Աստղիկ Սարգսյան | Գիշերային զբոսանք

***
Պարանի լվացքը
չորահացի նման փշրվում է,
Փողոցներն արդուկ արվածի բույր ունեն,
Կծիկ լուսնի ծայրը բռնած,
երեկոն է կատվախաղ տալիս.
ամեն բան այնքան ծորուն է,
երբ կարոտում ես…

***
Հեշտ էր քեզ մոռանալը.
հազար անգամ քեզ թաղել եմ տողատակերում,
գրչիս ծայրով թանաքել եմ ներկայությունդ ու
թողել քեզ թղթից անդին։
Դժվարը քեզ չվերընթերցելն է։

 

Գիշերային զբոսանք

Ցանկությունների ավազե ափերին,
ոտքերս բոբիկ-ցավազգա
քայլում եմ այնպես-աննպատակ.
քարերը՝ կոշտ,
ավազը՝ փափուկ.
ճիշտ նման գիշերին,
որը Ոչինչ խոստացավ…

 

***
Աջ, թե ձախ,
քամու հարվածները
քեզ են վրձնում.
աչքերիս մեջ լողացող հայացքդ է.
Երկրի օրը լիներ,
մարեին աշխարհի լույսերը,
իսկ Աստվածաշնչից ջնջվեր
դավաճանության մեղքը։

 

***
Խամրած աստղերի ստվերներով է
հեռավորությունը ստվերվում,
իսկ ես դեռ կանգնած եմ պտտվող մոլորակի ուղիղ կենտրոնում՝
մենակ եմ,
կամ այդպես եմ զգում՝
կարևոր չէ:
Խաչվող փողոցների ամեն անկյունում,
խամրած աստղերի փոշին է կատուների վրա.
լուսնոտ են դարձել ամենքը,
կուրորեն վազում են՝պտտվում մոլորակի ուղիղ կենտրնում:
Լպիրշ կատուների պես
պիրկ մարմիններն են հոշոտում իրար:
Իսկ ե՞ս:
Ո՞վ է ինձ հոշոտում:
Քանի՞ տարվա հնություն ունի վրայիս փոշին:
Ես քայլ չեմ արել.
կանգնած եմ պտտվող մոլորակի ուղիղ կենտրոնում,
խաչված եմ ճանապարհների մեջտեղում.
վրաս է մի ափաչափ աստղափոշի, իսկ
ստվերացած մարմինս հեռուներում է՝
պտտվող մոլորակի ուղեծրից դուրս…

 

***
«Ձեզ հետ կլինեմ
մինչ աշխարհի վախճանը»-,
-Տեր, հազար աշխարհ վախճանվեց իմ մեջ,
գուցե ես եմ (էի) աշխարհը։

***
Գնացքների արանքում խեղդվող լուսնի
կաթնագույնն է ներկում քնածներին:
Ով վաղուց մարել է տան լույսերը,
զուր է սպասում լուսնին.
այն դաշնամուրի սաստկացող նոտաների հետ,
ավելի է խրվում հողի մեջ՝
ծածկելով քնածներին
մայրական կաթի հոտով:
Գիշերն այդպես էլ չլուսացավ…

***
Քայլում եմ,
հետևիցս քարշ տալով նոտաները.
մարդկանց սրտերի լարերն են կտրվել
դո, ռե, մի…

 

***
Թե
վազեմ բոլոր
պատկերասրահներով,
մեկ է՝ չեմ գտնի
գույնդ,
պատկերդ,
կետդ.
քո նկարիչը երևակայությունս է…

 

***
Մի օր,
երբ լուսնի ծայրը
կընկնի տանիքիս և այն
իր հետ վեր կտանի,
թողնելով տունս առանց ծածկի,
իմացիր՝ հոգս չէ.
ես առանց քեզ էլ
անտանիք եմ…

 

***
Ամեն հրաժեշտից հետո,
տունդարձի ճամփին՝
նայում եմ արևածաղիկներին.
բոլորը կախում են գլուխներն իրենց,
արևը թաքնվում է տիեզերքի մի անկյունում,
փողոցները դատարկվում են.
տխուր ենք ամենքս՝
կարոտում ենք քեզ…

 

***
Քաղաքի լույսեր մեջ
ես ապահով ու տաք եմ, տանը՝ ինձ հետ,
մտածկոտ է ու ցուրտ։
Երկիրը փխրուն մի դեղձ է՝
հասունությունից ուռճացած,
մեջների խակը ես եմ՝
դեռ տուն չհասած։

 

****
Մի բուռ աշուն
ձմռանից առաջ,
մոխրե կարոտ՝
արևից խանձված,
թո՛ղ, թո՛ղ տեսնեմ ՝
երակներդ ինչու են պիրկ:

 

****
Երբ սեղանն է ծովը,
նավն ինչպե՞ս տեղ հասնի
առագաստն ամպերից է.
քամին կքշի՜-կտանի՜…

****
Փոթորկի մեջ եմ այն պահից,
ինչ եկել ես:
Երկրագունդը քնել չունի,
Ասա՛, որտեղ ես պահել լուսնին:

 

****
Կարոտս նամակ է՝
ամենապարզ տողերով,
էջերս՝ մտքերից խոնավ:
Աշու՛ն, մեզնից ո՞վ է թաց …

 

***
Քեզ հետ
փափուկ են քայլերը
կեսգիշերի մշուշոտ տանիքներին,
մեր առաջին քայլերն ենք անում ձյան վրա.
պաղում ենք,
սառույցն այրում է,
պրկվում են երակները, և
սառցալուլաներ դարձած մեր մազերին՝
ցավն է ու սերը…
Մինչ համբուրում էիր ձնհալ էր։

 

***
Երկփեղկված է կարոտս.
գալիս եմ մոտդ ինձ եմ կարոտում,
գնում եմ ինձ մոտ՝ քեզ։

 

Requiem for a Dream

Էլպիսը,
տափաստաններում նստած,
մեռած հույսերից
շղթա էր գործում.
գուցե մեկը
խեղդվել ուզեր…
Աստղիկ Սարգսյան

Share Button

2 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *