Հարգելի ընկերներ, գործընկերներ,
համերկրացիներ, սփյուռքահայ բարեկամներ,
սիրով հրավիրվում եք մասնակցելու
ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
բանաստեղծական (ԵՐԳԵՐ ԵՎ ՀԵՎՔԵՐ) եւ
արձակ (ՓՈՐՁԵՐ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
ժողովածուների շնորհանդեսին,
որը տեղի կունենա
ս.թ. օգոստոսի 6-ին, ժամը 14:00-ին
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ,
Հասցե՝ Երեւան, Մաշտոցի պողոտա, 58 շենք,
Մատենադարանի հարեւանությամբ
ԱՀԱՎԱՍԻ՛Կ ՄԱՐԴԸ
Գիշերը՝ հավերժին անձնատուր, խորհրդածելու համար է, ցերեկը՝ ժամանակի գետի բերանն ընկած, հոսանքին համընթաց շարժվելու: Միտքը՝ զգացողությունների ու հույզերի անբռնազբոս ինքնածավալումը արգելափակող միջոց: Կամքը՝ մտավոր անբավարարությունը թաքցնելու զգացական ակտ: Սերը՝ մտքի արգելանքին ընդդիմացող հուզախախտ անհավասարակշռության ակամա հոգեվիճակ: Ազատությունը շրջապատին ինքնապարտադրվելուց կամավոր հրաժարում: Սա՛ է մարդը. ինքնապարտադրման հուզախախտ ընթացքը մտքի սիրահոժար ընդհատական ջրերում համահավասարակշռող անպարտադիր կամարտահայտություն:
Երբ մենք խոսում ենք կամ գործում, մենք տարրալուծվում ենք ամբողջի փոխբացառող բաղադրիչների մեջ…
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ մենք ապրում ենք գոյություն ունեցող հնարավոր աշխարհներից լավագույնում: Տրամաբանենք. Եթե ճիշտ են արարչագործության մասին աստվածաշնչյան կամ միջագետքյան ծագման երկրակենտրոն առասպելները, արարիչ Աստվածը ստեղծեց երկինքն ու երկիրը՝ միաժամանակ, ինչ-որ ջրեր միախառնեց, ինչ-ինչ բաժանումներ կատարեց, մի խոսքով՝ ոչնչից ինչ որ բան հղացավ: Տիեզերքի կենտրոնում զետեղեց երկիրը, որը նախապես տափակ էր ու ջրառատ և, հետևաբար, սակավացամաք: Հետո ջրերը քաշվեցին (ասել կուզի գետնի տակ անցան) ու լեռնագոյացումների ստորոտներին հովիտներ, դաշտեր ու մարգագետիններ հայտնվեցին, ապա և՝ խորխորատներ, իջվածքներ և ևս ինչ-ինչ այլազան բազմահարկ անհարթություններ: Ենթակառուցվածքների իսպառ բացակայություն էր տիրում, դե քանի որ մա՛րդ չկար: Ստեղծելով մարդուն՝ ըստ իր հայելային արտապատկերի ու նմանության, դե քանի որ բաղդադելու ոչ այլ ինչ կար, նրան տեղակայեց դրախտի այգում, մանավանդ որ այգին անբնակ էր կամ նոսր ու ծանծաղ էր բնակեցված…. Եվ այսպես մինչև մեր օրերը՝ բազմացում ու բազմազանություն եղավ և մարդ արարածը իրենով լցրեց ողջ մայրցամաքը՝ առավել կամ նվազ խտությամբ: Մեզ՝ հայերիս, ի սկզբանե բաժին ընկավ լեռնակուտակ այն անդաստանը, որի հյուսիս-արևելյան լանջին այսօր էլ դեռ շարունակում ենք ապրել, սերնդեսերունդ, առանց ընդհատումների, միով բանիվ՝ անընդհատ, և որ ամենակարևորն է՝ երջանկավետ թմբիրին անձնատուր: Եվ հետևաբար, տպավորությունն այնպիսին է, որ մենք՝ հայերս, ապրում ենք գոյություն ունեցող հնարավոր աշխարհներից լավագույնում, դե քանի որ ուրիշ տեղ, ըստ հավաստի լուրերի, մենք պարզապես չկանք:
ԳԼԽԱՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԸ
Ամեն ինչում և ամենուր առաջինը լինելու մարմաջը մեզ՝ հայերիս էլ է պատել: Նախամարդուց մինչև առաջին որսորդը, առաջին տավարածից մինչև առաջին հողագործը, առաջին քրիստոնյան ու առաջին աստվածամարտը, մարդկության գլխով անցած տարատեսակ դժբախտությունների առաջատարն ու անհայտն ու նորն ընդունելու առաջամարտիկը, առաջինը ոգևորվողն ու հիասթափվողը, ինքնամեծարն ու ինքնամերժը, օտարասերն ու օտարատյացը, հավատարիմն ու անհնազանդը, սիրակարոտն ու սիրահոժարը, երկայնամիտն ու ծանծաղիմացը, անշահախնդիր վաճառաշահը, հավերժակրկիտ պատեհապաշտը, դավին անտարբեր՝ քաջատեղյակը, հոգսի տակ կքած՝ աշխարհաթողը, մամոնայապաշտ ազգայնամոլը և կրոնախև աշխահականը: Բայց մեր աշխարհագրական դիրքը մի տեսակ բարեհարմար չէ մեր առաջնամուղ կիրքը բավարարելու համար: Բնակլիմայական պայմաններն էլ անբարեխառն են ու խայտաճամուկ: Ամառը տապ է ու ձմեռը բուք, մեկը՝ նսեմ ու մյուսը՝ վսեմ: Միտքը պայծառ է, սիրտը կայտառ է ու խիղճը՝ մաքուր, բայց խղճմտանքը սրդողած է հույժ: Ուժ կա, կորով կա, բայց գործադրման թիրախն է խաբուսիկ ու հեղհեղուկ: Սեր կա, կարոտ կա ու հոգի կա լիուլի, բայց ինչ որ չի կպչում, չի կանչում, չի կցվում բավականաչափ: Բանը մարմին չի դառնում ու միտքը գործ: Խինդն ու կսկիծը նույն դեմքն ունեն: Լավն ու վատը, բարին ու չարը միախառնվել են ու դարձել գուղձ: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Ոտքի տակի հողը դողում է: Կուրծքը ուռչում է ու փուքսը թողնում: Մեջքն ու որովայնը՝ իրար կիպ գրկած: Կաշի ու ոսկոր: Միս ու արյուն: Սիրտը տագնապած է, խիղճը տանջում է, ստամոքսը վնգստում է, որկորն անհագ է ու ձայնը՝ հագագ… Բայց միասնության գործը գլուխ չի գալիս: Առաջինը՝ մենք, առաջնամարտիկ ու նախավկա, առաջնահերթություն, տեառնընդառաջ, առաջանցիկ ու առաջընթաց, օ՜ն, անդր, հառա՜ջ… Մարմնի մասերը անխափան չեն գործում, մի բան այն չէ: Միտքը գործողությունից է բխեցվում ու գրպանի պարունակությամբ չափվում: Տաճարի վաճառականները ստանձնել են հոգևոր կարիքների կառավարման ղեկը: Հոգու սպասավորները պարարտացնում են անցավոր մարմինը: Համեստությանը պատերազմ է հայտարարված, նույնպես և ողջամտությանը: Առաջիններին սպառնում է վերջինը դառնալու անեծքը, իսկ վերջինները առաջնությունը խլելու մրցավազքի են ելել: Շրջված պատկեր է… Ծուռ հայելի… Ծռազատիկ… Ծուռ-ծուռ հայացք… Ծուռ ու տեղախախտ… Այլևս կարծես նոր հենման կետի խնդիր է դրված: Կզորե՞նք, արդյո՛ք, ուժ գտնել մեր մեջ, բավականաչափ: Հարցն այնքան փիլիսոփայական չէ, որքան որ մրցակցային ու արժանապատվության դաշտից…
ԱՐՏԱՔԻՆ ԿՅԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ
Ամեն ինչ հերթով: Նախ՝ կորուստների մասին, հետո՝ ունեցածի, և վերջում՝ այն մասին, թե ի՞նչ կարող ենք և պե՛տք է ունենանք՝ աշխարհի քարտեզին մեր համեստագույն տեղը պահպանելու համար: Իսկ կորցրել ենք երկնահայեցության ջիղը, պատվախնդրության առաքինությունը, կորուստներն ընդունելու քաջությունը, այժմ ունենք այն, ինչ ունենք՝ կորուստները հետ բերելու և վերակերտումի գրեթե անհնարինության գիտակցումը, իսկ ձեռք բերենք պիտի վերապրումի հնարավորման իրականահեն համերաշխիքը: Ազգային արժեհամակարգի և հայեցի հոգեկերտվածքի առասպելը հօդս ցնդեց այն նույն պահին, երբ կապիտալի կուտակման գլխապատառ մրցավազքին ընդառաջ՝ ամեն գնով և միջոցների հարցում խտրականություն չդնելու հայտարարագրված խաղի կանոնները ի բաց արձակեցին հայ մարդու մեջ ժամանակավորապես ննջող բնազդային կապանքները՝ սկզբում ազգային բացառիկության, ապա և ազգերի ընտանիքի շարքային անդամը լինելու քարոզչական հնարքների գործադրմամբ:
Հայկական բարձրավանդակում և Փոքր Ասիայում ցրված հայերիս ազգային պետություն կերտելուն միտված, փոփոխական հաջողություններով ուղեկցվող, բայց, մեծ հաշվով, ձախողված շարժումները լավագույն ապացույցն են, որ առանց արտաքին կյանքի միասնականության՝ նույնիսկ ուժեղագույն ցեղային գիտակցությունը չի կարող փոխարինել պետության կազմավորման համար անհրաժեշտ փոխհանդուրժողության, որ նույնն է, թե՝ տվյալ պետականակազմիչ հանրույթը բաղադրող առանձնյակների սեփական անձի հետ հաշտ լինելու տարրական սկզբնահիմքին: Մենք անհաշտ ենք ինքներս մեզ հետ, ասել է, թե՝ ամբողջականության անդառնալի կորուստ ենք ունեցել, սրտի ու ստամոքսի տեղը, ճիշտ է, շատ լավ գիտենք, բայց խղճմտանքի ու բնականության բաղկացուցիչներն ենք անդառնալի կորստյան մատնել: Հավատից ընկել ենք, Աստծո հետ հավասարը հավասարի պես ենք հարաբերվում, աշխարհն ուրացել ենք և երջանկավետ ու հեշտագին ինքնախաբկանքին անձնատուր եղել: Այնքա՛ն ենք բերկրել մեր հայ լինելու հանգամանքից, որ մարդ լինելու նախապայմանից ենք հրաժարվել, բոլորս անխտի՛ր և առանց բացառության: Ազատությունը, երջանկությունը, համերաշխությունը, սերը սահմանափակ գործածականության դաշտում են լոկ մեզանում հնարավոր, և ուրիշներին բաժին հանվող այդ բարիքները դրանցից օգտվելու մեր խաղադաշտն են նեղացնում, այլև սղում, փոխանակ առավել ևս այն ընդարձակելու, ինչը հատկանշական է այլ ազգերին: Մենք ինքնախոստովանանքի քաջությունը չունենք, ինչը պարտադիր պայման է կենսապնդիչ ու կենարար հավատի՝ առ Աստված և սեփական ուժերի հանդեպ՝ անհատական ու հավաքական: Մեզ երևի թե հարկ կլինի ամեն ինչ սկզբից սկսել՝ մարդակերտումից, մարդու ու մարդու առերեսումից, մարդու մեջ մարդու հայտնաբերումից, և ձեռնամուխ լինել վերստին հեծանիվ հորինելու ժամկետանց, բայց ճարահատ գիտափորձին:
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ
Երբ ասվում է՝ ստի ոտքերը կարճ են, սա ինքնաբերաբար նշանակում է, որ ճշմարտության ձեռքերը երկար են: Նույն երկրաչափությունն է գործում նաև կյանքի ու մահվան պարագայում: Մահը իր երկար ձեռքով կտրում է կյանքի գաճաճ ոտքը, և ամեն ինչ ընկնում է իր տեղը. հավերժող ամբողջությունը իր գիրկն է ընկլուզում իրենից ժամանակավորապես արտազատված առանձնյակներին, մի խոսքով՝ ճշմարտությունը հաղթում է ստին, ճիշտը կեղծին, իրականը կարծեցյալին, բարին չարին: Քանզի հանդերձյալ աշխարհը մեզ՝ երևակայածին բնազանցներիս, միանգամայն գերազանցող, այլև ուղղորդող ուժ է:
ՄԱՐԴԸ ԸՆԴՈՒՆԱԿ Է ԱՄԵՆ ԻՆՉԻ, ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՎԻՆ
Այսօր քչերն են ապրում իրենց կյանքը, շատերն ապրում են ի հաշիվ մյուսների՝ յուրային կամ օտար, ոմանք էլ՝ բացառապես ուրիշների և առհասարակ բոլորի հաշվին… Կան որ մարդ են ինքնակա ու ինքնաբավ, կան որ տզրուկ են և կամ մարդախոշոշ, արյունարբու գազան: Մարդիկ հիմնականում աշխարհ են գալիս, տուն-տեղ դնում, կրթություն ստանում, այսուայսքան վարձավճարով դասավորում իրենց կյանքն ու հոգում անձնական պետքերը, և եթե ընտանիքավորված են՝ առտնին կարիքները զուտ գործի գցված մրցավազքից դուրս չմնալու սիրույն:
Մենք մեզ հրճվում ու զվարճանում ենք,
երբ ճանաչում ենք աշխարհը մեր մեջ,
մեզնից դուրս մենք մեզ դավաճանում ենք
և օտարում ենք ինչ ունենք-չունենք:
Աշխարհից ու շրջապատից ստացած նախաճանաչողությունը, տպավորություններն ու փորձը մարդս տարիների հետ, հընթացս վերադարձնում է այդ նույն աշխարհին ու շրջապատին, բայց արդեն իբրև սեփական պատկերացումներ, համոզմունք, գաղափարներ ու ճաշակ: Կան որ սեփական տեսիլապատկերները հարմարեցնում են աշխարհին, որպեսզի ապրելն ավելի հեշտ լինի, այլև հնարավոր, և կան որ ինքնապարտադրվում են, ձգտելով աշխարհն իրենց վրայով ձևել: Ընդսմին՝ երկու դեպքում էլ, հավասարապես, հնարավոր է և՛ հաջողել և՛ ձախողել: Ինչու՞, որովհետև ամրակուռ աշխարհը՝ որքան էլ կաղապարված, բայց նաև երևութական է ու առաձգական, և կարող է, ինչպես Ֆրիկը կասեր, մեկին հարամն հաջողի, մեկին հալալն կորուսի: Սեփական ինքնահաստատման ճանապարհը հարթելու համար մարդիկ գերազանցապես առաջնորդվում են ընդունված, կաղապարված, ծեծված, մի խոսքով՝ ամրակուռ պատկերացումներով, զորօրինակ, որ պետք չէ նոր հեծանիվ հորինել (չնայած, որ հեծանիվ հասկացությունը և բառն ինքնին, գոնե մեզանում, մի հարյուր տարվա պատմություն ունի), կամ չի կարելի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել (կամ Լյութերից ավելի լյութերական ու ավետարանապաշտներից ավելի ավետարանական) կամ Գրիգորից ավելի Լուսավորիչ և հայից ավելի առաքելական, և դա զուտ այն պատճառով, որ կյանքի նպատակները և դրանց հասնելու ձևերն ու եղանակները հիմնականում նույնանման են՝ չնչին բացառություներով հանդերձ. ընտանիք, աշխատանք, զվարճություններ, վայելք, հոգեկան բավարարվածություն, վաստակած հանգիստ: Բայց արի ու տե՛ս, որ բոլոր ներկա ու բացակա ժամանակների համար շատ ավելի դիպուկ ձևակերպումն է՝ ի՛նչը կարելի է Զևսին, չի՛ կարելի եզին: Եվ սա ճիշտ է այնքանով, որքանով մարդկության ճնշող մեծամասնությանը համակած նպատակին հասնելու միջինացված գերագույն թիրախը փողի, դրամական միջոցների որոշակի քանակն է՝ հանուն և ի պետս հարմարավետության, ցանկալի է՝ ճոխության եզրագծին սահմանակցող ու դեռ մի բան էլ դենը, անդրենական մարմաջ: Ավելի քչերը, նյութական միջոցներից բացի, հակված և համակված են նաև իրենց նմանների հանդեպ իշխանություն բանեցնելու, սեփական անձի հանրահռչակման, ոմանք էլ իշխանական լծակների չարաշահման սևեռուն մոլուցքով, է՛լ չասած, որ շատուշատ օրինազանցներ էլ կան, որոնք էլ իրենց մանրումեծ ծառայություններն են մատուցում այդ քչերին, ովքեր օրենքը շրջանցում են ո՛չ այնքան իրենց բնածին հոգեկերտվածքից մղվելով, որքան որ մի կտոր հացի տիրանալու կենցաղվարական բնույթի փիլիսոփայական հիմնավորումներով. «Ինչ կանես արա՛, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս» Պ.Պ.:
Մի խոսքով՝ մարդկային հասարակությունում ամեն ինչ իր ավանդական հունով է ընթանում, իսկ մնացյալ փոթազարդերը՝ ազնիվն ու լավը, նույն ինքը գովաբանյալ բարեգործության ոլորտից են:
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Խոշոր հաշվով գոյություն ունի մարդու երեք տեսակ՝ մարդ իր համար, մարդ ուրիշի համար և ինքնին մարդ և ևս մի այդքան էլ անցումային պատվաստուկներ: Մարդու, պայմանականորեն ասած, առաջին տեսակը՝ իր նմանների հանդեպ իշխանություն բանեցնող, շրջապատին ինքնապարտադրվող մարդն է, երկրորդը՝ հասարակական սանդուխքով բարձրանալ ձգտող, ընդսմին՝ ծառայամիտ, ինքնաստորադասվող մարդը, երրորդը՝ բնության օրենքներով ապրող, ըստ էության կրավորական, ժուժկալ, հարմարվողական, հասարակական եռուզեռից ինքզինքը դուրս դրած հայեցողական մարդը: Բայց կա նաև մարդու չորրորդ տեսակը՝ աստվածային կայծն իր մեջ կրող և ըստ այդմ՝ ընդվզող, հեղափոխական մարդը, ով համակված է աշխարհը և իր շրջապատը փոխելու և մարդուն առհավական ամբողջին հաղորդակից ու մասնակից դարձնելու առերևույթ կործանարար, բայց ի սկզբանե աստվածապարգև մոլուցքով, որի դեմ, սակայն, միասնական ճակատ կազմած, անողոք կռիվ են տալիս բնապատմական զարգացման՝ էվոլյուցիայի արդյունքում ինքնահռչակված մարդկային երեք հիմնատիպերը՝ մեկը ուժային դաշտում, երկրորդը՝ ապագաղափարական, երրորդը՝ բարոյա-խրատական: Եվ չնայած եռաչափ աշխարհի համաբանությամբ ինքնակազմակերպված մարդկային երեք հիմնատեսակներից ստացած ծանրագույն հարվածներին՝ մարդուս, ինչպես և հավաքական մարդկության հոգեմտավոր կյանքի առաջընթացն ապահովվում ու իրագործվում է հենց ա՛յս, բոլորի կողմից անհանդուրժելի, ընդվզող տեսակի ինքնազոհողության գնով՝ լինի դա հոգևոր, գիտատեխնիկական, արդյունաբերական կամ մեկ այլ մարզում: Այդ նույն՝ վտանգավորության սահմանին խաղարկվող ինքնազոհողության վրա է խարսխված նաև գոյության ընդարմացնող թմբիրին ընդդիմացող առանձնաշնորհյալ հայրենիքների հարատևման բուն իսկ առեղծվածը:
ՀԱՆՈՒՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
Լիարժեք հայը բարոյական, սրտացավ հայն է, նա, որ ուրախանում է մյուսների հաջողություններով, ով ո՛չ միայն չի խոչընդոտում իր ազգակցի անհատական, համայնական ու մասնագիտական կյանքի կազմակերպմանը, կարճ ասած՝ կայացմանը, այլև իր ուժերի ներածի չափով, անձնապես և հասարակապետական կառավարման ընձեռած հնարավորությունների շրջանակներում, նպաստում ու արդյունավորում է ամեն կոնկրետ անձի առաջընթաց ինքնադրսևորմանը: Ընդսմին՝ ազգային ինքնության հիմնարար կոչվող չափորոշիչները՝ էթնիկ ծագում, ընդհանուր հայրենիքի գաղափար, լեզու, պատմություն, մշակութային ժառանգություն, կրոն, գենոտիպ, արյունակցություն և այլն, ընդամենը կողմնարդյունք են և ածանցյալ նշանակություն ունեն ազգային ինքնության հաստատագրման առումով: Դրանցից մեկի կամ մյուսի բացակայությունը պատճառ չէ տվյալ անձին ընդհանուր երամից դուրս թողնելու համար: Իսկ բարոյականություն ասվածը թեև հանելուկ է, բայց ո՛չ անլուծելի առեղծված: Դա շատ հեշտ է պարզել. Նրանք, որ նախանձախնդիր են սեփական հասարակապետական կառույցի շրջանակներում ներհամայնքային, հանրային կյանքի կազմակերպմամբ, առաջընթացը խոչընդոտող առկա խնդիրների վերհանմամբ, մրցակից ազգերի ու պետությունների հետ փոխհարաբերություններում շահագրգիռ ու ներգործուն դերակատարության ստանձմամբ, մի խոսքով՝ սեփական հաջողությունների ու ձախողումների անաչառ, քննական վերաիմաստավորմամբ ու հանուն երջանիկ ապագայի կերպափոխվելու պատրաստակամությամբ, այդպիսիք բարոյական ու սրտացավ հայեր են: Սա՛ է այս հանելուկի լուծման բանալին: Այստեղ լուծման կարոտ առեղծվածն այն է, որ չափորոշիչների սահմանման հարցում դեռևս կարիքը կա Հանուր Հայության Հատուկ Հավատո Հանգանակի ընդունման, որի հիմնակաղապարը պետք է խարսխված լինի հետևյալ հինգ գերպարտադիր դրույթների վրա. Ա. վաճառականներին հեռու պահել երկրի կառավարման ղեկից,
Բ. փառամոլներին պարտադիր ձրի բուժման տալ, Գ. հարստության կուտակման անհագուրդ մոլուցքով վարակվածներին ախտահարել, Դ. սեփական անլիարժեքության բարդույթով տառապողներին ցույց տալ հավերժի հետ առնչակցության ճշմարիտ ճանապարհը, Ե. իսկ մնացածներին և բոլորին առհասարակ առերեսել կյանքի ու մահվան, որ է՝ սերունդների հերթափոխի սրբազան խորհուրդի հետ:
shat lav xosqer en!!!!1