Երեկոյան, երբ սահմանին հասան, Նենա Դակոնտեն նկատեց, որ մատը, որի վրա հարսանեկան մատանին էր, շարունակում է արյունել: Լաքե եռեզր գլխարկին կոպիտ բրդյա ծածկոց գցած պարեկը կարբիդե լապտերի լույսի տակ ստուգեց անձնագրերը՝ մեծ ջանք թափելով, որպեսզի Պիրենեյներից փչող կատաղի քամին ցած չգլորեր իրեն: Չնայած երկու դիվանագիտական անձնագրերն էլ կարգին էին՝ պարեկը բարձրացրեց լապտերը, որպեսզի համոզվեր, որ լուսանկարները նման էին դեմքերին: Նենա Դակոնտեն գրեթե աղջնակ էր՝ երջանիկ թռչնակի աչքերով, մեղրագույն մաշկով, որից դեռևս Կարիբյան ծովի կիզիչ արև էր ճառագում հունվարյան մռայլ աղջամուղջի մեջ: Նա մինչև վիզը փաթաթվել էր ջրաքիսե այնպիսի մի մուշտակի մեջ, որ հնարավոր չէր գնել ամբողջ սահմանապահ կայազորի մեկ տարվա աշխատավարձով: Նրա ամուսինը՝ Բիլլի Սանչես Ավիլան, ով վարում էր ավտոմեքենան, մի տարով փոքր էր նրանից և գրեթե նույնքան գեղեցիկ: Նա շոտլանդական վանդակավոր բաճկոնով էր և բեյսբոլիստի գլխարկով: Ի տարբերություն կնոջը՝ նա բարձրահասակ էր, ատլետիկ կազմվածքով և երկչոտ կռվասերի երկաթյա կզակով:Սակայն այդ զույգի սոցիալական դիրքն ամենալավը երևան էր հանում պլատինագույն ավտոմեքենան, որի ներսը տաքարյուն գազանի այնպիսի շունչ էր արձակում, որի նմանը չէին տեսել այդ թշվառ սահմանում: Ետևի նստատեղերը լեփ-լեցուն էին բոլորովին նոր ճամպրուկներով և նվերների բազմաթիվ տուփերով, որոնք դեռ չէին բացվել: Այնտեղ էր նաև տենոր սաքսոֆոնը, որը Նենա Դակոնտեի կյանքում ամենամեծ կիրքն էր մինչև առողջարանային իր քնքուշ խուլիգանի հակասական սիրուն անձնատուր լինելը:
Երբ պարեկը վերադարձրեց կնքված անձնագրերը, Բիլլի Սանչեսը հարցրեց, թե որտեղ կարող էին դեղատուն գտնել կնոջ մատին սպեղանի դնելու համար, պարեկը քամուն հանդիման գոռաց, որ Հենդայայում հարցնեն, ֆրանսիական կողմում: Սակայն Հենդայայի պարեկներին, որոնք ապակյա տաք և լավ լուսավորված պահակակետում առանց պիջակի, միայն վերնաշապիկով նստած էին սեղանի շուրջ և գինու թասի մեջ թրջած հաց ուտելով թուղթ էին խաղում, բավական եղավ տեսնել ավտոմեքենայի կարգն ու չափերը, որպեսզի նշեին մի հասցե, որ Ֆրանսիայի խորքերում էր գտնվում: Բիլլի Սանչեսը մի քանի անգամ ազդանշան տվեց, սակայն պարեկները չհասկացան, որ իրենց են կանչում, նրանցից մեկը բաց արեց պատուհանը և ավելի կատաղի, քան քամին էր, բղավեց.
– Merde! Allez-vous-en!1
Այդ ժամանակ Նենա Դակոնտեն, մինչև ականջները մուշտակի մեջ փաթաթված, դուրս եկավ մեքենայից և անթերի ֆրանսերենով հարցրեց պարեկին, թե որտեղ դեղատուն կա: Սովորության համաձայն լիքը բերանով՝ պարեկը պատասխանեց, որ դա իր գործը չի, առավել ևս՝ նման փոթորկի ժամանակ, և փակեց պատուհանիկը: Իսկ հետո ուշադիր նայեց ջրաքիսի բնական մորթու ցոլքերի մեջ պարուրված, վիրավոր մատը ծծող աղջկան և հավանաբար շփոթեց նրան այդ սարսափելի երեկոյի մեջ հայտնված հրաշք տեսիլքի հետ, որովհետև մի պահ անց փոխվեց նրա տրամադրությունը: Բացատրեց, որ ամենամոտ քաղաքը Բիարիցն է, բայց ձմեռվա կեսին, այն էլ այդպիսի սատանայական քամու պայմաններում թերևս ոչ մի դեղատուն բաց չլինի մինչև Բայոնա, մի քիչ ավելի հեռու:
– Լու՞րջ բան է, – հարցրեց նա:
– Չէ, դատարկ բան է, – ժպտաց Նենա Դակոնտեն՝ ցույց տալով ադամանդներով մատանիով մատը, որի ներսի փափուկ մասում հազիվ էր նկատվում վարդի փշի ծակած տեղը, – մի փոքր ծակոց:
Մինչև Բայոնա հասնելը կրկին ձյուն տեղաց: Ժամը յոթն անց չէր լինի, սակայն փողոցներն ամայի էին, և տները փակ՝ կատաղի փոթորկի պատճառով, և երկար պտտվելուց հետո առանց դեղատուն գտնելու՝ որոշեցին շարունակել ճանապարհը: Բիլլի Սանչեսին ուրախացրեց այդ որոշումը: Նա անհագ կիրք ուներ հազվագյուտ ավտոմեքենաների հանդեպ և մի հայր, որ մեղքի չափազանց մեծ զգացում ուներ և գերառատ միջոցներ՝ նրան հաճոյանալու համար, և հարսանեկան նվեր դարձած այդ Բենթլիի նման բան երբեք չէր վարել: Նա այնպիսի ինքնամոռացման մեջ էր ղեկի վրա, որ ինչքան գնում էր, այնքան ավելի քիչ էր հոգնածություն զգում: Մտադիր էր այդ գիշեր Բորդո հասնել, որտեղ հարսանեկան լյուքս համար ունեին պատվիրած «Սպլենդիդ» հյուրանոցում, և ո՛չ հանդիպակաց քամիներ էին լինելու, ո՛չ էլ առատ ձյուն երկնքում, որ խոչընդոտեին նրան: Նենա Դակոնտեն, ընդհակառակը, ուժասպառ էր, հատկապես Մադրիդից սկսվող մայրուղու վերջին հատվածի պատճառով, որն այծերի կարկտահար մի դարևանդ էր: Այնպես որ, Բայոնան անցնելուց հետո, մի թաշկինակ փաթաթեց մատնեմատին, լավ սեղմելով այն, որպեսզի կանգնեցներ արյունը, որը շարունակում էր հոսել ու հոսել, և խոր քուն մտավ: Բիլլի Սանչեսը դա նկատեց միայն կեսգիշերին մոտ, երբ ձյունը կտրվեց, և քամին դադար առավ սոճիների արանքում, և ամայի երկնքը լցվեց պաղ աստղերով: Անցել էր Բորդոյի ննջող լույսերի առջևից, կանգ էր առել միայն մայրուղու մի լցակայանում՝ վառելիքի բաքը լցնելու, և դեռ ուժ մնացել էր առանց շունչ քաշելու Փարիզ հասնելու համար: Նա այնքան երջանիկ էր իր 25.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ մեծ խաղալիքով, որ նույնիսկ ինքն իրեն հարց չէր տալիս, թե արդյոք երջանի՞կ է նաև այդ ճառագող արարածը, որ քնած է իր կողքին՝ արյան մեջ թաթախված վիրակապը մատնեմատին, որի պատանեկան երազն առաջին անգամ խոցվել էր անորոշության բռնկումներից:
Երեք օր առաջ էին ամուսնացել նրանք, երեք հազար կիլոմետր հեռու այդտեղից՝ Կարտախենա դե Ինդիասում, ի զարմանք տղայի և ի հիասթափություն աղջկա ծնողների և գահերեց արքեպիսկոպոսի անձնական օրհնությամբ: Իրենցից բացի, ուրիշ ոչ ոք չէր հասկանում այդ անկանխատեսելի սիրո իրական հիմքերը, ոչ էլ գիտեին, թե ինչպես էր ծագել այն: Սկսվել էր ամուսնությունից երեք ամիս առաջ, մի կիրակի օր, ծովափին, երբ Բիլլի Սանչեսի բանդան հանկարծական գրոհով գրավել էր Մարբելյայի առողջարանի կանանց հանդերձարանները: Բոլորովին վերջերս էր լրացել Նենա Դակոնտեի տասնութ տարին, նա նոր էր վերադարձել Շվեյցարիայի Սան-Բլեզի Շատլընի գիշերօթիկ դպրոցից՝ առանց առոգանության խոսելով չորս լեզվով, վարպետորեն տիրապետելով տենոր սաքսոֆոնին, և դա նրա առաջին ծովափնյա կիրակին էր վերադարձից հետո: Նա մինչև վերջ հանվել էր, որպեսզի լողազգեստը հագներ, երբ հարևան խցիկներում խուճապահար փախուստ ու գրոհի աղաղակներ սկսվեցին, բայց նա չհասկացավ, թե ինչ էր տեղի ունենում, մինչև իր դռան սողնակը մաս-մաս լինելով դուրս թռավ տեղից և իր առջև կանգնած տեսավ խուլիգանին՝ շատ ավելի գեղեցիկ, քան կարող էր ենթադրել: Նրա հագին միայն լեոպարդի մորթու գծանախշերով վարտիկ էր, մարմինը գրավիչ էր ու ճկուն, մաշկի գույնը՝ ծովափնյա բնակիչներին հատուկ ոսկեգույն: Աջ բազկին, որտեղ հռոմեական գլադիատորի մետաղյա ապարանջան էր կրում, մետաղյա շղթա էր փաթաթած, որը նրան որպես մահացու զենք էր ծառայում, վզին առանց սրբապատկերի մեդալիոն էր կախած, որը լուռ տրոփում էր սրտի տագնապին համաչափ: Տարրական դպրոցում նրանք միասին էին սովորել և շատ-շատ ամաններ կոտրել միասին ծննդյան տոներին, որովհետև երկուսն էլ այն գավառական ծագումն ունեին, որը գաղութացման ժամանակներից ի վեր ըստ իր քմահաճույքի է ղեկավարում քաղաքի ճակատագիրը, սակայն այնքան երկար տարիներ չէին հանդիպել, որ առաջին հայացքից չճանաչեցին միմյանց: Նենա Դակոնտեն շարունակում էր անշարժ կանգնած մնալ, առանց որևէ բան անելու մերկությունը թաքցնելու համար: Եվ այդ ժամանակ Բիլլի Սանչեսը կատարեց իր մանկամիտ …… իջեցրեց լեոպարդե վարտիկը և ցույց տվեց նրան իր հարգարժան տնկված գազանիկը: Աղջիկն ուղիղ նրա երեսին նայեց՝ առանց անակնկալի գալու:
– Ավելի մեծերն ու ավելի պնդերն եմ տեսել, – ասաց նա՝ ահը զսպելով: – Այնպես որ, լավ մտածիր, թե ինչ ես անելու, որովհետև ինձ հետ նեգրից լավ պետք է դրսևորես քեզ:
Իրականում Նենա Դակոնտեն ոչ միայն կույս էր, այլև մինչ այդ երբեք մերկ տղամարդ չէր տեսել, սակայն մարտահրավերը շատ ազդեցիկ ստացվեց: Միակ բանը, որ անցավ Բիլլի Սանչեսի մտքով, շղթայով փաթաթված ձեռքի բռունցքով պատին կատաղի մի հարված հասցնելն էր, որից ջարդուփշուր եղան նրա ոսկորները: Աղջիկն իր ավտոմեքենայով նրան հիվանդանոց տեղափոխեց, օգնեց նրան դիմանալ ապաքինմանը, իսկ վերջում միասին սովորեցին սեր անել բարի կամքով: Հունիսյան դժվարին օրերը նրանք անցկացրին այն տան ներքին պատշգամբում, որտեղ իրենց մահկանացուն էին կնքել Նենա Դակոնտեի ընտանիքի վեց ականավոր սերունդները, աղջիկը՝ սաքսոֆոնի վրա մոդայիկ երգեր նվագելով, իսկ ձեռքը գիպսի մեջ դրված տղան՝ հյուսկեն ճոճացանցից չթուլացող ապշանքով նրան նայելով: Տունը հատակից մինչև առաստաղ հասնող բազմաթիվ պատուհաններ ուներ, որոնք նայում էին ծովախորշի ճահճացող լճակներին, Մանգա թաղամասի ամենամեծ ու ամենահին տներից մեկն էր և, անկասկած, ամենատգեղը: Սակայն շախմատաձև սալիկներով պատված պատշգամբը, որտեղ Նենա Դակոնտեն սաքսոֆոն էր նվագում, խաղախ անկյուն էր ժամը չորսի տապին և նայում էր ստվերաշատ մի բակի՝ մանգոյի ծառերով ու գվինեական թփերով, որոնց ներքո անանուն տապանաքարով մի գերեզման կար՝ ավելի վաղեմի, քան տունն էր և ընտանիքի հիշողությունը: Նույնիսկ երաժշտությունից բան չհասկացողները մտածում էին, որ սաքսոֆոնի ձայնը ժամանակավրեպ է այդ ազնվական ծագում ունեցող տանը: «Նավի ձայն է հանում», – ասել էր Նենա Դակոնտեի տատիկը, երբ առաջին անգամ լսել էր սաքսոֆոնի նվագը: Մայրը զուր ջանքեր էր թափել, որ նա այլ կերպ նվագեր սաքսոֆոնը և ոչ այնպես, ինչպես նվագում էր՝ հարմարության համար փեշերը մինչև ազդրերը բարձրացրած, ծնկներն իրարից հեռացրած և այնպիսի զգացմունքայնությամբ, որ երաժշտության համար նա էական չէր համարում: «Ինձ համար միևնույն է, թե ինչ գործիք ես նվագում, – ասում էր նա, – միայն թե ծնկներդ փակ նվագես»: Սակայն նավերի հրաժեշտի հենց այդ մեղեդիներն ու այդ սիրո մարմնավորում էին, որ Նենա Դակոնտեին թույլ տվեցին պատռել Բիլլի Սանչեսի խուլիգանական կեղևը: Լկտիի տխրահռչակ համբավի տակ, որը շատ լավ էր պահպանվում երկու անվանի ազգանունների միավորման պատճառով, նա բացահայտեց անխելահաս ու քնքուշ մի որբուկի: Մինչ կպչում էին նրա ձեռքի ոսկորները, նրանք այնքան հասցրին ճանաչել միմյանց, որ Բիլլի Սանչեսն ինքը զարմացավ, թե ինչ սահուն տեղի ունեցավ սերը, երբ անձրևոտ մի երեկո, երբ տանը մենակ էին մնացել, աղջիկը տարավ նրան իր կուսական անկողինը: Մոտ երկու շաբաթ ամեն օր, այդ նույն ժամին նրանք մերկ խայտում էին քաղաքացիական պատերազմի մարտիկների և անհագ տատիկների լուսանկարների ապշահար հայացքների ներքո, ովքեր նախորդել էին իրենց այդ պատմական մահճակալի դրախտում: Նույնիսկ սիրո դադարների ընթացքում էին մնում մերկ, բաց պատուհանների տակ շնչելով ծովախորշի նավերի փլատակների սյուքը, նրանց գարշահոտը և սաքսոֆոնի լռության մեջ ունկնդրելով բակի առօրյա աղմուկները, գվինեական թփերի տակի գորտի եզակի կռկռոցը, ջրի կաթոցը չգիտես ում գերեզմանին, կյանքի բնական քայլերը, որոնք առաջ ժամանակ չէին ունեցել ճանաչելու:
Երբ Նենա Դակոնտեի ծնողները տուն վերադարձան, նրանք այնքան էին առաջ գնացել սիրո մեջ, որ աշխարհն այլևս հասանելի չէր նրանց մեկ այլ բանի համար, և սեր էին անում երբ ասես և որտեղ ասես, ամեն անգամ ջանալով նորեն հայտնագործել այն: Սկզբում դա անում էին կարելվույն չափ սպորտային ավտոմեքենաների մեջ, որոնց միջոցով Բիլլի Սանչեսի հայրը ջանում էր քավել սեփական մեղքերը: Հետո, երբ ավտոմեքենաները դյուրին բան դարձան նրանց համար, գիշերը մտնում էին Մարբելյայի դատարկ հանդերձարանները, որտեղ ճակատագիրն առաջին անգամ դեմ հանդիման էր հանել իրենց: Նոյեմբերյան դիմակահանդեսի ժամանակ անգամ Գեթսեմանի գերիների հնագույն թաղամասի վարձու սենյակները մտան կերպարանափոխված, սուրբ մայրերի հովանավորությամբ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ կտուժեին Բիլլի Սանչեսից և նրա շղթայակիր բանդայից: Նենա Դակոնտեն գաղտնի սիրուն տրվեց այն նույն մոլեգին նվիրվածությամբ, որն առաջ շռայլում էր սաքսոֆոնի վրա, այն աստիճանի, որ նրա ձեռնասուն դարձած խուլիգանն ի վերջո հասկացավ, թե ինչ էր նա ցանկանում ասել, երբ ասաց, որ պետք է նեգրի նման դրսևորի իրեն: Բիլլի Սանչեսը միշտ և լիովին պարգևահատույց եղավ նրան նույն ցնծությամբ: Արդեն ամուսնացած, նրանք միմյանց սիրելու իրենց պարտքը կատարեցին օդանավի զուգարանում՝ մի կերպ փակված և ավելի շատ ծիծաղից մեռնելով, քան հաճույքից, երբ ուղեկցորդուհիները քնած էին Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս: Այդ ժամանակ՝ հարսանիքից քսանչորս ժամ հետո, միայն իրենք գիտեին, որ արդեն երկու ամիս էր, ինչ Նենա Դակոնտեն հղի էր:
Այնպես որ, երբ Մադրիդ հասան, շատ հեռու էին զգում իրենց երկու հագեցած սիրեցյալներ լինելուց, սակայն բավականաչափ կարողություն ունեին, որպեսզի զուտ նորապսակների նման պահեին իրենց: Երկուսի ծնողներն էլ ամեն բան նախատեսել էին: Օդանավից իջնելուց առաջ արձանագրային բաժնի մի աշխատակից բարձրացավ առաջին կարգի սրահը՝ Նենա Դակոնտեի համար բերելով սպիտակ, փայլուն սև երիզներով ջրաքիսի մուշտակը, որ նրա ծնողների հարսանեկան նվերն էր: Բիլլի Սանչեսի համար բերեց ոչխարենու բաճկոն, որ նորություն էր այդ ձմեռ և տարբերանշան չունեցող բանալիները մի ավտոմեքենայի, որ օդանավակայանում նրան սպասող անակնկալ էր:
Իրենց երկրի դիվանագիտական խումբը պաշտոնական սրահում դիմավորեց նրանց: Դեսպանն ու նրա կինը ոչ միայն վաղուց երկու ընտանիքների բարեկամն էին, այլև դեսպանն այն բժիշկն էր եղել, որ ներկա էր եղել Նենա Դակոնտեի լույս աշխարհ գալուն և հիմա սպասում էր նրան այնպիսի շքեղ ու թարմ վարդերի փնջով, որ ցողի կաթիլներն անգամ արհեստական էին թվում: Նենա Դակոնտեն նրանց ողջունեց կոտրատվելով համբուրելով՝ անհարմար զգալով փոքր-ինչ վաղաժամ նորապսակ դառնալու իր կարգավիճակից, այնուհետև ընդունեց վարդերը: Փունջը վերցնելիս ցողունի փշերից մեկը ծակեց մատը, սակայն անհարմար դրությանից դուրս եկավ հմայիչ միջոցով.
– Դիտմամբ արեցի, որպեսզի ուշադրություն դարձնեք մատանուս:
Եվ իրոք դիվանագիտական խմբի ամբողջ կազմը հիացավ մատանու շքեղությամբ, որ պետք է որ մի ամբողջ կարողություն արժենար, ոչ այնքան ադամանդների կարգի, որքան լավ պահպանված հնության համար: Սակայն ոչ ոք չնկատեց, որ մատից սկսեց արյուն հոսել: Այնուհետև բոլորի ուշադրությունը շեղվեց դեպի նոր ավտոմեքենան: Դեսպանը լավ կատակ էր արել. մեքենան բերել էր օդանավակայան և փաթեթավորել տվել ցելոֆանե թղթով ու հսկայական ոսկեգույն ժապավենով: Բիլլի Սանչեսը չգնահատեց նրա հնարամտությունը: Նա այնքան անհամբեր էր իմանալու, թե ինչ մեքենա է, որ մի հարվածով պատռեց փաթեթն, ու շունչը կտրվեց: Այդ տարվա ծալովի թափքով Բենթլի էր, իսկական կաշվե պաստառներով: Երկինքը մոխրե ծածկոցի էր նման, Գուադառամայի լեռները ծակող ու սառնաշունչ քամի էին ուղարկում, հաճելի չէր բաց երկնքի տակ կանգնելը, սակայն Բիլլի Սանչեսը դեռևս պատկերացում չուներ այդ ցրտի մասին: Նա դիվանագիտական խմբին պահեց անծածկ կայանատեղում, չգիտակցելով, որ մարդիկ սառչում են քաղաքավարությունից ելնելով, մինչև ավարտեց մեքենային բոլոր թաքնված մանրամասներով հանդերձ ծանոթանալը: Այնուհետև դեսպանը նստեց նրա կողքին, որպեսզի ցույց տար ճանապարհը դեպի պաշտոնական նստավայր, որտեղ ճաշկերույթ էր նախատեսված: Ճանապարհին ցույց էր տալիս նրան քաղաքի հանրածանոթ վայրերը, սակայն ինչպես երևում էր, նա տարված էր միայն ավտոմեքենայի դյութանքով:
Նա առաջին անգամ էր դուրս գալիս մայրենի հողից: Անցել էր բոլոր մասնավոր և հանրակրթական դպրոցներով՝ միշտ կրկնելով միևնույն դասընթացը, մինչև սկսել էր սավառնել քամահրանքի ամպերում: Իր քաղաքից այնքան տարբեր քաղաքի առաջին տեսարանը՝ օրը ցերեկով գորշին տվող շենքերի խմբերը, իրարից հեռու-հեռու մերկ ծառերը և ամեն բան կամաց-կամաց ահագնացնում էր անօգնականության մի զգացում, որ նա ջանում էր սրտից ներս չթողնել: Այնուամենայնիվ, քիչ անց, առանց հասկանալու, մոռացումի առաջին ծուղակն ընկավ նա: Ակնթարթային ու լուռ ձնաբուք էր անցել, առաջին անգամ տարվա այդ եղանակին, և երբ ճաշկերույթից հետո նրանք դուրս եկան դեսպանի տնից, որպեսզի ճանապարհ ընկնեին դեպի Ֆրանսիա, քաղաքը գտան շողշողուն ձյան տակ ծածկված: Բիլլի Սանչեսը մոռացավ մեքենայի մասին և բոլորի ներկայությամբ ցնծալի ճիչեր արձակելով և գլխին բռերով ձյուն շաղ տալով՝ թավալգլոր եկավ փողոցի մեջտեղում:
Նենա Դակոնտեն առաջին անգամ գլխի ընկավ, որ մատից արյուն է գալիս, երբ դուրս եկան Մադրիդից ետկեսօրյա այն ժամին, երբ օրը թափանցիկ էր դարձել ձնաբքից: Զարմացավ, որովհետև սաքսոֆոնով նվագակցել էր դեսպանի տիկնոջը, որը պաշտոնական ճաշկերույթներից հետո սիրում էր արիաներ երգել իտալական օպերաներից, և հազիվ էր նկատել, թե մատն անհանգստություն է պատճառում: Ավելի ուշ, երբ ամուսնուն ցույց էր տալիս դեպի սահման տանող ամենակարճ ճանապարհները, ամեն անգամ անգիտակցաբար ծծում էր մատը, երբ հոսում էր արյունը, և միայն Պիրենեյներ հասնելուց հետո մտքով անցավ դեղատուն փնտրել: Հետո վերջին օրերի ուշացած քունը հաղթեց նրան և երբ հանկարծ արթնացավ մղձավանջային տպավորությամբ, իբր մեքենան ջրի միջով է գնում, երկար ժամանակ չհիշեց մատին կապած թաշկինակի մասին: Ժամացույցի լուսավորված թվատացույցին տեսավ, որ երեքն անց է, մտովի հաշվարկներ արեց և դրանից հետո միայն հասկացավ, որ անցել էին Բորդոն, նաև Անգուլեմն ու Պուատիեն և հիմա անցնում էին Լուարայի՝ վարարումից հեղեղված ամբարտակի վրայով: Լուսնի ցոլքը քամոցվում էր մշուշի միջով, և սոճիների արանքից երևացող դղյակների ուրվապատկերները թվում էր, թե կախարդական հեքիաթներից են: Նենա Դակոնտեն, որ անգիր գիտեր այդ շրջանը, հաշվարկեց, որ մինչև Փարիզ մոտ երեք ժամվա ճանապարհ կա, իսկ Բիլլի Սանչեսը շարունակում էր սառնասիրտ նստած մնալ ղեկին:
– Դու ուղղակի վայրենի ես, – ասաց նրան Նենա Դակոնտեն: – Տասնմեկ ժամից ավելի վարում ես մեքենան՝ առանց մի բան ուտելու:
Նոր մեքենայի պատճառով նա դեռ ինքնամոռաց սավառնում էր ամպերում: Թեև օդանավի մեջ վատ էր քնել և քիչ, բայց առույգ էր զգում իրեն և դեռ բավականին ուժ ուներ լուսաբացին Փարիզ հասնելու:
– Դեսպանատանը կերածս դեռ պահում է, – ասաց նա և առանց որևէ տրամաբանության ավելացրեց: – Ի վերջո, Կարտախենայում մարդիկ նոր-նոր են դուրս գալիս կինոյից: Պիտի որ ժամը տասի կողմերը լինի:
Այդուհանդերձ, Նենա Դակոնտեն վախենում էր, որ նա քնի մեքենան վարելիս: Նա բաց արեց Մադրիդում նվեր ստացած բազմաթիվ տուփերից մեկը և փորձեց շաքարած նարնջի մի շերտիկ դնել նրա բերանը: Բիլլի Սանչեսը խույս տվեց.
– Տղամարդ-տղերքը քաղցրավենիք չեն ուտում:
Երբ անցան Օռլեանը, մառախուղը թուլացավ, և կլոր լուսինը լուսավորեց ձյունապատ ցանքադաշտերը, սակայն երթևեկությունը դժվարացավ դեպի Փարիզ գնացող բանջարեղենով ու գինու ցիստեռններով բեռնավորված բեռնատարների հոսքի պատճառով: Նենա Դակոնտեն կուզենար օգնել ամուսնուն վարել մեքենան, բայց չհամարձակվեց անգամ ակնարկ անել այդ մասին, որովհետև երբ միասին դուրս էին եկել առաջին անգամ, նա հայտարարել էր, որ տղամարդու համար չկա ավելի մեծ նվաստացում, քան թույլ տալ, որ կինը քշի իրեն: Մոտ հինգ ժամ քնելուց հետո նա թարմ էր զգում, գոհ էր նաև, որ կանգ չէին առել Ֆրանսիայի այն գավառի հյուրանոցներից մեկում, որ ծանոթ էր իրեն երեխա ժամանակվանից, ծնողների հետ կատարած բազմաթիվ ճամփորդություններից: «Աշխարհում սրանից գեղեցիկ վայր չկա, – ասում էր նա, – բայց մարդ կարող է ծարավից մեռնել ու չի գտնվի մեկը, որ ձրի մի բաժակ ջուր տա»: Նա այնքան համոզված էր դրանում, որ վերջին պահին մի կտոր օճառ և մի փաթույթ զուգարանի թուղթ էր դրել ձեռքի փոքր ճամպրուկի մեջ, որովհետև Ֆրանսիայի հյուրանոցներում երբեք օճառ չէր լինում, իսկ զուգարանի թուղթը նախորդ շաբաթվա լրագրերն էին լինում՝ քառակուսի կտրտած և կեռիկից կախած: Միակ բանը, որ ափսոսում էր այդ պահին, այն էր, որ մի ամբողջ գիշեր էր վատնվել առանց սիրո: Ամուսնու պատասխանն անմիջական էր.
– Ես հենց հիմա մտածում էի, թե՝ ա՛յ թե բան կլիներ ձյան մեջ մի հատ դմփացնելը: Հենց էստեղ, եթե ուզում ես:
Նենա Դակոնտեն լրջորեն մտածեց: Ճամփեզրին, լուսնի լույսի ներքո ձյունը տաք ու փխրուն էր թվում, բայց որքան մոտենում էին Փարիզի արվարձաններին, երթևեկությունը շատանում էր, լուսավորված գործարանային թաղամասեր էին երևում և բազմաթիվ բանվորներ՝ հեծանիվներով: Եթե ձմեռ չլիներ, լրիվ լույս կլիներ արդեն:
– Ավելի լավ է սպասենք մինչև Փարիզ, – ասաց Նենա Դակոնտեն, – լավ տաքացած ու մաքուր սավանով մահճակալին, ամուսնացած մարդկանց պես:
– Առաջին անգամն է, որ մերժում ես ինձ:
– Ճիշտ է: Առաջին անգամն է, որ ամուսնացած ենք:
Լույսը բացվելուց քիչ առաջ նրանք լվացին դեմքները և միզեցին ճանապարհի մի ճաշարանում և տաք կրուասաններով սուրճ խմեցին վաճառասեղանի մոտ, որտեղ բեռնատարների վարորդները նախաճաշում էին կարմիր գինով: Նենա Դակոնտեն զուգարանում նկատեց, որ բլուզին և կիսաշրջազգեստին արյան բծեր կան, բայց չփորձեց լվանալ: Աղբամանը նետեց արնաթաթախ թաշկինակը, ամուսնական մատանին տեղափոխեց ձախ ձեռքին և քերծված մատը լավ լվաց ջրով ու օճառով: Քերծվածքը գրեթե անտեսանելի էր: Այնուամենայնիվ, հենց մեքենա նստեցին, արյունը նորից սկսեց հոսել, և Նենա Դակոնտեն թևը պատուհանից դուրս կախեց՝ համոզված, որ հանդակների սառնաշունչ օդը վերքը դաղող հատկություն ունի: Դա ևս մի ապարդյուն միջոց էր, սակայն նա դեռ չէր անհանգստանում: «Եթե ինչ-որ մեկն ուզենա մեզ գտնել, շատ հեշտ կլինի,- ասաց նա իր սովորական թովչանքով: – Պետք է միայն ձյան վրա հետևի իմ արյան հետքին»: Հետո ավելի լավ մտածեց իր ասածի մասին, և նրա դեմքը պայծառացավ այգաբացի առաջին լույսերի մեջ:
– Հապա պատկերացրու. արյան մի հետք ձյան վրա Մադրիդից Փարիզ: Գեղեցիկ չէ՞ երգի համար:
Նա ժամանակ չունեցավ նորից մտածելու: Փարիզի արվարձաններում մատը հորդառատ աղբյուր էր արդեն, և նա իսկապես զգաց, որ հոգին դուրս էր գալիս վերքի միջով: Փորձել էր կտրել արյան հոսքը ճամպրուկի մեջ եղած զուգարանի թղթով, բայց ավելի շատ ժամանակ էր ծախսում մատը փաթաթելու վրա, քան արյունոտված թղթե ժապավենները պատուհանից նետելու: Հագի շորերը, մուշտակը, մեքենայի նստատեղերը կամաց-կամաց, սակայն անդառնալիորեն ներծծվում էին արյունով: Բիլլի Սանչեսը լրջորեն վախեցավ և պնդեց, որ դեղատուն փնտրեն, սակայն Նենա Դակոնտեն այդ ժամանակ արդեն գիտեր, որ դա դեղագործի բան չէր:
– Օռլեանում ենք համարյա, -ասաց նա, – շարունակիր ուղիղ գնալ Գեներալ Լըկլերկի պողոտայով, որն ամենալայնն ու ծառաշատն է, իսկ հետո կասեմ, թե ինչ անես:
Ամբողջ ճամփորդության ամենադժվարին հատվածն էր դա: Գեներալ Լըկլերկի պողոտան փոքր ավտոմեքենաների և մոտոցիկլետների (երկու իմաստով էլ խցանված) և հսկայական բեռնատարների (որոնք աշխատում էին կենտրոնական շուկաներ հասնել) դժոխային մի հանգույց էր: Բիլլի Սանչեսն այնքան նյարդայնացավ անօգուտ շչակների աղմուկից, որ հողաչափորդների լեզվով գոռգոռալով հայհոյանքներ փոխանկեց մի քանի վարորդների հետ, նույնիսկ փորձեց դուրս գալ մեքենայից, որպեսզի կռվի մեկի հետ, բայց Նենա Դակոնտեին հաջողվեց համոզել նրան, որ ֆրանսիացիներն աշխարհի ամենակոպիտ մարդիկ են, բայց երբեք ձեռնակռիվ չեն անում: Դա ևս մի ապացույց էր, որ նա լավ դատողություն ուներ, որովհետև այդ պահին Նենա Դակոնտեն ջանքեր էր թափում, որ գիտակցությունը չկորցնի:
Միայն Լեոն դը Բելֆորի հրապարակից դուրս գալու համար մեկ ժամից ավելի պահանջվեց: Սրճարաններն ու խանութները լուսավորված էին այնպես, ասես կեսգիշեր լիներ, որովհետև երեքշաբթի էր՝ մեկն այն փարիզյան մռայլապատ ու կեղտակոլոլ հունվարյան օրերից, երբ համառ անձրևը ոչ մի կերպ չի հասցնում ձյան վերածվել: Սակայն Դանֆեր- Ռոշըրո պողոտան ավելի ազատ էր, և մի քանի թաղամաս անցնելուց հետո Նենա Դակոնտեն ամուսնուն նշան արեց, որ աջ թեքվի, որից հետո նա կայանեց մի հսկայական, մռայլ հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի մուտքի առջև:
Ավտոմեքենայից իջնելիս հարկ եղավ օգնել Նենա Դակոնտեին, բայց նա չկորցրեց ո՛չ հոգու խաղաղությունը, ո՛չ մտքի պայծառությունը: Երբ պատգարակին պառկած նրան տանում էին հերթապահ բժշկի մոտ, նա պատասխանեց բուժքրոջ տված ինքնությանը և նախորդ հիվանդություններին վերաբերող ընդունված հարցերին: Բիլլի Սանչեսը տարավ նրա պայուսակը, սեղմեց ձախ ձեռքը, որին այժմ նա կրում էր ամուսնական մատանին և զգաց, որ այն թույլ է ու պաղ, իսկ շուրթերը՝ գունատված: Մնաց նրա կողքին, ձեռքը նրա ձեռքին դրած, մինչև եկավ հերթապահ բժիշկը և արագ զննեց մատնեմատի վերքը: Նա երիտասարդ էր, պղնձագույն մաշկով ու ճաղատ գլխով: Նենա Դակոնտեն ուշադրություն չդարձրեց նրան, այլ միայն մի դալուկ ժպիտ ուղղեց ամուսնուն:
– Չվախենաս, – ասաց իր անդիմադրելի հումորով, – միակ բանը, որ կարող է պատահել, այն է, որ այս մարդակերը կարող է կտրել ձեռքս, որ ուտի:
Բժիշկն ավարտեց զննումը և անակնկալի բերեց նրանց իր մաքուր, թեև ասիական տարօրինակ առոգանությամբ իսպաներենով:
– Ո՛չ, երիտասարդներ, այս մարդակերը կգերադասի սովից սատկել, քան կտրել այսպիսի գեղեցիկ մի ձեռք:
Նրանք ապուշ կտրեցին, սակայն բժիշկը հանգստացրեց նրանց սիրալիր մի ժեստով, այնուհետև կարգադրեց, որ պատգարակը տանեն: Բիլլի Սանչեսը ցանկացավ հետևել պատգարակին՝ կնոջ ձեռքը բռնած, բայց բժիշկը բռնեց նրա թևն ու կանգնեցրեց.
– Դուք՝ ոչ: Նա գնում է ինտենսիվ բուժման բաժանմունք:
Նենա Դակոնտեն կրկին ժպտաց ամուսնուն, հայացքով հետևեց նրան՝ ձեռքով հրաժեշտ տալով, մինչև պատգարակն անհետացավ միջանցքի խորքում: Բժիշկը ետ մնաց՝ ուսումնասիրելով տվյալները, որոնք բուժքույրն էր գրանցել հարցաթերթիկում: Բիլլի Սանչեսը ձայն տվեց նրան.
– Բժիշկ, նա հղի է:
– Ինչքա՞ն ժամանակ:
– Երկու ամիս:
Բժիշկն այնքան մեծ կարևորություն չտվեց դրան, որքան Բիլլի Սանչեսն էր սպասում: «Լավ արեցիք, որ ասացիք»,- ասաց և գնաց պատգարակի ետևից: Բիլլի Սանչեսը կանգնած մնաց մռայլ, հիվանդների քրտնահոտով հագեցած սրահում, չիմանալով, թե ինչ անի, նայելով դատարկ միջանցքին, որտեղով տարել էին Նենա Դակոնտեին, այնուհետև նստեց փայտե նստարանին, որտեղ ուրիշ սպասողներ էլ կային: Չիմացավ, թե որքան ժամանակ է մնացել այդտեղ, բայց երբ որոշեց դուրս գալ հիվանդանոցից, դարձյալ գիշեր էր, և շարունակում էր բարակ անձրև մաղել, իսկ նա նույնիսկ չգիտեր, թե ինչ անի ինքն իր հետ, այդպես՝ աշխարհի ծանրության տակ կքած:
Նենա Դակոնտեն հիվանդանոց ընդունվեց հունվարի յոթին, երեքշաբթի, ժամը 9.30-ին, ինչպես ես կարողացա հավաստիանալ հիվանդանոցային արխիվներից տարիներ անց: Այդ առաջին գիշերը Բիլլի Սանչեսը քնեց շտապ օգնության դռան առաջ կայանած ավտոմեքենայի մեջ, այն էլ՝ շատ վաղ, հաջորդ օրը մոտակայքում եղած սրճարանում վեց խաշած ձու կերավ, երկու գավաթ կաթով սուրճ խմեց, որովհետև Մադրիդից դուրս գալուց ի վեր կարգին բան չէր կերել: Այնուհետև վերադարձավ շտապ օգնության բաժանմունքի սրահը, որպեսզի տեսնի Նենա Դակոնտեին, բայց նրան հասկացրին, որ պետք է գլխավոր մուտք գնա: Այնտեղ ի վերջո մի աստուրացի ծառայող գտան, որն օգնեց հասկանալ դռնապանին, վերջինս էլ հաստատեց, որ իրոք Նենա Դակոնտեն գրանցված է հիվանդանոցում, սակայն այցելություններ թույլատրվում են միայն երեքշաբթի օրերը, ժամը իննից չորսը, այսինքն՝ վեց օր հետո: Բիլլի Սանչեսը փորձեց տեսնել բժշկին, որն իսպաներեն էր խոսում, նկարագրեց նրան իբրև ճաղատ գլխով նեգր, սակայն այդքան պարզունակ երկու մանրամասով ոչ ոք տեղեկություն չտվեց նրան:
Հանգստացած այն լուրից, որ Նենա Դակոնտեն գրանցված է ընդունվածների մատյանում, նա վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր ավտոմեքենան, և մի ավտոտեսուչ հարկադրեց նրան երկու թաղամաս այն կողմ կանգնեցնել այն, մի շատ նեղ փողոցում, կենտ համարանիշեր ունեցողների կողքին: Դիմացի մայթին նորոգված մի շենք կար, վրան ցուցանակ՝ «Նիկոլ հյուրանոց»: Մի աստղանի հյուրանոց էր շատ փոքր ընդունարանով, որտեղ միայն մի բազմոց կար և մի դաշնամուր, բայց տերը, որ մեղեդային ձայն ուներ, ցանկացած լեզվով կարողանում էր բացատրվել այցելուների հետ, միայն թե նրանք վճարունակ լինեին: Բիլլի Սանչեսն իրենց տասնմեկ ճամպրուկներով ու նվերների վեց տուփերով տեղավորվեց միակ ազատ սենյակում, որը մի եռանկյունի ձեղնասենյակ էր իններորդ հարկում, որտեղ հասնում էին շնչակտուր բարձրանալով պտուտասանդուղքը, որից խաշած ծաղկակաղամբի հոտ էր փչում: Պատերը պաստառապատված էին խղճուկ պաստառներով, և միակ պատուհանից ներս էր թափանցում միայն ներքին բակի աղոտ լուսավորությունը: Սենյակում երկտեղանի մի մահճակալ կար, մի մեծ զգեստապահարան, մի հասարակ աթոռ, շարժական բիդե, լվացարան՝ իր թասով ու ջրամանով, այնպես որ, սենյակի ներսում կարելի էր մնալ միայն մահճակալին պառկած վիճակում: Ամեն բան ավելի շուտ վատն էր, քան հին ու խղճուկ, բայց նաև շատ մաքուր, և հենց նոր կիրառած դեղամիջոցների բարերար հետքերով:
Բիլլի Սանչեսին այնպիսի կյանք չէր բաժին ընկել, որ նա գլուխ հաներ այս աշխարհի առեղծվածներից, որոնք կծծիության տաղանդի վրա են հիմնված: Նա երբեք չհասկացավ սանդուղքի լույսի հանելուկը, որը հանգչում էր նախքան ինքն իր հարկ կհասներ, որ էլի գտավ այն նորից վառելու հնարը: Առավոտվա կեսն անցավ, մինչև հասկացավ, որ ամեն հարկի սանղավանդակում մի փոքրիկ սենյակ կա՝ ջուրը քաշելու շղթայով զուգարանակոնքով, և արդեն որոշել էր մթության մեջ օգտվել զուգարանից, երբ պատահաբար հայտնաբերեց, որ ներսից սողնակը գցելիս է վառվում լույսը, որպեսզի ոչ ոք հանկարծ վառած չթողնի այն: Ցնցուղարանի համար, որը գտնվում էր միջանցքի ծայրին և որից նա համառորեն ուզում էր օրական երկու անգամ օգտվել, ինչպես իր երկրում, առանձին պետք էր վճարել, այն էլ կանխիկ, իսկ տաք ջուրը, որը վերահսկվում էր ադմինիստրացիայի կողմից, սպառվում էր երեք րոպեից: Այդուհանդերձ, Բիլլի Սանչեսի դատողությունը բավականին պայծառ էր հասկանալու համար, որ այդ կարգը, որ այնքան տարբեր է իր կարգերից, ամեն դեպքում շատ ավելի լավ էր, քան հունվարյան թխպոտ եղանակը, և բացի այդ նա այնքան շփոթված ու միայնակ էր զգում իրեն, որ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է երբևէ կարողացել ապրել առանց Նենա Դակոնտեի աջակցության:
Չորեքշաբթի առավոտյան սենյակ բարձրանալուն պես նա վերարկուն հագին բերանքսիվայր նետվեց մահճակալին՝ մտածելով այն հրաշք արարածի մասին, որը շարունակում էր արնահոսել դիմացի մայթին, և շուտով այնքան խոր քուն մտավ, որ երբ արթնացավ, ժամացույցը ժամը հինգն էր ցույց տալիս, բայց նա չկարողացավ եզրակացնել, թե արդյոք ցերեկվա՞ հինգն է, թե՞ գիշերվա, նաև թե շաբաթվա ո՞ր օրն է և այդ ի՞նչ քամուց ու անձրևից մտրակվող պատուհաններով քաղաքում է ինքը: Արթուն պառկած սպասեց, շարունակ Նենա Դակոնտեի մասին մտածելով, մինչև համոզվեց, որ իրոք լույսը բացվում է: Գնաց նախաճաշելու նախորդ օրվա սրճարանում և այնտեղ իմացավ, որ հինգշաբթի է: Հիվանդանոցի լույսերը վառվում էին, անձրևը դադարել էր, և նա թիկն տվեց շագանակենու բնին, որը գտնվում էր գլխավոր մուտքի դիմաց, որտեղից ճերմակ խալաթավոր բժիշկներ ու բուժքույրեր էին ներս ու դուրս անում, հույս ունենալով գտնել այն ասիացի բժշկին, որն ընդունել էր Նենա Դակոնտեին: Բայց չտեսավ նրան: Չտեսավ նաև ճաշից հետո և ստիպված եղավ հրաժարվել սպասելու մտքից, որովհետև սառչում էր: Ժամը յոթին ևս մի գավաթ կաթով սուրճ խմեց և երկու պինդ խաշած ձու կերավ, որոնք ինքը վերցրեց վաճառասեղանից՝ քառասունութ ժամ հետո նույն տեղում միևնույն բանն ուտողի իրավունքով: Երբ հյուրանոց վերադարձավ քնելու, տեսավ, որ մի մայթին միայն իր ավտոմեքենան է կանգնած, իսկ մյուսները դիմացի մայթին են, և իր ավտոմեքենայի դիմահար ապակու վրա տուգանքի ծանուցագիր է փակցված: Նիկոլ հյուրանոցի դռնապանը դժվարությամբ բացատրեց, որ ամսվա կենտ օրերին կարելի է կայանել կենտ համարներով ավտոմեքենաների մայթին, հաջորդ օրը՝ հակառակ մայթին: Այդքան շրջահայաց հնարքներն անհասկանալի էին մի զտարյուն Սանչես Ավիլայի համար, որը երկու տարի առաջ քաղաքագլխի ծառայողական ավտոմեքենայով մտել էր թաղամասի կինոթատրոններից մեկը և անտարբեր ոստիկանների աչքի առաջ մահացու վնասներ պատճառել: Առավել ևս գլխում չտեղավորվեց, երբ հյուրանոցի դռնապանը խորհուրդ տվեց վճարել տուգանքը, բայց այդ ժամին մեքենայի տեղը չփոխել, որովհետև գիշերվա տասներկուսին մեկ անգամ ևս ստիպաված էր լինելու փոխել այն: Այդ գիշեր առաջին անգամ չմտածեց Նենա Դակոնտեի մասին, այլ շուռումուռ էր գալիս անկողնում և չէր կարողանում քնել՝ մտածելով Կարիբյան Կարթագենի հասարակական շուկայի փափկասունների գինետներում անցկացրած իր հոգնեցուցիչ գիշերների մասին: Մտաբերում էր նավամատույցը, որտեղ Արուբայի առագաստանավերն էին կառանում, նավամատույցի պանդոկների տապակած ձկան և կոկոսի բրնձի համը: Հիշեց զառ-մանուշակներով ծածկված պատերով իր տունը, որտեղ հազիվ երեկվա օրվա երեկոյան ժամը յոթը կլիներ, տեսավ հորը՝ մետաքսյա գիշերազգեստը հագին, զով ծածկապատշգամբում թերթ կարդալիս:
Հիշեց մորը, որի մասին մարդ չգիտեր, թե որ ժամին որտեղ է, հաճելի և լեզվանի մորը՝ կիրակնօրյա զգեստով, վարդն ականջին, երեկոն իջնելուց ի վեր շոգից խեղդվելիս՝ կաշկանդված իր շքեղ գործվածքներից: Մի օր, յոթ տարեկան էր այն ժամանակ, հանկարծակի մտել էր մոր սենյակ և տեսել նրան անկողնում մերկ պառկած իր պատահական սիրեկաններից մեկի հետ: Այդ անախորժությունից, որի մասին երբեք չէր խոսել, նրանց միջև մեղսակից հարաբերություններ հաստատվեցին, որ շատ ավելի շահեկան էր, քան սերը: Այնուամենայնիվ, նա դա չէր գիտակցում, ինչպես նաև շատ այլ ահավոր բաներ իր՝ միակ որդոււ միայնությունից, մինչև այդ գիշերը, երբ փարիզյան մի ողորմելի ձեղնասենյակում շուռումուռ էր գալիս անկողնում, և կողքին չկար մեկը, որին պատմեր իր դժբախտությունը, գազազելով ինքն իր վրա, որովհետև չէր կարողանում զսպել լաց լինելու ցանկությունը:
Օգտակար անքնություն եղավ այդ անքնությունը: Հինգշաբթի օրը ծանր գիշերից հետո նա վեր կացավ ջարդուփշուր եղած, սակայն վճռական՝ իր կյանքում լուծում գտնելու: Վերջապես համարձակվեց կոտրել իր ճամպրուկի փականքը, որպեսզի հագուստը փոխեր, որովհետև բոլոր ճամպրուկների բանալիները Նենա Դակոնտեի պայուսակում էին փողի մեծ մասի և հեռախոսահամարների գրքույկի հետ միասին, որտեղ գուցե Փարիզում ապրող որևէ ծանոթի համար գտներ: Իր մշտական սրճարանում հանկարծ հասկացավ, որ սովորել է ֆրանսերեն բարևել և խոզապուխտով սանդվիչ ու կաթով սուրճ խնդրել: Բայց նաև գիտեր, որ երբեք հնարավոր չէր լինի որևէ կերպ կարագ ու ձու պատվիրել, որովհետև երբեք չէր կարողանա սովորել արտասանել այդ բառերը, նաև պինդ ձվերը աչքի առաջ՝ վաճառասեղանին էին դրված, և բոլորն էլ առանց խնդրելու էին վերցնում: Բացի այդ էլ երեք օր անց սպասարկող անձնակազմն արդեն մտերմացել էր նրա հետ և օգնում էր նրան բացատրվել: Այնպես որ, հինգշաբթի ճաշի ժամին, երբ փորձում էր խելքը տեղը բերել, տապակած կարտոֆիլով հորթի ֆիլե և մի շիշ գինի պատվիրեց: Այնքան լավ զգաց իրեն, որ մի շիշ ևս պատվիրեց, այդ մեկի կեսը խմեց և անցավ փողոցը՝ ուժով հիվանդանոց խցկվելու աներեր վճռականությամբ: Չգիտեր, թե որտեղ փնտրեր Նենա Դակոնտեին, բայց գլխում մեխվել էր ասիացի բժշկի փրկարար պատկերը, և վստահ էր, որ գտնելու է նրան: Նա գլխավոր մուտքից չմտավ, այլ շտապ օգնության բաժանմունքի մուտքից, որի հսկողությունը կարծես թե ավելի թույլ էր, սակայն չհասցրեց ավելի հեռու գնալ այն միջանցքից, որտեղ Նենա Դակոնտեն ձեռքով հրաժեշտ էր տվել իրեն: Արյան ցայտերով պատված խալաթ հագած մի հսկիչ անցնելիս ինչ-որ բան հարցրեց նրան, բայց նա ուշադրություն չդարձրեց: Հսկիչը հետևեց նրան՝ շարունակ նույն հարցը կրկնելով ֆրանսերեն և ի վերջո այնպիսի ուժով բռնեց թևը, որ կտրուկ կանգնեցրեց նրան տեղում: Բիլլի Սանչեսը փորձեց ազատվել նրանից շղթայով չափող հողաչափորդի հնարքով, իսկ հսկիչը ֆրանսերեն հայհոյանքներ թափեց նրա գլխին, կեռիկով թևը ոլորեց մեջքին և առանց դադարելու հազար անգամ լուտանքներով նախշեց նրա բոզ մորը, ցավից կատաղած Բիլլի Սանչեսին համարյա ոտքերը գետնից կտրած տարավ մինչև դուռը և կարտոֆիլի պարկի նման նետեց փողոցի մեջտեղը:
Այդ օրը, քաղած դառը դասից վշտաբեկ, Բիլլի Սանչեսը սկսեց հասունանալ: Որոշեց դիմել իր ծանոթ դեսպանին, ինչպես Նենա Դակոնտեն կաներ: Հյուրանոցի դռնապանը, որը, չնայած իր անմարդամոտ արտաքինին, շատ հաճոյակատար էր, նաև համբերատար լեզուների հարցում, հեռախոսագրքում գտավ դեսպանատան համարն ու հասցեն, գրի առավ տոմսակի վրա և տվեց նրան: Շատ սիրալիր մի կին պատասխանեց, որի դանդաղկոտ և անփայլ ձայնի մեջ Բիլլի Սանչեսն անմիջապես ճանաչեց անդյան խոսելաձևը: Նա ասելիքն սկսեց իր ամբողջական անունը հայտնելուց, համոզված, որ տպավորություն կթողնի կնոջ վրա իր երկու ազգանուններով, սակայն հեռախոսի մեջ ձայնը չփոխվեց: Լսեց, թե ինչպես է անգիր սերտած դասի նման կինը բացատրում, որ դեսպանն այդ պահին տեղում չէ և չի լինելու մինչև հաջորդ օրը, բայց ամեն դեպքում կարող է ընդունել նրան միայն նախապես հանդիպում նշանակելով, այն էլ միայն հատուկ դեպքում: Եվ Բիլլի Սանչեսը հասկացավ, որ այս ճանապարհով նույնպես չի կարող հասնել Նենա Դակոնտեին և տեղեկություն տալու համար շնորհակալություն հայտնեց նույն սիրալիրությամբ, ինչպես և տրվել էր այն: Այնուհետև տաքսի նստեց և գնաց դեսպանատուն:
Դեսպանատունը Շանզ Էլիզե փողոցի համար քսաներկու հասցեում էր գտնվում՝ Փարիզի ամենախաղաղ հատվածներից մեկում: Միակ բանը, որ տպավորություն թողեց Բիլլի Սանչեսի վրա, ինչպես տարիներ հետո ինքն է պատմել ինձ Կարիբյան Կարթագենում, այն էր, որ իր գալուց ի վեր առաջին անգամ արևն այնքան պայծառ էր, ինչպես Կարիբյան երկրում, և Էֆելյան աշտարակը վեր էր հառնում քաղաքի վրա լուրթ երկնքում: Պաշտոնակատարը, որը դեսպանի փոխարեն ընդունեց նրան, թվում էր, թե հազիվ է ապաքինվել մահացու հիվանդությունից ոչ միայն սև մահուդե կոստյումի, նեղ օձիքի և սգո փողկապի, այլ նաև շարժումների կաշկանդվածության և ձայնի հանդարտության պատճառով: Նա հասկացավ Բիլլի Սանչեսի հոգեկան խռովքը, սակայն, առանց ձայնի մեղմ տոնը փոխելու, հիշեցրեց նրան, որ իրենք գտնվում են քաղաքակիրթ մի երկրում, որտեղ գրված օրենքները հիմնվում են հնագույն և իմաստուն չափանիշների վրա, ի տարբերություն բարբարոս ամերիկյան մայրցամաքի, որտեղ հիվանդանոց մտնելու համար բավական է միայն կաշառել դռնապանին: «Ո՛չ, սիրելի երիտասարդ», – ասաց նա: Այլ հնար չկար, քան ենթարկվել բանականության իշխանությանը և սպասել մինչև երեքշաբթի:
– Ի վերջո, ընդամենը չորս օր է մնացել, -եզրափակեց նա: – Մինչ այդ Լուվր գնացեք: Արժե գնալ:
Դուրս գալուց հետո Բիլլի Սանչեսը չիմացավ, թե ինչ անի Կոնկորդ հրապարակում: Տանիքների վերևում տեսավ Էյֆելյան աշտարակը, և այն այնքան մոտ թվաց, որ նա փորձեց առափնյա փողոցներով քայլելով գնալ մինչև աշտարակ: Բայց շատ շուտ հասկացավ, որ այն շատ ավելի հեռու էր, քան թվում էր, բացի այդ էլ որքան փնտրում էր աշտարակը, այնքան փոխվում էր նրա տեղը: Եվ նա սկսեց մտածել Նենա Դակոնտեի մասին՝ Սենայի ափին մի նստարանի նստած: Տեսավ, թե ինչպես են կամուրջների տակով անցնում քաշող նավերը և դրանք նրան նավեր չթվացին, այլ թափառող տներ՝ գունավոր տանիքներով, լուսամուտագոգերին դրված ծաղկամանների մեջ աճող ծաղիկներով ու լաստերի վրա պարանին չորացող լվացքով: Երկար դիտեց անշարժ մի ձկնորսի, նրա անշարժ կարթն ու ջրի մեջ նետած անշարժ կարթաթելը, հոգնեց սպասելուց, որ գեթ մի բան շարժվի, մինչև սկսեց մթնել, և նա որոշեց տաքսի նստել հյուրանոց վերադառնալու համար: Եվ միայն այդ պահին հասկացավ, որ չգիտի հյուրանոցի անունն ու հասցեն և գաղափար անգամ չուներ, թե Փարիզի որ մասում է գտնվում հիվանդանոցը:
Խուճապի մատնված մտավ առաջին պատահած սրճարանը, կոնյակ պատվիրեց և աշխատեց կարգի բերել մտքերը: Մինչ մտածում էր, ինքն իրեն բազմիցս և տարբեր անկյուններից կրկնված տեսավ պատերի բազմաթիվ հայելիների մեջ և սարսափահար ու միայնակ զգաց իրեն և ծնվելուց ի վեր առաջին անգամ մտածեց մահվան իրական լինելու մասին: Բայց երկրորդ բաժակից հետո ավելի լավ զգաց իրեն և նախախնամական մի միտք հղացավ՝ վերադառնալ դեսպանատուն: Գրպանում փնտրեց այցեքարտը, որպեսզի հիշեր փողոցի անունը և հայտնաբերեց, որ ետևի կողմում տպված էին հյուրանոցի անունն ու հասցեն: Այդ փորձն այնքան վատ ազդեց նրա վրա, որ շաբաթ-կիրակի սենյակից դուրս եկավ
միայն ուտելու և ավտոմեքենան համապատասխան մայթին տեղափոխելու համար: Երեք օր շարունակ նույնպիսի կեղտոտ մանրամաղ անձրև տեղաց, ինչպես իրենց ժամանման առավոտյան: Բիլլի Սանչեսը, որը ոչ մի գիրք մինչև վերջ չէր կարդացել, ցանկություն ունեցավ մի գիրք ունենալ ձեռքի տակ, որպեսզի չձանձրանար մահճակալին մեկնված, բայց միակ գրքերը, որ գտավ կնոջ ճամպրուկներում իսպաներենից տարբեր լեզուներով էին: Եվ նա շարունակեց սպասել երեքշաբթի օրվան՝ դիտելով պատերի պաստառների կրկնվող սիրամարգները, պահ անգամ չդադարելով մտածել Նենա Դակոնտեի մասին: Երեքշաբթի փոքր ինչ կարգի բերեց սենյակը, մտածելով, թե ինչ կասեր նա, եթե այդ վիճակում տեսներ սենյակը, և միայն այդ ժամանակ հայտնաբերեց, որ ջրաքիսե մուշտակին չորացած արյան բծեր կային: Օրն անցկացրեց մուշտակը բուրավետ օճառով լվանալով, որը ձեռքի փոքր ճամպրուկի մեջ գտավ, մինչև հաջողվեց նորից այնպիսի տեսքի բերել այն, ինչպես Մադրիդում օդանավ բարձրացնելիս:
Երեքշաբթի օրվա այգաբացը մշուշոտ էր ու պաղ, սակայն անանձրև, իսկ Բիլլի Սանչեսը ժամը վեցից ոտքի վրա էր արդեն և նվերների փաթեթներով ու ծաղկեփնջերով բեռնավորված հիվանդների հարազատների բազմության հետ միասին սպասում էր հիվանդանոցի դռան առաջ: Ներս մտավ ամբոխի հետ, ջրաքիսե մուշտակը թևին գցած, առանց որևէ բան հարցնելու և գաղափար չունենալով, թե որտեղ կարող էր լինել Նենա Դակոնտեն, սակայն կառչած այն համոզմունքից, որ պետք է գտներ ասիացի բժշկին: Անցավ մի ընդարձակ բակի միջով, որտեղ ծաղիկներ և վայրի թռչուններ կային, որի երկայնքով ձգվում էին մասնաշենքերը՝ աջ կողմում՝ կանանց, ձախում՝ տղամարդկանց: Այցելուներին հետևելով՝ մտավ կանանց մասնաշենքը: Հիվանդանոցային գիշերաշապիկներով անկողնու մեջ նստած, լայն պատուհաննեից թափանցող լույսով լուսավորված հիվանդների մի երկար շարք տեսավ և նույնիսկ մտածեց, որ այդ ամենն ավելի ուրախ է, քան հնարավոր էր պատկերացնել դրսից: Հասավ միջանցքի ծայրին, այնուհետև նորից անցավ այն հակառակ ուղղությամբ, մինչև համոզվեց, որ հիվանդներից ոչ մեկը Նենա Դակոնտեն չէր: Դրանից հետո մեկ անգամ ևս անցավ դրսի կողմի միջանցքով՝ պատուհաններից նայելով տղամարդկանց հիվանդասենյակները, մինչև կարծեց, թե ճանաչել է այն բժշկին, որին փնտրում էր:
Իրոք նա էր: Այլ բժիշկների և մի քանի բուժքույրերի հետ մի հիվանդի էր զննում: Բիլլի Սանչեսը մտավ հիվանդասենյակ, բուժքույրերից մեկին հեռացրեց խմբից և կանգնեց հիվանդի վրա հակված ասիացի բժշկի դիմաց: Ձայն տվեց նրան: Բժիշկը բարձրացրեց վշտաբեկ աչքերը, մի պահ մտածեց և ճանաչեց նրան.
– Ախր էդ ո՞ր գրողի ծոցն էիք կորել:
– Հյուրանոցում էի: Այստեղ, անկյունի վրա:
Եվ ամեն բան իմացավ: Նենա Դակոնտեն արնաքամ մահացել էր հունվարի 9-ին, հինգշաբթի, երեկոյան ժամը յոթն անց տասին, Ֆրանսիայի ամենաբարձրակարգ մասնագետների յոթանասուն ժամ տևած ապարդյուն ջանքերից հետո: Մինչև վերջին ակնթարթը եղել է հանգիստ, միտքը՝ պայծառ, և ցուցումներ է տվել, որպեսզի ամուսնուն գտնեն Աթենք հրապարակի հյուրանոցում, որտեղ պատվիրված սենյակ ունեին, տվել է նաև իր ծնողների տվյալները, որպեսզի կապվեին նրանց հետ: Դեսպանատունն իրենց դիվանատնից հրատապ հեռագրով տեղեկացվել է ուրբաթ օրը, երբ Նենա Դակոնտեի ծնողներն արդեն Փարիզ էին թռչում: Դեսպանն անձամբ է զբաղվել զմռսման և հուղարկավորման կազմակերպմամբ, մնացել կապի մեջ Փարիզի ոստիկանական վարչության հետ՝ Բիլլի Սանչեսի գտնվելու վայրը պարզելու համար: Նրա անձնական տվյալներով հույժ կարևոր կոչ է հաղորդվել ռադիոյի և հեռուստատեսության միջոցով ուրբաթ օրվանից մինչև կիրակի, և այդ քառասուն ժամվա ընթացքում նա Ֆրանսիայում ամենաշատ փնտրվող մարդն է եղել: Նրա լուսանկարը, որ գտել են Նենա Դակոնտեի պայուսակում, փակցված է եղել ամենուրեք: Բացովի ծածկով երեք Բենթլի են գտել, բայց ոչ մեկը նրանը չի եղել:
Նենա Դակոնտեի ծնողները եկել են շաբաթ օրը կեսօրին և գիշերը դիակը պահել հիվանդանոցի ժամատանը՝ մինչև վերջին պահը հույս ունենալով գտնել Բիլլի Սանչեսին: Վերջինիս ծնողները նույնպես տեղեկացվել են և պատրաստ են եղել Փարիզ թռչել, սակայն վերջում հրաժարվել են այդ մտքից՝ հեռագրերի խառնաշփոթի պատճառով: Հոգեհանգիստը տեղի էր ունեցել կիրակի օրը ժամը երկուսին, ընդամենը երկու հարյուր մետր հեռավորության վրա այն հյուրանոցի ողորմելի սենյակից, որտեղ Նենա Դակոնտեի սիրո պատճառով Բիլլի Սանչեսի հոգին ծվատվում էր մենությունից: Դեսպանատան պաշտոնյան, որն ընդունել էր նրան, տարիներ հետո ինձ ասաց, որ ինքն էր ստացել իրենց դիվանատնից ուղարկված հեռագիրը իր աշխատասենյակից Բիլլի Սանչեսի դուրս գալուց մեկ ժամ հետո և փնտրել էր նրան Ֆոբուրգ Սան Օնորեի գաղտնի բարերում: Նա խոստովանեց, որ երբ ընդունել էր նրան, առանձնապես ուշադրություն չէր դարձրել, որովհետև երբեք չէր կարող պատկերացնել, որ փարիզյան նուրություններից ապշած, ոչխարենու բաճկոնն այնքան անփույթ վրան գցած այն երիտասարդը այդքան անվանի ծագման պատիվը կարող էր ունենալ: Այն նույն կիրակի գիշերը, երբ նա չէր դիմանում կատաղությունից լացը զսպելու ցանկությանը, Նենա Դակոնտեի ծնողները հրաժարվեցին որոնումներից և զմռսված մարմինը ցինկե դագաղի մեջ տարան իրենց հետ, և ով տեսել էր այն, երկար տարիներ շարունակ կրկնում էին, որ երբեք այդքան գեղեցիկ կին չէին տեսել, թե՛ ողջ, թե՛ մեռած: Այնպես որ, երբ Բիլլի Սանչեսը երեքշաբթի առավոտյան վերջապես հիվանդանոց մտավ, թաղումն արդեն կատարվել էր Լա Մանգայի տխուր պանթեոնում՝ շատ փոքր հեռավորության վրա այն տնից, որտեղ նրանք գտել էին երջանկության առաջին բանալին: Ասիացի բժիշկը, որը Բիլլի Սանչեսին իրազեկ դարձրեց կատարված ողբերգությանը, հիվանդանոցի սրահում ցանկացավ հանգստացնող հաբեր տալ նրան, բայց նա հրաժարվեց: Հեռացավ առանց հրաժեշտ տալու, երախտապարտ լինելու ոչինչ չունենալով, մտածելով, որ միակ բանը, որի կարիքը զգում է շատ խիստ, այն է, որ գտնի որևէ մեկին, որի հերն անիծի շղթայի հարվածներով, որպեսզի ազատվի իր դժբախտությունից: Երբ դուրս եկավ հիվանդանոցից, չհասկացավ անգամ, որ երկնքից ձյուն է թափվում՝ առանց արյան հետքերի, և ձյան քնքուշ ու ճերմակ փաթիլները նման են աղավնու փետուրների, իսկ Փարիզի փողոցներում տոնական մթնոլորտ է տիրում, որովհետև տասը տարվա մեջ առաջին անգամ առատ ձյուն էր տեղում:
© Գաբրիել Գարսիա Մարկես, 1976թ.
Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը
Իրոք ՄԱՐԿԵՍԻՆՆ էր. ավելացնելու ու մեկնաբանելու ոչինչ չկա այլևս…
Այդպես մտահղացվել էր և այդպես էլ պետք է ավարտվեր
Պաշտում եմ….
Tkhur patmutyun
Հազվադեպ լավ թարգմանություն հայերենի հերը անիծելու մեր
այս օրերում…
Հ.Մ.
Այս ստաղծագործությունը առաջին անգամ կարդացի անցյալ տարի բնօրինակ տարբերակով, հրաշալի պատմվացք է և շատ լավ թարգմանված ,որովհետև ինքս էլ եմ փորձել թարգմանել:
Ստեղծագործության մեջ առկա է այլաբանություն. երջանկությունը ,երբեմն թիթռի կյանք է ունենում ,նրանց համար նախասահմանված էր այսքանը: Այն ինչ սկսվում է բուռն և միանգամից ավարտվում է նույն կերպ: