Գյունթեր Գրաս | Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ներգաղթի երկիր (չ) է


Ելույթ Բեռլինում սոցիալ-դեմոկրատներին ընտրողների նախաձեռնող կոնգրեսում

Տիկնայք եւ պարոնայք,
Ես սոցիալ-դեմոկրատներին ընտրողների նախաձեռնության հիմնադիրներից եմ: 1960-ականների վերջում, երբ մենք դեռ հավատում էինք, որ տեւական ազդեցություն ունեցող ժողովրդավարական ազդակները կարող են ներթափանցել այս` համեմատաբար երիտասարդ հանրապետություն, նկատելի էին ոգեւորությունը եւ ինչ-որ բան կառուցելու հնարավորությունը: Նաեւ նկատելի էր, որ սոցիալ-դեմոկրատներին ընտրողների այս նախաձեռնությունը SPD-ի հետ իր քննադատական հարաբերություններում բազմիցս մերժել է կուսակցությանը տհաճ հարցեր տալու եւ հաճախ նման թեմաների շուրջ խոսելու հնարավորությունը, քանի որ նրան արգելված էր: Ի թիվս այլոց, դա վերաբերում էր արտաքին քաղաքական թեմային, գերմանացիների համակեցությանը օտարեկրացիների հետ, որոնց մեծ մասը հրավիրված էր մեր երկիր, քանի որ նրանց կարիքն ունեինք. նրանց օգտագործեցին, երբ պետք էին, իսկ հետո վերաբերվեցին որպես Աստծո ողորմածություն: Այդ խնդրահարույց թեման գոյություն ունի արդեն մեկ տասնամյակից ավելի:
Այն ժամանակ արդեն պարզ էր, որ չպետք է այստեղ միակողմանի հայեցակարգ կիրառել` նշելով, որ օտարները պետք է հարմարվեն մեր սովորույթներին եւ ընդունեն այն ամենն, ինչն անում ենք այստեղ, որից հետո ամեն ինչ լավ կլինի: Ինչ ազգություններ էլ որ լինեին` թուրքեր, հարավսլավացիներ, իտալացիներ, նրանք իրենց հետ ներմուծեցին իրենց մշակույթը, մի մշակույթ, որն, անշուշտ, կարելի է տեսնել մեր մշակույթի կողքին, եւ որից մենք շահել ենք նույնիսկ ամենաանշան ոլորտներում:
Երկարաժամկետ հեռանկարում Բեռլինը չի կարող լինել ինքնաբավ: Քաղաքը չորանում է, խճճվում է, ծածկվում է կեղեւներով, բայց այն նաեւ քաղաք է` առանց թիկունքի: Ես սա չեմ ասում որպես արդարացում, այլ որպես բացատրություն: Միշտ լինում են արեւմտյան գերմանացիներ, որոնք մոռանում են իրենց սեփական տան զգացողությունը եւ բեռլինյան ակնհայտ զգացողությունն առիթ են դարձնում իրենց քննադատությունն այստեղ արտահայտելու համար: Բեռլինի զարգացումը կախված է աճից, դրսի մարդկանց հոսքից: Քաղաքի դռները արտասահմանցիների առջեւ բացելով միայն կարելի է երաշխավորել նրա ապագան:
Այստեղ դուք պետք է ապավինեք պրուսական բավականին լավ ավանդույթներին: Պրուսիայի այս նահանգը, ցուցահանդեսները եւս մեկ անգամ բացահայտեցին, որ իրենք կանգուն են, քանի որ, հաշվարկներից ելնելով, մարդկանց պետք է բերեին այս ավազուտ հողերը:
Քաղաքական եւ կրոնական պատճառներով փախստական դարձած անձինք, որոնք այդ ժամանակաշրջանում իրավահավասար էին, այստեղ գտան իրենց հայրենիքը եւ հիմնադրեցին Պրուսիան, քանի որ սկզբից էլ ունեին այդ հնարավորությունները: Նա, ով հայացք է նետել Բեռլինի հեռախոսների գրքույկին, կարող է համոզվել, որ Բեռլինը ներգաղթյալների քաղաք էր:
Հիմա շատ բան է փոխվել: Այս մեկուսացումը, նույնիսկ այն քաղաքում, որը չունի թիկունք, երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի Բեռլինի անկմանը:
1945-ից հետո ներգաղթի եւս մեկ ալիք բարձրացավ: Կային ավելի քան ինը միլիոն փախստականներ, որոնք դեպի արեւմուտք էին գաղթում կորսված արեւելյան նահանգներից, ինչպես նաեւ` արեւելյան այլ երկրներից: Եվ ես պնդում եմ, որ արեւմտագերմանական բնակչության մեծ մասը նույն կերպ արձագանքեց արեւելքից եկած փախստականներին, ինչպես օտարերկրացիներն էին արձագանքում, թեեւ նրանք գերմանացիներ էին:
Պատերազմի ավարտից երկու տարի անց ես իմ ծնողներին նորից գտա հռենոսյան ֆերմայում: 46/47-ի դաժան ձմռանը, երբ նրանք տեղավորվել էին սնունդ մատակարարող խոհանոցում եւ սառը կարտոֆիլ էին ուտում, Հռենոսի խոշոր ֆերմերները նրանց վերաբերում էին որպես գոմաղբի: Ուղերձը հետեւյալն էր` նրանք պետք է գնան այնտեղ, որտեղից եկել են: Նրանք չէին ընդունում, որ մենք պատերազմ ենք սկսել եւ պարտվել, որ այդ փախստականները պետք է կրեին տանուլ տրված պատերազմի ծանրությունը մեծ քաղաքներում ռմբակոծվածների հետ, որոնք ամենաշատն էին հասկանում արեւելյան փախստականներին:
Այնուամենայնիվ, նրանք քաղաքական տեսանկյունից ճիշտ են վարվել: Այդ ինը միլիոն փախստականները չփակվեցին ճամբարներում: Նրանք նաեւ չհայտնվեցին հասարակության լուսանցքում: Ինքնին հասկանալի էր, որ այդ ինը միլիոն փախստականները, որոնց հետեւում ոչինչ չկար, դարձան այն շարժիչ ուժը, որը կոչվում էր տնտեսական հրաշք:
Մեկ տասնամյակ անց այս տնտեսական հրաշքը սկսեց բացահայտել աշխատուժի պակասը: Օտարերկրացիները մեր երկիր են հրավիրվել հիմնականում Իտալիայից, նաեւ` այլ երկրներից: Տնտեսության բումը եւ մշտական աճի տեմպերը նպաստեցին, որ դրսից եկած աշխատողների թիվն աճի եւ ավելանա: Եվ միայն այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ երկարաժամկետ հեռանկարում հնարավոր չէ աճ ակնկալել, շատ արագ պատրաստվեցին արտաքսել այն մարդկանց, որոնց պարտական էին տնտեսական հրաշքի <առյուծի բաժնի> համար: Այսօր դա այլեւս հնարավոր չի լինի անել:
Թվերից մենք գիտենք, որ մեր երկիր ժամանած աշխատուժի երեխաների մեծ մասը մեծացել է այստեղ, եւ որ նրանց կապերը Դաշնային Հանրապետության հետ, ինչպիսին էլ որ լինեն, ավելի ամուր են, քան իրենց ծնողների հայրենիքի հետ: Մենք պետք է ապրենք նրանց հետ: Մեկուսացման ոչ մի քաղաքականություն մեզ չի օգնի, հատկապես որ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում մենք ստիպված կլինենք հաշվի նստել ներգաղթող մի խմբի հետ, որն այլեւս չի կարող համեմատվել նորմալ ներգաղթյալների հետ. ես այդպես եմ անվանում նրանց, որոնց մենք ենք հրավիրել մեր երկիր:
Համարձակվում եմ պնդել, որ 2000 թվականին աշխարհի բնակչության աճը եթե չորսուկես միլիարդից հասնի յոթ միլիարդի, ապա կհանգեցնի միգրացիայի նոր ձեւի: Այդ միգրացիան միայն ասիական, աֆրիկյան եւ հարավամերիկյան ծագում չի ունենա եւ կտարածվի բոլոր արդյունաբերական երկրներում: Նույնիսկ արեւելյան բլոկի երկրներում, ավելի լավ պաշտպանական մեխանիզմներ ունենալու դեպքում, երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա դիմակայել այդ ճնշմանը: Դա Եվրոպայի ներսում էլ կհանգեցնի տեղաշարժերի, քանի որ այնտեղ տեղի կունենա բնակչության խմբերի փոխանակում:
Կարծում եմ, քաղաքական գործիչների խնդիրն առաջին հերթին ամենօրյա պրագմատիկ պահանջներից ելնելով ապագա զարգացումներին հետեւելն է: Այդ ապագա զարգացումները նկատելի են նաեւ այսօր: Նրանք հստակ հետքեր են թողել այն երկրներում, որոնք ժամանակին ունեցել են մեծ գաղութային կայսրություններ: Որպես օրինակ` կարող եմ նշել Մեծ Բրիտանիան եւ Հոլանդիան:
Մենք նման զարգացում չենք ունենա Գերմանիայում, քանի որ շատ ուշ եւ կարճ ժամանակում ենք եկել գաղութներ: Սակայն Դաշնային Հանրապետության համբավը, որպես ներգաղթի երկիր, մի համբավ, որի նկատմամբ պահանջատեր ենք եղել տարիներ շարունակ գռեհիկ նյութապաշտական նկատառումներից ելնելով, կպահպանի այն` հրավիրելով աշխատուժ: Կա եւս մեկ համբավ, որով մենք իրականում պետք է հպարտանանք. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը վաղուց համարվում է մի երկիր, որտեղ քաղաքական ապաստան հայցողները կարող են հայրենիք գտնել: Այդ համբավը, սակայն, վտանգված է:
Եթե մենք, որպես սոցիալ-դեմոկրատներ կամ մարդիկ, որոնք մոտ են այդ խմբի հետ, չենք հասկանում, թե ինչպես պետք է նոր բովանդակություն հաղորդել համերաշխություն կոչվող ավանդական հասկացությանը, ինչպես ենք մենք ապրում Լեհաստանում, չենք հասկանում, թե ինչպես պետք է երաշխավորենք մեր երկրում օտարերկրյա քաղաքացիների համար հավասար իրավունքներ, նրանց հնարավորություն տանք ապրելու այստեղ եւ միաժամանակ շարունակելու զարգացնել իրենց մշակույթը, եթե մենք այս համերաշխությունը չցուցաբերենք, ապա կձախողենք մեր իսկ եսասիրության պատճառով:
1981թ. դեկտեմբեր
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի
1. SPD-Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *