Միլենա Ճաղարյան | Գեղեցիկի ու ճշմարտության միջև

Նկարը՝ Դավիթ Քոչունցի․ «Պարտության պատմություն» գրքից

Կոնֆլիկտի դաժան իրողությունները բախվում են մարդկային հույզերի և գեղարվեստական գեղեցկության վեհ արտահայտություններին, երբ գրողը որոշում է գրել պատերազմի մասին: Այս համադրումը հաճախ բացահայտում է պատերազմի խորը հակասությունները՝ և՛ ոչնչացնելու, և՛ ոգեշնչելու, սարսափ և հերոսություն առաջացնելու նրա կարողությունը: Իսկ ինչպես է գրողը ընտրում, թե ինչպես ներկայացնի պատերազմը, փառաբանի՞, թե՞ սգա, հաղթանակներով ուրախանա՞, թե՞ լաց լինի՝ համամարդկային արժեքներից ելնելով: Այս ուսումնասիրության մեջ անդրադառնալու ենք պատերազմի էսթետիզացմանը, դրա արմատներին, ու քննելու ենք երևույթի արտահայտման որոշ վառ օրինակներ:

Մինչ օրինակաների ուսումնասիրությանն անցնելը, նախ քննարկենք երևույթի մշակութային արմատները: Այս համատեքստում պետք է նկատել, որ հայ մշակույթում պատերազմի էսթետիզացման փորձեր արվել են շատ վաղուց, ինչն իր հերթին նախ վկայությունն է այն բանի, որ հայերը անընդհատ առնչվել են պատերազմի երևույթի հետ և, որ պատերազմի ու մշակույթի փոխներգործությունը շատ ակտիվ արտահայտում է ունեցել դեռ վաղ ժամանակներում: Պատմական էպոսներում, ժողովրդական, էստրադային և փոփ երգերում հաճախ պատկերվում են հերոսամարտեր, ողբերգական պարտություններ՝ ծառայելով մի դեպքում որպես խիզախության նախատիպ, մյուս դեպքում՝ ողբ ու վախի մթնոլորտ, փոխարենը հավաքական հիշողության պահպանման և տոկունության ոգեկոչի:

Որպես երևույթի ակնառու դրսևորում և հակադրություն, այս աշխատանքում կանդրադառնամ Հասմիկ Սիմոնյանի «Փակիր աչքերդ, տղաս» վերտառությամբ բանաստեղծությանը և դրան ի արձագանք Գեմաֆին Գասպարյանի «Ս…Հասմիկ» բանաստեղծությանը: Ասվածին ավելի կոնկրետ բովանդակություն հաղորդելու համար պետք է նշել, որ այս երկու բանաստեղծությունները գրվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից մոտավորապես մեկ ամիս անց և, ըստ երևույթին, դրանցից երկրորդը շարունակում է առաջինին ըստ հրատարակման ժամանակացույցի, բովանդակության և վերնագրի: Վերնագրի մասին խոսելիս կարևոր է նկատել, որ առաջին տպավորությամբ այն ներառում է Հասմիկ Սիմոնյանի ազգանվան առաջին տառը, ապա բազմակետեր և նրա անունը: Բազմակետերը հավանաբար վերնագրին երկիմաստություն հաղորդելու, ընթերցողի համար ոչ շատ ակնհայտ լինելու կամ պարզապես վերնագիրը կարճացնելու նպատակ ունեն: Այլ վարկածները ևս կյանքի իրավունք ունեն, օրինակ Գասպարյանը կարող է նկատի ունեցած լինել «ս» տառով սկսվող այլ, հավանաբար՝ «Սիրելի Հասմիկ», «Սո՛ւս, Հասմիկ» կամ «Ս…գնա՛, Հասմիկ»: Վերադառնալով բանաստեղծությունների բովանդակությանը և գրելաոճին, պետք է նշել, որ Սիմոնյանի գործը ակնհայտ փորձ է պատերազմի «արագ գեղարվեստականացման»[1], ինչին ի հակադրություն Գեմաֆին Գասպարյանի բանաստեղծությունը պատերազմի առավել ռեալիստիկ նկարագրություն է:

Հասմիկ Սիմոնյան

Փակիր աչքերդ, տղաս,
արցունքի պես թեթև մարմինդ
հանձնում ենք հողին:
ասե՞լ, որ սա պատերազմ էր
գրքերի ու մարդկանց միջև,
և հաղթեցին ճանճերը
սատկած
և մեր կոփված ձիերը, նժույգները մեր քաջ
կեսգիշերանց դարձան
հեկեկացող աթոռ
այս տևական անքնության պատճառով
կոպերիս տակ անվերջ ձյուն է մաղվում
և հիմա դու այն ես, տղաս,
ինչ ես ափով եմ զգում – մոխիր
ասե՞լ, որ դու չկաս,
կամ մարմինդ չգտանք,
կրակահերթը գզգզել էր քեզ,
դու թափանցիկ էիր, ու երբ բարձրացրեցինք,
ճակատիդ բաց վերքից լույսի շող ընկավ:
ամբողջ գիշեր հոսեցիր, տղաս.
կարմիր երգ էր մարմինդ խոնավ:
լուսադեմին ջերմում էիր նորից,
խնդրեցիր քեզ բարձրացնել տանիք…
և ինչպե՞ս փակել աչքերդ, տղաս, և ինչպե՞ս քիչ-քիչ սովորել մեռնել,
դու իջնող ձյունն էիր և իմաստը ձյան,
և ինչպե՞ս սանրել մազերը, կծել խնձորն այս առողջ,
գլուխը դնել պոեզիայի փափուկ հետույքին,
քնել,
երազում տեսնել երազներ և ոչ թե մառազմ:
ինչպես ասել, տղաս,
որ դու հիմա ծանր ես թարթիչի չափ
և կուրծքդ՝ կրծոտած բառերով լի սափոր՝ քարով ջարդված,
ինչ բառերով պատմել քեզ այս ձյունը, թափորը մարդկանց,
ինչպես ասել քեզ, որ դու չկաս…

 

Գեմաֆին Գասպարյան

«Ս…Հասմիկ»

ինչպե՞ս բառերով սանրել մազերը լերդացած արյան մեջ,
ասա՛, Հասմիկ,
ու ինչպե՞ս դիակը ծանր, ուռած, նեխած,
բորենու ատամնաշարի հպումից քերված այտոսկրը,
աղիքները գրկում կծիկ մարմինը
ներբողել հերոս,
ու ո՞նց էս կեղտի իսկական գույնը,
դիրքը լքածի վարտիքի գույնը,
լույսերով պատել,
ամեն նոր տողից մեռածին սպանել,
փառ փառաբանել,
փառ փառաբանել,
կոկիկ բառերի, հղկված բառերի, սիրուն բառերի
աթոռ նժույգին հեծնել՝ հեծկլտալ,
մահ շահագործել,
որ հերթափոխը շարունակ լինի՞.
-ոտքդ զգույշ դիր, հոպար, մութ ա, ականջ ա, աչք ա, չտրորես:

Սիմոնյանի ստեղծագործությունը ողողված է վշտով և սյուրռեալիստական, երազային հատկությամբ: Պատկերները ծանրաբեռնված են զգացմունքային սիմվոլիզմով՝ ձյուն, մոխիր, հեկեկացող աթոռ, որն ընդգծում է կորստի անշոշափելի և անվերջ բնույթը: Մյուս կողմից Գասպարյանի արձագանքն ավելի ուղիղ ու հստակ առճակատում է այն բանի, ինչ նկարագրում է Սիմոնյանը: Այն մարտահրավեր է նետում գրականության մեջ տառապանքի էսթետիզացմանը՝ օգտագործելով սարսափելի պատկերներ, ինչպիսիք են՝ փտած դիակներ, բորենու ատամներ, աղիքները գրկում կծիկ մարմին, որոնք խիստ հակադրվում են Սիմոնյանի ավելի փոխաբերական լեզվին:
Սիմոնյանի բանաստեղծության առաջին տողերում՝ «Փակիր աչքերդ, տղաս, արցունքի պես թեթև մարմինդ հանձնում ենք հողին» և ապա՝ «և հիմա դու այն ես, տղաս, ինչ ես ափով եմ զգում – մոխիր», «ինչպես ասել, տղաս, որ դու հիմա ծանր ես թարթիչի չափ» տողերի մեջ կարելի է նկատել, թե ինչպես է հեղինակը մեռած մարմինը նկարագրում ինչպես թեթև, անհոգի զանգված, համարելով այն որպես մահվան մեջ գրեթե ոչ էական մի բան: Մինչդեռ Գասպարյանը, հակադրվելով այս նկարագրություններին, գրում է «ու ինչպե՞ս դիակը ծանր, ուռած, նեխած, բորենու ատամնաշարի հպումից քերված այտոսկրը, աղիքները գրկում կծիկ մարմինը ներբողել հերոս»: Նկատելի է, որ Գասպարյանն օգտագործում է կոշտ, ծանր ածականներ, որոնք ընդգծում են մահվան ֆիզիկական ու գրոտեսկային իրականությունը՝ մերկացնելով դիակի պատկերը ցանկացած ռոմանտիզմից։ Գասպարյանի այս փորձը նմանվում է Չարենցի «Դանթեական առասպել»-ի տարբեր հատվածներում տրված դիակի և դրա մասերի նկարագրություններին, որոնք ի դեպ գրված են ականտեսի աչքով, ինչպես Գասպարյանի դեպքում: Դրանցից են օրինակ.
«Եվ ահա — կրկին մի քանի դիակ։
Եվ այստեղ ահա — վարսեր կանացի։»,
«Իսկ այստեղ ահա — մի ոսկրացած ձեռք։
Մարմինը չկա։ Ընկած է անձայն։»,
«Դույլում օրորվող ջինջ, հստակ ջրին,
Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
Հանդարտ, դանդաղկոտ օրորվում էին։»,
«Գույնզգույն շորեր, մարմիններ մեռած,
Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին,
Հետույքներ ուռած ու արնակալած—
Խեղկատակ, արագ ցատկոտում էին,— »[2]

Հաջորդիվ Սիմոնյանը գրում է. «ասե՞լ, որ դու չկաս, կամ մարմինդ չգտանք, կրակահերթը գզգզել էր քեզ, դու թափանցիկ էիր, ու երբ բարձրացրեցինք, ճակատիդ բաց վերքից լույսի շող ընկավ»: Սրան ի պատասխան Գասպարյանը հարցադրում է անում. «ու ո՞նց էս կեղտի իսկական գույնը, դիրքը լքածի վարտիքի գույնը, լույսերով պատել, ամեն նոր տողից մեռածին սպանել, փառ փառաբանել, փառ փառաբանել»: Այս տողերում կարելի է նկատել թե ինչպես է Գասպարյանը մերժում պատերազմում մեռնելու հանգամանքի և հերոսականության նույնականացումը, մասնավորապես նկատի ունենալով, որ մեռնողների մեջ կան նաև դիրքը լքածներ:
Մյուս կողմից Գասպարյանը «ու ո՞նց…ամեն նոր տողից մեռածին սպանել» հարցադրման մեջ նաև անդրադառնում է Սիմոնյանի՝ մահվան հաճախակի արձանագրումներին, ինչպիսիք են՝ «ասե՞լ, որ դու չկաս, կամ մարմինդ չգտանք, կրակահերթը գզգզել էր քեզ, դու թափանցիկ էիր,», «ամբողջ գիշեր հոսեցիր, տղաս. կարմիր երգ էր մարմինդ խոնավ»:
Գասպարյանի կողմից շեշտակի արձագանքի են արժանանաում նաև Սիմոնյանի անվերջ գեղարվեստական, գեղեցիկ բառաշարքերը, որոնցում պատերազմն այնքան գեղեցիկ է նկարագրված, որ ասես գրողը արդարացնում է նրա ողբերգականությունը: Դրանցից է Սիմոնյանի «ասե՞լ, որ սա պատերազմ էր գրքերի ու մարդկանց միջև, և հաղթեցին ճանճերը սատկած և մեր կոփված ձիերը, նժույգները մեր քաջ կեսգիշերանց դարձան հեկեկացող աթոռ» հատվածը, որին ի պատասխան Գասպարյանը գրում է. «կոկիկ բառերի, հղկված բառերի, սիրուն բառերի աթոռ նժույգին հեծնել՝ հեծկլտալ, մահ շահագործել, որ հերթափոխը շարունակ լինի՞»:
Եվ վերջապես, Սիմոնյանի բանաստեղծությունն ավարտվում է հռետորական հարցով՝ «ինչ բառերով պատմել քեզ այս ձյունը, թափորը մարդկանց, ինչպես ասել քեզ, որ դու չկաս…», շեշտը դնելով կորուստը արտահայտելու շարունակական պայքարի և բացակայության համառության վրա։ Իսկ ահա Գասպարյանը ավարտում է բանաստեղծությունը սյուրռեալիստական նախազգուշացումով՝ «-ոտքդ զգույշ դիր, հոպար, մութ ա, ականջ ա, աչք ա, չտրորես»՝ ընթերցողին թողնելով շարունակական վտանգի և զգոնության զգացում, որն իրապես արտացոլում է պատերազմական միջավայրի մշտական սպառնալիքն ու անհանգստությունը։
Որպես ուսումնասիրության եզրահանգում, խուսափելով լավ կամ վատ գնահատական տալուց նկարագրված երևույթին, հարկավոր է արձանագրել, որ պատերազմի էսթետիզացումը, անգամ խորը վշտի ու տխրության էմոցիաների փոխանցման պայմաններում որոշակիրոեն «հաճելի» է դարձնում պատերազմի ողբերգությունը: Մյուս կողմից «գրականությունը կարողանալու հնարավորություն է` պատերազմն ատել տալու[3]:

 Իսկ այս վերլուծությունից ակնհայտ է, որ պատերազմը նախ կեղտի, ցավի, վախի, կորստի, մահի և միայն վերջում հաղթանակի կամ պարտության մասին է, ինչպես նկարագրվում է առավել ռեալիստիկ պոեզիայում: Պատերազմը պատկերելու այս տարբեր մոտեցումները ոչ թե միմյանց բացառող, այլ փոխլրացնող են: Նրանցից յուրաքանչյուրը ծառայում է եզակի նպատակի. մեկը հնարավորություն է տալիս տեսել գեղեցիկն ու էսթետիկը անգամ ողբերգության նկարագրության մեջ, իսկ մյուսը՝ ընդունել ու դիմակայել կոպիտ ճշմարտությանը: Էսթետիզացիայի և ռեալիզմի միջև հենց այս երկխոսությունն է, որ խթանում է պատերազմի ավելի համապարփակ և նրբանկատ ըմբռնումը, ընդգծելով երկու տեսակետների պահպանման և ուսումնասիրության կարևորությունը ժամանակակից դիսկուրսում:

 

[1] Արամ Պաչյան, այս հարցազույցում հնչեցրած միտք, որը վերաբերում է պատերազմից շատ չանցած դրա մասին ստեղծագործելուն, 2023

[2] Եղիշե Չարենց, Դանթեական առասպել, 1916:

[3] Լևոն Խեչոյան

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *