( հատվածներ )
***
Ծնունդը մեզ շնորհում է այնպիսի անցյալ, որում միախառնվում են հուզմունքը, լռությունը և խավարը: Այս իմաստով պետք է հասկանալ Հիսուսի պատասխանը Պետրոսին, երբ նա խորհուրդ տվեց նրան իր կացարանը հիմնել Թաբոր լեռան վրա:
Պետրոսը ասաց. «Domine, bonum est nos hic esse!» «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, այստեղ երեք տաղավար շինենք, մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, և մեկը՝ Եղիայի (Մատթեոս 17:4) »:
Ոչ Թաբորը, ոչ առավել ևս կեսարի կացարանը, և իհարկե ոչ էլ Բեթղեհեմի մսուրները այն վայրը չեն, որտեղ մենք կարող ենք ասել. «Domine, bonum est nos hic esse!»: Ո՛չ, մեզ համար այստեղ լավ չէ:
***
Մարդկային մարմինը ներկայացնում է ամենագեղեցիկ բնապատկերը: Հիսուսը չի ասել . «Աշխարհի ճրագը աչքն է»: Հիսուսը չի խոսել բնանկարի, լեռան, արևի, բերդաքաղաքների , գիշերային երկնքի մասին: Հիսուսը ասել է. «Մարմնի ճրագը աչքն է (Մատթեոս 6:22) »:
Lucema corporis est oculus.
Նա ավելացնում է . «Այսպիսով, եթե քո աչքը մաքուր է (simplex ), քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի (lucidum): Ճրագ, որ մերկացնում է մարդու մարմինը,- ասում է Հիսուսը,- ահա ՛, թե ինչ է աչքը մարդկանց դեմքերին:
Նա մահանում է մերկ:
Այդ նրա կիրքն է:
***
Ի՞նչ է սերը: Դա սեռական գրգռվածությունը չէ: Դա ամեն օր մի այլ մարդու մարմնին մոտ լինելու պահանջմունքն է:
Նրա հայացքի անկյունում: Նրա ձայնի լսելիության սահմաններում: Անգամ երևակայության մեջ: Անգամ ներքին պատկերի տեսքով: Շատ տղամարդիկ և կանայք ապացուցել են, որ կարելի է սիրել հանգուցյալին: Հենց այս կապվածության հնարավորությունն է՝ հակառակ տեսանելի ներկայության, առանձնացնում սերը:
***
Փոխադարձությունը՝ սիրո գաղտնիքն է: Ես ասում եմ «գաղտնիք», որովհետև փոխադարձ հարաբերությունները դժվարությամբ են հաստատվում: Այստեղ ես շարունակում եմ հետևել հին հռոմեացիների դրույթներին. մերձավորությունը – անփոխադարձ կապերի ձև է: Ի տարբերություն հին հռոմեացիների, հին հույները պնդում էին, որ միայն տղամարդկանց ընկերությունը (philia ) կարող է փոխադարձության օրինակ համարվել: Բայց և այնպես, Կարթագենի Դիդոնա թագուհին Էնեասից ակնկալում է անհավանական փոխադարձություն: Բայց և այնպես, Հռոմի Մեսալինա կայսրուհին Լուկուլլոսի ալգիներում Սիրիուսից ակնկալում է philia ավելի խորը, քան ցանկությունը և ավելի փոխադարձ, քան հեշտասիրությունը:
Վստահված գաղտնիքը- սերն է: Ես կարծում եմ, որ սիրո այս յուրօրինակ սահմանումը առաջին անգամ տվել է Հոմերոսը: Ես այդ որսացել եմ Կիրկեի շուրթերից: « Ոդիսականը», անկասկած, առաջին անգամ գրառվել է մ.թ.ա. 800թ. սեմա-փյունիկյան լեզվով: Այդ տեսարանում դեմ առ դեմ բախվում են կախարդուհի Կիրկեն կամ Ցիրցեյան և հերոս -ճանապարհորդ Ոդիսևսը (Ուլիսեսը): Սկզբում նրանք չափում են իրենց ուժերը և խոսքը դրանում այնքան քիչ է մասնակցում, որքան միայն հնարավոր է սեռերի հարաբերությունների միջև: Արական բևեռը սրով սպառնում է կանացի բևեռին: Կիրկեն ասում է Ոդիսևսին.
«Ուրեմն պատյանիդ մեջ դիր թուրը սուր, որ հետո մենք
Մեկ մահիճում, տռփանքի մեջ այստեղ պառկենք և, անկողնում
Սիրով իրար հետ միացած, առմիշտ միմյանց վստահ լինենք»։
Որպեսզի տղամարդն ու կինը իսկապես խոսեն միմյանց հետ, նրանք պետք է կիսեն անկողինը, տեսնեն միմյանց մերկությունը, զգան միմյանց ծանրությունը: Ոդիսևսը ընդունում է նրա փաստարկը: Նրանք մտնում են անկողին, մերկանում են, գրկախառնվում և փոխադարձ համաձայնում են խոսքի գրկում, արդեն իսկ մի ակնթարթ կասկածի չենթարկելով փոխադարձ վստահությունը՝ հիմնված զուգավորման վրա և ամրապնդված բուռն ցանկությամբ:
Կիրկեն նկարագրում է ոչ այնքան սերը կամ զգայականությունը, որքան այն, ինչը հռոմեացիները և ժամանակակիցները անվանում են համատեղ կյանք: Ըստ Կիրկեի, համատեղ կյանքը՝ սիրո կատարյալ ձևն է – ավելի բարձր քան սեռականությունը և ամուսնությունը: Համենայն դեպս այդպես էր հասկանում Հոմերոսը: Նա հաստատում է այդ վերջին դրվագում, երբ Պենելոպեն և Ոդիսևսը վերագտնում են միմյանց: Այն ամենից հետո, երբ Պենելոպեն ճանաչում է Ոդիսևսին, այն ամենից հետո, երբ քսան տարի անց նրանք նորից գրկախառնվում են իրենց մահճում, Հոմերոսը ասում է.
«Երբ երկուսով նրանք սիրո խոր տարփանքը վայելեցին (philotelos )
Սկսեցին իրար պատմել, զրույց անել հոգեզվարճ (muthoisi pros allelous )»:
Եվ կրկին հոմերոսյան տեքստում սեռական հաճույքը միավորվում է երկու ամուսինների «առասպելներից» ստացած հաճույքի հետ, որ սիրով շշնջում են միմյանց մթության մեջ:
Վստահել ուրիշին իր secreta – նշանակում է կիսել անկողինը: Կիրկեն ասում է, որ սեռական կապ ունենալը – նշանակում է կիսել գաղտնիքները: Կիրկեն ասում է, որ գաղտնիքը – սեռական օրգանների հաղորդակցությունն է: Կիրկեն ասում է, որ ամենակարևոր տեղը – անկողինն է:
***
Աշխարհի ամենագեղեցիկ իրերն են՝ մատղաշ վարազի ստևը, ճաքճքված կեղևի միջով փայլող շագանակները, հրաբորբոք ածուխները, Ժուան Ցզիի, Մոնտենի, Կենկոյի, Մուզիլի գրքերը, առուների ակունքը, ձիերի աչքերը, արշալույսը:
Բայց ոչինչ չի կարող համեմատվել գեղեցկության հետ երկու մարմինների՝ տղամարդու և կնոջ, դեմ առ դեմ, որ հանկարծակի՝ ի մեծագույն զարմանս իրենց, հայտնաբերում են, որ արդեն սիրում են միմյանց, չնայած ոչինչ չեն հասկանում ոչ Եվայից, ոչ Ադամից, ոչ էլ նրանց անուններն են հիշում ինչպես հարկն է: Ինչ անհավանական լռություն է նրանց դեմքերին:
Սերը վտանգ է ներկայացնում ընտանեկան միջավայրի և հասարակության տեսանկյունից ոչ միայն այն պատճառով, որ սիրահարների միջև հարաբերությունները բացառապես ասոցիալ են, որ նրանք սիրում են միմյանց և արհամարում են շուրջբոլորը, հարցն այն է, որ հասրակությունը այդ հարաբերությունների գեղեցկությունը ընկալում է որպես մարտահրավեր: Սիրահարները գեղեցիկ են, նրանք քայլում են ամպերի վրայով, նրանց մարմինները լի են կենսահյութով, աչքերը փայլում են, նրանց մեջ կա աննկարագրելի համահունչ մի բան, որ թևածում է մի մարմնից մյուսը: Ոչինչ այդքան չի հարուցում տղամարդկանց և կանանց նախանձը, որքան այս կապերը, որ առանձնացնում են բոլոր իրերից և բոլոր մարդկանցից: Աշխարհում չկա ավելի գեղեցիկ բան, քան երկու սիրահարները:
Եվ ոչ ոք աշխարհին չի նայում այդպիսի քամահրանքով:
***
Երաժշտությունը հորինած սատիրոս Մարսիասի կաշին քերթում են:
Ի՞նչ է իրական արվեստը: Ի՞նչ է նախապատմական, մինչխոսքային արվեստը: Երաժշտությունն է:
Ինչու՞ են հունական առասպելում երաժշտին ողջ- ողջ մաշկազերծ անում: Դիմակազերծելու համար, քանզի երաժշտությունը անբացատրելի է, անտեսանելի, և անմիջապես մակերեսից թափանցում է խորքը: Ի նչո՞ւ է աեդոսը կույր: Դեպի խավարը քայլելու համար, որ աչքերի խորքում է, դեպի այն աշխարհը, որտեղ ծնվում և ծաղկում են նրա երազները:
***
Մերկության մարդկային գաղափարը ծագում է կենդանուց, որը մահից հետո պատկերանում է մերկ, անծածկույթ և նրա մահը ոչ միայն զոհաբերության ծեսն է՝ սկզբից մինչև վերջ, ոչ միայն մսեղիքի կտրատումն ու բաժանումն է ցեղի և համայնքի անդամների միջև, այլ ի շարս այլոց, մարդու առաջին հանդերձանքն է (մորթի):
***
Լեռները – խորհրդավոր գլուխներ են, որ գոյացել են երկրի վրա, իսկ գետերը՝ նրանց արցունքներն են:
Եղջերուները իրենց ծարավը հագեցնում են լեռների տխրությամբ:
Սաղմոնը բարձրանում է գետի հոսանքն ի վեր՝ առ ակունքը, մշտապես շեղվելով ճանապարհից: Ինչ մնում է աղբյուրների այս անձանձիր կորստին, կորսվածը անվանվում է ծով: Ես սահմանում են ծովը որպես կորուստների ամփոփարան:
Ափին գտնվող մարդիկ մտահայում են հոսուն կորուստը:
Վերևում թևածում եմ անգղերը: Լուռ պտտվելով ինչպես աստղերը` անգղերը թևածում են լեռների, աղբյուրների, եղջերուների, մարդկանց, ծովերի վրայով:
***
Սոցիալական կյանքը տարբերվում է ջունգլիներից նրանով, որ ջունգլիներում նույն մոլուցքով չեն սպանո ւմ իրենց նմաններին: Այնտեղ կան ճիչեր, որս, հավաքչություն, ծիծաղ, ծաղիկներ, քնկոտություն: Ջունգլիներում երբեք համընդհանուր պատերազմ չկա:
Հասարակության մեջ անգամ աղաղակներ են անբաժանելի մեր մերձավորի մահից (օպերա), հասարակության մեջ անգամ ծաղիկներն են անբաժանելի մեր մերձավորի մահից (գերեզման):