն էր, այնքան մոտ, այնպես հեռու: Բայց հիմա, երբ չորս հազար երկուհարյուրի գործը բացվել էր, հիմա՞ ինչպես: Չորրորդ օրը, թպրտացող ճնճղուկ սիրտը բուռն առած, Մամայը մտավ Մերձքաղաքի այդ դռնից ներս: Վաճառասեղանի ետեւը ճերմակամորուս, թավահոն Չեռնոմորն էր, ու գիրքը՝ նրա գերին: Մամայի մեջ արթնացավ ռազմատենչ նախնին. Մամայը համարձակ գնաց Չեռնոմորի վրա:
– Հա՜, պարոն Մամայ, վաղո՜ւց… Ձեզ համար մի բան եմ պահել:
Ճնճղուկն ավելի ամուր սեղմած՝ Մամայը թերթում, սուտ սիրով շոյում էր գրքերը, բայց մեջքով էր ապրում. թիկունքում, ցուցափեղկին ժպտում էր նա: Դեղնած, 1835 թվականի «Աստղադիտակնե ընտրելով՝ երկար սակարկեց Մամայն ու անհույս թափ տվեց ձեռքը: Հետո, աղվեսի պտույտներ տալով դարակների շուրջը, հասավ պատուհանի մոտ եւ իմիջիայլոց ասաց.
– Իսկ սա՞ ինչ արժի: Ճնճղուկը դուրս պրծավ. բռնի՛, բռնի՛:
Չեռնոմորը մատներով քրքրեց մորուքը.
– Ինչ ասեմ, սկզբի համար… ձեզանից՝ հարյուր հիսուն:
– Հը՛մ… Թերեւս… (Ուռա՜: Զանգե՜ր: Թնդանոթնե՜ր): Ինչ կա որ, թերեւս… Վաղը կբերեմ փողն ու կվերցնեմ:
Հիմա՝ ամենասարսափելին. շեմատակի խորանարդիկը: Գիշերը Մա- մայը տապակվում էր ածուխների վրա. պետք է, չի կարելի, կարելի է, աներևակայելի է, կարելի է, չի կարելի, պետք է… Ամենատես, ողորմած, ահեղ՝ նշանի մատանիով նախախնամությունը թեյ էր խմում:
– Թեյ խմի՛, Պե՛տենկա: Ինչի՞ ես մի տեսակ… Էլի չե՞ս քնել:
– Հա՜: Մը…մկները… չգիտեմ…
– Հանգիստ թող թաշկինակդ, մի ոլորի: Ի՞նչ է կատարվում, իսկապես:
– Չէ՛… Չեմ ոլորում…
Եվ ահա, վերջապես, բաժակը խմված է. բաժակ չէր, անտակ, քառասուն դույլանոց տակառ էր: Բուդդան խոհանոցում զոհաբերություն է ընդունում խոհարարուհուց: Մամայը առանձնասենյակում մենակ է: Մամայը ծնգաց, ինչպես ժամացույցը տասներկուսը խփելուց առաջ: Օդ կուլ տվեց, ականջ դրեց, ոտնածայրերին՝ դեպի գրասեղանը. այնտեղ գրքահատ դաշույնիկն է: Հետո տենդահար թզուկի պես կծկվեց շեմին, ճաղատին՝ սառցե ցող, դաշույնիկը խրեց խորանարդի տակ, քչփորեց, ու… հուսահատ ոռնոց: Ոռնոցի վրա Բուդդան դղրդոցով վրա վազեց խոհանոցից ու ոտքերի տակ տեսավ՝ դդմագլուխ ճաղատ, տակը՝ կծկված թզուկ՝ դաշույնը ձեռքին, իսկ ավելի ներքեւ՝ մանրած թղթե փշրունք:
– Չորս հազարը՝ մկները… Ահա՛, ահա՛… Ահա՜ մուկը…
Դաժան, անողոք, ինչպես 1300 եսիմ որ թվի Մամայ, 1917թվի Մամայը ելավ տեղից ու սուրը ձեռքին նետվեց դեպի դռան անկյունը, ուր խրկվել էր խորանարդի տակից դուրս պրծած մուկը: Եվ արնախում Մամայը սրով մեխեց թշնամուն: Ձմերուկ. մի պահ ձիգ է գնում՝ կեղևը, հետո թեթեւ՝ պտղամիս, ու՝ կա՛նգ առ. մանրահատակի խորանարդիկը, վե՛րջ:
Թարգմանությունը ռուսերենից` Ներսես Աթաբեկյանի