-Է՜,-ակնոցի տակից ժամացույցին նայեց Վրեժը, շարունակեց գործը:
Երկար ձգվող «է՜»-ն տարբեր ինտոնավորմամբ շատ բան է ասում Վրեժի «բառարանով». Լիլիթը գիտի «է՜»-երի մեկ տասնյակից ավելի տարատեսակ` իրարից տարբեր ու իրար հակասող իմաստներով…
– Զանգել եմ, կհասնի քիչ հետո:
Վրեժն անգամ աչքը չթարթեց, – նշականում է խոսակցությունն ավարտված է:
Ժենյայի տուն գնալու ժամն էր, սրճարանի տիրոջ լարվածությունը տեսնելով ոտքը կախ էր գցում, վերջապես հարցրեց.
– Կարո°ղ եմ գնալ:
Վրեժը ձեռքով նշան արեց, որ աշխատողն ազատ է: Հետո թարս նայեց կնոջը, այս անգամ ուրիշ «է»՜ երկարեց: Հնչյունի պոչիկը վեր բարձրացավ, շրջանագծով պտտվեց լուսամփոփի կաթնագույն լամպի շուրջն ու հետ եկավ մեխվեց Լիլիթի առաջ. իբր` Սառչկան էլ գնաց, աղջիկդ դեռ չի եկել…
Սառչկան` նույն ինքը Ժենյան, Օդեսսայից է ու չնայած միայն մանկության մեկ, թե երկու տարին է այնտեղ բնակվել` իրեն հպարտորեն համարում է այդ քաղաքի կոլորիտի կրողը. Վրեժն էլ անունը կնքեց Սառչկա ու Օդեսսան մտավ իսպանական արվարձանի հայկական փոքրիկ Բար-ռեստորանը: Անեկդոտ պատմելու ժամանակ չկա, այնպես որ Օդեսսան այնքանով է ներկա ու ակտուալ Բարում, որքան գարեջրի բաժակ է հավաքվում ֆուտբոլի խաղից հետո:
Ֆուտբոլի օրերին ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա: Այս օրերին հատկապես, Սառչկան աշխատում է հանկարծ որևէ բացթողում չանել, վազվզում է սրահով` գարեջրի բաժակները ձեռքին ու րոպեն մեկ կրկնում.
– Հա՛, շեֆ ջան,- այդքանը հայերեն յուրացրել է, երբեմն նույնիսկ ինտոնացիայից հասկանում է հայերեն խոսքն ու իր կոտրած իսպանա-ռուսական բառախառնուրդով պատասխանում հայերեն խոսքին:
– Կնի՛կ, պետք ա զգույշ լինել, Սառչկան շուտով հայերեն կխոսի,- աչքով է անում Վրեժը:
Ֆուտբոլը Վրեժին տվեց այս երկրում հարմարվելու hնարավորությունը, իրեն օտար չզգալու իննսուն րոպեն, երկու խաղակես, որի ընթացում ինքը պարզապես ֆուտբոլասեր է, ոգևորվում է բոլորին հավասար, նույն խանդավառությամբ: Իննսուն րոպե, որի ընթացում ինքն իրեն զգում է աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային ակումբի մի մասնիկը, շոշոփելի, ռեալ… և Ռեալի վերնաշապիկն այդ իննսուն րոպեներին սրահում գտնվող մարդկանց միավորում է, դարձնում մի միասնական ֆուտբոլային թիմ, ինքն էլ` թիմի կապիտանը: Մեկ էլ միահամուռ «գոոո՜լ ը» երկարում, ծավալվում է ու բաժակները լցվող գարեջրի պես պղպջում է ոսկեփայլով `գոոո՜լ…
– Հարևանները կբողոքեն,- ամուսնուն կամացուկ զգուշացնում է Լիլիթը…
– Է՜..,- վերից վար շրմփում է Վրեժի բարիտոնն, այս անգամ հետևյալ ստուգաբանությամբ. Ֆուտբոլի ժամանակ գոռոցները ոչ թե թույլատրելի, այլ պարտադիր են: Հաջորդում է նոր, ավելի բարձր «գոո՜լ»-ն ու Վրեժի աչքերը փայլում են ուրախությունից` սպասված խաղալիքը նվեր ստացած երեխայի պես:
– Ձերոնք ֆուտբոլ խաղու՞մ են,- հարցնում է հարևան Ֆերնանդոն առաջին խաղակեսից հետո:
-Մերոնցից միայն ես եմ «ֆուտբոլիստ»,- կատակում է Վրեժը, մյուսները շախմատիստ են, մենք խաղի արդյունքն առաջին քայլից արդեն գիտենք, դաշտով մեկ վազվզելու կարիք չկա` մերը խելքի ֆուտբոլ է…
Խաղից հետո սրահը դատարկվում է ու թագավորական ակումբի վերնաշապիկը հանգրվանում է դրամարկղի կողքի դարակում` Սևակի հատորյակի կողքին: Հ՜ըմ`վերնաշապիկը քմծիծաղով նայում է «Սևակի» հին, մաշված ու գույնը գցած կազմին` «նույիսկ կաշվից չի», մինչդեռ ինքը թագավորական ակումբի տարբերանշանն է կրում: «Սևակը» լռում է: …Ու մութ փակ դարակում քնում են կողք-կողքի հայ գիրքն ու իսպանացի վերնաշապիկը, մեկն իր լեռների նաիրյան պարն է տեսնում, մյուսը լիգայի գավաթի ոսկեփայլը` ռեստորանի կաթնագույն լուսամփոփի լույսի մեջ:
… Լիլիթը ներս ու դուրս էր անում, աթոռներն էր տեղաշարժում դասավորում, որ դստեր մտնելու պահին մի ժեստով զգուշացնի հոր տրամադրությունը:
ժամանակը լցնելու համար գնաց, բերեց դույլն ու հատակի ջնջոցը: Քամեց իր հոգնությունը, որ խառվեց իսպանական ջրի կաթիլներին ու հայավարի պոկեց հատակից փոշին, հետն էլ դրոշմված խառր ոտնահետքերը: Հետո նորից ու նորից, այնքան, մինչև սալահատակը կորցրեց օրվա հիշողությունը, իր ազգային պատկանելությունն ու փայլեց շուկայի ձեթած խնձորի հայելային ժպիտով: Հետաքրիր գորշ հեղուկ էր հավաքվել դույլի մեջ` հայի հոգնության ու իսպանական օրվա անլուրջ խոսակցությունների խառնուրդը, որ իրարից անջատ, իրար հետ չձուլվելով` մի քանի րոպեում կառանձնանան. մեկը նստի հատակին, մյուսը կփակի դույլի երեսը կեղտագույն փրփուրով… Լիլիթը սակայն ցանկություն չուներ երկարաձգել ջրային այս դուետի երկխոսությաունը: Մի քանի րոպեից դատարկ դույլը դրվեց տեղը:
Վրեժն էլ անցավ հաջորդ օրվա համար միս կտրարտելուն. վերցրեց մսի մեծ կտորը, շուռումուռ տվեց ձեռքի մեջ, որ հյուսվածքի ուղղությունը գտնի: Դանակը ձեռքի տակ ոսկերչական ճշտգրտությամբ ձևատում էր միսն ու առանձնացնում տարբեր նշանակության ու համային արժեքներով կտորները, որ հետո անուշահամ պատառով պիտի հագեցնեն Պիրենեյանի բնակիչ դարձած իսպանախոսների քաղցն ու հրամցնեն նոր, մինչ այդ նրանց հայտնի գաստրոնոմիկ հաճույքներից առավելագույնը…
– Ի՞նչ համեմունք ես ավելացրել,- կհարցնի հաստափոր Խուանը, բերանից յուղը ծորալով ու աչքերը հաճույքից ակնախորշերում ետ գցելով:
-Հայի ջիգյարը,- կատակի կտա Վրեժը դեմքի լուրջ արտահայտությամբ:
Ու իսպանացի Խուանը Վրեժի թելադրանքով թղթիկի վրա կգրի տառ առ տառ D.G.I.G.Y.A.R., որ հաջորդ օրը խանութի համեմունքների բաժնում երկար ու անօգուտ փնտրի սրվակների պիտակներին, այդպես էլ չգտնի գաղտնի համեմունքը:
…Միսը շերտած ու տեսակավորված էր: Վրեժը կրկին նայեց պատի ժամացույցին, հոգոց հանեց: Դե հա՛, նորմալ ու բնական է, որ համալսարանի ավատական միջոցառումից հետո դուստրն ընկերների հետ սրճարան կամ բար գնա, բայց ինքն ուզում է ժամ առաջ տեսնել նրան այստեղ, կողքին:
Բացեց դրամարկղի կողքի դարակը: Հանեց գիրքը, ձեռքը սահեցրեց մաշված ստվարաթղթի վրայով. Բացելու կարիքը չկար, վաղուց անգիր կարդում է…
Տասնհինգ տարին լրացավ, որ բնակվում է այստեղ, ամեն օր կարոտը փաթաթում է ու բրդուճ արած կծում, հետո կում-կում խմում ծորակից եկող իսպանական ջրամբարի ջուրն ու կիսաձայն Սևակ կարդում: Չէ՛, հրաշք տեղի չի ունենում ու ջուրը միևյունն է չի քաղցրանում` անհամ է, պարզապես բրդուճը կոկորդից մի քիչ իջնում է, այնքան, որ կարողանա շնչել…
– Սուս կմնաս,- հասցրեց հուշել մայրը դռնից ներս մտնող դստերը:
Աղջիկը գլխով արեց ու շեղակի թեքվեց հոր կողմը, գնաց կանգնեց դիմացը, համբուրեց.
– Պապ ջան, ո՞նց ես:
Վրեժի ակնոցը վեր ելավ, ուսերը քաշեց, ունքերն ուղղանկյուն եռանկյուն գծելով ծռվեցին քթարմատին մոտ: Փլվեց աթոռին:
-Է՜,- ու հալվեց, փոքրացավ դարձավ մի բուռ, «Է՜»-ի մեջ աշխարհի բոլոր հայրերի հոգսը խտացավ մեծացավ, եկավ Վրեժի տան դուռը թակեց ու մնաց հենց դռան շեմին` հսկող շան պես:
– Պապ ջան, ախր սրանից շուտ է՛լ ո՞նց գայի, մինչև բոլորը հավաքվեցին` ես դուրս եկա:
– Սոված չե՞ս, բալես, հա՛, բա ինչ ես,- Վրեժը մտքում հաշվարկեց ժամանակը` երեխեն գնացածից բան չի՛ էլ հասկացել, հաստա՛տ: Հայացքով գտավ կնոջը, որ արդեն յոթերորդ անգամ սրճեփ մեքենայի վրայի բաժակներն էր վերադասավորում:
– Ի՞նչ ես կանգնել մեռնող կարապի դեմքով,- երեխեն սովածա:
Մի քանի րոպեից սեղանը գցված էր: Հայր ու դուստր մոտ քաշեցին ախորժաբույր ուտելիքով ամանները:
– է՛հ, շնորհավոր բալես, էս էլ քո առաջին գոլն էր իսպանական դարպասին,- կոնյակը լցվեց խառնվեց բոլոր տարատեսակ «է՜»-երին, գլորվեց իջավ ցած, որ հետո գնդակի պես դուրս թռչի հզոր բարիտոնով.
-Գոոոո՜լ- դղդրդաց հայի հպարտությունն իսպանական լռության մեջ:
Դարակում դրված վերնաշապիկը ցնցվեց, վեր թռավ ու սկսեց ջղաձգվել… Սևակի հատորյակը ժպտաց խորհրդավոր.…