Անցյալը հրաշալի է, իմ Մարի,
միայն թե, սիրելիս, մի տար այն քեզ հետ:
Ավելի լավ է՝ թող այն տատիկի արկղի
կամ մայրիկի զարդատուփի մեջ, բայց պայուսակում,
որ կրում ես ուսերիդ, այն չպահես,
չափազանց ծանր քար է, իմ Մարի:
Անցյալը նման է մանկության, ասա՝ մնաս բարով,
երբեմն այցելիր նրան կիրակի օրերին:
Բայց երբեք աչքերի մեջ չնայես,
անցյալը թույն է, իմ Մարի:
Բաժակի սպիտակ բեկոր է, քմահաճություն, փոշի,
և չոր փետրախոտ՝ ընկած գետնին:
Այն ապրանք է, որ ենթակա չէ վերադարձի, տպված կտրոն,
մի թուխ տղա՝ ուսին խալով,
որը համբուրեց շղարշի տակ մթության,
առաջին գավաթը մարտինիի և ծուխ ծխախոտի:
Այն ամենն է, ինչ ժամանակին կրակով այրվեց.
ճշմարտություն, հանգստություն, անմեղություն, տուն:
Դու սուրբ չես, քո ինչի՞ն է պետք այդ խաչը –
Հարյուրներով են հաշվում դատարկ մնացած ձեռքերն ու վայրերը:
Այն ամենը, ինչ արմատ չտվեց ու չաճեց,
նույնիսկ թևն այս հրեշտակային:
Նետիր այն ամանորյա փայլերի հետ,
վստահ քայլիր աստղերի տակ, բարձրաձայն երգիր:
Անցյալն այնքան ցավոտ է, իմ Մարի,
այն ամենն, ինչ չի կարելի շտկել և փոխել:
Ամեն մի կոպիտ բառը, ծուռ խորհուրդը,
ծովում խորտակված այն գունավոր թևնոցը:
Ավարտական երեկոյի արցունքներն ու վերջին վալսը:
Ինչ-որ լավ բան ևս, բայց այդ ամենը նույնպես խաբկանք է-
այն նման է խարիսխի, որ քեզ ներքև է ձգում,
դեպի անցած հինգշաբթի, հալված գարուն:
Եթե չկարողանաս ու քայլ չանես առաջ,
այն, ինչ վաղուց քայքայվել է, քեզ կխժռի:
Նետիր այն կրակի մեջ, նայիր՝ ինչպես է այրվում,
ազատիր դարակդ ուրիշ սիրո համար:
Անցյալը հրաշալի է, իմ Մարի,
միայն թե, սիրելիս, ոչ մի դեպքում
այն քեզ հետ չտանես։
Թարգմանությունը ռուսերենից՝ Թամարա Կոստանդյանի