Հերման Հեսսե | Գիշերային խաղեր


Արդեն տասնամյակներ են անցել այն օրվանից, երբ ես իմ գիշերային երազները հիշելու, դրանք մտածված վերարտադրելու, երբեմն նույնիսկ գրի առնելու եւ այդ ժամանակ սովորածս մեթոդների կիրառմամբ` դրանց իմաստը կասկածի տակ դնելու կամ դրանց հետեւելու որոշակի փորձառություն եմ ձեռք բերել: Լսել եմ նաեւ, որ այդ փորձից առաջանում է նախազգուշացման կամ բնազդը սրվելու պես մի բան, նախազգուշացում կամ խրախուսում, կախված դեպքից` երազի նկատմամբ ավելի մեծ վստահություն, փոխանակում գիտակցականի եւ անգիտակցականի միջեւ: Հոգեվերլուծության որոշ գրքերի եւ գործնական հոգեվերլուծության հետ ծանոթությունը, որքան ես հասկացա, ավելին էր, քան պարզապես սենսացիա. դա հանդիպում էր իրական իշխանության հետ:
Ինչպես գիտելիք ձեռք բերելու ամենաեռանդուն ջանքերը, մարդկանցից կամ գրքերից ստացած հրապուրիչ խրատները կյանքի կոչվեցին, այնպես էլ տարիների ընթացքում տեղի ունեցավ հանդիպումը երազների աշխարհի եւ անգիտակցականի հետ: Կյանքը շարունակվում էր, այն նորանոր հարցեր ու պահանջներ էր առաջադրում, առաջին հանդիպման սենսացիան կորցրեց իր նորությունը եւ հրապուրելու հավակնությունը, ողջ վերլուծական փորձն այդպես ինքնանպատակ չէր կարող փոխանցվել, այն դասակարգվեց, մասամբ մոռացվեց կամ լռեցվեց կյանքի նոր պահանջներին ընդառաջ` չկորցնելով իր ազդեցությունն ու ուժը, ինչպես օրինակ` Հյոլդեռլինի, Գյոթեի, Նիցշեի ընթերցանությունը, առաջին անգամ մյուս սեռի հետ ծանոթությունը, սոցիալական եւ քաղաքական պատճառներով առաջին հիշեցումներն ու պահանջները, որոնք արդեն անցյալում էին, եւ այլ իրադարձություններ, որոնք պետք է կանոնիկ բնույթ կրեին:
Այդ ժամանակից ի վեր ես ծերացել եմ` առանց երազելու ունակության, ինքս ինձ հետ հաղորդակցվելու եւ թույլ տալու, որ ինձ նրբորեն խրատեն կամ առաջնորդեն, բայց նաեւ առանց երազանքի, որը վերագտնում է ներկայի արագությունն ու կարեւորությունը: Փոխվել են այն ժամանակները, երբ ես հիշում էի իմ երազները, իսկ առավոտյան արթնանալուց հետո անմիջապես մոռանում: Այնուամենայնիվ, ինձ ավելի քիչ զարմացնում են իմ այն երազները, որոնք աչքի են ընկնում իրենց ստեղծագործական խաղային անխոնջ երեւակայությամբ, անսպառությամբ, մանկական ու սրամիտ համադրություններով եւ գրավիչ հումորով:
Երազների աշխարհին որոշակի մերձեցումը եւ երազային արվեստի գեղարվեստական առանձնահատկությունների մասին երկար մտորումները (որոնց հոգեվերլուծությունը, ինչպես արվեստն ընդհանրապես, նույնիսկ չի փորձել հասկանալ կամ նկատել) ինձ վրա ազդել են` որպես արվեստագետի: Ինձ միշտ դուր է եկել խաղն արվեստի մեջ. երիտասարդ տարիքում հաճախ եւ մեծ հաճույքով, հիմնականում միայն ինձ համար ես արտասանում էի սյուռեալիստական պոեզիա: Ես դա անում եմ մինչեւ այսօր, օրինակ` առավոտյան անքուն ժամերին: Ես, իհարկե, գրի չեմ առնում օճառի պղպջակների նմանվող այդ պարբերությունները: Եվ այդ խաղը խաղալիս եւ մտածելով երազների եւ սյուրռեալիստական միամիտ հնարքների մասին, որոնց հետ կապված հույսերն ու դրանց իրականացումը թվում են զվարճալի եւ այդքան քիչ ջանք են պահանջում, ես, որպես բանաստեղծ, որոշեցի հրաժարվել արվեստի այդ տեսակից: Ես հանգիստ խղճով դա ինձ թույլ եմ տալիս, քանի որ հազարավոր սյուրռեալիստական ոտանավորներ եւ ասույթներ եմ գրել եւ դեռ գրում եմ եւ այն բարոյականությունն ու պատասխանատվությունը, որոնց հասել եմ տարիների ընթացքում, համարում եմ իմը: Թույլ մի՛ տվեք, որ ստեղծագործելու այդ եղանակն անպատասխանատու կերպով տարածվի իմ լուրջ ստեղծագործությունների վրա:
Այդ պատճառաբանություններն այստեղ չեն կարող հոլովվել: Եթե ես այսօր նորից հայտնվեմ երազների աշխարհում, ապա դա տեղի կունենա` ելնելով ոչ թե մտադրություններից եւ ինտելեկտուալ նպատակներից, այլ վերջին օրերի ընթացքում յուրօրինակ երազների խթանից:
Ծանր օրվանից եւ սաստիկ հոգնածությունից հետո ես տեսա առաջին երազը: Կյանքից ընկճված, սպասողական հոգեվիճակով, վերջույթների ցավով ես պառկեցի` քնելու, եւ այդ անհանգիստ քնի մեջ երազում տեսնում էի, որ պառկած եմ անկողնում, անհանգիստ քնած եմ մի անհայտ վայրում, տարօրինակ սենյակում, մահճակալին: Ես շարունակ երազում տեսնում էի, որ քնից արթնանում եմ օտար սենյակում, դանդաղ, ակամա եւ հոգնած, եւ որ ինձնից երկար ժամանակ է պահանջվելու խիզախության եւ խաբեբայության շղարշների միջոցով իրավիճակին տիրապետելու համար: Կամաց-կամաց իմ գիտակցությունը տեղն ընկավ, եւ ես դանդաղ ու դժկամությամբ խոստովանեցի, որ արթնացել եմ կեղծ, հոգնատանջ, անարժեք քնից, որն ինձ ավելի շատ նյարդայնացնում էր, քան` զորացնում:
Այսպիսով, ես հիմա արթնացել էի (երազում), դանդաղ բացել էի աչքերս, կամացուկ հենվել էի թմրած եւ անզգա թեւիս, նայում էի մոխրագույն, ցերեկային լույսին, որը թափանցում էր օտար պատուհանից: Հանկարծ ցնցվեցի հարվածից, անհարմարության, վախի կամ խղճի պես մի բան զգացի, ձեռքս արագ մտցրեցի գրպանս, որպեսզի իմանամ ժամը: Ճիշտ է, սատանան գլխի ընկավ, որ ժամը տասն անցել էր, գրեթե տասն անց կես էր, եւ ես ամիսներ շարունակ աշակերտ կամ հյուր էի գիմնազիայում, որտեղ ես ջանասիրաբար ուզում էի լրացնել մի հին բացթողում եւ վերականգնվել վերջին դասարաններում: Աստված իմ, հիմա ժամը տասն անց կես էր, մինչդեռ ես պետք է դպրոցում լինեի ժամը ութից, եւ եթե նույնիսկ կարողանայի տնօրենին բացատրել, որ իմ ուշացումները պայմանավորված են ծերությամբ եւ հաշմանդամությամբ, նույնիսկ եթե համոզված լինեի, որ նա ինձ հասկացել է, այնուամենայնիվ, ես բաց էի թողել այդ առավոտը եւ վստահ չէի` դպրոց կհասնե՞մ կեսօրին. չէ՞ որ այդ ժամանակ դասերն ընթանում էին, եւ իմ մասնակցությունն այդ դասերին դառնում էր ավելի ու ավելի կասկածելի: Եվ հիմա ինչ-որ արտառոց բացատրություն էր պետք այն փաստին, որ, ի սարսափ ինձ, միջնակարգ դպրոց վերստին ընդունվելուց հետո այս մի քանի ամսվա ընթացքում ես ոչ մի հունարեն դասի չեմ մասնակցել, եւ դպրոցի իմ ծանր թղթապանակում, որը հաճախ դժվար էր կրելը, երբեք հնարավոր չէր հունարեն քերականություն գտնել: Օ՜, միգուցե իմ ազնիվ որոշումը ոչինչ չէր ավելացնում իմ անտեսված պարտականություններին, եւ միգուցե ռեկտորը, որն ինձ միշտ այդքան ըմբռնումով էր մոտենում, վաղուց արդեն համոզվել էր իմ նախաձեռնողականության մեջ: Նա ինձ որոշ չափով ճանաչում էր նաեւ իմ գրքերից: Ի վերջո, ես պետք է նորից վայր դնեմ ժամացույցը, նորից փակեմ աչքերս եւ նախաճաշին, իսկ գուցե նաեւ`կեսօրին, մնամ անկողնում եւ խոստովանեմ, որ ինչ-որ անհնարին բա՞ն եմ ձեռնարկել: Ամեն դեպքում առավոտյան վեր կենալն իմաստ չուներ, ժամանակի վատնում էր: Հազիվ թե այդ մտքերն ինձ այցելեին օտար սենյակում, օտար անկողնում, քանի որ երբ ես արթնացա, տեսա մի բարակ լույսի ճառագայթ, որը թափանցել էր իմ պատուհանից ներս, իսկ հետո հայտնվեցի իմ սեփական սենյակում եւ անկողնում: Այնուհետեւ ինձ տեղեկացրեցին նախաճաշի եւ ներքեւում ինձ սպասող նամակների փոստի մասին, որից հետո ես արթնացա տհաճ, ոչ մի կերպ ինձ չկազդուրած քնից եւ երազից: Ես զարմացած էի եւ հակված էի ծիծաղելու երազում ինձ այցելած նկարչի վրա, որն ինձ կանգնեցրեց հայելու առջեւ եւ ասաց` խնայողաբար օգտագործեք սյուրռեալիստների հնարքները: Հազիվ մեկ օր անց ես թույլ տվեցի, որ այդքան իրատեսական եւ այդքան քիչ բանաստեղծական, այդքան փոքրիկ հեքիաթային երազանքը նորից խորտակվի եւ համարյա մոռացվի այդ մասին: Հետո ես տեսա մեկ այլ երազ, այս անգամ` բանաստեղծական եւ զվարճալի, եւ մի անծանոթ կին, որն իմ գրքերն էր կարդացել Հյուսիսային Գերմանիայի մի քաղաքում, ինձ տեղեկացրեց այդ մասին: Նա այդ երազը տեսել է մոտ տասներկու տարի առաջ, սակայն այն չի մոռացել եւ միայն հիմա է մտքով անցել պատմել ինձ այդ մասին: Ես այդ նամակը մեջբերում եմ բառացի:
«Ես գտնվել եմ ձեռքի բթամատի չափ մի այգում, որտեղ նաեւ Դուք էիք: Դուք թփեր տնկեցիք, եւ ես գիտեի, որ հողը խառնում եւ սնուցում են ջրով: Ես դա չէի կարողանում տեսնել, գլխարկիս լայն եզրը խանգարում էր: Աչքերիս առջեւ սփռվում էր դարատափի հիանալի մի բնապատկեր: Ես մի քիչ անհանգիստ հետ վազեցի ճոճվող կամրջի վրա, որպեսզի կռանալիս չսայթաքեմ: Ժամանակ առ ժամանակ ես ստիպված էի թաքնվել նաեւ ամրացված ժապավենի ներքո, երբ Ձեր ձեռքերից մեկը սպառնում էր սեղմել գլխարկը գլխիս: Ինձ շատ զվարճացրեց, որ Դուք իմ ներկայությունը չէիք գուշակում: Ուրախությունս բազմապատկվեց, երբ հնչեց թռչունների հրաշալի երգը: Ես տեսա, թե ինչպես է հրեղեն թռչունը փայլատակում ծառի մութ տերեւների մեջ եւ կամացուկ ասացի ինքս ինձ. «Եթե Հերման Հեսսեն միայն իմանար, որ հրեղեն թռչունն է երգում: Նա կարծում է, որ դա Պապագալոն է »: Այդ ամենն ինձ ինչ-որ ձեւով մխիթարեց`բնապատկերը, իմ գաճաճ պատկերը մեծ գլխարկի վրա, թռչունների երգը, ձեր այգեգործությունը, նաեւ` ձեր շփոթմունքը հրեղեն թռչունից»:
Դա իսկապես հաճելի, գեղեցիկ եւ զվարճալի երազ էր: Եվ քանի որ դա օտար էր, ես այն հասկանալու եւ մեկնաբանելու ցանկություն չունեի: Ես միայն բավականություն էի ստանում նրանից եւ մտածում` Աստված գիտի, ի վերջո, նա Պապագալո՞ն չէր:
Կարծես անծանոթի այդ երազանքը, որն իմ կարծիքով շատ ավելի գեղեցիկ ու անվնաս էր, քան իմ սեփականը, խթանեց իմ երազելու ունակությունները, եւ ես անմիջապես ի կատար ածեցի մեկ այլ երազանք, որը գեղեցիկ կամ զվարճալի չէր, բայց ֆանտաստիկ էր: Ես այլ մարդկանց հետ գտնվում էի մի մեծ տան վերին հարկերից մեկում, գիտեի, որ դա թատրոն է, եւ որ այնտեղ բեմադրվում է իմ «Տափաստանի գայլը » վիպակը, որից ինչ-որ մեկը բեմադրություն կամ օպերա է պատրաստել: Ակնհայտ է, որ դա բեմադրության պրեմիերան էր, եւ ես հրավիրված էի նրան: Ինձ հայտնի էին նաեւ բեմի որոշ իրադարձություններ, սակայն ես ոչինչ չէի լսում կամ տեսնում, նստել էի մի տեսակ խորշի մեջ, կարծես նստած լինեի եկեղեցու սրահում, թաքնված` երգեհոնի հետեւում:
Այնտեղ դեռ կային մի քանի նման խորշեր, թատրոնի դահլիճը նման էր մի տաղավարի, որը կարծես շրջապատված էր նրանցով: Այդ ընթացքում ես մերթ ընդ մերթ վեր էի կենում, փնտրում մի տեղ, որտեղից կարող էի դիտել ներկայացումը, սակայն այդպիսին չէի գտնում: Եվ այդտեղից հնարավոր չէր պարզել, որ մենք նման էինք թատրոնից ուշացող մարդկանց, որոնք գիտեին, որ ներկայացումը բեմադրվում է պատի հետեւում: Սակայն ես գիտեի, որ այժմ խաղարկվում են պիեսի այն տեսարանները, որոնց խմբագիրներն ու բեմադրիչներն երաժշտական ինչ-որ բանի էին վերածել մեծ ծախսերի գնով, ինչպես նաեւ`զարդարելով ու լուսավորելով այն ամենը, ինչը ես զզվանքով անվանում էի «մեծ թատրոն » եւ ինչին հաճույքով խոչընդոտել էի: Ես սկսեցի անհանգստանալ: Ահա եկավ դոկտոր Կորոդին եւ ժպտալով ինձ ասաց. «Դուք կարող եք հանգիստ լինել, դատարկ տներից վախենալու կարիք չկա »: Ես էլ հակադարձեցի. «Ճիշտ է, բայց այս մեծ թատերախումբն ինձ խաբեց ամբողջ երրորդ գործողության ժամանակ » :
Այլեւս ոչինչ չստացվեց: Ես աստիճանաբար բացահայտեցի, որ շփոթեցնող եւ հեքիաթային ճարտարապետությունը, որն ինձ բաժանում էր թատրոնից, մի երգեհոն էր, եւ ես նորից սկսեցի շարժվել, որպեսզի շրջանցեմ այն, եւ, ի վերջո, հայտնաբերեմ մուտքը դեպի դահլիճ: Դա չհաջողվեց, բայց երգեհոնի շենքի մյուս կողմում, որը շատ էր հիշեցնում գրադարանը, ես տեսա մի լաստ, մեքենա, մի ապարատ, որն ինչ-որ չափով նման էր հեծանիվի (համենայնդեպս ուներ երկու անիվ), դրանց վերեւում թամբի պես մի բան, եւ ինձ համար ամեն ինչ միանգամից ակնհայտ դարձավ: Եթե նստած լինեիր թամբին եւ թափահարեիր անիվները, խողովակի միջով կարող էիր եւ՛ տեսնել, եւ՛ լսել, թե ինչ է կատարվում բեմում:
Դա մի լուծում էր, եւ ես դրանից ինձ ավելի լավ էի զգում: Սակայն երազանքն իրականության չվերածվեց եւ չբավարարեց նրան: Բավական էր, որ նա հայտնագործեր այդ հանճարեղ մեքենան, որպեսզի հաճույքով թույլատրի ինձ կանգնել դրա դիմաց: Հեծանիվների վրայով այդ բավականին բարձր թամբին հասնելն ամենեւին էլ հեշտ չէր թվում, առավելագույնը դա հասանելի էր երիտասարդ հեծանվորդներին:
Թամբը նույնպես երբեք դատարկ չէր մնում, եւ երբ ես պատրաստվում էի բարձրանալ դրա վրա, մեկ ուրիշն արդեն նստած էր լինում: Եվ այդպես ես կանգնեցի`հայացքս հառած թամբին եւ հիասքանչ խողովակին, որի նեղ լիսեռով կարելի էր տեսնել եւ լսել, թե ինչ է կատարվում թատրոնում, որտեղ փորձագետներն այժմ խճճված էին երրորդ գործողության մեջ: Ես իսկապես հուզված եւ տխուր չէի, սակայն ինձ խաբված էի զգում ինչ-ինչ պատճառով. թեեւ «Տափաստանի գայլ »-ի բեմադրությունը լիովին հակացուցված էր իմ ճաշակին, այնուամենայնիվ, ես ինչ-որ բան կտայի թատրոն գնալու համար կամ գոնե թամբը կհանձնեի հրաշալի խողովակի վրայով: Սակայն բանը դրան չհասավ:

1948

(«Շրջանակային նամակներ », գրվել են 1947-1954 թվականներին, առաջին անգամ հրատարակվել են Բեռլինում, 1955թ. ):

Գերմաներենից թարգմանությունը` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *